Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Հուլիսի 8-ին Էդգար Մորենը նշում է իր 100-ամյակը: Տարելիցի նախաշեմին նա հրատարակում է այս գեղեցիկ, պարզ տեքստը, որը մտածելու և դրանով կիսվելու առիթ է տալիս:
Զարմացած էի համաճարակով, բայց կյանքումս սովոր եմ անսպասելի իրադարձություններին:
Հիտլերի ժամանելն անակնկալ էր բոլորի համար: Գերմանա- սովետական պայմանագիրն
անակնկալ էր ու անհավանական: Ալժիրի պատերազմը հանկարծական էր: Ես ապրում էի միայն
անսպասելիի համար և սովոր էի ճգնաժամերի: Եվ այս իմաստով այժմ ապրում եմ նոր, հսկայական
ճգնաժամ, որն ունի ճգնաժամի բոլոր բնութագրերը: Այսինքն՝ մի կողմից այն ակտիվացնում է
ստեղծագործական երևակայությունը, իսկ մյուս կողմից՝ առաջացնում վախեր և հոգեբանական
անկում: Մենք բոլորս նախախնամական փրկություն ենք որոնում, բայց չգիտենք, թե ինչպես: Մենք
պետք է սովորենք, որ պատմության մեջ անսպասելին տեղի է ունենում և այն կարող է կրկնվել:
Թվում էր, թե ապրում ենք որոշակիությունների, վիճակագրության, կանխատեսումների և այն
գաղափարի համաձայն, որ ամեն ինչ կայուն է, մինչդեռ ամեն ինչ արդեն սկսում էր ճգնաժամի մեջ
հայտնվել: Մենք դա չէինք գիտակցում: Պետք է սովորենք ապրել անորոշության հետ միասին,
այսինքն՝ համարձակություն ունենալ դիմակայելու, պատրաստ լինել դիմադրել բացասական
ուժերին:
Ճգնաժամը մեզ ավելի խենթ ու իմաստուն է դարձնում: Մի դեպքում՝ առաջինը, մյուսում՝ երկրորդը:
Մարդկանց մեծամասնությունը խելքը թռցնում է, իսկ մյուսներն ավելի ողջամիտ են դառնում:
Ճգնաժամը հավանություն է տալիս ամենահակադիր ուժերին: Հուսամ՝ դրանք կլինեն ստեղծագործ
ուժեր, լուսավոր ուժեր և նոր ուղի փնտրողներ, ովքեր ստանձնում են դա, նույնիսկ եթե դրանք դեռ
շատ ցրված և թույլ են: Մենք կարող ենք արդարացիորեն վրդովվել, բայց չպետք է դա անենք:
Մոռանում ենք մի շատ կարևոր բան, քսան տարի առաջ աշխարհում սկսվեց դեգրադացիայի
գործընթաց: Ժողովրդավարության ճգնաժամ նկատվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում,
այլև եվրոպական երկրներում: Անսահմանափակ շահույթի տիրապետումը, որը վերահսկում է ամեն
ինչ, առկա է բոլոր երկրներում: Ինչպես և բնապահպանական ճգնաժամը: Միտքը պետք է
ճգնաժամերի առաջ կանգնի, որպեսզի տիրապետի և հաղթահարի դրանք: Հակառակ դեպքում մենք
դրա զոհն ենք:
Այսօր տեսնում ենք, որ նոր թափ են հավաքում տոտալիտարիզմի տարրերը: Այս մեկը կապ չունի
անցյալ դարաշրջանում եղածի հետ: Բայց բոլորս քաջ ծանոթ ենք վերահսկման միջոցներին՝
անօդաչու թռչող սարքեր, բջջային հեռախոսներ, դեմքի ճանաչողական համակարգ: Գոյություն
ունեն վերահսկողական տոտալիտարիզմ ստեղծելու բոլոր միջոցները: Խնդիրն այն է, որպեսզի այդ
տարրերը չմիավորվեն՝ մեզ համար ստեղծելու տոտալիտար և անկենսունակ հասարակություն:
Ի՞նչ կարող եմ ցանկանալ 100-ամյակիս նախաշեմին: Մաղթում եմ ուժ, համարձակություն ու
հստակություն: Պետք է ապրենք կյանքի ու եղբայրության փոքր օազիսներում: