Պիեռ Բուրդիե. “Միշտ կպակասեն բեղերը”

 

75534281_853006531835391_2411776689647386624_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, Télérama n° 2533, 29 հուլիսի 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Գլխավոր նախագահ- տնօրենի և բուժքրոջ միջոցով արված վերլուծությամբ՝ սոցիոլոգը պարզաբանում է, թե ինչպես են կանայք ենթարկվում տղամարդկանց աշխարհի կանոններին, տվյալ դեպքում՝ աշխատաշուկայում:
Սոցիոլոգ Պիեռ Բուրդիեի հետ շարունակում ենք սեռերի միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունը, ով մեզ կպատմի իր հաջորդ՝ Տղամարդկային գերակայություն (“Seuil” հրատարակչություն) գրքից, որը լույս կտեսնի օգոստոսի 26-ին: Կաբիլյան մոդելի մարդաբանությունը մանրամասնելուց հետո, որը սկզբնապես կառուցում է մեր հասարակության մոդելը (տես TRA n° 2532), և մինչ եկող շաբաթ կվերլուծենք, թե ի՞նչ է սովորական կիսաշրջազգեստն ասում կանանց՝ իրենց մարմնի հետ հարաբերության մասին, նախ ներկայացնենք երկրորդ արարը՝ ինչպե՞ս են կանայք գլուխ հանում գերազանցապես տղամարդկային իշխանության, ու հատկապես տղամարդկային գործառույթից: Գլխավոր նախագահ- տնօրեն կամ նախարար, կամ էլ հակառակը՝ բուժքույր ու քարտուղարուհի, սրանք ավելի՞  «բնական» պաշտոններ են, քան մյուսներինը, երբ քաղաքականության մեջ հավասարության մասին բանավեճը դրվում է իր ճիշտ տեղում: Երբ հասկանում են, թե ինչո՞ւ որոշ մասնագիտությունների ֆեմինիզացիան անխուսափելիորեն կանացիի հաղթանակը չէ տղամարդկային գերակայության նկատմամբ, որովհետև դրա արդյունքում արժեզրկվում են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ուսուցումը, որոշ բժշկական մասնագիտություններ, լրագրության որոշ բաժիններ:   

Télérama. Հաճախ նշում են, որ պաշտոն ունեցող կինը պարտավոր է իր գերազանցությունը հաստատող ավելի շատ երաշխիքներ տրամադրել, քան տղամարդը: Կարծեք հազար հաղթաթղթով  նա ստիպված էր փոխհատուցել մի անուղղելի խոչընդոտ…

Պիեռ Բուրդիե. Իսկապես, բարձր դիրք զբաղեցնող կանայք «գերընտրված են». երբ կին ես, գլխավոր նախագահ- տնօրեն լինելու համար ավելի շատ մասնագիտական որակներ են անհրաժեշտ, քան երբ տղամարդ ես: Պետք է նաև ունենալ ավելի շատ առաջնային սոցիալական առավելություններ, որովհետև հնարավոր չէ համատեղել արգելքները: Ուստի, անհրաժեշտաբար կանայք ավելի որակավորված են, քան համարժեք դիրք զբաղեցնող և ծագումով ավելի բուրժուա տղամարդիկ: Սա վերաբերում է նաև նախարարներին: Ընդ որում, հնարավոր չէ խուսափել քաղաքականության մեջ կողմերի հավասարության մասին խնդիրն առաջ չքաշելուց՝ վտանգում են փոխարինել բուրժուա տղամարդկանց էլ ավելի շատ բուրժուա կանանցով: Եթե  չանենք այն, ինչն անհրաժեշտ է իրական փոփոխությունների հասնելու համար, օրինակ, հատկապես դպրոցում տանել կանոնավոր աշխատանք, այսինքն տրամադրել կանանց հանրային խոսքով հանդես գալու և ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորության գործիքներ, ապա կունենանք միևնույն քաղաքական ղեկավարները, միայն սեռի տարբերությամբ:

Télérama. Ահա թե ինչու քաղաքականության մեջ հավասարության պահանջն անվանում եք «ադեկվատ պայքար»…

Պիեռ Բուրդիե. Այո, որովհետև ամեն անգամ, երբ դիմում են քվոտաների համակարգին, ինչն ավելի լավ է, քան ոչինչը, սակայն, այնուամենայնիվ, այն խորապես չի փոխում մարդկանց մտքինը: Որոշ փոփոխություններ հեշտությամբ են ընդունվում, քանի որ դրանք համապատասխանում են կառուցվածքում տեղ գտած սպասումներին՝ կանայք առանց դժվարության նվաճեցին հեռուստատեսությունում կամ ռադիոյում «ներկայացման» գործառույթը: Դերեր, որոնք այնքան էլ տարբեր չեն գովազդի միջոցով իրենց տրամադրվողներից … Բայց ինչո՞ւ, ի դեպ, երբեք չենք ընդդիմանում առ այն, որ չկա գոնե մեկ (կամ այդքան հազվադեպ հանդիպող) սևամորթ կամ դեղնամորթ հեռուստահաղորդավար:
Կրթական համակարգի արդի փոփոխությունները հնարավոր է նոր կին քաղաքական գործիչների հանդես բերեն՝ հենց սոցիալական գիտությունների միջնակարգ կամ բարձրագույն կրթության ոլորտում արդեն երիտասարդ կանայք ձեռք են բերում գործիքներ, որոնք նրանց թույլ կտա քաղաքականության ոլորտում իրապես հունից հանել տղամարդկանց: Բայց սա ժամանակ է պահանջում, և միայն որոշմամբ այն չի լինի փոխել:

Télérama. Վերադառնալով նախագահ գլխավոր- տնօրեն կանանց՝ որո՞նք են նրանց՝ իշխանությունն իրականացնելու լեգիտիմությունից զրկելու ռազմավարությունները:

Պիեռ Բուրդիե. Դրանք հազարավոր մանրուքներ են, բոլորն էլ հիմնված այն կանխադրույթի վրա, որ իշխանական դիրք զբաղեցնող կինը, կառավարող կինը նորմալ չէ, «բնական» չէ: Մասնագիտության սահմանման մեջ նույնպես առկա է այն ամենը, ինչը նրան փոխանցվում է տվյալ մասնագիտության տեր մարդու կողմից: Եթե այն արվել է բեղերով մարդու համար ու դուք տեսնում եք կիսաշրջազգեստով փոքրիկ աղջնակի, ապա լավ չէ: Նրան միշտ կպակասեն բեղերը, վստահ և ուժեղ ձայնը, որը հատուկ է պաշտոն զբաղեցնող մարդուն. «Բա՛րձր խոսեք, Ձեզ չեն լսում»: Ո՞ր մի կինը չի խորհրդածել սրա մասին աշխատանքային ժողովների ժամանակ: Ղեկավար պաշտոնների մեծամասնության լուռ սահմանումը ենթադրում է գլուխը բարձր պահել. էական է կարծիք հայտնելու ձևը, ինքնավստահությունը, անկաշկանդությունը, «խոսել ոչինչ ասելու համար»-ը, ու եթե հանդես են գալիս քիչ ավելի սաստկությամբ, լրջությամբ, տագնապով, ապա արդեն անհանգստություն է առաջացնում: Ոչ միշտ այս ամենը վերլուծելով, միևնույնն է, կանայք զգում են այս ամենը ու հաճախ հենց իրենց մարմնում՝ սթրեսի, լարվածության, տառապանքի, դեպրեսիայի ձևով…

Télérama. Ու բնականաբար մեծ մասնագիտական պատասխանատվության տեր կինը պետք է այլ բան զոհաբերի:

Պիեռ Բուրդիե. Ֆեմինիզմի որոշակի տեսակ իր քննադատությունները կենտրոնացրել է նաև ընտանեկան տարածքի վրա, կարծեք ամուսնու՝ ամաններ լավանալու փաստը բավարար է ոչնչացնելու տղամարդկային գերակայությունը: Բազմաթիվ երևույթներ հասկացվում են միայն հանրային ոլորտում տեղի ունեցող հարաբերությունների մեջ: Չնայած ասում են՝ կանայք երկու օր են աշխատում. սա խնդրի բացատրման ամենապարզ ձևն է: Իրականում այն ավելի բարդ է: Մեր օրերում, ընտանեկան տարածքում կանացի նվաճումների մեծ մասը պետք է հատուցվի հանրային  տարածքում, մասնագիտությունում, աշխատանքում զոհաբերումների հաշվին, և հակառակը: Ուրեմն եթե չենք վերլուծում երկու տարածքների միջև առկա այս  փոխհարաբերությունը, ապա ինքներս մեզ դատապարտում ենք մասնակի պահանջների բարձրաձայնման, որոնք կարող են հանգեցնել թվացյալ  հեղափոխական, բայց փաստացի պահպանողական քայլերի: Գերակայության բոլոր դրսևորումները՝ ապագաղութացումը, սոցիալական շարժումները հաճախ օգուտ են ձեռք բերում՝ ունենալով կործանարար հետևանքներ:

Télérama. Օրինակ…

Պիեռ Բուրդիե. Բոլորը ասում են. «Հետո այդ ամենը վերականգնվեց…»: Հաճախ սա  գերակայող սկզբունքներին համապատասխան կառուցված պահանջների արդյունքն է: Կողմերի հավասարությունը դրա օրինակներից մեկն է: Այս դեպքում ինձ պատասխանում են՝ եթե պետք է փոխել այս ամենը, ապա էլ բան չես կարող տեղից շարժել: Ո՛չ: Պարզապես պետք իմանալ, որ այն, ինչ անում ենք ճիշտ այն չէ, ինչ կարծում ենք, որ անում ենք:

Télérama. Վերցնենք գլխավոր նախագահ- տնօրենի, որը զբաղվում է «տղամարդկային գործով»,հակառակ մեկին, օրինակ բուժքրոջը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այն համարվում «կանացի մասնագիտություն»:

Պիեռ Բուրդիե. Ձեր հարցն ինձ հիշեցնում է իմ հարցին պատասխանած մի դեռահաս աղջկա հրաշալի նույնաբանական մտորումները. «Մեր օրերում շատ չեն տղամարդկային աշխատանք կատարող կանայք:  Կանացի աշխատատեղերը համապատասխանում են կանանց մասին պատկերացմանը, ահա թե ինչու դրանք «աշխատանքներից» ամենաքիչ աշխատանքայիններն են»: Որովհետև իսկական գործը տղամարդկանց գործերն են: Կնոջ գործը` կանացի գործ է, ասել է  թե ստորադասված, հաճախ  վատ վճարվող, վերջապես մի գործ է, որտեղ կինը սահմանափակված է արտահայտելու իր «բնական» պահանջները կամ դիտարկվում է որպես այդպիսին:

Միացյալ Նահանգների վիճակագրության պարագայում, որը դասակարգում էր մասնագիտությունները ըստ կանացիության աստիճանի, բուժքույրն այդ ցուցակում առաջին տեղն էր զբաղեցնում (մանկական բուժքույրը նույնպես ավելի բարձր դիրքում է): Նա իրականացնում է բոլոր գործառույթները` խնամք, ուշադրություն, նվիրվածություն, զոհաբերում և այլն. սա գերազանցապես կանացի գործ է: Առավել ևս, որ այն գործառնվում է տղամարդկային միջավայրում: Հատկապես Ֆրանսիայում, հիվանդանոցներում դեռ գերակայում է ռազմական աշխարհայացքը՝ շատ հիերարխիկ մոդել … «Շեֆի» այցելությունը ծիսակատարություն է , որտեղ տարածվում է այդ հիերարխիան: Ճիշտ ինչպես գեներալը, ով զորքին շարք է կանգնեցնում: Շեֆը գլխավոր, կենտրոնական անձն է՝ կանանցով շրջապատված, սոցիալական տարբերակման օրենքների համաձայն: Որքան սոցիալապես բարձր է ձեր դիրքը, այնքան ավելի շատ կին կա ձեր տրամադրության տակ (Փարիզում տան սպասավորների տոկոսը, ակներևաբար, կախված է տվյալ թաղամասի հարստությունից), ընդ որում «տրամադրություն»՝ բառիս բոլոր իմաստներով:

Սոցիալապես կառուցակցված կանացի հմտությունները աջակցվում են այդ կառույցներով: Հիվանդանոցի բուժքույրական բաժանմունքը դրանցից մեկն է: Չնայած բժշկական մասնագիտությունների կանացիացմանը, որը շատ տարբերված է՝ մանկաբույժներ, գինեկոլոգներ մոտ, բայց ոչ վիրաբույժների դեպքում:

Télérama. Բուժքույրերի համակարգումը, որը ձևավորվեց 1991 թվին մի շարք պահանջների բավարարման նպատակով և որը տևեց մինչև 1995 թիվը, նույնպես կանացի շարժում չէ՞ր:

Պիեռ Բուրդիե. Ոչ այնքան: Կարծում եմ այն հետաքրքիր էր, որովհետև առաջին ինքնակազմակերպված, արհմիություններից անկախ շարժումն էր: Սա պայմանավորված է բուժքույրերի կրթական մակարդակի բարձրացմամբ: Բայց չնայած նման բարձր մակարդակի, բուժքույրերի ու բժիշկների միջև առկա սահմանը մնում է խիստ ակնհայտ: Ոչ ոք չկարողացավ պատկերացնել այն ներքին պատրաստվածությունը, որը թույլ կտար բուժքրոջը դառնալ բժիշկ, անգամ քաղաքային բժիշկ: Դրանք երկու գործունեություններ են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն: Քիչ նման գրավաճառության ոլորտում տպագրիչների ու տառաշարների դեպքում: Այդ տեսանկյունից էլ սա կարևոր մասնագիտություն է, ուր տղամարդկային գերակայությունը լավագույնս է երևում:

Télérama.  Լինել կանացի նախագահ գլխավոր- տնօրենի դեպքում նո՞ւյնն է ինչ և լինել կանացի քարտուղարի պաշտոնում:

Պիեռ Բուրդիե. Ոչ, իհարկե, ոչ: Սահմանափակումները կախված են գործառույթից: Գլխավոր նախագահ – տնօրենը պետք է լինի պակաս կանացի, քան քարտուղարը, կամ ավելի շուտ նա պետք է լինի լիովին այլ մեկը` կանացի, բայց ոչ չափազանց. պետք է հաստատի իր հեղինակությունը, չպահպանելով կանացիությունը, օրինակ ենթարկվելով հագուստի սահմանափակումներին, որոնց ենթարկվում են և տղամարդիկ (կարճ կտրած մազեր, սթափ գույներ), բայց կանացի նշանների բավարար հիշեցմամբ (կիսաշրջազգեստ, թեթև շպար ու որևէ զուսպ զարդ, և այլն): Ինչպես տեսանք, ներկայացումը չափազանց խորն է ամրագրված կանացի դերում, հատկապես սեռականում. քարտուղարից պահանջվող մասնագիտական ներկայացումն իրենից խնդիր չի ներկայացնում: Հաճախ այն ուղեկցվում է ավելի ամբողջական անգիտակից ենթարկվածությամբ, գրեթե սիրային (կամ մայրական)  հարաբերությունների սպասմամբ: Կան աշխատանքներ, որոնք ցույց են տալիս քարտուղարի դերի ոչ միանշանակությունը (Պինտոյի դեպքը Ֆրանսիայի համար): Սակայն, դժբախտաբար այս դաշտում նկատվում է մատնության միտում, որը սահմանափակում է հասկացումը: Գերակայված լինելու փաստը երբեք գերակայության հստակության երաշխիք չէ:…

Télérama.Մինչդեռ ասում եք, որ գերակայվածն ավելի՞ հասկանալի դիրքում է:

Պիեռ Բուրդիե. Անկասկած, նա ավելի լավ է գլուխ հանում գերակայողից՝  գիտի տեսնել իր թուլությունները, բայց ոչ անհրաժեշտաբար հենց իր վրա կիրառվող գերակայությունում: Իսկ ովքեր հասնում են այդ հստակությանը հաճախ իրենց ընկերների կողմից ընդունվում են որպես դավաճաններ, ովքեր մատնում են գաղտնիքը` բացահայտելով գերակայությունը, ինչը նախընտրում ենք թաքցնել: Ըստ իս, միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել: Չկա ավելի վատ բան, քան պահպանել հարաբերությունների գերակայության մոլորեցումը:

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *