«1945 մայիս, քաղաքական հիշողություններ»․

Բնօրինակը տե՛ս հղումով 
France_Culture_logo_2021.svgԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

France Culture  ռադիոկայանի չորս մասից բաղկացած մայիսյան հաղորդաշարերից մեկը՝ «1945 մայիս, քաղաքական հիշողություններ» անդրադառնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի բեկումնային պահերին, հետպատերազմյան շրջանին, «գլխավոր դերակատար» երկրների՝ պատմական, սոցիալական հիշողության պահպանման, ոգեկոչման արարողությունների անցկացմանն ու վարած քաղաքականությանը:

Մի չափազանց արդիական և կարևորագույն թեմա Հայաստանի ու հայ հասարակության համար՝ մասնավորապես 2018 թվականի թավշյա հեղափոխության և արցախյան երկրորդ պատերազմից հետո զարգացող/ փոփոխվող իրադարձությունների համատեքստում:

Հաղորդում 1. Հայրենական մեծ պատերազմը ի ծառայություն Պուտինին

Ամեն տարի մայիսի 9-ին ռուսները նշում են խորհրդային բանակի հաղթանակը ֆաշիստական ​​Գերմանիայի դեմ։ Ամսաթիվ, որը Կրեմլը չի ​​վարանում օգտագործել ռուսական հայրենասիրությունը մեծարելու համար, և որն առավել խորհրդանշական արժեք է ստանում ուկրաինական պատերազմի համատեքստում։

Հաղորդավար Ֆլորիան Դելորմեն հյուրընկալել է Անն Լե Ուերուին (դասախոս Փարիզ-Ուեստ- Նանտեր համալսարանում, ժամանակակից Ռուսաստանի պատմության մասնագետ), Էմիլիա Կոուստովա (դասախոս Ստրասբուրգի համալսարանում, սլավոնագիտության ամբիոն: Արևելագիտական, սլավոնական և նեո-հելլենական ուսումնասիրություններով զբաղվող խմբի անդամ: Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի (EHESS/CNRS) ասոցացված անդամ։

Նացիստական ​​Գերմանիայի դեմ հաղթանակի օրվան նվիրված ամենամյա շքերթը («Հայրենական Մեծ պատերազմը», որի հետևանքով զոհվեց գրեթե 27 միլիոն ռուս) Կրեմլի ղեկավարի համար հնարավորություն է գովաբանել ռուսական ռազմական հզորությունը: Բայց այս տարի տոնակատարությունը առանձնահատուկ շրջադարձ է ստանում: 2022 թվականի այս մայիսի 9-ը մեկ այլ պատերազմի մի մասն է. Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում սկսված պատերազմի, որի ընթացքում ռուսական բանակը չկարողացավ տապալել ռեժիմը և գրավել ամբողջ տարածքը, և որտեղ ռազմական հարձակումն այժմ կենտրոնացած է Դոնբասում, հատկապես  Մարիուպոլ քաղաքի շրջակայքում, որը պաշարված էր շաբաթներ շարունակ։

Ի՞նչ է լինելու մայիսի 9-ի ոգեկոչման այս արարողությանը: Ի՞նչ է ընդհանրապես  ռուսների համար Հայրենական մեծ պատերազմը։ Որքանո՞վ է Պուտինը վերաշարադրում պատմությունը, ի՞նչ են մեզ սովորեցնում մայիսի 9-ի տոնակատարությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընկալման և այսօր աշխարհում Ռուսաստանի տեղի մասին:

«Այն փաստը, որ Մոսկվան Ուկրաինայում ռուսական միջամտությունը չի որակում որպես պատերազմ, կարող է կապ ունենալ մայիսի 9-ի հետ: Պարադոքսալ է, որ այս օրվա շուրջ իրականացված ուժի և հիշողության ցույցերը միշտ ունեցել են պացիֆիստական ​​բաղադրիչ՝ կարգախոսի իմաստով։ «Պայմանով, որ այլևս երբեք պատերազմ չլինի»: Երկար ժամանակ Կրեմլն օգտագործում էր այս հիշատակումները՝ փոխանցելու այն միտքը, որ Խորհրդային Միությունը կլինի խաղաղության պահապանը ռազմատենչ Ամերիկայի առջև», – բացատրում է Անն Լը Ուերուն:

«Մայիսի 9-ի ոգեկոչումները շատ բարդ համադրություն են իրական պատերազմի ժամանակ ռուս ժողովրդի կատարած մեծ զոհաբերությունների հիշատակին վերաբերող զգացմունքների միջև և պատմության քաղաքական օգտագործման միջև: Մայիսի 9-ը մնում է համախմբվածության ամսաթիվ իշխանության հետևում», – նշում է Էմիլիան Կուստովան:

Մայիսի 8 կամ 9. Ուկրաինայում, հիշողությանն առնչվող հարցերը

2015-ին, Մայդանի հեղափոխությունից հետո, Ուկրաինայի կառավարությունը ընդունեց մի շարք հուշահամալիրային օրենքներ: Ամենակարևորը վերաբերում է խորհրդային ռեժիմի, ինչպես նաև նացիզմի դատապարտմանը։ Հետագա միջոցառումներից մեկն էլ առաջարկելն էր, ի լրացում մայիսի 9-ի, նշելու Երկրորդ Համաշխարհային պատերազմում անհետացածների օր՝ ռուսական և խորհրդային ավանդույթներով, մայիսի 8-ին հիշատակի միջոցառում անել, ինչպես եվրոպական երկրներում։ Սա ռուս հարեւանի հետ իր հեռավորությունն ընդգծելու և նացիզմի դատապարտման կոնսենսուսի մեջ մտնելը ցույց տալու միջոց է։

Քննարկման շարունակությունը Ադրիեն Նոնժոնի հետ, INALCO-ի հետազոտող, որը մասնագիտացած է Ուկրաինայի, ծայրահեղ աջակողմյանների և ուկրաինական ազգայնականության հարցերում:

«Մայիսի 8-ի ամսաթվի ընտրությունը ձգտում է Ուկրաինային արձանագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական հիշողության մեջ, այլ ոչ թե ռուսական Հայրենական մեծ պատերազմի: Դա թույլ է տալիս Ուկրաինային վերականգնել որոշ պատմական ճշմարտություններ, որոնք լռեցվել են պաշտոնական ստալինյան և բրեժնևյան պատմության կողմից, իսկ Պուտինի ռեժիմը բաց չթողեց այդ հնարավորությունը հաշվի առնել»,- վերլուծում է Ադրիեն Նոնժոնը։

Հաղորդում 2. Գերմանիա. ապաշխարությունից մինչև վերառազմականացում

Կատարված վայրագությունների ամոթալի հիշեցման և տոտալիտարիզմի ավարտի ուրախ տոնակատարության միջև 1945թ. մայիսի 8-ի տոնահանդեսը անխուսափելիորեն ստանում է հակասական և երկիմաստ արձագանք Գերմանիայում: Վերառազմականացման համատեքստում ի՞նչ քաղաքական և խորհրդանշական նշանակություն պետք է տրվի այս օրվան։

Կատարված վայրագությունների ամոթալի հիշեցման և տոտալիտարիզմի ավարտի ուրախ տոնակատարության միջև 1945թ. մայիսի 8-ի տոնահանդեսը անխուսափելիորեն ստանում է հակասական և երկիմաստ արձագանք Գերմանիայում, մի երկրում, որը դրոշմվել է կարմիր երկաթով Երրորդ Ռեյխի ժառանգությամբ: Որպես ԳԴՀ կոմունիզմի կամ Արևմտյան Գերմանիայի սոցիալ-դեմոկրատիայի հակամոդել ստեղծված նացիստական ​​բարբարոսությունը, երկար ժամանակ ձևավորել է հասարակությունը և երկրի քաղաքականությունը: Հիմնասկզբունքներից մեկը վճռականորեն պացիֆիստական ​​դիրքորոշումն էր, որը հեղափոխական ձևով փոփոխեց Ուկրաինայի պատերազմը: Փետրվարի 27-ին Օլաֆ Շոլցը հայտարարեց 100 միլիարդ եվրոյի տրամադրման մասին՝ Բունդեսվերն ռուսական սպառնալիքի պայմաններում ուժեղացնելու համար` Կիևին զենքի զանգվածային մատակարարումներով զուգահեռ:

Վերառազմականացման այս համատեքստում ի՞նչ խորհրդանշական և քաղաքական նշանակություն պետք է տրվի մայիսի 8-ին Գերմանիայում։ Ինչպե՞ս է գերմանական քաղաքական դասն իրեն դիրքավորում ուկրաինական հակամարտության մեջ Բեռլինի ներգրավվածության առնչությամբ: Արդյո՞ք Օլաֆ Շոլցի նկարագրած այս «դարաշրջանի փոփոխությունը» վկայում է Գերմանիայի էվոլյուցիայի մասին՝ պակաս տրավմատիզացված իր անցյալով: Ինչպե՞ս կարելի է գերմանական ռազմական զարթոնքը տեղավորել եվրոպական պաշտպանական նախագծում, որը նույնպես աշխուժացավ Ուկրաինայի պատերազմով:

Ֆլորիան Դելորմեն հյուրընկալել է Մարի-Բենեդիկտ Վինսենթին՝ Franche-Comté  համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր և Lucien Febvre կենտրոնի գիտաշխատող, և Փոլ Մորիսին, IFRI-ի ֆրանս-գերմանական հարաբերությունների ուսումնասիրության կոմիտեի (Cerfa) հետազոտողին:

«Գերմանիայի հարաբերությունները մայիսի 8-ի հետ շատ են զարգացել 1945 թվականից ի վեր: Սառը պատերազմի առաջնահերթությունները և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հակակոմունիզմը յուրահատուկ վարագույրով են պատել մայիսի 8-ի ոգեկոչումը: Միայն Գերմանիայում նացիստական ​​հանցագործությունների աստիճանական գիտակցմամբ ձևավորվեց այդ ամսաթվի՝ ազատագրման օրվա շուրջ»,- բացատրում է Մարի-Բենեդիկտ Վինսենթը։

«ԳԴՀ-ի հիմնական օրենքը արգելում էր ագրեսիվ պատերազմը և այն, որ Գերմանիան կարող է մասնակցել հակամարտությանը: Բայց Սառը պատերազմով սահմանված  անհրաժեշտությունները և խորհրդային վտանգի գիտակցումը հանգեցրին Բունդեսվերի` գերմանական բանակի վերականգնմանը», – նկատում է Փոլ Մորիսը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ. Ճապոնիա՝ անցյալ, որը չի անցել

Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողությունը դեռևս ակտուալ թեմա է կայսրության կապիտուլյացիայից 76 տարի անց։ Դեմ հանդիման  Ճապոնիայի պատերազմի զոհի կերպարին և նրա ավերածություններին՝ մասնավորապես ատոմային, որը պարտադրվել է ճապոնական հասարակությանը, քաղաքական դասը ջանք է թափում ճանաչելու երկրի պատասխանատվությունը նախկինում կայսերական բանակի կողմից Հարավարևելյան Ասիայի գաղութներում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար: Հիշողության շուրջ աշխատանքի բացակայությունը շարունակում է արատավորել նրա հարաբերությունները ասիական գործընկերների հետ։

Քննարկում CNRS հետազոտական կենտրոնի ​​տնօրեն և 19- 20-րդ դարերի Ճապոնիայի պատմության մասնագետ Առնո Նանտայի հետ:

«Տոկիոյի դատավարության վճիռը, որը դատապարտում էր կայսրության բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչներին, նախապայման էր Ճապոնիայի՝ պատերազմից հետո միջազգային ասպարեզ վերադառնալու համար: Բայց այս դատավճիռը երբեք չընդունվեց ճապոնացի պահպանողականների կողմից, ովքեր միշտ պայքարել են դրա չեղարկման համար», – վերլուծում է Առնո Նանտան:

Հաղորդում 3. Միացյալ Նահանգներ. հաղթանակի կշիռը

Միացյալ Նահանգներում Երկրորդ համաշխարհային պատերազմը երկար ժամանակ մեկնաբանվել է որպես Ամերիկայի՝ ժողովրդավարության պաշտպանի դերի հաստատում։ Դեր, որը կարծես թե կասկածի տակ է դրվել Աֆղանստանում կամ Իրաքում բազմաթիվ վիճելի պատերազմների և Չինաստանի վերելքի պատճառով:

Ռազմական տեխնիկայի առաքումն Ուկրաինա արագացնելու համար՝ Ջո Բայդենը 2022 թվականի մայիսի 9-ին վերագործարկեց օրենքը, որը թվագրվում է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից և նպատակաուղղված էր այն ժամանակ Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցների համար: Սա պատահական խորհրդանիշ չէ, քանի որ ամերիկյան աջակցությունը Կիևին ուղղակիորեն կապված է Վաշինգտոնի՝ նացիզմի դեմ պայքարի ներգրավվածության հետ: 1945 թվականին Միացյալ Նահանգները գրեթե իրականացրեց իր հաղթանակի վախճանաբանական ընթերցումը. թվում էր՝ այն հաստատում է իր դերը որպես ժողովրդավարության պաշտպան, որին վիճակված էր տարածվել ամբողջ աշխարհում: Բայց գրեթե ութ տասնամյակ անց, չնայած խորհրդանիշներին, Միացյալ Նահանգների տեղն այլևս նույնը չէ: Նույնիսկ եթե Ջո Բայդենն իր անսասան աջակցությունն է հայտնում Ուկրաինային, այնուհանդերձ, նա հստակ հասկացրեց՝ հրաժարվում է զորքեր ուղարկել այդ երկիր: Եվ դա զուր չէր, որովհետև 1945 թվականին Եվրոպայում Ամերիկայի հաղթանակից ի վեր, երկիրը որոշ անհաջողություններ ապրեց, ներառյալ Իրաքում և Աֆղանստանում խիստ վիճահարույց պատերազմները, որտեղից զորքի դուրսբերումն այնքան էլ կանոնավոր չեղավ, ինչպես ակնկալվում էր: Էլ չենք խոսում Չինաստանի վերելքի մասին, որն այժմ մրցում է ամերիկյան հեգեմոնիայի հետ։

Ի՞նչ է մնում ամերիկյան հիպերտերությունից այսօր։ Pax Americana-ն դեռ իմաստ ունի՞: Արդյոք Ուկրաինայում Միացյալ Նահանգների ներգրավվածության ձևը արտացոլում է եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ նրանց կենտրոնական դերի պահպանումը, թե՞ ընդհակառակը՝ հուշում թատերաբեմից նրանց աստիճանական հեռացման մասին:

Հաղորդավար Ֆլորիան Դելորմեն ընդունում է Փարիզի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Ս. Գոլուբին:

«Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը ամերիկյան վերնախավի կողմից մեկնաբանվում է որպես ճակատագրի իրականացում, որը ենթադրում էր աստիճանական ընդլայնում՝ մայրցամաքային, այնուհետև՝ միջազգային, և որը մեկ դարի ընթացքում Միացյալ Նահանգներին հասցրեց միջազգային քաղաքականության բարձրագույն մակարդակին», բացատրում է Ֆիլիպ Ս. Գոլուբը։

Համաշխարհային պատերազմն ու ամերիկյան կինոն

Հոլիվուդյան կինոն շատ բան է արել Ամերիկայի ներկայացուցչական կերպարը ձևավորելու համար, որը եկել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխարհը բարբարոսությունից փրկելու: Հակամարտությունը տեղափոխվեց էկան Փըրլ Հարբորի վրա հարձակումից անմիջապես հետո՝ նախևառաջ ենթադրյալ քարոզչական նպատակներով։ Այդ ժամանակից ի վեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորի կերպարի էվոլյուցիան կինոյում արտացոլել է Ամերիկայի՝ ինքն իր մասին ունեցած պատկերացումների վերելքներն ու վայրէջքները:

Հանդիպում Արտուայի համալսարանի ամերիկյան քաղաքակրթության դասախոս Ժուլի Ասուլիի հետ:

«Դեռևս 1942 թվականին Մայքլ Քուրտիզի «Կասաբլանկա» աշխարհահռչակ ֆիլմով Հոլիվուդը սկսեց հիշացնել Ամերիկայի՝ պատերազմում մասնակցության մասին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մարոկկոյում, կոսմոպոլիտ տարածքում, որտեղ Հիտլերի կողմից վտանգված բոլոր երկրների քաղաքացիները հայտնվում են դեպի Ամերիկա տարանցիկ ճանապարհին: Տեսնում ենք՝ ինչպես գլխավոր հերոսի՝ Ռիկիի չեզոքությունը աստիճանաբար սկսում է թուլանալ մինչև ֆիլմի վերջը, որտեղ նա որոշում է զինվորագրվել: Նա խորհրդանշականորեն ներկայացնում է Ամերիկան՝ թողնելով չեզոքությունը պատերազմի մեջ ներգրավվելու համար», – նշում է Ժուլի Ասուլին:

«Հատուկ հարաբերությունների» ժառանգությունը Միացյալ Թագավորությունում

Մեծ Բրիտանիայում, ինչպես ԱՄՆ-ում, 1945 թվականի մայիսի 8-ին նշվում է VE-Day՝ «Եվրոպայում հաղթանակի օր»։ Սա կարևոր ամսաթիվ է հավաքական երևակայությունում, որը սերտորեն կապված է թագավորական ընտանիքի, մասնավորապես թագավոր Ջորջ VI-ի հետ, որի ելույթը մտավ պատմության մեջ, և նրա դստեր՝ Էլիզաբեթի, ներկայիս թագուհու հետ, որը միացավ լոնդոնյան ցնծացող ամբոխին: Եթե ​​Երկրորդ համաշխարհային պատերազմը ամրապնդեց թագի և ժողովրդի միջև կապը, այն նաև զգալիորեն խարսխեց Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կապը, քանի որ հենց այդ ժամանակ առաջացավ «հատուկ հարաբերությունների» գաղափարը»:

Մեկնաբանում է Ֆիլիպ Շասեն, Բորդո-Մոնտեն համալսարանի նորագույն  պատմության պրոֆեսոր։

«Հատուկ հարաբերությունները նշանավորվում են հիանալի պահերով. Համաձայնագրի կնքում Մարգարեթ Թետչերի և Դոնալդ Ռեյգանի միջև, այնուհետև Թոնի Բլերի և Ջորջ Բուշի միջև… Բայց հարաբերությունները երբեմն խաթարվում են. օրինակ, երբ Օբաման բացառում է Մեծ Բրիտանիայի հետ առաջնահերթ պայմանագրի կնքումը՝ Եվրոմիությունից դուրս գալու դեպքում: Երկու երկրների միջև ուժերի տարբերությունը նշանակում է, որ հարաբերությունները մնում են անհամաչափ»,- վերլուծում է Ֆիլիպ Շասենը։

Հաղորդում 4. Ալժիր. երևան հանելով մեկ այլ հիշողություն

2021 թվականին Ալժիրի կառավարությունը սահմանեց «Հիշողության ամենամյա օր»՝ ի հիշատակ 1945 թվականի մայիսի 8-ի Կոնստանտինում ֆրանսիական բանակի կողմից իրականացված ջարդերի։ Ի՞նչ է խորհրդանշում այս ամսաթիվը Ալժիրում:

Ժան-Պիեռ Պեյրուլու (Ալժիրի պատմության մասնագետ, հեղինակ), Լետիցիա Բուկայ (սոցիոլոգիայի պրոֆեսոր և Inalco փոխնախագահ, աֆրիկյան, ամերիկյան և ասիական երկրների սոցիալական գիտությունների կենտրոնի (CESSMA) հետազոտող): Մատյո Ռեյ (հետազոտող, պատմության դոցենտ):

2021 թվականի հունիսի 23-ից Ալժիրում մայիսի 8-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի ազգային օր։ Պաշտոնականացում, որի նշումը կարող է ժամանակավրեպ թվալ նման մասշտաբի իրադարձության համար: 1945 թվականի մայիսի 8-ին Ալժիրի ազգայնական շարժումները օգտվեցին ֆաշիստական ​​Գերմանիայի դեմ դաշնակիցների հաղթանակը տոնող շքերթներից՝ անկախության ցույցեր կազմակերպելու համար Կոնստանտին դեպարտամենտի տարբեր քաղաքներում։ Ֆրանսիան նրանց հակադրում է մի քանի շաբաթ շարունակվող մարդասպանական ճնշումներով, որոնց զոհերի ընդհանուր թիվը մնում է անորոշ, բայց հաշվվում է տասնյակ հազարավոր զոհերի: Շատ պատմաբանների համար այս դրվագը 1954 թվականի ապստամբության նախերգանքն է, ինչը հրահրեց Ալժիրի պատերազմը: Եվ հենց այս հաղթական ապստամբությունը դարձավ առաջնահերթ երիտասարդ Ալժիր Պետության գոյության առաջին տարիներին։ Իշխանության մեջ գտնվող Ազգային Ազատագրական ճակատի համար (FLN) 1945-ի ապստամբության փորձը չուներ նույն քաղաքական արժեքը. մի կողմից, որովհետև ձախողվեց, մյուս կողմից` հիշեցրեց ավելի վաղ ալժիրյան ազգայնական շարժումների գոյության մասին՝ Մեսալի Հաջիի կամ Ֆերհատ Աբասի գլխավորությամբ։ Սակայն 1990-2000 թվականների շեմին այս կոտորածների մասին հիշատակն էլ ավելի արդիական դարձավ։

Ի՞նչ է նշանակում 1945 թվականի մայիսի 8-ը Ալժիրում: Ինչպե՞ս բացատրել այս ամսաթվի աստիճանական վերադարձն առաջին պլան: Որքանո՞վ է դրա մեկնաբանությունը ընդհանուր հայտարարի հասել Միջերկրական ծովի երկու կողմերում:

«Ալժիրում 1945 թվականի մայիսի 8-ը վաղուց hետին պլան է մղվել, քանի որ այս ամսաթվի մասին խոսելը խոսում էր այն մասին ինչ է տեղի ունեցել մինչև 1954 թվականը ստեղծված Ազգային Ազատագրական ճակատի (FLN)-ը, և հատկապես խոսել այդ ժամանակ ալժիրյան մրցակցող ազգայնական շարժումների մասին,  ինչպիսիք էին Մեսալի Հաջի Ժողովրդական կուսակցությունը, որը Ազգային Ազատագրական ճակատը հետագայում վերացրեց», – բացատրում է Լետիցիա Բուկայը:

«1980-ականներին 1945-ի մայիսի 8-ն ավելի շատ ներկա էր ֆրանսիական, քան ալժիրյան հիշողության մեջ. որպես հակառասիստական ​​շարժման շարունակություն, Ֆրանսիայում ստեղծվեցին ասոցիացիաներ, որոնք վառ կպահեին այս ջարդերի հիշատակը: Բայց 1990-ականներին Ալժիրն ապրեց կարճատև ժողովրդավարացման շրջան, որը դուռ բացեց նաև պատմա- հուշահամալիրային դաշտի գործառնման համար: Այդ պահից սկսած վերածնվում է մայիսի 8-ի ջարդերի հիշողությունը»,- նշում է Ժան-Պիեռ Պեյրուլուն:

Մայիս 1945. երբ Ֆրանսիան ռմբակոծեց Դամասկոսը

Սիրիայում, 1945 թվականի մայիսի 29-ին, Սեթիֆի, Գելմայի և Խերրատայի ջարդերից 21 օր անց, անկախության ցույցերը պահանջում էին դադարեցնել Ազգերի լիգայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատված Ֆրանսիայի մանդատը. այդ ցույցերը դաժանորեն ճնշվում են գեներալ դը Գոլի կառավարության կողմից։ Այնուհետև հրաման է տրվում ֆրանսիական զորքերին ռմբակոծել Դամասկոսը և Խորհրդարանը՝ հանգեցնելով քաղաքի մասնակի կործանման և բազմաթիվ սիրիացիների մահվան: Հետադարձ հայացք ֆրանսիական, բայց նաև սիրիական հիշողության այս մոռացված իրադարձությանը:

Բեյրութում՝ Մերձավոր Արևելքի ֆրանսիական ինստիտուտի ժամանակակից ուսումնասիրությունների գծով տնօրեն և CNRS-ի հետազոտող Մատյո Ռեյի հետ:

«1945 թվականին մենք բախվում ենք Լևանտում իրավիճակի երկու հակադիր  ​​ընթերցման. ֆրանսիացիների համար Սիրիան դեռևս մանդատային տարածք է՝  կազմելով ֆրանսիական գաղութային կայսրության անբաժանելի մասը, որը գեներալ դը Գոլը խոստացել է վերականգնել: Բայց սիրիացիների համար անկախությունը Ֆրանսիայից Սիրիային լիազորությունների փոխանցման գործընթացի տրամաբանական ավարտն է, որը սկսվել էր մի քանի տարի առաջ: Այս իրավիճակը բացատրում է, թե ինչու անկախության ցույցերն այդքան դաժանորեն ճնշվեցին ֆրանսիական բանակի կողմից»,- վերլուծում է Մաթյո Ռեյը։

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *