Հեղինակ` Արևիկ Համբարձումյան
Սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի փիլիսոփա Օ. Կոնտը, 1842 թվականին, իր “պոզիտիվ փիլիսոփայության կուրս” աշխատությունում: Կոնտի հասկացմամբ սոցիոլոգիան հավասարազոր է հասարակագիտությանը, և ներառում է իր մեջ հասարակությանը վերաբերող ամենը, կարծես գումարելով հասարակության մասին մասնավոր գիտությունների եզրահանգումները: Այնուամենայնիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում սոցիոլոգիայի առարկան նեղանում է, և ուղղվում հասարակական զարգացման միայն սոցիալական կողմերի հետազոտությանը:
Հասկանալու համար թե ինչ գիտություն է սոցիոլոգիան և ինչ է այն ուսումնասիրում, անհրաժեշտ է սահմանել սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան: Մինչ սոցիոլոգիայի` որպես գիտության օբյեկտին ու առարկային անդրադառնալը, նպատակահարմար է հստակեցնել առհասարակ օբյեկտի և առարկայի ընդհանուր հասկացությունները: Այսպիսով, հետազոտության օբյեկտ ասելով, սովորաբար հասկանում ենք մեզ շրջապատող նյութական կամ ոչ նյութական աշխարհի որոշակի մաս, իրականություն,որը գոյություն ունի անկախ դրա մասին մեր գիտելիքից [6,12] : Դրանք կարող են լինել միմյանց հետ փոխազդող ֆիզիկական մարմիններ կենդանի օրգանիզմներ կամ մարդ: Կարևորն այն է, որ շրջապատող իրականության բոլոր այդ օբյեկտները գոյություն են ունեցել մինչ մեր գիտելիքը և կախված չեն դրանից:
Ի հակադրություն վերոնշյալին, հետազոտության առարկան գոյություն ունի միայն հետազոտողի գլխում, այսինքն ամբողջությամբ կախված է ինքնին գիտելիքից և հանդիսանում է դրա մասը: Որոշակիացնելով հետազոտության առարկան մենք զուտ վերացականորեն առանձնացնում ենք օբյեկտի մեկ կամ մի քանի կողմեր և փորձում ենք ուսումնասիրել դրանք, հաշվի առնելով կամ հաշվի չառնելով այլ` մեր կողմից չառանձնացված մասերի ազդեցությունը [6,12]: Այսպիսի տրամաբանությամբ, հետազոտության յուրաքանչյուր օբյեկտի կարող է համապատասխանել ուսումնասիրության մի քանի առարկա: Օրինակ, քարե շինությունը որպես մեզնից անկախ գոյություն ունեցող իրողություն կարող է հետաքրքրել տնտեսագետին` կառուցման վրա հատկացված ծախսերի տեսանկյունից, ճարտարապետին` ճարտարապետական ոճի և շրջապատող լանդշաֆտին հաջող միացման տեսանկյունից և այլն: Առարկան ինքնատիպություն է հաղորդում գիտությանը: Պետք է նշել, որ գիտության առարկան չի կարող ստաբիլ լինել: Այն գտնվում է մշտական շարժման, զարգացան մեջ և կախված է գիտական գիտելիքի առաջընթացից և հասարակության պահանջմունքներից, որոնք էլ մշտապես փոփոխվում են [3, 7]:
Ընդհանուր առմամբ, բոլոր գիտությունները ուսումնասիրում են երևույթների և գործընթացների անվերջ բազմազանությամբ բնութագրվող օբյեկտիվ իրականությունը և դրա արտացոլումը մարդկանց գիտակցության մեջ [4,4]: Սոցիոլոգիայի ինչպես նաև բոլոր այլ հասարակական գիտությունների օբյեկտը հանդիսանում է որպես անհատների և նրանց միջև փոխկապակցվածության հանրույթ դիտարկվող հասարակությունը: Մասնագետների մի մեծ խումբ որպես սոցիոլոգիային ամենամոտ կանգնած գիտակարգեր համարում է սոցիալական մարդաբանությունը և սոցիալական հոգեբանությունը: Հաճախ դժվար է տարբերել այդ գիտությունների ուսումնասիրության առարկաները: Այնուամենայնիվ փորձենք անել դա: Նախ և առաջ որոշենք մարդաբանության օբյեկտն ու առարկան: Այն` մասնավորապես զբաղվում է լոկալ, հասարակ մինչարդյունաբերական մշակույթների և հասարակությունների ուսումնասիրությամբ, մարդկային ցեղի և մարդկային մշակույթի ծագման և զարգացման գործընթացների որոշակիացման նպատակով: Մարդաբանությունը չի ուսումնասիրում զարգացած արդյունաբերական մշակույթ և արդյունաբերականացված հարաբերություններ ունեցող բարդ հասարակությունները: Ինչ վերաբերում է սոցիալական հոգեբանությանը ապա այն ուսումնասիրում է անհատի մտքերը, զգացմունքները և վարքը պայմանավորված այլ մարդկանց գոյությամբ և վարքով, սոցիալական փոխգործողություններով, սոցիալական խմբերի ազդեցությամբ [6,14]: Անխոս սոցիոլոգիայի առարկան երբեմն համընկնում է այս գիտությունների առարկաների հետ, բայց միաժամանակ այն ունի մի շարք նշանակալի տարբերություններ: Սոցիոլոգիայի առարկայի էության լավ հասկացման համար կարևոր է հասարակությունը պատկերացնել որպես կառուցվածք, այսինքն ոչ թե որպես միմյանց հետ պատահաբար փոխազդող անհատների պարզ կույտ, այլ որպես ամբողջություն, կազմված միմյանց հետ խիստ որոշակիացված սահմաններում փոխազդող, որոշակի կերպ դասավորված մասերից: Այդ մասերը կարող են ներառել ինչպես պարզագույն տարրեր ինչպիսիք են առանձին անհատները, այնպես էլ այդ տարրերի ամբողջություններ կամ էլ որոշակի հայտանիշով միավորված սոցիալական հանրույթներ:
Ընդհանրացնելով, կարող ենք ասել, որ սոցիոլոգիան գիտություն է հասարակության պատմականերոն որոշակիացված տիպերի զարգացման և գործառնության օրինաչափությունների , գործողության մեխանիզմների և մարդկանց, սոցիալական խմբերի, դասակարգերի, ժողովուրդների գործունեության մեջ այդ օրենքների դրսևորման ձևերի մասին: Հասարակությանը սոցիոլոգիական մոտեցման յուրահատկությունը կայանում է նրանում, հասարակությունը դիտարկվում է իփրև ամբողջական սոցիալական օրգանիզմ, որի զարգացումն ու գործառնությունը տեղի է ունենում դրա կենսագործունեության տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարական կողմերի միջոցով [4,4]:
Անդրադառնանք սոցիոլոգիայի առարկային առնչվող մի շարք մոտեցումների: Թեև սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել Օգյուստ Կոնտը, այնուամենայնիվ նրա գիտական ստեղծագործությունը որոշակի տեսական բացեր ուներ կապված սոցիոլոգիայի առարկայի սահմանման հետ: Այս առումով նշանակալի են Կարլ Մարքսի, Մաքս Վեբերի և Էմիլ Դյուրքհեյմի աշխատանքները, որոնցում շարադրվեցին սոցիոլոգիայի որպես ինքնուրույն գիտության տեսական հիմքերը:
Սոցիոլոգիայի զարգացման հարցում նշանակալի ներդրում ունեցած Կարլ Մարքսի հիմնական արժանիքներից մեկը իրավացիորեն համարվում է իր ժամանակակից կապիտալիստական հասարակության գիտական վերլուծությունը: Այդպիսի վերլուծության գործիքի դերում Մարքսը օգտագործել է հասարակության զանգվածային կառուցվածքը. բոլոր անհատները պատկանում են որոշակի սոցիալական դասակարգերի, որոնց բաժանումը տեղի է ունենում ըստ արտադրամիջոցներին տիրապետելու ծավալների և այդ տիրապետումից ստացվող պարգևատրման ծավալների: Բաժանումը դասակարգերի հիմնված է անհավասարության վրա, իսկ դա նշանակում է, որ մի դասակարգը գտնվում է ավելի ձեռընտու դրության մեջ, քան մյուսները և յուրացնում է այդ դասակարգի աշխատանքի արդյունքների մի մասը: Մարքսը հասարակության կառուցվածքը դիտարկել է դինամիկայի մեջ, ենթադրելով, որ դասերը սոցիալական կառուցվածքի պատմականորեն փոփոխվող բաղադրիչներն են: Արևմտյան սոցիոլոգիայում նա համարվում է կոնֆլիկտի դիալեկտիկական տեսության հիմնադիր, որում “սոցիալական հավասարակշռության” գաղափարին հակադրվում է “սոցիալական փոփոխության” գաղափարը և որը գրականության մեջ հաճախ անվանվում է “կոնֆլիկտային մոդել”, կամ,”կոնֆլիկտի տեսություն”[1, 52-53]: Մարքսի հիմնական դրույթները կապված են դասակարգային պայքարի անխուսափելիության կանխադրման հետ: Այդ պայքարը առաջանում է հասարակության մեջ առկա թշնամական դասակարգերի /շահագործողների և շահագործվողներ/ տարանջատվածության պատճառով, իսկ դրանց միջև դասակարգային պայքարը դառնում է պատմության գլխավոր շարժիչ ուժը: Այս կերպ, Մարքսը առաջինը ներկայացրեց հասարակությունը իբրև պատմական զարգացման արդյունք, որպես դինամիկ զարգացող կառուցվածք: Նա հիմնավորեց սոցիալական անհավասարության առաջացումը և վերլուծեց սոցիալական կոնֆլիկտները որպես հասարակական զարգացման և առաջընթացի համար անհրաժեշտ երևույթ:
Գերմանացի տնտեսագետ, պատմաբան և սոցիոլոգ Մաքս Վեբերի համար առաջին հերթին բնութագրական է խորը ներթափանցումը հետազոտության առարկայի մեջ, ելակետային, հիմնարար տարրերի փնտրտուքը, որոնց օգնությամբ կարելի կլիներ գալ հասարակական զարգացման օրինաչափությունների հասկացմանը: Մաքս Վեբերի տեսության կենտրոնական կետերից մեկը հանդիսանում է հասարակության մեջ անհատի վարքը` սոցիալական գործողությունը որը հանդիսանում է մարդկանց միջև բարդ փոխհարաբերությունների պատճառ և հետևանք: Դրանով հանդերձ Վեբերի ուսմունքի համաձայն հասարակությունը իրենից ներկայացնում է գործող անհատների ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրը գործելով, ձգտում է իր սեփական նպատակների նվաճմանը: Առանձին անհատների գործողությունները կոոպերացվում են, այդ համագործակցության վրա հիմնվելով ձևավորվում են ասոցիացիաները` խմբերը կամ հասարակությունները [6, 10]: Սոցիոլոգիան, ասում է Վեբերը, անհատի վարքը քննում է սոսկ այնքանով, որքանով որ անհատն իր գործողությունների մեջ դնում է որոշակի իմաստ: Միայն այդպիսի վարքը կարող է հետաքրքրել սոցիոլոգին [2, 346]: Այսպիսով, Վեբերի տեսական աշխատություններում ոչ միայն բավականին հստակ որոշակիացված էր սոցիոլոգիայի որպես գիտության առարկան, նաև դրված են դրա ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ զարգացման հիմքերը:
Էմիլ Դյուրքհեյմը ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիրն է: Առաջին հերթին նա ձգտում էր սոցիոլոգիայի ինքնավարությանը, նրա առարկայի առանձնացմանը հասարակության մասին այլ գիտությունների առարկաներից, ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր երևույթների բացատրությանը բացառապես սոցիոլոգիայի տեսանկյունից: Ի տարբերություն Վեբերի, Դյուրքհեյմը համարում էր, որ հասարակությունը վերանհատական գոյակցություն է, որի գոյությունն ու օրինաչափությունները կախված չեն առանձին անհատների գործողություններից: Միավորվելով խմբերի մեջ, մարդիկ անմիջապես սկսում են ենթարկվել կանոններին և նորմերին, որը նա անվանում էր “կոլեկտիվ գիտակցություն”:
Հատկանշական է, որ Է. Դյուրքհեյմի հասարակության մասին ուսմունքը ընկած է բազում ժամանակակից սոցիոլոգիական տեսությունների և առաջին հերթին կառուցվածքային ֆունկցիոնալիզմի վերլուծության հիմքում:
Ամփոփելով, կարելի է ասել, որ Օգյուստ Կոնտի կողմից այդքան հաջող գիտական շրջանառության մեջ մտցված “սոցիոլոգիա” գիտության անվանումը /բառացիորեն` գիտություն հասարակության մասին/ շնորհիվ Կ. Մարքսի, Մ. Վեբերի, և Է. Դյուրքհեյմի աշխատանքների հետագայում հագեցավ գիտական, տեսական բովանդակությամբ: Հենց նրանց ջանքերի շնորհիվ սոցիոլոգիան վերածվեց իր առարկան, տեսությունը և այդ տեսության տարբեր ասպեկտների էմպիրիկորեն հաստատման հնարավորություններ ունեցող գիտության:
Օգտագործված գրականության ցանկ
- Աստվածատուրով Ս.Վ. Կոնֆլիկտաբանություն բաժին / Քաղաքականություն եւ քաղաքագիտություն. հարցեր և պատասխաններ: Պրակ Դ,Երեւան, Լինգվա, 2008.Կոն, Ի.Ս., խմբ. Ռշտունի Է.Գ., Երևանի պետական համալսարան XIX-XX դարասկզբի բուրժուական սոցիոլոգիայի պատմություն
- Ковалевская Е. “Социология”: Учебное пособие, Москва 2004
- Осипов Г. “Рабочая книга социолога”: Под ред. Осипова Г. В. М.: Либроком, 2009. – 3-е изд.
- Фролов С. “Социология”: Учебник. Для высших учебных заведений. М.: Наука, 1994 – 256 с.
- Смелзер Н. “Социология”: пер.с англ.-М.:Феникс, 1994.-688 c.