1899-1959
Ալֆրեդ Շյուցը (Schutz) ծնվել է Ավստրո-հունգարիայի մայրաքաղաք Վիեննայում: Ավստրացի փիլիսոփա և սոցիոլոգ է, Հուսերլի հետևորդը: Շյուցը հանդիսանում է սոցիալական ֆենոմենոլոգիայի և ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Վիեննայում, ուսումնասիրելով իրավագիտություն, Շյուցն աշխատել է բանկային կազմակերպություններում, միաժամանակ նվիրվելով նաև գիտական գործունեությանը: 1939-ից տեղափոխվել է ԱՄՆ: 1953-ին դարձել է Նյու Յորքի Նոր սոցիոլոգիական հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր:
Գիտական գործունեության ընթացքում, առավելապես հիմնվելով Հայդեգերի, Վեբերի, Միդի և այլոց գաղափարների վրա, Շյուցն առաջ բերեց հասկացող սոցիոլոգիայի սեփական մոտեցումը: Այդ մոտեցումը ենթադրում է սոցիալական աշխարհի վերաբերյալ մարդկային պատկերացումների ձևավորման գործընթաց, առանձին սուբյեկտիվ նշանակություններից մինչև սոցիալական գիտությունների բարձր համախմբվածությամբ ինտերսուբյեկտիվորեն հիմնավորված կառուցվածքներ, որոնք պարունակում են այդ նշանակությունները՝ վերափոխված «երկրորդային» ձևով:
Շյուցը ցույց է տալիս, թե ինչպես են մարդկային փորձի անխուսափելի սահմանափակությունը և յուրահատկությունը հաղթահարվում առօրյա փոխհարաբերությանը բնորոշ իդեալիզացիաների («օբյեկտների նույնություն» և «տեսակետերի փոխարինելիություն») շնորհիվ, որոնց ազդեցությամբ ձևավորվում է օբյեկտների, անհատների, առօրյայում գործունեության դրդապատճառների ընկալումների ստանդարտացված (ձևայնացված) տիպաբանական կառուցվածք: Առօրյա տիպերը (առաջին կարգի կառուցվածքներ) հանդիսանում են օբյեկտիվ գիտական հասկացությունների (երկրորդ կարգի կառուցվածքներ) ձևավորման հիմք:
Ըստ Շյուցի գիտական գիտելիքի ոլորտը շատ «նշանակությունների վերջավոր ոլորտներից» մեկն է, շատ «փորձի աշխարհներից» մեկը, որոնցից յուրաքանչյուրին կարելի է վերագրել իրականության հատկանիշ, որակ: Նմանատիպ այլ աշխարհներից են գեղարվեստական երևակայության, կրոնական հավատալիքների աշխարհը, հոգեկան հիվանդության և այլ աշխարհներ: Այս աշխարհներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է փորձի համախմբություն: Շյուցը ցույց է տալիս, որ մարդկային սուբյեկտիվությունն առավել ամբողջական և հաջորդական իրագործվում է առօրեակնության աշխարհում: Առօրեականությունը մարդկային փորձի ոլորտներից մեկն է, որը բնորոշվում է ընկալման ձևերով և աշխարհի իմաստավորմամբ, որը առաջ է գալիս աշխատանքի արդյունքում: Որպես այդպիսին, առօրեականությունը հանդիսանում է «բարձրագույն իրականություն», այն հանդիսանում է հիմք, որի միջոցով էլ ձևավորվում են մյուս փորձերի աշխարհները:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Հոդվածների ընտրանի /Избранные статьи (1971)
- Սոցիալական աշխարհի ֆենոմենոլոգիա /Феноменология социального мира (1972)
- Կենսաշխարհի կառուցվածքը/Структуры жизненного мира (1974)
- Հասկանության և տեսության ձևավորումը հասարակական գիտություններում/ Формирование понятия и теории в общественных науках (1994)/ http://sbiblio.com/biblio/archive/shyuts_formaration
- Ֆենոմենոլոգիան և սոցիալական գիտությունները /Феноменология и социальные науки, 2004/ http://sbiblio.com/biblio/archive/shuc_feno
- Կիրառական տեսություններ /Прикладная теория, 2004/ http://sbiblio.com/biblio/archive/shuc_pri
- Սոցիալական գիտությունների մեթոդաբանություն /Методология социальных наук, 2004/ http://sbiblio.com/biblio/archive/shuc_metodologija
Թարգմանեց` Աստղիկ Օսյան