Աննա Աթոյան
annaat.18@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21), հասարակական գիտություններ, Երևան, էջ 7-15
Ընտանիքը արդի հասարակությունների կարևորագույն սոցիալական ինստիտուտներից է: Այն կրողն է սոցիալական, տնտեսական, մշակութային խորքային և բազմաչափ փոփոխությունների տարաբնույթ արդյունքների: Ակնհայտ է, որ ընտանեկան դինամիկան, նույնիսկ ներընտանեկան հարաբերությունները, կառուցվածքային, վերարտադրողական առանձնահատկությունները որևէ կերպ պատահական չեն. հիմքում ունեն հասարակական խորը և ընդարձակ ընթացքներ և այլափոխումներ: Ներկայիս ընտանիքը, հանդես գալով որպես արժեքանորմատիվային կառույցների, սոցիալական ինտերակցիաների վերարտադրման կիզակետ, սոցիալական առավել ընդարձակ էությունների, հարաբերությունների սուբյեկտ է: Միևնույն ժամանակ ներկայիս հասարակությունները աչքի են ընկնում աննախադեպ դինամիզմով, դիֆֆրենցվածությամբ, բարդությամբ, հասարակական փոփոխությունների չտեսնված ինտենսիվությամբ և բազմազանությամբ: Հասարակության, դրա առանձին ոլորտների, մեծ և փոքր խմբերի ընդամենը երեկվա ինտեգրատիվ, կայունացնող մեխանիզմները այսօր արդեն թույլ են, երկրորդական, ոչ կիրառական, շարունակաբար փոխարինվում են նոր անկայուն ակնթարթայիններով: Նշվածում իր առաջնային տեղն է զբաղեցնում սոցիալական օտարում բազմաչափ երևույթը, որի խորքային, մակերեսային նախապայմանները, դրսևորումներն ու ազդեցությունները ակնհայտ են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև ընտանիքում: Սոցիալական օտարումը, այս պարագայում՝ ներընտանեկան օտարումը, ձևայնացվում է այնպիսի երևույթների հետ տանդեմում, ինչպիսիք են ընտանեկան դեզինտեգրացիան, սոցիալական համերաշխության, ներընտանեկան, միջսերնդային կապերի խարխլումը, վերարտադրողական գործընթացների այլասերումը և ընդհանրապես կանգը և այլն: Ասվածը առավել քան արդիական է դառնում Հայաստանում մեծագույն հասարակական կարևորություն ունեցող միգրացիոն գործընթացների համատեքստում, որոնց ապակառուցողական դերն երբեմն առավել քան ակնհայտ է:
Ընտանիքի օտարման երևույթին անդրադարձել են մի շարք սոց. Դիսցիպլիններում՝ սոցիոլոգիա, սոցիալական հոգեբանություն, սոցիալական աշխատանք և այլն: Հարկ է նշել, որ մասնավորապես սոցիոլոգիայում ներընտանեկան օտարման կոնցեպցիան լիովին հիմնված է սոցիալական օտարման տեսական հենքի վրա: Այսպիսով՝ ներընտանեկան օտարումը ենթադրում է ընտանիք (որպես մեկ միավոր)- ընտանիքի անդամ մակարդակում ընտանիքի անդամի սեկուլյարիզացիան ընտանեկան միավորից: Այս գործընթացը կարող է պայմանավորված լինել բազմազան, տարաբնույթ գործոններով: Երևույթը չափելի մակարդակում բերելու համար, հիմք ընդունելով Սիմենի առաջարկած սոցիալական օտարման չափման բաղադրիչները, առաջարկվում է ներընտանեկան օտարումը տրոհել հետևյալ բաղադրիչների՝ իմաստազրկում, աննորմություն, անզորություն, մեկուսացում և մշակութային օտարում[1]: Սահմանենք յուրաքանչյուր բաղադրիչը ընտանեկան մակարդակում: Այսպիսով՝ իմաստազրկումը ընտանիքում մեկնաբանվում է որպես մի աստիճան, որում ընտանեկան միջոցառումները, ընտանիքում տեղող երևույթները ընկալվում են որպես քաոտիկ, հարակցման խիստ բացակայության համատեքստում, բարդ ու անկանխատեսելի: Ավելին, իմաստազրկման կիզակետն է այն մոտեցումը, որ համաձայն՝ առհասարակ ընտանեկան միջոցառումների կազնակերպումը և դրանց կանոնակարգված ուղղորդումը այս կամ այն պատճառով իմաստ չունեն:
Աննորմությունը ընտանիքում մեկնաբանվում է հիմնականում գենդերային համատեքստում և որոշ դեպքերում միջսերնդային վակուումի շեշտադրմամբ: Առանցքային դրույթներ են՝ գաղտնիքների պահպանման անհրաժեշտությունը, պայմանականորեն ոչ արդար կերպով հաստատված գերակայությունը, ներընտանեկան նորմերի թուլացում/խզումը: Անզորությունը իր հերթին սահմանվում է որպես ներընտանեկան կյանքի ընթացքին մասնակցայինության ցուցաբերման ցածր մակարդակ: Ավելին՝ այդ համատեքստում դիտարկվում է նաև մասնակցություն ցուցաբերելու աննպատակությունը: Մեկուսացումը, մյուս կողմից, մեկնաբանվում է ընտանիքում միայնակության զգացողության հաճախականությամբ, ընտանեկան ջերմության պակասով և այդ պակասի այլընտրանքային լուծումների առկայությամբ: Մշակութային օտարումը կրկին դիտարկվում է սերնդային և գենդերային տեսանկյունից: Ավելին՝ մշակութային օտարման մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար հարկավոր է կատարել մինչամուսնական և հետամուսնական ընտանիքների համեմատական վերլուծություն՝ դուրս բերելու համար այն հակասությունները, որոնք հանգեցրել են այս երևույթի դրսևորմանը: Իհարկե, մյուս կողմից հարկավոր է նաև հաշվի առնել ժամանակագրական կոնտեքստը, քանի որ գլոբալացված աշխարհում անընդհատ տեղող սոցիալական փոփոխությունների ակնթարթայինությունը նույնպես կարող է դիտարկվել որպես գործոն որը հանգեցնում է այս երևույթի ի հայտ գալուն: Թեև ներընտանեկան օտարման հիմնական բաղադրիչները վերը նշվածներն են, այնուամենայնիվ, դիտարկելով, վերջիններիս դրսևորման առանձնահատկությունները ներընտանեկան մակարդակում, անհրաժեշտություն է առաջանում զուգորդելու այդ գործընթացը ընտանիքի ստատիկայի և դինամիկայի գնահատմամբ:
Այսպիսով՝ ընտանիքի գնահատման համար ընդունված է կիրառել վերջինիս չափման հարթությունները: Հեղինակներ Գորալ և Օլսենը առանձնացնում են ընտանիքի հարակցման և ադապտացիայի շրջանաձև (circumplex) մոդելը: Շրջանաձև մոդելի պատմական արմատները, հիմնական կոնցեպցիաները և չափման հարթությունները ամբողջովին հիմնված են համակարգային տեսության վրա: Մոդելի բնօրինակը ստեղծվել և զարգացվել է 1978 թվականին Դ. Օլսենի, Ռ. Բելլի և Ջ. Փորթների կողմից[2]: Այս մոդելը հատկապես կենտրոնանում է հարաբերական համակարգի վրա և ներառում է երեք հարթություն, որոնք դուրս են բերվել էմպիրիայից և լիովին համապատասխանում են ընտանիքի թերապիայի և ընտանիքի սոցիոլոգիայի տեսական մոտեցումներին: Ընտանիքի հարակցման և ադապտացիայի մոդելը բաղկացած է ընտանիքի նշված տարրերի գնահատման հետևյալ երկու կոմպոնենտներից՝ հարակցում և ճկունություն: Դիտարկելով ընտանիքի դինամիկան այս երկու հարթություններում՝ հեղինակները առանձնացնում են ճկունության և հարակցման երեք մակարդակ: Իհարկե մինչ կիրառելիությանն անդրադարձ կատարելը հարկավոր է նախ և առաջ սահմանել ընտանիքի հարակցում և ընտանիքի ճկունություն հասկացությունները: Ընտանիքի հարակցում, ճկունություն և կոմմունիկացիա հարթությունները առաջացել են 50 կոնցեպտների խմբավորման արդյունքում: Նշված պատկերում ամփոփվում են մի շարք տեսաբանների՝ ամուսնական և ընտանեկան համակարգերի վերլուծական աշխատանքների արդյունքում: Ընտանիքի հարակցման փոփոխականներն են՝ էմոցիոնալ կապ, սահմանների առկայություն (boundaries), ներընտանեկան կոալիցիա, ժամանակ, տարածք, ընկերներ, հետաքրքրությունների շարք և վերարտադրություն: Հարակցման կիզակետում է այն խնդիրը թե, ինչպես է համակարգը բալանսավորում տարանջատվածությունը՝ ի հակադրություն միասնականությանը: Գոյություն ունեն հարակցման 4 մակարդակ՝ բաժանված/տարանջատված, որը իր հերթին ենթադրում է հարակցման ծայրահեղ ցածր աստիճան, որոշակիորեն կապակցված (չափավոր ցածր), կապակցված, շատ կապակցված և խառնված: Ընդունված է համարել, որ միջակայքի մեջտեղում հայտնված կատեգորիաները ընտանիքի օպտիմալ գործառության չափանիշներն են[3]: Այստեղ պետք է նշել, որ այսպես կոչված «հավասարակշռված» ընտանիքը առանձնանում է վերջինիս անդամների հարաբերական անկախությամբ և փոխկածվածությամբ: Այս տիպի ընտանիքները առավելություն են ունենում մյուս տիպի ընտանիքների նկատմամբ ֆունկցիոնալության տեսանկյունից: Հավասարակշռված ընտանիքի բնորոշում հնարավոր է տալ՝ միայն դիտարկելով վերջինիս անդամների՝ միասին անցկացրած ժամանակն ի հակադրություն միայնակ անցկացրած ժամանակի: Ավելին՝ հեղինակը նշում է, որ համապարփակ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է նաև համեմատել ընհանուր և առանձին ընկերների թիվը և նրանց հետ անցկացրած ժամանակը և այդ ժամանցային գործողությունների մասնակցայինությունը: Հարկ է նշել, որ այս տեսանկյունից բաց է թողնվում այդ ժամանցային գործողությունների արժևորումը ընտանիքի անդամների կողմից, քանի որ ունենալով ժամանցային դինամիկայի իրական պատկերը և պարզելով, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամ ինչպիսին կցանկանար լինել, հնարավոր է համեմատական վերլուծություն կատարել և ստանալ իրականություն-ցանկալի արդյունք կատեգորիաների տարբերությունը: Ընտանիքի ճկունություն ասելիս հեղինակները նշում են դերային փոխհարաբերությունների, լիդերության և փոխհարաբերվելու կանոնների փոփոխության դինամիկան: Բնորոշ հասկացություններ են՝ վերահսկում, դիսցիպլինա, բանակցելու ոճ, դերային փոխհարաբերություններ և փոխհարաբերվելու կանոններ: Ճկունության մակարդակներն են՝ կոշտ (ոչ ճկուն), հարաբերականորեն ճկուն, ճկուն, շատ ճկուն, քաոտիկ (չափազանց ճկուն):
Պետք է ընդգծել այն փաստը, որ կոշտ և քաոտիկ տիպերը էքստրեմալ կետերում են գտնվում և դրսևորում են ցածր ֆունցիոնալություն: Այս տիպին պատկանող ընտանիքները իրենց բնույթով ամենախնդրահարույց ընտանիքներն են: Այսպիսով՝ ճկունությունը կենտրոնանում է ընտանիքի լիդերության, դերերի և կանոնների փոփոխության դինամիկայի վրա[4]: Ընդհանրացված կարելի է ասել, որ ճկունությունը ցույց է տալիս, թե ինչպես է համակարգը կայունություն ապահովում փոփոխությունների առկայության տիրույթում: Անդրադարձ կատարենք ճկունության աստիճանով պայմանավորված տիպերին: Այստեղ պետք է ասել, որ յուրաքանչյուր մակարդակ առանձնանում է իրեն բնորոշ բնութագրիչներով: Այսպիսով՝ քաոտիկ ընտանիքին բնորոշ են՝ առաջնորդության պակաս, դերային կտրուկ փոփոխություն, սահմանված դիսցիպլինի անկայունություն, չափից շատ փոփոխություններ: Ճկուն տիպին, մյուս կողմից բնորոշ են՝ բաշխված առաջնորդություն, ժողովրդավար դիսցիպլին, դերերի փոփոխություն, իրավիճակային փոփոխություններ դերային/որոշումների կայացման տիրույթում: Հաջորդ տիպը՝ structured, բնութագրվում է երբեմն կիսվող առաջնորդությամբ, հարաբերականորեն ժողովրդավար, կայուն դերային բաշխվախոծությամբ և միայն խիստ անհրաժեշտության պարագայում փոփոխությունների կատարմամբ: Կոշտ տիպը իր հերթին աչքի է ընկնում ավտորիտար առաջնորդությամբ, խիստ դիսցիպլինայով, հազվադեպ դերային փոփոխություններով և փոփոխությունների ցածր կամ գրեթե զրոյական դինամիկայով:
Շրջաձև մոդելի երրորդ տարրն է կոմմունիկացիան: Կոմմունիկացիան համարվում է օժանդակ կոմպոնենտ: Վերջինս կցվում է վեր նշված երկու տարրերին՝ թույլ տալով կատարել ընդհանրական եզրահանգումներ: Զույգերի և ընտանիքի կոմմունիկացիան չափվում են հետևյալ չափանիշների շնորհիվ՝ խոսելու և լսելու հմտություններ, ինչպես նաև ինքնարտահայտման, կոմմունիկացիոն գործընթացի հստակության և քննարկվող թեմաների շարունակականության պահպանումով: Խոսելու և լսելու հմտություններ ասելիս պետք է հասկանալ խոսք սեփական ես-ի, այլ ոչ թե ընտանիքի անդամների տեսանկյունից: Լսելու հմտությունը, մյուս կողմից, ուշադիր լսելու ունակությունն/պատրաստակամությունն է[5]:
Այսպիսով՝ շրջանաձև մոդելը ներառում է երեք հիմնական տարր, որոնցով հնարավոր է կատարել ընտանիքների տիպաբանում՝ ըստ կայունության և դերային փոխհարաբերությունների չափանիշների: Ինչպես նշվեց, այդ երեք տարրերն է՝ հարակցում, ճկունություն և կոմմունիկացիա: Հարակվումը էմոցիոնալ կապվածությունն է ընտանիքի անդամների միջև, ընտանիքի ճկունությունը, մյուս կողմից, սահմանվում է որպես կազմակերպվածության և առաջնորդության արտահայտություն ու որակ: Կոմմունիկացիան իր հերթին սահմանվում է որպես դրական կոմմունիկացիայի հմտությունների առկայություն և կիրառում: Հարկ է նշել, որ հեղինակների կողմից կիրառվել է մի քանի մոտեցում ճկունության և հարակցման ճշգրիտ չափման նպատակով: Մի մոտեցման համաձայն՝ կիրառվել է երկբևեռ ձևաչափով սանդղակ՝ ի տարբերություն Լայկերտի ձևաչափով կազմված սանդղակի: Շրջանաձևությունից զատ՝ այդ մոդելը ունի նաև այլ կոնցեպտուալիզացիայի խնդրահարույց կողմ: Առաջինը միջմշակութային կիրառելիության խնդիրն է: Խնդիրն այն է, որ անորոշություն կա այն հարցում, թե արդյոք վերջինիս տեսական հիմքերը ապահովում են դրա ունիվերսալ կիրառելիությունը[6]: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային արժեքները և սահմանված նորմերը տարբերվում են, երբ դիտարկում ենք այս կամ այն հասարակությունը, մասնավորապես, երբ խոսքը գնում է Արևելք-Արևմուտք կոգնիտիվ քարտեզի մասին, անհրաժեշտություն է առաջանում սահմանելու այս մոդելի կիրառելիությունը այս կամ այն հասարակության համատեքստում: Պետք է նշել, որ մինչ ընտանիքի գնահատման շրջաձև մոդելի մշակումը, լայն կիրառության էր դրվել նույն մոդելի գծային տարբերակը, որը կոչվում էր ընտանիքի հարմարվողականության և հարակցման գնահատման սանդղակ: Այս սանդղակի նախնական տարբերակը՝ FACE II և FACE III, թույլ է տալիս չափել ընտանիքի հարակցման և ճկունության աստիճանը գծային հավասարման տեսքով, որտեղ հարակցման բարձր աստիճանը հարակցման և ճկունության բարձր աստիճանը, արտացոլում են ընտանիքի բալանսավորված գործառություն: Նշված չափանիշների ցածր աստիճանը, մյուս կողմից, արտացոլում է գործառության էքստրեմալ ցածր աստիճան, որոնք հեղինակներրը անվանում են բաժան/կոշտ: Ի լրումն այս մոդելի՝ ձևավորվել է շրջանաձև մոդելը, որը թույլ է տալիս չափել հարակցումը և ճկունությունը եռաչափ հարթությունում՝ դուրս բերելով ընտանիքի տիպեր՝ ըստ նախօրոք սահմանված չափանիշների:
Շրջանաձև մոդելի առանձնահատկությունն այն է, որ նշված մոդելը ընտանիքը դիտարկում սոցիալական դինամիկայի կոնտեքստում: Այսինքն, ըստ այս մոտեցման, ընտանիքի ինստիտուտը պետք է դիտարկել փոփոխությունների կոնտեքստում: Ընտանիքների զարգացման ուղղությունը կարող է ենթարկվել փոփոխության՝ իրավիճակի անհրաժեշտությունից ելնելով: Խոսքը կարող է գնալ թե՛ ճգնաժամային իրավիճակի առաջացման և հաղթահարման փուլի, թե՛ զարգացման դինամիկայի մասին:
Ընտանիքի գնահատման շրջանաձև մոդելից բացի՝ հետազոտողների կողմից կիրառվում է նաև ընտանիքի միջավայրի գնահատման սանդղակը: Ընտանիքի միջավայրի գնահատման սանդղակը կիրառվում է ընտանիքի սոցիալ-միջավայրային բնութագրիչների դուրսբերման նպատակով: Սանդղակը 90 դատողություններից բաղկացած մի աղյուսակ է, որը ունի 10 ենթասանդղակներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս միջանձնային փոխհարաբերությունների, անձի զարգացման և համակարգի պահպանման հարթակները: Փոխհարաբերությունների հարթակը ներառում է հարակցման չափումները, արտահայտչականությունը և կոնֆլիկտ բաղադրիչները: Անձի զարգացման հինգ ենթասանդղակները ներառում են՝ անկախություն, նվաճումների, ձգտումների կողմնորոշում, ինտելեկտուալ-մշակութային կողմնորոշում, վերարտադրողական և բարոյական-կրոնական ուղղվածու-թյուն: Անկախության բաղադրիչը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով են ընտանիքի անդամները հաստատակամ, ինքնաբավ և որքանով ունեն ազատություն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Նվաճումների, ձգտումների կողմնորոշվածությունը ցույց է տալիս, թե որքանով են ակտորի գործողությունները ուղղված մրցակցային դաշտում նրա դիրքի պահպանման, ինչպես նաև ցանկալի արդյունքների հասնելուն: Ինտելեկտուալ-մշակութային բաղադրիչը իր հերթին թույլ է տալիս չափել քաղաքական, ինտելեկտուալ և մշակութային գործընթացներում հետաքրքրվածության աստիճանը: Ակտիվ-վերարտադրողական բաղադրիչը, մյուս կողմից, թույլ է տալիս չափել մասնակցայինությունը սոցիալական և ժամանցային գործողություններում: Ի վերջո բարոյական-կրոնական բաղադրիչը կենտրոնանում է կրոնական, բարոյական արժեքների չափման վրա: Վերջին երկու սանդղակները կազմակերպում և կառավարում համակարգի պահպանման համար են: Այս երկուսը թույլ են տալիս չափել, թե որքանով են ընտանիքները պլանավորում իրենց գործողությունները, սահմանում իրենց ընտանիքի կանոնները՝ ընտանիքի կյանքը ճիշտ կազմակերպելու համար[7]:
Ընտանիքի միջավայրի ճշգրիտ գնահատման համար կիրառվում են գնահատման երեք տարբեր սանդղակներ՝ իրական, իդեալական և սպասումների համապատասխան սանդղակները: Իրական ձևով գնահատվում է ընտանիքի ներկայիս միջավայրը, իդեալական ձևով՝ ընտանիքի իդեալական միջավայրը, իսկ սպասումների միջոցով՝ ընտանիքի ունակությունը՝ դիմակայելու փոփոխություններին: Ինչպես պրակտիկան է վկայում, ընտանիքի միջավայրի գնահատման սանդղակը վալիդ է, քանի որ այն բազմիցս կիրառվել է մի շարք հետազոտությունների շրջանակներում և հանգեցրել ճշգրիտ տվյալների դուրսբերման: Ենթասանդղակներում առաձնացրած կոնցեպտները, ինչպես վկայում են հեղինակներ Հոլահան և Մուսը, գնահատված են փորձագետների կողմից և թույլ են տալիս ընտանիքի միջավայրի օբյեկտիվ գնահատական տալ[8]: Ավելին, կատարվել է համեմատական վերլուծություն ծնողների կողմից տրված գնահատականների միջև, կատարվել է հաշվարկ Պիրսոնի գործակցի միջոցով, ինչի արդյունքում դուրս է բերվել կապը այդ երկու սանդղակների միջև: Այսինքն՝ դիտարկվել է երկու կողմից տրված գնահատականների համընկնում, ինչի արդյունքում ապացուցվել է սանդղակի օբյեկտիվությունը:
Հաջորդ սանդղակն է ընտանիքի միայնակության դիֆֆերենցյալը: Նշված սանդղակի հեղինակներն են Շմիդտ և Սերմատը (1983 թվական): Այս սանդղակը կազմված է 60 ենթասանդղակներից, որոնք թույլ են տալիս չափել մարդու միայնակության զգացողությունը միջանձնային փոխհարաբերությունների կոնտեքստում: Փոխհարաբերություններ ասելով՝ հեղինակը նկատի ունի՝
- ռոմանտիկ փոխհարաբերություններ,
- ընկերական փոխհարաբերություններ,
- ընտանեկան փոխհարաբերություններ,
- փոխհարաբերություններ համայնքի ներսում:
Վերոնշյալ սանդղակն իր բնույթով դիխոտոմիկ է (ճիշտ, սխալ՝ համապատասխան տարբերակներով): Այսպիսով՝ անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են ամուսնական զույգեր՝ երեխաներով կամ առանց երեխաների: Արդյունքում դուրս է բերվել կոռելացիոն կապ կանանց և տղամարդկանց մենակության զգացողության միջև: Ընդհանրացված և առանձնահատուկ դեպքերը կապված էին ամուսնական կյանքի նկատմամբ վերաբերմունքի, նվազ ինտիմության, նվազ ամուսնական բավարարվածության, ինքնաարտահայտման ցածր մակարդակի հետ. այս փոփոխականների միջոցով գնահատումը թույլ է տալիս չափել միայնակության աստիճանը: Հարկ է նշել, որ խոսքն այն միայնակության մասին է, որը դիտարկվում է սոցիալական մեկուսացումից զատ և միջանձնային փոխհարաբերությունների կոնտեքստում: Ընտանիքում միայնակության սանդղակը բաղկացած է 10 դատողություններից: Այս սանդղակի բնօրինակը ունեցել է ևս մեկ դատողություն, որը դուրս է հանվել տվյալների վերլուծության արդյունքում: Խոսքը «ես հետաքրքրված եմ իմ ընտանիքով» դատողության մասին է, քանի որ էմպիրիկ տվյալները վկայում են այն մասին, որ այս դատողությունը կրում է սուբյեկտիվության տարր, ուստի և չի գործում: Սանդղակը թույլ է տալիս չափել ընտանիքի փոխհարաբերությունների տարբեր տիպեր և անհատի բավարարվածությունն այդ փոխհարաբերություններից, օրինակ՝ ընտանեկան պատկանելիության զգացողության բավարարում, աջակցման, միմյանց հասկանալու և դրական զգացմունքներ կիսելու ունակությունը: Սանդղակին բնորոշ դատողություններից է՝ «Ոչ ոք իմ ընտանիքում հետաքրքրված չի ինձանով»: Սանդղակի հուսալիությունը բավարարող է Կրոնբախի գործակից՝ 0.87) և այն ընդունելի արժեք է 46.70%[9]: Ընտանիքի գնահատման հարցաթերթերը հետապնդում են մեկ նպատակ՝ գնահատել ընտանիքները՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա: Ինչպես նշվեց, այս չափանիշների շարքում են՝ ընտանիքի հարակցում, ընտանիքի ճկունություն/ փոփոխություններին հարմարվելու ունակություն, խնդիրներ լուծելու ռազմավարություն, դերեր, աֆֆեկտիվ արձագանք/ներգրավվածություն, վարքի կառավարում, կոնֆլիկտ, ջերմություն կոմմունիկացիա և գործառություն[10]: Մոդելն ընտանիքի հարմարվողականության և հարակցման սանդղակն է, ինքնագնահատման սանդղակը, ինչպես նաև ընտանիքի գնահատման գործիքը: Այսպիսով այդ մոդելը թույլ է տալիս դիտարկել ընտանիքի դինամիկան յոթ հարթություններում՝ ընտանիքի ժամանց, որոշումներ, ընտանիքի պատիվ, արժեքներ, խնամք, կոմմունիկացիա և բարձր վստահություն:
[1] Neal G. A, Ivoska W. J. and Groat H. T, Dimensions of Family Alienation in the Marital Dyad, American Sociological Association, Vol. 39, No. 4 (Dec., 1976), pp. 396-405.
[2] Olson H. D., Gorall D., Circumplex Model of Marital and Family Systems, Normal Family Processes, 3rd Edition, 2003, p. 5.
[3] Ibid.
[4] Kouneski E., Family Assessment and the Circumplex Model: New Research Developments and Applications, University of Minnesota, Department of Family Social Science, 2000, p.14.
[5] Ibid. p. 25
[6] Ibid. p. 38
[7] Vostanis P. and Nicholls J., The Family Environment Scale: Comparison with the construct of Expressed Emotion. The Association for Family Therapy< UK Journal of Family Therapy ( 1995) Volume: 17.
[8] Ibid.
[9] Klarin M, Šimić Šašić S, Proroković A. The Contribution of Family and Peer Interaction to the Understanding of Self-Esteem in Adolescents-Gender and Cultural Similarities and Differences, International Journal of Humanities and Social Science Vol. 2, No. 21, November 2012, p. 23.
[10] Schmidt N. & Sermat, V. Measuring Loneliness in Different Relationships, Journal of Personality and Social Psychology, V 44,1983, pp. 1038-1047.