«Կոմունիկատիվ գործողության տեսությունն» ըստ Յուրգեն Հաբերմասի

Հեղինակ` Արմինե Վարդանյան

armine.va@gmail.com

Հաբերմասի «Կոմունիկատիվ գործողության տեսություն» աշխատության տրամաբանությունը կարելի է ներկայացնել հետևյալ փոխկապակցված դատողություններով.

  1. Զարգացնել ռացիոնալության այնպիսի հայեցակարգ, որն այլևս սահմանափակված և կշռադատված չէ զուտ արդի փիլիսոփայության և այլ սոցիալական տեսությունների սուբյեկտիվ նախադրյալներով,
  2. Կառուցել հասարակության երկաստիճան հայեցակարգ, որը միավորում է կենսաշխարհի և համակարգի պարադիգմաները,
  3. Ուրվագծել արդի շրջանի քննադատական տեսություն, որը կբացատրի հասարակության սոցիալական պաթոլոգիաները նոր դիտանկյունից:

 Այս եռաստիճան հիերարխիան, ինչպես և երևում է սխեմայից, ուղղված է այնպիսի տեսության ձևավորմանը, որով հնարավոր կլինի մեկնաբանել կապիտալիստական հասարակության մեջ առաջացող ճգնաժամերը: Հաբերմասի գլխավոր նպատակը հենց կապիտալիստական հասարակության ճգնաժամային բնույթի բացատրությունն էր:

Սույն աշխատանքում կվերլուծվի ռացիոնալության հայեցակարգը և վերջինիս միջոցով կսահմանվի կոմունիկատիվ գործողությունը, ինչը հանդիսանում է Հաբերմասի աշխատության կենտրոնական առանցքը: Հեղինակն իր տեսությունը կառուցում է` կոմբինացնելով վերջինս դասական սոցիալական տեսաբանների հայացքների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի վերլուծության ենթարկել կոմունիկատիվ գործողությունը և զարգացնել քննադատական տեսությունը:

Մտածողության և գործողության ռացիոնալության հիմնախնդիրն այնպիսի թեմա է, որն ավանդաբար ուսումնասիրվել է փիլիսոփայության շրջանակներում: Ի սկզբանե փիլիսոփայությունը ձևավորվել է ուսումնասիրելու աշխարհը որպես ամբողջություն իր ֆենոմենների դրսևորման բազմազանության մեջ: Եվ եթե ճշմարիտ է այն, որ փիլիսոփայությունն իր պոստմետաֆիզիկական և պոստհեգելյան հոսանքներում հարում է ռացիոնալության տեսության հայացքներին, ապա հարց է առաջանում, թե ինչպես սոցիոլոգիան կարող է հավակնել փիլիսոփայության կողքին ռացիոնալության հիմնախնդիրն ուսումնասիրելու մրցակցությանը: Փիլիսոփայությունը տալիս է հիմնախնդիրների ընդհանուր, վերացարկման բարձր մակարդակի մեկնաբանություններ, այնինչ գիտության զարգացման ներկայիս փուլում, պոզիտիվիստական ավանդույթի զարգացումից հետո գիտական կարևոր հրամայականներից մեկը դառնում է հիմնախնդիրներին կոնկրետ լուծումներ տալը: Էմպիրիկ ուղղվածության գիտությունները պետք է կարողանան կապակցել իմաստային համախմբությունները և հիմնախնդիրների լուծման ռացիոնալ վերակազմությունները: Եվ սոցիալական գիտություններից սոցիոլոգիան է, որ առավելապես կապում է իր հիմնական գաղափարները ռացիոնալության պրոբլեմատիկայի հետ: Հաբերմասը դա ապացուցում է` համեմատականներ անցկացնելով այլ դիսցիպլինների հետ:

Այսպես, քաղաքագիտությունը հասարակությունը դիտարկում է որպես քաղաքականապես սահմանված համայնք` ինտեգրված լեգալ նորմերով: Քաղաքագիտությունն ուսումնասիրում է քաղաքականությունը` որպես հասարակության մի ենթահամակարգ` ազատելով իրեն հասարակությունը որպես ամբողջական համակարգ դիտարկելու խնդրից: Նման մոտեցում ունի նաև տնտեսագիտությունը` դիտարկելով տնտեսությունը` որպես հասարակության ենթահամակարգ: Այնուամենայնիվ, տնտեսագիտությունը որոշ չափով անդրադառնում է ռացիոնալության հիմնախնդրին` տնտեսական հավասարակշռության և ռացիոնալ ընտրության հարցերի շրջանակներում: Ի հակադրություն այս գիտությունների` սոցիոլոգիան ձևավորվեց որպես մի գիտություն, որը կուսումնասիրեր հասարակությունն իր ամբողջության, իր բոլոր ենթահամակարգերի համախմբության մեջ: Սոցիոլոգիան ձևավորվեց հասարակական կյանքի ճգնաժամային փուլում, որի հաղթահարման համար հասարակության` որպես համակարգի գործառնության ռացիոնալ մոդելներ էին հարկավոր: Հաբերմասը հասարակական գիտությունների և հասարակության ենթահամակարգերի միջև կորելյացիաները ցույց է տալիս Պարսոնսի AGIL սխեմայի միջոցով`

L – լատենտ գործառույթ – մշակույթ, Մշակութաբանություն I – ինտեգրում – սոցիալական համակարգ, Սոցիոլոգիա
A – ադապտացիա – տնտեսություն, Տնտեսագիտություն G – նպատակադրում – քաղաքականություն, Քաղաքագիտություն

   Աղյուսակ 1. AGIL սխեմա

 Այսպիսով` սոցիոլոգիայի ուսումնասիրության տիրույթում է դրվում սոցիալական գործողության և հասարակական ռացիոնալության հիմնախնդրի ուսումնասիրությունը: Ռացիոնալ վերլուծությունը կարող է սկսվել հիմնավորված գիտելիքի և օբյեկտիվ աշխարհի հասկացություններով: Հաբերմասը դատողությունն անվանում է ռացիոնալ, եթե դրանում ներկայացվող գիտելքը վստահելի է, հարաբերվում է ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ աշխարհի հետ և բաց է օբյեկտիվ դատողությունների համար:

 Կոմունիկատիվ ռացիոնալության գաղափարը

 Կոմունիկատիվ ռացիոնալությունը կապված է խոսքի հետ, որում տարբեր գործող սուբյեկտներ արտահայտում են իրենց տեսակետները, և ձգտելով ռացիոնալության` ընդունում են օբյեկտիվ աշխարհի միասնականությունն ու իրենց կենսաշխարհների ինտերսուբյեկտիվությունը (ֆենոմենոլոգիայում ինտերսուբյեկտիվությունը սոցիալականության հոմանիշն է):

Հաբերմասը ռացիոնալ է կոչում ոչ միայն այն անձին, ով կարող է հիմնավորել իր պնդումը, այլ նաև նրան, ով կարող է հիմավորել իր գործողությունը: Հենց այստեղից է առաջանում կոմունիակտիվ գործողության ռացիոնալության գաղափարը: Կոմունիկատիվ գործողությունը հասկացմանն ուղղված գործողություն է, իսկ հասկացման գործընթացն անհնար է առանց իրականության, երևույթների մասին վերջնական տրվածությունների և նշանակությունների ամբողջության, որն էլ հենց հանդիսանում է կենսաշխարհը: Եթե կենսաշխարհը կիսում ենք, ապա սոցիալապես ինտեգրված ենք: Այսինքն՝ կոմունիկատիվ գործողությունը հնարավոր է միևնույն կենսաշխարհի պայմաններում:

Այսպիսով` ի՞նչ ենք ստանում: Կոմունիկատիվ գործողությունը հասկացմանն ուղղված գործողությունն է, որին կոմունիկատիվ սուբյեկտները հասնում են ինտերսուբյեկտիվորեն կիսելի կենսաշխարհի համատեքստում: Այստեղից բխում է այն եզրակացությունը, որ կոմունիկատիվ գործողության ռացիոնալացումը հանգեցնում է կենսաշխարհի ռացիոնալացմանը:

Դարձյալ անդրադառնանք հասկացման գործընթացին` ընդգծելով, որ դրանում մեծ կարևորություն ունի լեզուն: Հաբերմասը լեզուն ներկայացնում է որպես լեզվաբանորեն կապակցված աշխարհընկալում, որը տալիս է կյանքի կառուցվածքայնացված ձևեր (նշեմ, որ Հաբերմասն աշխարհընկալումը սահմանում է որպես մշակութորեն մեկնաբանվող համակարգ, որն արտացոլում է սոցիալական խմբի բազային գիտելիքները): Լեզվային համակարգը մեկնաբանում է աշխարհը այն մշակութային գիտելիքների միջոցով, որում ձևավորվում է աշխարհընկալումը: Ցանկացած մշակույթ իր լեզվի մեջ արտացոլում է իրականության նկատմամբ վերաբերմունքը:

Կենսաշխարհը ներկայացվում է որպես լեզվական ձևույթ, և հետևաբար պետք է գոյություն ունենան կոմունիկատիվ պրոցեսի վավերականության հավանականություններ: Որպես այդպիսին Հաբերմասն առանձնացնում է`

  •  Ճշմարտությունը,
  • Ճշտությունը,
  •  Ճշմարտացիությունը:

Եվ որպես այս երեքի ինտեգրում` հանդես է գալիս փոխըմբռնումը: Այստեղ հեղինակն օգտագործել է Կ.Պոպպերի երեք աշխարհների դասակարգումը` առանձնացնելով`

  • Առարկայական աշխարհ (փաստերի),
  • Սոցիալական աշխարհ,
  • Սուբյեկտիվ աշխարհ (կենսաշխարհ):

Ճշմարտության հետ մենք գործ ունենք օբյեկտիվ աշխարհի համատեքստում, երբ մեր խոսքը ճշմարտորեն արտահայտում է այն, ինչ տեղի է ունենում: Ճշտության հետ գործ ունենք սոցիալական աշխարհի համատեքստում` մեր խոսքը ճիշտ է, երբ համապատասխանում է սոցիալական աշխարհի պատկերացումներին: Ճշմարտացիության հետ գործ ունենք սուբյեկտիվ աշխարհի համատեքստում` մեր խոսքը ճշմարտացիորեն բխում է վերջնական տրվածություններից և  նշանակություններից: Երբ այս երեք հավանականությունները փոխըմբռնված են, հնարավոր է կոմունիկատիվ գործողության ռացիոնալությունը:

 Գործողության ռացիոնալ ասպեկտը. կոմունիկատիվ գործողություն

 Հաբերմասն առանձնացնում է գործողության 4 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը հարաբերվում է պոպպերյան դասակարգման առնվազն մեկ աշխարհին:

1.         Վեբերյան նպատակառացիոնալ գործողություն: Գործողության այս տիպը հարաբերվում է օբյեկտիվ աշխարհի հետ: Նպատակառացիոնալ գործող սուբյեկտը կիրառում է այնպիսի միջոցներ, որոնք տվյալ իրավիճակի համատեքստում գնահատվում են որպես ամենաարդյունավետը: Նպատակառացիոնալ գործողության մոդելի շրջանակներում դրվում են գործող սուբյեկտի և աշխարհի հարաբերման երկու հիմնահարցեր՝ արդյոք ակտորը կարող է իր մտադրություններն ու ցանկությունները համապատասխանեցնել իրականության հետ,  և արդյոք կարողանում է աշխարհը համաձայնեցնել իր մտայնությունների հետ:

2.         Պարսոնսյան նորմատիվ կարգավորվող գործողությունն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սոցիալական աշխարհի հետ է հարաբերվում: Նորմատիվ կարգավորվող գործողությունը վերաբերում է սոցիալական խմբի անդամներին, որոնց վարքը կողմնորոշված է ընդհանուր սոցիալական արժեքներին: Խմբի բոլոր անդամները, որոնց համար նորմերը ընդունելի են, միմյանցից կարող են սպասել, որ որոշակի իրավիճակում նրանք կիրականացնեն համաձայնեցված գործողություններ: Բոլոր ակտորները, ում համար սոցիալական նորմն ունի միևնույն արժեքը, պատկանում են միևնույն սոցիալական աշխարհին: Գործողության այս մոդելի շրջանակներում ակտորի և աշխարհի հարաբերություններու դրվում են երկու հրամայականներ՝ արդյոք ակտորի դրդապատճառները և գործողությունները համընկնում են գոյություն ունեցող նորմերին, թե շեղվում են դրանցից, և արդյոք գոյություն ունեցող նորմերը մարմնավորում են այն արժեքները, որոնք արտահայտում են ակտորի հետաքրքրությունները:

3.       Գոֆֆմանի դրամատուրգիական գործողությունը հարաբերվում է սուբյեկտիվ աշխարհի հետ: Ակտորը ստեղծում է որոշակի պատկերացում իր մասին` ներկայացնելով իր սուբյեկտիվությունը իրեն ձեռնտու տեսանկյունից: Քանի որ ակտորը այս պարագայում կողմնորոշված է դեպի իր սուբյեկտիվ աշխարհը, ապա աշխարհի և նրա հարաբերություններում դրվում է միայն մեկ հրամայական` արդյոք ակտորի ինքնաներկայացում ճշմարտացի է, արդյոք նա նկատի ունի հենց այն, ինչ ասում է:

4.       Հաբերմասն ավելացնում է կոմունիկատիվ գործողությունը, որը վերաբերում է առնվազն 2 փոխազդող սուբյեկտների: Ակտորները ձգտում են հասնել փոխըմբռնման, որպեսզի կարողանան կոորդինացնել իրենց գործողությունները: Այսպիսի գործողության ժամանակ կարևորվում է լեզուն, որպես կոմունիկացիայի ամենաակտուալ միջոց, որն անհրաժեշտ է ակտորի և աշխարհի հարաբերությունները հասկանալու համար: Այսինքն՝ գործողության այս մոդելում սուբյեկտի և աշխարհի հարաբերությունների հիմքում դրվում հասկացման հրամայականը: Կոմունիկատիվ գործողության դեպքում խոսողն առաջ է քաշում հավաստի դատողություններ, որոնք կոմունիկացիայի մյուս ակտորները ընդունում կամ մերժում են: Ընդ որում հասկացմանը կողմնորոշված ակտորը բարձրացնում է հավաստիության առնվազն 3 հավակնություններ՝ ճշմարտության, ճշտության, ճշմարտացիության, որոնց անդրադարձանք նախորդ բաժնում:

Հաբերմասն անդրադառնալով սոցիոլոգիայի դասականներից Վեբերին, որն ուսումնասիրել է ռացիոնալությունն իր կառուցվածքային և բովանդակային ասպեկտներով, դիտարկել անձնային, մշակութային և հասարակական մակարդակներում ռացիոնալության դրսևորումները, քննարկում է նրա հայեցակարգային դատողությունները: Եթե Վեբերն անդրադառնում է գիտության, արվեստի ռացիոնալությանը՝ հասնելով մինչև ժամանակակից պետության և կապիտալիստական տնտեսության ռացիոնալություն, ապա Հաբերմասը կանոնակարգում է վեբերյան ռացիոնալության հայեցակարգը՝ տալիով ռացիոնալության կոնցեպտուալ սահմանում և դասակարգելով ռացիոնալության ֆենոմենը՝ ըստ բովանդակության:

Ըստ Վեբերի` հասարակության ռացիոնալությունը կապիտալիստական տնտեսության և ժամանակակից պետության տարանջատման արդյունք է: Դրանք երկուսն էլ փոխկապակցված կառույցներ են, որոնք փոխլրացնում և փոխկարգավորում են միմյանց, չնայած հարաբերականորեն ինքնուրույն են: Կապիտալիստական կազմակերպություններն ու պետական բյուրոկրատական ապարատը գործառնում են նպատակառացիոնալ գործողության հիման վրա: Մշակույթը ևս ռացիոնալացվում է օրինակ` մշակութային, էսթետիկ արժեքները անկախանում են և արտացոլվում առօրյա կյանքում, գիտելիքում, պրակտիկ գործողության մեջ: Այս ամենը հանգեցնում է աշխարհայացքի ռացիոնալացմանը:

 Վեբերը գտնում է, որ «ռացիոնալություն» հասկացությունը կարող է ունենալ միանգամայն տարբեր իմաստներ, երբ խոսքը գնում է պրակտիկ գործողության մասին, և երբ վերաբերում է աշխարհընկալման ռացիոնալ համակարգերին: Վեբերն ավելի շատ ուսումնասիրում է պրակտիկ ռացիոնալությունը, որի էությունը հասկանալու համար նա սահմանում է տեխնիկա հասկացությունը: Ռացիոնալ տեխնիկան այն իմաստների ամբողջությունն է, որը կողմնորոշված է դեպի փորձի ձեռքբերմանը և վերարտադրմանը: Ցանկացած գործողություն ունի տեխնիկա:

Վեբերն առանձնացնում է գործողության 3 ասպեկտ`

  1. գործողության իմաստ,
  2. նպատակ,
  3. արժեքային կողմնորոշումներ:

Գործողությունը նպատակառացիոնալ է, եթե դրա մեջ դրված իմաստները աֆեկտիվ չեն, իսկ նպատակներն էլ` արժեքային (արժեքային համակարգերում չկա ռացիոնալություն): Ֆորմալ ռացիոնալությունը հիմք է տալիս նպատակառացիոնալ, իսկ նորմատիվ ռացիոնալությունը` արժեքառացիոնալ գործողությունների համար, որոնց համադրումն արտացոլում է պրակտիկ ռացիոնալության էությունը:

Հիմնք ընդունելով Վեբերի գործողության տիպերը` Հաբերմասն առանձնացնում է`

  1. Ինստրումենտալ գործողություն, որը ենթադրում է միայնակ գործող սուբյեկտ, որը նախապես ռացիոնալ կերպով հաշվարկում է նպատակին հասնելու հնարավորությունները:
  2. Ռազմավարական գործողություն, որը երկու և ավելի անհատների նպատակաուղղված գործողություն է ենթադրում:
  3. Կոմունիկատիվ գործողություն,  որի մասնակիցներիը կողմնորոշված չեն  իրենց անհատական հաջողությանը, նրանք նպատակաուղղում են իրենց գործողությունները տվյալ իրավիճակում հասկացման հասնելուն:

Նույն գործողությունը կարող է մի կողմից դիտվել հաջողությանը կողմնորոշված, մյուս կողմից` որպես հասկացմանը կողմնորոշված: Հասկացման հասնելու գործընթացը սահմանվում է որպես սուբյեկտների միջև համաձայնություն: Կոմունիկատիվ գործողության արդյունքում ձեռքբերված համաձայնությունը ունի ռացիոնալ հիմք:

Գործողության կողմնորոշում Գործողության իրավիճակ

Հաջողությանը կողմնորոշված

Հասկացմանը կողմնորոշված

ոչ սոցիալական

ինստրումենտալ գործողություն

սոցիալական

ռազմավարական գործողություն

կոմունիկատիվ գործողություն

Աղյուսակ 2. Գործողությունների տիպաբանությունն` ըստ Հաբերմասի

 

Միջանկյալ դիտրակումներ. սոցիալական գործողություն, նպատակային գործողություն և կոմունիկացիա

  Հաբերմասի գլխավոր նպատակն էր Վեբերի տեսության միջոցով բացահայտել գործողության տեսության հիմնադրույթները, որպեսզի հետագայում զարգացներ  կոմունիկատիվ գործողության տեսությունը` որպես այս բնագավառի նորամուծություն: Ապակերնտրոնանալով նպատակային գործողությունից` նա կարևորում է վերլուծական գործողությունը` որպես նպատակային գործողության կառուցվածքների հստակեցման միջոց: Վերլուծական գործողության տեսությունը դիտարկում է ավանդական դարձած նեոկանտական փիլիսոփայության բանականության խնդիրը նոր տեսանկյունից` անդրադառնալով միանգամից գործողության տեսության հարցերին:

Կոմունիկատիվ գործողության համար հասկացման այն վերլուծական տեսություններն են կառուցողական, որոնք ավելի շուտ վերաբերում են լեզվական արտահայտությունների կառուցվածքին, քան խոսողի մտադրություններին: Տեսությունը պետք է դիտարկի, թե ինչպես են մի քանի ակտրներ միմյանց փոխկապակցված հասակացման հասնելու մեխանիզմների միջոցով, թե ինչպես նրանք կարող են  կապվել սոցիալական տարածությունում  և պատմական ժամանակում:

Այս համատեքստում Հաբերմասը քննարկում է սոցիալական գործողությունների   փոխըմբռման մեխանիզմը լեզվի միջոցով՝ որպես լեզվաբանորեն կապակցված աշխարհընկալում, որը տալիս է կյանքի կառուցվածքայնացված ձևեր: Այս ամենն ընկած են կոմունիկացիոն տեսության հիմքում` վերաիմաստավորելով հաղորդակցության գործընթացը: Կոմունիկատիվ սուբյեկտները հասկանում են դատողությունն այն դեպքում, երբ գիտեն, թե ինչ  պայմանների դեպքում է այն ճիշտ: Համանման  ձևով նրանք հասկանում են բառը, երբ նրանք հասկանում են, ինչ ներդրում ունի այդ բառը դատողության ճշմարտացիության  հարցում: Այսպիսով` դատողության ճշմարտացիությունը սահմանվում է ճշմարիտ պայմաններից:

Այսպիսով` կոմունիկատիվ գործողությունը կախված է իրավիճակային կոնտեքստից, որը ներկայացնում է փոխազդեցության մեջ գտնվող մասնակիցների կենսաշխարների սեգմենտները: Կոմունիկատիվ գործողության տեսության կապը սոցիոլոգիական տեսության  հետ կարող է ներկայացվել կենսաշխարհի հայեցակարգի միջոցով՝ որպես հասկացման հիմք հանդիսացող վերջնական տրվածությունների ամբողջություն:

 Վեբերյան գործողության տեսության երկու տարբերակ

 Սոցիալական և նպատակային գործողությունների քննարկումը Հաբերմասը սկսում է Վեբերյան գործողության տեսության 2 տարբերակների ներկայացումից, որտեղ շեշտադրում է համակարգող գործողության կարևորությունը, հետո անդրադառնում է այլ տիպի գործողություններին` ուղղված հասկացմանն ու հաջողությանը: Ամենավերջում նա բացատրում է, թե ինչու կոմունիկացիոն գործողությունը պետք է դիտարկվի կենսաշխարհի հայեցակարգի ներքո: Վեբերը գործողության տեսության հիմքում դնում է իմաստը` որպես առանցքաքյին հայեցակարգ, և դրա օգնությամբ տարբերակում է սոցիալական գործողությունը վարքից:

Մարդկային վարքը կարելի է անվանել գործողություն, եթե ակտրը դրանում սուբյեկտիվ իմաստ է դնում: Նա չի կապում իմաստը խոսքի մոդելի, հասկացման լեզվական միջոցների հետ, այլ կապում է գործող սուբյեկտի հավատալիքների և մտադրությունների հետ: Այսինքն` Վեբերը սկսում է թելեոլոգիական մոդելից և սուբյեկտիվ իմաստը դիտարկում որպես նախակոմունիկատիվ ինտենցիոնալ գործողություն:

Վեբերը տարբերում է գործողության հետևյալ տիպերը

  • Նպատակառացիոնալ – գործողություն` հիմնաված ռացիոնալ հաշվարկված պայմանների վրա,
  • Արժեքառացիոնալ – հիմնված հավատի և արժեհամակարգի վրա,
  • Աֆֆեկտիվ – հիմնված էմոցիաների վրա,
  • Ավանդական – հիմնված տվյալ հանրույթի ավանդույթների վրա:

Այս տիբանության հիմքում ընկած է ռացիոնալության աստիճանը: Նա դիտարկել է միայն նպատակային գործողության միջոց-արդյունք հարաբերությունները` որպես ռացիոնալ գործողության հիմք:

Ակտորը վարքը կողմնորոշում է նպատակառացիոնալին, երբ հստակ հաշվարկում է արդյունքը, այլընտրանքային հետևանքները և համապատասխանեցնում միջոցները:

 Աղյուսակ 3. Գործողությունների դասակարգումն` ըստ Վեբերի

Գործողության տիպերը

Իմաստ

Արդյունք

Արժեք

Հետևանք

Նպատակառացիոնալ

+

+

+

+

Արժեքառացիոնալ

+

+

+

_

Աֆեկտիվ

+

+

_

_

Ավանդական

+

_

_

_

Ոչ պաշտոնական տիպաբանություն

 Վեբերը իր տիպանության հիմքում դնում է գործողության ռացիոնալությունը: Սակայն սոցիալական գործողությունները կարելի է տարբերակել նաև ըստ գործողությունների համակարգման մեխանիզմների: Օրինակ` արդյոք սոցիալական հարաբերությունները հիմնված են միայն շահերի վրա, թե նորմատիվ համաձայնության:

 Ելնելով համակարգման տեսակից (շահերի միջոցով կամ նորմատիվ համաձայնության միջոցով) և սոցիալական հարաբերությունների ռացիոնալության աստիճանից (ցածր կամ բարձր)` առանձնացվում են ցածր ռացիոնակությամբ դեֆակտո գործողություններ` հիմնված շահերի վրա, պայմանագրային գործողություններ` հիմնված նորմատիվ համաձայնության վրա, և բարձր ռացիոնալությամբ շահերի վրա հիմնված ռազմավարական գործողություններ, նորմատիվ համաձայնությամբ պայմանավորված հետպայմանագրային գործողություններ:

 Հաջողությանը կողմնորոշված գործողությանն անվանում ենք  ինստրումենտալ, երբ այն դիտարկում ենք գործողության տեխնիկական կանոնների լույսի ներք և գնահատում որպես արդյունավետ: Հաջողության կողմնորոշված գործողությունն անվանում ենք ռազմավարական, երբ դիտարկում ենք ռացիոնալ ընտրության կաննոների լույսի ներքո և գնահատում ռացիոնալ օպոնենտի որոշումների ազդեցության արդյունավետությունը: Գործողությունն անվանում ենք կոմունիկատիվ, երբ ներառված ագենտների գործողությունները համակարգված են ոչ թե հաջողության հասնելու եսակենտրոն հաշվարկներով, այլ հասկացման հասնելու ակտերով: Այս առումով իրավիճակի սահմանման շուրջ բանակցությունները կոմունիկատիվ գործողության մեկնաբանման խնդրի էական տարրն են:

 Հաջողությանը կողմնորոշված և հասկացմանը կողմնորոշված գործողություններ

 Սոցիալական գործողությունները կարելի է դասակարգել` կախված գործողության կողմնորոշվածությունից դեպի հաջողություն և հասկացում:

Հասկացումը համարվում է համաձայնության գալու գործընթաց գործող սուբյեկտների միջև: Կոմունիկացիների միջոցով համաձայնությունն ունի ռացիոնալ հիմք: Համաձայնությունը հիմնվում է ընդհանուր համոզմունքների վրա: Պետք է նշել, որ իրականում խոսքը և հասկացումը իրար հետ կապված չեն, ինչպես միջոց-արդյունք: Սակայն մենք կարող ենք բացատրել հասկացման հայեցակարգը, եթե հստակեցնենք, թե ինչ կոմունիկատիվ բովանդակությամբ է օգտագործել դատողությունը:

Խոսքային գործողությունները ծառայում են հասկացմանը, քանի որ

  •  ձևավորում են միջանձնային հարաբերություններ. խոսողը սոցիալապես կարգավորված աշխարհի նկատմամբ ձևավորում է հարաբերություն,
  •  ներկայացնում են գործողություններ և իրադարձություններ,
  •  ներկայացնում են փորձը. ակտորի սուբյեկտիվ աշխարհի նկատմամբ ձևավորում է հարաբերություն, որտեղ նա ունի մուտքի առավելություն:

Պետք է նշել, որ այդ փոխընբռնումը հնարավոր է վավերականության գիտակցմամբ: Վավերականության հավակնություններին, որոնք ունի ցանկացած կոմունիկացիա՝ ճշմարտություն, ճշտություն, ճշմարտացիություն, արդեն անդրադարձել ենք «Կոմունիկատիվ ռացիոնալության գաղափարը» բաժնում: Ասույթը լսողի կողմից չի ընդունվում, եթե այս վավերականության հավակնություններից մեկը խախատվում է:

  Այսպիսով` սոցիալական գործողությունները կարելի է ներկայացնել հետևյալ սխեմայով.

 Անդրադառնանք նաև այն հարցին, թե ինչու կոմունիկատիվ գործողությունը պետք է դիտարկվի կենսաշխարհի հայեցակարգի ներքո: Համերմասն ամենից առաջ ընդգծում են երեք պահ`

  • կենսաշխարհը` որպես տրվածություն,
  • կենսաշխարհը` որպես ինտերսուբյեկտիվ կիսելի աշխարհ,
  • կենսաշխարհը` որպես ամբողջական և սահմանափակ:
  •   Կենսաշխարհը տրված է ճանաչող սուբյեկտին անվիճելիորեն: Դրանով ենք մենք որոշում ամեն ինչ, ինչ զգում ենք, ապրում որպես ինքնստինքյան ենթադրվող: Կենսաշխարհը ձևավորում է այն բանի անուղղակի կոնտեքստը, ինչը ասվել, քննարկվել է իրավիճակում: Կենսաշխարհը կարծես լինի հետին պլան: Այն կասկածի ենթակա չէ և հիմք է հանդիսանում սեփական փորձի համար:
  •  Կենսաշխարհը սուբյեկտի մասնավոր աշխարհը չէ, այն ինտերսուբյեկտիվ է և ընդհանուր: Իհարկե, կարող են առաջանալ նոր իրավիճակներ, որոնք այլ կերպ են մեկնաբանվում, սակայն դա չի խախտում կենսաշխարհի հանդեպ վստահությունը:
  • Կենսաշխարհ ձևավորում է այն կոնտեքստը, որում իրավիճակը տեղաշարժվում է, ընդլայնվում կամ կրճատվում: Այն անսահմանափակ է, միևնույն ժամանակ դնում է սահմաններ: Կենսաշխարհը սահմանափակում է գործողության իրավիճակը ի սկզբանե հասկանալի, բայց չխոսված կոնտեքստով:

Ըստ Հաբերմասի՝ հենց այս «ետին պլանի» դեպքում է հնարավոր հասկացման հասնելը: Այլ կերպ ասած՝ կենսաշխարհն է պայմանավորում կոմունիկատիվ գործողությունը, մյուս կողմից էլ կոմունիկատիվ գործողությունը վերարտադրում է կենսաշխարհը:

Եզրակացություն

Այսպիսով՝ մենք քննարկեցինք այն հիմնական կատեգորիաները, որոնց հիման վրա հեղինակը կառուցել է իր տեսությունը: Համակարգը և կենսաշխարհը փոխկապված են միմյանց: Համակարգը ապահովում է կոմունիկատիվ գործողության նյութական հիմքը ռեսուրսների և նպատակաուղղված գործողությունների արդյունքների արդյունավետ օգտագործմամբ: Կենսաշխարհը ապահովում է նպատակաուղղված գործողության մոտիվացիան` օբյեկտներին և իրավիճակներին իմաստ, նշանակություն հաղորդելով, ինչի վրա հիմնվելով` մարդիկ ընտրում են մշակույթով, սոցիալապես և անհատապես ընդունելի նպատակներ և միջոցներ:

Հաբերմասը գտնում է, որ ժամանակակից աշխարհում համակարգի և կենսաշխարհի միջև հավասարակշռությունը  խախտված է, և համակարգը «գաղութացնում» է կենսաշխարհը՝ ռացիոնալացնելով այն: Դա կատարվում է կենսագործունեության այն ոլորտների շուկայականացմամբ, որոնցում ստեղծվում են սիմվոլիկ կառուցվածքներ: Փողը և իշխանությունը աստիճանաբար փոխարինում են խոսքային կոմունիկացիային որպես գիտության, արվեստի, կրթության մեջ, մասնագիտական ասոցիացիաներում, տեղային հանրույթներում, ընտանեկան կյանքում գործողությունների կոորդինացման միջոց: Կենսաշխարհի գաղութացումը ժամանակակից հասարակության հիմնական կառուցվածքային պրոբլեմն է և սոցիալական կոնֆլիկտների հիմնական պատճառը, քանի որ սիմվոլիկ կառուցվածքների տապալումը տանում է մոտիվացիոն ճգնաժամի: Այսպիսի պայմաններում հետազոտության գլխավոր նպատակը պետք է հանդիսանա մտածողության և գործունեության այնպիսի ձևի զարգացումը, որը կարող է ծառայել որպես գաղափարական հիմք և պրակտիկ միջոց կենսաշխարհի պահպանման և համակարգի էքսպանսիայի համար: Մտածողության և մոտիվացիոն գործունեության այսպիսի ձևի համար Հաբերմասը ներմուծում է կոմունիկատիվ ռացիոնալություն հասկացությունը` այն հակադրելով համակարգի ինստրումենտալ ռացիոնալությանը:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *