Ցեղասպանության՝ որպես սոցիոլոգիական հիմնախնդրի ուսումնասիրման մեթոդաբանական բաղադրիչները հայկական օրինակով

ըստ Վահագն  Տատրյանի

Աղբյուրը` “Methodological Components of the Study of Genocide as a Sociological Problem” Recent Studies in Modern Armenian History. Cambridge MA: National Association for Armenian Studies & Research 83-103 (1972)

Ցեղասպանությունը, ինչպես եւ ցանկացած այլ երեւույթ, բազմակողմանի վերլուծության կարիք ունի: Խոսելով բազմակողմանիության մասին առավել մեծ շեշտադրում անհրաժեշտ է կատարել ժամանակային եւ տարածական գործոնների վրա:

Ժամանակային գործոնը Հայոց ցեղասպանության դեպքում կապված էր տվյալ տարիներին Թուրքիայի արտաքին իրադրության հետ: Ինչպես գիտենք` 1912-1913թթ.-ի ռուս-թուրքական պատերազմում տանուլ տալուց հետո թուրքերի իշխանության տակ գտնվող քրիստոնյա մի շարք ազգեր ազատագրվեցին: Միեւնույն ժամանակ հայերը փորձում էին ստանալ Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայից անկախանալու եւ Արեւելյան Հայաստանին միանալու համար, որի արդյունքում թուրքական կողմի մոտ կարող էր իր տարածքներից եւս մեկը կորցնելու վախ առաջանալ:

Տարածական գործոնը կապված էր Թուրքիայի այդ ժամանակվա պանթուրքիզմի գաղափարի հետ: Համաձայն վերջինիս՝ պետք է ստեղծվեր միացյալ Թուրան պետությունը, որն իր մեջ պետք է միավորեր թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին: Այն պետք է ընդգրկեր Բոսֆորից մինչեւ Չինաստան եւ Սառուցիալ օվկիանոս ընկած տարածքը: Բնական է, որ հայերը նման հանգամանքում հանդիսանում էին խոչընդոտ:

Կատարելով վերլուծությունը պետք է ուշադրություն հատկացնել հետեւյալ առանձնահատկություններին՝

  • պատմական իրականություն,
  • որոշումների կայացման գործընթաց,
  • ցեղասպանության ընդհանուր գծագիր,
  • ցեղասպանության գործիքներ

1.Պատմական իրականություն

Երկարատեւ տարիների ընթացքում բազում ազգեր են հանդիսացել Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասը: Նրանում ընդգրկված են եղել ինչպես մի շարք մուսուլմանական, այնպես էլ քրիստոնյա ժողովուրդներ: Բայց իհարկե ակնհայտ է, որ քրիստոնյաները այստեղ կազմել են փոքրամասնություն:
Եթե հարցին մոտենանք հանդուրժողականության տեսանկյունից, ապա կարելի է միանշանակ նշել, որ թուրքերը բոլոր քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ էլ բացասական են տրամադրված եղել, եղել են մի շարք ջարդեր փոքրամասնությունների շրջանում:

2. Որոշումների կայացման գործընթաց

Ինչպես գիտենք ցանկացած աշխատանք իրականացնելիս մեծ նշանակություն է տրվում որոշումների ընդունման գործընթացին. չէ՞ որ լավագույն ռազմավարությունը հանդիսանում է արդեն իսկ աշխատանքի կեսը:
Ցեղասպանության դեպքում խոսքը գնում է պաշտոնական մասշտաբի որոշման մասին. ցանկացած ցեղասպանության իրագործման պայմաններից է կենտրոնական իշխանության կողմից ցեղասպանություն իրագործելու ֆորմալ՝ պաշտոնական որոշում ընդունելը: Դա կարող է լինել որեւէ իշխող կուսակցության, հանրույթի, խմբակցության կերպարով:

Հայոց ցեղասպանության դեպքում դա մի կուսակցություն էր, որի շուրջ սկզբնական ժամանակաշրջանում համախմբվել էին անգամ քրիստոնյաները: «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունը, ստանալով մեծ աջակցություն, զբաղեցրեց իր տեղը կառավարության մեջ եւ բավականին հաջող կերպով ստացավ մեծ հրապարակայնություն:

Վերջինիս իշխանությունը կապված էր 3 հիմնական գործոնների հետ՝

1. Ռեսուրսների հասանելիություն եւ դրանց վերահսկում: Իթթիհաթը, իր ձեռքը վերցնելով երկրի կառավարությունը, շատ արագ տիրացավ գլխավոր ռեսուրսներին եւ ստացավ դրանք կիրառելու անսահմանափակ իշխանություն:
2. Կազմակերպչական մեծ գիտելիքներ: Իթթիհաթի ղեկավարությունը ներառում էր մի շարք բավականին հմուտ եւ փորձառու գործիչների, ովքեր օժտված էին կազմակերպչական ջիղով:
3. Կարգապահություն: Այս կուսակցության անդամների համար կուսակցական օրենքներն ու հրամանները ունեին «տաբուանման» ազդեցություն, որն էլ հանգեցնում էր վերջիններիս մոտ գերմանական կարգապահության:

Ցեղասպանությունն ապահովող հիմնական գործոններն էին՝

1. կուսակցական ապարատն իր հիերարխիկ կարգով,
2. կուսակցական արժեքները, նպատակները, իդեալները, որոնք իրենց հերթին նպաստում էին պարտիզանական գաղտնիությանը եւ անհրաժեշտ ռեսուրսների «ամեն գնով» հավաքագրմանը:

3.Ցեղասպանության ընդհանուր գծագիրը

Հայոց ցեղասպանության իրագործումը կապված էր արմատական մեթոդների հետ: Վերջինիս արմատական բնույթն ապահովվում էր ինչպես արդյունքով (վերացնել առավելագույն քանակի հակառակորդների), այնպես էլ այդ նպատակին հասնելու միջոցառումներով (կիրառել առավելագույն ռեսուրսներ եւ ջանքեր):

Այս առումով կարելի է համեմատականներ տանել Թուրքիայի եւ Գերմանիայի իրագործած միջոցառումների միջեւ: Ինչպես Թուրքիան, այնպես էլ Գերմանիան կիրառում էին հետեւյալ ծայրահեղ մեթոդները՝

1. Ռազմական միավորների կիրառումը որպես վկաների (ապագա զոհերի) վերացման ապարատ,
2. Զոհերի շրջանակներում բազում լրտեսներին/ տեղեկատուների կիրառում,
3. Ստելու մեխանիզմի կիրառումը զոհերի նկատմամբ՝ կապված իրենց նպատակաների եւ հետագա քայլերի հետ,

Թուրքիայի տարորոշիչ մեթոդներից էին՝

1. Տարհանման գաղափարը. «տարհանման մասին» օրենքի համաձայն` հայերին պետք էր հեռացնել Ռուսաստանի հետ սահմանակից մարզերից Թուրքիայի անվտանգությունն ապահովելու եւ հայերի՝ Ռուսաստանին աջակցելը կանխելու համար:
2. 18-45տ. տղամարդկանց հավաքագրումը բանակ. համաձայն Թուրքիայի նախատեսվում էր, որ հայերից կազմվելու է ջոկատ, որն ուղարկվելու է բուն պատերազմական դաշտ Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիային աջակցելու համար:
3. Հայերի ոչնչացումը. հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայերին ոչնչացնելու համար բանտից դուրս էին թողնվում քաթիլները (որեւէ ծանր հանցագործության համար դատապարտյալ), ապա նրանք նշանակվում էին հայերի տեղահանման համար ուղեկցող ոստիկաններ: Անսպասելի չէ, որ նրանք ճանապարհին անխնա ոչնչացնում էին մեծաքանակ հայերի:

Ցեղասպանության ժամանակ կիրառվել են նաեւ ծայրահեղ սպանության ձեւեր՝

1. կենդանի այրելը,
2. կենդանի զանգվածային թաղումները,
3. անդամահատումները,
4. բռնաբարությունները, որոնք նախորդում էին սպանելուն,

Սպանությունը, ըստ Թուրքիայի, համարվում էր ծառայություն Ալլահին: Սակայն այս փաստը չի կարելի հիմք ընդունել Հայոց ցեղասպանությունը սրբազան պատերազմի նախատիպ համարելու համար, քանի որ ընդունելի է այն փաստը, որ գոնե «Իթթիհաթ» կուսակցության ղեկավար զանգավածը հիմք չէր ընդունում մուսուլմանական կրոնը եւ ավելին, նրանց հայացքները ավելի շուտ հարում էին աթեիզմին:

4.Ցեղասպանության գործիքները

Որպես թուրքական «Իթթիհաթ» կուսակցության գործիք կարելի է առանձնացնել կուսակցության բջջային կառուցվածքը եւ Թուրքիայի վերաբնակեցումը:

Առաջինը կապված էր բավականին օպտիմալ ադմինիստրատիվ աշխատանքների հետ. յուրաքանրչյուր մարզ ուներ իր կուսակցականների որոշակի թիվ, ովքեր ենթարկվում էին տվյալ տարածքի պատասխանատուին, ով էլ իր հերթին ենթարկվում էր ավելի բարձր պաշտոն զբաղեցնող պատասխանատուին: Սա ինչ-որ չափով նման է դոմինոյի սկզբունքով կառուցված կառույցի:

Երկրորդը վերաբերում էր հետեւյալին՝ Կովկասից, Բալկաններից գաղթած մուսուլմաններին շերտ առ շերտ տեղավորում էին հայ բնակիչների միջեւ: Քանզի նրանց վտարել էին սեփական տներից եւ տարածքներից քրիստոնյա ժողովուրդների ապստամբության եւ Ռուսաստանի՝ նրանց աջակցության պատճառով, ապա բնական է, որ նրանք խիստ բացասական էին տրամադրված հայերի նկատմամբ:

Հարկ է նշել նաեւ ադմինիստրատիվ համակարգի կիրառած երկու գերհզոր գործիքների մասին՝

1. Թուրքերի կոդավորված հաղորդակցությունը,
2. Պատիժ/խրախուսանք մեխանիզմը

Շատ հաճախ հայերի ցեղասպանության մասին լուրերին չհավատալու հանգամանքը կապված էր հենց այն իրողության հետ, որ թուրքերը կիրառում էին կոդավորված հաղորդակցություն եւ շատ հաճախ ցույց չէին տալիս հատկապես մեծահարուստ հայերի նկատմամբ հակակրանքը:

Ինչ վերաբերում է պատիժ/խրախուսանք մեխանիզմին, ապա կարեւոր է խոսել այն մասին, որ ցեղասպանության սկզբնական շրջանում կիրառվում էր միայն խրախուսանքի մեխանիզմը, ըստ որի թուրքերին հատկացվելու էր հայերի կուտակած ողջ հարստությունը, ինչպես նաեւ բուն նպատակին (Պանթուրքիզմ) հասնելու հեռանկարը: Հետագայում այն հանգամանքը, որ որոշ թուրք զինվորներ սկսեցին գիտակցել իրենց գործողությունների ոչ մարդկային լինելու հանգամանքը, նրանցից շատերը մերժեցին ենթարկվել հրամաններին: Այդժամ ներմուծվեց նաեւ պատժի մեխանիզմը, ըստ որի՝ հրամաններին չենթարկվող զինվորները ենթարկվելու էին որոշակի խիստ սանկցիաների: Միեւնույն ժամանակ ենթականերին առավել շահագրգռելու համար սկսվեց կիրառվել նաեւ պաշտոնների բաշխման համակարգում իրենց համապատասխան պաշտոն ստանձնելու գաղափարը:

Ինչպես երեւում է` արդեն իսկ ամբողջական վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ցեղասպանությունը նախագծվել է ինչպես լավ ռազմական գործիչների, այնպես էլ լավ քաղաքագետների, տնտեսագետների, իրավաբանների եւ հոգեբանների կողմից:

Թարգմանեց` Սոնա Նահապետյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *