ՋՈՐՋ ՀԵՐԲԵՐՏ ՄԻԴ

1863-1931

Ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ, սոցիալական հոգեբան Ջորջ Հերբերտ Միդը ծնվել է 1863 թվականին ԱՄՆ Մասաչուսետս նահանգում: 7 տարեկանում Միդը ընտանիքի հետ տեղափոխվել է Օհայո նահանգ, որտեղ հայրը սկսել է դասավանդել Օբեռլին քոլեջում: 1879 թվականից Միդը ինքն է սկսել այնտեղ սովորել: 1881 թվականին` հոր մահվանից հետո, նա սկսում է աշխատել որպես մատուցող, որպեսզի վաստակի ապրուստի միջոցներ: Չնայած բոլոր խոչընդոտներին՝ նա 1883 թվականին ավարտում է քոլեջը: Առաջիկա տասը տարում Միդը որոնում է իր կյանքի ուղին մինչև չի գիտակցում, որ իր կոչումը սոցիալական գիտությունների ուսումնասիրությունն է:

Միդը սկսում է դասավանդել տարրական դասարաններում: Բայց շուտով նրան ազատում են աշխատանքից՝ աշակերտների հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար (նա թույլ էր տալիս աշակերտներին չհաճախել իր դասերին հետաքրքրված չլինելու դեպքում): 1887 թվականին մեկնում է Հարվարդի համալսարան: Մեկ տարի անց ստանում է բակալավրի կոչում: Բացի փիլիսոփայությունից նա նաև ուսումնասիրում էր հոգեբանություն և լեզվաբանություն: 1888 թվականին Միդը մեկնում է Գերմանիա՝ կրթությունը շարունակելու և դոկտորի կոչում ստանալու: Սովորում է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում: Այստեղ ծանոթանում է Վիլհելմ Վունդտի հետ, ում հայացքները ազդում են իր հետագա գործունեության վրա՝ մարդկանց վարքի սոցիալական օրինաչափությունների բացահայտմանն ուղղված:

1891 թվականին նրան աշխատանք են առաջարկում Միչիգանի համալսարանում, և նա լքում է Բեռլինը՝ այդպես էլ չավարտելով կրթությունը: Այստեղ նա աշխատում է մինչև 1894 թվականը և հասցնում ուսումնասիրել սոցիոլոգ Կուլիի և փիլիսոփա Դյուի աշխատանքները: Ի դեպ, հենց Դյուին է միջնորդել Միդի՝ Չիկագոյի համալսարանում դասավանդելուն: Այստեղ նա ծանոթանում է Ռոբերտ Փարքի հետ, ով Զիմելի աշակերտներից է եղել: Ծանոթանում է նաև Զիմելի հայացքներին, որոնք իր վրա մեծ ազդեցություն են թողնում: 1902 թվականին ստանում է դոցենտի կոչում, իսկ 1907-ին՝ պրոֆեսորի:

Նա համարվում է սոցիալական հոգեբանության հիմնադիրներից: Միդը կարևորում էր վարքի ուսումնասիրությունը: Նա դիտարկում էր մարդկանց արարքները սոցիալապես պայմանավորված՝ հիմնված կոմունիկացիայի վրա:

Միդի կողմից առաջ քաշված անձի տեսությունը հիմք է հանդիսացել սիմվոլիկ ինտերակցիոնիզմի համար: Միդը  առանձնացնում էր «Ես»-ի երկու ենթահամակարգ՝  «I» և  «Me»: «I» («Ես»)` անհատի պատկերացումներն են իր մասին, անհատի ինքնաընկալումը: «Me» («Ինձ»)` այն է, թե ինչպես են անհատները տեսնում իրենք իրենց ուրիշների աչքերով և ինչպես են մեկնաբանում ուրիշների ընդհանրացված կարծիքը իրենց մասին:

Նա առաջ է քաշել նաև «Ընդհանրացված ուրիշ»-ի գաղափարը, որում ամբողջանում է որոշակի սոցիալական միջավայրի, խմբի ընդհանրացված կարծիքը և այդ հանրույթի վերահսկողությունը՝ խմբի անդամների հանդեպ: Հետագայում այս գաղափարը համալրվում է «Նշանակալի ուրիշ» հասկացության ներմուծմամբ, որը համարվում են մարդիկ, ովքեր կարևոր դեր են կատարում սոցիալականացման գործընթացում, ում մտքերը մեծ դեր են խաղում անհատի ձևավորման գործում: Նրանք նաև հանդես են գալիս որպես ռեֆերենտ անձինք:

1929 թվականին կնոջ մահվանից և կոլեգաների հետ կոնֆլիկտից հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ էլ մահանում է 1931 թվականի ապրիլի 26-ին սրտի կաթվածից:

Հետաքրքիր է այն, որ Միդն ինքը խոստովանել է, որ դժվարանում է իր մտքերը գրի առնել:  Իր՝ ավելի քան 40-ամյա կարիերայի ընթացքում Միդը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ թե՛ հոգեբանության, թե՛ փիլիսոփայության բնագավառում: Չնայած դրան, նա այդպես էլ ոչ մի գիրք չի հրատարակել: Իր բոլոր գրքերը հրատարակվել են հետմահու՝ ուսանողների լեկցիաների հավաքագրման արդյունքում:

 Հիմնական աշխատանքների ցանկ.

  1.   «Ներկայի փիլիսոփայությունը» /«The Philosophy of Present»/, 1932
  2.   «Բանականություն, ինքնություն և հասարակություն» /«Mind, Self and   Society»/, 1934
  3.   «Մտքի տեղաշարժերը տասնիներորդ դարում» /«Movements of Thought in the Nineteenth Century»/, 1950
  4.  «Գործողության փիլիսոփայությունը» / «The Philosophy of the Act»/, 1950

Թարգմանեց` Օֆելիա Գրիգորյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *