Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Առողջապահության ոլորտի ճգնաժամը բազմաթիվ բանավեճերի առիթ է ստեղծում: Ձեր թերթը և Espace Mendès-France կենտրոնը բարեխոսեցին փորձագետներին հայտնել իրենց տեսակետը: Վերջինը՝ Էդգար Մորենի:
Մինչ համաճարակը կասկածի տակ է դնում մեր հասարակություններն ու աշխարհի հետ մեր հարաբերությունները, «Ֆլամմարիոն» հրատարակչությունը վերահրատարակում է Էդգար Մորինի երկու էսսե՝ ճգնաժամ հասկացության շուրջ: Այս սոցիոլոգը, փիլիսոփան և բարդության մտածողը բազմիցս հյուրընկալվել է Պուատիեում, Espace Mendès-France կենտրոնում: Եղել է նաև L’Actualité Nouvelle-Aquitaine ամսագրի սյունակներից մեկի մշտական հեղինակը: Ձեր թերթի և Espace Mendès-France- ի խնդրանքով նա անդրադառնում է ճակատագրի ընդհանրությանը, որի մասին հիշատակել է իր մեկ այլ`«Հայրենի Երկիր» (Terre-Patrie) գրքում:
-Երեսուն տարի առաջ Ձեր «Երկիր Հայրենի» գրքում նկարագրեցիք մի իրավիճակ, որն այսօր ապրում ենք: Ի՞նչը Ձեզ ստիպեց քննության առնել այն:
-65-70-ականներին հստակ գիտակցեցի, որ գտնվում ենք մոլորակային դարաշրջանում և, հավանաբար, մոլորակային երկաթե դարում: Մարդկության ընդհանուր ճակատագրի մասին գիտակցությունը ստիպեց ինձ գրել «Երկիր Հայրենի» գիրքը: Վերջինս ինձ համար կարևոր էր ապագայի պայմաններն ուսումնասիրելու տեսանկյունից, որը ո՛չ սպիտակ է, ո՛չ էլ սև. ապագա, որտեղ հատվում են մեր զարգացման հիմնական միտումները, որտեղ վատագույնը մերձակցում է լավագույնին` նորարարական գաղափարների և հակամարտող ուժերի միջև մշտական պայքարով: Եվ վերջապես այն փաստը, որ ոչինչ հավերժ չէ, ու որ քչերի կամքից կարող է այլ աշխարհ ծնվել: Այս իմաստով «ԵրկիրՀայրենի»-ն պահանջում է կրկնակի գիտակցում՝ մենք մեր մոլորակում միայնակ չենք, այլ սերտորեն կապված ենք կենդանի օրգանիզմների հետ: Մի կարևոր գաղափարի գիտակցում, որը մետամորֆոզը դարձնում է հեղափոխությունները գերազանցող գործընթաց: Կենդանի արարածների նկատմամբ ունեցած հենց այս վերաբերմունքն է, մեր աճի մոդելների ճիշտ ճանապարհից շեղված, ինձ միշտ ստիպել վախենալ հնարավոր սարսափելի «վերադարձից», որպես մեր շրջակա միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք:
-Ի՞նչ են Ձեզ ներշնչում ի հայտ եկող վախերը:
-Այստեղ ես կցանկանայի ձևակերպել կյանքի և հույսի որոշ սկզբունքներ: Նախ, անհավանականի առաջացումը: Պատմությունը մեզ հիշեցնում է, որ այս սկզբունքը մշտական է: Հիշում եմ ինչ հոգեվիճակում էինք 1942 թվականի դեկտեմբերին, երբ 21 տարեկան էի՝ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ: Երբ նացիստական ուժերը վերահսկում էին ամբողջ Եվրոպան և դրա սահմաններից դուրս ընկած տարածքները, հուսահատությունն ահռելի էր: Բայց անսասան, քաջարի դիմադրությունը փոխեց կանխագուշակումը: Հանդիպակաց քամու առջև ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ եթե, ըստ Վասիլի Գրոսմանի[1], մարդկության այս հաղթանակը միևնույն ժամանակ իր ամենամեծ պարտությունն էր, քանի որ ստալինյան տոտալիտարիզմը հաղթանակած դուրս եկավ: Ժողովրդավարական պետությունների հաղթանակը միաժամանակ վերականգնեց նրանց գաղութատիրությունը: Մարդկությունն ունի աննախադեպ ստեղծող/ վերականգնող առաքինություններ: Ճիշտ ինչպես չափահաս մարդու օրգանիզմում կան ցողունային բջիջներ, որոնք օժտված են սաղմնային բջիջներին բնորոշ ունիվերսալ կարողությամբ, բայց ոչ ակտիվ, այնպես որ յուրաքանչյուր մարդու մեջ, յուրաքանչյուր մարդկային հասարակությունում կան այս ստեղծագործական առաքինությունները՝ քնած կամ արգելակված վիճակում: Խոսքը վերաբերում է դրանց արտահայտմանը, և այս իմաստով ցանկացած ճգնաժամ ունի իր սեփական արժանիքները: Միևնույն ժամանակ ինչպես հետադիմական կամ կազմալուծող, այնպես էլ ծնիչ ու ստեղծագործ ուժերը մարդկության մեջ արթնանում են մոլորակային ճգնաժամի պայմաններում: Մեկ այլ կարևոր գաղափար, որի հետ զուգակցվում են վտանգի առաքինությունները. «Որտեղ աճում է վտանգը, այնտեղ էլ աճում է այն, ինչը փրկում է»: Գերագույն հնարավորությունն անբաժան է գերագույն ռիսկից: Մարդկության աշխարհիկ ձգտումն առ ներդաշնակություն, կրոնների դրախտային վիճակ, Լուսավորության և 19-րդ դարի ուտոպիաներ, ազատական/ սոցիալիստական/ կոմունիստական գաղափարախոսություններ, էլ չեմ ասում 1960-ականների երիտասարդական նկրտումներ ու ընդվզումներ, այս ամենը միայն փորձեր են: Այս մղումը, ցրված ձևով, վերածնվում է այսօրվա ընթացիկ նախաձեռնությունների խլրտոցում, որոնք ի վիճակի կլինեն ձևավորել բարեփոխման ուղիներ՝ կոչված նորովի միավորվելու: Բայց Արաբական գարնան օրինակով, զգոնությունը երբեք չպետք է թուլանա, քանզի առաջընթացի դրսևորումները միշտ թիրախավորվում են հակառակ ուժերի կողմից, որոնք շահագրգռված չեն նոր ուղիների բացահայտմամբ: Զգոնությունն ու համերաշխությունն են խնդրի լուծման բանալին:
-Ինչպե՞ս գնալ դեպի այդ նոր ուղին:
-Վստահ եմ՝ նույնիսկ եթե հետադիմական ուժերը սկսեն թափ հավաքել, մենք պետք է պահպանենք եղբայրության, ազատ մտքի, քննադատական մտածողության կղզյակները, և որ դիմադրության այդ կղզյակները, ինչպես նախկինում առկա դիմադրության այլ ձևեր, կօգնեն ապագա սերունդներին նորից թափ հավաքել: Պուատիեում, Espace Mendès-France կենտրոնի հետ համատեղ Դուք ունեք մի կղզի, որն արդեն երկար ժամանակ մեծահոգաբար կենսագործում ու տարածում է այդ գաղափարը՝ կիսելով այն, ինչը մեր սահմաններից անդին է՝ ապրել ընդհանուր մարդկային ճակատագրով, կասկածի տակ դնել այն և բանավիճել դրա շուրջ: Ճամփորդական ընկերոջս՝ Դիդիե Մորոյի հետ ամիսներ առաջ ուրվագծեցինք ժողովրդական համալսարանի գաղափարը՝ հնարավորություն տալով ձևավորել ու խրախուսել այն վերամիավորված գիտության և մարդկության միջոցով: Այս անորոշ պահերը մեզ միավորում են, և բոլորի համար նախատեսված բաց համալսարանի նման գաղափարը շղթայի առաջին օղակն է, որը ես շատ եմ հավանում, որովհետև դա մեզ ազատում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ ապրում ենք անորոշություններին ու բարդություններին դիմակայելու մտքով… Իրական հույսը գիտի, որ այն համոզվածություն չէ: Դա ոչ թե աշխարհներից լավագույնին ուղղված հույսն է, այլ հենց լավագույն աշխարհին ուղղվածն է: Սկզբնաղբյուրը մեր առջև է, ասում էր Հայդեգերը: Մետամորֆոզն իսկապես նոր սկիզբ կլիներ: Ուրեմն եկեք շարժվենք դրա ուղղությամբ:
[1] Վասիլի Գրոսման, (1905-11964), ռուս, խորհրդային գրող, լրագրող։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի շարքերում։ Զինվորական թերթերում, հատկապես «Կրասնայա զվեզդա»-ում տպագրել է ակնարկներ («Գլխավոր հարվածի ուղղությունը» և այլն)։ «Ժողովուրդն անմահ է» (1942) վեպը պատերազմական թեմայով առաջին ծավալուն գործն է։ «Հանուն արդար գործի» (1952) անավարտ վեպի գաղափարական հիմքը խորհրդային ժողովրդի բարոյական ուժն է, բարոյալքված ֆաշիզմի կործանումը։ Գրողի գլխավոր գիրքը`«Կյանք և ճակատագիր» վեպը, առգրավվեց 1961 թվականին Պետական Անվտանգության Կոմիտեի կողմից, հրաշքով պահպանվեց, գաղտնի հանվեց միկրոֆիլմի վրա և առաջին անգամ հրատարակվեց միայն 1980 թվականին Շվեյցարիայում՝ Լոզանում:Գրոսմանը բազմիցս եղել է Հայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս է տեսել հետմահու (1966) (թարգմ.)։