Հեղինակ` Գայանե Հարությունյան
Կոնտակտներ` gayane.harutyunyan@gmail.com
Սոցիոլոգիան` որպես առանձին գիտություն, տեղեկատվության հավաքման համար կիրառում է երկու խմբի մեթոդներ: Մեթոդ ասելով նկատի ունենք տեղեկատվության հավաքման, մշակման ու վերլուծության հիմնական սկզբունքները [Ядов 1998, 62]: Այսպիսով, սոցիոլոգիայում առանձնացնում են քանակական ու որակական մեթոդներ: Մեթոդներից յուրաքանչյուրը հիմնվում է համապատասխան մեթոդաբանության վրա` քանակական կամ որակական, որն էլ բխում է տեսական հիմքից, վերջինս էլ` իմացաբանությունից: Օրինակ, եթե իմացաբանական հիմքը կոնստրուկտիվիզմն է, ապա դրանից բխող տեսական հեռանկարներից մեկը ֆենոմենոլոգիական տեսությունն է, սրան համապատասխան հնարավոր է կիրառել օրինակ ֆենոմենոլոգիական մեթոդաբանությունը, իսկ որպես մեթոդ` ընտրել խորին հարցազրույցը:
Ինչպես քանակական, այնպես էլ որակական մեթոդների առանձնահատկությունները պայմանավորված են համապատասխան մեթոդաբանության առանձնահատկություններով:
Քանակական մեթոդները հիմնվում են օբյեկտիվիստական իմացաբանության վրա: Մեթոդի կիրառման ընթացակարգը ամրագրված է: Եթե, օրինակ, իրականացվում է ստանդարտացված հարցազրույց, ապա հարցաթերթում առկա բոլոր հարցերը պետք է հնչեցվեն նույն հերթականությամբ, որով նշված են: Հարցման ընթացքում հարցեր ավելացնել և/կամ պակասեցնել չի կարելի: Այս մեթոդները հնարավորություն չեն տալիս հաշվի առնել ու չափել իրավիճակի կոնտեքստը` այն միջավայրը / ինչպես հուզական, այնպես էլ ֆիզիկական/, որում կատարվում են ուսումնասիրությունները: Այդ պատճառով շատ հաճախ ստացված տվյալները լինում են կոնտեքստից կտրված: Մեթոդի կիրառման ընթացքը ֆորմալ է, հետազոտողը մինիմալ չափով է փոխազդում հարցվողի հետ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենա նրա պատասխանների վրա: Այս մեթոդների միջոցով ստացվում են տվյալներ, որոնք արտահայտված են լինում թվային օրինաչափությունների տեսքով: Այսինքն այս պարագայում հետազոտողը նպատակ է հետապնդում չափել և մեկնաբանել երևույթը թվերի միջոցով: Եվ հենց այդ պատճառով այս խմբի մեթոդներով ուսումնասիրվող օբյեկտը քանակապես նշանակալի միավոր է, ինչը հետագայում հնարավորություն է տալիս ստացված տվյալներից որոշակի թվային օրինաչափությունների միջոցով եզրահանգումների գալ` առաջ քաշել նոր հիպոթեզներ կամ հաստատել ու հերքել արդեն գոյություն ունեցողները:
Քանակական մեթոդների շարքին կարելի է դասել ստանդարտացված հարցման մեթոդը, կառուցվածքայնացված դիտարկումը, գիտափորձը և փաստաթղթերի կոնտենտ վերլուծությունը:
Որակական մեթոդները հիմնվում են առանձնահատուկ` որակական մեթոդաբանության վրա: Ունեն ճկուն ընթացակարգ` այսինքն, օրինակ, խորին հարցազրույցի ընթացքում հնարավոր է հարցերի հեթականությունը փոփոխել, կամ ընթացքում նոր հարցադրումներ կատարել: Մեթոդի ընթացքում տիրող մթնոլորտը ֆորմալ չէ, այլ ազատ ու ընկերական, որտեղ հետազոտողի դերը դոմինանտ չէ: Որակական ազատ կամ կիսաստանդարտացված հարցազրույցներն ավելի նման են ընկերական զրույցի` ի տարբերություն ֆորմալ հարցման: Այս մեթոդները հնարավորություն են տալիս հաշվի առնել իրավիճակի կոնտեքստը, ինչի պատճառով հաճախակի քննադատվում են սուբյեկտիվության համար: Այս տիպի մեթոդներով ստացված տեղեկատվությունը, որպես կանոն, թվային արտահայտում չի ստանում: Մեթոդի նպատակը ոչ թե որոշակի թվային օրինաչափություն, կարծիքների տոկոս ստանալն է, այլ հասկանալ իրավիճակի մեկնաբանությունը հարցվողների կողմից, այն իմաստները, որոնք ներդրվում են իրավիճակի մեջ, հարցվողների արժեքները: Այսինքն` այստեղ շեշտադրվում է այն, թե ինչպես են հարցվողները տեսնում, մեկնաբանում ու հասկանում իրենց շրջապատող իրականությունը: Որակական մեթոդները նպատակ են հետապնդում են ոչ թե «չափել» թվային իմաստով, այլ «հասկանալ» երևույթը:
Որակական մեթոդների շարքին են դասվում ազատ ու կիսաստանդարտացված հարցազրույցի մեթոդը, փաստաթղթերի ավանդական վերլուծությունը, ոչ կառուցվածքայնացված դիտարկումը, ֆոկուս խմբերի մեթոդը:
Մեթոդի ընտրությունն և կիրառությունը պայմանավորված է` նախ ուսումնասիրվող օբյեկտի առանձնահատկություններով, ինչպես նաև հետազուտության խնդիրներով ու նպատակով: Թերևս, օբյեկտի բազմակողմանի ուսումնասիրության համար հետազոտողները հաճախակի զուգորդում են քանակական ու որակական մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս լրացնել տեղեկատվության այն բացը, որը առաջանում է այս կամ այն մեթոդի սահմանափակությունների պատճառով:
Տե’ս գրականություն
- Թադևոսյան Գ.<<ՙՈրակական սոցիալական հետազոտություններ>> Երևան, ԵՊՀ, 2006
- Ядов В. « Стратегия социологического исследования» М., «Добросвет» 1998
- Девятко И. « Методы социологического исследования» М., «Книжный дом» 2003
- Татарова Г. «Методология анализа данных в социологии» М., «Институт Открытое общество», 1999