Բրունո Լատուր. «Խնդիրը ոչ թե հետընթաց ապրելը կամ սահմանափակվելն է, այլ վերահետընթաց ապրելը»

Հարցազրույցը  Էթիեն Բաստինի հետ, բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

latourԲրունո Լատուր՝ սոցիոլոգ, մարդաբան և գիտությունների փիլիսոփա, Փարիզի Science Po[1]-ի պրոֆեսոր: Տևական ժամանակ սուր ձևով նա անդրադառնում է քաղաքական էկոլոգիայի խնդրին: Իր վերջին գրքում[2] Լատուրը վերլուծում է, թե ինչպես է կլիմայի փոփոխության ժխտումը հանգեցնում «վերևից» տարվող տնտեսության ու քաղաքականության կործանման: Նա նաև առաջարկում է այլ կերպ դատել լոկալի ու գլոբալի, դրանց փոխհարաբերությունների մասին՝ ամբողջությամբ ընդունելու մեր վիճակը որպես Երկիր մոլորակի բնակիչներ:


Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում մենք միաժամանակ էկոլոգիական ու ազգային- ամբոխավարական պոռթկումների ականատեսն ենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք Դուք այս երկակի երևույթը:
Սա ներկայացուցչության երկու տարբեր համակարգերի կողմից ֆիքսված միևնույն երևույթն է, որը վերաբերում է երկու մեծ խնդրին, որոնցից ձախակողմյանները երբեք չեն կարողացել գլուխ հանել՝ հողի ու մարդկանց վերաբերող խնդիրը: Երկու դեպքում էլ խոսքը գնում է Երկիր մոլորակին պատկանելու մասին՝ նեղ ու էթնիկ իմաստով մի կողմից, ու ավելի մեծահոգաբար՝ մյուս կողմից: Հանկարծ բոլորը հարցնում են, թե ո՞ր հողից են իրենք կախված: Աջում, պաշտպանությանն ուղղված պահանջը վերաբերում է ազգային, երազական հողակտորին, որը չունի էկոլոգիա: Կլիմայի համար պայքարող երիտասարդ քայլողների համար էկոլոգիական խնդիրը սկզբունքորեն էքզիստենցիալ է:
Երկու դեպքում էլ ընդհանուր բաղադրիչը սերունդն է՝ աջ կողմում մեծ փոխարինման քիմերայի հանդեպ ունեցած մոլուցքն արտացոլում է սերնդի զգացումը, որը վտանգ է տեսնում: Նույն զգացումն է նաև երիտասարդների սերնդին սպառնացող վտանգի առումով, ովքեր բարձրաձայնում են կենդանի երևույթների հետ հանդիպող դժվարությունների մասին՝ սպիտակ արջերի, մեղուների, ձկների և այլն: Մի կողմից ռասայական խնդիրը, մյուս կողմից այն հիմնահարցը, թե կարո՞ղ է մեկ սերունդը հետևել մյուս սերնդին: Այդ շարժումներն ամբողջովին վերակազմում են քաղաքականությունը: Դրա համար էլ կորում է ամեն ինչ, հատկապես դասական քաղաքական կուսակցությունները, որոնք շարունակում են մտածել արտադրության, բաշխման, աճի և այլնի մասին, բայց որոնք նաև կորցնում են իրենց նախանշված ճանապարհը:

Քաղաքական կուսակցությունները դեռ չե՞ն հարմարվել Ձեր անվանած կլիմայական ռեժիմին: Թրամփը նույնիսկ դուրս եկավ Փարիզյան համաձայնագրից…
Արդեն քանի տարի է Երկիր մոլորակը իր մոտ է հրավիրում քաղաքական բանավեճերի, կարծեք այն դարձել էր անխուսափելի գործող անձ: Այդ էակն ունի իշխանություն, բայց ոչ առայժմ հիմնային իշխանություն, և այնուհանդերձ այն նստվածք է թողնում մեր անհատական ու կոլեկտիվ կյանքում՝ դիզելային վառելիքի համար գանձվող հարկերը, բուսակերությունը, և այլն…Սա նշանակում է լինել մեկը, ով ամենուր օգտվում է իր ոչ ֆորմալ իշխանությամբ, դեռ չի խոստովանել սուվերենությունը, բայց այն կանի: COP[3], GIEC[4] անկասկած ձևավորում են մեր ապագա ինստիտուտներ հիմքը:
Իրենց հերթին Թրամփը, Ֆարաժը, Սալվինին, Բոլսոնարոն և շատ ուրիշներ գլխավորում են պահպանողական հեղափոխությունը: Բայց դա հակառակ ուղղությամբ թռիչք է, բառացիորեն վերգետնյա: Այդ «Ռադներդ քաշեք»-ը կարճաժամկետ շատ արդյունավետ է, բայց այնքան վերացական մեր ապրող աշխարհի համեմատությամբ: Այս մարդիկ քաղաքակրթության զարգացման պլաններ չունեն: Իրենց ոչ ռեալիզմը քննադատում է հենց իրենց: Տեսեք Բրեքսիթի սեփական խոսքերից հրաժարմանը: Երկրորդ համաշխարհայինից հետո սա ամենակարևոր իրադարձությունն է, էլ ավելի կարևոր, քան Բեռլինյան պատի քանդումը: Բրիտանացիները հորինեցին գլոբալիզացիան ու հիմա ուզում են դրանից դուրս գալ դրանից: Ու երեք տարուց նրանք ամփոփում են իրենց Եվրոպայի հետ կապող ամեն ինչ: Իրականում Բրեքսիթի փորձը հրաշալի հարգանքի տուրքի մատուցում է Եվրոպային:

Ուրեմն մենք երկու քարի արանքում ենք: Առաջ գնալու համար, ըստ Ձեզ, պետք է «հետընթաց ապրենք» վերադառնանք Երկիր մոլորակ, «վայրէջք կատարենք»: Ինչպե՞ս տարբերակել «հետ շարժումը» հետընթացից:
Վայրէջք կատարումը հետընթաց չէ: Դա շրջադարձ է, վերափոխում: Դուք պետք է ի վիճակի լինեք վայրէջք կատարել ու զարգանալ միաժամանակ: Մշտական կայուն գյուղատնտեսության՝ պերմամշակույթի[5]: Վերջինիս սիրահարները՝ վայրէջք կատարողները, պնդում են, որ նրանք կարող են ծաղկում ապրել, բայց նոր մեթոդներով: Ավտոմոբիլային արդյունաբերությունում ինժեներները բացահայտում են, որ թերմային շարժիչ արտադրելն ավելի հեշտ է, քան ներքին այրման շարժիչ՝ զարգացում, թե՞ հետընթաց: Դրանք երկու տիպիկ օրինակներ են, որում մենք այսօր գտնվում ենք: Հարցը ոչ թե հետ շարժվել կամ հետընթաց ապրելու մեջ է, սահմանափակել, թե՝ ոչ, այլ սահմանափակելու, «հետ շարժվելու» մեջ է: Բազում մարդիկ հասկացան այդ անհրաժեշտությունը, ու բոլորը բոլոր ուղղություններով նայում են հենց այդ ուղղությամբ: Վայրէջք կատարել նշանակում է նորից բացահայտել այն, ինչն ամբողջովին լամինացրել է գլոբալիզացիան, իմանալ, որ կան Երկիր մոլորակը օկուպացնելու բազմաթիվ եղանակներ: Ինչո՞ւ արդի անասնապահությունը պետք է սահմանվի միայն ահռելի մեծ խոզաբուծարաններով: Այժմ մենք այլընտրանքներ ենք փնտրում ու դա նշան է, որ սկսել ենք փոխել աշխարհը: Զարգացման մոդեռնիստական մոդելը փոխարինվեց հետախուզմամբ, փորձերով, աշխուժությամբ: Ոչ ոք քաղաքակրթությանը վայրէջք կատարելու փորձ չունի, ինչն այդքան լավ հագեցած է ենթակառուցվածքների տեսանկյունից: Դա կուսակցությունների վարած հին քաղաքականության տապալման պատճառներից մեկն է: Ոչ ոք չգիտի՝ ինչպես վերափոխել մեր նման արդյունաբերական հասարակությանը: Քաղաքական տեսակետից, իրական անջրպետը ոչ թե աջակողմյանների ու ձախակողմյանների միջև է, այլ նրանց, ովքեր ցանկանում են վայրէջք կատարել ու նրանց, ովքեր ձգտում են «տեղներից պոկվել»:

Ի դեպ, Դուք քննադատում եք բոլոր քաղաքական կուսակցություններին: Բայց եթե նրանք լուծում չունեն, ո՞վ ի՞նչ կարող է անել:
Կուսակցությունն ընդամենը քաղաքացիական հասարակության բազմաթիվ գործողությունների պարզեցման ու սինթեզի արդյունքն է: Դրանում է կայանում քաղաքական կուսակցության դերը՝ կազմակերպել լուծումների տրամադրումը: Հարյուրամյակներ պահանջվեցին, որպեսզի կուսակցությունները, որոնց վախճանն ափսոսանք է առաջացնում, սինթեզավորեն սոցիալական խնդիրների շուրջ բանավեճերը: Այդպես, ի հայտ կգան նոր քաղաքական կուսակցություններ, երբ քաղաքացիական հասարակությունում կլինի բավականաչափ փորձարարություն, որպեսզի սինթեզը դառնա էական: Քսան տարուց մենք նորից կհանդիպենք կուսակցությունների: Բայց ոչ մի կուսակցություն, նույնիսկ պետությունը, չի կարող կատարել այդ աշխատանքը քաղաքացիական հասարակության փոխարեն:

Մեր դասական կատեգորիաների բաժանումը, որը տարբերում է «լոկալը» ու «գլոբալը» անտեղի՞ն են:
Իսկապես, վայրէջք կատարելը նույնը չէ, ինչ փակվել որևէ տարածքի կամ ազգային սահմանների տարածքում: Էկոլոգիական հարցը դուրս է գալիս սահմաններից՝ արտանետումներից թունավորված ամպեր, համաճարակ, աղտոտված, հիվանդ գետ, և այլն, արհամարհում են սահմանները: Վերցրեք ցանկացած իրավիճակ՝ լինի դա ջրի աղտոտումը կամ էլ թե հակազդեցությունը հակաբիոտիկներին, ամեն անգամ, երբ տեղային/ գլոբալ ուրվագիծը տարբերվում է: Դրա համար էլ իրավիճակի նկարագրության ու վերլուծության խնդիրն ահռելի է: Իսկ եթե մենք դա չանենք, ապա միշտ վերադառնում ենք պարզ տաղաչափությանը՝ տեղային, թե գլոբալ, երբ դա ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, բայց և երկուսն էլ միաժամանակ են: Մեզնից ժառանգած հետպատերազմյա պետությունն ինքնին ունակ չէ հաղթահարել այս խնդիրները:

Ձեր գրքերից մեկում գրում եք. «Հենց որովհետև վտանգի ակնհայտությունը մեզ չի ստիպի փոխվել, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որպեսզի հաղթահարենք քաղաքականությունը»: Ի՞նչ է սա նշանակում:
Մենք գտնում ենք, որ լուրջ վտանգի առաջ մոբիլիզացիան անխուսափելի է: Դրանում է կործանման կողմնակիցների խնդիրը, ովքեր կարծում են, որ երբ մարդիկ լրիվ խուճապահար լինեն, նրանք կփոխվեն: Բայց դրանից ավել պակաս որոշակի բան չկա: 1945 թվին Գերմանիայում բոլորը գիտեին, որ պատերազմը տանուլ են տվել, բայց դա ամենաշատ արձանագրված թվով մահերի տարին էր:
Տագնապը, խուճապը պարալիզացնում են. ոչ մի քաղաքական մոբիլիզացիա չկա, եթե դուք չգիտեք, որ կարող եք գործել: Քաղաքականությունը հակա-ճակատագիր է: Նույն նկատառումը նաև «Չկա այլընտրանք» նեոլիբերալին ասվածի առումով. դա հակաքաղաքականություն է: Նեոլիբերալիզմը փոխարինել ճակատագրական խուճապով ոչինչ չի փոխի: «Տագնապը» ոչ մի քաղաքական լիցքավորման էֆեկտ չունի: Քաղաքականություն, որը չէր լինի հնարավորի, գործողության, շարժման, բարգավաճման ու նույնիսկ ուրախության քաղաքականություն, չեմ պատկերացնում ինչպիսի՞ն այն կլիներ: Այլ հնարավոր քաղաքականություններ: Ինչպես ասում են տագնապագետները. «Աշխարհի այլ վերջ հնարավոր է»:

[1] Science Po (Institut d’études politiques)- Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոն: (թարգմ.)

[2] Où atterrir? Comment s’orienter en politique, Bruno Latour, Ed. La Découverte., 2017, 160 p., 12€. (Որտեղ վայրէջք կատարել: Ինչպե՞ս կողմնորոշվել քաղաքականության մեջ):

[3] COP- Conference of the parties, միջազգային կոնվենցիայի կառավարող մարմին: COP-ի գլխավորությամբ առ այսօր ընդունվել է մոտ երկու տասնյակ կոնվենցիաներ (թարգմ.):

[4] GIEC- Le Groupe d’experts intergouvernemental sur l’évolution du climat, Կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող միջկառավարական փորձագետների խումբ (թարգմ.):

[5] Շրջակա միջավայրի նախագծման մոտեցում ու գյուղատնտեսւթյան վարում, որը հիմնված է բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության վրա: Հանդիսանում է օրգանիկ երկրագործության ամենատարածված ուղղություններից մեկը, ենթադրում է ինքնաֆունկցիոնալ գյուղատնտեսական արտադրանքի փակ համակարգի ստեղծում, որում կիրառվում են և՛ ավանդական գյուղատնտեսական մեթոդները, և՛ արդի գիտությունը ու տեխնկիան (թարգմ.):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *