ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԻՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ժամանակակից աշխարհում ազգայնականության առջև ծառացած մարտահրավեր են հանդիսանում գլոբալացման գործընթացները (մշակութային ունիֆիկացիա, համընդհանուր արժեքների ձևավորում և սպառում և այլն), որոնք անմիջականորեն ներազդում են ազգային պետությունների գոյության և ինքնավարության (սուվերենության) վրա: Հետևաբար նշանակալի է դառնում այն հարցը, թե ինչպես և ինչ միջոցների շնորհիվ է շարունակում գործառնել ազգայնականությունը` որպես ազգի և ազգային պետության պահպանման հիմք: Առնչվելով պետության շահերին` ազգայնականության գաղափարախոսության դիտարկումը հատկապես կարևորվում է քաղաքական համակարգում, քանի որ հենց այս համակարգի սուբյեկտների կողմից ազգայնական գաղափարախոսությունների մեկնաբանումները և արտահայտումներն ազդում են հասարակական կարծիքի և դիրքորոշումների ձևավորման ու ամրապնդման վրա: Քաղաքական համակարգում նման կարծիքի առջատարների դեր կարող են ստանձնել ինչպես առանձին անհատներ, քաղաքական գործիչներ, այնպես էլ քաղաքական խմբավորումներ, կուսակցություններ: Քաղաքական կուսակցություններն այն կառույցներն են, որոնք հանդիսանալով քաղաքական էլիտայի մաս, մեծապես ազդում են պետական-քաղաքական որոշումների կայացման, հասարակական կարծիքի ձևավորման, ազգային տրամադրությունների փոփոխությունների վրա: Այս առումով մեծ կարևորություն են ներկայացնում Հայաստանում գործող առավել ակտիվ և մեծ լսարան ունեցող քաղաքական կուսակցությունները, քանի որ պետական մակարդակի որոշումները, իրականացվելով իրենց ծրագրերի համաձայն, պայմանավորում են նաև հայ ազգայնականության կառուցակցման հետագա ընթացքը: Ի սկզբանե առանձնացվել են քաղաքական որոշումների կայացման վրա առավել նշանակալի ազդեցություն ունեցող կուսակցությունները` իշխանական կուսակցությունները: Այդ կուսակցություններն են` Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Օրինաց Երկիր կուսակուցությունը (ՕԵԿ): Մյուս կողմից դիտարկվել են իշխող-ընդդիմադիր կուսակցությունները` Ժառանգություն կուսակցությունը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Առանձին ուսումնասիրվել է նաև Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)` որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ: Հայաստանյան քաղաքական դաշտում առավել ակտիվ գործառնող կուսակցությունների (ուժերի) ծրագրերում ազգայնականության արտահայտումների ուսումնասիրությունները հանրավորություն են տվել անել մի շարք եզրակացություններ, կապված քաղաքական համակարգում ազգայինի և գլոբալի համադրության հետ: Մասնավորապես հետազոտության արդյունքներում ներկայացված են ազգայնականության հիմանական տարրերի երանգավորումներն` ըստ ազգայնականության ծայրահեղացվածության աստիճանի: Քաղաքական գաղափարախոսության կառուցման և մասնավորապես ազգայնականության կառուցակցման գործում մեծ ազդեցություն ունի հենց կուսակցությունների գաղափարական ուղղվածությունը: Այսպես` ՀՀԿ-ն հանդիսանում է պահպանողական կուսակցություն, ինչն արդեն իսկ ենթադրում է ազգային արժեքների պահպանման և վերարտադրության կարևորության ընդգծումը: Կոնտենտ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կուսակցության քաղաքական գործունեության ծրագրում առավել ծայրահեղ են ներկայացվում ազգայնականության գործոնները, քան մնացած կուսակցությունների ծրագրերում: Մասնավորապես այստեղ շեշտադրվում է ազգի ընտրյալ լինելու, հավիտենականության հանգամանքները, որոնք միտված են ընդգծելու ազգի բացառիկությունը: Հաշվի առնելով այն, որ ազգայնականության ծայրահեղ դրսևորումները, մասնավորապես էթնոցենտրիզմը և շովինիզմը, կառուցվում են հենց բացառիկության ընդգծման վրա, այս կուսակցության ծրագրում նաև ինտերնացիոնալ արժեքների շեշտադրումը միտված է չեզոքացնելու նման ծայրահեղական դրսևորումները: ԲՀԿ լիբերալ-դեմոկրատական կուսակցություն է, ինչը ենթադրում է, որ այս կուսակցությունում ազգայնական միավորներն առավելապես ինտերնացիոնալ կողմնորոշում պետք է ունենան: Սակայն ԲՀԿ ծրագրի կոնտենտ վերլուծության արդյունքում առանձնացրած միավորներն առավելապես արտահայտվում են ազգայնականության ընդգծման միջոցով, ինչը ցույց է տալիս, որ առաջնահերթ համարելով համագործակցային, դեմոկրատական համակարգերի ստեղծումը` որպես իրենց գործունեության նպատակ, այնուամենայնիվ կուսակցությունը կարևորում է նաև ազգային արժեքների պահպանումը և ըստ էության ազգայնակնության կառուցակցումն այս կուսակցությունում համատեղվում է համագործակցային համակարգերի ստեղծման և զարգացման հետ: ՕԵԿ-ը հանդիսանում է դեմոկրատական կուսակցություն, որն իր գաղափարախոսական հիմանդրույթներն առավելապես հիմնում է ազգայնականության վրա: Որոշ հեղինակների կարծիքով դեմոկրատիան ազգային պետության դեպքում հենց արտահայտվում է ազգայնականության միջոցով: Այսինքն դեմոկրատիան ոչ միայն չի հակասում ազգայնականությանը, այլև այն պայմանավորված է հենց ազգայնական գաղափարախոսությամբ: Հետևաբար ՕԵԿ-ը` որպես իշխանական կուսակություն, ևս էական ազդեցություն կարող է ունենալ հայ ազգայնականության կառուցակցման գործում: Ազգայնական և դեմոկրատական սկզբունքներով է կառուցված նաև ՀՅԴ կուսակցությունը, ինչը և բացատրում է ազգայնականության ծայրահեղացումների ոչ այնքան արտահայտվածությունը: Սակայն պետք է նաև ընդգծել, որ այս կուսակցության ծրագրում հստակ տարանջատված են ազգային և ինտերնացիոնալ արժեքները, որի արդյունքում ազգայնական գործոններն առավելապես ընդգծում են ազգայնականության առաջնահերթությունը: Այսինքն ինտերնացիոնալ արժեքները հատման կետեր չունեն ազգային գործոնների հետ, և հետևաբար, համաձայն ՀՅԴ ծրագրի, ազգայնականության կառուցակցման գործում ևս պետք է հստակ տարանջատել այդ գործոնները և հիմնվել դրանց վրա: Հանդիսանալով ազգային և ազատական (լիբերալ) արժեքների կրող` Ժառանգությունն առավել ընդգծում է ազատական գաղափարների կարևորությունը և հենց այդ համատեքստում է դիտարկում նաև ազգայնականության գործոնները: Այսինքն` ազգայնականության կոնստրուկտը, համաձայն Ժառանգության քաղաքական ծրագրի, պետք է կառուցվի ազատականության հիման վրա: Մասնավորապես այդ մասին են վկայում հետևյալ դրույթների առանձնացումները. ՙՄենք ուզում ենք Հայաստանը տեսնել որպես քաղաքակիրթ և բարգավաճող պետություն, որը յուրային է ընկալվում ժողովրդավարական երկրների կողմից: Պետություն, որը ներքին և արաքին քաղաքականությունը կառուցում է ազգային շահերի վրա, անկյունաքար է դարձնում մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդավարությունը և համամարդկային այլ սկզբունքներ: Մենք վստահ ենք, որ մոտակա տարիներին Հայաստանը կարող է լինել այդպիսի պետություն՚: ՀԱԿ-ը, որը հիմնվում է առավելապես դեմոկրատական սկզունքների վրա, առավել կարևորում է ազգի և պետության գործոնների դիտարկումը ինտերնացիոնալ արժեքների կոնտեքստում: Ընդ որում ուսումնասիրվող քաղաքական կուսակցությունների մեջ այն միակն է, որի քաղաքական գործունեության ծրագրում ազգայնականությանը որևէ ծայրահեղացված դրսևորմամբ չի արտահայտվում: Ըստ էության ՀԱԿ-ը, հանդիսանալով ընդդիմադիր և հեղափոխական խմբակցություն (պայմանականորեն` կուսակցություն), առաջնային նպատակ է համարում երկրի ներսում նոր քաղաքական և ազգային արժեքների ստեղծումը և հասարակական-քաղաքական մակարդակներում բարեփոխումների իրականացումը, ինչի արդյունքում ազգայնականության կառուցակցումը կամ ազգային արժեքների ընդգծումը նշանակալի տեղ չի գրավում կուսակցության գործունեության ծրագրի մեջ: Հարկ է նաև անդրադառնալ ՀՀ քաղաքական կուսակցությունների ծրագրերում ազգայնական միավորների ընդգծվածությանը` որպես այս կամ այն գործոնի առաջնայնության և նշանակալիության արտահայտում: Այս դեպքում որպես հիմնական գործոն, որն առաջ է քաշվում ՀՀ քաղաքական կուսակցությունների ծրագրերում, պետության գաղափարն է: Մասնավորապես ՙհայրենիք՚-ն այն միավորն է, որն առավել հաճախ է ընդգծված (մեծատառով) ներկայացվում ուսումնասիրված կուսակցությունների ծրագրերում` բացառությամբ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի: Ընդ որում ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը այն կուսակցություններն են, որտեղ ազգայնակ որևէ միավոր առանձին շեշտադությամբ չի ներկայացվում: Սա նշանակում է, որ այս կուսակցությունները որպես ազգայնականության կառուցակցման գործիք չեն կարևորում առանձին միավորների շեշտադրումը: Մյուս կողմից եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս կուսակցույուններն առավելապես դեմոկրատական ուղղվածություն ունեն, ապա այդտեղից արդեն իսկ պարզ է ազգի և պետության համագործակցության, հետևաբար նաև այս երկու գործոնների առաջնայնության ընդգծումը: Մյուս գործոնը, որն առավելապես ընդգծվում է ՀՀ քաղաքական կուսակցություների ծրագրերում, ցեղասպանությունն է, որը մասնավորապես ՀՅԴ-ի ծրագրում բացարձակ ընդգծվածություն ունի: Այս միավորի ընդգծումն, ըստ էության պայմանավորված է նրանով, որ ցեղասպանությունը հանդիսանում է այն հիմնասյուներից մեկը, որի վրա կառուցվում է հայ ազգային-կոլեկտիվ հիշողությունը, և հետևաբար այն նաև էական նշանակություն ունի հայ ազգայնականության կառուցակցման գործում: Ոչ պակաս կարևոր են նաև ազգի, պետության և կրոնի առանձնակի ներկայացումները: Ըստ էության պետությունն այն առաջնային գործոնն է, որը ընկած է ոչ միայն հայ ազգայնակնության, այլև ընդհանրապես ազգայնականության կոնստրուկտի հիմքում: Մյուս կողմից ազգի ընդգծումը պայմանավորված է նրանով, որ ազգը և ազգայնականությունը հանդիսանում են փոխկապված և փոխպայմանավորող գործոններ: Ինչ վերաբերում է կրոնին, ապա այն հայ ազգայնականության համար հանդիսանում է այն գործոնը, որը ՙմենք՚-ի և ՙնրանք՚-ի հստակ սահմանների ընդգծման հիմք է ստեղծում: Հետևաբար կրոնի շեշտադրությունը կոչված է ընդգծելու նաև ազգային առանձնահատկությունները և բացառիկությունը: Ընդհանրացված ձևով ներկայացնելով հայ ազգայնականության կառուցակցմանն ուղղված ՀՀ քաղաքական կուսակցությունների գործունեությունը, կարող ենք առանձնացնել հետևյալ դրույթը. ՀՀ քաղաքականությունն ուղղված է ազգայնականության կառուցակցմանը հիմնվելով, մասնավորապես, ծագման, մշակույթի, լեզվի ընդհանրությունների և ազգի բացառիկության ընդգծման վրա: Ընդ որում, քանի որ քաղաքական դաշտում առավելապես իշխանական բնույթի կուսակցություններն են հակված շեշտադրելու և առաջնահերթ նշանակություն տալու ազգայնական այդ գործոնները, ապա կարող ենք ասել որ ներկայումս հայ ազգայնականությունը` որպես պետական գաղափարախոսության արդյունքում ձևավորվող կոնստրուկտ, հիմնված է ազգային մշակույթի միջոցով հայ ազգը ՙօտար՚-ներից տարանջատելու վրա:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *