Բերնար- Անրի Լևի. ինչպե՞ս գտնել տեսնելու կամք

Bill-Clinton-et-Bernard-Henri-LevyԲիլ Քլինթոն և Բերնար- Անրի Լև
25 մարտ, 2022

Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

 Բեռնար-Անրի Լևին հյուրընկալվել էր Բիլ Քլինթոնի փոդքասթին՝  ուկրաինական ողբերգության, ինչպես նաև Բոսնիայի, Սոմալիի, Բանգլադեշի և Աֆղանստանի պատերազմներին անդրադառնալու համար: Նախագահ Բիլ Քլինթոնը հարցադրում է այս ոլորտում Բեռնար-Անրի Լևիի փորձառությունը. իսկ «Խաղի կանոններ» ամսագիրը հրապարակում է նրանց զրույցի սղագրությունը:

Վերջին շաբաթներին աշխարհը սարսափով էր հետևում Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա:  Վերջինս հարյուրավոր անմեղ կյանքեր արժեցավ և միլիոնավոր մարդկանց վտանգի ենթարկեց: Այս ներխուժումը ողբերգական հիշեցում է մարդկության համար պատերազմի արժեքի մասին: Այն հիշեցնում է մեզ, որ Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող ցանկացած բան առնչվում է մեզ, որտեղ էլ  լինենք:
Նախագահ Քլինթոնը ֆրանսիացի փիլիսոփա, կինոռեժիսոր և գրող Բեռնար-Անրի Լևիի հետ անդրադարձավ նրա վերջին նախագծի՝ վավերագրական ֆիլմին, որը թողարկվեց «Տեսնելու կամքը» (“The will to see”) գրքի հետ միասին: Այս երկու աշխատանքներն ընդգծում են Ուկրաինայի, Բոսնիայի, Սոմալիի, Բանգլադեշի և Աֆղանստանի հակամարտությունների պատճառած անասելի տառապանքները: Լևին ձգտում է ներկայացնել, թե ինչպես կարող են ոչ կառավարական կազմակերպությունները մեծ դեր խաղալ «մոռացված պատերազմների» զոհ դարձած հասարակությունների վերակառուցման գործում: Վերջում նա մեզ հետ կիսվում է իր արտասովոր կյանքի մի քանի դրվագով:
Կարծիքների փոխանակումը տեղի է ունեցել Ուկրաինա ներխուժումից առաջ, սակայն այն տեսակետները, որոնք Լևին առաջարկում է մեզ ուկրաինացի ժողովրդի քաջության և նրա ազատության սահմանափակման, ճնշումների դեմ պայքարի կարևորության վերաբերյալ, ավելի հավաստի դարձան պատերազմի բռնկումից ի վեր:

Ներածություն

Բիլ Քլինթոն. Վերջին քսան տարիների ընթացքում, երբ ստեղծեցի իմ Հիմնադրամը, հաճախ էի  ճանապարհորդում Աֆրիկա: Ես շատ բան իմացա տարբեր շրջանների ցեղերի, նրանց գոյության, աշխատանքի բնույթի ու փոխհարաբերությունների մասին։ Տարաբնույթ բնակչության խմբերի միջև այս փոխհարաբերության ամենավառ օրինակներից մեկը Կենտրոնական Աֆրիկայի բարձրադիր հատվածներում միմյանց ողջունելու ձևն է: Նրանք ոչ թե ասում են «Բարև, ինչպե՞ս եք»: Ոչ էլ պատասխանում՝ «լավ եմ», այլ՝ «Ես տեսնում եմ քեզ»։
Եկեք մի
պահ մտածենք, թե ինչ է նշանակում «ես տեսնում եմ քեզ» արտահայտությունը։ Ի՞նչ ենք  իրականում ասում: Այդպես նրանք ասում են հետևյալը. «Ես ի գիտություն եմ ընդունում քո ներկայությունը, ճանաչում քո մարդասիրությունը, Դուք ինձ համար կարևոր եք»: Սա հուզիչ պրակտիկա է։ Այն կարծեք թագադրում է Ձեր զրուցակցին որպես այդպիսին:
Ինչո՞ւ եմ
այս ամենը պատմում Ձեզ: Ճիշտ այս պահին ինձ միանում է մեկը, ով իր կյանքը նվիրել է առաջարկելու մարդկանց «տեսնել» այլոց, «տեսնել» իրենց մերձավորներին: Նա առերեսվեց այն փաստին, որ յուրաքանչյուրի կյանքը փոխկապակցված է մյուսին, որ այն, ինչ կատարվում է մարդու հետ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտահոգում և ազդում է մեզ վրա, որտեղ էլ որ լինենք։

Բեռնար-Անրի Լևի՝ ֆրանսիացի փիլիսոփա, կինոռեժիսոր, իրավապաշտպան, ավելի քան քառասունհինգ գրքի հեղինակ:
Նրա վերջին նախագիծը վավերագրական ֆիլմ է, որն ուղեկցվում է «Տեսնելու կամքը» (The Will To See) վերնագրով գրքով, որը ուշադրության կենտրոնում է պահում մարդկային տառապանքները, որոնք առաջացել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Սոմալին, Բանգլադեշը, Լիբիան և, իհարկե, Աֆղանստանը:
Ամենաարդիականն ու հզորը այս ճամփորդությունն է և այն ժամանակը, որը նա անցկացրել է Արևելյան Ուկրաինայի առաջնագծում, որտեղ բնակչությունը 2014 թվականից տուժում է ռուսական օկուպացիայից:
Այս զրույցը տեղի է ունեցել ռուսական լայնածավալ, անհիմն ներխուժումից առաջ, որը ոչ մի կերպ չի հրահրվել ուկրաինացիների կողմից։ Ուկրաինացի ժողովրդի խիզախության և հանուն ազատության ու ճնշումների դեմ նրա պայքարի կարևորության վերաբերյալ Լևիի կիսած մտքերն այսօր էլ ավելի քան արդիական են:
Հուսամ այս զրույցը ձեզ համար այնքան ուսուցողական կլինի, որքան ինձ համար էր:

Հարցազրույց
Բիլ Քլինթոն. Բերնար, շնորհակալություն այսօր մեզ հետ լինելու համար:
Բերնար- Անրի Լևի. Շնորհակալություն պարոն Նախագահ. ինձ համար մեծ պատիվ է լինել Ձեզ հետ:
Ես Ձեր գործերի վաղեմի երկրպագուն եմ, բայց նրանց համար, ովքեր դեռ չեն ճանաչում Ձեզ, պատմեք, խնդրեմ, մեզ Ձեր մասին՝  ինչպե՞ս նախաձեռնեցիք գրքի լույս ընծայումն ու ֆիլմի նկարահանումը, ինչո՞ւ մեկնեցիք շուրջերկրյա ճամփորդության՝ տեսնելու այն, ինչ մենք ինքներս չենք տեսնում, կամ գրեթե չենք տեսնում:

Ես կրթվել և ձևավորվել եմ փիլիսոփա դառնալու համար: Որոշեցի զբաղվել փիլիսոփայությամբ՝ բացելով պատուհաններ ու դռներ դեպի աշխարհ՝ հնարավորինս հաճախ դուրս գալով արտաքին աշխարհ: Բայց ի սկզբանե փիլիսոփայությունն է: Երբ երիտասարդ էի, գերմանացի մի մեծ փիլիսոփա շատ ուժեղ ազդեցություն ուներ եվրոպական մտքի վրա։ Նրա անունը Էդմոն Հուսերլ էր։ Էդմոն Հուսերլը երկու մասից բաղկացած աշխատություն է գրել. առաջինը զուտ փիլիսոփայությունն էր, որը զբաղվում էր մաթեմատիկական տրամաբանությամբ, մյուսն անվանեց ֆենոմենոլոգիա, որը նշանակում է առերեսվել իրական իրերին, պայքարել այս իրական իրերի հետ/դեմ, դիմակայել իրերի ցասմանը, աշխարհի ցասմանը:
Մի կողմից՝ զուտ փիլիսոփայությունը, մյուս կողմից՝ աշխարհի ցասումը։ Իմ ամբողջ կյանքում, դեռահասությունից սկսած, ես փորձում էի միավորել այս երկու մոտեցումը՝ ունենալ իրական, ակադեմիական, կուռ, հաջորդական փիլիսոփայական կառուցվածք, կիրառել այն՝ կապակցելով աշխարհին՝ դրան միջամտելու մտադրությամբ: Մի խոսքով, ես այն տարօրինակ կենդանիներից եմ, որ գոյություն ունեն Ֆրանսիայում, ավելի քիչ Ամերիկայում, որոնց անվանում են ներգրավված   մտավորականներ, հանրային մտավորականներ։ Ես նրանցից մեկն եմ։
Մի՞շտ եք ցանկացել այդպես վարվել: Դուք մեծ պերճախոսությամբ եք արտահայտվում «The Will To See»-ում Ձեր վրա թողած Ձեր հոր ազդեցության մասին: Մի քանի բառով կիսվեք մեզ հետ, քանի որ այսօրվա աշխարհում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում համացանցում, նրանց հասանելի են աշխարհի բոլոր տեղեկությունները բոլոր թեմաների վերաբերյալ, ինչպես երբեք, բայց երբեմն, ենթադրում ենք, որ նրանք ավելի քիչ են հասկանում աշխարհը: Պատմեք մեզ այն օրինակի մասին, որ Ձեր հայրը եղել է Ձեզ համար, այն մասին, թե ինչ է նա արել Ֆրանկոյի դեմ պայքարում Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, այնուհետև Դիմադրության ժամանակ:

Հայրս իմ մեծ հերոսն էր: Նա շատ ավելին էր, քան ես կարծում եմ: Դուք իրավացի եք, պարոն Նախագահ, տասնութ տարեկան էլ չկար, երբ միացավ Իսպանիայում միջազգային Ջոկատներին՝ ծառայելով Իսպանիայի Հանրապետությանը՝ ընդդեմ ֆաշիզմի: Այս տասնյոթ-տասնութ տարեկան տղաները, որոնք դեռ տղամարդ չէին, պայքարում էին ֆաշիզմի և այն վտանգի դեմ, որն իրենից ներկայացնում էր վերջինս: Հայրս անմիջապես հասկացավ, որ ամբողջ Եվրոպայի երկնքում մի շատ մութ ամպ է սավառնում, որը պայթելու է, ուստի դրա դեմ պետք է պայքարել։ Ահա թե ինչ արեց նա՝ շատ երիտասարդ։ Մի քանի տարի անց նա արդեն ֆրանսիական ազատ բանակի հերոսներից էր։ Զորակոչվեց աֆրիկյան բանակ, մասնակցեց Թունիսի, Լիբիայի մարտերին և իտալական արշավանքին:
Այս ամենը, ինձ համար, վճռորոշ է։ Հայրս ինձ փոխանցեց այս գաղափարը, որ ավելի լավ է ռիսկի դիմել ու ոտքի վրա կանգնած մահանալ, քան ծնկաչոք ապրել։ Ավելի լավ է փորձել մեծ կյանքով ապրել, քան վախեցած մարդու պասիվ գոյությամբ:
 Ձեր «Տեսելու կամքը» ֆիլմում և դրան կից գրքում Դուք ընդգծում եք մի քանի մոռացված պատերազմներ: Ինչպե՞ս ընտրեցիք դրանք և որո՞նք են այն թելերը, որոնք կապում են այս տարբեր երկրներում ստեղծված իրավիճակները:
Ընտրության սկզբունքը շատ պարզ էր՝ մոռացված պատերազմներ: Հիշում եմ, քսան տարի առաջ էր, ես մի շարք զեկույցներ արեցի այս թեմայով Le Monde թերթի համար: Le Monde-ի ղեկավարությունն ինձ առաջարկել էր ժամանակավոր աշխատանք որպես լրագրող։ Պատասխանեցի. «Ես փիլիսոփա եմ, գրող։ Ինչո՞ւ պիտի լրագրող դառնամ»: «Ոչ, բացառությամբ,- ավելացրի ես,- եթե ինձ ուղարկեք այնպիսի վայրեր, որոնք նախկինում ոչ մեկին չեք ուղարկել։ Եթե ​​ինձ չուղարկեք բոլորի կողմից մոռացված կորած վայրեր»: Le Monde-ի, ինչպես և New York Times-ի մարդիկ լրագրողական մասնագիտության վարնախավի ներկայացուցիչներն են: Նրանք պատասխանեցին. «Պարոն Լևի, այս վայրերը չկան, մենք լուսաբանել ենք բոլոր պատերազմները։ Չկան մոռացված պատերազմներ, բոլոր պատերազմները քարտեզի վրա են»: Ես պատասխանեցի. «Լավ, եկեք ստուգենք: Տվեք ինձ երկու օր և ես կվերադառնամ պատերազմների մի շարքով, որոնք առնվազն 10 տարեկան են, կարճ ժամանակում տասնյակ, հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել և որոնց դուք երբեք մեծ հոդվածներ չեք նվիրել: Le Monde-ի մարդիկ ինձ պատասխանում են. «Մենք սպասում ենք քեզ»: Երկու օր անց վերադարձա մոռացված պատերազմների ցուցակով։
Ես դրանք լուսաբանեցի Le Monde-ի համար: Նույնն արեցի այս գրքի և «Տեսնելու կամքը» ֆիլմի համար: Կապ հաստատեցի մի շարք արտասահմանյան ամսագրերի և թերթերի հետ և ասացի նրանց. «Ուզում եմ գնալ այնպիսի վայրեր, որոնց մասին չեք գրել տասը տարի շարունակ, օրինակ՝ Մոգադիշո Սոմալիում, Ուկրաինայի խրամատներում, ռազմաճակատ Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի ճակատում»:

Եկեք հենց  խոսենք Ուկրաինայի մասին: Որտե՞ղ ենք մենք: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեղի կունենա:
Ըստ իս, բայց կարող եմ սխալվել, Նախագահ Պուտինը մեծ սխալ կգործի, եթե որոշի ներխուժել Ուկրաինա: Երկու պատճառով: Ես տեղանքին ծանոթ եմ, այնտեղ որոշ ժամանակ եմ անցկացրել, պատիվ եմ ունեցել ընդունելության արժանանալու ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից։ Նրանք լավ են, հայրենասերներ, պատրաստ պաշտպանել իրենց հողը մինչև վերջ։ Եվ հետո, դա մանրուք է, բայց դա պարզապես մանրուք չէ, ես վստահ չեմ, որ ռուս զինվորները, սովորական զինվորները այդքան հեշտությամբ կկրակեին իրենց զարմիկների վրա Ուկրաինայում։ Հսկայական խառնաշփոթ կլիներ, եթե Պուտինի բանակի գլխավոր հրամանատարը հրամայեր կրակել, դա չէր լինի այնպես, ինչպես Չեչնիայում, ինչը դարձավ ահռելի ողբերգություն, որը բոլորովին այլ հարց է։

Ձեր կարծիքով ի՞նչ է ուզում Պուտինը: Արդյո՞ք նա ուզում է իշխանություն ունենալ Ուկրաինայում,
որը կգործի իր հրամանով: Համաձայն եմ՝ ուկրաինացիներն ուժեղ են և ամուր, նրանք հպարտ են իրենց երկրով և չեն հանձնվի։ Սակայն Պուտինը նախկինում ունեցել է Ուկրաինայում իր համար քիչ թե շատ ձեռնտու կառավարություններ: Չէ՞ որ նա դա է ուզում։
Նա իսկապես ցանկանում է, որ առաջին հերթին Յանուկովիչի նման խամաճիկ կառավարություն լինի, ինչպես Պորոշենկոյից առաջ էր: Բայց ամենից առաջ Պուտինը ցանկանում է մեր միջև տարաձայնություն ստեղծել, նրա համար լավագույնը կլինի հնարավոր ամենամեծ տարաձայնությունը. տարաձայնություններ Գերմանիայի և Ֆրանսիայի, Ամերիկայի և Եվրոպայի միջև, Բալթյան երկրների միջև, որոնք ռազմական պատրաստության մեջ են, և Հունգարիայի՝ շատ ավելի համակերպվող, քանի որ պարոն Օրբանը անձնական հարաբերություններ է պահպանում պարոն Պուտինի հետ, ում հետ կիսում է իր գաղափարախոսության էական մասը:
Բայց Պուտինի իրական նպատակը, իմ կարծիքով, մեզ պատճառելն է այն, ինչ նա կարծում է, որ մենք ենք իրեն պատճառել, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց: «Պարոնայք ամերիկացիներ, պարոնայք ֆրանսիացիներ, պարոնայք եվրոպացիներ, դուք ինձ նվաստացրիք՝ 1988-ին տապալելով այն կայսրությունը, որին ես պատկանում էի: Նույն նվաստացումը կպատճառեմ ձեզ՝ ոչնչացնելով որքան հնարավոր է շատ բաներ, ձեր սիրելի ազատ աշխարհը, եվրոպական մայրցամաքը և դրա հետ կապված ամեն ինչ»։ Այսպիսին է այս վրեժխնդրության նպատակը, դուք բոլորից լավ գիտեք, պարոն Նախագահ, որ Պուտինի համար Խորհրդային Միության փլուզումը քսաներորդ դարի ամենամեծ աղետն է։ Նա հուսահատորեն ցանկանում է, որ մենք վճարենք դրա համար

Միանշանակ: Բայց ճշմարտությունն այն է, որ Խորհրդային Միությունը նեխում էր ներսից, մինչդեռ մնացած աշխարհը մնաց ամուր, ուժեղ և գերադասեց ազատությունը գերիշխանությունից: Հիշում եմ, երբ ես նախագահ դարձա, Ռուսաստանը սարսափելի դժվարությունների մեջ էր: Ռուսները նույնիսկ չկարողացան հայրենադարձել իրենց զորքերը Բալթյան երկրներից։ Ո՛չ զորանոց ունեին, որ իրենց տրամադրեին, ո՛չ ուտելիք, որ կերակրեին, ոչինչ չունեին։ Առաջին բանը, որ արեցի, երբ  նախագահ դարձա՝ հանդիպեցի Նախագահ Ելցինին և նախաձեռնեցի քսանչորս միլիարդ դոլար արժողությամբ աջակցման գործողություն այդ նպատակով, որը մեծ գումար էր այն ժամանակ՝ քսանինը տարի առաջ: Ռուսները կարողացան հայրենադարձել իրենց զինվորներին և արժանապատվորեն վերաբերվել նրանց։ Ուժերիս ներածին չափով ամեն ինչ արեցի Ելցինին աջակցելու՝ հաջողության հասնելու համար: Նույնիսկ Բոսնիայում մենք ռուսներին թույլատրեցինք մասնակցել խաղաղապահ առաքելությանը, երբ դա քաղաքականապես շատ դժվար էր։ Ելցինը վստահեց ինձ, մենք միասին աշխատեցինք և ստացվեց:
Կարծում եմ Պուտինը զգաց, որ Ռուսաստանի հսկայական էներգետիկ ռեսուրսների
շնորհիվ, երբ այն նորից հարստանա, կարող է ցույց տալ իր մկանների ուժը: Ես միշտ կարծում էի, որ այն մեծ որոշումը, որը Ռուսաստանը պետք է ընդուներ Խորհրդային Միության փլուզումից հետո, վրեժը չէ, այլ թե ինչպես դառնալ մեծ՝ իսկական մեծություն քսանմեկերորդ դարի իմաստով։ Բայց Պուտինը ընտրեց 19-րդ դարի ցարական մեծության մոդելը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ իր երկիր ներխուժեց Նապոլեոնը, հետո՝ Հիտլերը, ինչը հանգեցրեց ներկայիս արտաքին աշխարհի նկատմամբ անվստահության ուժեղ զգացմանը: Այս գիտակցմամբ նա չի հապաղում նոր գործիքներ կիրառել ոչ սովորական պատերազմի համար, օգտագործել կիբերտեխնոլոգիաների մեջ ռուսական հսկայական տաղանդները, տարաձայնություններ սերմանել ամերիկյան յուրաքանչյուր ընտրություններում: Այսպիսին է մեծության մասին Պուտինի պատկերացումը։ Նա կարող էր բոլորովին այլ ուղղությամբ գնալ: Նա կարող էր որոշել, որ Ռուսաստանը պետք է դառնա երկրորդ Սիլիկոնյան հովիտ, աշխարհի կեսի համացանցային մայրաքաղաքը, բայց ոչ, նա որոշեց լինել երկաթե բռունցք։ Հենց դա էլ նրա սխալն է։
Իրավացի եք, հանգում ենք մարդկային գործոնին: Պուտինը ցինիկ չէ. նա ունի համոզմունքներ,  մշակում է ուսմունք, որին իսկապես հավատում է: Նա հավատում է Եվրասիային, հավատում է ժողովրդավարական հասարակությունների այլընտրանքային մոդելին, հավատում է ոչ լիբերալ ռեժիմներին, և ատում այն, ինչ մարմնավորում են Ամերիկան ​​ու Եվրոպան: Նա իսկական կուրադավան է:
Չգիտեմ՝ պուտինիզմը կարելի՞ է անվանել նոր ֆաշիզմ, եթե դա ուղղակի Ցարական Ռուսաստանի վերածնունդն է՝ ստալինիզմի երանգով, բայց պուտինիզմը իրական ուսմունք է, որն ամեն ինչում մեզ հակադրում է։ Դա իրական հակադրություն է աշխարհի երկու տեսլականների՝ նրա և մերինի միջև։ Ահա թե ինչն է կարևոր դառնում, որպեսզի մենք պահպանենք մեր աշխարհայացքը՝ մենք՝ արևմտյաններս. մենք ուժով պաշտպանում ենք մեր արժեքները՝ խելամտորեն, առանց ագրեսիվության, առանց ռազմատենչ լինելու։ Եթե ​​չպաշտպանենք մեր արժեքները, մեզ անխղճաբար կջախջախեն, քանի որ Պուտինը կրկնակի ուժ ունի՝ բանակ գումարած ուսմունք:
Սա մեզ ստիպում է խոսել Բոսնիայից: Ինչպես գիտեք, Բոսնիան առաջին երկիրն էր, որտեղ ՆԱՏՕ-ն գործողություններ սկսեց իր ռազմական միջամտության ոլորտից դուրս։ Գերմանացիները քվեարկեցին այս գործողության օգտին նույնիսկ մինչև դրա օրինական դառնալը, ըստ իրենց Սահմանադրության, ուժեր ուղարկել արտերկիր: 1993 թվականից ես աշխատում էի մեր դաշնակիցներին ներգրավելու գործողության մեջ, որովհետև կարծում էի, որ Ամերիկան ​​չի կարող միայնակ գործել, հատկապես, որ Բոսնիան Եվրոպայի մաս է կազմում։ Այն, ինչը ի վերջո փոխեց ամեն ինչ և կոտրեց եվրոպական կաթվածահարությունը, մեծ մասամբ Ֆրանսիայի շնորհիվ, Սրեբրենիցան[1] էր: Սրեբրենիցայի ջարդը ստիպեց ֆրանսիացիներին մտածել, ովքեր մինչ այդ մտածում էին, որ կարելի է ինչ-որ կերպ խրատել, գոնե բիզնես անել Միլոշևիչի և սերբերի հետ, որ այս ամենը տեղին չէ: Մենք կարողացանք չորս-հինգ օրվա ընթացքում ռմբակոծել և սկսել խաղաղության բանակցությունները։ Կարողացանք կասեցնել ջարդերը և պահպանել հստակ կարգը առ այսօր։ Բայց մենք չունեինք Դեյթոնում (Օհայո նահանգ) այնպիսի համաձայնագիր[2] ձևավորելու հնարավորություն, որը թույլ չէր տա սերբերին վետո դնել Բոսնիայի կառավարության վրա, այն ամենի վրա, ինչը հնարավորություն կտար ստեղծել իրական ազգ, այն դնել բարգավաճման ճանապարհին: Լավ նորությունն այն է, որ մենք դադարեցրինք սպանությունները։ Վատ նորությունը՝ քանի դեռ Բոսնիայի Սերբիայի Հանրապետությունը (Republika Srpska), որը Բոսնիայի մի մասն է, կառավարվում է մի մարդու կողմից, ով թշնամաբար է տրամադրված երկրի միասնությանը, ինչը գոհացնում է Պուտինին և էլ ոչ մեկին. մենք լռվեցինք: Ի՞նչ կարող է տեղի ունենալ Բոսնիայում, ի՞նչ կարծիքի եք այս մասին։
1995 թվականի օգոստոսի գիշերը, երբ որոշեցիք օդային ռմբակոծության ենթարկել այն բլուրները, որտեղից ռմբակոծվեց Սարաևոն, ես դեսպանորդուհի Հարիմանի[3], գեներալ Ուեսլի Քլարկի[4] և դեսպան Հոլբրուքի[5] հետ Փարիզում ամերիկյան դեսպանատանն էի: Երեքը, գումարած ես,  գումարած նախագահ Իզետբեգովիչը[6] դեսպանատան ճաշասենյակում: Դա ավելի էր քան թեթևացում. մեծ ուրախություն էր։ Հիշում եմ, որ օրհնեցի Ամերիկային այն որոշման համար, որը կայացրիք երեք տարվա պատերազմից հետո:
Այդ օրը դուք շատ բան արեցիք բոսնիացի ժողովրդի, ճշմարտության և մեր արժեքների համար: Իմ սերնդի համար դա մնում է նշանակալից ամսաթիվ. սա առաջին կետն է։ Երկրորդ կետն այն է, որ Դեյթոնյան համաձայնագրերը լավը չէին. նախագահ Իզետբեգովիչը մինչև վերջին րոպեն վարանեց ստորագրել դրանք։ Որպես հեռանկարային մարդ, նա գիտեր, որ այս համաձայնագրերը լուծելու փոխարեն կհետաձգեին խնդիրները։ Ահա թե ինչ ենք տեսնում այսօր՝ Դոդիչը՝ Սերբիայի Հանրապետության առաջնորդը, կրկին կրակի հետ է խաղում։ Ես վերջերս իմ Նախագահին ասացի. «Իրավիճակը հանգիստ է, հրդեհ դեռ չի բռնկվել։ Մենք հիմա պետք է միջամտենք։ Մենք պետք է քայլ անենք Բոսնիայի՝ Եվրոպա մուտք գործելու համար, մի կողմից խորվաթական և մուսուլմանական, մյուս կողմից սերբական՝ երկու բոսնիական ինստիտուտների վերափոխման դիմաց, և, առաջին հերթին չթողնենք, որպեսզի ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ է: Հուսամ Ձեր իրավահաջորդները՝ Ամերիկայում և Ֆրանսիայում, կբախվեն այս խնդրին, քանի ուշ չէ, այլապես ստիպված կլինենք իսկական կրակ մարել։ Դա պետք է արվի, հակառակ դեպքում պատերազմը կարող է վերսկսվել, անցյալը կարող է վերադառնալ։

Համաձայն եմ Ձեզ հետ: Ես վերադարձա 2015 թվին՝ Սրեբրենիցայի ջարդերի քսանամյակի կապակցությամբ: Շատ հուզիչ էր։ Ներկա էր Սերբիայի նախագահը, նա երիտասարդ էր, ինչպես և մահմեդական համայնքի քաղաքապետը, կոտորածից և իր ընտանիքից, իր դասի ներկայացուցիչ միակ փրկվածը քսան տարի առաջ: Այս երկու երիտասարդներն այն ժամանակ ներկայացնում էին նույն խոստումը, բայց նրանք գնացել էին երկու բոլորովին տարբեր ճանապարհով:
Այդ օրը ես քայլեցի ամբոխի միջով, բոլոր ծերերը ուրախացան ինձ տեսնելով. նրանք երախտապարտ էին, որ դադարեցրել էի արդյունահեղությունը։ Բոլոր երիտասարդները զայրացած էին, որովհետև նրանց մտքներով չէր անցնում, որ իրենց երբեք չեն սպանի, բայց հույս չունեին, քանի որ քսան տարվա ընթացքում ոչ մի բան չէր եղել։ Սերբերը վերադարձել են կոշտ դիրքորոշման, և մենք այսօր կրկին վճարում ենք դրա համար։ Այս իրավիճակը պետք է շատ ուշադիր վերահսկվի, և Միացյալ Նահանգները պետք է աչքի տակ պահի վիճակը: Բայց նախաձեռնողները պետք է եվրոպացիները լինեն, որովհետև Բոսնիան Եվրոպայի մաս է:
Միանշանակ:
Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր քսան տարի առաջ, որ 2021-ին և հիմա 2022-ին Կոսովոն կունենա ավելի կայուն կառավարություն և ավելի մեծ հեռանկարներ, քան Բոսնիան, ես չէի հավատա:
Ես էլ:

Ելք չունենալով դեպի ծով՝ բոսնիացիները, անշուշտ, գտնվում են անկայուն աշխարհագրական դիրքում: Բայց մենք պետք է հիշենք, որ հակամարտության բացասական կամ դրական լուծումից է կախված՝  մենք նոր հակամարտության սերմեր ենք ցանում, թե՞ բոսնիացիներին նորմալ ապագա կերտելու հնարավորություն ենք տալիս:
 Անկասկած:

Շատ մտահոգված եմ այս առումով: Ինչքան հեռու ես Բոսնիայի պես մի տեղից, այնքան քո երկրի քաղաքական գործիչները երես են թեքում դրանից, և միայն ձայն բառբառոյ հանապատի: Եթե ​​ամերիկացի քաղաքական գործիչ եք, ապա դրանք հենց այդ երկրից եկող ձայներն են: Չեմ կարծում, որ որևէ մեկը դա գիտակցում է, բայց դա լուրջ խնդիր է. Ձեզ կարդալով խորը հոգեհարազատություն զգացի այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք փորձում են պահպանել մարդասիրության զգացումը ամենադժվարին իրավիճակներում: Առաջին մարդը, ով ստիպեց ինձ գիտակցել ոչ կառավարական կազմակերպությունների պոտենցիալ ուժը, Ամերիկայում և ամբողջ աշխարհում, Հիլարին էր, որովհետև իրավաբանական դպրոցից դուրս նրա առաջին աշխատանքը եղել է այն, ինչը հետագայում դարձավ Երեխաների պաշտպանության հիմնադրամ:
Երբ մենք Սպիտակ տանը էինք, և նա իմ անունից մեկնում էր արտերկիր, ամեն անգամ, երբ գնում էր որևէ երկիր, հանդիպում էր հիմնական հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև պ
ետական սեկտորի ներկայացուցիչներին: Նա ստիպեց ինձ անել նույնը, ինչը հաճախ վրդովեցնում է քաղաքական առաջնորդներին, ովքեր ոչ կառավարական կազմակերպությունները համարում են սպառնալիք: Իրականում դրանք սպառնալիք են նրանց համար, որովհետև ի հայտ են բերում մոռացված բնակչությունը և իրական պայմանները, որոնցում ապրում են մարդ արարածները, այլ ոչ թե քաղաքական գործիչների մակերեսային դիրքորոշումները։
Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակական կազմակերպություններին: Ես շատ եմ անհանգստանում Աֆղանստանի համար. վստահ եմ՝ Դուք նույնպես:
Այո, իրավացի եք: Աֆղանստանը կոտրում է մեր սրտերը, այնտեղ իրավիճակը ամոթալի է. դա կոտրում է Ձեր սիրտը, որովհետև իրականում Աֆղանստանում մենք իսկապես հաջողության ենք հասել, չենք ձախողվել։ Ի՞նչ իմաստով: Ամերիկյան ուժերի հովանու ներքո կանայք ազատագրեցին իրենց, համարձակվեցին փողոցներով քայլել բաց դեմքով։ Ամերիկյան ուժերի հովանու ներքո ծնվեց ազատ մամուլը, և ձևավորվեցին նաև աֆղանական որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին քաղաքացիական հասարակությունը: Ասել, թե մենք ձախողել ենք, սխալ է։ Այն դարձել է լեյտմոտիվ։ Բայց ոչ, մենք չէինք ձախողել։ Կրակը վառ, միշտ վառ պահողները հասարակական կազմակերպություններն են, մարդասիրական կազմակերպությունները, որոնք իրենց կյանքը վտանգելով գործում են սահմանային իրավիճակներում, վառ են պահում հույսը։ Փառք Աստծո, դեռ կան մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք շարունակում են իրենց գործն անել։
Ընդհանրապես կիսում եմ Ձեր տեսակետը հասարակական կազմակերպությունների վերաբերյալ։ Ես հիմա փորձառու ճանապարհորդ եմ, ինչպես Հիլարին, կյանքիս ընթացքում այնքան շատ վայրերում եմ եղել: Ես շատ վաղ հասկացա, որ Ֆրանսիայի, իսկ գուցե Ամերիկայի իսկական դեսպանները, հաճախ, ոչ միշտ. ունենք մի քանի շատ մեծ դեսպաններ՝  հասարակական կազմակերպություններն են։ Որովհետև հենց նրանք են լավագույնս շփվում բնակչության հետ,  ներսից են առերեսվում կոնկրետ իրավիճակներին ու իրականությանը։
Նրանք ամենաշատ տեղեկատվությունն ունեն ներկա իրավիճակի և բուն տեղանքի մասին։ Եթե ​​ցանկանում եք որևէ բան իմանալ այսօր, երբ հասնում եք Բուրունդի[7] կամ նույնիսկ Մոգադիշո[8] կամ Աֆղանստան, գնացեք տեղական հասարակական կազմակերպություններ: Բարձր են ծածանում Ամերիկայի և Եվրոպայի դրոշները, ունեն բոլոր նյութական տվյալները, ամբողջովին նվիրվում են օգնելու իրենց առաքելությանը. նրանք մեր իսկական դեսպաններն են։ Եվ նրանք համարձակ են: Լրագրողների, թղթակիցների նման շատ բան են վտանգում իրենց գործն անելով։ 1960-ականներին Բիաֆրայի պատերազմից[9] հետո հասարակական կազմակերպությունների ծնունդը մեծ առաջընթացներից է, մեր օրերի ամենամեծ գյուտերից մեկը:

Ինձ ամենից շատ հուզող բաներից մեկն այն է, որ մենք երբեք իրականում ամերիկացի ժողովրդին չենք բացատրել, թե ինչ է կատարվում Աֆղանստանում: Շատերը, այդ թվում նրանք, ովքեր դեմ էին  ԱՄՆ-ի Աֆղանստանից դուրս գալուն, ցանկանում էին այս պատերազմի ավարտը տեսնել արդեն 2010 թվականին՝ համոզված լինելով, որ մենք չենք կարող հաղթել Աֆղանստանում։ Վստահ եմ՝ ճիշտ ենք վարվել, որովետև ինչպես Դուք նշեցիք, Աֆղանստանում գրեթե մեկ տասնամյակ չէինք պատերազմում:
Ի՞նչ կանեիք այսօր: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է արվի Աֆղանստանում:

Առաջին հերթին մենք պետք է կանխենք մարդկանց սովամահությունը: Տրամադրել անհապաղ օգնություն ՄԱԿ-ի և ՀԿ-ների միջոցով: Սակայն մեկ դոլար անգամ թալիբների գրպանը չպիտի ընկնի. նրանք կոռումպացված են, այն կգողանան։ Երկրորդ՝ մենք պետք է օգնենք աֆղան կանանց, կանանց շարժումներին Քանդահարում, Մազարի Շարիֆում և այլուր, որտեղ հրաժարվում են թալիբների իշխանությունից։ Աֆղանցիներին նյութապես և բարոյապես օգնելու բազմաթիվ միջոցներ կան: Ամերիկացիները, եվրոպացիները՝ մենք, դա գիտեինք Սառը պատերազմի ժամանակ, գիտեինք, թե ինչպես, առանց աշխարհը հրկիզելու, քաջալերել, օգնել, աջակցել լծի տակ գտնվող երկրներին: Այժմ նույնը պետք է անենք, հատկապես այն խիզախ կանանց համար, ովքեր կանգնած են թալիբների դեմ:
Եվ երրորդ կետը. կա մի մարդ, ում ես լավ եմ ճանաչում, ում հորն էլ էի շատ լավ ճանաչում։ Ես նրա որդուն ճանաչում էի մանկուց, նա հիմա տղամարդ է՝ Ահմադ Մասուդը[10]: Նա Պանջշիրում դիմադրության առաջնորդն է՝ միակ նահագը, որը հրաժարվում է ենթարկվել թալիբներին։ Ես նկարահանեցի նրան իր հոր և հին սենդի հրամանատարների, լեգենդար Ահմադ Շահ Մասուդի[11], և նրա որդու երիտասարդ զինակիցների հետ միասին. բոլորը մեկ սերնդի խառնուրդ էին դարձել: Ես տեսա, թե ինչպես է երիտասարդ Մասուդը դիմում տարբեր տարիքի հրամանատարներին: Նա խարիզմատիկ էր։ Այդ ազնվական հեծյալները, ինչպես կասեր գրող Ջոզեֆ Քեսելը, հարգում էին նրան։ Այս երիտասարդը բացարձակ աջակցության է արժանի։ Շատ չեմ մանրամասնի, փորձագետ չեմ, բայց Ահմադ Մասուդին պետք է աջակցեն ոչ միայն այն պատճառով, որ նա այնտեղ Արևմուտքի միակ հաղթաթուղն է, այլև նա այն աֆղանների ոգեշնչման աղբյուրն է, ովքեր ձգտում են ազատության, այն աֆղան կանանց համար, ովքեր պայքարում են այնտեղ մնալու համար, այն լրագրողների համար, ովքեր ցանկանում են շարունակել իրենց գործը։ Չնայած Աֆղանստանից մեր նահանջին, մենք պետք է փորձենք շտկել այն, ինչ հնարավոր է՝ օգնելով այս մարդուն:

Նրա հոր մահն իսկական ողբերգություն էր:
Ես նրան լավ էի ճանաչում. 2001 թվականի մայիսին կազմակերպել էի նրա այցը Փարիզ ՝ մահվանից ու սեպտեմբերի 11-ից մի քանի ամիս առաջ։ Նա մելամաղձոտ էր, տխուր։ Նա այն տեղեկատվության կրողն էր, որով ցանկանում էր կիսվել ֆրանսիական իշխանությունների հետ։ Նրան հետևի մուտքից ընդունեցին, քանի որ թալիբները սպառնում էին «Եթե Մասուդին ընդունեք, վրեժ կլուծենք Աֆղանստանում ֆրանսիական ՀԿ-ների միջոցով»: Դա բլեֆ էր։ Անցանք առաջ: Հիշում եմ Մասուդի տխրությունն ու մելամաղձությունը, երբ վերջին անգամ նրան տեսա Փարիզում 2001 թվականի գարնանը: Նա մեծ տաղանդի տեր մարդ էր, մեծ մարտիկ, բանաստեղծ, մտավորական, սիրում էր գրքեր. իր գրադարանն իր հետ էր տանում մի ռազմական գործողությունից մյուսը: Նա այն տեսակ մարդկանց էր, ովքեր պատերազմում են չսիրելով այն:

Նախքան ավարտելը, մեր ունկնդիրներն ուրախ կլինեն լսել այս ոլորտում Ձեր առաջին ներգրավվածության մասին: Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս հայտնվեցիք Բանգլադեշում, որն այն ժամանակ Արևելյան Պակիստանն էր, ինչպե՞ս այն դարձավ Բանգլադեշ և ո՞րն էր Ձեր դերն այնտեղ:  Իմ դերը համեստ էր, բայց նվիրվածությունս ու ոգևորությունս՝ անսահման: Բանգլադեշում կոտորած է եղել, զանգվածային հանցագործություն. այսօր էլ հայտնի չէ, թե արդյոք Պակիստանի բանակը սպանել է հինգ հարյուր հազար, մեկ միլիոն, երկու միլիոն, գուցե երեք, գուցե չորս, բենգալացի տղամարդու և կնոջ։ Անդրե Մալրոն[12] ռադիոյով հանդես եկավ: Նա շատ ծեր էր, նյարդային հիվանդություն ուներ, իսկապես զառամյալ էր: Նա ասաց. «Դիմում եմ ձեզ, կոչ եմ անում ստեղծել Միջազգային Ջոկատ Բանգլադեշի համար, ինչպես դա արեցի Իսպանիայում»: Իսպանիայում, քաղաքացիական պատերազմի սկզբում, գնդապետ Մալրոն ղեկավարում էր ինքնաթիռների էսկադրիլիան, որը փրկեց Մադրիդը: Նա այժմ յոթանասուն տարեկան էր, և իսկապես հոգնած էր, բայց, այնուամենայնիվ, հանդես եկավ կոչով:
Ես դա լսեցի ռադիոյով, ահավոր հուզիչ էր, այնքան գեղեցիկ, այնքան ճշմարիտ, որ մտածում էի՝ ի՞նչ անել։ Զանգահարեցի Մալրոյի գրասենյակ. «Ես ձեզնից մեկն եմ։ Ընդունի՛ր ինձ»: Ու գնացի։ Իրականում Բանգլադեշի համար այդ միջազգային Ջոկատը այդպես էլ երբեք չձևավորվեց:

Դուք միանձնյա բանակի միակ տարրն էիք:
Անդրե Մալրոն այնքան ուժասպառ էր, որ չեկավ Բանգլադեշ: Պատերազմից հետո կգա։ Ես այնտեղ էի, տեղում. ի՞նչ անել: Զինվորագրվեցի «Մուկտի Բահինի»ի մարտիկների խմբին, հնդկական բանակի հետ վերադարձա Դաքքա և մի քանի ամիս մնացի Բանգլադեշի առաջին Նախագահ Շեյխ Մուջիբուր Ռահմանի կողքին: Առաջին անգամ հասկացա, որ իմ սերնդի գլխավոր հարցը, իրական ողբերգությունը, որը պատրաստվում էր տիրել աշխարհին, իսկական կռիվը, որը սպասում էր մեզ, լինելու էր արմատական ​​իսլամի և Լուսավորականության շրջանի իսլամի հակադրությունը: Պակիստանը` «մաքուրների երկիր» է, նրա բանակը մարմնավորում էին արմատական ​​իսլամը: Մուջիբուր Ռահմանը մարմնավորել է Լուսավորականության շրջանի իսլամը. նա բարեպաշտ էր, մահմեդական, պրակտիկ գործունեությամբ զբաղվող դեմոկրատ, մարդու իրավունքների և Արևմուտքի բարեկամ։ Նա աջակցել է ազատագրական պատերազմի ժամանակ պակիստանցի զինվորների կողմից բռնաբարված կանանց, որոնց անվանեց Բիրանգանա, որը նշանակում է «ազգի հերոսուհիներ»։ Նա լայնախոհ մարդ էր: Այդ ժամանակ ես քսաներեք տարեկան էի։

Պատմությունն ապացուցեց, որ Դուք իրավացի եք: Ավարտենք լավատեսական նոտայով: Զարգացող երկրների երկու ամենահաջող ՀԿ-ները ծնվել են Բանգլադեշում: Ֆազի Աբեդը[13], ով ցավոք մահացավ երկու տարի առաջ, իմ ընկերն էր, նա հիմնեց BRAC-ը: Մուհամմադ Յունուսը[14] հիմնել է Grameen Bank-ը և արժանացել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի։ Բանգլադեշը քաղաքականապես պառակտված էր այն աստիճան, որ երեք տարի շարունակ երկիրը կառավարություն չուներ։ Ամեն ինչ կաթվածահար էր եղել։ Բացառությամբ տնտեսության, որը շարունակեց աճել տարեկան 6%-ով։
Այո, քաջատեղյակ եմ:

Եվ դա շնորհիվ BRAC-ի, Grameen-ի և այլ կազմակերպությունների, որոնք միկրովարկավորում էին տրամադրում հասարակ բնակչությանը: Արժեր աշխատել հանուն դրա: Ուրախ եմ, որ ընդգծեցիք, որ չնայած շարժվել եք այն ուղղությամբ, որտեղ մտադիր էիք ապրել Ձեր կյանքը, միևնույնն է, չեք կարող հաղթել բոլոր 100% դեպքերում, ինչպես և չեք կարող հասնել այն ամենին, ինչով ուզում եք ապրել կամ ինչի մասին երազում եք, քիչ թե շատ, այս պահին:
Ճիշտ այդպես:

Շնորհակալություն այն պատկերացման համար, որով կիսվում եք մեզ հետ Ձեր կյանքում, շնորհակալություն, որ հանրային մտավորական եք, ինչն այլ կերպ կարելի է ասել՝  ակտիվ քաղաքացի: Մենք չնշեցիք, թե քանի անգամ կարող էին Ձեզ սպանել։ Բազմիցս վտանգել եք Ձեր կյանքը լինելով այնտեղ, ուր մարդկանց բռնության են ենթարկում: Աշխարհը Ձեզ երախտագիտությամբ է պարտական: Հուսամ մի օր, չնայած ասացիք, որ չեք ցանկանում, Ֆրանսիան Ձեզ կպարգևատրի այն ամենի համար, ինչ արել եք որպես ֆրանսիացի, աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Ուրախ եմ, որ այսքան ավյուն ունեք. երբեք այն չսպառեք: Մի անգամ մեկն ինձ հարցրեց, թե ինչու ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ: «Ես չեմ ուզում գործնական իրավաբանությամբ զբաղվել»,- ասացի նրան։ Եվ չեմ ուզում ամեն գնով, պարտադրաբար կենսաթոշակի անցնել: Ցանկանում եմ սթափ մտոք զենքն էլ ձեռքիս մեռնել:

Ես էլ, պարոն Նախագահ: Սթափ մտո՛ք և զենքն էլ ձեռքի՛ն: Սթափություն՝ Ձեզ և ինձ համար:
Աստված օրհնի քեզ:
Շնորհակալություն։

[1] Սրեբրենիցայի ջարդեր կամ Սրեբրենիցայի ցեղասպանություն, 1991– 1995 թվականներին Հարավսլավիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ամենազարհուրելի իրադարձություններց մեկը: Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը պարզել է, որ սպանվել է 7000- 8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդ։ Սպանությունները իրականացրել էին Սերբական Հանրապետության բանակի զինվորները` գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ: 2003 թվականին խաղաղ բոսնիացիների կոտորածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց Բոսնիայի և Հերցեգովինայի սերբական հանրապետությունը։ 2010 թվականին Սերբիայի խորհրդարանը դատապարտել է ջարդերը։

2007 թվականի հունվարին միջազգային տրիբունալը սերբերի գործողությունները որակավորեց որպես «ցեղասպանություն»: Իր հերթին 2009 թվականին ԵԽ-ն հուլիսի 11-ը հռչակեց «Սրեբրենիցայի ցեղասպանության հիշատակի օր» (թարգմ.):

[2] Դեյթոնյան համաձայնագիրը վերջ դրեց քաղաքացիական պատերազմին Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում 1992-1995 թթ.: Ստորագրվել է 1995 թվականի նոյեմբերի 21-ին ԱՄՆ ռազմակայանում Դեյթոնում (Օհայո), որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Ալիյա Իզետբեգովիչի, Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի և Խորվաթիայի նախագահ Ֆրանիո Թուդջմանի կողմից։ Համաձայնագիրը բաղկացած էր ընդհանուր մասից և տասնմեկ հավելվածներից։ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության տարածք է մտցվել ՆԱՏՕ-ի զորքերի կոնտինգենտը (IFOR)՝ 60 հազար զինվոր, որոնց կեսը ամերիկացիներ են։ Նախատեսվում էր, որ Բոսնիա և Հերցեգովինա պետությունը պետք է բաղկացած լինի երկու մասից՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից և Սերպսկայի Հանրապետությունից։ Սարաևոն մնաց մայրաքաղաք։ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության բնակիչը կարող է լինել ինչպես միասնական հանրապետության, այնպես էլ երկու սուբյեկտներից մեկի քաղաքացի: Սերբերը ստացել են տարածքի 49%-ը, բոսնիացիներն ու խորվաթները՝ 51%-ը: Դեյթոնի համաձայնագիրը ձևավորեց Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական կառուցվածքի հիմքը, որը շարունակվում պահպանվել է առ այսօր (թարգմ.)։

[3] Հարիման Պամելա (1920-1997), հայտնի է նաև որպես Պամելա Չերչիլ Հարիմանը, անգլիական ծագումով ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, դիվանագետ և սոցիալիստ: Նա ամուսնացել է երեք անգամ, նրա առաջին ամուսինը եղել է Ռանդոլֆ Չերչիլը, վարչապետ Ուինսթոն Չերչիլի որդին, երրորդ ամուսինը՝ Վ. Ավերել Հարիմանը, ամերիկացի դիվանագետ, ով եղել է նաև Նյու Յորքի նահանգապետ։ Նրա միակ զավակը՝ Ուինսթոն Չերչիլը, անվանակոչվել է իր հայտնի պապիկի անունով։ Նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանը 1993-1997 թվականներին։ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Ֆրանսիայում Հարիմանին Միացյալ Նահանգների դեսպան է նշանակել 1993 թվականին (թարգմ.):

[4] Քլարկ Ուեսլի (ծնվել է 1944 թվականին), Միացյալ Նահանգների բանակի պաշտոնաթող սպա: 34 տարի ծառայել է ԱՄՆ բանակում՝ ստանալով բազմաթիվ զինվորական պարգևներ, մի քանի պատվավոր ասպետական կոչ և Նախագահական ազատության մեդալ։ 1990-ականներին օգնել է մշակել և համակարգել ԱՄՆ-ի համաշխարհային ռազմական քաղաքականությունն ու ռազմավարությունը: Ռիչարդ Հոլբրուկի հետ մասնակցել է Դեյթոնի խաղաղության գործընթացին։ Այս ժամանակահատվածում նա մասնակցել է նաև Կորեայի միջուկային բանակցություններին՝ ծրագրելով ժողովրդավարության վերականգնումը Հաիթիում, Միացյալ Նահանգների հարավային հրամանատարության շտաբը Պանամայից տեղափոխելով Մայամի, ավելի խիստ սահմանափակումներ կիրառելով Սադամ Հուսեյնի նկատմամբ, վերաշարադրելով Ազգային ռազմական ռազմավարությունը և մասնակցել Համատեղ տեսլականի մշակմանը 2010 թվականի  ԱՄՆ-ի ապագա պատերազմական գործողությունների համար (թարգմ.):

[5] Հոլբրուք Ռիչարդ (1941-2010), ամերիկացի դիվանագետ: Միակ մարդը, ով զբաղեցրել է պետքարտուղարի օգնականի պաշտոնը աշխարհի երկու տարբեր տարածաշրջաններում (1977-1981 թվականներին Ասիայում և 1994-1996 թվականներին Եվրոպայում): 1993-1994 թվականներին եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան։ Լրագրողների և դիվանագիտական ​​շրջանակներում վաղուց հայտնի Հոլբրուքը լայն հանրությանը հայտնի դարձավ, երբ Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի հետ միջնորդեց Բոսնիայի պատերազմող խմբակցությունների միջև խաղաղության համաձայնագիրը, որը հանգեցրեց Դեյթոնյան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ 1999-2001 թվականներին Հոլբրուքը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան: 2009 թվականի հունվարին Նախագահ Օբամայի կողմից Հոլբրուքը նշանակվեց Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ (SRAP): Սենատոր Ջոն Քերիի նախագահական արշավի խորհրդական 2004 թվականին: Հոլբրուքն այնուհետև միացել է սենատոր Հիլարի Քլինթոնի նախագահական արշավին և դարձել արտաքին քաղաքականության բարձրագույն խորհրդական: Հոլբրուքի չիրականացված նկրտումները պետքարտուղար դառնալն էր. նա, Ջորջ Քենանի և Չիփ Բոլենի հետ միասին համարվում էին ԱՄՆ ամենաազդեցիկ դիվանագետներից, ովքեր երբեք չեն հասել այդ պաշտոնին: Մի քանիսը համարում էին, որ Հոլբրուքի դերը Դեյթոնի համաձայնագրում արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: 1995 թվականի դեկտեմբերին Փարիզում Հոլբրուքը Դեյթոնյան խաղաղության համաձայնագրի գլխավոր ճարտարապետն էր, որը վերջ դրեց Բոսնիայում երեքուկես տարի տևած պատերազմին: 1996 թվականին նա պարգևատրվել է «Մանֆրեդ Վյորներ» մեդալով, որը շնորհվել է Գերմանիայի պաշտպանության նախարարության կողմից այն հասարակական գործիչներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել «Եվրոպայում խաղաղության և ազատության հաստատման առանձնահատուկ արժանիքներ»ի համար (թարգմ):

[6] Իզետբեգովիչ Ալիյա (1925-2003), բոսնիացի պետական ​​և քաղաքական գործիչ, Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ 1990-1996 թթ., Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ 1996-2000 թթ.: 1970 թվականին հրապարակեց իր «Իսլամական հռչակագիրը», որտեղ մասնավորապես գրել էր. «Իսլամական հավատքի և իշխանության ոչ իսլամական քաղաքական ինստիտուտների միջև չի կարող լինել ո՛չ խաղաղություն, ո՛չ համակեցություն: Իսլամական թարմացումը չի կարող սկսվել առանց կրոնական հեղափոխության, սակայն այն չի կարող հաջողությամբ շարունակվել և իրականացվել առանց քաղաքական հեղափոխության: Մեր ճանապարհը սկսվում է ոչ թե իշխանության զավթմամբ, այլ ժողովրդի նվաճմամբ»: Այս հռչակագրի համար ստացավ 14 տարվա ազատազրկում (1979-ին նա ազատվել է ժամկետից շուտ)։ 1992 թվականի մայիսի 2-ին ձերբակալվեց Սարաևոյի օդանավակայանում իր կրտսեր դստեր՝ Սաբինայի հետ, բայց հենց հաջորդ օրը նրանք ազատ են արձակվել՝ հարավսլավական բանակի զորանոցը քաղաքից ազատ տարհանելու դիմաց։ Ըստ որոշ հեղինակների՝ 1994 թվականին նա հանդիպել է Ուսամա բեն Լադենին Սարաևոյում։ 1995 թվականին խորվաթական բանակի հետ համատեղ իրականացված «Փոթորիկ» գործողության արդյունքում 230-250 հազար սերբ փախել են լուծարված Սերբական Կրայինայի Հանրապետության տարածքից։ Նույն թվականին նա ստորագրեց Դեյթոնյան համաձայնագիրը։ Մահացել է սրտի հիվանդությունից, իսկ 2006 թվականի օգոստոսին նրա գերեզմանը ենթարկվել է վանդալիզմի՝ այն պայթեցրել են (թարգմ.)։

[9] Նիգերիայի քաղաքացիական պատերազմ կամ Բիաֆրայի Անկախության պատերազմ (1967 հուլիս- 1970 հունվար), որը պայմանավորված էր էթնիկ հակամարտություններով և երկրի արևելյան նահանգները բաժանելու փորձով՝ ձգտելով հռչակել Բիաֆրայի Հանրապետություն: Նիգերիայի քաղաքացիական պատերազմը Վիետնամի պատերազմի հետ մեկտեղ համարվում է 1960-ականների ամենաարյունալի հակամարտությունը։ Տարբեր աղբյուրների համաձայն այս քաղաքացիական պատերազմում զոհվել է 700,000-ից մինչև 3,000,000 մարդ, հիմնականում Բիաֆրայի տարածքների բնակիչներ, ովքեր դարձել են ռազմական հանցագործությունների, սովի և հիվանդությունների զոհեր: Հակամարտությունը տարբեր ժողովուրդների միջև տնտեսական, էթնիկ, մշակութային և կրոնական լարվածության արդյունք էր: Ինչպես աֆրիկյան այլ պետությունների մեծ մասը, Նիգերիան արհեստական ​​կառույց էր, որը ստեղծվել էր Բրիտանիայի կողմից, որը հաշվի չէր առնում կրոնական, լեզվական և էթնիկական տարբերությունները: 1960 թվականին Մեծ Բրիտանիայից անկախանալու ժամանակ Նիգերիայի բնակչությունը կազմում էր 60 միլիոն մարդ և բաղկացած էր գրեթե 300 տարբեր էթնիկ և մշակութային խմբերից (թարգմ.)։

[10] Մասուդ Ահմադ (ծնվել է 1989 թվականին), ծագումով տաջիկ աֆղան քաղաքական գործիչ, դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդին և իրավահաջորդը, որը հայտնի է նախ խորհրդային զորքերի, ապա թալիբների դեմ հաջող պայքարով։ 2012-2015 թվականներին սովորել է Լոնդոնի Քինգս քոլեջի ռազմական հետազոտությունների ֆակուլտետում։ 2016 թվականին ստացել է միջազգային քաղաքականության մագիստրոսի կոչում Լոնդոնի Սիթի համալսարանում։ 2016 թվականին Մասուդը վերադարձավ Աֆղանստան և նշանակվեց Մասուդ հիմնադրամի գործադիր տնօրեն: 2019 թվականի մարտից Մասուդը պաշտոնապես մտել է քաղաքականություն և շարունակեց հետամուտ լինել իր հոր բռնած ուղուն: Համոզված էր, որ Աֆղանստանում կառավարության ապակենտրոնացումը կհանգեցնի ռեսուրսների և լիազորությունների ավելի արդյունավետ բաշխման՝ այդպիսով բերելով բարգավաճում և կայունություն: 2021 թվականին, թալիբների ռազմական առաջխաղացման ֆոնին, Մասուդը Աֆղանստանի հյուսիսում ստեղծեց Փանջշիրի դիմադրությունը, որը հիմնականում տաջիկական աշխարհազորայիններից կազմված կոալիցիա էր, որը հակադրվում էր Թալիբանին (թարգմ.):

[11] Մասուդ Շահ Ահմադ (1953-2001), մոջահեդների դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախարար (1992-1996), Աֆղանստանի ազգային հերոս, հայտնի է նաև «փանջշերյան առյուծ» մականվամբ (ստացավ իր դեմ խորհրդային զորքերի ձեռնարկած 9 մարտական ​​գործողություններից հետո (ներառյալ Փանջշիրի օպերացիան): Աֆղանստանի զինված ընդդիմադիր «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության, ինչպես նաև այս կուսակցության «IOA» կիսառազմական թևի՝ «Շուրա-է-Նազար»-ի առաջնորդներից մեկը։ Աֆղանստանի պատերազմի վետերան 1979-1989 թթ., միակն է մոջահեդների հրամանատարներից, ով 1982 թվականին գնաց զինադադարի խորհրդային զորքերի հետ։ 2001 թվականի սեպտեմբերի 9-ին հարցազրույցի ժամանակ մահափորձ կատարվեց Մասուդի վրա. մահապարտները ներկայացան որպես լրագրող՝ պայթուցիկները թաքցնելով տեսախցիկի մեջ: Մահացավ ստացած վերքերից հաջորդ առավոտյան՝ սեպտեմբերի 10-ին: Գաղտնի ծառայությունների տվյալներով՝ Ահմադ Շահ Մասուդի շրջապատում եղել են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված բեն Լադենի ոչնչացման հեղինակները։ Սակայն բեն Լադենը ​​կանխարգելիչ կերպով վերացրեց Ահմադ Շահ Մասուդին: Շուտով Հյուսիսային դաշինքի հարձակման և ԱՄՆ-ի և դաշնակիցների հակաահաբեկչական գործողության արդյունքում Աֆղանստանում թալիբների իշխանությունն ավարտվեց, և «Մասուդստանը» դադարեց գոյություն ունենալ։ 2021 թվականի սեպտեմբերի սկզբին թալիբ զինյալները պղծեցին Մասուդի դամբարանը Փանջշիրում (թարգմ.):

[12] Մալրո Անդրե (1901-1976), ֆրանսիացի գրող, մշակութաբան և քաղաքական գործիչ։ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հինգերորդ Հանրապետության գաղափարախոս, դը Գոլի կառավարության մշակույթի նախարար։ Նրա ստեղծագործությունների վրա «դաստիարակվել են» այնպիսի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփաներ և գրողներ, ինչպիսիք են Ալբեր Քամյուն և Ժան Գրենյեն (թարգմ.):

[13] Սըր Ֆազլե Հասան Աբեդ (1936-2019), բանգլադեշցի սոցիալական աշխատող, BRAC միջազգային ոչ առևտրային հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, որն ունի ավելի քան 100,000 աշխատող: Արժանացել է Ռամոն Մագսայսայի անվան մրցանակին սոցիալական վերափոխումների մեջ ունեցած ներդրման համար։ 2010 թվականին նա պարգևատրվել է Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգի շքանշաններով՝ աղքատության դեմ պայքարում մատուցած ծառայությունների և Բանգլադեշում, աշխարհում աղքատների հզորացմանն ուղղված տասնյակ ծրագրերի իրականացման համար, ստացել է ասպետի կոչում (թարգմ.)։

[14] Յունուս Մուհամմադ (ծնվել է 1940 թվին), բանգլադեշցի բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Grameen բանկի հիմնադրման և միկրոֆինանսավորման ու միկրովարկավորման հայեցակարգերի մշակման առաջամարտիկ լինելու, և ցածից սոցիալական ու տնտեսական զարգացում ստեղծելու ջանքերի համար (թարգմ.):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *