Փաստաթղթերի վերլուծություն

Հեղինակ`Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սոցիոլոգիայում կիրառվող մեթոդները բազմազան են և դրանց ընտրությունը նախ և առաջ պայմանավորված է հետազոտության նպատակով ինչպես նաև ուսումնասիրվող օբյեկտի առանձնահատկություններով: Սոցիոլոգիայում, ինչպես նաև մի շարք այլ հասարակական գիտություններում, առավել հաճախ կիրառվող մեթոդներից մեկը փաստաթղթերի վերլուծությունն է:

Հասկանալու համար մեթոդի էությունը նախ հարկ է հասկանալ` ինչ ասել է փաստաթուղթ: Փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը ֆիքսված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա [Ядов 1998, 210]: Ըստ այդմ պարզ է դառնում, որ փաստաթղթերը կարող են լինել տարբեր տիպերի կախված նրանից, թե ինչ կրիչի վրա են ֆիքսված` տպագիր են թե ձեռագիր, հանդիսանում են առաջնային թե երկրորդային տիպի տվյալներ են, վերցված են պաշտոնական թե ոչ պաշտոնական աղբյուրից, փակ արխիվներ են թե հասանելի են բոլորին և այլն:

Փաստաթղթերի վերլուծությունը կիրառվում է ինչպես որակական, այնպես էլ քանակական սոցիոլոգիայի շրջանականերում: Ըստ այդմ տարբերում են ավանադական/որակական փաստաթղթերի վերլուծություն, այնպես էլ կոնտենտ անալիզ կամ քանակական փաստաթղթերի վերլուծություն:

Որակական փաստաթղթերի վերլուծության դեպքում հետազոտողը ունենալով արդեն որոշակի հիպոթեզներ/ նպատակ ունենալով մշակել հիպոթեզներ մանրակրկիտ ուսումնասիրում է փաստաթղթերը: Ինչը տեղի է ունենում հետևյալ սկզբունքով. Հետազոտողը ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է իմանա “ինչ է փնտրում” և փաստաթղթի մեջ առանձնացնի վերլուծական միավորներ կամ այլ կերպ ասած կատեգորիաներ: Կատեգորիաներ ասելով հասկանում ենք հետազոտության տեսանկյունից նշանակալի իմաստային միավորներ, որոնց շուրջ պետք է կառուցվի վերլուծական գործընթացը: Կատեգորիաների առանձնացման ավարտից հետո վերլուծությունը մտնում է նոր փուլ, և հետազոտողը արդեն փորձում է պատճառահետևանքային կապեր հաստատել առանձնացված կատեգորիաների ու դրանց հատկանիշների միջև: Կատեգորիաների միջև կապերի հաստատումը հնարավորություն է տալիս նոր իմաստներ ու նշանակություններ գտնել փաստաթղթերում: Հենց այդ պատճառով համարվում է, որ այս մեթոդը փորձում է “թափանցել” փաստաթղթի ամենախորքը և վերհանել ամեն թաքնված բան:

Քանակական փաստաթղթերի վերլուծությունը ինֆորմացիայի որակական զանգվածը քանակական ցուցանիշների վերածումն է, որը նախատեսում է նաև հետագայում վիճակագրական մշակում: Կոնտենտ անալիզի դեպքում նույնպես ելնելով հետազոտության նպատակից ու հիպոթեզներից առանձնացվում են իմաստային միավորներ, որոնք այնուհետև հաշվարկվում են ու ենթարկվում են տարբեր տիպի վիճակագրական մշակումների: Նման տիպի վերլուծությունը կարող է խոսել օրինակ որոշակի երևույթների տարածվածության և ինտենսիվության  մասին: Խորհուրդ չի տրվում դիմել կոնտենտ անալիզի այն դեպքում, երբ հետազոտողի առջև դրված են ունիկալ փաստաթղթեր, որոնց նպատակն է նկարագրել ու բազմակողմանիորեն մեկնաբանել երևույթը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը հատկապես սոցիոլոգիայում կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Նախ այն ի համեմատություն այլ մեթոդների ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսկան ու մարդկային ռեսուրսներ:  Բացի այդ փաստաթղթերի հետ աշխատանքը հնարավոր է կազմակերպել հետազոտողի համար առավել հարմար վայրերում և ժամերին, այդ տեսնակյունից փաստաթղթերը միշտ հասնելի են, իսկ հարցվողները` ոչ: Կարևոր է նաև այն, որ փաստաթղթերի հետ աշխատելիս էթիկական խնդիրների հետ բախվել գրեթե հնարավոր չէ, որովհետև խոցելի են մարդիկ, բայց փաստաթղթերը` ոչ:

Հիմք ընդունելով մեթոդի առավելությունները կարևոր է նաև հաշվի առնել վտանգները որոնք պարունակում է մեթոդը, որոնք հիմնականում առնչվում են փաստաթղթերի հավաստիության և հուսալիության հետ: Այլ կերպ ասած ցանկացած հետազոտող, որը իրականացնում է փաստաթղթերի վերլուծություն միշտ պետք է իրեն հարց տա.

  • Ով է փաստաթղթի հեղինակը
  • Ինչ նպատակով է այս ստեղծված
  • Արդյոք փաստաթուղթ ստեղծողը ոչ մի շահ չի հետապնդել
  • Երբ է այն ստեղծված
  • Որն է փաստաթղթի աղբյուրը
  • Արդյոք փաստաթուղթը պարունակում է միայն փաստացի նկարագրություն թե նաև գնահատակ, որը կարող է ազդել հետազոտության վրա
  • Եթե պարունակում է վիճակագրություն, ապա որտեղից այն և ինչպես է առաջացել

Նմանատիպ հարցերի միջոցով փաստաթղթերի հավաստիության ստուգումը անցկացված հետազոտության արդյունքների հուսալիության գրավականն է [Ядов 1998, 214]:  Փաստաթղթերի վերլուծությունը կարող է օգտագործվել որպես հետազոտության տեղեկատվության հավաքման հիմնական աղբյուր, այնպես էլ կարող է հանդես գալ իբրև լրացուցիչ մեթոդ` զուգակցվելով որևէ մեթոդի հետ:

Տե’ս գրականություն

  1. Թադևոսյան Գ. ՙՈրակական սոցիալական հետազոտություններ՚ Եր. ԵՊՀ, 2006
  2. Грицианов, А. (ред.) «Энциклопедия Социология» Минск; Книжный дом, 2003
  3. Осипов, Г. (ред.) «Социологический энциклопедический словарь», М; Инфра. М – Норма, 1988
  4. Семенова В. «Качественные методы: введение в гуманистическую социологию» М.; Добросвет 1998
  5. Ядов В. «Стратегия социологического исследования» М.; Добросвет 1998

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *