Հին երևանցու միֆի ընկալումները

Երրորդ կուրսի կուրսային աշխատանքը պահանջում էր հետազոտություն: Ժամանակին մտքեր էին եղել «երևանցու», «հին երևանցու» մասին: Մտքերովս կիսվեցի կուրսայինիս ղեկավարի` Նիկա Եպիսկոպոսյանի հետ, և  որոշեցինք, որ հենց հին երևանցիների  մասին էլ կգրեմ:

***

Հետազոտության դաշտային աշխատանքները սկսվել են որակական անհատական հարցազրույցներով այն մարդկանց հետ, ովքեր կամ 40-60 տարեկան են և առնվազն նրանց ծնողները ծնվել-ապրել են Երևանում, իրենք նույնպես, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր 70-80 տարեկան են, և գոնե իրենք ծնվել-մեծացել են Երևանում: Այսպիսով ենթադրվում էր, որ այդ մարդիկ տեղեկատվություն, հիշողություն, կարծիք կունենան 30-ականներից մինչև այսօրվա Երևանի, երևանցիների մասին: Նման չափանիշներով շարժվելով արվել է 8 հարցազրույց: Այդ 8 հարցվողների մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց բնիկ երևանցի էին համարում, ընդ որում նրանցից ոմանք միայն 3 սերնդով էին երևանաբնակ, ոմանք էլ այնքան սերունդներով, որ օրինակ` «Պլանի գլխից մինչև Սարյան նրանց սեփական այգիներն են եղել»: Սակայն, հարցվողներից և ոչ մեկը չէր հանդիսանում արվեստի կամ գրականության բնագավառի գործիչ, իսկ քանի որ հիպոթեզ կար այն մասին, որ «հին երևանցի» արտահայտությունը երբևէ շրջանառության մեջ է եղել կամ հիմա էլ շրջանառվում է արվեստի և գրականության բնագավառներում գործող կամ առնչվող մարդկանց շրջանում, ապա ևս երկու հարցազրույց անցկացվեցին 40-55 տարեկան երկու լրագրողների հետ. Արաքս Սարյանի` Մարտիրոս Սարյանի որդու` Ղազարոս Սարյանի կնոջ, և երկու ռեժիսորների` Աշոտ Ադամյանի («Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկի դերակատարը) և Խաչիկ Չալիկյանի հետ:
Հարցվողներին հարցեր են տրվել երևանցիների, հին երևանցիների մասին, և թեմայի չսպառվելու դեպքում` նաև «առաջվա» Երևանի ու երևանցիների մասին:
Հարցազրուցների ընթացքում արդեն իսկ առանձնացան հարցվողների երեք խումբ.
1. Մարդիկ, ում արմատները ծնողներից մեկի կողմից գոնե ձգվում են միայն Երևան, կամ մարդիկ ովքեր ճանաչում են նման տոհմիկ երևանաբնակների,
2. Արվեստի և գրականության մարդիկ,
3. Մարդիկ, ովքեր չեն ճանաչում տոհմիկ երևանաբնակների և չեն առնչվում արվեստի ու գրականության հետ:
Վերը նկարագրված 8 հարցվողներից 5-ը իրենց համարում էին «բնիկ երևանցիներ», և բոլոր ութ հարցվողներն էլ «հին երևանցուն» նույնացնում էին «բնիկ երևանցու» հետ: Սակայն իրենց «բնիկ երևանցու» հետ նույնացնողներից միայն մեկը նկարագրեց, թե ով է իր ներկայացրած «բնիկ երևանցին»` նկարագրելով իր արմատները, պատմելով իրենց կենցաղից, սովորույթներից: Մնացած չորսը պարզապես «իրենց լավ էին զգում ասելով, որ իրենք բնիկ երևանցի են»: Կարելի է եզրակացնել, որ այս մարդանց համար «բնիկ երևանցի» լինելը հավասարազոր է ցանկացած բանի, որով նրանք կարող են հպարտանալ ու լավ զգալ: Այսինքն` նրանց համար «բնիկ երևանցի» համարվելը հաճելի է, սակայն կարևոր դեր չի խաղում ապրելակերպի, հայացքների հարցում, քանի որ նրանք ստույգ պատկերացում չունեն, թե ով է եթե նույնիսկ ոչ «հին», ապա գոնե «բնիկ երևանցին»: Ամփոփելով երևանցու վերաբերյալ հնչած կարծիքները, կարելի է ընդհանրացնել, որ «երևանցին քաղաքի մարդն է, որը ծնվել-մեծացել է քաղաքում, ըմբռնել է քաղաքի էությունը, տարբերվում է յուրօրինակ կուլտուրայով, զարգացածությամբ, կրթվածությամբ, առատաձեռնությամբ, ինտելեկտով, մշակույթի տների հետ շփվելու հնարավորությամբ, աղա է, հոգով հարուստ, խոսում է մաքուր, գրական հայերենով` առանց ակցենտի, հյուրասեր, շատ ընկերասեր է, քաղաքակրթության կրող է»:
Հարցվողները «երևանցուն» նկարագրել են միայն դրական հատկանիշներով:
«Հին երևանցին» հարցվողների պատասխաններում որակվում է որպես հին Կենտրոնի, Կոնդի բնակիչ, ով ծնվել-մեծացել է Երևանում, ակունքներով մոտ է կանգնած քաղաքին, ում պապերը ծնվել են Երևանում, եղել են Աստաֆյան փողոցի ստեղծողները, «ինտելիգենտ և առևտրական ժողովուրդ» են եղել, հարուստ` հոգով և ֆինանսապես: Տարբերվել են ճշտով, ավելի սոլիդ են եղել, գյուղ չեն տեսել, արմատներով բնիկ երևանցի էին»:
Ակնհայտ է տարբերությունը «երևանցու» և «հին`բնիկ երևանցու» ընկալումների միջև: Եթե «երևանցու» համար կարևորվում է միայն Երևանում ծնված-մեծացած լինելու հանգամանքը, ապա «բնիկ երևանցու» համար կարևոր է նաև արմատները:
Բոլոր հարցվողների պատասխաններում միանշանակ նշվում էր այն հանգամանքը, որ «երևանցին» երբեք ինքն իրեն չի անվանի երևանցի, քանի որ դա նրա համար սովորական բան է: Ինչպես նաև նշվել է, որ շրջանից կամ այլ քաղաքներից եկածների համար «երևանցի» բառը արժեքային լիցք է կրում, քանի որ Երևանը մայրաքաղաք է և պատվավոր կոչում է «երևանցի»-ն, և արդեն 10 տարի Երևանում ապրելով` այդ մարդիկ հարմար առիթը բաց չեն թողնում նշելու համար, որ իրենք «երևանցի» են: Հարցվողների պատասխաններում զգացվում էր բարկություն, վիրավորանքով ու ցավով էին ասում, որ «10 տարի Երևանում ապրելով, մարդիկ իրենց հին երևանցի են անվանում»: Հետաքրքիր տարբերություն կա 70-ամյա բնիկ երևանաբնակ մի կնոջ և մնացած հարցվողների պատասխանների մեջ: Այն դեպքում, երբ մնացած հարցվողները նշում էին «ինքնակոչ երևանցիների» համար Երևանում բնակվելու 10 տարի ժամանակահատվածը, կինը նշեց 1-2 սերունդ ժամանակահատվածը: Այնինչ հարցվողներից ոմանք հենց 1-2 սերնդով երևանաբնակներ են:
Երբ հարցվողներին առաջարկվում էր նկարագրել «առաջվա Երևանը», մարդիկ իրենց հիշողություններում կամ պատկերացումներում եղած Երևանը հիշում էին կարոտով` նշելով, որ այսօր «հին Երևանից» ոչինչ չի մնացել թե′ քաղաքաշինության տեսանկյունից, թե′ մարդկանց: «Եթե առաջ մի ժամանակ բոլորը բոլորին դեմքով ճանաչում էին, ապա այժմ միևնույն մուտքի հարևանները միմյանց չգիտեն»: Եվ այս պարագայում արդեն չկա առաջվա ջերմությունը: Այս ամենից երևում է, որ այսօր երանցին, եթե նույնիսկ երբևէ ապրել է «առաջվա ջերմ Երևանում», այսօր օտար է զգում իրեն Երևանում, քանի որ այսօրվա Երևանը առաջվա Երևանը չէ: Առաջվա Երևանը հիմնականում հարցվողների մոտ ասոցացվում է մինչև 70-ականների Երևանի հետ, երբ դեռ քաղաքը համեմատաբար քիչ բնակչություն է ունեցել:
Հարցազրույցների ընթացքում ակնհայտորեն երևաց այն հանգամանքը, որ հարցվողների մեծ մասի մոտ «հին երևանցի» ասվածը հենց կոնկրետ ու անմիջական հիշողություններ չէր առաջացնում և, նույնացվելով «բնիկ երևանցի» արտահայտության հետ, առաջ էր բերում դրան համապատասխան հիշողություններ և կարծիք: Այսինքն «հին երևանցին», որպես արտահայտություն, իրենց շփման միջավայրում շրջանառության մեջ չէ:
Այժմ անդրադառնանք արվեստի և գրականության հետ առնչություն ունեցող մարդկանց տված պատասխաններին:
«Երևանցին Երևանում ապրող սոցիումն է, ունի իր կրթական օրենքները, գիտակցությունը, գիտի, թե ինչ է նշանակում հանրության մեջ ապրել, գիտի, որ պետք է հարգի ուրիշների իրավունքները, հանրային վայրերում` տրանսպորտում, թատրոնում ցածր է խոսում, բարեկիրթ է լինում: Երևանցին մարդ է, որը ծնվել է Երևանում, մարդ, որը կապված է Երևանի հետ, սիրում է Երևանը, խնամքով է վերաբերվում քաղաքին, էնպես, որպես իր տանը, և որը կապված է նաև քաղաքի մշակույթի, անցուդարձի, մարդկանց հետ»:
Այս հարցվողների մոտ կարևորվում է «երևանցու»` ինչպես Երևան քաղաքում ծնված լինելը, այնպես էլ որոշակի կուլտուրա ունենալը: Եթե հանենք այն կարծիքները, որ հնչել են երկու խմբերում էլ` «երևանցին հոգով հարուստ, կիրթ, կուլտուրայով, ինտելեկտով մարդ է», ստանում ենք, որ այն պարագայում, երբ առաջին խմբի հարցվողների համար երևանցին բնորոշվում է որպես մշակույթի տների հետ շփվող, ընկերասեր, առանց ակցենտի, գրական հայերենով խոսող, առատաձեռն մարդ, ապա արվեստի ու գրականության գործիչների համար «երևանցին» այն մարդն է, ով գիտի` ինչպես է պետք ապրել հանրության մեջ, կապված է Երևանի հետ, սիրում է Երևանը, կապված է քաղաքի մշակույթի անցուդարձին, մարդկանց հետ: Այստեղից երևում է, որ եթե առաջին խմբի հարցվողները կարևորում են ավելի շուտ կենցաղային, անձնային ու ինչ-որ տեղ ցուցադրական հատկանիշները, ապա երկրորդ խմբի հարցվողների (արվեստի ու գրականության գործիչների) համար կարևորվում է սոցիալապես նշանակալի հատկանիշները` սոցիալական միջավայրի մեջ ներգրավվածությունը, այդ միջավայրում արդյունավետ գործառնելու ավանդական կանոնները:
Ինչպես նաև հետաքրքիր է այն հանգամանքը, որ առաջին խմբի անդամները «երևանցու» մասին խոսելիս նշում էին` երևանցին այսպիսին է, երևանցին այնպիսին է, մինչդեռ երկրորդ խմբի ներկայացուցիչների պատասխաններում գերակշռում էր «պետք է» արտահայտությունը. երևանցին այսպիսին պետք է լինի, երևանցին այնպիսին պետք է լինի: «Պետք է» արտահայտությունը ցույց է տալիս, որ նման կարծիք արտահայտողների համար «երևանցին» ոչ թե իրենց նկարագրածն է, այլ «երևանցին» պետք է այդպիսին լինի: Այսինքն` եթե այդիսին պետք է լինի, կարելի է ենթադրություններ անել, որ երևանցին երկրորդ խմբի հարցվողների համար այդպիսին չէ այժմ:
Երկրորդ խմբի հարցվողների համար « «հին երևանցին» մարդ է, ով մեծացել է Երևանի հետ, ծնվել է այդ քաղաքում, ակունքներով կապված է այդ քաղաքի հետ, և որի համար թանկ է ցանկացած քարը, ծառը, ջուրը, այն վայրերը, որոնք դարձել են սիրելի այդ քաղաքի բնակիչների համար, ով մեծահոգի, բարի, կիրթ, ազնիվ է, հարգում է ուրիշի իրավունքը, գիտի հանրության մեջ ապրել, հիշողություններ ունի քաղաքի հետ կապված: Հին երևանցիները արիստոկրատիայի, ինչ-որ լավ ավանդույթների պահպանողներ էին, կապված էին ռուսական կուլտուրայի հետ, մաքրակենցաղ էին: Հոգով հարուստ էին»:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ երկրորդ խմբի հարցվողների` «երևանցու» վերաբերյալ պատասխաններում գերակշռող «պետք է լինի» արտահայտությունը բացարձակ չի օգտագործվել «հին երևանցուն» բնորոշելու դեպքում: Հետևաբար, կարելի է եզրակացություն անել, որ, եթե «երևանցին» հարցվողների գիտակցությունում մի երևույթ է, որը կարելի է փոփոխության ենթարկել, ապա «հին երևանցին» կայացած ու հաստատուն երևույթ է:
Եթե առաջին խմբի հարցվողների համար «հին երևանցին» որակվում էր երևանցու դրական հատկանիշներով և գումարած` Երևանում տոհմիկ բնակության ժամանակահատվածը, ապա երկրորդ խմբի հարցվողների համար առանձնացվում է հին երևանցիների երկու տիպ` արմատներով հին, բնիկ երևանցիներ և որոշակի ապրելակերպի կրողներ` հայտնի դեմքեր, որոնք «զարդարում էին քաղաքը», յուրօրինակ «կուլտուրայի կրողներ էին»:
Ինֆորմացիայի բազմազանությունից երևում է, որ «հին երևանցին» միանշանակորեն չի ընկալվում բոլոր հարցվողների մոտ: Առանձնանում են մարդիկ, ովքեր ծանոթ են այդ արտահայտությանը, և մարդիկ, ովքեր չեն լսել այդ արտահայտությունը և նույնացնելով այն «բնիկ երևանցու» հետ` համապատասխան արձագանք են տալիս: Այս պարագայում տարբեր մարդկանց մոտ տարբեր ասոցիացիաներ են առաջ գալիս, որոնց մասին կխոսվի քիչ ներքևում:
Հայտնի մարդկանցից բնիկ «հին երևանցի» են համարվում Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը, Կոնստանտին Օրբելյանը, Եղիշե Չարենցը, Կարեն Սերոբի Դեմիրճյանը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետյանը , Հրաչյա Քոչարը, Կոստան Զարյանը, Հենրիկ Մալյանը, Լևոն Ներսիսյանը, Աիդա Մելիք-Հայկազյանը, Շուշանիկ Աբգոյանը,Ավետիք Իսահակյանը, Միքայել Թավրիզյանը, Մարտիրոս Սարյանը, Վաղարշ Վաղարշյանը, Վահրամ Փափազյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ղազարոս Սարյանը, Ադամ Խուդոյանը, Ալեքսանդր Հարությունյանը:
Այն դեպքում, երբ մարդիկ «հին երևանցուն» նույնացնում են «բնիկ երևանցու հետ», «հին» բառը նույնացվում է Երևանում ապրած տարիների (դարերի, սերունդների) հետ, իսկ այն դեպքում, երբ «հին երևանցին» որակվում էր որպես բարի, աշխատասեր, «հոգով հարուստ» մարդ, «հին» բառը ստանում է կարոտի երանգ և կորցնում է իր նշանակությունը և նույնացվում դրական հատկանիշների հետ: Սակայն երկու դեպքում էլ` թե′ այն դեպքում, երբ «հին»-ը նույնացվում է բնիկության, և թե′ այն դեպքում, երբ նույնացվում է մարդու դրական հատկանիշների հետ, «երևանցին» «հին երևանցու» համատեքստում մարդկանց գիտակցությունում մնում է որպես «քաղաքը սիրող, քաղաքի հոգսերով ապրող, համն ու հոտը զգացող, էությունն ըմբռնող, քաղաքի հետ կապված հիշողություններ ունեցող» «քաղաքացի » (բոլոր հարցվողների մոտ քաղաքաբնակ բառին փոխարինում էր «քաղաքացին»):

Վերլուծության սկզբում, թեմայի հետ կապված, առանձնացվել են հարցվողների երեք խումբ.
• Մարդիկ, ում գոնե մեկ կողմի տոհմական արմատները ձգվում են միայն Երևան կամ մարդիկ ովքեր ճանաչում են նման տոհմիկ երևանաբնակների,
• Արվեստի և գրականության մարդիկ,
• Մարդիկ, ովքեր չեն ճանաչում տոհմիկ երևանաբնակների և չեն շփվում արվեստի ու գրականության հետ:
Միևնույն հարցվողը կարող էր հարցազրույցի ընթացքում փոխել իր կարծիքը, օրինակ` սկզբում կարծիք հայտներ, որ «հին երևանցին» արմատներով բնիկ երևանցին է, իսկ հետո մտափոխվեր`«գիտեք, բայց կարծում եմ, «հին երևանցին» նրանք չեն, ում պապերը այստեղից են, պարտադիր չէ, որ մարդ արմատներով այստեղից լինի, որ նրան կոչեն «հին երևանցի», կարող է շատ բան արած լինի քաղաքի համար և սիրի քաղաքը, ըմբռնի նրա էությունը»: Նման փոփոխական կարծիքներ պատահել են առաջին խմբի հարցվողների հետ: Այսինք` այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է այն հանգամանքը, որ այդ մարդիկ հարցազրույցից առաջ երբևէ չեն առնչվել «հին երևանցի» հասկացության հետ, քանի որ իրենք են փորձում որոշել, թե ում կարելի է անվանել հին երևանցի` առանց բնիկության հարցը հաշվի առնելու :
Բայց փորձենք ընդհանրացնել և ներկայացնել առավել հաճախ պատահած կարծիքները: Վերոնշյալ տիպաբանությամբ առաջին խմբի մարդիկ, որանց գոնե մի կողմի արմատները ձգվում են Երևան, ում ապուպապերը եղել են «Աստաֆյան փողոցը կառուցողներից», ում «այգիները ձգվել են Պլանի գլխից մինչև Սարյան փողոցը», ում «տունը եղել է Կարապի լճի փոխարեն», կամ մարդիկ, որոնք ճանաչել են նման ընտանիքների, «հին երևանցուն» բնութագրում էին որպես «իսկական», «բնիկ երևանցի»: Նրանց ծանոթ էր «հին երևանցի» արտահայտությունը. «Բնիկ բառն է ժամանակի ընթացքում փոխվել հնի»: Ընդ որում, «հին երևանցիներին» բնութագրում էին որպես շատ հարուստ, զարգացած, կիրթ մարդկանց, որոնք եղել են առևտրականներ, բժիշկներ, որոնք արդեն «1907 թվականից սուրճ էին խմում», ունեցել են մեծ ու գեղեցիկ տներ, օրինակ`«զարդարված առյուծի գլուխներով»: «Հին երևանցիների» ընտանիքներից հիշատակվեցին Թադևոսյանները, Աֆրիկյանները, Ջանիբեկյանները, Օրբելյանները, Աբգարյանները: Հարցվողների խոսքերով` խորհրդային տարիներին «հին երևանցիներին կուլակաթափ արին»: Իսկ երևանցիությունն էլ «հին երևանցու» կոնտեքստում որոշվում էր այն բանով, որ սիրի իր քաղաքը, «արևածաղիկ չթափի փողոցում»:
Արվեստի և գրականության հետ առնչվող մարդկանց համար հիմնականում կարևոր չէր Երևանում բնակություն հաստատած ժամանակահատվածը: Եթե առաջին խմբի մարդկանց մոտ «հին երևանցու» արժանիքները անմիջականորեն գալիս էին այն մարդկանցից, ում համարում էին «հին երևանցի», ապա երկրորդ խմբի մարդկանց համար «հին երևանցու» հնությունը նույնացվում էր բարձր ներքին կուլտուրայի, մարդկային բարձր արժանիքների հետ, որոնք իրենք են պայմանավորում այն անգամանքը` կկոչվի մարդը «հին երանցի», թե ոչ: Արվեստի և գրականության հետ առնչվող մարդիկ «հին երևանցի» արտահայտությունը լսելիս հիշում էին այն մարդկանց, ում հանդեպ պատկառանք էին տածում, «ովքեր զարդարում էին քաղաքը», «ում լսելու համար մարդիկ կարող էին հավաքվել ու սպասել, ու երբ այդ մարդը գալիս էր, իրենք նրան էին նայում»: Այս հարցվողները «հին երևանցի» էին համարում Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին,Ալեքսանդր Հարությունյանին, Ադամ Խուդոյանին, Ղազարոս Սարյանին (այս հինգ կոմպոզիտորները կազմել են «Հայկական հնգյակը», կամ, ինչպես արտահայտվեց Ղազարոս Սարյանի կինը` Արաքս Սարյանը. «Հայկական հզոր խումբ»-ը), Կոնստանտին Օրբելյանին, Դավիթ Մալյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետյանին, Հրաչյա Քոչարին, Կոստան Զարյանին, Հենրիկ Մալյանին, Լևոն Ներսիսյանին, Աիդա Մելիք-Հայկազյանին, Շուշանիկ Աբգոյանին,Ավետիք Իսահակյանին, Միքայել Թավրիզյանին, Մարտիրոս Սարյանին, Վաղարշ Վաղարշյանին, Վահրամ Փափազյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Գոհար Գասպարյանին: Այս պատկերացումների ծայրահեղացումը նկատվեց մի ռեժիսորի մոտ, ում համար «հին երևանցու կերպարը ամբողջանում է մեկ մարդու` Եղիշե Չարենցի մեջ», «իսկ եթե մի քիչ ավելի խորանանք, ինձ համար հին երևանցի է նաև Վիլյամ Սարոյանը, Շեքսպիրը և այլն»:
Այսինքն` կարելի է ասել, որ, ի տարբերություն առաջին խմբի մարդկանց, ում համար «հին երևանցին» շոշափելի, ռեալ գոյություն ունեցող կամ երբևիցե գոյություն ունեցած մարդկանց խումբ է, երկրորդ տիպի մարդկանց համար` «հին երևանցին» վերացական հասկացություն է, որը նույնացվում է «երևանցու» բաղձալի կերպարի` տեսլականի հետ: Կարելի է ասել` «հին երևանցին» հանդես է գալիս որպես արժեք, որի մեջ կուտակվում են բոլոր լավ հատկությունները, որոնք առկա են հարցվողների պատկերացումներում:
Ընդ որում, այս երկու խմբերի մոտ էլ նկատվեց «հին երևանցի» և «երևանցի» արտահայտությունների նույնացման միտում, մարդիկ այժմյան Երևանի բնակչությանը չեն ընկալում որպես երևանցիներ, քանի որ, ինչպես նշվել է գրեթե բոլոր հարցվողների պատասխաններում` «Գյուղից, ուրիշ քաղաներից գալիս մի 10 տարի ապրում են Երևանում, իրենց արդեն համարում են երևանցի»:
Եվ երրորդ տիպի մարդիկ, որոնք չեն հանդիսանում և շփում չունեն արմատներով բնիկ երևանաբնակների հետ և չեն առնչվում արվեստի ու գրականության մարդկանց հետ: Այս մարդիկ չէին լսել «հին երևանցի» արտահայտությունը և խոսելով «հին երևանցու» մասին, իրենց կարծիքը կառուցում էին «հին» և «երևանցի» բառերի շուրջը, ընդ որում` «հին»=արմատներով հին (ինչպես ասաց հարցվողներից մեկը. «դե եթե պապերն էլ երևանցի լինեն, ավելի երևանցի կլինի»), «երևանցի»=Երևանի բնակիչ:
Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել, որ առաջին ու երկրորդ տիպի մարդկանց մոտ «հին երևանցու» մասին պատկերացումները սոցիալականացման արդյունք են` մարդիկ ապրել են որպես հին երևանցի, շփվել են իրենց պատկերացրած «հին երևանցիների» հետ, կամ լսել են նրանց մասին պատմություններ, օրինակ` ինչպես ասաց 56-ամյա կինը, որը որպես հին երևանցիներ ներկայացրեց Թադևոսյան ընտանիքին, ասաց. «Ես որ փոքր էի, ինձ պատմում էին, որ երբ Արամի փողոցի սև քարից շենքերը սարքում էին, հին երևանցիները գալիս ու հիմքին ոսկեդրամներ էին նետում», կամ ինչպես ասաց 43-ամյա լրագրող կինը. «Իմ ծնողները հասցրել են նրանց տեսնել, և նրանց պատմելով` այդ ժամանակ անհամեմատ ավելի հետաքրքիր էր, էն ժամանակ կային մեկ-երկու սրճարաններ, որտեղ մշակութային մթնոլորտ էր տիրում, իրենք` որպես երիտասարդներ գնում էին լսելու, որ օրինակ այսօր Կոստան Զարյանը խոսելու է արվեստի որևէ ճյուղի մասին, որևէ «իզմ» է էնտեղ քննարկվելու, և իրենք լսում էին, թե ինչ են ասում.. հազար ու մի քննարկումներ: Դե դրանք հայտնի Պոպլավոկը, Կազիրյոկը, կենտրոնական մի քանի սրճարաններն են եղել` Թատերական ինստիտուտի հարևանությամբ… Վաղարշ Վաղարշյան, այդ դեմքերը եղել են… Այդպիսի շատ հետաքրքիր պատմություններ են ինձ պատմել ծնողներս, ու իրենք էլ ասում էին, որ` էէէհ, այսօրվա Երևանը էն Երևանը չի, էն ժամանակ մշակութային կյանքով ապրում էին մարդիկ»:
Երրորդ խմբի մարդկանց, «հին երևանցի» արտահայտությունը ծանոթ չէր և նրանք պարզապես ասոցացնում էին «հին»-ը բնիկի հետ և իրենց կարծիքն արտահայտում «բնիկ երևանցիների» մասին:

Ավդալյան Լիլիթ

Սոցիոլոգիա III կուրս

Email: lilit_avdalyan@yahoo.com

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *