Էթնիկ կոնֆլիկտներ ու էթնիկ ռիսկեր. թուրք հասարակության օրինակով

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սույն աշխտանքը նվիրված է էթնիկ ռիսկերի և էթնիկ կոֆլիկտների ուսումնասիրությանը: Աշխատնաքում էթնիկ ռիսկն ու էթնիկ կոնֆլիկտը դիտարկվել է իբրև էթնիկ հիմնախնդրի դրսևորման ձև: Նյութում առկա են հիմնախնդրի վերաբերյալ ինչպես տեսական դրույթներ, այնպես էլ դրանցից բխող կոնկրետ օրինակներ : Բազմաէթնիկ հասարակությունները, կազմված լինելով տարբեր էթնիկ խմբերից այսինքն տարբեր լեզուների, կրոնների, ու մշակույթների կրողներից, որպես կանոն միշտ բախվում են էթնիկ ռիսկի երևույթին: Էթնիկ ռիսկը[1] էթնիկ գործոնի բացասական ազդեցությունն է քաղաքական կայունության վրա [Պողոսյան, Միրումյան, Բաբաջանյան 2006, 20][2]:

Էթնիկ ռիսկերի տարածվածության ու ուժգնության մակարդակը կախված է այն հանգամանքից, թե էթնիկ տարածությունում առկա էթնիկ խմբերը, որքանով են իրար հետ համատեղելի: Ընդ որում համատեղելիությունը պայմանական է և կախված է սոցիալական կոնտեքստից, այսինքն էթնիկ խմբերի միջև անցյալում և ներկայում առկա հարաբերություններից: Ինչպես նաև մի շարք այլ հանագամանքներից, օրինակ պետության էթնոքաղաքականությունից կոնկրետ էթնիկ խմբի նկատմամբ, էթնոմշակութային տարբերություններից, տարածաշրջանում էթնիկ խմբերի հավակնություններից և այլն: Մոնոէթնիկ հասարակություններում, որտեղ կա մեկ դոմինանտ էթնոս և փոքրաթիվ փոքրամասնություններ,  էթնիկ ռիսկերը գտնվում են ցածր մակարդակի վրա, քանի որ հասարակությունը միատար է. զերծ է օտարներից, հետևաբար նաև ռիսկից:

Եթե դիտարկենք Հայաստանի օրինակի վրա` ներքին իրավիճակը, ապա այս պահին էթնիկ ռիսկերն որպես այդպիսին հասցված են մինիմալի: Էթնիկ փոքրամասնությունները այնքան փոքրաթիվ են, որ ոչ մի տեսակի ազդեցություն չունեն հասարակական կյանքի ոչ մի ոլորտի վրա, հետևաբար անվտանգ են: Եթե դիտարկենք օրինակ Թուրքիան, ապա այնտեղ էթնիկ ռիսկը բարձր մակարդակի վրա է. Թուրքիայում բնակվում են մի շարք էթնիկ տարրեր` հայեր, հույներ, ասորիներ, քրդեր և այլն: Նշված յուրաքանչյուր խումբ ունի թուրքական պետության հետ շփման բացասկան պատմական փորձ, պետության կողմից իրենց էթնիկությունը ջնջելուն ուղղված հստակ էթնոքաղաքկանություն` ունեցվածքի հարկեր, սեփական լեզվով խոսելու արգելք, կրոնական  հալածանքներ և  առհասարակ ֆիզիկական բնաջնջման փորձ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ  թյուրքական էթնիկ խումբը և մնացած էթնիկ խմբերը իրենց շահերի ու նպատակների տեսանկյունից դառնում են անհամատեղելի: Ոչ թուրքական էթնիկ խմբերի ներսում մարդկային հիմնարար պահանջմունքները սկսում են չբավարավել: Այսինքն էթնիկ խումբը չի կարողանում ազատ հավատալ իր կրոնին ու մասնակցել  կրոնական միջոցառումներին, ազատ խոսել իր լեզվով, փոխանցել իր պատմական փորձը և մշակութային շառանգությունը հետագա սերունդներին, պահպանել իր մշակությը և այլն: Ի վերջո իրավիճակը սրվում է և էթնոքաղաքական խնդիրները էլ ավելի արդիական են դառնում ժամանակակից թյուրք հասարակության համար: Նման էթնոքաղաքական զարգացումները ի վերջո առաջացնում են էթնիկ կոնֆլիկտներ, որոնք էլ որպես կանոն միտում ունեն վերափոխվելու էթնոքաղաքական կոնֆլիկտների:

Այսինքն, Էթնիկ ռիսկերի բարձր մակարդակը վտանգում է հասարակության կայունությունը, քանի որ առաջացնելով լարվածություն նպաստավոր հող է ստեղծում էթնիկ կոնֆլիկտների առաջացման համար: Կան կարծիքներ, որ էթնիկ ռիսկը էթնիկ կոնֆլիկտի առաջին` լատենտ, փուլն է:

Էթնիկ կոնֆլիկտը այնպիսի իրավիճակ է, որը բնութագրվում է միասնական էթնիկ տարածությունում առանձին էթնիկ խմբերի և/կամ պետության նպատակների ու շահերի անահամատեղելիությամբ [Պողոսյան, Միրումյան, Բաբաջանյան 14]: Այս տեսանկյունից էթնիկ կոնֆլիկտը էթնիկ խմբի ձգտումն է փոխելու առկա էթնիկ անհավասարությունը, որը բխում է դոմինանտ էթնիկ խմբի/պետության ու փոքրամասնությունների նպատակների ու շահերի անհամապատասխանությունից:

Էթնիկ կոնֆլիկտները տարանջատվում են հորիզոնականի և ուղղայահացի: Հորիզոնական է այն կոնֆլիկտը, որտեղ շահերի ու նպատակների անհամատեղելիությունը էթնիկ խմբերի միջև է, օրինակ` թուրքեր-քրդեր: Թուրքերը քրդերին համարում են տեռորիստներ, իրենց պետության համար պոտենցիալ վտանգավոր տարրեր հատկապես եթե խոսքը գնում է Քրդական Բանվորական կուսակցության անդամների մասին: Իսկ քրդերը թուրքերին համարում են բռնակալներ, որոնք իրենց չեն ընդունում և հալածում են զուտ ազգային պատկանելիության համար:  Ուղղահայաց է այն կոնֆլիկտը, որն առկա է պետության ու էթնիկ խմբի միջև` Թուրքիայի հանրապետությունը և հայկական տարրը Թուրքիայի հանրապետությունում կամ հունական համայնքը և Թուրքիայի հանրապետության հակամարտությունը: Թուրքիայում այնպիսի պայմաններ են ստեղծված, որոնք անհնարին են դարձրել հունական եկեղեցու սպասավորների պատրաստումը, և արդյունքում  Հունական Օյկումենիկ եկեղեցին, մնացել է առանց համապատասխան կադրերի, ու կանգնած է  սերնդեփոխության խնդրի առջև, բայց Սա էլ նշանակում է, որ մի քանի տարի հետո հունական եղեկեցին սպասավորների բացակայության արդյունքում կդադարի գործել, կվերանա հունական մշակույթի ամենանշանակալի հատվածներից մեկը, հունական համայնքը ավելի խոցելի կդառնա ձուլման համար կամ ստիպված կլինի պարզապես գաղթել:  Թերևս կոնֆլիկտների նման տարանջատումը խիստ պայմանական է, և հտապնդում է զուտ տեսական հետաքրքրություն, մինչդեռ իրականում այս երկու տիպի իրար փոխպայմանավորում է և դրսևորվում է զուգահեռաբար, ինչպես օրինակ թուրքեր-հայեր դեպքում:

Էթնիկ կոնֆլիկտների դրսևորման ձևերը բազմաթիվ են: Դրանք կարող են ի հայտ գալ սոցիալական շարժումների, քաղաքական կուսակցությունների, դժգոհության ակցիաների, ցույցերի տեսքով: Թուրքիայում նման օրինակները բազմաթիվ են օրինակ առկա է Քրդական Բանվորական կուսակցությունը, որը ձևավորվեց քրդերի իրավունքների պաշտպանության նպատակով` թուրքական ճնշումների դիմակայելու համար: Կամ օրինակ վերջին տարիներին Դինքի սպանության օրը կազմակերպվող ցույցերը, որտեղ մարդիկ պաստառներ են տանում` “մենք բոլորս հայ ենք”, փորձում են ջնջել հայ-թուրք/ մենք-նրանք/ յուրային-օտար տարանջատումը, մատնանշելով, որ այդ օրը բոլորն են հայ/ բոլորն են յուրային և այլն:

Թերևս պետք է հասկանալ, որ նման միջոցառումների բացակայությունը դեռ չի նշանակում էթնիկ կոնֆլիկտների բացակայություն, որովհետև նման անցանկալի միջոցառումները կարող են պարզապես ճնշվել պետության կողմից, այն էլ այն դեպքում եթե պետությունը միլլիտարիստական է, ու որտեղ վերջին խոսքը զինվորականներին է:

Էթնիկ կոնֆլիկների առաջացման պատճառները բազամազան են և պայմանավորված են կոնկրետ պատմական, էթնոքաղաքական, ու սոցիալմշակութային գործոններով: Պատճառների շարքում սոցիալտնտեսական  գործոնները, այսինքն հասարակության ներսում էթնիկ խմբերի տարաբաժանում “հարուստների” ու  “աղքատների”,  “գրագետների ու անգրագետների”. Թուրքիայում ամենահյտնի դրոշմերից  մեկը` “բեյազ  թուրքեր”- բարձր սոցիալական ստատուսով պաշտոնյա հրեաներն են, ում Թուրքիայում անվանում են “սպիտակ թուրքեր”, այիսնքն մի գլուխ ավելի բարձր քան շարքային թուրքերը: Որպես պատճառ կարելի է առանձնացնել տարածքի կարգավիճակի հարցը: Օրիանակ` Թուրքիայի դեպքում Արևմտյան Հայաստանի խնդիրը կարող է դիտարկվել իբրև տարածքի կարգավիճակի պատճառով առաջացած էթնոքաղաքական կոնֆլիկտ: Որպես մեկ այլ պատճառ կարելի է նշել ավանդական լեզվի ու մշակույթի լիարժեք գործածությունը ու պահպանումը: Նման պատճառ ունեցող կոնֆլիկտ օրինակ Թուրքիայի հանրապետությունն ուներ  իր ներսում առկա գրեթե յուրաքանչյուր էթնիկ խմբի հետ: Ինչն էլ կոնկրետ քաղաքական նպատակ էր հետապնդում` ձուլել ոչ իսլամական բնակչությունը, դարձնել հասարակությունը միատարր: Էթնիկ կոնֆլիկտների առաջացման պատճառներից մեկն էլ անվանում են “անվտանգության երկընտրանք”: Սա մի իրավիճակ է երբ յուրաքանչյուր կողմ ինքնապաշտպանական նկատառումներից սկում է որոշակի տեսանելի միջոցառումներ ձեռնարկել, օրինակ գնել զենք ու “ցուցադրել”  այն, մեկուսացնել դիմացինին, ստեղծել թշնամու կերպար և այլն: Արդյունքում ստացվում է, որ ամեն մի կողմն ինքը իրեն պաշտպանում է, որովհետև ընկալում դիմացինի գործողություններն իբրև հարձակում:

Էթնիկ կոնֆլիկտները դիտարկելիս կարևոր է նաև դիտարկել դրանց լուծման ուղղիները: Թերևս կարծիքներ կան, որ էթնոքաղաքական կոնֆլիկտները չեն լուծվում, դրանք միայն կարգավորվում են: Մասնագիտական գրականության մեջ առկա բոլոր հնարավոր դեպքերը կարելի է հանգեցնել երեք տիպի լուծումների.

ü      Կոնֆլիկտող կողմերից մեկի պարտություն, մյուսի` հաղթանակ: Ընդ որում նման լուծումը հնարավոր է ինչպես ուժի կիրառման ու կողմերից մեկի ֆիզիկական ոչնչացման տարբերակով, այնպես էլ խաղաղ ճանապարհով: Օրինակ ասորիների համայքնը Թուրքիայում այնքան փոքրաթիվ է, որ ինքնըստինքյան կամաց-կամաց կվերանա առանց որևի միջամտության ու փաստացիորեն էթնիկ կոնֆլիկտը կավարտվի կոնֆլիկտներից մեկի ֆիզիկական վերացմամբ:

ü      Կողմերի փոխադարձ պարտություն, երբ կոնֆլիկտը այնքան երկարատև է ու ուժգին, որ կողմերից յուրաքանչյուրի ռեսուրսները սպառվում են կամ փոխադարձ հաղթանակի տարբերակ, երբ կողմերը գալիս են փոխհամաձայնության: Օրինակ հրեաներ-թուրքեր տարբերակում առկա կոնֆլիկտը չեզոքացնում է այն հանգամանքը որ Իսրայելը և Թուրքիան աշխարքաղաքական վերջին զարգացումների արդյունքում դարձել են  երկու կողմի համար էլ ռազմավարական  դաշնակիցներ:

ü      Կոնֆլիկտի սառեցում-այնպիսի իրավիճակ երբ կողմերից ոչ մեկ չի կարող հասնել առավելության, և ոչ էլ հնարավոր է կոմպրոմիսային տարբերակը: Կոնֆլիկտը մտնում է պատային իրավիճակ` անցնելով կոնֆլիկտի բաց վիճակից սաղմնայինի, մնալով առանց լուծման այնքան ժամանակ մինչև որ ինչ-որ կտրուկ փոփոխություն տեղի ունենա, ինչը  կհանգեցնի կոմպրոմիսի կամ կողմերից մեկի հաղթանակի/ պարտության: Կոնֆլիկտի կարգավորման  այս տարբերակը առկա է Հայաստան – Թուրքիա պարագայում: Ակնհայտ գոյություն ունեցող կոնֆլիկտը, լուծման տեսանկյունից սառեցված վիճակում է. կողմերից ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ, և հակառակորդին ինչ-որ բան զիջել:

Այսպիսով` պարզ դարձավ, որ էթնիկ ռիսկերի ուսումնասիրությունը բավակաին արդիական է, քանի որ վերջիններիս բարձր մակարդակը հանգեցնում է հասարակության ապակայունությանը, դեզինտեգրացիայի և սոցիալական ճգնաժամերի առաջացմանը: Էթնիկ ռիսկերը իրենց հերթին առաջացնում են կոնֆլիկտներ, որոնք էլ ավելի են խորացնում թվարկած սոցիալական հիմնախնդիրները` երբեմն հանգեցնելով հասարակությունը անոմիկ վիճակի:


[1] “Էթնիկ ռիսկ” տերմինի հետ կապված գոյություն ունեն մի շարք տարաձայնություններ: Հիմնականում տերմինը  շրջանառվում է ռուս գիտնականների շրջանակում, իսկ  Արմտևյան գիտնականների մոտ ավելի հաճախ այս տերմինը փոխարինվում է այլ տերմիններով, որոնցից են ` էթնիկ հարաբերությունների ճգնաժամ կամ էթնիկ կոնֆլիկտի լատենտ փուլ: Հայ գիտնակնների շրջանակում էթնիկ ռիսկը դիտարկում է իբրև  քաղաքական ռիսկի տարատեսակ:

[2] Պողոսյան, Միրումյան, Բաբաջանյան “Քաղաքականութուն և քաղաքագիտություն” Պրակ Գ, Երևան, “Լինգվա”, 2006

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *