Լիլիթ Իսկանդարյան
lilit.xd@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21), հասարակական գիտություններ, Երևան, էջ 50-58
Հայաստանյան իրականության պատմական և սոցիալական պայմանները կապված են հասարակության տրանզիտային բնույթի՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների և զարգացման հետ. վերջին քսանհինգ տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր, տեղի են ունեցել ինստիտուցիոնալ և տնտեսական մասշտաբային փոփոխություններ, որոնք անդրադարձ են ունեցել նաև կրթության ինստիտուտի վրա: ՀՀ-ում 2008 թվականին իրականացվել է հանրակրթության ոլորտի բարեփոխում. ստեղծվել է առանձին ավագ դպրոցի համակարգ, որի առաքելությունը հիմնական և մասնագիտական կրթության միջև օղակի դեր խաղալն է[1]: Ավագ դպրոցի համակարգի ներդրմանը զուգահեռ սկսեցին աշխատել մասնագիտական կողմնորոշման կենտրոններ: Արդի հայաստանյան իրականության մեջ ավագ դպրոցի աշակերտների մասնագիտության ընտրության գործընթացը հիմնվում է բարձրագույն կրթության՝ հասարակության մեջ ձևավորված բարձր արժեքի վրա, ինչը դրսևորվում է մի շարք երևույթների մեջ, oրինակ՝ բուհ դիմող աշակերտների քանակի անհամապատասխանությունը հայաստանյան տնտեսության պահանջներին: Եվս մի պատկերավոր օրինակ է կրկնուսույցների ինստիտուտի գոյությունը, դրա լայն տարածումն ու այդ ոլորտի մասնագետների բարձր վարձատրությունը: Համապատասխանաբար, Երևանի ավագ դպրոցի աշակերտը սոցիալականացվում է այնպիսի միջավայրում, որտեղ մեծ կարևորություն և ուշադրություն է հատկացվում մասնագիտության ընտրության գործընթացին: Այս հետազոտությունն ուղղված է ռեֆերենտ՝ ընտանեկան միջավայրի՝ որպես դեռահասի մասնագիտության ընտրության հարցի շուրջ փոխհարաբերությունների տարածության ուսումնասիրությանը:
Հետազոտության մեթոդաբանություն
Իրականացվել է 8 ֆոկուս խումբ երևանաբնակ բուհ դիմորդների հետ (4-ը՝ արական սեռի ներկայացուցիչների հետ, 4-ը՝ իգական, և 4 դիադիկ-թեմատիկ հարցազրույց դիմորդների ծնողների հետ): Հետազոտության տեսամեթոդաբանական հիմք են ծառայել Պ. Բուրդյեի կոնստրուկտիվիստական ստրուկտուրալիզմը, մասնավորապես հաբիթուսի տեսությունը[2] և Մ. Վեբերի հասկացող սոցիոլոգիան, մասնավորապես սոցիալական գործողության տեսությունը[3]: Համաձայն Մ. Վեբերի՝ սոցիոլոգիան՝ որպես գիտություն, ձգտում է հասկանալ և մեկնաբանել սոցիալական գործողությունը և դրանով իսկ բացատրել դրա գործընթացն ու ազդեցությունը: Այս տեսանկյունից սոցիոլոգիական յուրաքանչյուր հետազոտություն ուղղված է սոցիալական գործողության մեկնաբանմանն ու բացատրությանը, և մասնագիտության ընտրությունը պետք է առաջին հերթին մեկնաբանել իբրև սոցիալական գործողություն՝ Մ. Վեբերի դասական սահմանմամբ, ինչը ենթադրում է գործողության սուբյեկտիվ իմաստավորում գործող անհատի կողմից և կողմնորոշում դեպի ուրիշը[4]:
Մասնագիտության ընտրությունը հաբիթուսի տեսության ներքո դիտարկվում է ոչ թե որպես «միջոց-նպատակ» կառուցվածքն ունեցող ուղիղ շղթա, այլ որպես սոցիալական բարդ խաղ: Պ. Բուրդյեն նշում է. «Չկա ոչինչ ավելի ազատ և միաժամանակ ավելի պարտադրական, քան լավ խաղացողի գործողությունը»[5]: Այս տեսանկյունից ագենտը, որը կատարում է մասնագիտության ընտրություն, մի կողմից ազատ է ինչպես մասնագիտության ընտրության, այնպես էլ այդ ընտրությունը կատարելու ռազմավարության ընտրության մեջ, մյուս կողմից էլ սահմանափակված է մասնագիտության ընտրության «խաղի» պայմաններով: Հնարավոր պրակտիկաների անկանխատեսելիությունն ու բազմազանությունը խոսում են հաբիթուսի կողմից տրվող հարաբերական ազատության, իսկ այդ բազմազանության սահմանափակումը՝ նույն հաբիթուսի «շրջանակների» կամ սահմանների առկայության մասին: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դիտարկելու պրակտիկան այս դեպքում՝ մասնագիտության ընտրությունը ինչպես դրա ներքին բազմազանության, այնպես էլ արտաքին սահմանափակման տեսանկյունից: Տվյալ հետազոտության նպատակն այս տեսանկյունից կարելի է վերաձևակերպել ավելի մանրամասն՝ որպես մասնագիտության ընտրության յուրահատուկ, պատմականորեն սահմանված սոցիալական խաղի տրամաբանության և այդ խաղում ներգրավված ագենտների՝ բուհ դիմորդների և նրանց ծնողների փոխհարաբերման ռազմավարությունների ուսումնասիրություն:
Մասնագիտության ընտրության հարցում ծնողների դերի՝ երեխաների ընկալումները
Տարբեր գիտակարգերում արված հետազոտությունները փաստում են, որ ընտանիքը առանցքային դեր է խաղում երեխայի ուսումնական ու մասնագիտական որոշումների ձևավորման մեջ[6]: Ֆոկուս խմբերի վերլուծության արդյունքում պարզվեց, որ չնայած ընտանիքի ներսում փոխհարաբերությունների և մասնագիտության ընտրության հարցի շուրջ քննարկումների բնույթը տարբերվում է ընտանիքից ընտանիք, այնուամենայնիվ երևանաբնակ բուհ դիմող աշակերտները, որպես կանոն, նշում են ընտանիքը և հիմնականում ծնողներին՝ որպես գլխավոր մասնակից մասնագիտության ընտրության հարցում:
Տատանվելով ծնողների հետ լիարժեք փոխհամաձայնությունից մինչև խոր կոնֆլիկտ մասնագիտության ընտրության հարցում՝ բուհ դիմող աշակերտների արտահայտություններում շեշտվում է հիմնականում ծնողների հետ փոխհարաբերությունների երկու կողմ. առաջինը ծնողների՝ որպես ռեֆերենտ անձանց կարծիքի կարևորումն է, որը երեխաների կողմից դիտվում է որպես անվիճելի և բացատրություն չպահանջող մոտեցում։ Երկրորդ կողմը, որն արտահայտված է դիմորդների կողմից իրենց մասնագիտության ընտրության գործընթացում ծնողների դերի ընկալումներում, ծնողների համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունն է: Ծնողների համաձայնությունը երեխաների կողմից դիտվում է որպես գործողության որոշակի լեգիտիմացում. ընդ որում՝ սա արտահայտվել է ինչպես այն հարցվողների մոտ, որոնց մասնագիտության ընտրությունը փոխհամաձայնեցված է ծնողների կարծիքի հետ, այնպես էլ այն հարցվողների մոտ, որոնք հակված են ծնողների կարծիքին հակառակվելու: Նման իրավիճակներում նկատվում է ծնողների համաձայն չլինելու վերաբերյալ անհանգստություն, տատանման վիճակ և ապագայում ծնողների համաձայնությունը, այնուամենայնիվ, ստանալու ձգտում: Այս ֆենոմենը կարելի է մեկնաբանել մի կողմից որպես արժեքային բնույթի ռազմավարութուն, որը պայմանավորվում է ծնողների նկատմամբ երեխաների հարգանքով՝ ելնելով նրանց կարգավիճակից ընտանեկան հիերարխիայում և մշակութային նորմատիվ կարգից, մյուս կողմից՝ որպես ռացիոնալ ռազմավարություն, քանի որ ծնողներն այն մարդիկ են, որոնք ֆինանսական առումով հնարավոր են դարձնում երեխայի՝ ընդունելության քննություններին պատրաստվելը՝ կրկնուսույցների մոտ հաճախելով, և հետագայում բուհում սովորելը:
Հանդիպել են նաև մի քանի այնպիսի դեպքեր, երբ հարցվողները չեն շեշտել ծնողների համաձայնության կարևորությունը. կա՛մ արձանագրել են ծնողների հետ խորհրդակցման բացարձակ բացակայությունը, կա՛մ շեշտել են անձնական նախընտրությունների կարևորությունը՝ անկախ ծնողների «դեմ» կամ «կողմ» լինելուց: Նման դեպքերը քիչ են հանդիպել, և լիարժեք մեկնաբանման համար հարկավոր է առանձին դեպքերի խորքային հետազոտություն անցկացնել, սակայն, հարկ է նկատել, որ նման դեպքերի առկայությունը բերում է այն ենթադրությանը, որ որոշ ընտանիքներում լատենտ կամ բացահայտ, գիտակցված կամ չգիտակցված կերպով խրախուսվում է որոշումների կայացման ինքնուրույնությունը, երբ մասնագիտության ընտրության հարցում չի պահանջվում ծնողների թույլտվությունը, իսկ ծնողների կարծիքը դիտվում է որպես արժեքավոր, բայց ոչ կողմնորոշող գործոն:
Բարձրագույն կրթության արժևորումն ու դրա գենդերային տեսնակյունը
Ծնողների հետ հարցազրույցները ցույց են տվել, որ ծնողների մոտ բարձրագույն կրթության բացակայության դեպքում երեխայի՝ բարձրագույն կրթություն ստանալը դիտվում է որպես ապագայում ֆինանսապես ապահովված լինելու միջոց։ Այս դեպքում մասնագիտության ընտրության հարցի քննարկման ընթացքում ամենաշեշտվող խնդիրը հետագայում աշխատանք ունենալու հնարավորությունն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս պարագայում հետագա աշխատանքի բնույթը կարևորվում է հիմնականում հիերարխիկ դիրքի տեսանկյունից, իսկ բարձրագույն կրթությունը դիտվում է որպես պարտադիր պայման՝ «ուրիշի ձեռքի տակ» աշխատելուց խուսափելու համար: Այստեղ նկատելի է նպատակառացիոնալ կապ, որտեղ ֆինանսական ապահովվածությունը նպատակն է, իսկ բարձրագույն կրթությունը՝ դրան հասնելու միջոցը, սակայն ռազմավարությունը սահմանափակված է անձնական փորձի ընդհանրացմամբ. ծնողը, չունենալով բարձրագույն կրթություն և աշխատելով որևէ մեկի ղեկավարության տակ, նախընտրում է տեսնել իր երեխային այդ ղեկավարի դերում, քանի որ «ղեկավար լինելը» նույնականացվում է ֆինանսապես ապահովված լինելու հետ, իսկ ֆինանսական ապահովվածության հասնելու այլընտրանքային միջոցներ չեն դիտարկվում:
Բարձրագույն կրթություն ունեցող ծնողները նշում են, որ կրթության շարունակությունը բուհում դպրոցից հետո ինքնադրսևորման, կյանքի փորձ ձեռք բերելու, ինչպես նաև նոր միջավայր ձևավորելու հնարավորություն է: Այս պարագայում մասնագիտության ընտրության ռազմավարությունները ավելի խիստ արտահայտված արժեքային բնույթ են կրում, քանի որ սովորելը՝ որպես այդպիսին, արժեքավոր է՝ անկախ դրա արդյունքից: Արտահայտվում է նաև նպատակառացիոնալություն, երբ կոնկրետ ֆակուլտետին (օրինակ՝ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ) նախապատվություն է տրվում՝ ելնելով այդ ֆակուլտետում գործող ծրագրից, որը հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանքի անցնելու: Նշված դիտարկումները՝ կրթության տարբեր մակարդակներ ունեցող ընտանիքների ընկալումների տարբերությունների վերաբերյալ, թույլ են տալիս ենթադրություն անել, որ մասնագիտության ընտրության՝ որպես սոցիալական գործողության ձևի ռազմավարություններն ու իմաստավորումը տարբերվում են՝ կախված տվյալ ընտանքում ծնողների կրթության մակարդակից, ինչպես նաև մասնագիտական կարիերայի հաջողվածությունից:
Նկատվել է նաև ծնողների կողմից ռազմավարությունների տարբերակում տարբեր սեռի երեխաների նկատմամբ՝ պայմանավորված գենդերային դերերի ընկալումներով: Եթե տղաների դեպքում ծնողների սպասումները կապված են «ընտանիք պահելու» և ապագայում լավ վարձատրվող աշխատանք ունենալու հետ, ապա աղջկա դեպքում շեշտն ավելի շատ ինքնադրսևորման և ինքնազգացողության վրա է, սակայն այստեղ էլ, այնուամենայնիվ, գոյություն ունի թույլատրելի բազմազանության որոշակի սահման. օրինակ՝ ծնողները, որոնք գտնում են, որ իրենց աղջիկը տաղանդավոր է և կարող է փորձել իրեն արվեստի ոլորտում, այնուամենայնիվ, ետ են պահում աղջկան թատերական համալսարան ընդունվելու գաղափարից, քանի որ, ըստ իրենց, Հայաստանում ռեժիսորի մասնագիտությամբ նա աշխատանք չի գտնի: Այդպիսով, ընդհանուր առմամբ, ի հայտ է գալիս բարձրագույն կրթություն ստանալու և մասնագիտության ընտրության ռազմավարությունների երկու նպատակ՝ բարեկեցիկ ապագայի ապահովում և ներքին բավարարվածության մակարդակի, ինքնադրսևորման ապահովում:
Հարցված ծնողներից մայրերի մոտ ավելի շատ են նկատվել մասնագիտության ընտրության հարցին աֆեկտիվ մոտեցումներ, քան հայրերի: Մայրերի մոտ արտահայտվել են ցանկություններ, երեխան շարունակի կրթությունը այս կամ այն մասնագիտությամբ՝ պայմանավորված այդ մասնագիտության «հաճելիությամբ», «դուրեկան լինելով» և այլն: Հայրերն ավելի հակված են իմաստավորելու իրենց մոտեցումը կա՛մ հեռանկարային ռացիոնալ տեսակի դիրքորոշումներով, կա՛մ երեխայի մասնագիտության ընտրության գործընթացում առանձնահատուկ ներգրավվածության բացակայության ռազմավարությամբ: Այսպիսի դեպքերում ծնողը իր դերը տեսնում է մի կողմից որպես ֆինանսական, մյուս կողմից՝ հոգեբանական հիմք, որը թույլ կտա երեխային ապագայում դրսևորել իրեն այնպես, որ դա նպաստի իր ինքնաբավարարվածության զգացումին, իսկ կոնկրետ մասնագիտության ընտրությունն արդեն ստանձնվում է երեխային: Ընդ որում՝ առաջին մոտեցումն ավելի արտահայտված է տղաների նկատմամբ, քան աղջիկների, իսկ բարձրագույն կրթության՝ որպես ինքնադրսևորման ձևի ընկալումը բնորոշ է բարձրագույն կրթություն ունեցող ծնողներին:
Անդրադառնալով բարձրագույն կրթության արժևորմանը, հաշվի առնելով Պ. Բուրդյեի այն սկզբունքը, որ «հասկանալ, թե ինչ է հաբիթուսը, հնարավոր է միայն՝ համադրելով այն սոցիալական պայմանները, որոնցում այն ձևավորվել է (դրա հետ մեկտեղ արտադրելով սեփական ձևավորման պայմանները) այն սոցիալական պայմանների հետ, որոնցում այն գործի է դրվել»[7], հարկ է նշել, որ ժամանակակից հայաստանյան հասարակությունում դպրոցն ավարտող երեխաների ծնողները ներկայացնում են վերջին սերունդը, որի հաբիթուսը, կապված մասնավորապես կրթական ոլորտի հետ, ձևավորվել է ԽՍՀՄ-ում՝ այնպիսի սոցիալական համակարգում և պայմաններում, որտեղ դպրոցական կյանքից աշխատանքային կյանքին անցումը տեղի էր ունենում այլ կերպ, և համապատասխանաբար այլ իմաստ ուներ բարձրագույն կրթության արժևորումը: Կարելի է ենթադրել, որ բարձրագույն կրթության արժևորումը ներկա իրավիճակում պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդային մարդու համար բարձրագույն կրթությունը հանդես էր գալիս որպես ապագայում աշխատանք ունենալու և կյանքի համար բավարար պայմաններ ստեղծելու հնարավորության երաշխիք: Ներկայումս սոցիալական այլ պայմաններում այդ հաբիթուսը փոխանցվում է նաև երեխաներին, որոնք, սակայն, առնչվում են ներքին հակասությանը, որը կապված է մի կողմից բարձրագույն կրթության արժևորման հետ, մյուս կողմից՝ ծնողների ոչ այնքան հաջողված օրինակի: Արդյունքում երեխան կանգնում է խնդրի առաջ, երբ նա պետք է գործի ընտանեկան հաբիթուսի շրջանակներում, ինչը ենթադրում է բարձրագույն կրթություն ստանալը, և միաժամանակ չի ուզում հետևել ծնողների՝ երեխայի տեսանկյունից «ձախողված» օրինակին: Նման դերային կոնֆլիկտի պայմաններում որպես լուծում ի հայտ են գալիս երեխայի սեփական՝ իր տեսանկյունից ավելի արդիական կողմնորոշում ունեցող ցանկությունները և հակումները կոնկրետ մասնագիտության նկատմամբ (այդ մասնագիտությունների շարքին են դասվում ծրագրավորումը, մարքեթինգը, բիզնեսի դասընթացները): Այն դեպքերում, երբ մասնագիտության ընտրությունը կարելի է դիտել որպես ավանդական գործողություն, երբ երեխան ընտրում է իր ծնողի մասնագիտությունը կամ որևէ հարակից մասնագիտություն, վերարտադրվում է ծնողների մասնագիտական հաբիթուսը. այստեղ դեր է խաղում սոցիալական փորձը, որը հանդես է գալիս որպես հաբիթուսի որոշակի շրջանակ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն դեպքերը, երբ ծնողները համոզում են երեխային շարունակել իրենց մասնագիտությունը, և երեխաների ենթարկումը այդպիսի դեպքերում կարելի է դիտարկել որպես կոլեկտիվիստական մշակույթի արտահայտում ընտանիքի ներսում ծնողի՝ որպես ընտրության ագենտի և ընտանեկան հիերարխիայի գլխավերևում գտնվող սուբյեկտի դերի տեսանկյունից: Հարկ է նշել, որ ծնողների հետ անհամաձայնության փորձը միայն արդեն խոսում է տվյալ ընտանիքում այդ մշակույթի կոտրման միտման մասին, մինչդեռ որպես կոլեկտիվ մտածողության ավելի խիստ արտահայտված ձև՝ կարելի է դիտարկել այն դեպքերը, երբ երեխայի մտքով անգամ չի անցնում ծնողների կարծիքին դեմ գնալը:
Մասնագիտության ընտրության հարցի շուրջ երեխայի և ծնողների միջև փոխհարաբերման ռազմավարություններ
Ընտանիքի ներսում ձևավորվում են մասնագիտության ընտրության հարցի շուրջ երեխայի և ծնողների միջև փոխհարաբերությունների տարբեր ձևեր՝ կախված նրանից, թե որքանով են ծնողները սահմանափակում իրենց երեխային ընտրության մեջ, և որքանով է երեխան հակված ընդունելու կամ չընդունելու այդ սահմանափակումները: Ֆոկուս խմբերից ստացված տվյալները հնարավորություն տվեցին առանձնացնելու մասնագիտության ընտրության հարցի շուրջ երեխայի և ծնողների միջև փոխհարաբերման հետևյալ ռազմավարությունները.
- ենթարկում,
- սահմանափակում,
- համագործակցություն,
- մասնակցության բացակայություն,
- դիմադրում:
Ենթարկման կատեգորիայում ներառվել են այն իրավիճակները, երբ երեխայի ապագա մասնագիտության ընտրությունն իրականացվել է ծնողների կողմից՝ ամբողջությամբ կամ գրեթե առանց երեխայի կարծիքն ու ցանկությունը հաշվի առնելու: Կոնկրետ իրավիճակները միմյանցից տարբերվում են. որոշ դեպքերում մասնագիտության ընտրությունն իրականացվում է ծնողների պահանջով, իսկ երեխան, փորձելով արդարացնել ենթարկումը սեփական մոտիվացիայի առկայությամբ, ժամանակի հետ հետաքրքրություն է գտնում այդ մասնագիտության մեջ: Այլ դեպքերում ծնողները թույլ չեն տալիս երեխային ընտրել իր նախընտրած մասնագիտութունը, և երեխան ենթարկվում է ծնողների կարծիքին՝ որոշ դեպքերում ընտրելով իրենց նախընտրածին առնչվող մասնագիտություն, այլ դեպքերում պարզապես ընդունելով ծնողների նախընտրած մասնագիտությունը:
Սահմանափակման կատեգորիայում ներառվել են այն իրավիճակները, երբ երեխան մասնագիտության ընտրությունն իրականացրել է ծնողների կողմից նախապես տրված շրջանակների սահմաններում: Այս դեպքում երեխան ստիպված է, հաճախ չգիտակցելով, ընտրել ծնողների կողմից առանձնացված մի քանի հնարավոր տարբերակներից, իսկ այլ մասնագիտությունները դուրս են մնում երեխայի համար ընտրության հնարավոր տարբերակների շարքից:
Համագործակցության կատեգորիան ամենալայնն է, քանի որ հայտնաբերվել են մասնագիտության ընտրության հարցում ծնողների և երեխայի միջև համագործակցության բազմատեսակ կոնկրետ ձևեր: Այս կատեգորային են դասվում բոլոր այն իրավիճակները, երբ մասնագիտության ընտրության որոշումը փոխհամաձայնեցված է. բավարարում է և՛ երեխային, և՛ ծնողին: Որոշ իրավիճակներում երեխաները դիմում են ծնողների օգնությանը և խորհուրդներին, որպեսզի կարողանան կողմնորոշվել մասնագիտության/բուհի ընտրության հարցում, այլ իրավիճակներում երեխաները ինքնուրույն են ընտրում մասնագիտությունը և դիմում են ծնողներին՝ համաձայնություն և օգնություն ստանալու նպատակով: Այս պարագայում ընտրությունը վերջնական չի կարող համարվել առանց ծնողների համաձայնության. ծնողը հանդես է գալիս հաստատողի դերում:
Մասնակցության բացակայության կատեգորիան առանձնացվել է պայմանականորեն՝ հիմնված մեկ դեպքի վրա, երբ հարցվողը նշել է ծնողների հետ խորհրդակցման բացակայության մասին: Հիմնական շեշտը դրվել է սեփական նախասիրությունների և հետաքրքրվածության, ինչպես նաև ապագա աշխատանքի վերաբերյալ կոնկրետ պատկերացման վրա:
Դիմադրման կատեգորիայում ներառվել այն իրավիճակները, երբ ծնողները դեմ են երեխայի ընտրությանը, իսկ երեխան զիջման չի գնում՝ պաշտպանելով ընտրությունը: Իրավիճակները տարբերվում են՝ երեխայի համոզված լինելու աստիճանից կախված. որոշ դեպքերում խիստ որոշիչ դիրք զբաղեցնելով՝ երեխային հաջողվում է համաձայնության գալ ծնողների հետ, մեկ այլ դեպքում երեխան տատանվում է ծնողներին հակառակվելու մտադրության շուրջ և չի դիմում կոնկրետ գործողությունների՝ միաժամանակ չթողնելով ընտրված մասնագիտությամբ ուսումը շարունակելու միտքը: Այս կատեգորիայում ներառվում են նաև այն դեպքերը, երբ ծնողների միջև առկա է հակասություն և կարծիքների բախում երեխայի ապագա մասնագիտության վերաբերյալ. ծնողներից մեկը պաշտպանում է երեխայի ընտրությունը, իսկ մյուսը՝ հակառակվում: Այսպիսի իրավիճակները բնորոշվում են երեխայի և ծնողներից մեկի կողմից «կոալիցիայի» ձևավորմամբ, որն աշխատում է մյուս ծնողին մտափոխելու ուղղությամբ:
Վերոնշյալ նկատառումների և տվյալների վերլուծության արդյունքում առաջադրվել է վարկած առ այն, որ մասնագիտության ընտրության ռազմավարությունները տարբերվում են՝ կախված տվյալ ընտանիքում ծնողների կրթական մակարդակից, ինչպես նաև մասնագիտական կարիերայում ունեցած հաջողություններից: Նշված վարկածի ստուգումը կարիք ունի քանակական չափման։
[1] «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր», 2008,
http://www.edu.am/index.php?id=1465&topMenu=-1&menu1=9&menu2=129:
[2] Տե՛ս Бурдье П., «Практический смысл», СПб.: Алетейя, 2001:
[3] Вебер М., Основные социологические понятия//Западно-европейская социология ХIX-начала ХХ веков, М.: 1996, c. 455-491.
[4] Նույն տեղում:
[5] Бурдье П., «Начала», М.:1994, с. 96.
[6] Տե՛ս Splete H., & Freeman-George A., “Family influences on career development of young adults”, Journal of Career Development, 1985, pp. 55-64; Olaosebikan O. I., Olusakin A. M., “Effects of Parental Influence on Adolescents’ Career Choice in Badagry Local Government Area of Lagos State, Nigeria”, Journal of Research & Method in Education, Volume 4, Issue 4, Ver. III, Jul-Aug., 2014.
[7] Бурдье П., «Практический смысл», СПб., Алетейя, 2001, с. 46.