Հեղինակ՝ Գևորգ Տեր -Հովհաննիսյան
gevorgterhovhannisyan@gmail.com
Տպագրվել է “Մխիթար Գոշ” 2-րդ համար, էջ 108-113, Վանաձոր 2014
Քաղաքականության բազմադարյա պատմության մեջ հայտնի են կուսակցությունների ձևավորման տարբեր հիմքեր, սակայն անվիճելի է այն փաստը, որ դրանց շարքում տիրապետող է եղել գաղափարական ասպեկտը: Հենց գաղափարախոսություններն են սահմանել կուսակցությունների էությունն ու ծրագրերը, ինչպես նաև գործողությունների ռազմավարությունը: Կապվածությունը որևէ գաղափարախոսությանը մշտապես եղել է կուսակցությունների գլխավոր տարբերակիչներից մեկը արհմիություններից, զանգվածային հասարակական շարժումներից և ընդհանուր շահեր հետապնդող քաղաքացիական միություններից: Հենց քաղաքական գաղափարախոսությունների բազմագործառույթայնությունն է ապահովել տարբեր կուսակցությունների ձևավորումն ու շարունակական գործառնությունը: Եվ չնայած, արևմտյան ժամանակակից կուսակցությունների ուսումնասիրություններում գաղափարական բաղադրիչը չի դիտարկվում որպես գերակայող գործոն, այդուհանդերձ հաշվի է առնվում գաղափարախոսության՝ որպես կարևոր տարրի առկայությունն ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջկուսակցական պայքարի շրջանակներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, առանձնակի կարևորություն է ձեռք բերում կուսակցությունների գաղափարախոսությունների գործառույթների, մակարդկաների և ժամանակակից դրսևորումների ուսումնասիրությունը և նոր մոտեցման ձևակերպումը:
Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնական մակարդակները՝
- տեսական-հայեցակարգային, սա քաղաքական փիլիսոփայության այն մակարդակն է, որի հիմքով ձևավորվում են այն հիմնական դրույթները, որոնք բացահայտում են որոշակի դասի (ազգ, պետություն) արժեքներն ու գաղափարները կամ քաղաքական զարգացման որևէ նպատակի կողմնակիցներին:
- ծրագրային-քաղաքական, ըստ էության սա քաղաքական վերափոխումների գլխավոր գաղափարական աղբյուրն է, իշխանության միջոցով իրականության կառուցումը, որոշումների ընդունման համար կարագավորող նորմերի ձևավորումը:
- արդիականացված-որը բնութագրում է տվյալ գաղափարախոսության նպատակների, սկզբունքների զարգացվածության մակարդակի ընկալումը քաղաքացիների կողմից, ինչպես նաև դրանց մարմնացումն իրենց պրակտիկ գործունեության և քայլերի մեջ [1,էջ 18-19, 2, P. 12]:
Քաղաքական գաղափարախոսության գործառույթները՝
- կողմնորոշիչ (ճանաչողական), որն արտահայտվում է նրանում, որ ներառելով հասարակության, սոցիալական զարգացվածության, անհատականության, իշխանության պատկերացումների հիմնադրությները՝ մարդկային գործունեությանը հաղորդում է իմաստ և տալիս է ուղղություն,
- համախմբող (մոբիլիզացնող), այսինքն, առաջարկելով գաղափարախոսություններ առավել կատարյալ հասարակությունների համար, քաղաքական գաղափարախոսությունները հանդես են գալիս որպես քաղաքական գործունեության չմիջնորդավորված շարժառիթ և միավորում են հասարակությունը, սոցիալական խմբերը և այլն,
- ինտեգրացիոն՝ կապված նրա հետ, որ քաղաքական գործողություններին հաղորդելով իմաստ՝ աշխարհի ֆունդամենտալ պատկերացման համատեքստում, քաղաքական գաղափարախոսությունները դրան տալիս են հատուկ նշանակություն,
- ամորտիզացնող, որի էությունը կայանում է նրանում, որ քաղաքական գաղափարախոսությունները լինելով քաղաքական իրականության մեթոդ, ծառայում են սոցիալական ծանրաբեռնվածության մեղմացման այն իրավիճակում, երբ ծագում են հակասություններ հասարակության, անհատների, խմբերի, կարիքների և դրանց բավարարման իրական հնարավորությունների միջև,
- արտահայտման և կոնկրետ սահմանված սոցիալական խմբի շահերի պաշտպանության գործառույթ – քանի որ քաղաքական գաղափարախոսությունները ծագում են որևէ սոցիալական խմբի հետաքրքրությունների և շահերի հիմքի վրա, կոչված են դրանք հակադրել այլ խմբերի շահերին [3, P. 312]:
Ուսումնասիրելով և վերլուծելով մասնագիտական գրականության մեջ տարածված քաղաքական գաղափարախոսությունների մակարդակաների ու գործառույթների առավել տարածված մոտեցումները, հանգեցինք այն եզրակացության, որ քաղաքական գաղափարախոսությունների գործառույթները թերի են և արդի իրողություններին ոչ համապատասխան: Հաշվի առնելով գաղափարախոսությունների գործառնական, տեսահայեցակարգային նմանօրինակ կարևոր նշանակությունը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունում, հրատապ նշանակություն է ձեռք բերում հայ իրականությանը համարժեք կուսակցության գաղափարախոսության ընտրությունը:
Բանն այն է, որ այս գործառույթներն առաջ են քաշվել գերազանցապես նախորդ հարյուրամյակում և իրենց վրա էապես կրում են դարավերջին ներհատուկ սոցիալ-քաղաքական զարգացումները (դասակարգային պայքար, քաղաքական կյանքի գործառնական կերպափոխում և դրանում ժողովրդավարական արժեքների ներմուծում, հասարակական կյանքի բարդացում, ընտրական իրավունքի ունիվերսալացում և այլն): Մինչդեռ ներկայիս համաշխարհայնացման գործընթացների շարժունակության դինամիկ զարգացման արդյունքում, ավանդական գաղափարախոսությունների սոցիալ-քաղաքական նշանակությունը ստորադասվում է մարդու իրավունքների և ժողովրդավարության գերակայության համընդհանուր գաղափարներին: Նշյալ իրողությունը Ֆրենսիս Ֆուկայաման բանաձևել է որպես պատմության ավարտ, որպես լիբերալ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված արևմտյան քաղաքակրթական մոդելի հաղթանակ[4. P. 241]: Ֆուկույամայի այս մոտեցումը կարելի է ամրապնդել Բենտամի այն տեսակետով, որի համաձայն արդի աշխարհում քաղաքական գաղափարախոսությունները գերազանցապես պետք է դիտարկել որպես ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական՝ ի տարբերություն նախորդ շրջանի՝ սոցիալիստական և կապիտալիստական [5, P. 202]:
Արևմտյան մոդելը դիտարկելով որպես զարգացման հարացույց, պետք է հաշվի առնել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային առանձնահատկությունները և դրանք պայմանավորող գործոնները: Օրինակ, եթե արևմտաեվրոպական երկրների զգալի մասի համար գաղափարախոսության գործառույթն ունի բացառապես կողմնորոշիչ, սոցիալականացնող, քաղաքական տարածությունում կողմնորոշելու նշանակություն, որը միտված է ժողովրդավարական կայուն զարգացման ապահովմանը, ապա իրավիճակը սկզբունքորեն այլ է զարգացող երկրներում: Նշյալի վառ օրինակ է հանդիսանում ՀՀ-ը՝ մի կողմից գերհագեցած աշխարհաքաղաքական միջավայրում՝ ոչ բարեկամական երկրների հարևանությամբ տեղադրությունը, հասարակարգի փոփոխման դժվարությունները, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական (արտագաղթ) և այլ խնդիրները, ստիպում են ընտրել նշյալ խնդիրների լուծման համար ներուժ ունեցող գաղափարախոսություն: Վերջինս պետք է իրականացնի հետևյալ հիմնական գործառույթները՝
- պետության և հասարակության կայուն, ներդաշնակ և համաչափ զարգացում,
- անհատի, հասարակության և պետության անվտանգության հայեցակարգային ապահովում,
- ինքնապահպանման, ինքնաիրացման, արդիականացման տեսահայեցակրագային հիմքերի ապահովում,
- ազգային էլիտայի սոցիալական տարածության ընդարձակում:
Աշխարհում առավել հայտնի կուսակցությունների՝ կուսակցական ծրագրերում հռչակված չափորոշիչների վերհանմանը, ուսումնասիրմանը և որակավորմանը նախըթաց, անհրաժեշտ և առաջնային է ներկայացնել հիմնական գաղափարաքաղաքական հոսանքների դասակարգման սահմանումները և դասակարգման հիմնական տեսական ակունքները:
Քաղաքական գաղափարախոսությունները կարելի է առանձնացնել տարբեր հիմնավորումներով, հասարակության շահերի տարբեր ոլորտներով՝
- հարացույցների, այսինքն հասարակությանն առաջարկվող մոդելները (ձախեր, աջեր, կենտրոնամետներ): Այս դասակարգումն ունի ժամանակավոր, կոնկրետ քաղաքական իրադրությանը վերաբերող իմաստ, որը հիմնականում կիրառվում է պարզեցման և հակիրճության համար,
- ըստ քաղաքական իրողությունների ներառման մակարդակի՝
- մեթոդաբանական (մեծամասշտաբ) – հավակնում է մեծամասշտաբ սոցիալ-քաղաքական գործընթացների պարզաբանմանը (լիբերալիզմ, պահպանողականություն, սոցիալիզմ),
- մասնավոր (լոկալ), որն ազդում է քաղաքական գոյության առանձին և կոնկրետ ասպեկտների վրա (անարխիզմ, էկոլոգիզմ, կոմունիտարիզմ, ֆեմինիզմ
3. ըստ գոյություն ունեցող սոցիալական իրականության և նրանից բխող մտադրությունների նկատմամբ գաղափարակիրների վերաբերմունքի բնութագրման՝
- զարգացող-դիտարկում են հասարակության այս կամ այն անօրինությունը և ձևավորում են դրա փոփոխությունների խնդիրները՝ որևէ նորամուծության միջոցով,
- պահպանողական-արդարացնում են առկա սոցիալ-քաղաքական կարգը, բացասաբար են վերաբերում ցանկացած սոցիալական փոփոխությանը,
- արձագանքող-քննադատաբար են գնահատում սոցիալական իրականությունը, սակայն, ի տարբերություն զարգացողի, հիմնավորում են հասարակության նախկին կարգավիճակին վերադդառնալու անհրաժեշտությունը,
4. ձևավորված գաղափարների, արժեքների և նպատակների իրականացման միջոցով՝
- ծայրահեղական (հեղափոխական)- հիմնավորում են իրականության արագ և արմատական փոփոխության անհրաժեշտությունը, կարող են լինել և՛ զարգացող և՛ արձագանքող
- ռեֆորմիստական (չափավոր)- առավել հակված են նպատակներին հասնելու պարբերական և չափավոր ռեֆորմների մեթոդին,
5. դասական (ավանդական) և թարմացվող (ոչ ավանդական, այլընտրանքային, մոդիֆիկացված)՝
- դասական – այն հայեցակարգերը, որոնք ստեղծվել են 20-րդ դարի գաղափարաքաղաքական հոսանքների նախահայրերի կողմից և որոնք ծառայել են հիմնական սոցիալական դասերի շահերին
- ոչ ավանդական-արդիականացվել են 20-րդ դարի առաջին կեսին և արտահայտում են տարբեր խմբերի շահերը, որի հիմքում դնում են հասարակության զարգացման այլընտրանքային խնդիրներ և նպատականեր (պացիֆիզմ, էկոլոգիզմ, ֆեմինիզմ)
6. ըստ անհատին կամ պետությանը առաջնություն տալու սկզբունքով (սոցիալիստներ և լիբերալներ),
7. ըստ ազգային հարցերին վերաբերմունքի մոտեցման (կոմունիստներ, ինտերնացիոնալիստներ, հայրենասերներ, ազգայնականներ),
8. ըստ կրոնական ուղղվածության (աթեիստներ, պանթեիստներ, թեոցենտրիստներ, կլերիկալներ, ֆունդամենտալիստներ):
Ուսումնասիրելով մասնագիտական գրականության մեջ առկա կուսակցությունների գաղափարախոսությունների չափորոշիչները՝ մեր կողմից հստակցվել է յուրաքանչյուր կոնկրետ գաղափարախոսության հիմնադրույթային տիրույթներն ու դրանց գնահատման չափորոշիչները:
Այսպես, պահպանողականության չափորոշիչներն են՝
- պահպանողական քաղաքական գաղափարախոսության կողմնակիցները հանդիսանում են քաղաքակրթության հոգևոր հիմնական արժեքների հետևորդներ, աստվածահավատ են, հավատարիմ եկեղեցուն, ընտանիքին,
- անկասկած իրականացնում են միայն անհետաձգելի, պարտադիր ռեֆորմներ, ի դեպ, նախապատվությունը տալիս են մասնավոր սեփականության պաշտպանությանը և ինֆլյացիայի դեմ պայքարին,
- նորարությունների նկատմամբ նախապատվության հերթականություն, սոցիալական կապվածություն
- բնականոն մոտեցումը հասարակության աստիճանակարգային սկզբուքին,
- ընտանիքի, կրոնի, սոցիալական կայունության բացարձակ արժեքավորում,
- սահմանափակումներ իրավունքների և բարոյականության գործունեության ոլորտում:
Լիբերալիզմը ենթադրում է ազատ մրցակցության գաղափար, շուկա, ձեռնարկատիրություն, քաղաքական և քաղաքացիական լայն իրավունքներ, բոլոր մարդկանց հավասարություն, անհատական պատասխանատվություն սեփական բարօրության հանդեպ, հասարակության և անհատի կյանքին պետության մասնակցության սահմանափակում, մասնավոր սեփականության անձեռնամխելիություն, իրավական պետության առկայություն: Հասարակության զարգացման անկյունաքարային չափորոշիչը հադիսանում է անհատի ազատությունը, քաղաքացիների իրավական հավասարությունը, պետական համաձայնողական բնույթը, ավելի ուշ ձևավորվող քաղաքականության մեջ մրցակցող պրոֆեսիոնալ, տնտեսական, կրոնական և քաղաքական ասոցիացիաների իրավահավասարությունը, որոնցից ոչ մեկը չի կարող ունենալ մյուսի նկատմամբ հոգեբանական առավելություն և պրակտիկ գերակշռություն: Այստեղ տեղին է մեջբերել Վալերշտայնի այն միտքը, որի համաձայն, եթե գաղափարական նախագծերում սոցիալիստների համար գլխավորը հանդիսանում էր նպատակը, ապա պահպանողականների համար փոփոխությունների կասեցումը՝ նախկին գաղափարների համապատասխանելությամբ, իսկ լիբերալիզմի համար կարևորվում էր կյանքի զարգացման արժեքների ընկալման կողմնորոշումը, պարբերական և պարտադիր իրական փոփոխությունների նկատմամբ համոզմունքը [6, P. 194]:
Սոցիալզիմը և սոցիալ-դեմոկրատիան ենթադրում են՝
- ժողովրդի մասնակցության աճը պետական մարմինների ձևավորման, քաղաքական որոշումների ընդունման մեջ,
- ազատ, արդար, մրցակցային և հավասար ընտրական իրավունք՝ գաղտնի քվեարկությամբ,
- քաղաքացիական իրավունքների և ազատությունների մեծացում, դրանց օրինական երաշխավորում,
- քաղաքական և գաղափարական բազմակարծություն,
- շուկայական տնտեսության սոցիալական կողմնորոշվածություն՝ ի հակակշիռ բացարձականացված ազատ շուկային,
- պետության կողմից տնտեսության կառավարման սահմանափակումներ,
- փոքր տնտեսվարող ձեռնարկատիրությունների համար արդյունավետ կարգավորող մեխանիզմների ստեղծում,
- արդար առևտրի սկզբունք,
- հավասար իրավունքներ և պաշտպանություն բոլոր տեսակի սեփականությունների համար,
- tտնտեսության մեջ պետական հզոր սպեկտորի ստեղծում, որը հավասարազոր մրցակից կլինի մասնավորի հետ,
- ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկությունների պետականացում(ռազմական, ավիատիեզերական, հանքաարդյունաբերական, նավթավերամշակման և էներգետիկ ոլորտ),
- գործատուի և աշխատակցի միջև սոցիալական համագործակցություն,
- համագործակցություն պրոֆմիությունների հետ,
- հարուստների և աղքատների միջև ճեղքվածքի կրճատում,
- բնակչության աղքատ շերտի օգնություն,
- աշխատողների տնտեսական իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծում,
- սոցիալական ապահովվածության արդյունավետ համակարգի ստեղծում,
- հարկահավաքության միջին կամ բարձր մակարդակ,
- բնության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրենքների ընդունում (ոչ այնքան ծայրահեղական, որքան կանաչները),
- միգրացիոն սահմանափակումների վերացում և տարբեր մշակույթների և քաղքակրթությունների խաղաղ գոյակցում,
- բաց, զարգացող սոցիալական քաղաքականություն,
- ապառազմականացում, ռազմամթերքի կրճատում, ագրեսիվ ռազմական գործողություններին չմասնակցություն:
Ֆաշիզմի չափորոշիչներն են՝
- ուժեղ և շարունակական ազգայնամոլություն,
- համընդհանուր ճանաչում ունեցող մարդու իրավունքների անտեսում,
- թշնամու բացահայտում,
- զինված ուժերի դերակատարության առաջնայնություն,
- ազգային անվտանգության նկատմամբ խելագարության հասնող կիրք,
- ընկերությունների պաշտպանություն,
- արհմիությունների ճնշում,
- արհամարական վերաբերմունք ինտելեգենցիայի և մշակույթի նկատմամբ,
- անզուսպ հովանավորչություն,
- մեքենայություններով ուղեկցվող ընտրություններ:
Ազգայնականության չափորոշիչներն են՝
- սեփական ազգի առավելությունն այլ ազգերի նկատմամբ՝ դրա այս կամ այն առավելության դրսևորմամբ,
- հենց այդ ազգի հատուկ պատմական նշանակության մասին առասպելը, աստվածաընտրությունն ու այլ ազգերին պահելու առասպելը,
- կապող օղակ լինելու գաղափարը տարբեր աշխարհագրական տարածաշրջանների միջև,
- տվյալ ազգի «ոսկեդարյան առասպելը», որն ընկալվում է որպես հարուստ կարողություն, թե անցյալն ավելի լավ է եղել,
- անցյալի պատմության քննադատական ընկալումն ապագայի համար,
- ազգային հարցերի լուծման համար առաջարկվող ծայրահեղական միջոցներ՝ տարհանում, նվաճում, վերացում:
Ակնհայտ է, որ ժամանակակից կուսակցությունների գաղափարախոսական հիմադրույթների տարորոշումն ու դրանց տիրույթների հստակեցումը հնարավորություն է տալիս կոնկրետ չափանիշների հիման վրա գնահատել` որքանով է տվյալ կուսակցության գործունեությունը համապատսխանում իր գաղափարախոսությանը: Նմանօրինակ մոտեցումը հնարավորություն է տալիս կանոնակարգել գաղափարախոսական «անորոշությունը»` խուսափելով մի կողմից կուսակցությունների գործունեությունում գաղափարախոսությունների դերի և նշանակության թերագնահատումից, մյուս կողմից` վերջիններիս հիմնադրույթների կամայական մեկնաբանությունից:
Օգտագործված գրականություն
- Ա. Փ. Ենգոյան «Արդի դարաշրջանի հիմնական գաղափարախոսական հոսանքները» Երևան 2002թ.
- Hofmeister W.; Grabow K. “Political Parties; Functions and Organization in Democratic Societies” Singapore 2011
- John T. Jost, Christopher M. Federico and Jaime L. Napier ”Political Ideology; It’s Structure, Functions and Elective Affinities” New-York University, New-York 2009
- Fukuyama F., Maclachan P. (Editor) “State-Building: Governance and World Order in the 21st Century” Cornell University New-York 2004
- “Political Tactics” (Collected Works of Jeremy Bentham); Oxford University Press 1999
- Wallerstein I. “After Liberalism” TheNew Press 1995