Իրականության սոցիալական կառուցակցումը ըստ Պ. Բեռգեռի և Թ. Լուկմանի

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սույն ակնարկը նվիրված է Պիտեր Բեռգեռի և Թոմաս Լուկմանի «իրականության սոցիալական կառուցակցման» կոնցեպցիայի ուսումնասիրությանը, որը ներկայացված է համանուն գրքում: Բեռգեռը հանդիսանում է ամերիկյան սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ում աշխատանքների մեծ մասը նվիրված են կրոնի սոցիոլոգիայի ուսումնասիրությանը ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում: Լուկմանը համարվում է գերմանական սոցիոլոգիայի ներկայացուցիչ: Հիմնական աշխատանքները ինքնության թեմայով են, որոնք նույնպես արվել են ֆենոմենոլոգիական մոտեցման շրջանակներում:

Սկզբնական ժամանակահատվածում կոնցեպցիայի մշակման գործընթացում նախատեսված էր ևս մեկ սոցիոլոգի և երկու փիլիսոփաների մասնակցությունը, թերևս որոշ պատճառներով նրանք ստիպված եղան հրաժարվել իրենց մասնակցությունից աշխատանքներին: Աշխատանքի վերջնական տարբերակը պատրաստ է եղել արդեն  1966 թվականին, ընդ որում որոշ հատվածները հանդիսանում են Ա.Շյուցի այն աշխատանքի վերամշակված տարբերակը, որը ավարտին չհասցվեց Շյուցի մահվան պատճառով:

Աշխատանքի հիմքում ընկած եմ Դյուրկհեյմի, Վեբերի, Մարքսի, Կուլիի և Շյուցի որոշ գաղափարներ:

Բեռգեռի և Լուկմանի աշխատությունը կառուցվածքային տեսանկյունից կազմված է ներածությունից և երեք գլուխներից:

Ներածությունում շոշափվում է գիտելիքի սոցիոլոգիայի պրոբլեմատիկան  և դրա առնչությունը իրականության սոցիալական կառուցակցման հետ: Սահմանվում են հիմնական հասկացությունները` «իրականություն» և «գիտելիք»: Իրականությունը սահմանում են իբրև որակ, որը բնորոշ է ֆենոմեններին` գոյություն ունենալ  անկախ անհատների գիտակցությունից և ցանկությունից[1]: Գիտելիքը սահմանում են իբրև համոզվածությունն է, որ օբյեկտները իրական են և ունեն որոշակի բնութագրիչներ:  Ընդ որում, խոսելով գիտելիքի մասին` հեղինակները կենտրոնանում են գիտելիքի կոնկրետ տեսակի վրա` առօրեական գիտելիքի ուսումնասիրության վրա, դիտարկելով այն իբրև իրականության կառուցակցման հիմնական միջոց: Բնականաբար, ֆենոմենների իրական լինելն ու դրանց մասին գիտելիքը հարաբերական է, ինչը պայմանավորված է սոցիալական կոնտեքստով: Այն ինչ իրական է բնապահպանի համար իրական չէ գործարան կառուցողի համար, հետևաբար նրանց գիտելիքները տարբեր են: Այդ պատճառով գիտելիքի սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի ոչ միայն  գիտելիքի տարբեր տեսակները, այլ նաև այն գործընթացները, որոնց միջոցով գիտելիքը վերածվում է ինքնըստինքյան ենթադրվող իրականության հասարակության շարքային անդամի համար: Իսկ քանի որ ցանկացած գիտելիք կախված սոցիալական կոնտեքստից, փոխանցվում է սերնդեսերունդ, ձևափոխվում է և պայմանավորում անհատների գործողությունները, առաջ է գալիս հետևյալ միտքը. Գիտելիքի սոցիոլոգիան գործ ունի իրականության սոցիալական կառուցակցման հետ [Бергер П.; Лукман Т 1995, 9]: Ուստի պետք է ուսումնասիրել այդ հիմնախնդիրը, ինչը և արել են Բեռգեռն ու Լուկմանը:

Առաջին գլխում խոսվում է առհասարակ առօրեականության իբրև յուրահատուկ տիպի իրականության ու դրա առանձնահատկությունների մասին:

Այն պատճառով, որ հետազոտողներին հետաքրքրում է առօրեականությունում անհատների վարքը պայմանավորող առօրեական գիտելիքի ուսումնասիրությունը, նրանք անհրաժեշտ են գտնում նախ հասկանալ այդ առօրեականության բնույթը: Բեռգեռն ու Լուկմանը հետևյալ հատկանիշներով են բնութագրում առօրեականությունը [Бергер П.; Лукман Т 1995, 38]:

  • Առօրեականությունը իրականության մի տեսակ է, որը մեկնաբանվում է հասարակության շարքային անդամների կողմից` ստանալով սուբյեկտիվ իմաստ իբրև մի ընդհանրական պատկեր: Առօրեականությունը դիտվում է իբրև ինքնըստինքյան ենթադրվող, կասկածի տակ չառնվող, վերապրվող իբրև իրական:
  • Առօրեականությունը կարգավորված իրականություն է. ֆենոմենները արդեն իսկ որոշակիորեն դասակարգված են, ինչը կախված չէ անհատի կամքից ու ցանկությունից: Փաստորեն, առօրեականությունը օբյեկտիվացված է, արտաքին է անհատի նկատմամբ:
  • Առօրեականությունը կազմակերպվում է «այստեղ» և «հիմա»  սկզբունքի շուրջ: Երևույթները ու գործընթացների այնքանով են իրական, որքանով մոտեցված են անհատին ժամանակի ու տարածության մեջ: Առօրեականության այն հատվածն է, որը ենթակա է ֆիզիկական մանիպուլյացիայի:
  • Առօրեականությունն ինտերսուբյեկտիվ իրականություն է. չնայած որ գոյություն ունի անհամապատասխանություն մի անհատի «հիմա»  և  «այստեղ»-ի և մեկ այլ անհատի «հիմա»  և  «այստեղ»-ի հետ, թերևս առօրեականությունը հնարավոր է որովհետև գոյություն ունի անընդհատ վերասահմանվող համապատասխանություն այդ անհատների իմաստների, հետևաբար իրականության ընկալման մեջ:
  • Աօրեկանություն ունի երկու սեկտոր` պրոբլեմատիկ և ոչ պրոբլեմատիկ: Երբ իրականության մեջ իրերի սովորական կարգը խախտվում է, անհատը բախվում է առօրեկանության պրոբլեմատիկ սեկտորին: Պրոբլեմատիկ սեկտորի ոչ պրոբլեմատիկին ինտեգրելու միջոցը գիտելիքն է իր ամենալայն սահմանմամբ:

 

Հենց այստեղ առաջ է գալիս առօրեական գիտելիքի անհրաժեշտությունը, քանի որ հիմնական մեխանիզմը, որով առաօրեականության մեջ մարդիկ գործում են հանդիսանում է հենց առօրեական գիտելիքը և ոչ թե օրինակ մասնագիտականը: (Մասնագիտական գիտելիքի դերը մեծանում է հասարակության մեջ աշխատանքի բաժանման գործընթացին զուգահեռ): Վերջինս մի շարք ցուցումներ է տալիս պրոբլեմատիկ սեկտորից խուսափելու համար կամ մատնանշում է ուղղիներ պրոբլեմատիկ սեկտորը ինտեգրելու ոչ պրոբլեմատիկ սեկտորի մեջ: Փաստորեն, առօրեական գիտելիքը այն գիտելիքն է, որը կիսվում է հասարակության մի զգալի խմբի կողմից, հիմնվում է առողջ բանականության և փորձի վրա: Սա այն գիտելիքն է, որը առօրեականությունում անհատի համար կողմնորոշիչ հիմք է հանդիսանում:

Առօրեականության բնույթը պարզելուց հետո կարևոր է անդրադառնալ անհատների փոխազդեցություններին առօրյա կյանքում, քանի որ հենց առօրյա դեմ առ դեմ փոխհարաբերություններն են ձևավորում առօրեականությունը: Այն միտքը, որ իրականության տարբեր հատվածներ տարբեր չափ ռելեվանտ են տարբեր անհատների համար, հարց է առաջացնում, որը անկյունաքարային է առօրեականությունը հասկանալու համար: Ինչպե՞ս է հնարավոր անհատների փոխազդեցությունը, դրանց փոխըմբռնումը, եթե յուրաքանչյուր անհատ ունի իր «հիմա»-ն  և «այստեղ»-ը: Ինչպե՞ս են առաջանում ընդհանուր պատկերացումները իրականության մասին: Պատասխանը հետևյալն է.

Առօրեականությունը պարունակում է բազմաթիվ տիպականացումների սխեմաներ: Տիպականացումը գործընթաց է, որի ընթացքում երևույթը, որին առաջին անգամ բախվում է անհատը, որոշակիորեն փոխված է ընկալվում անհատի կողմից: Անհատը ընկալում է այդ ֆենոմենի` իր տեսանկյունից ամենաընդհանուր և կարևոր հատկանիշները` բացթողնելով մասնավոր ու իր կարծիքով ոչ էական հատկանիշները: Այնուհետև պարզեցված, նոր ձևավորված կերպարը պրոյեկտվում է այդ դասի բոլոր տեսակների վրա: Շնորհիվ այդ գործընթացի հնարավոր է դառնում փոխըմբռնումը, որովհետև ձևավորվում են երևույթի վերաբերյալ որոշակի ընդհանուր պատկերացումներ, սկսում են կիսել միևնույն իրականությունը: Տիպականացման սխեմաները ձևավորվում են փորձի ու գիտելիքների հիման վրա` ազդելով ընկալումների, հետևաբար փոխազդեցությունների վրա:

Ուրիշներին ընկալելու գործընթացում կարևոր դեր է խաղում նաև այն հանգամանքը, թե ինչ նշանակություն ունի ընկալվողը ընկալողի համար: Այս հանգամանքը պայմանավորում է սոցիալական դիստանցիայի չափը հարաբերություններում: Փաստորեն, առօրեականությունը կարգավորվածություն է ձեռք բերում սոցիալական դիստանցիայի հիմքով: Այս տեսանկյունից առօրեականությունը տիպականաացումների և դրանց միջոցով ստեղծված փոխազդեցությունների ամբողջություն է:  Փոխազդեցությունները տեղի են ունենում նաև շնորհիվ լեզվի գոյության պայմաններում: Լեզվի միջոցով են փոխանցվում օբյեկտիվացիաները: Օբյեկտիվացիա ասելով հեղինակները հասկանում են երևույթներ/ գործընթացներ, որոնք դառնում են արտաքին անհատի նկատմամբ, դառնում են ճնշող և անկախ անհատների կամքից ու ցանկությունից: Առօրեական աշխարհը վերապրվում է տարբեր անհատների կողմից լեզվի միջոցով: Շնորհիվ նրա, որ լեզուն կարող է չենթարկվել «այստեղ» ու «հիմա» սկզբունքին այն միավորում է առօրեականության տարբեր հատվածներ` ինտեգրելով իմաստային ամբողջության մեջ: Այդպիսով, լեզվի միջոցով ձևավորվում են դասակարգման սխեմաներ, որոնք օբյեկտիվ են, բայց պարունակում են սուբյեկտիվ իմաստներ: Այլ կերպ ասած, անհատների փոխազդեցությունների վրա ազդում է գիտելիքի սոցիալական պաշարը, որը թույլ է տալիս սահմանել իրավիճակը և ընտրել դրանում օպտիմալ գործառնելու ռազմավարությունները:

Երկրորդ գլուխում` հասարակությունը դիտարկվում է որպես օբյեկտիվ իրականություն:

Մարդու զարգացումը տեղի է ունենում իր շրջակա միջավայրի հետ փոխազդեցության ընթացքում: Այդ միջավայրը մի կողմից բնությունն է, իսկ մյուս կողմից` հասարակությունը: Մարդը ձևավորվում է ոչ միայն իբրև կենսաբանական էակ, այլ նաև իբրև սոցիալմշակութային` ստեղծելով իր սեփական Ես-ը: Քանի որ, Ես-ը ձևավորվում է ինչպես գենետիկորեն տրված կենսաբանական նախադրյալների շնորհիվ, այնպես էլ սոցիալական գործընթացների շնորհիվ, հետևաբար հնարավոր չէ հասկանալ Ես-ն իր սոցիալական կոնտեքստից դուրս: Մարդը փոխազդելով իր նմանների հետ ինքն է իրեն «ստեղծում», և «ստեղծվում» հասարակության կողմից: Այս պատճառով հեղինակները համարում են, որ  Homo Sapiens միշտ ինչ-որ առումով Homo Socius է: Եթե մարդը մեկուսացման մեջ է գտնվում, նա կենդանուց ոչինչով չի տարբերվում, այստեղ սոցիալականության նշույլ չկա [Бергер П.; Лукман Т 1995, 88]: Փաստորեն, գոյություն ունի երկու միջավայրը, որտեղ մարդը կարող է ծավալել իր գոծունեությունը, բայց նա այնքան կենսաբանական ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա այլոց վարքի ստաբիլությունն ու կանխատեսելիությունն ապահովի: Այդ դեպքում առաջանում է քաոս, որովհետև ոչ մեկին հրանավոր չէ վերահսկել: Դրա համար պատմական զարգացման ընթացքում ձևավորվում են սոցիալական միջոցներ անհատի վարքը վերահսկելու համար: Ըստ այդմ գոյություն ունի որոշակի սոցիալական կարգ` վերահսկողության համակարգ, որն անհատի վարքը դարձնում են կառավարելի այդ պատճառով կանխատեսելի:  Սոցիալական կարգը մարդու գործունեության արդյունք է, որը հանդիսանում է անտրոպոլոգիական անհրաժեշտություն և բխում է մարդու կենսաբանական էությունից: Հասկանալու համար ինչպես է առաջանում հասարակության մեջ կարգուկանոնը պետք է անդրադառնալ ինստիտուցիոնալիզացիա գործընթացին:

Ցանկացած մարդկային վարք ենթարկվում է հաբիտուալիզացիայի: Հաբիտուալիզացիան մի երևույթ է, երբ անհատը, գտնելով գործելու ամենառացիոնալ ռազմավարություն կոնկրետ իրավիճակում, հետագայում հայտնվելով նմանատիպ իրավիճակում գործում է ենթարկվելով այդ ռազմավարության տրամաբանության:  Հաբիտուալիզացիան դարձնում մարդկային վարքի որոշ ասպեկտներ զուտ մեխանիկական բնույթի, որի արդյունքում տնտեսվում են ֆիզիկական և մտավոր ռեսուրսները, որոնք պետք է ուղղված լինեին իրավիճակից ելքեր փնտրելուն: Բայց հաբիտուալիզացիան ձևավորում է փոխադարձ տիպականացումների պայմաններում, այսինքն կոնկրետ իրավիճակում գործելու օպտիմալ ռամավարության սխեմաները պետք է կիսվեն իրավիճակում ներառված բոլոր սուբյեկտների կողմից: Միայն սրա շնորհիվ է հնարավոր դառնում որոշակի սահմաններում կանխատեսելիություն ապահովումը: Ժամանակի ընթացքում տիպականացումների, այնուհետև հաբիտուալիզացիայի արդյունքում տեղի ունենում գիտելիքի սեդիմենտացիա: Գիտելիքի սոցիալական պաշարը ինտերնալիզացվում է անհտաի կողմից, և պոտենցիալ վիճակում սպասում մինչև այն իրավիճակի ի հայտ գալ, երբ գիտելիքը կակտուալիզացվի: Փոխադարձ սպասումները, գիտելիքի սոցիալական պաշարը, այսինքն «ինչ անելն» ու «ինչ չանելը» դրանց հետևող պարգևատրումներով կամ խրախուսանքներով կոնկրետ սոցիալական կոնտեքստում վերածվում են սոցիալական ինստիտուտների: Սոցիալական ինստիտուտները արդեն հենց այն սոցիալական միջոցներն են, որոնք թույլ են տալիս վերահսկել անհատի վարքը` անվտանգ պահելով առօրեակնությունը: Հեղինակները կենտրոնանում են ինստիտուցիոնալիզացիայի մասշտաբների վրա: Խոսելով այս մասին` հեղինակները փորձում են բացահայտել այն գործոնները, որոնք ազդում են  ինստիտուցիոնալիզացիայի սահմանների վրա: Այդ գործոններից մեկը ռելեվանտ կառուցվածքների համընդհանրությունն է: Եթե կառուցվածքները մասը կիսվում հասարակության անդամների մեծամասնության կողմից, այդ դեպքում ինստիտուցիոնալիզացիան լայն շրջանակներ կունենա: Եթե կիսվում են միայն մի մասի կղմից, այդ դեպքում ինստիտուցիոնալիզացիայի սահմանները ավելի նեղ կլինեն: Ըստ այդմ կարելի է տիպեր առանձնացնել:  Տիպապաբանությունը, իհարկե, իդեալական է և հանդիսանում է գիտական աբստրակցիայի արդյունք, ոչ մի հասարակությունում զուտ կերպով չի դրսևորվում: Առաջին տիպը այն հասարակություններն են, որտեղ գործունեության բոլոր ոլորտները ինստիտուցիոնալիզացված են, այսինքն հասարկության ցանկացած անդամ գիտե, թե ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում, որովհետև ցանկացած իրավիճակում ունի հստակ ամրագրված դեր, հետևաբար նաև գործելու ռազմավարություն: Այս տիպի հասարակություններում կոնֆլիկտի պոտենցիալը ցածր է: Նման հասարակություններում խնդիրները բոլորի համար խնդիր են, իսկ լուծումները ինստիտուցիոնալիզացված են: Ինտեգրացիայի մակարդակը բարձր է: Գոյություն ունի հակառակ տիպը, երբ ինստիտուցիոնալիզացված են միայն հասարակության գոյության համար ամենաանհրաժեշտ ինստիտուտները: Այս դեպքում հասարակությունը ունի միայն մեկ ընդհանուր խնդիր` պատերազմ, ինստիտուցիոնալիզացված են միայն այն գործողությունները, որոնք առնչվում են այդ խնդրի հետ: Ինստիտուցիոնոլիզացիայի այս տիպը բնորոշ է հիմնականում պրիմիտիվ հասարակություններին, քան ժամանակակից: Ինչքան աշխատանքի բաժանում շատանում է այդքան հասարկությունը հեռվանում է վերոհիշյալ տիպից: Ինչքան շատանում են տարբեր մասնագիտությունները հասարակությունը սկսում է մեծ քանակությամն տնտեսական ինտերակցիաների մեջ մտնել, արդյունքում գիտելիքը սեգմենտավորվում է:

Ինստիտուցիոնալիզացիան, փաստորեն, հիմնվում է փոխադարձ տիպականացումների, հաբիտուալիզացիայի և օբյեկտիվացիայի գործընթացների վրա: Թերևս դրա վերջին մակարդակը ռեեֆիկացիան է կամ առարկայացումը:  Ռեեֆիկացիան այն գործընթացն է, երբ անհատը ամբողջապես օտարվում է իր ստեղծած սուբյեկտիվ իրողությունից և սկսում է ընկալել այն իբրև օբյեկտիվ իրողություն:

Ինստիտուցիոնալիզացիան անշրջելի գործընթաց չէ, չնայած որ ինստիտուտները միտում ունեն պահպանվելու, անգամ, եթե նորմալ չեն գործառնում: Հասարակության մեջ որպես կանոն տարբեր սոցիալական ինստիտուտներ փոխկապակցված են, և մեկի գործունեությունը հաճախ պահպանում է մյուսինը:

Թերևս ինստիտուցիոնալ աշխարհին անհրաժեշտ են լեգիտիմացիայի գործընթացներ, որոնք կմեկնաբանեն ու մատչելի կդարձնեն փաստերի ընկալումը հասարակության շարքային անդամի համար: Լեգիտիմյացիան ստեղծում է նոր նշանակություններ է ստեղծում, որոնք ծառայում են  սոցիալական ինստիտուտներին բնորոշ նշանակությունների ինտեգրացիային: Լեգիտիմացիայի հիմնական նպատակն է ինստիտուցիոնալիզացված օբյեկտիվացիաները դարձնել հասկանալի այդպիսով ամրապնդել դրանք: Բացատրելով ինստիտուցիոնաիզացված օբյեկտիվացիան` լեգիտիմացիան ունենում է երկու ասպեկտ կոգնիտիվ և նորմատիվ: Հետևաբար, լեգիտիմացիան միայն արժեք չէ, այն միշտ ներառում է նաև գիտելիք, որովհետև լեգիտիմացիան բացատրում է, ոչ միայն թե ինչու է պետք այսպես գործել, այլ նաև թե ինչու են իրերը այնպիսին, ինչպիսին կան:

Լեգիտիմացիան կարելի է տարանջատել երեք մակարդակի, որոնք պրակտիկայում իհարկե խաչվում են: Լեգիտիմացիայի սկզբնավորումը կարելի է տեսնել, երբ մարդկային փորձի լեզվաբանական օբյեկտիվացիաները սկսվում են փոխանցվել հաջորդ սերունդին: Բառապաշարն արդեն բացատրում է իրերի դասավորվածությունը: Այս մակարդակն իրենից ներկայացնում ակնհայտ գիտելիքի մակարդակ, մինչտեսական գիտելիք մակարդակ, և հանդիսանում է այն հիմքը, որը վրա պետք է կառուցվեն  հետագա տեսությունները: Երկրորդ մակարդակը պարունակում է սաղմնային վիճակում գտնվող տեսական դրույթներ: Դրանք մի շարք սխեմաներ են, որոնք բացատրում են օբյեկտիվ նշանակությունները, հիմնականում պրագմատիկ նշանակություն ունեն և առնչվում են կոնկրետ գործողությունների հետ: Այս մակարդակի օրինակ կարող են հանդես գալ հեքիաթները, միֆերը, լեգենդները, ասացվածքները: Լեգիտիմացիայի երրորդ մակարդակը պարունակում է տեսություններ, որոնց միջոցով ինստիտուցիոնալիզացված սեկտորը լեգիտիմացվում է գիտելիքի դիֆերենցացված համակարգի տերմիններով: Նման լեգիտիմացիաները նախատեսում են հանրամատչելի մեկնաբանություններ ինստիտուցիոնալիզացվող վարքի սեկտորների համար: Բայց քանի որ դրանք բավականին բարդ են այս գործով զբաղվում են համապատասխան մասնագետները: Լեգիտիմացիայի չորրորդ մակարդակը կազմում են սիմվոլիկ ունիվերսումները: Այս մակարդակում լեգիտիմացիան իրականացվում է սիմվոլիկ համախմբությունների միջոցով: Այս մակարդակը տարբերվում է նախորդներից իմաստային ինտեգրացիայով: Այն ապահովում է ինստիտուցիոնալիզացված բոլոր սեկտորների ինտեգրումը մի համապարփակ համակարգի մեջ` սիմվոլիկ ունիվերսումի: Սիմվոլիկ ունիվերսումը հանդես է գալիս իբրև սոցիալական օբյեկտիվացված և սուբյեկտիվացված նշանակությունների և մարգինալ իրավիճակների մեկնաբանման ու ընկալման մատրիցա: Սիմվոլիկ ունիվերսումի հիմնական ֆունկցիաներն են մարգինալ իրավիճակների ինտեգրումը իրականություն: Մարգինալ ասելով այստեղ նկատի ունենք, որ իրավիճակները այդ հասարակություն առօրեականության տրամաբանությունից դուրս են: Այս դեպքում մարգինալ իրավիճակներում գործառնողները ռեալ վտանգ են հանդիսանում ոչ միայն սիմվոլիկ ունիվերսումի այլ ամբողջ հասարակության համար, քանի որ նրանք կասկածի տակ են առնում գոյություն ունեցող սոցիալական կարգի միանշանակությունը և կարևորությունը, հնարավոր օրինակ ծառայելով մյուսների համար: Իսկ սիմվոլիկ ունիվերսումի գործառնության արդյունքում այն անհատները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կիսում ընդունված իրականությունը ինտեգրվում են, և հասարակությունը խուսափում է շեղվողներից իր ներսում: Բացի այդ սիմվոլիկ ունիվերսումը դասակարգում է իրականությունը տարբեր հիմքերով: Փոխկապակցելով կոլլեկտիվ դեպքերը մի ամբողջության մեջ, ներառելով անցյալը, ներկան ու ապագան` ստեղծվում է «սոցիալական հիշողություն», որը համախմբում է բոլորին, ով սոցիալականացված է այդ հանրույթում: Ապագայի նկատմամբ ստեղծվում են որոշոկի հաշվարկի մեկնարկային կետ, որպեսզի անհատը կարողանան պլանավորել իրենց գործողությունները: Սիմվոլիկ ունիվերսումը իրականացնում է բոլոր առանձին-առանձին գործառնող ինստիտուցիոնալ գործընթացների ինտեգրում. ամբողջ հասարակությունը իմաստավորվում է:

Գոյություն ունեն սիմվոլիկ ունիվերսումի պահպանման մեխանիզմներ, քանի որ վերջինիս ժամանակառժամանակ վտանգ է սպառնում: Մարգինալ իրականությունների մասին արդեն խոսվեց, դրանք  դիտարկվում են իբրև ներքին վտանգ: Արտաքին վտանգի դեր կատարում է այլ հասարակություն սիմվոլիկ ունիվերսումը: Երբ մի հասարակության շարքային անդամը բախվում է այլընտրանքային սիմվոլիկ ունիվերսումին, առաջ են գալիս բոլորովին այլ նշանակություններ, վարքի ձևեր: Սա առաջացնում է կասկածներ սիմվոլիկ ունիվերսումի ինքնըստինքյան ենթադրվող բնույթի վերաբերյալ, քանի որ առաջ են գալիս նրանք, ովքեր չեն ենթարկվում սահմանված կարգին, բայց երկինքը փուլ չի գալիս նրանց գլխին:  Այս հանագամանքը կարող է նպաստել մի զգալի հատվածի սահմանված իրականությունից շեղվելուն, այսինքն կարգի խախտմանը: Ամեն դեպքում պահպանիչ մեխանիզմների կարիքը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սիմվոլիկ ունիվերսումում առաջանում են պրոբլեմներ: Մինչև դրա ներսում խնդիրների առաջացումը, սիմվոլիկ ունիվերսումը ինքնապահպանվող ու ինքնակարգավորվող համակարգ է: Այս պարագույում նշանակություն ունի թե որքան պրոբլեմատիկ է սիմվոլիլ ունիվերսումը որպես ամբողջություն: Այս հանգամանքից է բխում պահպանման մեխանիզմները: Որպես այդպիսիք կարող են հանդես գալ օրինակ տարբեր կոնցեպտուալ մեխանիզմները` միֆոլոգիա, տեոլոգիա, փիլիսոփայություն, գիտություն և այլն: Կոնցեպտուալ մեխանիզմների կիրառության նպատակն է ստիպել, որ ակտուալ և պոտնեցիալ դեվիանտները գործառնեն իրականութան ինստիտուցիոնալիզացված սահմաններում: Պատկերավոր ձևով ասած, պետք է տվյալ սիմվոլիկ ունիվերսումի «բնակիչներին» թույլ չտալ որպեսզի նրանք դառնան «էմիգրանտներ»:

Երրորդ գլխում հասարակությունը դիտարկվում է իբրև սուբյեկտիվ իրականություն:

Հասարակությունը մի կողմից օբյեկտիվ, իսկ մյուս կողմից սուբյեկտիվ իրականություն է հանդիսանում: Հետևաբար ադեկվատ արդյունքներ ստանալու համար պետք է ուսումնասիրել երկու կողմն էլ: Երրորդ գլխում Բեռգեռն ու Լուկմանը ցույց են տալիս, որ արտաքին աշխարհի ընկալման միասնականությունը պայմանավարված է հասարակության կողմից դրանց մեջ ներդրված միևնույն իմաստի շնորհիվ: Իրերը գոյություն չունեն իրենք իրենց համար ինչ-որ մի ձևով,  այլ դրանք գոյություն ունեն շնորհիվ իմաստի, որը ներդնվում է նրանց մեջ հասարակության որպես ամբողջի  և առանձին անհտաների կողմից: Մարդիկ յուրացնում են այդ ընդհանուր իմաստներն ու նշանակությունները սոցիալականացման գործընթացի միջոցով: Շնորհիվ սոցիալականացման մարդիկ որոշակի սահմաններում կիսում են միևնույն իրականությունը: Առաջնային սոցիալականացումը մեծ կարևորություն  է ներկայացնոմ` հիմք հանդիսանալով երկրորդական սոցիալականացման համար: Շնորհիվ առաջնային  սոցիալականացման մարդը դառնում է կոնկրետ հասարակության անդամ:  Յուրքանաչյուր անհատ ծնվում է օբյեկտիվ սոցիալական կառուցվածքում, ու հենց դրա սահմաններում է հանդիպում է նշանակալի ուրիշներին, որոնք պատասխանատու են իր սոցիալականացման համար: Այդ նշանակալի ուրիշներն են սահմանում իրականությունը, որը դառնում է օբյեկտիվ այդ անհատի համար: Բայց սահմնաման ու փոխանցման ընթացում իրականությունը մոդիֆիկացիայի է ենթարկվում, քանր որ վերջիններս ընտրում են իրականության այն ասպեկտները, որոնք առնչվում են մարդու անհատական և սոցիալական բնութագրիչների հետ: Առաջնային սոցիալականացումը ավարտվում է այն ժամանակ, երբ երեխան բախվում է այլընտրանքային մտածողության ու վարքի ձևերին: Երկրորդային սոցիալականացումը հաջորդող գործընթաց է, որը հնրավորություն է ընձեռնում արդեն սոցիալականացված անհատին մուտք գործել իրականության այլ ասպեկտներ: Երկրորդային սոցիալականացումը պահանջում է յուրահատուկ դերերի յուրացում, որոնք անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն կապված են լինում հասարկության մեջ աշխատանքի բաժանման հետ: Երկրորդային սոցիալականացումը պահանջում է նաև համապատասխան լեզվի յուրացում: Երկրորդային սոցիալականացման հետ առաջանում են երկու տիպի խնդիրներ: Առաջինն այն է, որ այլ մարդկանց հետ հարաբերություններն այլևս չեն հիմվում էմոցիոնալ կապի վրա, այլև սահմանվում են մասնագիտական սպասելիքներով ու պարտականություններով: Երկրորդ խնդիրն այն է, որ արդեն իսկ ձևավորված իրականությունը սկսում է արագորեն տրանֆորմացվել:  Այս պրոցեսների արդյունքում սկսում է ձևավորվել ինքնությունը:

Ինքնությունը անխոս հանդիսանում է սուբյեկտիվ իրականության հիմնական տարրը: Ինչպես և ցակնացած սուբյեկտիվ իրականություն, այն գտնվում է հասարակություն-անհատ դիալեկտիկական կապի մեջ: Մեկ անգամ բյուրեղացվելով` այն պահպանվում է, ձևափոխվում է սոցիալական հարաբերությունների ներքո, մյուս կողմից ինքնությունն ներազդում է և մոդիֆիկացնում է այն սոցիալական կառուցվածքները, որոնք պատմականորեն առաջացրել են այն:

Ինքնության տեսության հիմքում ընկած են Միդի որոշ դրույթներ:  Համաձայն Միդի երեխան ընկալում է աշխարհը ուրիշների դիրքորոշումների ընդօրինակման միջոցով: Այդպիսով նա անընդհատ նույնականացնում է իրեն ուրիշների սպասելիքների ու դիրքորոշումների հետ: Ինքդ քեզ ուրիշի աչքերով պատկերացնելը ինքնության ձևավորման առաջին փուլն է: Այս ընթացքում  մարդու ինքնության ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունենում «նշանակալի ուրիշները»: Երկրորդային սոցիալականացման ժամանակ «նշանակալի ուրիշներին» փոխարինում են «ընդհանրացված ուրիշները» կամ այլ կերպ ասած` հասարակությունը: Ընդ որում ինքնության պահպանումը հնարավոր է միայն այլ մարդկանց մասնակցությամբ, քանի որ հենց նշանակալի ուրիշներն են հանդիսանում մեր սուբյեկտիվ իրականությունը պահպանող հիմնական ագենտները:

Այսպիսով, ինքնությունը ձևավորվում է նշանակալի ուրիշների մասնակցությամբ ու հանդիսանում է սուբյեկտիվ իրականության անբաժան ու ամենակարևոր տարրերից մեկը, քանզի վերջինս հանդիսանում է այն պրիզմաներից մեկը, որի միջով անհատները նայում են օբյեկտիվ իրականությանը:

 


[1] Бергер П.; Лукман Т.  “Социальное конструирование реальности: Трактат по социологии знания” М.: «Медиум», 1995  стр  9

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *