Ի՞նչ է սոցիոլոգիան

Հեղինակ`  Գայանե Հարությունյան

Սոցիոլոգիան հասարակության կայացման ու զարգացման օրինաչափությունների և դրա գործառնության  առանձնահատկությունների մասին գիտություն է [Грицианов 2003, 1001]:

Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը  կապում են 19-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում:

Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թ. Հոբսի առաջ քաշված հարցին` ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ` յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: Այդ տեսությունների շարքին են դասվում  “Ֆունկցիոնալիզմի  տեսությունը” (նշանավոր ներկայացուցիչներ` Ռադկլիֆֆ-Բրաուն, Բ. Մալինովսկի, Սպենսեր, Է. Դյուրկհեյմ,  Թ. Պարսոնս, Ռ.Մերտոն), “Կոնֆլիկտի տեսություն” (ներկայացուցիչներ` Ռ.Դարենդորֆ, Գ. Զիմմել, Լ. Կոզեր,  Կ. Մարքս), “Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը” (ներկայացուցիչ` Ջ. Հ. Միդ),  “Փոխանակաման տեսությունը” (ներկայացուցիչներ`Ջ. Հոմանս, Պ. Բլաու),  “Էթնոմեթոդաբանությունը” (ներկայացուցիչ`Հ. Հարֆինկել):

Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`միկրո և մակրո: Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդեվությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների` անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով [Смелзер 1998, 21]: Մակրոմակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ` սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նմնան կառուցվածքների ուսումնասիրության միջոցով [Смелзер 1998, 22]:

Սոցիոլոգիան որպես հասարակագիտական գիտություն իր ուսումնասիրություններում առաջնորդվում է որպես կանոն երկու տիպի` որակական և քանակական, մեթոդաբանությամբ, ինչպես նաևկարելի է առանձնացնել  հետազոտությունների մի տիպ, որը գտնվում է այդ մեթոդաբանությունների հատույթում, այն է` մասնակցային հետազոտություններ:

Քանակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները նպատակ են հետապնդում վերհանել ուսումնասիրվող երևույթի հատկանիշենրի քանակական ցուցանիշներ, արտահայտել ստացված օրինաչափությունները քանակական ցուցանիչների միջոցով, շարադրել ստացված տեղեկությունները մեծապես թվերի, տոկոսների օգնությամբ:

Որակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների նպատակն է ստանալ ոչ թե քանակական ցուցանիշներ, այլ որակական բնութագրիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ երևույթի առանձնահատկությունները: Այս պարագայում  հետազոտության նպատակն է հասկանալ երևույթը իր բոլոր դրսևորումներով և ոչ թե քանակապես չափել, ինչպես քանակական մեթոդաբանության դեպքում:

Մասնակցային հետազոտոթյուններն իրականության ճանաչման ու բարեփոխման ձև են, գտնվելով քանակական ու որակական հետազոտություններիի հետ տարբեր հարթություններում, օգտվում են այդ հետազոտությունների ընթացակարգերից, տեղեկատվության հավաքման ու վերլուծության մեթոդներից [Թադևոսյան 2007, 51]: Այս հետազոտությունների նպատակն է ոչ թե երևույթի ընկալումը ու մեկնաբանումը, այլ իրականության բարեփոխումը:

Մեթոդաբանությունների կիրառությունը պայմանավորված է ուսումնասիրվող երևույթի առանձնահատկություններով, և ուսումնասիրության նպատակով:

Տե’ս գրականություն

  1. Թադևոսյան Գ. «Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարեգիրք 2006-2007»  Եր. ԵՊՀ, 2007 էջ 51-62
  2. Թադևոսյան Գ. «Որակական սոցիալական հետազոտություններ» Եր. ԵՊՀ, 2006
  3. Бауман З. «Мыслить социологически»
  4. Грицианов (под ред.) ««Социология» энциклопедия», М;  «Книжный дом»  2003
  5. Смелзер Н. «Социология», «Феникс» М; 1998
  6. Тернер Дж. «Структура социологической теории», М; «Прогресс», 1985
  7. Ядов В. «Стратегия социологического исследования» М; «Добросвет» 1998
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

2 thoughts on “Ի՞նչ է սոցիոլոգիան

  1. այս նյութը կարելի նաև հայկական վիքիպեդիայում էլ տեղադրել:

  2. համաձայն եմ, ու քայլեր այդ ուղղությամն կձեռնարկեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *