Արմինե Խանանյան
armine.khananyan@gmail.com
«Պատկերի լեզուն ոչ միայն ինչ–որ մեկի կողմից (օրինակ սուբյեկտի, ով համադրում է նշանները և ստեղծում հաղորդագրություն) փոխանցվող խոսքն է, այլև խոսքը, որը ինչ–որ մեկի կողմից ստացվում, ընդունվում է…»
Ռոլան Բարտը առաջարկում է պատկերի սեմիոտիկ վերլուծության լուսաբանման համար դիմել գովազդային պատկերի օրինակին, քանի որ, «եթե ցանկացած պատկեր իր մեջ կրում է այս կամ այն նշանները, ապա անտարակույս է, որ գովազդային պատկերի մեջ այդ նշանները տիրապետում են առանձնահատուկ լիակատարությամբ. դրանք կազմված են այնպես, որ հնարավոր լինի ընթեռնել»՝ հնարավորինս միանշանակ: 1964 թ. իրականացված Panzani ֆիրմայի ահա այս գովազդի վերլուծությունը դարձել է թերևս դասական:
Բարտը առաջարկում է պատկերի կառուցվածքը ըմբռնելու նպատակով տարանջատել երեք տիպի հաղորդագրություններ՝ լինգվիստիկ, պատկերային դենոտատիվ, պատկերային կոննոտատիվ:
Լինգվիստիկ հաղորդագրություն: Պատկերի ներքևում, ինչպես նաև պիտակների վրա գրածը իրենից ներկայացնում է լեզվական հաղորդագրությունը, որը ընդհանրապես կարող է ունենալ երկու ֆունկցիա՝ ամրագրման՝ մատնացույց անելով պատկերի բազմաթիվ հնարավոր կոննոտացիաներից նրանք, որոնք պետք է ըմբռնվեն և կապակցող՝ փոխլրացնելով և համալրելով այն, ինչ պատկերին միայնակ չի հաջողվել փոխանցել: Տվյալ դեպքում Panzani անվան հնչեղությունը խթանում է նաև նկարի կողմից հաղարդվող «իտալականության» կոննոտացիայի ըմբռնումը: Պատկերային դենոտատիվ հաղորդագրություն: Պատկերի դենոտատիվ հաղորդագրությունը կայանում է առարկաների նույնական ներկայացման մեջ. այս հաղորդագրությունը հասկանալու համար անհրաժեշտ է անտրոպոլոգիական գիտելիք այն մասին, թե ինչ են այս առարկաները իրենցից ներկայացնում, ինչը թույլ է տալիս գույներն ու ձևերը ընկալել իբրև պոմիդոր, պղպեղ, քսակ և այլն: Պատկերային դենոտատիվ հաղորդագրության հիման վրա են կառուցվում կոննոտատիվ հաղորդագրությունները: Պատկերային կոննոտատիվ հաղորդագրություն: Կոննոտատիվ հաղորդագրությունը հասկանալու համար բավարար չէ անտրոպոլոգիական գիտելիք. անհրաժեշտ է նաև մշակութային բնույթի սպեցիֆիկ գիտելիք, որը թույլ է տալիս վերծանել պոմիդորի ներկայացումը իբրև սիմվոլիկ կոդ, ըմբռնել նշանակվածի նշանակությունը:
Սովորաբար ցանկացած պատկեր լեփ լեցուն է լինում բազում կոննոտատիվ նշանակություններով, սակայն դրանց ընթերցումը կախված է սուբյեկտի կողմից պատկերի վրա պրոյեկտվող գիտելիքի տեսակից, որ բխում է առօրեական պրակտիկայից, ազգային պատկանելիությունից, մշակութային, էսթետիկ պատրաստականությունից և այլնից: Հետևաբար տարբեր սուբյեկտներ կարող են հայտնաբերել տարբեր կոննոտացիաներ միևնույն պատկերում: Ավելին, այդ սուբյեկտները կարող են համագոյակցել միևնույն անհատի մեջ: Այն հնարավորությունների ամբողջությունը, որ անհատը ունի կոննոտատիվ նշանակությունների ըմբռնման համար Բարտը կոչում է իդեոլեկտ՝ լայնացնելով հասկացության կիրառումը զուտ լինգվիստիկ կիրառումից:
Panzani ֆիրմայի այս գովազդը վերլուծելիս գիտնականը կանգ է առնում հատկապես չորս տեսակի պատկերային կոննոտատիվ հաղորդագրությունների վրա.
Նշանակություն |
Նշանակող (ինչո՞վ է նշանակված) |
Իդիոլեկտ (անհարժեշտ գիտելիք)
|
|
Կիսաբաց քսակ որից ասես առատության եղջյուրից սեղանին է ցիրուցան լինում պարենը | Այս առաջին նշանը կարդալու համար լիովին բավական են այն գիտելիքները, որոնք մշակված են մեր լայն տարածում ստացած քաղաքակրթության կողմից, որտեղ «այցելությունները շուկա» հակադրվում են «արագ սննդին» (պահածոներ, սառեցված մթերք): |
|
Գովազդային նկարի եռագույն (դեղնավուն, կանաչ, կարմիր) երանգավորումը, պոմիդորները, բիբարը | Որոշ տուրիստական կարծրատիպերին իրազեկվածություն ենթադրող զուտ «ֆրանսիական» գիտելիք (իրենք իտալացիները են, քիչ հավանական է, որ կզգան Pandzani անվան կոննոտատիվ երանգը, ինչպես նաև լոլիկի եւ պղպեղի իտալական «համը») |
|
Գովազդային պատկերում տարատեսակ մթերքների համադրությունը | Առօրական գիտելիք՝ հիմնված առողջ բանականության վրա |
|
Գովազդի կոմպոզիցիան | Այս նշանի յուրացման համար անհրաժեշտ գիտելիքները վերաբերում են բացառապես մշակույթի ոլորտին |
Այս բոլոր նշանակությունները միմյանց հետ փոխկապակցված են և պատկերի վերլուծության նպատակը դրանց ներդաշնակ համագոյակցման վերհանումն է: Օրինակ նատյուրմորտը հղում է անում իտալական գեղանկարչությանը՝ որոշ իմաստով համլրելով «իտալականությունը»: Հավանաբար այս կոննոտատիվ հաղորդագրությունները ավելի շատ են, սակայն գիտնականը կանգ է առնում թերևս ամենահավանական կոննոտատիվ նշանակությունների վրա, որոնց վերծանումը հիմնված է ամենահավանական իդիոլեկտի վրա:
Գրականության ցանկ
- Барт, Р. Избранные работы. Семиотика. Поэтика / Пер. с фр., вступ. ст. и коммент. Г.К. Косикова. – М.: Прогресс, 1989, с. 297-318. http://www.libfl.ru/mimesis/txt/barthes4.php