ԹԱԼԿՈՏ ՊԱՐՍՈՆՍ

1902-1979

Թալկոտ Պարսոնսը ամերիկացի սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային ֆունկցիոնալիզմի դպրոցի ներկայացուցիչ, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից:

Պարսոնսը ծնվել է 1902 թ-ի դեկտեմբերի 13-ին Կոլորադո Սփրինգսում (ԱՄՆ): Պարսոնսների ընտանիքը ամենահին ընտանիքներից է ամերիկայի պատմության մեջ. նրա նախնիները գաղթել են Անգլիայից 17-րդ դարի առաջին կեսին: Սովորել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերստի ուսումնարանում, հետո սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում և Հեյդելբերգի համալսարանում: 1927-1973 թթ-ին աշխատել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինար բաժինը:

Սինթեզելով Մաքս Վեբերի, Գեորգ Զիմելի, Էմիլ Դյուկհեյմի, Վիլֆրեդո Պարետոյի, Ալֆրեդ Մարշալի, Զիգմունդ Ֆրոյդի տեսական մոտեցումները՝ մշակել է գործողության ընդհանուր տեսություն՝ մասնավորապես սոցիալական գործողության (կառուցվածքային ֆունկցիոնալիզմ) տեսությունը՝ որպես ինքնակարգավորվող համակարգ:  Ըստ Պարսոնսի սոցիալական գործողության տեսության՝ դերակատարը իր նպատակներին հասնելու համար դիմում է տարբեր միջոցների, որոնց վրա ազդեցություն են ունենում նորմերը, արժեքները, գաղափարները, ինչպես նաև իրավիճակային պայմանները:

Հեղինակը գտնում էր, որ ցանկացած համակարգ ձգտում է հավասարակշռության, քանի որ նրան բնորոշ է էլեմենտների համաձայնեցվածություն, այն միշտ փոխազդում է շեղումներին այնպես, որ շտկի դրանք և վերադարձնի հավասարակշռության վիճակին: Համակարգը հաղթահարում է ցանկացած դիսֆունկցիա, իսկ յուրաքանչյուր էլեմենտը ներդնում է ինչ-որ բան՝ նրա կայունությունը պահպանելու համար: Պարսոնսի մոտ փոխազդող մասերի համակարգողը կառուցվածքն է, իսկ կառուցվածքն էլ հասկացվում է որպես սոցիալական նորմերի և ստատուսների համակարգ:  Սա սոցիալական համակարգն է, և այն ենթադրում է 3 այլ համակարգեր՝

  • անհատականության համակարգը (դերակատարը),
  • մշակութային համակարգը (արժեքներ, նորմեր),
  • ֆիզիկական միջավայրը, որին հասարակությունը պետք է հարմարվի:

Նա համակարգերը ուսումնասիրելու համար առաջարկել է AGIL սխեման: Գոյատևելու համար յուրաքանչյուր համակարգ պետք է բավարարի 4 հիմնական պահանջների՝

  • հարմարվի իր միջավայրին (Adaptation),
  • հասնի իր նպատակներին (Goal Attainment),
  • ինտեգրի իր բաղադրիչները (Integration)
  • պահպանի իր լատենտ պատկերը (Latency Pattern Maintenance):

Այս բաղադրիչները կրճատ անվանում են AGIL: Սրանք կոչվում են համակարգի ֆունկցիոնալ իմպերատիվներ:

Պարսոնսյան տեսությունը թվում էր, թե այլևս հետաքրքրություն չի առաջացնում, որը պայմանավորված էր 1970-ականներին այլ բազաթիվ տեսությունների ի հայտ գալով, բայց վերջին տարիներին նորից հետաքրքրություն է առաջացել նրա տեսության հանդեպ (օրինակ Ջ. Ալեքսանդրի «Action and its Environments: Towards a New Synthesis» գիրքը, 1988 թ.):

 Հիմնական աշխատանքների ցանկ

  1. Սոցիալական գործողության կառուցվածքը (The Structure of Social Action), 1937 http://sbiblio.com/biblio/archive/parsons_o_strukture/ (ռուսերեն)   http://ia700302.us.archive.org/12/items/structureofsocia00pars/structureofsocia00pars.pdf (անգլերեն)
  2. Սոցիալական համակարգը (The Social System), 1951
  3. Գործողության ընդհանուր տեսության ձևավորման մասին (Toward a General Theory of Action), 1951
  4. Տնտեսությունը և հասարակությունը (Economy and Society), 1956
  5. Հասարակությունների էվոլյուցիան (The Evolution of Societies), 1977
  6. Գործողության տեսությունը և մարդկային գոյությունը (Action Theory and the Human Condition), 1978

 

Պարսոնսի հիմնական աշխատանքները հնարավոր է բեռնել հղումով:

Թարգմանեց` Շուշան Ղահրիյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *