1929-2007
Ժան Բոդրիարը ծնվել է Ֆրանսիայի Ռայմս քաղաքում: Ֆրանսիացի սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա-պոստմոդեռնիստ, լուսանկարիչ: Նրա առաջին աշխատությունները նվիրված էին Ֆ. Նիցշեին և Մ. Լյութերին: Նրա առաջին տպագիր աշխատությունները գրական-քննադատական բնույթ էին կրում: Սակայն հետագայում` 1960-ականներից սկսած Անրի Լեֆեվերի և Ռոլան Բարտի ազդեցության ներքո Բոդրիարի հետաքրքրությունները ուղղվեցին դեպի սոցիոլոգիան:
Բոդրիարի առաջին նշանակալի աշխատությունները սոցիոլոգիայի ոլորտում եղան “Իրերի համակարգ” (1968) և “Սպառման հասարակություն” (1970) աշխատությունները: Այս աշխատությունների մեթոդաբանությունը նվիրված է սպառման հասարակության վերլուծությանը, որը կրել է մարքսիզմի որոշակի ազդեցություն:
«Արտադրության հայելի» աշխատության մեջ (1973) Բոդրիարը քննադատական մոտեցում է ցուցաբերում մարքսիզմի նկատմամբ, համարելով այն աշխարհի բուրժուական հայացքների արտահայտում: Նրա հիմնական քննադատությունն ուղղված էր մարքսիզմի պոստինդուստրիալ հասարակությունների վերաբերյալ հայացքներին: Եթե մարքսիզմը այդ հասարակության նշանակալի գործոն է համարում նյութական արտադրությունը, ապա Բոդրիարը համարում է, որ առաջնային նշանակություն ունի սիմվոլիկ փոխանակումը: «Սիմվոլիկ փոխանակում և մահ» (1976) աշխատության մեջ Բոդրիարը զարգացնում է սիմվոլիկ փոխանակման իր հայացքները:
1970-ականների կեսերին Բոդրիարի ուշադրության կենտրոնում հայտնվում են նոր զանգվածային լրատվամիջոցների և կոմունիկացիաների ուսումնասիրությունները:
Բոդրիարն առաջինն էր, որ ներմուծեց հիպերիրականություն հասկացությունը, որպես մարքսյան վերնաշենք հասկացության զարգացում: Ժամանակակից դարաշրջանը Բոդրիարն անվանում է հիպերիրականության ժամանակաշրջան, որը բնութագրվում է իրականության զգացման կորստով: Հիպերիրականության հիմքը սիմուլյացիան է, իսկ հիպերիրականության միավորները՝ սիմուլյակրերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են նշաններ կամ ոչ ինքնանման ֆենոմեններ, որոնք սիմուլյատիվ են: Բոդրիարը զարգացրել է նաև սիմուլյակրերի երեք կարգերը՝ պատճեն, ֆունկցիոնալ նմանություն և հենց սիմուլյակր: Սիմուլյակրերին Բոդրիարը վերագրել է բոլոր ժամանակակից ֆենոմենները, ներառյալ փողը, հասարակական կարծիքը և մոդան:
Մահացել է 2007-թվականին Փարիզում:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Իրերի համակարգը / Le système des objets (1968)
- Սպառման հասարակություն / La société de consommation: ses mythes et ses structures (1970)
- Արտադրության հայելի / «The Mirror of Production». — St. Louis: Telos Press, 1975
- Սիմվոլիկ փոխանակում և մահ / L’échange symbolique et la mort (1976)
- Մոռանալ Ֆուկոյին / Oblier Foucault (1977)
Թարգմանեց` Աստղիկ Օսյան