Պիեռ Բուրդիե. Սոցիոլոգիա և ժողովրդավարություն

bourdieIԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Համոզված եմ, ինչպես յուրաքանչյուր հետազոտող, որ սոցիոլոգիան կարող է նպաստել իրական ժողովրդավարական քաղաքական գործունեությանը՝  քաղաքացիների այնպիսի կառավարմանը, որը կապահովի բոլոր քաղաքացիների երջանկությունը: Այս համոզմունքը ես կցանկանայի փորձել կիսել, նույնիսկ եթե այն մի փոքր ինքնապարծ է գնահատում իմ ուժեղ կողմերը և, ամենից առաջ, թերագնահատում սոցիոլոգիայի ընդունման անխուսափելի խոչընդոտներն ու դիմադրությունները, որոնց մասին սոցիոլոգիան քաջատեղյակ է:
Այսօր հնարավոր չէ դիտարկել ժողովրդավարությունը՝ հաշվի չառնելով այն փաստը, որ սոցիալական գիտությունները, հաճախ քիչ թե շատ այլասերված ձևերով, առկա են բուն սոցիալական իրականության մեջ: Օր չի լինում, երբ տնտեսությունը և տնտեսագետները չվկայակոչվեն կառավարության որոշումներն արդարացնելու համար: Սոցիոլոգիային շատ ավելի հազվադեպ են վկայակոչում, և միայն ճգնաժամային իրավիճակներում, այսպես կոչված խնդիրներին դեմ հանդիման լինելուց (կարծես մնացած բոլորը չկային …), ինչպես օրինակ այսօր առկա համալսարանի կամ, այսպես կոչված, «արվարձանների» հարցը, ինչի համար հյուրընկալում են սոցիոլոգին, մասնավորապես`լրատվամիջոցներում:
Իսկական ժողովրդավարական քաղաքականությունը բախվում է շատ հին այլընտրանքին՝ փիլիսոփա թագավորի (կամ լուսավորյալ բռնապետի) և դեմագոգի ժամանակակից ձևին կամ, թե կուզեք, տեխնոկրատ ամբարտավանության այլընտրանքին, որը պնդում է, թե երջանկացնում է մարդկանց առանց նրանց կամ նույնիսկ հակառակ նրանց, և դեմագոգ հրաժարականով, որն ընդունում է հարցման նկատմամբ առկա պատժամիջոցն իր ներկա տեսքով՝ անկախ նրանից,  կարտահայտվի դա շուկայի ուսումնասիրմանն ուղղված հարցումներով, հեռուստա ու ռադիո ալիքների դիտող և ունկընդրող լսարանի ուսումնասիրմամբ (audimat) կամ էլ թե հանրաճանչության չափմանն ուղղված ուսումնասիրություններով: Իսկական ժողովրդավարական քաղաքականությունը պետք է ձգտի խուսափել այս այլընտրանքից: Չեմ պնդի տեխնոկրատ սխալի հետևանքների մասին, որն ավելի շուտ արվում է հանուն տնտեսության, որովհետև այդ դեպքում անհրաժեշտ կլինի մանրամասնել ոչ միայն սոցիալական հետևանքները, հատկապես տառապանքների և բռնության դրսևորման տեսանկյունից, այլև՝ տնտեսական, ի դեմս այն բոլոր տնտեսությունների, որոնք պարտադրվում են տնտեսության նեղ ու խեղաթյուրված սահմանման ներքո: Ես միայն կասեմ, մտածելու տեղիք տալու համար, որ գոյություն ունի բռնության պահպանման մասին օրենք, և որ եթե մենք իսկապես ուզում ենք նվազեցնել առավել տեսանելի բռնությունը՝ հանցագործությունները, գողությունները, բռնաբարությունները, անգամ՝ հարձակումները, ապա պետք է աշխատենք ընդհանուր առմամբ նվազեցնել բռնությունը, որը մնում է անտեսանելի (ամեն դեպքում՝ կենտրոնական կամ գերիշխող վայրերից), և այն բռնությունը, որն օրեցօր, խառնիխուռն ձևով դրսևորվում է ընտանիքներում, գործարաններում, արհեստանոցներում, ոստիկանության բաժանմունքներում, բանտերում կամ նույնիսկ հիվանդանոցներում կամ էլ դպրոցներում, և որը տնտեսական և սոցիալական կառույցների «իներտ բռնության» և դրանց վերարտադրմանը նպաստող անողոք մեխանիզմների արտահայտման արդյունք է:
Բայց ես ուզում եմ պնդել այլընտրանքի երկրորդ տարբերակի շուրջ՝ դեմագոգիական սխալի: «Սոցիալական տեխնոլոգիայի» առաջընթացը (որը չպետք է խառնել «սոցիալական գիտության» հետ, որից երբեմն վերցնում է իր գործիքները) այնպիսին է, որ մենք քաջատեղյակ ենք ակնհայտ, ընթացիկ, առարկայական և հստակ ձևակերպված պահանջարկի մասին: Կան դոքսայի, կարծիքի տեխնիկներ, հանրային կարծիքն ուսումնասիրող շուկայի առևտրականներ. այն բոլորի մերօրյա ժառանգները, ում Պլատոնն անվանում է հոյակապ դոքսոֆիստներ[1], ակնհայտ գիտնականներ:
Հասարակական գիտությունը հիշեցնում է այն տեխնիկայի սահմանները, որը, ինչպես և հարցումը, տալիս է միայն համախմբված կարծիքներ, ինչպես քվեարկությունը, որը, որպես այդպիսին, կարող է դառնալ դեմագոգ կառավարման ռացիոնալ գործիք, որն անմիջականորեն ստորադասված է հասարակական ուժերին:  Այն ցույց է տալիս հետևյալը՝ քաղաքականությունը, որն ուղղված է հաջողություն ապահովել, չունի իր վերջնական նպատակը, որն է սահմանել մեծ թվով իրական շահերին համապատասխան նպատակներ, և ոչ այլ ինչ է, քան շուկայավարման նուրբ քողարկում: Ժողովրդավարության պատրանքը ենթադրում է մոռանալ, որ գոյություն ունեն ձևավորված, արտահայտված քաղաքական կարծիքի հասանելիության պայմաններ. «Կարծել, կարծիք ձևավորել (doxazein), ասում է Պլատոնը, նշանակում է խոսել», նշանակում է հասցնել դիսկուրսի մակարդակի: Այնուամենայնիվ, ինչպես բոլորս գիտենք, լեզվի հարցում մենք բոլորս հավասար չենք: Կարծիքի շուրջ սահմանված հարցին պատասխանելու հավանականությունը (հատկապես եթե դա քաղաքական միկրոաշխարհի կողմից սահմանված քաղաքական խնդիր է) շատ անհավասար է տղամարդկանց և կանանց, կրթվածների և անկիրթների, հարուստների ու աղքատների շրջանում, հետևաբար, քաղաքացիների ֆորմալ հավասարության ետևում իրական անհավասարություն է թաքնվում: Կարծիք ունենալու հավանականությունը տատանվում է, ինչպես և այն որպես ակտիվ կարծիք պարտադրելու հավանականությունը:
Գիտությունը տեղեկացնում է միջոցների մասին, այն ոչինչ չի ասում նպատակների մասին: Բայց հենց խոսում ենք ժողովրդավարության մասին, նպատակները հստակ սահմանվում են՝ մենք պետք է աշխատենք ունիվերսալացման շուրջ, այսինքն ՝ ժողովրդավարացնել քաղաքական կարծիքի արտահայտման հնարավորության տնտեսական ու մշակութային պայմանները: Սա վճռական տեղ է տալիս կրթությանը, ինչպես հիմնական, այնպես էլ ցմահ կրթությանը. դա ոչ միայն աշխատանքի կամ սոցիալական պաշտոնների հասանելիության, այլև քաղաքացու իրավունքների արդյունավետ իրականացման հիմնական պայմանն է:
Քաղաքական ապարատի երկաթյա օրենքները, որոնք նկարագրվել են այսպես կոչված նեո-մաքիավելիստ սոցիոլոգների կողմից, մասնավորապես նրանց, ովքեր նպաստում են ներկայացվածության ուժի կենտրոնացմանը մի քանիսի ձեռքում, և որոնք հատկապես հարվածում են կազմակերպություններին՝ պատասխանատու առավել անապահով խավերի ներկայացման համար, ինչպես կարծում էին դրանց մոգոնողները, բնության օրենքներ չեն. դրանք հիմնված են իմ կողմից հենց նոր շարադրված անհատական ​​կարծիքների ձևավորման օրենքների վրա, և ինչպես բոլոր սոցիալական օրենքները, դրանք նույնպես կարող են հակադրվել զինված գործողությանը, իմանալով այդ օրենքի մասին:
Բայց սոցիոլոգիան չի բավարարվում նպաստելով սոցիալական պատրանքների քննադատությանը, ինչը ժողովրդավարական ընտրության պայմաններից մեկն է. այն կարող է նաև տնտղել իրատեսական ուտոպիզմը՝ ոչ միայն անպատասխանատու վոլյունտարիզմը, այլև հաստատված կարգով գիտնականի ​​հրաժարականը: Դա, ըստ էության, արմատապես դեմ է դոքսոֆիստների պրակտիկային, անկախ նրանից՝ գիտությունն առանց գիտնականների, թե առանց սոցիոլոգիայի, որոնք բավարարվում են հարցվողներին առաջարդրել այն հարցերը, որոնք տալիս է նրանց մասին քաղաքական միկրոաշխարհը: Այն ուղղված է դուրս գալ արտաքինի սահմաններից և դրանց շուրջ թվացյալ դիսկուրսից՝ լինի դա ինքնին ագենտների կողմից ստեղծված դիկսուրս, կամ էլ ավելի արդյունավետ դիկսուրս, որոնք ձևավորում են դոքսոֆիսները, սոցիոլոգները, քաղաքական մեկնաբանները, քաղաքական գործիչները՝ անվերջ իրենք իրենց արտացոլող հայելիների խաղում:
Հիպոկրատի ավանդույթի համաձայն ճշմարիտ բժշկությունը սկսվում է անտեսանելի հիվանդությունների իմացությունից, այսինքն այն փաստերից, որոնց մասին հիվանդը չի խոսում` կա՛մ ինքը տեղյակ չէ դրանցից, կա՛մ մոռանում է դրանց մասին տեղեկացնել: Նույնը վերաբերում է սոցիալական գիտությանը, որը վերաբերում է տկարության իրական պատճառներն իմանալուն և հասկանալուն, որն արտահայտվում է միայն օրը ցերեկին երևացող սոցիալական նշանների միջոցով, որոնք դժվար է մեկնաբանել, որովհետև, կարծեք, չափազանց ակնհայտ են: Մտածում եմ վրեժխնդիր բռնությունների ալիքի պոռթկման մասին՝ մարզադաշտերում կամ այլուր, ռասիստական ​​հանցագործությունների կամ ընտրական հաջողություն գրանցած անհաջողության մարգարեների մասին, որոնք ձգտում են շահագործել և ուժեղացնել առաջացած բարոյական տառապանքի պարզունակ արտահայտությունները, որոնք ծնվում են ոչ միայն տնտեսական և սոցիալական կառույցների թշվառության և «իներտ բռնության» արդյունքում, այլև բոլոր փոքր տառապանքների և առօրյա գոյության մեղմ բռնության միջոցով:
Ակնհայտ դրսևորումների սահմաններից դուրս գալու համար բնականաբար պետք է առաջանալ դեպի անհատական ազատության, երջանկության և ինքնառեալիզացման նկատմամբ անհամար ոտնձգությունների իրական տնտեսական և սոցիալական որոշիչներ, որոնք այսօր պարտադրվում են ոչ միայն աշխատաշուկայում կամ անշարժ գույքի ոլորտում առկա անխիղճ սահմանափակումներով, այլև դպրոցական շուկայի դատավճիռների, կամ էլ մասնագիտական կյանքի նկատմամբ կիրառվող բացահայտ պատժամիջոցների ու ստոր հարձակումների ձևով: Գիտակցությանը հասցնել այն մեխանիզմները, որոնք կյանքը դարձնում են հիվանդագին, նույնիսկ՝ անտանելի, և ոչ թե չեզոքացնել դրանք. ի հայտ բերել հակասություններ, չի նշանակում դրանք լուծել: Բայց, որքան էլ թերահավատորեն վերաբերվենք սոցիոլոգիական ուղերձի սոցիալական արդյունավետությանը, հնարավոր չէ ինքնին բնական համարել այն ազդեցությունը, որ այն կարող է ունենալ տառապողների նկատմամբ՝ իրենց մեղքը սոցիալական պատճառներին վերագրելու  հնարավորությամբ ու այդպիսով իրենց զգալ արդարացված: Այս դիտարկումը, չնայած դրությանը, խաբեությանը, անհուսալի չէ. այն, ինչ արել է սոցիալական աշխարհը, նույն սոցիալական աշխարհն էլ, այդ գիտելիքներով զինված, կարող է չեղարկել:
Բնականաբար սոցիոլոգիան խանգարում է, և այն խանգարում է, որովհետև բացահայտում է՝ ոչնչով չառանձնանալով այլ գիտություններից. «թաքնվածից զատ ուրիշ ոչինչ չկա», -ասում էր Բաշլյարը: Բայց այս թաքնվածը շատ յուրահատուկ բնութագիր է. հաճախ դա գաղտնիք է, որը, ինչպես ընտանեկան որոշ գաղտնիքներ, չենք ցանկանում տեսնել բացահայտված կամ, ավելի լավ է ասել, բռնադատված գաղտնիք է: Հատկապես, երբ խոսքը գնում է մեխանիզմների կամ պրակտիկայի մասին, որոնք չափազանց բացահայտորեն հակասում են ժողովրդավարական հավատամքին (ես մտածում եմ, օրինակ, դպրոցների ընտրության սոցիալական մեխանիզմների մասին): Սա ստիպում է դատապարտել սոցիոլոգին, որը փոխարենը բավարարվի ձայնագրությամբ և վավերացնի կերպարանքները, քողազերծման գիտական աշխատանքով է զբաղված, կարող է դատապարտելի հնչել:
Նրանք, ովքեր դատապարտում են սոցիոլոգիան այն պատրվակով, որ այն դատապարտում է, ապա սոցիոլոգիայից հուսահատվողներին կարող են պատասխանել, որ իրենք հուսահատվում են այն պատրվակով, որ այն հիասթափեցնում է: Մինչդեռ սոցիոլոգիան հիմնված չէ դիտարկման վրա, որը համարվում է առավել ևս դետերմինացված, հոռետեսական և անգամ բարոյալքող՝ խորը և խիստ: Այն կարող է ապահովել սոցիալական կարգի իմանենտ միտումներին հակազդելու իրատեսական միջոցներ: Դետերմինիզմի մասին բարձրաձայնողները պետք է հիշեն, որ թռչող ապարատներ ստեղծելու համար, որոնք արդյունավետորեն վիճարկում են այս օրենքը, անհրաժեշտ է հենվել գրավիտացիայի մասին օրենքի վրա:

[1] Դոքսա տերմինը օգտագործվել է հույն փիլիսոփա Պլատոնի կողմից (մ.թ.ա. մոտ 427-Աթենք, մ.թ.ա. մոտ 348 կամ 347), բայց ճանաչում ստացավ սոցիոլոգ Պիեռ Բուրդիեի (1930-2002) շնորհիվ, որը դոքսոֆիստներին հեգնանքով սահմանում է որպես իրենց դոքսայի փոխանցման նվիրյալներ՝ վերջինս հարցականի տակ չդնելով, ի տարբերություն փիլիսոփաների: Դոքսոֆիստ տերմինն օգտագործվում է բացասական երանգով և օգտագործվում դատապարտելու փորձագետներին, քաղաքագետներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլ «կարծիք մշակողներին», որոնք հարցումների միջոցով միջամտում են զլմ-ների աշխատանքին, որը պետք է ներկայացնի հանրային կարծիքը (թարգմ.):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *