Disneyworld company

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
Ժ. Բոդրիար “Disneyworld company” բնօրինակը տե’ս հղումով
hp.dayan@rambler.ru

80-ականների սկզբին, երբ լոթարինգյան մետաղագործությունը հայտնվեց ճգնաժամի մեջ, պետական իշխանությունը մտադրվեց հարթել այդ անկումը` ստեղծելով եվրոպական զվարճանքների զբոսայգի, «խելամիտ» թեմայով մի զբոսայգի, որը նոր շունչ կտար տարածաշրջանին: Այն պետք է կոչվեր «Schtroumpfland» : Անկում ապրած սև մետաղագործության տնօրենն ինքնստինքյան դարձավ զվարճանքների այգու տնօրեն, իսկ անգործ մետաղագործները այդ զվարճանքի այգու տարածքում վերստին աշխատանքի անցան որպես «Schtroumpmen» : Սակայն, ավաղ, երբ զբոսայգին նույնպես տարբեր պատճառներով ստիպված եղավ փակել իր դռներն այցելուների առջև, նախկին «Schtroumpmen»-ի մետաղագործները կրկին դարձան գործազուրկ: Մռայլ է այն նախաձեռնության ճակատագիրը, որն այդ աշխատողներին աշխատաշուկայի իրական զոհեր դարձնելուց հետո, վերափոխեց նրանց ազատ ժամանակի ուրվական աշխատավորների, որպեսզի ի վերջո գործազուրկ դարձնի և՛ մեկին, և՛ մյուսին:
Սակայն «Schtroumpfland»-ն այս ամենի միայն փոքրապատկերն էր: Դիսնեյլենդը լրիվ այլ մասշտաբի նախաձեռնություն էր: Դրա մասին գաղափար կազմելու համար պետք է հասկանալ, որ Դիսնեյլենդը «անսահմանափակ» է. կցված լինելով ամերիկյան ամենամեծ հեռուստաալիքներից մեկին` այն պատրաստվում էր գնել Նյու Յորքի 42-րդ փողոցը, դրա «ամենայուղոտ» մասը` ստեղծելու էրոտիկ թեմայով զբոսայգի, գրեթե կամ էլ ոչինչ չփոխելով. ընդամենը տեղում վերափոխելով պոռնոգրաֆիայի ամենաբարձր կենտրոններից մեկը Դիսնեյլենդի մասնաճյուղի: Վերափոխել պոռնոգրաֆներին, մարմնավաճառներին, ինչպես «Schtroumpfland»-ի մետաղագործներին, պատկերելով իրենց սեփական աշխարհն ըստ համանմանության, «թանգարայնության», «դիսնեյլենդության»: Իսկ գիտե՞ք, թե ինչպես «հաղթանակի հասավ» գեներալ Շվարցկոֆը` Ծոցի պատերազմի ստրատեգը: Դիսնեյլենդում մի մեծ խարխաճանք կազմակերպելով: Երևակայականի պալատում տեղի ունեցող այդ խրախճանքը վիրտուալ պատերազմի արժանի ավարտն էր հանդիսանում:
Սակայն, Դիսնեյի նախաձեռնությունը երևակայականից էլ հեռուն գնաց: Մեծն ռահվիրան՝ երևակայականի վիրտուալ իրականության նախաձեռնողն այսօր ողջ իրական աշխարհը գրավելու ճանապարհին է՝ իր համադրության աշխարհում, մի ահռելի ռեալիթի շոուի ներքո ինտեգրելու համար, որտեղ իրականությունը ներկայացվելու էր իբրև զվարճանքների այգի: Իրականի փոխներարկումը նման է արյան փոխներարկման, միայն թե այն բացառությամբ, որ այս դեպքում տեղի է ունենում իրական արյան փոխներարկում դեպի վիրտուալի կենսազուրկ աշխարհ: Երևակայականի մարմնավաճառությունից հետո ահա իդեալական և պարզեցված տարբերակով իրականի պատրանքը: Օռլանդո քաղաքի Disney World-ում նրանք անգամ Լոս Անջելեսի Դիսնեյլենդը նույնականությամբ վերակազմելու ճանապարհին էին: Երկրորդ մակարդակի պատմական զվարճանքի պես մի բան, երկրորդ աստիճանի քառակուսի բարձրացրած սիմուլյակր: Դա միևնույն բանն է, ինչ CNN-ն արեց Պարսից Ծոցի պատերազմի հետ` մի նախատիպային իրադարձություն, որը տեղի չունեցավ, որովհետև այն տեղի ունեցավ իրական ժամանակում, CNN-ի վայրկենական ռեժիմի ներքո: Այսօր Դիսնեյը կարող էր մեծ հաջողությամբ վերսկսել Ծոցի պատերազմը որպես համաշխարհային զվարճանք: Եվրոդիսնեյում, Կարմիր բանակի երգչախմբերը նշեցին Սուրբ Ծնունդը: Վիրտուալ բազմաձև աշխարհում ամենը հնարավոր է և վերամշակելի: Ամեն բան հնարավոր է ետ գնել: Ուշադրություն չէին դարձնի, թե ինչու վաղը Դիսնեյը չի գնի մարդկային գենը. ուշադրություն չեն դարձնի, որ գենետիկ զվարճանք կազմակերպելու համար մակրոմոլեկուլը կազմող էլեմենտների հաջորդականության կարգը որոշելու ճանապարհին են: Ամբողջ մոլորակը հիմնահատակ սառեցնել, ինչպես արվեց ճիշտ իր՝ Ուոլթ Դիսնեյի հետ, այսինքն սառեցնել հեղուկ ազոտով՝ սպասելով իրական կյանքի, չգիտես ինչ հարությանը: Բայց, ախր գոյություն չունի այլևս իրական աշխարհ, և այն անգամ գոյություն չի ունենա Դիսնեյի համար. եթե մի օր նա զարթնի ապա դա իր կյանքի ամենամեծ անակնկալը կլինի: Հեղուկ ազոտի խորքում սպասելիս` նա շարունակում էր գործի դնել երևակայական աշխարհն ու իրականությունը` միախառնված իրական աշխարհի վիրտուալության լուսապատկերային աշխարհում. մենք, հետևաբար, բոլորս դարձել ենք անխոս դերակատարներ: Տարբերությունն այն է, որ երբ հագնում ենք մեր թվային կոստյումները կամ որսացող սարքերը, կամ էլ սեղմելով զգայուն սեղմակներին, մի կենդանի լուսապատկերի մեջ ենք մտնում, այնինչ նա` հանճարեղ կարապետը` Դիսնեյը, ոտք դրեց մահվան վիրտուալ իրականություն:
Աշխարհի Նոր Կարգը դիսնեյական է: Բայց Դիսնեյը միայնակ չէ մարդակերության նման գրավչության մեջ: Կարող ենք տեսնել Բենետոնին իր գովազդային արշավների ընթացքում, երբ ի ցույց է դրվում մարդկային ամբողջ դրաման (ՁԻԱՀ, Բոսնիա, աղքատություն, ապարտհեյդ ), իրականությունից դեպի լրատվական Նոր Կերպարանավորման փոխներարկում, այնտեղ, ուր աղքատությունն ու խղճահարությունը մտնում են ինտեսնիվ ռեզոնանսի մեջ: Վիրտուալն առանց երկար-բարակ մտածելու շարժվում է դեպի իրականություն և դրանով իսկ պատրաստի հարված է հասցնում այդ նույն իրականությանը:
Եթե այս գործողությունը բարոյական կողմից բացի որևէ այլ քննադատություն չի հնչեցնում, առաջացնում է համայն հիացմունք, կարող է նման կերպ տեղի ունենալ, ուրեմն իրականությունն ինքնին, աշխարհն ինքնին, կլոնների իր ամբողջ խելահեղ գործունեությամբ հանդերձ, արդեն վերափոխվում է մի ինտերակտիվ ներկայացման, գաղափարների Լունապարկի պես մի բանի, տեխնիկաների, աշխատությունների, գիտելիքի, մահվան և կործանման` ունակ կլոնավորվելու և հարություն առնված լինելու մանկության Երևակայության թանգարանում, Տեղեկատվության վիրտուալ թանգարանում:
Բացի այդ, անօգուտ է փնտրել տեղեկատվական վիրուսներ. մենք բոլորս գտնվում ենք վիրուսային ցանցում և հենց ինքը տեղեկատվությունն է, որ վիրուս է՝ սեռական ճանապարհով դեռևս չփոխանցելի, բայց թվային եղանակով` ավելի արդյունավետ:
Այդպիսով Դիսնեյից շատ ջանք չի պահանջում վեր հանելու իրականությունն այնպիսին ինչպիսին որ կա: «Ազդու ինտեգրացված» կասեր Գի Դեբորը: Բայց մենք այլևս ներկայացման հասարակությունում չենք, որն ինքնին դարձավ մի գունեղ հասկացություն: Սա այլևս իրականությունը կեղծող ներկայացմամբ վարաքվել չէ, այլ` վարաքվել վիրտուալով, որը ջնջում է ներկայացումը: Դիսնեյլենդը՝ հեռացման ու զվարճանքի ազդեցություն թողնելով, դեռևս ներկայացում է ֆոլկլոր, մինչդեռ Disneyworld-ի հետ միասին ու իր շոշափելի ընդարձակմամբ, այն գործ է ունենում ոչ թե այլևս երևակայության շրջանակներում ընդհանրացված մետաստազի, աշխարհի ու մեր մտավոր աշխարհի կլոնավորման հետ, այլ՝ վիրտուալ ու վիրուսային աշխարհի: Մենք այլևս պասիվ և օտարացված հանդիսատես չենք, այլ ինտերակտիվ անխոս դերակատարներ՝ այս ահռելի ռեալիթի շոուի սիրալիր, անխոս դերակատներ: Այն այլևս չի գործառնում օտարացման գունագեղ տրամաբանության, ոչ էլ մարմնականի լուսապատկերային տրամաբանության, ոչ էլ այլևս դիվերսիայի ֆանտաստիկ տրամաբանության շրջանակներում, այլ` մոլեկուլային մակարդակով փոխներարկման, մեր յուրաքանչյուր բջջի վերափոխման հիման վրա. այսպիսով, աշխարհի ներքին և ոչ թե արտաքին կողմի արմատական զսպման նախաձեռնություն, նման կապիտալիստական իրականության նկատմամբ առկա այսօրվա կարոտախտին: Վիրտուալ իրականության անխոս դերակատարն այլևս ոչ դերասան է, ոչ էլ՝ հանդիսատես. նա բեմից դուրս գտնվող անպարկեշտ մեկն է:
Դիսնեյը շահում է մեկ այլ կողմից նույնպես: Չբավարարվելով ջնջել իրականը՝ առանց խորության ստեղծելով մի վիրտուալ եռաչափ պատկեր, ջնջում է նաև ժամանակը՝ միևնույն ճամփորդության ընթացքում սինխրոնացնելով բոլոր դարաշրջանները, միևնույն սցենարում համադրելով բոլոր մշակույթները: Այդպիսով նա սկիզբ է դնում իրական, ճշգրիտ, միաչափ ժամանակի, նույն ինքն առանց խորության՝ ոչ ներկա, ոչ անցյալ, ոչ էլ ապագա, այլ միևնույն արտաժամանակյա վիրտուալության մեջ բոլոր վայրերի, ժամանակների վայրկենական սինխրոնացում: Ժամանակամիջոց կամ կոլապս. դա էլ հենց չորրորդ չափումն է: Սա վիրտուալի, իրական ժամանակի չափումն է. այն (չորրորդ չափումը)՝ հեռու լինելով միանալու իրական եռաչափ տարածությանը, ջնջում է նրան: Այդպիսով կարող ենք ասել՝ մեկ դարում կամ հազարամյակում Անտիկ շրջանի կանացի հագուստներով ներկայացվող ֆիլմերը կդիտվեն իբր հռոմեական շրջանը պատկերող ֆիլմեր՝ թվագրվելով Հռոմեական կայսրության ժամանակահատվածին, որպես Հին Հռոմին վերաբերող իրական վավերագրական ֆիլմեր. Մալիբույում Պոլ-Գետտիի թանգարան պոնպեական շրջանին հատուկ վիլլայի ընդօրինակումը ժամանակաշրջաններից շեղվելով կխառնվի մ.թ.ա. 3-րդ դարի վիլլայի հետ (այդ թվում ներքին հարդարանքի մաս կազմող ստեղծագործություններով՝ Ռեմբրանդ, Ֆրա Անջելիկո. այս ամենը միախառնված նույն այդ ժամանակի ոչնչացման մեջ), որ Լոս-Անջելեսում ֆրանսիական հեղափոխության նշանավորումը 1989 թվին հետահայաց ձևով կմիախառնվի իրական հեղափոխության հետ: Փաստացի Դիսնեյն իրականացնում է այս անժամանակյա ուտոպիան՝ միանգամից մի քանի էկրանի վրա ներկայացնելով անցած կամ գալիք բոլոր դեպքերը, անողոքաբար խառնելով բոլոր հաջորդականությունները, ինչպիսին էլ որ դրանք երևան գան, կամ երևան կգան մեզնից բացի մեկ այլ քաղաքակրթության մեջ: Սակայն դա արդեն մեզ է պատկանում: Քանի որ մեզ կամաց-կամաց ավելի ու ավելի դժվար է լինում պատկերացնել իրականը, պատկերացնել Պատմությունը, ժամանակի խորությունը, կամ եռաչափ տարածությունը, ինչպես որ նախկինում էր դժվար մեր իրական աշխարհի հեռանկարներից այն պատկերացնել վիրտուալ կամ քառաչափ ձևով:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *