Բրունո Լատուր «Բնությունը պահպանելուց հորանջում ենք, տարածքի դեպքում՝ տեղներիցս շարժվում»

315529469_517605230269541_6390714452725833566_nԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

Ինչպիսի՞ ընդհանուր աշխարհում ենք ուզում ապրել: «Ո՞ւր վայրէջք կատարել», ահա թե ինչ հարց է առաջ քաշում մտածող Բրունո Լատուրը իր վերջին գրքում ՝ անկյունաքարային դարձնելով քաղաքական ու էկոլոգիական հարցերը:

Reporterre. Ինչպե՞ս նկարագրել այսօրվա քաղաքական իրադրությունը:
Բրունո Լատուր. Քաղաքական առասպելաբանության տեսանկյունից և փաստացի՝ «տիեզերաբանություն», այն իմաստով, որ այս հասկացությունը օգտագործվում է մարդաբանների կողմից: Մենք ոչ միայն համաձայն չենք վարվող քաղաքականության հետ, այլև համաձայն չենք, թե ինչ է քաղաքականությունը: Սա ինձ հայտնի դարձավ, երբ Թրամփը դուրս եկավ Կլիմայի մասին փարիզյան  համաձայնագրից: Նա պարզ ձևակերպեց այդ հեռանալը աշխարհաքաղաքական առումով՝ Միացյալ Նահանգները այլևս իրենց չեն զգում կապված այն հարցերի հետ, որոնք կրում են բոլոր մյուս երկրները «աղետ»-ի նկատմամբ, որի համար նրանք գրեթե կոլեկտիվ ձևով մի ընդհանուր ինստիտուտ ստեղծեցին:
Ընդհանուր կոլեկտիվ նպատա՞կ:
Եթե հավաքվեցին Փարիզում ու բոլոր COP[1]-երում, ապա որովհետև նրանց առաջ էր մղում իշխանությունը՝ ոչ պետական, ոչ էլ իրավաբական, բայց այնուամենայնիվ իշխանությունը, քանի որ խոսքը գնում է կլիմայի մասին: Գիտնականների մոդելավորման արդյունքում կլիման սկսեց ճնշում գործադրել այդ պետությունների վրա, հակառակ դեպքում նրանք չէին հանդիպի: Վերջիվերջո, կլիմայի շուրջ այդ բևեռացումը տեղի է ունեցել բավական արագ: Զարմանալի է՝ 23 տարի հետո նման տարօրինակ թեման դարձնել քաղաքական գործունեության կենտրոն:
Միթե դա կլիմայի փոփոխություն չէ:
Այն կարող է տեղի ունենալ առանց որևէ մեկի միջնորդության: Գրեթե 100 տարի՝ 19-րդ դարի սկզբից 20-րդ դարի վերջ, պահանջվեց, որպեսզի սոցիալական խնդիրը դառնա եվրոպական պետությունների հիմնական սուբյեկտը:
Մինչ այդ եղել են բազմաթիվ հեղափոխություններ՝ 1848 թիվ, Կոմունա, եթե խոսենք միայն Ֆրանսիայի մասին…
Այս ամեն ինչով հանդերձ մեկ դար անցավ: Մինչդեռ 20 տարուց կլիման դարձավ աշխարհաքաղաքականության էական բաղադրիչ: Դրա համար էլ մենք ապակողմնորոշված ենք, որովհետև խոսքը գնում է ոչ միայն քաղաքական դիրքերի, այլև քաղաքական պայքարի ու վայրի բնույթի մասին, որում տեղի է ունենում քաղաքական պայքար: Նախկինում ունեինք բավական հարթ շախմատային տախտակ, որում մարդիկ տեղաշարժվում էին: Մենք գտնվում էինք ռեսուրսներով հարուստ Երկիր մոլորակում, որի համար պայքարում էինք: Այն կայուն էր:
Այդպիսին էր 1648 թվի Վեստֆալյան համաձայնագրից բխող քաղաքականությունը՝ հիմնված ազգերի, պետությունների վրա…
Այո, պետությունների ու ռեսուրսների: Նորն այն է, որ այդ նույն շախմատային տախտակի վրա վեճ առաջացավ՝ ի՞նչ ձևով: Միացյալ Նահանգները գտնվում են մի աշխարհում, ուր ոչ մի էկոլոգիական խնդիր չկա: Իհարկե, կա, բայց համարվում է, որ այն չի պատկանում տարածքին, որում Միացյալ Նահանգներն ընդունում են իրենց որոշումները: Այդպիսով, նրանց և մարդկանց միջև, որոնք որոշումներ են կայացնում՝ հիմնվելով նրա վրա, ինչը ես անվանում եմ կլիմայական ռեժիմ, որը շատ ավելի ընդարձակ է, քան կլիմա ասվածը, քանի որ ներառում է կենդանիներին ու կենսաբազմազանությունը, չկա ընդհանուր աշխարհ, ընդհանուր տաղափաչություն:
Միայն Թրամփի Միացյալ Նահանգների ու մնացած ամբողջ աշխարհի, թե՞ սա խզում է առկա յուրաքանչյուր հասարակության ներսում:
Այո, իհարկե, սա զատում է բոլոր հասարակությունները ու բոլոր մարդկանց: Էկոլոգիական խնդիրները չափազանց հուզող թեմա է: Կա մի զգացական մակարդակի խնդիր՝ երբ կարդում եք Reporter-ի երեք համար կամ հեռուստատեսությամբ նայում երեք ռեպորտաժ գենետիկորեն վերափոխված օրգանիզմների շուրջ ծավալած աղմուկի, կորալների սպիտակեցման մասին ու Թրամփի վերաբերյալ, դուք հարցնում եք ինքներդ ձեզ. «Ու ի՞նչ անել այս ամենի հետ»: Չկա ոչ մի քաղաքականություն, որը կլանում է այն մեղավորությւոնը, որում գտնվում ենք: Եթե քննարկման կենտրոնական թեման չեք դարձնում մեղավորության այս հարաբերությունը, ապա չեք պատկերացնի, թե որքան եք խճճվել:
Ի՞նչ նկատի ունեք մեղավորություն ասելով:
Դրա դրամատիկ տարբերակը՝ «աղետիզմն» է, որը միաժամանակ և՛ ճշգրիտ է, եթե հետևենք գիտականներին, և՛ չափազանցրած: Էկոլոգիական խնդիրը տուժում է: Եթե չենք հասկանում խորությունը, ապա չենք հասկանում նրանց, ովքեր մերժում են այն: Դրանում էլ կայանում է «մերժման» տրամաբանությունը՝ չգիտենք,  բայց ասում ենք. «Ես չեմ կարող դրա հետ ապրել»: Եթե չենք հասկանում, որ նրանք, ովքեր հրաժարվում են գործել, պակաս անհանգստացած չեն գործողներից, ապա մենք կորցնում ենք միություններ կազմելու հնարավորությունը:     

Ձեր վերջին գրքում` «Ո՞ւր վայրէջք կատարել», տեղ գտած փաստարկն այն է, որ քաղաքականությունը պետք է կողմնորոշվի այլ առանցքով, քան այն, որը գերիշխում էր կես դարի ընթացքում՝ անցյալի ու առաջընթացի միջև:
Ես առաջ եմ քաշում այն հիպոթեզը, որ եթե մենք կարող ենք մեր ճանապարհը գտնել, ապա դա որովհետև մենք միշտ ապրում ենք ժամանակի դիմադրությունը, երբ ունեինք ընտրություն՝ զարգացում առ ապագա և հետընթացի միջև: Բնապահպաններին մեղադրում են, որ նրանք մեզ միշտ խնդրում են ետ վերադառնալ, հետընթաց ապրել: Մինչդեռ իրականում, նրանք միշտ այլ բան էին մատնանշում, ինչը երբեք չի եղել «լքվածության», «շփոթվածության» վիճակում գտնվողների հավաստի ներկայացուցչություն:
Վերջերս ինքնաթիռով թռչում էի Գրենլանդիայի սառույցների վրայով: Այս գեղեցիկ լուսանկարն արեցի սառույցին արտապատկերված ճչացող դեմքի ձևով Բաֆինի ծովում: Սառույցը գոռում էր: Սա այն է, ինչը ես անվանում եմ «տարակուսանքի մեջ գցող» կամ «լքվածություն»: Այլևս չեք կարող թափառել՝ չմտածելով. «Շոուն, որը ես տեսնում եմ, հրաշալի է, բայց այն նաև հրահրված է իմ հանցակցությամբ»: Դա բարոյական խայտառակություն է, ու վերջին հաշվով, քաղաքական ամոթ, որովհետև հարցնում ենք՝ ի՞նչ անել:
Բայց եթե բնապահպանները չեն ուզում հետընթաց ապրել, ո՞ւր են ցանկանում գնալ:
Եթե բնապահպանները կորել են որպես կուսակցություն, ինչը կարևոր իրադարձություն է, ապա որովհետև նրանք մատնացույց էին անում այն, ինչն առանցքի վրա չէ, ինչն առանց քննարկման անցնում է արխաիկ կյանքից արդիականություն: Ինչպես հենց նոր ասացիք. «Ես ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը», Դուք վերադարձաք մոմի հարցին: Այնուհանդերձ, քաղաքացիական հասարակությունն արդեն մեծապես փոխվել է: Այն գիտի, որ մենք չենք արդիականանալու, այն արդեն առաջ է շարժվում: Ի հայտ են գալիս նոր մարդկանց, շարժումների, հայացքների խմբեր, տեսակներ, որոնք ցույց են տալիս հեռանկարում գալիք փոփոխությունները: Բայց կուսակցությունները այն չեն ներկայացնում: Կառավարությունները շարունակում են հայտարարել, որ մենք պետք է ընտրենք տնտեսական զարգացման ու բնապահպանության միջև: Սա շարունակում է ձևավորել քաղաքականություն:

Քաղաքականության այլ քարտեզ առաջարկելու համար, այլ առանցք, որը հետընթացիցի շարժվում է  արդիականացում, բնապահպանները խաղադրույքը «բնության» վրա դրեցին: Ինչո՞ւ այն տապալվեց:
Որովհետև չէին տեսնում, որ բնությունն ինքնին քաղաքական հասկացություն է: Նրանք ասացին. «Մենք պետք է հոգ տանենք բնության մասին»:
Իսկապես՝  բնության կարտեզիական կոնցեպցիա՞:
Այո, քիչ կարգի բերված, 19-րդ դարի վերաիմաստավորման տարբերակով: Բոլոր դեպքերում ոչ քաղաքական ինչ-որ բան: Ու ակնհայտորեն՝ հակառակը: Բնության հասկացությունը քաղաքական հարց է: Իմ դիրքորոշումն է Կանաչներին ասել. «Գործնականում ճիշտ եք, բայց բնության ձեր մետաֆիզիկան զրկում է ձեզ գործողության բոլոր միջոցներից»: Կանաչ կուսակցությունները անհետացան:
Միաժամանակ XIX-րդ դարի բանվորական դասակարգից մեզ հասած կուսակցություններն այժմ ներառում են էկոլոգիական խնդիր:
Այո, դա այն է, ինչ մենք պետք է անենք:
Ի՞նչ է անում օրինակ France Insoumise[2] քաղաքական կուսակցությունը:
Չգիտեմ: Այն ինչ լսում եմ Մելանշոնից՝ Ջերմինալն է հեռուստատեսային տարբերակով: Դա հետաքրքիր է, բայց մի քանի մասից բաղկացած խաղ է կոստյումներով: Խնդիրն է՝ գտնել համապատասխան կոստյում:
Այսինքն նրանք իրականում էկոլոգիական խնդիր չեն ներառո՞ւմ:
Դա դասական քաղաքական դիրքորոշումների «greenwashing»-ի տարատեսակ է: Բայց այդքան էլ հեշտ չէ սոցիալական դասակարգերից անցնել «աշխարհասոցիալականի»: Չենք կարող միանգամից ամենը անել: Սա դիտարկում է գենդերի, գաղութացման, անհավասարության, կենսաձևի հարցեր: Չենք կարող այն պարզապես ավելացնել սոցիալական խնդրին:
Ի՞նչ նկատի ունեք «աշխարհասոցիալական» դասակարգեր ասելով:
Դրանք տարածքում գտնվող տարբեր շահագրգիռ կողմերն են: Նրանք կարող են լինել նաև մարդիկ: Բայց նաև սերմերով մարդիկ, որոնք նախընտրում են ունենալ, գայլեր, որոնց հետ պատրաստ են ապրել կամ ոչ, հողմահաղացներով մարդիկ, որոնց հետ պատրաստ են ապրել կամ ոչ, և այլն: Աշխարհասոցիալական դասակարգերը միություններ են սոցիալական խմբերի միջև, որոնք սահմանվում են ոչ թե արդեն իրենց դիրքից ելնելով արտադրական համակարգում, այլ տարածքում իրենց ընտրած համակեցությամբ:
Այս բոլոր հարցերը կապված են ռեսուրսների հետ: Բայց ձախակողմյան թևի ներկայացուցիչները դրանք չեն քաղաքականացրել: 1950 և 1960-ական թվականներին ձախակողմյան կուսակցությունները շարունակեցին սահմանել սոցիալական դասակարգերն այնպես, որպեսզի դրանք այլևս չհամապատասխանեին տեղի ունեցող փոփոխություններին: Էկոլոգիական ու ֆեմինիստական կուսակցությունները շատ մեծ դժվարությամբ էին զարգանում՝ փորձելով նոր ի հայտ եկած խնդիրենրը տեղափոխել սոցիալական անարդարության ոլորտ, բայց բնապահպանների դեպքում դա երբեք չաշխատեց: Ինչո՞ւ: Որովհետև այն նման էր բնությանը, ուստի իրենց պահանջն արմատականորեն մնաց սոցիալականից դուրս: Ու քանի դեռ հասարակությունը սահմանվում է մարդկանց փոխահարաբերություններով, այլ շահերի պաշտպանությունը վերացական պատկերացում է մնում: Լավ կլիներ ասել, որ պետք է պաշտպանել տեսակները, բայց դա անմիջականորեն ձեզ չի վերաբերում, այն ձերը չէ: Մինչդեռ, եթե ասում ենք՝ տարածքները մենք ենք, տարածքները պաշտպանվում են, ու չենք տատանվում: Բնությունը պաշտպանելուց՝ հորանջում ենք: Տարածքները պաշտպանելուց՝ տեղներիցս շարժվում: Հենց այս փոփոխությունն է պետք որսալ:  Ինչո՞ւմն է բնության ու տարածքի տարբերությունը: Ինչի՞ց է բաղկացած տարածքը:

Ահա թե ինչու եք զադիստներին[3] այդպես հետաքրքրությամբ հետևում:
Զադիստները շատ կարևոր քայլ արեցին քաղաքական փիլիսոփայությունում, այսինքն՝ զոնաները պետք է պաշտպանված լինեն: Նրանք լիովին իրավացի են, երբ ասում, որ քաղաքական հարցերը տարածքային հարցեր են: Հենց այդ տարածքային հարցերն են կանխորոշում շահերն ու աշխարհները: Ինչպիսի՞ ինքնաթիռներ են մեզ պետք, ո՞ր երկկենցաղներին ենք ուզում թողնել, ինչպիսի՞ գյուղատնտեսություն, ո՞ր ճահճային հատվածներն են մնալու: Այս ամենն անվանում եմ «տիեզերագիտություն»: Քննարկում են «տիեզերագիտությունը»,  այլ ոչ թե ընդհանուր նյութական հիմքի վրա ձևավորված շահերը: Զադիստներն ու մարդիկ, ովքեր ցանկանում են կառուցել օդանավակայան նույն հողի վրա չեն գտնվում:
Դուք մի շատ գեղեցիկ ձևակերպում եք մեջբերում, որը կարելի է գտնել պայքարի մի քանի գոտիներում. «Մենք ոչ թե պաշտպանում ենք բնությունը, այլ բնությունը մենք ենք, որն ինքն իրեն է  պաշտպանում»: Դա նո՞ր քաղաքականություն է:
Եթե մարդիկ սկսեն խոսել բնության անունից, ապա այն շատ շուտ կվերածվի բռնապետության: Կարծում են ազատվել են Աստծուց ու վերջիվերջո կլինեն բնության հետ միասին: Բայց մի հիմնային հարց է առկա՝ ձայները, որոնք անպայման մարդկային ձայներ են, պետք է ասեն, թե բնության ինչպիսի բաղադրիչներ ենք ցանկանում ունենալ: Այս պահին ստեղծվում է միություն շահագործման հասարակության դիմադրության ու համակից երևույթների շահագործման դիմադրության միջև: Ու այդ ժամանակ ամեն ինչ քաղաքականապես ավելի ուժեղ է դառնում, քան բնությունը, որովհետև դրանք կարևոր գումարտակներ են:

Դեռ շարունակո՞ւմ եք օգտագործել «բնություն» հասկացությունը:
Այո, դա անում եմ լսելի լինելու համար: Բայց խոսում ենք ոչ թե բնության, այլ Գեայի[4] մասին:
Այդ դեպքում ի՞նչ է «բնությունը»:
Չպետք է օգտագործել այդ բառը միայն որովհետև այն ցույց է տալիս ապաքաղաքական տեսլական: Այն ստեղծվել է ապաքաղականացվելու որպես ռեսուրս օգտագործվող մարդու և օբյեկտների միջև հարաբերությունները: Բայց եթե ասեմ Գեա, ապա մեկ այլ դժվարությանն ենք բախվում: Այս բոլոր թեմաները շատ բարդ են ու մենք ինտեկելտուալ առումով դեռ շատ- շատ հետ ենք մնում այա հարցերի առումով: Ահա թե ինչու «կրիտիկական գոտիներ» ասվածը ինձ շատ տեղին է թվում. «կրիտիկական գոտիներ», որպես պաշտպանման գոտիներ: Սա նշանակում է քաղաքական հարցերի վերատարածքայնացում: Տարածք հասկացությունը, որը ձախակողմյան ֆրանսիացիները նույնացնում էին հետադիմական դիրքորոշման հետ, նորից ուշադրության կենտրոնում է: Բնականաբար դրա առաջացրած վտանգները հաշվի առնելով. «վերատարածքայնավորում», «վերակողմնորոշում», սրանք թունավոր հասկացություններ են: Մյուս կողմից էլ հենց սա է էկոլոգիայի բուն էությունը:

Երբ Նոտր- Դամ- դե- Լանդում ասվում է. «Մենք պաշտպանում ենք այս ջրա- ճահճային գոտին», իրականում դա նշանակում է. «Մենք պաշտպանում ենք բոլոր ջրա- ճահճային գոտիները»: Մեկ այլ խոսք էլ կա. «Մենք դեմ ենք օդանավակայանին ու իր աշխարհին»: Դա զուտ տարածքային պատերազմ է:

Դա աշխարհների պատերազմ է:
Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր սոցիոլոգիան կներառեր մարդկանց ու «չմարդկանց»:

Կախված նրանից, թե ինչ ասել է «ինտեգրել» ու «չմարդկային»: «Ինտեգրման» թեման այն խնդիրներից մեկն է, որը սպանեց քաղաքական էկոլոգիան: Որովհետև մենք երբեք չհասկացանք, թե ում պետք է ինտեգրենք և ում հետ: Եթե ասում եք ովքեր են ձեր ընկերներն ու ովքեր թշնամիշները՝ սա արդեն քաղաքական կդառնա: Բոլորս չենք ինտեգրվի: Կան օգտակար ու վնասական վիրուսներ, արդյունաբերության լավ ու վատ ճյուղեր, օգտակար մթերքներ և վնասակար: Թշնամու և բարեկամի նկարագրման այդ աշխատանքը որոշարկում է քաղաքական գործողությունը: Բնապահպաններին պետք է բոլոր կոնցեպտուալ բաղադրիչների ինքնավերլուծության պես մի բան է իրականացնել: Թվում է՝ դա շատ արագ կարելի է իրականացնել: Բայց ոչ, հակառակը: Մենք պետք է անենք մի աշխատանք, որը հավասար է XIX դարում առևտրի, զարգացման, պատմության հարցերով զբաղվող սոցիալիստների կողմից իրականացրած նշանակալից աշխատանքին…
Նման աշխատանք բնապահպանների հետ երբեք այդ աշխատանքը չի արվել: Մենք պարզեցրինք մեր կյանքը մեկ- երկու հղումներով, Առնե Նես[5], ու մի քիչ էլ քաղաքական՝ ի դեմս Անդրե Գորցի[6] ու բոլոր նման նախակարապետներով: Բայց մարդաբանական ըմբռնման մետաֆիզիկական աշխատանքի առումով մենք մտածում էինք, որ կարող ենք գլուխ հանել առանց: «Հետընթացի կամ զարգացման», «ինտեգրման» հարցը դրանք ահռելի մարդաբանական խնդիրներ առաջացնող հարցեր են: Մենք ինքներս մեզ պետք է տրամադրենք գործիքներ, որոնք չեն սկսվում ապաքաղաքականացումից: Էկոլոգիան ենթադրում է խոսակցություն բոլոր թեմաներով: Եվ դա իրականացնելու համար պետք է պատասխանենք մի շարք դասական հարցերի՝ ի՞նչ է տնտեսություն, ի՞նչ է պատմություն, ի՞նչ է գիտություն: Նաև պետք է պատասխանենք էկո- ֆեմինիստական հարցին: Իսկ հետո՝ նյութականի պատմությունը, շրջակա միջավայրի պատմությունը: Չի կարելի խուսափել այս աշխատանքից պատճառաբանելով, որ դրա պատճառները հրատապ բնույթ են կրում:

Դուք նշեցիք, որ ինտեգրման համար պետք է մի մասը բացառել: Բայց մի՞թե հարուստներն իրենց չզատեցին հասարակությունից:
Այո, այդպես էլ կա: Բոլորը համաձայն են, որ անհավասարությունն աճում է և առկա է ապակարգավորման չափազանց մեծ ծավալ: Բայց ես կավելացնեի մեկ հիպոթեզ, ու կարծում եմ Reporterre-ը կլինի վերջինը, ով ինձ կասի, որ դա այնքան էլ լավ հիպոթեզ չէ՝ մարդիկ, ովքեր գիտեն, որ գիտնականների կողմից նկարագրված իրավիճակը ճշգրիտ է, և որոնք իրենք իրենց կոչում են «կլիմայական թերահավատներ», իրականում որոշել են այն անտեսել: Այդ էլիտաները պատրաստ են հեռանալ, խզել իրենց հարաբերությունները: Բայց անհրաժեշտ է առաջդրել մի կարևոր հարց՝ մենք՝ ուրիշներս, ո՞ւր ենք պատրաստվում վայրէջք կատարել: Այդ վայրի նկարագրությունը գիտնականների, ակտիվիստների, արվեստագետների, քաղաքական գործիչների համատեղ աշխատանքն է: Ինչպե՞ս ենք կլանում այն աշխարհը, որում պետք է լինի հինգ երկրագունդ, երբ կա միայն մեկը: Այս հարցերը սովորական բան են դառնում: Ու այս հարցերին պատասխանող միությունը ներառում է նաև լիբերալներին, նեոլիբերալներին ու ամբոխավարներին:
Այն բացառությամբ, որ նեոլիբերալները հարցականի տակ են դնում անհավասարարության ընդլայնումը:
Մենք չունենք հնարավոր դաշնակիցների ընտրություն: Հենց նրանք ունեն ռեսուրսներ:
Բայց ի՞նչ անել այն դաշնակիցների հետ, որոնք չունեն այն նույն ռազմական նպատակները, ինչ և մենք:
Քաղաքականությունը իշխանությունների հարաբերություններն են: Եթե մենք քիչ ենք, ապա ոչինչ չի փոխվի: Իսկ հարցի մյուս կողմն ինձ ավելի մտահոգիչ է թվում: Ինչպե՞ս ենք բացատրելու մարդկանց, որոնք ցանկանում են վերադառնալ հին աշխարհ ու որոնց մեղադրում են ամբոխավարության մեջ, որ իրենք ճիշտ են, երբ տարածք են ցանկանում, բայց դա այդ տարածքը չէ:
Նրանք գործողության պակաս միջոցներ ունեն, քան նեոլիբերլաները:
Մենք պետք է դաշնակիցներ գտնենք ամենուր, որովհետև եթե կիսում ենք վիճակի մասին առկա ահռելի մեծ անտեղյակությունը, ուր պատաստվում ենք ժամանել: Միության ստեղծում նշանակում է նաև ձայնի թարմացում, որով խոսում ենք քաղաքականության մասին: Չպետք է մոռանալ, որ ձախակողմյան թևի ամենասովորական ձայնը գալիս է հարյուրամյա պատմությունից, 1914-17 թվերի պատերազմական վիճակից: Այդ ռազմական վիճակը մեր գլխում մնում է որպես քաղաքական կյանքի իդեալի նման մի բան: Ըստ իս, մենք պետք է նորացնել այդ տոնայնության այդ տեսակը: Ավելի դժվար է կողմնորոշել ճակատները, քան ընկերներին ու թշնամիներին: Պետք է գտնել այլ ազդեցություններ, այլ ձևեր:
Պատրաստվելով Ազգային Ճակատի ընտրողներին ասել, որ իրենք իրավացի են ցանկանալ տարածքների պաշտպանություն, բայց որ այդ տարածքը ու այդ պաշտպանությունը այլևս ոչ մի ընդհանուր բան չունի Ֆրանսիայի սահմանների և էթնիկ մաքրության պատրանքի հետ. խոստովանեք, որ դրանք բարդ բանակցություններ են: Սա մեզնից պահանջում է երկխոսության այլ ձևերի ուսումնասիրություն:
Այո, ինչպես դուրս գալ փողոց ու խոսել կառավարիչների և CAC 40-ի[7] բարձր ղեկավարության հետ ասելով, որ նրանք պետք է դադարեն զարգացում որոնել: Ու որ իրենց եկամուտները պետք է հինգ մասի բաժանեն:
Ոչ ավել, ոչ պակաս:
Քաղաքականության ետևում նույնպես իշխանությունն է, ինստիտուտը: Դուք օգտագործում եք «ինստիտուտ», «պլան» հասկացությունները: Խոսում եք նոր Սահմանադրությունից:
«Բնությունը պաշտպանում է ինքն իրեն» արտահայտությունում ինձ հետաքրքրում է ակնարկն առ այն, թե ինչն է սուվերեն իշխանության ձև: Ներկա պահին քաղաքականությունը մի այնպիսի հարկադրելի իշխանության ներքո է, որը ես անվանում են Գեա, ու դա տալիս է ևս մեկ հնարավորություն որոշարկել քաղաքականությունը: Դա քաղաքականություն չէ մարդկանց միջև. այն ուրիշ քաղաքականություն է:
Իրավիճակի մյուս առավելությունն այն է, որ դրանով բացվում են նոր Երկրի ստեղծման հնարավորություններ, որը երկրագունդը չէ, հատկապես «համայնքներին» մոտենալու առումով:  Քննարկում էի «համայնքի» ակտիվիստ, հարևաններիցս մեկի հետ: Ալյեի[8] անկյունում, ուր մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, նա ստեղծում է հինգ կամ վեց աշխատատեղ լրիվ դրույքով, որովհետև նա փոխեց աշխատատեղերի բաշխման իրավաբանական միջոցը: Դա սենսացիա է: Չեմ չափազանցնում, երբ խոսում եմ նոր Երկրի բացահայտման մասին: Այնտեղ նորից մենք «տիեզերաբանության» մեջ ենք: Ինչպես 16-րդ դարում: Արկածները որոնողները նոր հող են իրանց համար բացահայտում ու դա փոխում ամեն ինչ: Այն ունի անսովոր ծալքեր, հատկանիշներ, բարդություն, ռեսուրսներ ու ոչ միատարրություն: Դա եմ ինչ կփոխի: Կրոնում, մենք արդեն ունենք Պապի շրջաբերականը, արվեստում տեսնում ենք լրիվ նոր հետաքրքրություն հողի նկատմամբ, Գեան պատկանելիության:
Ինչո՞ւ է Laudato Si շրջաբերականը կարևոր:
Այն կապիտալ է: Այդ բարձրարժեք, հրաշալի Տեքստը կապում է աղքատությունը էկոլոգիական հարցին: Դա այն տեքստն է, որը պետք է գրված լինի շրջակա միջավայրի պաշտպանի կողմից, ով գտնվում է իշխանության գլխին: Առաջին անգամ պարզ լեզվով լսում ենք, որ աղքատությունն ու էկոլոգիականը նույն խնդիրն է: Դա շատ կարևոր է, ու դա քիչ, ցավոք, այդքան էլ շատ տեղից չշարժեց քրիստոնյաներին:
Դուք դեռ քրիստոնյա՞ եք:
Այո, օրինակելի կաթոլիկ չեմ, բայց հակակրոնական էլ չեմ:
Ի՞նչ է իրականում Ձեզ համար «Գեան»:
Եթե որոնում ենք անուն, որը թույլ է տալիս դուրս գալ «բնություն» հասկացությունից, որը ապաքաղաքականացրեց էկոլոգիական խնդիրը, ապա  «Գեան» հաջող այլընտրանք է: Դա առասպելական հասկացություն է: Մեզ պետք է ուժեղ առասպաելական հասկացություն: Իսկ Լավլոքի թեզը[9] ահռելի գիտական բացահայտում է: Այն շատ մեծ առավելություն ունի դարվինիզմի նկատմամբ: Դարվինը կենտրոնացել էր ոչ թե շրջակա միջավայրի, այլ շրջակա օրգանիզմների վրա, որոնցում նրանք պետք է ողջ մնան: Լավլոքի բնության փիլիսոփայության համաձայն շրջակա միջավայրը ձևավորվում է օրգանիզմներով: Դա ամեն բան փոխում է, որովհետև դառնում է շատ բարդ որոշել տվյալ օրգանիզմը կամ էլ նույնիսկ օրգանիզմների բազմազանությունը մյուսներից անջատ ձևով: Օրինակ, եթե աղիներում ավելի շատ մանրէներ կան, քան օրգանիզմում բջիջներ, ապա դժվար կլինի տարբերակել քոնը մյուսներից: Այստեղից էլ նոր հարց է առաջանում՝ ի՞նչն է հիմա էվոլյուցիա ապրում: Ոչ ոք արդեն չգիտի: Սոցիալ- դարվինիզմն անհնար սահմանների խնդրի քանդման ճանապարհին է: Ոչ թե որովհետև դա հետադիմական գաղափարախոսություն է, այլ որովհետև գիտությունը խորացրել է այդ վիճակի երկրային հարաբերությունները:
Գեաի հարցը ենթադրում է, որ Երկիրն ինքն իրեն է կարգավորում: Այն իրանից ներկայացնում է համակարգ, որն ունի եզակի ունակություն հայտնի տիեզերքում: Միթե դա հակադեիստական մետաֆիզիկա չէ՞:
Վերջիվերջո դա միշտ «մետաֆիզիկա» է: Գալիլեյը նույնպես սահմանում էր մետաֆիզիկան, ամբողջական տիեզերաբանությունը, ընդհանուր արվեստի, գիտության, քաղաքականության ու կրոնի համար: Միայն թե մենք վերսկսում, ահա այսքանը:
Դուք առաջարկում եք Գեան վերստին ներառել  քաղաքականություն: Ֆիլիպ Դեսկոլան[10] մեզ սովորեցրել է դուրս գալ բնություն- մշակույթ հակամարտությունից ու գիտակցել այնպիսի աշխարհ երևակայելու հնարավորությունը, որում չմարդիկ երկխոսում են մարդկանց հետ: Դա մետաֆիզիկական հարց չէ՞:
Այո: Ուրիշ էլ ի՞նչ հարց եք ցանկանում առաջադրել: Չենք կարող աշխատել էկոլոգիական խնդրի վրա չաշխատելով մետաֆիզիկական խնդրի, այսինքն նաև կրոնական խնդրի շուրջ: Անտարբերությունը էկոլոգիայի նկատմամբ կրոնական ծագում ունի, նույնիսկ, ըստ երևույթին, ամենաաշխարհիկ տարբերակներում: Մենք միակն ենք, ովքեր ի վիճակի են անտեսել այդ աստիճան սեփական նյութական պայմանները: Ոչ մի այլ մշակույթ այսքան երկար չէր մնա անտարբեր շրջակա միջավայրի զանգվածային վերափոխումների նկատմամբ:
Ինչպե՞ս է դա կրոնական:
Կրոնի անտարբերությունը շրջակա միջավայրին՝ անտարբերություն է նյութականի նկատմամբ: Երբ XVII- րդ դարում ստեղծվեց Հոբսի լիբերալիզմը, այն լիովին հիմնված էր կրոնական հարցերի վրա: Աստծուն մի կողմ ենք դնում, ոչ թե կրոնի հետ խաղաղ համաձայնագրում, այլ զինադադարի, բայց նպատակը մնում է կրոնական, այսինքն՝ փրկություն: Մենք դեռ կարող ենք շատ հստակ տեսնել դա Միացյալ Նահանգներում: Նրանք իրենց միշտ համարում են փրկյալ ազգ: Այնպես որ էկոլոգիական խնդիրը չի կարող իրենց վրա ազդել: Նրանց հետ ոչինչ չի կարող պատահել: Նրանք մոդեռնիզացիայի իրավունք ունեն: Երբ Բուշ ավագն ասում է. «Ամերիկյան կենսաձևը քննարկման ենթակա չէ», դա կրոնական փաստարկ է:
Իմ դեպքում հակառակը, այն ասում է, որ Գեան աշխարհիկ կերպար է՝ հակառակ բնություն հասկացության: Այս տարբերակը միանշանակ նախախնամական չէ: Մինչդեռ բնությունը, «բնության օրենքները» նախախնամական կերպարներ են:
Reporterre-ում Դուք մեկնաբանելլ եք, որ կլիմայի հարցը շատ ավելի կարևոր է, քան Դաեշի ահաբեկչությունը:
Ահաբեկչության խնդրին պետք է լուրջ վերաբերել, բայց դա ոստիկանության հարց է: Մինչդեռ կլիմայական ճգնաժամը՝ պատերազմի խնդիր է: Իսկ դա նույն բանը չէ: Սակայն պետության կողմից հաստատված հիերարխիան հակառակն է, որովհետև ահաբեկչական վտանգը իդեալական է պետության համար: Բանակում պաշտպանում ես մարդկանց, ցույց տալով նրանց, որ դու ինչ-որ բան ես անում: Քաղաքականության վակուումը նյութականացվում է նրանով, որ պետությունը այդքան հետաքրքրված է անվտանգության հարցերով:
Գոյություն ունի կոլապսի մթնոլորտ, որը զգում են շատերը հասարակությունում և, որն այլևս չի կարող շարունակվել: Դուք զգո՞ւմ եք այդ ժամանակի շունչը:
Ոչ, որովհետև դա միշտ Արդիության ներկայացուցիչների հաստատունն է եղել: Մյուս կողմից նորը Երկրի կործանում է, որը  նոր սահմանումներ ունի: Այդպես հաճախ չի պատահում: Եղել է XVI-րդ դարը, եղել է և հիման: Առաջին Երկիրը, XVI-րդ դարում, ընդլայնվում էր նոր ռեսուրսների հաշվին: Երկրորդ Երկիրն արդեն զբաղված է, որը մենք նորից բացահայտում ենք ոչ թե ընդլայնման, այլ ինտենսիվության միջոցով: Հենց դա է գլխիվայր շուռ տալիս ռեսուրս տերմինը: Հարցն այն է՝ պատրաստ ենք մենք նկարագրել նոր Երկիրը, շարժվել դրա ուղղությամբ ու հարմարվել դրան:
Հարցազրույցը՝ Էրվե Կեմպֆի

[1] COP (Conference of the Parties), ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին համաձայնություն է, ստորագրված ավելի քան 180 երկրների կողմից, ներառյալ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները և բոլոր արդյունաբերապես զարգացած երկրները, կլիմաի փոփոխությունների խնդրի վերաբերյալ երկրների ընդհանուր գործունեության սկզբունքների մասին։ Կոնվենցիան հրապարակայնորեն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյում «Երկրի Գագաթնաժողով»-ում 1992 թվականին և ուժի մեջ է մտել 1994 մարտի 21-ին (թարգմ.)։

[2] La Frnace Insoumie, «Աննվաճ Ֆրանսիա», ձախակողմյան պոպուլիստական քաղաքական կուսակցություն: Ձևավորվել է 2016 թվականին, այդ ժամանակ Եվրոպական Պառլամենտի անդամ Ժան- Լյուկ Մելանշոնի կողմից (թարգմ.):

[3] Մարտնչող կամ ակտիվիստ, ով դեմ է ZAD (Zone de defendre) ծրագրի իրականցմանը ու ֆիզիկապես գրավում տարածքներ՝ ծրագիրը կաթվածահար անելու համար (թարգմ.):

[4] Հին հունարենից թարգմանաբար  նշանակում է երկիր, հունական դիցաբանությունւմ Երկրի աստվածություն: Գեան համարվում էր մարդկանց նախամայրը և հողի գրքում թաղված մեռյալների մեծ օթևան: Գեայի պաշտամունքը մեծ դեր է խաղացել նախնիներին մեծարելիս։ Երդման ժամանակ նրա անունը ամենասրբազանն էր(թարգմ.)։

[5] Առնե Դեկկե Էյդե Նես (1912-2009), 20-րդ դարի նորվեգացի խոշորագույն փիլիսոփաներից մեկը, բնապահպան, ալպինիստ: Հանդիսանում է խորքային էկոլոգիայի կոնցեպցիայի և համանուն հոսանքի հիմնադիր: Գլխավոր փիլիսոփայական աշխատությունն է՝ “Interpretation and Preciseness”, նվիրված է լեզվի մեկնաբանմանը՝ զարգացնելով Լեոնարդ Էյլերի տրամաբանությունը և Չարլս Քեյ Օգդենի նշանաբանությունը (թարգմ.):

[6] Անդրե Գորց (1923-2007), ֆրանսիացի ծայրահեղ ձախակողմյան թևի փիլիսոփա, սոցիոլոգ, Le Nouvel Observateur (1964) շաբաթաթերթի համահիմնադիր: Ինքն իրեն անվանում էր «հեղափոխական- բարենորոգիչ», դեմոկրատ սոցիալիստ (թարգմ.):

[7] CAC 40 (Cotation Assistée en Continu), Ֆրանսիայի ամենակարևոր ֆոնդային ինդեքսը։ Ցուցանիշը հաշվարկվում է որպես Euronext Փարիզի ֆոնդային բորսայում ցուցակված 40 խոշորագույն ընկերությունների կապիտալիզացիայի բաժնետոմսերի գների թվաբանական միջին: Ցուցանիշի սկզբնական արժեքը՝ 1000 միավոր, սահմանվել է 1987 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2003 թվականի դեկտեմբերի 1-ից կապիտալիզացիան հաշվարկելիս հաշվի են առնվում միայն ազատ բաժնետոմսերը (թարգմ.):

[8] Ալյե, դեպարտամենտ կենտրոնական Ֆրանսիայում, անունը ստացել է համանուն գետից (թարգմ.)։

[9] Ջեյմս Լավլոք (1919-2022), բրիտանացի գիտնական, անկախ հետազոտող, բնապահպան և ֆուտուրիստ։ Հայտնի է որպես է Գեայի հիպոթեզի ստեղծող (ըստ որի Երկիր մոլորակը գործում է որպես սուպերօրգանիզմ), ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման ակտիվ ջատագով։ 2006 թվականի հունվարին The Independent-ում Լավլոկը հայտարարեց, որ գլոբալ տաքացման արդյունքում մինչև 21-րդ դարի վերջը «միլիարդավոր մարդիկ կմահանան, իսկ մի քանի զույգ փրկվածներ կտեղափոխվեն Արկտիկայում, որտեղ կլիման տանելի կլինի»: Ըստ նրա կանխատեսման, որը հրապարակել է The Guardian-ը, մինչև 2100 թվականը մարդկանց 80%-ը կմահանա, իսկ հաստատված կլիման կպահպանվի առաջիկա 100.000 տարին։ Լավլոքը, ով տարիների ընթացքում վաստակել է «միակ գիտնականի համբավը, ում կանխատեսումները միշտ իրականանում են», ասել է, որ ջերմաստիճանը շուտով կբարձրանա 5°C-ով արևադարձային գոտիներում և մինչև 8°C-ով որոշ շրջաններում՝ հողի մեծ մասը դարձնելով ոչ պիտանի մարդու կյանքի և հողի մշակման համար: Կսկսվի զանգվածային միգրացիան դեպի Հյուսիս, և Արկտիկայի տարածքում կհայտնվեն քաղաքներ։ Եվրոպայի մեծ մասը, նրա կանխատեսումների համաձայն, կդառնա անմարդաբնակ անապատ, իսկ Մեծ Բրիտանիան կդառնա եվրոպական օազիս՝ օվկիանոսի ազդեցության շնորհիվ պահպանելով ջերմաստիճանի կայունություն (թարգմ.):

[10] Ֆիլիպ Դեսկոլա (ծնվել է 1949 թվականին), ֆրանսիացի մարդաբան: Դոկտորական աշխատանքի ղեկավարն է եղել Կլոդ Լևի- Ստրոսը, դաշտային ուսումնասիրություններ է իրականացրել Էկվադորի աչուար ցեղախմբում (1976-1979):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *