Սոցիալական ցանցը` որպես քաղաքական որոշումների կայացմանը նպաստող գործոն գյուղական համայնքում

Մարինե Սիմոնյան

Հոդվածը ՀՀ գյուղական համայնքներում  քաղաքական որոշումների կայացման գործընթացի վերլուծություն է , և  հիմնականում վերաբերում  է դրա նկարագրմանն ու գործոնների բացահայտմանը, մասնավորապես` սոցիալական ցանցի նշանակության բացահայտմանը: Հիմնվելով ցանցային մեթոդաբանության վրա`  դուրս են բերվել բոլոր քաղաքական սուբյեկտները, նկարագրվել է նրանց քաղաքական կապիտալը, քաղաքական կապերը, կառուցվել է քաղաքական ցանց, որն էլ կոնկրետ մեթոդաբանության մշակման հիմք է դարձել: Քանի որ լայն հասարակության շրջանում, ինչպես նաև մեծ համայնքներում նման ուսումնասիրությունը գործնականում շատ դժվար է, տվյալ աշխատանքում հիմնախնդրի արդիականությունը կայանում է նրանում, որ այն կարող է միկրոհամայնքի ուսումնասիրության հիման վրա ավելի լայն սոցիալ-քաղաքական և ժողովրդավարացման գործընթացներ հասկանալու հիմքեր ստեղծել:

Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները հանդիպում են որոշակի խոչընդոտների, որոնք առկա են ինչպես իշխանական, այնպես էլ հանրային մակարդակներում, քանզի երկուսն էլ ադապտացված չեն նոր համակարգին: Այդ գործընթացն ավելի դանդաղ և ավելի շատ խոչընդոտների է հանդիպում մարզերում, հատկապես` գյուղերում: Քանի որ գյուղն ավելի փոքր համայնք է, և սոցիալական կապերն ավելի ուժգին են ու սահմանափակ, ցանցային տեսության շրջանակներում կարելի է բացահայտել մի շարք  միկրոերևույթներ և տարրեր, որոնք չեն երևում մակրոհետազոտական լայն ուսումնասիրություններում:
Վերջին 9-10 տարիների ընթացքում ՀՀ-ի քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքներում նկատվում է քաղաքական իշխանության ձևավորում նույն քաղաքական գործող անձանց կողմից[1], որոնց կողմից կիրառված իշխանության հասնելու բազմաթիվ միջոցները հաճախ հանրության կողմից ընկալվում են ոչ լեգիտիմ` պահպանելու սեփական քաղաքական դիրքը: Դա բերում է նրան, որ հիմնական քաղաքական որոշումները անընդհատ ընդունվում են նույն քաղաքական շահ ունեցողների շրջանակի կողմից, այսինքն` որոշումների կայացումն իրականանում է մեկ կենտրոնի կողմից, մեկ դիրքի կողմից: Միևնույն ժամանակ, համայնքում մի շարք  կորպորատիվ կազմակերպված խմբեր` շահերի խմբեր, կարողանում են ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա: Նման տիպի որոշումների կայացման համակարգը, որն, ըստ սահմանման, ավելի շուտ ավտորիտար է, քան ժողովրդավարական, քանի որ ելնում է որոշակի շահերի խմբերի դիրքերից, հատուկ է անցումային ժողովրդավարության փուլում գտնվող հասարակություններին, այդ թվում՝ Հայաստանին:
Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ աշխատանքում բացահայտված հիմնախնդիրները կարևոր են՝ հասկանալու ինչպես ցանցային մեթոդների կիրառությունը գյուղական համայքների ուսումնասիրման ժամանակ, այնպես էլ համայնքներում ժողովրդավարական գործընթացների առջև կանգնած խոչընդոտները, որոնք առաջանում են սոցիալական ցանցից:
Աշխատանքը հիմնված է  Պիեռ Բուրդյեի (քաղաքական դաշտ, քաղաքական կապիտալ՝ սոցիալական, տնտեսական, մշակութային), Մարկ Գրանովետտրի (թույլ կապերի ուժ), Ռոնալդ Բարտի (կառուցվածքային անցքեր), Ռ.Պատնամի (կամրջող և կապող սոցիալական կապիտալ), Ֆերդինատ Թյոնիսի («գեմայնշավթ», սոցիալական կամք) տեսական հայեցակարգերի վրա: Վերլուծական սխեման ցանցային մոտեցում է` գործող անձիք (հանգույց) և դրանց միջև հարաբերությունները:
Հետազոտությունն իրականացվել է խորին հարցազրույցի և փաստաթղթերի ավանդական վերլուծության մեթոդների միջոցով: Խորին հարցազրույցի համար ընտրանքի միավորները ձևավորվել են ձնակույտի մեթոդով: Ընտրանքի միավոր են հանդիսացել քաղաքականապես տեղեկացված, ակտիվ անհատներ (գյուղապետ, ավագանի, կուսակցական տեղային ղեկավարներ և այլն): Իսկ գյուղերն ընտրվել են շերտավորված ընտրանքի միջոցով: Հարկ է նշել, որ այս սոցիոլոգիական հետազոտությունը իրականացվել է արդեն կատարված հետազոտության հիման վրա, որի շրջանակում ուսումնասիրվել էր միայն մեկ գյուղ` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղը: Կրթաթոշակի շրջանակներում իրականացվող հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ևս չորս նմանատիպ՝ քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքներ[2] (N=17, n=5): Այդ գյուղերն  են՝ Շիրակի մարզի Ախուրյան, Կոտայքի մարզի Ջրվեժ, Արարատի մարզի Այնթապ և Լոռու մարզի Օձուն գյուղը:

1. Գյուղական համայնքի քաղաքական ցանցի դիրքերը
 Մեծ  գյուղական համայնքները դառնում են քաղաքականապես ակտիվ, քանի որ քաղաքական ցանցի կենտրոնական հանգույցները հետաքրքրված են  դրանցով` որպես քաղաքական իշխանություն ձևավորող նշանակալի ձայների քանակ: Ուստի գյուղական կայուն սոցիալական կապերը համալրվում են այլ գործոններով, քան «ձգտումների և հետաքրքրությունների ընդհանրություններն են»: Պ. Սորոկինի բնութագրմամբ՝ «Համատեղ գործողությունները, հիմնված «ձգտումների և հետաքրքրությունների ընդհանրության» վրա,  հանգեցնում է կայուն սոցիալական կապերի, որն էլ հանդես է գալիս գյուղերի՝ սոցիալ-տարածական հանրույթների առաջացման կարևորագույն պայմանի դերում»:
Ո՞վ է քաղաքական որոշում կայացնող սուբյեկտը (գործող անձը) գյուղական համայնքներում. ով ունի քաղաքական իշխանություն: Քաղաքական իշխանությունը տվյալ դասի, խմբի, անհատի ռեալ ունակությունն է՝ իր կամքն առաջ տանել քաղաքականության մեջ և իրավական նորմերում: Գյուղական համայնքներում գործում է ոչ պետական քաղաքական իշխանություն (քաղաքական կուսակցություններ, շահերի խմբեր, տեղական ինքնակառավարման մարմիններ) և միայն իրացման մակարդակում` պետական (օրենսդիր, դատական, գործադիր)[3]: Իսկ քաղաքական իշխանությունը կախված է տվյալ սուբյեկտի քաղաքական կշռից, որը հեղինակություն է  քաղաքական դաշտում և հիմնվում է քաղաքական կապիտալը մոբիլիզացնող ուժերի վրա: Քաղաքակական կապիտալն այն բոլոր հնարավորությունների ու կապիտալի ձևերի ամբողջությունն է, որով օժտված է քաղաքական սուբյեկտը: Քաղաքական սուբյեկտներն էլ ձևավորում են քաղաքական ցանց, որը վերլուծության արդյունքում բաժանվել է 3 դիրքերի :

Գծանկար 1. Քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքի քաղաքական

ցանցի դիրքերը

1-ին դիրք: Գյուղական համայնքը լինելով նշանակալի` 1-ին դիրքը  քաղաքական կապիտալի օբյեկտիվացմամբ ստեղծում է ինստուտուցիոնալ քաղաքական համակարգ` ի դեմս կառավարման համակարգի և ոչ միայն, որը թույլ է տալիս անկախ լինել էլեկտորալ սանկցավորումից:

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մեծ գյուղական համայնքներում  կառավարման համակարգը նույնականացվում է քաղաքական համակարգի հետ՝ ելնելով հետևյալ հանգամանքներից.

  • Նախ, ունենալով պետական իշխանություն, ներթափանցում են քաղաքական դաշտ` պահպանելու սեփական ստատուս-քվոն, որը ձևավորվում է հենց քաղաքական դաշտում և խիստ կապված է տնտեսական կապիտալի հետ (ինչպես այն ձեռքբերելու, այնպես էլ դրա առկայության պայմաններում է ձևավորվում իշխանություն): («Ով կուզի, որ իր շահավետ պաշտոնը իր ձեռքից բաց թողնի, ամեն գնով պայքարում են, քանի որ քաղաքականն ու տնտեսականը միշտ կապված են»)[4]:
  • Այնուհետև այդ համընկնումը պայմանավորված է «բյուրոկրատական» համակարգում քաղաքական կապիտալի օբյեկտիվացմամբ, այսինքն` քաղաքական վերնախավը (պետական քաղաքական իշխանություն ունեցող) ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ է ստեղծում, որը թույլ է տալիս անկախ լինել էլեկտորալ սանկցավորումից[5] : («Վերևից ստեղծել են իրենց վստահելի մարդը, որն ունակ է բավարարել իրենց պահանջները. ցանկացած ժամանակ  կարողանա ապահովել իրենց ծրագրած ձայների քանակը և ընդունել այն որոշումները, որոնք վերևից են թելադրվում»): Այսինքն`օբյեկտիվացրել են միջոցները, որպեսզի, անկախ ժողովրդի ցանկությունից, կարողանան որոշում կայացնել, կարողանան վերընտրվել ու պահպանել իրենց դիրքը:
  • Ինչպես նաև կայացվում են կառավարչական որոշումներ, որոնք արտահայտում են մասնավոր կամքը և սանկցիա են նրանց համար, ովքեր չեն կատարել այդ դիրքի կամքը: Այսինքն`կառավարչական որոշումները քաղաքական բնույթ են կրում («գյուղապետը և ավագանին մշակում են օրակարգ` հիմնված բարեկամների ու ծանոթների, հետո միայն մյուսների պահանջները բավարարելու վրա, իրենց թիմի մարդկանց, հետո մյուսների,  հարուստների, հետո աղքատների, ակտիվների, հետո սովորական ժողովրդի, տարիքավորի, հետո երիտասարդի, տղամարդու, հետո կնոջ, աշխատանք ունեցողի, հետո չունեցողի»): Եթե նույնիսկ քաղաքական վերնախավին կառավարման համակարգում գյուղական համայնքի մակարդակով «չի հաջողվում» ունենալ  իր ցանցային հանգույցները (գործող անձինք), ապա ունենում է նրանց այլ «ուժային» կառույցներում (տնտեսական, իրավական, կրթական, քաղաքական), որոնք ազդեցիկ են գյուղի սոցիալական ցանցում:

2-րդ դիրք: Այս դիրքում միջնորդող հանգույցներ են, որոնք կապում են ծայրամասերը կենտրոնական հանգույցներին, յուրահատուկ միավոր են, որոնք, կարծես, առանձին ցանց են և համայնքում հիմնական քաղաքական գործող անձիք: Նրանք են ինֆորմացիայի շարժն ապահովողները թե’ դրսի, թե’ ներսի համար: Միջնորդող հանգույցները, գտնվելով ավելի բարձր դիրքում, օգտագործում են իրենց իշխանությունը` ձեռք բերելու իրենց ենթակայության տակ գտնվողների քաղաքական որոշում կայացնելու իրավունքը : Հենց սրա համար էլ   միջնորդող հանգույցները ընտրվում են 1-ին դիրքի կողմից («Յուրաքանչյուր հիմնարկի պետ ասում է, որ պետք է ընտրեք այս մարդուն, քաղաքական այս որոշումը ընդունեք, հակառակ դեպքում` կազատվեք աշխատանքից»): Սակայն դրանք թույլ կապեր են (կոլեգաներ) և այդքան էլ վստահելի չեն: Դրանք կքանդվեն, եթե այդ ցանցերում գտնվող գործող անձինք գտնվում են ուժեղ կապերով (բարեկամական, կուսակցական) այլ ցանցերի մեջ: Հատկապես, եթե իգական սեռի են, ապա նրանք չեն պատկանում այդ սոցիալական ցանցերին, քանի որ գյուղական համայնքում նրանք որոշում կայացնող չեն («Կինը տան գործ անողն է, ինչ գործ ունի քաղաքականության մեջ: Դա պայմանավորված է գյուղական ավանդույթներով. որոշում կայացնողը ընտանիքի գլխավորն է` ընտանիքի հայրը»):  Բայց դա միանշանակ չէ («Կան դեպքեր, երբ  5 ընտրող անդամ ունեցող ընտանիքից ամեն մեկը իր ուզած թեկնածուին կամ կուսակցությանն է ձայն տալիս, այս հանգամանքը կապված է քաղաքականապես տեղյակ լինելուց»): Այսպիսով, ոչ կենտրոնացված գործող անձինք, որոնք  պատկանում են այս կամ այն սոցիալական ցանցին, ցանցում նորմատիվային համակարգը թույլ է, և չկա տնտեսական կապիտալ ձեռք բերելու հնարավորություն, զերծ են «ընտանիքի մեծի» ազդեցությունից որոշումների կայացման հարցում: Այս հանգամանքը կապված է արտաքին (տվյալ ցանցից դուրս) ինֆորմացիոն հոսքերի հետ, որոնք գալիս են ինչպես այլ ցանցերից, որոնց հետ թույլ կապի մեջ են, այնպես էլ ԶԼՄ-ներից: Այսպիսի գործող անձինք էլ համարվում են խոցելի քաղաքական մանիպուլյացիաների առումով :

Միջնորդող դիրքի ընտրությունը կամ նրանց այդտեղ գտնվելը պայմանավորված ներքին և արտաքին ատրիբուտներով.

  1. արտաքին ատրիբուտներն են գյուղի սոցիալ-տնտեսական վատ վիճակը, լարված քաղաքական մթնոլորտը, ցածր իրավագիտակցության մակարդակը, ավելի խիստ ավանդական նորմերը, աշխատանքային միգրացիան:
  2. Ներքին ատրիբուտները հիմնականում  40 և ավելի տարիքի տղամարդիկ են, ովքեր ունեն ինտելեկտուալ և կրթական բարձր մակարդակ, հեղինակություն, ակտիվիվիսներ են:

2-րդ դիրքը, լինելով յուրահատուկ և կարևորագույն օղակը, այնուամենայնիվ, շատ է ու մեկի բացակայությունը էականորեն չի ազդի քաղաքական որոշումների հիերարխիկ համակարգի վրա: Ինչպես ցույց է տրված գծանկար 2-ում՝ 2-րդ ցանցում հանված է 1 միջնորդող հանգույց (18-րդ հանգույցը), սակայն տեսնում ենք, որ դրանից էականորեն չի փոխվում քաղաքական որոշումների կայացման համակարգը: Քանզի այն իստիտուցիոնալ համակարգ է, ուստի անընդհատ կան անհատներ, որոնք կլրացնեն նրանց, ովքեր «խոտան» կհամարվեն համակարգի համար:

1 2

Գծանկար 2. Քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքի քաղաքական

ցանցը. 1և 2 ցանցերի համեմատություն

3-րդ դիրք: Ցանցի վերջին օղակը` քաղաքական իշխանության կրողը, շատ քիչ չափաբաժնով (քաղաքական ընտրության իրավունքով)  սովորական քաղաքացին է (ծայրամասային հանգույցներ[6]): Վերջինս էլ գյուղական համայնքում քաղաքական որոշումների առումով հիմնական «խաղաքարտն» է, որի ձեռքբերման էլ  ձգտում են քաղաքական դաշտի  ավելի բարձր դիրքի գործող անձիք, որոնց այն ապահովում է ուժով և իշխանությամբ: Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ վերջին օղակը իրականում քաղաքական իշխանության ձևավորման համար որոշում չի կայացնում, այլ քաղաքական որոշում է կայացնում, թե ով իր տեղը դա կանի ու ինչի դիմաց : Իսկ դա պայմանավորված է Բուրդյեի կապիտալի 3 ձևերի համապատասխան չափով ներգործությամբ (տես` գծանկար 3):

 2. Քաղաքական որոշման վրա ազդող գործոնները

Վերլուծելով քաղաքական որոշումներ կայացնող սուբյեկտներին, դրանց վրա և կողմից ազդող գործոնները` եկանք այն եզրակացության, որ սոցիալ-տնտեսական ցածր մակարդակի, քաղաքական լարված մթնոլորտի պատճառով ազդեցության թիրախը դառնում է մարդկային առաջնային պահանջմունքների բավավարարումը (ֆիզիոլոգիական, անվտանգության պահանջմունքներ): Ուստի դրա համար առաջնային գործոն են դառնում նյութական միջոցները  («Ցավոք, ինչպես ամբողջ երկրում, առավել ևս գյուղում, ելնելով սոցիալական դրությունից, մարդիկ շատ հաճախ գայթակղվում են շատ չնչին ընտրակաշառքով` լինի դա դրամական, թե ապրանքային, կա այդ երևույթը»): Նյութական ռեսուրսի հոսքերն ուղղված են  հիմնականում դեպի ցանցի ցածր դիրքեր, սակայն վերին դիրքերը նույն են` այլ չափերով և այլ ուղղությամբ («Ամեն մի իշխող հարիր է իր ընտրողներին»):

Այսպիսով, տնտեսական կապիտալը կարևորագույն գործոն է քաղաքական որոշումների կայացման գործում: Սակայն գյուղական սերտ կապերի պայմաններում այն դառնում է երկրորդային՝ համեմատած սոցիալական կապիտալի հետ («բարեկամներ, շրջապատ հասկացողությունն առաջնային են, չնայած էդ շրջապատներն էլ պայամանավորված է փողով»):

Գծանկար 3. Քաղաքական որոշումների կայացմանը  նպաստող գործոնների հարաբերակցություն

Սակայն, ինչպես երևում է, բացի ուժեղ կապերից (ընտանեկան, բարեկամական), թույլ կապերի (ծանոթներ, հեռու բարեկամներ) հիման վրա ձևավորված սոցիալական կապիտալը (շրջապատը) հիմնված է փոխադարձ շահերի վրա (տնտեսական կապիտալի): Այս երկու կարևորագույն գործոններից հետո, իհարկե, մշակութային կապիտալը ազդեցիկ գործոն է  («կրթված լինելը, աշխատանքային փորձ ունենալը այն բաներն են, որոնք օգնում են ճիշտ կողմնորոշվել, թե ինչ անել, ինչպես ազդել, ինչ ուղղությամբ գնալ, որ ճիշտ լինի»):

 3. Քաղաքական որոշումների կայացման գործընթացը
Քաղաքական որոշումների կայացման գործընթացը ենթադրում է հետևյալ տարրերը.

  • քաղաքական սուբյեկտ (գործող անձ),
  • քաղաքական համակարգ (միջավայր),
  • քաղաքական իշխանություն (քաղաքական կշիռ),
  • անորոշ, կիսատեղեկացված իրավիճակ (պրոբլեմային իրավիճակ),
  • այլընտրանքային մոդելներ,
  • օպտիմիլազացիա (ընտրել ցանկալի այլընտրանքը),
  • քաղաքական որոշումների իրականացում:

Այս գործընթացը տեղի է ունենում տարբեր դիրքերի տարբեր քաղաքական որոշում կայացնելու համար (տես` գծանկար 4):

Գծանկար 4. 3 դիրքերի կայացրած քաղաքական որոշումները

Ուշագրավ է այստեղ խոսել 2-րդ դիրքի 2-րդ ձևի մասին` ինչ մեխանիզմով կատարել որոշումը(Տե’ս Գծանկար 4): Դրանք, այնուամենայնիվ, ոչ լեգիտիմ են, քանի որ երբ հարց է տրվում` ինչ է լեգիտիմությունը[7], հարցվողները պատասխանում են` ինչը լեգիտիմություն չէ («իրավական հիմք չունեցող, անարդար, իրականությունից հեռու, իշխանության ձևավորման մեջ դու քո կամքը չես արտահայտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ չէ, ժողովրդի կարծիքը չարտահայտող»): Այսինքն`պատկերացում ունեն միայն նրա մասին, ինչը տեսել են` չնայած նրանց լեգիտիմանալու փորձերին ու 1-ին դիրքի կողմից լեգիտիմ միջնորդներ նշանակելուն: Այսինքն` քաղաքական բարձր դիրքերի սուբյեկտները, օգտագործելով ոչ միայն նախնական ազդեցության գործոնները, այլև հետընտրական (որոշումը իրականացնելուց հետո) մեխանիզմները, ամեն գնով պահում են  ստատուս-քվոն (քաղաքական դիրքը): Վերջինս հնարավոր է, քանի որ նրանք ունեն տնտեսական, սոցիալական հզոր կապիտալ. վերը նկարագրված հիերարխիկ ինստուտոցիոնալ համակարգը, ի դեմս կառավարման համակարգի (ոչ միայն),  հնարավորություն է տալիս օբյեկտիվացնել իրենց միջոցները և անկախ լինեն էլեկտորալ սանկցիաններից: Եվ քանի որ գյուղում քաղաքական իշխանությունը ձևավորվում է հիմնականում «դրսի» (ոչ գյուղացի) սոցիալական կապիտալի շնորհիվ, ապա «ներսում» նա պատասխանատվություն չի կրում, բացի ներսում ունեցած փոքր սոցիալական ցանցի (կապիտալի) նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, որը երևում է որոշումների կայացման խտրականության մեջ: Այնուամենայնիվ, բարձր դիրքերի քաղաքական սուբյեկտների հենակետերը գյուղական համայնքներում (միջնորդող հանգույցները) փորձում են լինել լեգիտիմ («Ներկայիս գյուղապետը հրաժարվեց իր աշխատավարձի 1/3-ից, հետևաբար տեղակալի, քարտուղարի աշխատավարձներն էլ կրճատվեց: Սա նպաստեց, որ մարդիկ սկսեն տարիներով հավաքված հարկերը տալ: Մեծացնելով գյուղի բյուջեն` գյուղապետը սկսեց բարեկարգել գյուղը: Լավ  որոշում է ընդունվել թաղումներին ծախսերը կրճատելու վերաբերյալ»): Ավելացնելով քաղաքական անձնային կապիտալ և ունենալով դելեգատիվ կապիտալ` 2-րդ դիրքի գործող անձիք ռացիոնալ-իրավական (լեգալ) լեգիտիմություն են ձեռք բերում («Եթե այսպես գյուղապետը բարենորոգումներ կատարի, ինչպես այս ընտրություններին, այնպես էլ մյուսներին` միայն ինքը կլինի, և իրեն էլ կընտրենք, նա ապահովված է, և գյուղի բյուջեն ինչ-որ չափով կծառայեցնի համայնքի շահերին»): Այստեղ երևում է, որ լեգիտիմությունը կապված է ավելի շատ ոչ թե օրինականության հետ, այլ սոցիալական արդարության սկզբունքի հետ: Բայց քանի որ գյուղի  քաղաքական իշխանությունը պատասխանատվություն ունի գյուղից դուրս կենտրոնացված գործող անձանց (դրսի սոցիալական կապիտալ) նկատմամբ  և, իհարկե, չի կարող իր լեգիտիմությամբ ապահովել ուրիշների լեգիտիմությունը, ապա, որպեսզի բավարարի նրանց պահանջները, կիրառում է այն նույն ոչ օրինական  միջոցները, որով ինքն իշխանության է եկել («Իշխանությունը մարդկանց խումբ է, որ իրար հետ պայմանավորված իշխում են»): Այսպիսով, պետք է նշել, որ համայնքում քաղաքական կապիտալի օբյեկտիվացումը հանգեցրել է էլեկտորալ սանկցիաներից անկախացման և փոխարինվել անձնային ներդրումների ռազմավարության («ինքն իր համար վճարել»): Իսկ այն գործող անձիք, ովքեր չունեն քաղաքական անձնային կապիտալ, փոխարինվում են նրանցով, ովքեր ունեն, որպեսզի նորմալ գործի այդ համակարգը («մի քանի պաշտոնյաներ, չկարողանալով պարտադրել գյուղում ծանոթներին ու բարեկամներին իրենց կամքը, որը պարտադրել էին վերևից, ազատվեցին աշխատանքից»): Այսպիսի ռազմավարությունն էլ հակասում է այն փաստին, որ գյուղական համայնքն ապրում է սոցիալական կամքի գերիշխանության պայմաններում, այսինքն` սոցիալական իշխանության` առանձին անհատի  նկատմամբ, ամբողջի իշխանության բնույթը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում[8]: Սակայն սա չի նշանակում, որ սոցիալական ցանցը էական չի քաղաքական որոշումների համար, այլ  էական է դառնում այն ժամանակ, երբ հիմնականում ձևավորվում է տնտեսական կապիտալի հիման վրա: Դրա հիման վրա է  սոցիալական ցանցը նպաստում քաղաքական որոշումների կայացմանը գյուղական համայնքում:

 4. Գյուղական համայնքի կարևորագույն սոցիալական ցանցերը
Գյուղական համայնքներում մեծ նշանակություն ունեն տոհմային պատկանելությամբ  ցանցերը, սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական որոշումների կայացումը հիմնված չէ տոհմական պատկանելության գործոնով, քանի որ հատկապես  մեծ տոհմերի համախմբվածությունը թույլ է և չկան միանշանակ կենտրոնացված գործող անձիք: Հարցվողները նշում են նաև, որ մեծ տոհմերը քաղաքականապես ակտիվ են: Նշանակում է, որ  կենտրոնացված գործող անձիք մի քանիսն են, որոնց միջև գործում են թույլ կապեր և որոնք հեշտությամբ են խզվում տնտեսական գործոնների ազդեցությամբ («Ազգը տուն չի պահի, իսկ էդ մարդիկ աշխատանք են տալիս»): Այսինքն` մեծ տոհմերին կարելի է բնութագրել որպես թույլ կապերով կապված մի քանի փոքր տոհմերի ամբողջություն: Իսկ փոքր տոհմերը, ի տարբերություն մեծերի, ունեն մեկ կենտրոնացված գործող անձ և որտեղ  գործում են միայն ուժգին կապեր: Ինչքան տոհմը փոքր է, այնքան համախմբվածությունը  մեծ է: Ուստի խիստ ազգակցական, բարեկամական կապերը  կարող են ստեղծել առավել կայուն սոցիալական կապիտալ, քան տոհմանական կապերը:
Սա բնութագրական է մեծ գյուղական համայնքներին, քանի որ մեծ տոհմեր շատ կան, և ինչքան մեծանում է տոհմը, այնքան ուժեղ կապերը վերածվում են թույլ կապերի: Եվ դա թույլ է տալիս ինֆորմացիոն հոսքերի հեշտացման: Միջնորդավորված կենտրոնացված գործող անձիք  ինֆորմացիան ձեռք են բերում տարբեր մեխանիզմներով` ինչպես ուժեղ կապերի («ընտանիքի անդամները, բարեկամները, քավոր-սաները վստահելի են, և ինֆորմացիան մնում է մեր մեջ»), այնպես էլ թույլ կապերի միջոցով («Գործակալներ կան տարբեր թիմերում, որոնք ինֆորմացիան դուրս են հանում: Խմացնելով, հոգեբանորեն ազդելով` որպես գյուղացի, ծանոթ, հարցնում ենք, ինֆորմացիա ենք քաշում»): Սա էլ հաստատեց այն վարկածը, որ որքան ուժեղ կապերով սոցիալական  ցանց է, այնքան ինֆորմացիոն հոսքը փակ է դրսի համար:
Քանի որ յուրաքանչյուր կենտրոնացված գործող անձ ունի և՛ կամրջող (թույլ կապեր), և՛ կապող (ուժեղ կապեր) սոցիալական  կապիտալ[9], ուստի ցանկացած ցանցից մյուսը ինֆորմացիան կարող է հոսել: Եվ քաղաքական ցանցը (ներքին դիրքերում, ծայրամասային հանգույցներում) ինֆորմացիոն հոսքերի առումով համեմատաբար բաց է. ունեն սանկցավորող բարոյական նորմեր («ունենք ընդանուր մշակութային արժեքներ, մեկ մարդու նման համագյուղացի ենք, մեկ կուսակցությունից ենք. բարև, բարի լույս կա»), կենտրոնացված գործող անձիք ինչպես իրար նկատմամբ, այնպես էլ ներքին դիրքերի հանդեպ պատասխանատվություն են կրում («մենք մնում ենք այդ մարդկանց առաջ ամոթով, իսկ դրսի որոշում կայացնողները թողնում,  փախնում են»), ինչն էլ ապացում է այն հիպոթեզը, որքան շատ են թույլ կապերով կապված գործող անձինք, այնքան պատասխանատվությունը թուլանում է:

Քաղաքական կուսակցություններ:  Մեծ գյուղական համայնքներում քաղաքական կուսակցությունները` որպես քաղաքական սուբյեկտ, իրենցից ներկայացնում են այս կամ այն կուսակցության տարածքային կառույցներ, որոնք կարգավորվում են  համապատասխան կուսակցական ղեկավարների կողմից: Այսինքն` գյուղական կուսակցական խմբերը չէ, որ որոշում են կայացնում, այլ դրանք ազդեցություն ունեն իրենց ներսում գտնվող սովորական քաղաքացիների վրա՝ քաղաքական իշխանության ձևավորման և քաղաքական որոշումների կայացման հարցում: Վերջիններս գտնվում են կուսակցական տեղային ղեկավարների (միջնորդավորված հանգույցները) ազդեցության տակ, ինչպես նաև ոչ կուսակցական որոշ անհատների վրա : Դա պայմանավորված է նրանց քաղաքական կապիտալով, որն, ըստ Բուրդյեի, ձևավորվում է 3 կապիտալների համադրման արդյունքում և պայմանավորում նրանց կշիռը քաղաքական դաշտում : Քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքներում միջնորդավորված հանգույցները  հիմնվում են դրանց վրա՝ հետևյալ հերթականությամբ.

1. սոցիալական կապիտալի վրա («Եթե չունենա վերևներում բարեկամ, ծանոթ, ու նաև էստեղ` գյուղում, հարազատների աջակցությունը չլինի, ուզում ա խելոք լինի, կրթված, իր խոսքը անցողիկ չի»)

2.   տնտեսական կապիտալի վրա («…առանց փողի հնարավոր չի…»)

3. մշակութային կապիտալի վրա («ինչ խոսք` հարգանքն էլ է պետք, հեղինակությունը, կրթվածությունը, աշխատանքային փորձը…»)

Ընդհանուր առմամբ, կուսակցական պատկանելությունը գործոն է որոշումների կայացման համար, քանի որ այստեղ, ի տարբերություն տոհմական պատկանելության, անձը ընտրության իրավունքով պատկանում է այս կամ այն կուսակցության: Սակայն այդ ընտրությունը, ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տալիս, չունի ինչ-որ գաղափարական հիմք, այլ այն պայմանավորված է անձնային նյութական շահերով («մարդիկ աշխատանք չունեն, գյուղատնտեսությունը չի արդարացնում, այսինքն` մարդիկ տեսնում են, որտեղ շահ եղավ, այնտեղ էլ գնում են»): Այս փաստն էլ օգտագործվում է թե՛ կուսակցություններին անդամագրելու, թե՛ քաղաքական ընտրություններին որոշում կայացնելու գործում գյուղում կուսակցական  կենտրոնացված գործող անձանց կողմից (Տես` Նկար 5) : Կուսակցությունները  գյուղական համայնքում ձևավորվում են հիմնականում հետևյալ մեխանիզմով` ընտրությունների ժամանակ կուսակցական շտաբեր են բացվում, ընտրում են նախագահ, «կամավոր-ծանոթ» հիմքերով անդամագրվում են կուսակցությանը, որտեղ կամավորությունը պայմանավորված է հիմականում «նյութական օգնությամբ» : Այսինքն` կուսակցական պատկանելությունը հիմնված է տնտեսական կապիտալ ձեռք բերելու վրա («տնտեսականն ու քաղաքականը կապված են. քամին որ կողմից փչի (վերադաս մարմիներում պաշտոն), այդ կողմն էլ ճոճվում են»): Եվ քանի որ արդեն նշել ենք , որ տնտեսական կապիտալը գործոն է քաղաքական որոշումների կայացման համար, հետևապես կուսակցական պատկանելությունը ևս գործոն է: Այսպիսով, կուսակցական պատկանելիությունը գործոն է հանդիսանում որոշումների կայացման համար, քանի որ այստեղ, ի տարբերություն տոհմային պատկանելության, անձը ընտրության իրավունքով պատկանում է այս կամ այն կուսակցությանը: Սակայն այդ ընտրությունը, ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տալիս, չունի ինչ-որ գաղափարական հիմք, այլ պայմանավորված է անձնային նյութական շահերով, որոնք ակտուալ են դառնում սոցիալ-տնտեսական վատ պայմանների դեպքում:

Գծանկար 5. Քաղաքական կուսակցությունների ձևավորումը քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքում

Շահերի խմբերը քաղաքական որոշումների կայացման վրա ազդող թույլ կապերով ձևավորված սոցիալական ցանցեր են: Գոյություն ունեն շահերի խմբեր, որոնք միավորված են այս կամ այն նպատակի կամ շահի շուրջ, ազդեցություն ունեն քաղաքական որոշումների վրա այն դեպքում, երբ դա բխում է վերին դիրքի կենտրոնացված գործող անձանց քաղաքական շահերից («Նրանց ձեռքն ա ամեն ինչ, ինչ ուզեն կանեն, և քանի որ քաղաքականն ու տնտեսականը սերտ կապի մեջ  են, և առանց մեկը մյուսի հնարավոր չէ, ապա նրանք, ովքեր ուզենան ինքնուրույն պայքարել ու քաղաքական դաշտում  տեղ զբաղեցնել, նրանց դեմն  առնվում է կամ «կեղծիքների» միջոցով չեն թողնում` նրանց ձայնը լսելի լինի»): Քաղաքականապես ակտիվ գյուղական համայնքներում շահերի խմբերը գործում են թույլ կապերի (գործընկեր, ծանոթ) հիման վրա ձևավորված շահերի փոխհամաձայնեցման պայմաններում  («պաշտոնյաները (իրավական) համոզում են, որ ձայն տալով իշխանությանը` ուղիղ իմաստով անձամբ իրենց են օգնում»): Այստեղ կա փոխադարձ պատասխանատվություն և սպասումներ, հուսալի է միջավայրը, որտեղ հասանելի է ինֆորմացիան (խտությունը բարձր է, քանի որ կենտրոնացված գործող անձիք կապի մեջ են բոլորի հետ, և բոլորն էլ` իրար հետ),  և գործում են սանկցիաներ կենտրոնացված գործող անձանց կողմից` իրավական և բարոյական նորմերի ձևով: Այսինքն` սոցիալական կապիտալը[10] քաղաքական որոշումների կայացման գործոն դարձավ:

Եզրակացություններ

  • Քաղաքական որոշումները  թե’ իշխանական, թե’ ընդիմադիր օղակներում ունեն հիերարխիկ կառուցվածք, չնայած որ ընդդիմադիրն ավելի ապակենտոնացված է:
  • Մեծ գյուղական համայնքում քաղաքական ցանցը 3 դիրքերի միջև քաղաքական կապերի ամբողջություն է:
  • 3 դիրքերն իրենցից ներկայացնում են ծայրամասային, միջնորդող և կենտրոնական հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրն, ըստ էության, տարբեր տիպի քաղաքական որոշում է կայացնում:
  • Քաղաքական որոշումների կայացման տարբերությունները պայմանավորված են նրանց քաղաքական կապիտալով, որն էլ ձևավորվում է տնտեսական, մշակութային և մեծամասամբ սոցիալական կապիտալի շնորհիվ` հատկապես գյուղի ներսում, ինչպես նաև գյուղից դուրս :
  • Գյուղի ներսի ու դրսի միջև կապը, ինֆորմացիան ապահովողը հանդիսանում են միջնորդող հանգույցները, որոնց լեգիտիմանալու փորձերը և լեգիտիմ լինելն էլ ապահովում է քաղաքական որոշումների կայացման հիերարխիկ կառուցվածքի գոյությունը:
  • Միջնորդող հանգույցներն էլ հիմնական հանգույցներն են ձևավորելու յուրահատուկ քաղաքական ցանց մեծ գյուղական համայնքում, որն էլ քաղաքական որոշումների կայացման հիմնական գործոնն է:

Այսպիսով, գյուղական կայուն սոցիալական կապերը համալրվում են այլ գործոններով, քան «ձգտումների և հետաքրքրությունների ընդհանրությաններն են»: Այստեղ էական են ուժեղ կապերով (ընտանիք, քավոր, սան) կայուն սոցիալական ցանցերը և թույլ կապերով (կուսակցական, տնտեսական) ձևավորված ոչ կայուն սոցիալական ցանցերը: Թույլ կապերի ուժը երևում է, եթե առկա է տնտեսական կապիտալի ներգործությունը: Ինչպես նաև թույլ կապերը հանդեցնում են պատասխանատվության թուլացմանը. այդ պատճառով 2-րդ և 3-րդ դիրքերն ավելի կապված են պատասխանատվության բարձր մակարդակով : Այն ուժեղ կապերով ցանց է, որի ցանկությունների, սոցիալական կամքի հիման վրա էլ կայացվում են այս կամ այն քաղաքական որոշումները:

[1] Տվյալները ստացված  են  www.elections.am:

[2] ՀՀ քաղաքականապես ակտիվ և մեծ գյուղերն են, որոնք առանձնացվել են ըստ հետևյալ չափանիշների. 1.երեք ընտրատարածք, 2.բնակչության թիվը 5000 և ավելի, 3.կուսակցական բազմազանություն (Կենտրոնական Ընտրական հանձնաժողով www.elections.am, ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն  2003-2007 թթ http://www.armstat.am/am/?nid=82&id=780):

[3] Пугачев В.П., Соловьев А.И. Введение в политологию.–М.(1995)

[4] Այսուհետ փակագծում չակերտներով խոսքը մեջբերում է խորին հարցազրույցից

[5] Գծանկար 2-ում, եթե 6-րդ և 8-րդ կետերից բռնենք ու պատկերացնենք տարածության մեջ (3D պատկեր), կտեսնենք այդ հիերարխիկ կառուցվածքը թե’ իշխանական, թե’ ընդիմադիր օղակներում, չնայած որ ընդդիմադիրն ավելի ապակենտոնացված է:

[6] Գծանկար 2-ում ծայրամասերի հանգույցները, որոնք իրենցից ներկայացնում են սոցիալական ցանցեր (հիմնված ուժեղ կապերի վրա` ընտանիք, քավոր, սան, բարեկամ), կենտրոնական հանգույցներին հասնում են միջնորդող հանգույցների միջոցով :

[7]Լեգիտիմությունը՝ հասարակության կողմից օրինական իշխանության և իշխողներին կառավարելու իրավունքի ճանաչումը, ընդունումը և նրանց ենթարկվելու համաձայնությունն է (2;65):

[8] Ըստ Թյոնիսի՝ գյուղական համայնքին հատուկ է «Wesenwille» (սոցիալական կամքը), որը որոշում է սոցիալական կյանքի ցանկացած, ամենաաննշան կողմը, որը ամրակապում է ու միացնում է անհատական գործողությունները հասարակական կյանքի ամբողջության մեջ: (Теннис Ф. ГемайншафтиГезельшафт http://scepsis.ru/library/id_585.html):

[9] Սոցիալական ցանցը (սոցիալական կապիտալ) դիրքերի ու դրանց միջև հարաբերությունների ամբողջությունն է, որոնք իրենցից ներկայացնում են ինֆորմացիոն հոսքեր (3;256): Ցանցային վերլուծաբան Գրանովետտերը (5;201-212) առանձնացնում է թույլ և ուժեղ կապեր, որոնք էլ Պուտնամը ներկայացրել է սոցիալական կապիտալի երկու ձևերի մեջ (7;35-42).

  • կապող (bonding), որը վերաբերում է հարաբերությունների բավականին միասեռ խմբերին, այնպիսին, ինչպիսին են ընտանիքի անդամները և մոտ ընկերները`հիմնված ուժեղ կապերի վրա: Կապիտալի այս տեսակը օգնում է մարդուն լինել ընդունված (getting by) տվյալ հասարակության կողմից,
  • կամրջող (bridging, inclusive). սա ծանոթների, գործընկերների ու կոլեգաների հետ հարաբերություններին են վերաբերվում: Այս կապերը ավելի թույլ են ու բազմազան, դրանք կարևոր են սոցիալական սանդղակով շարժվելու համար  (getting ahead):

[10] Տես`Քոուլման Ջ., «Սոցիալական կապիտալը մարդկային կապիտալը ստեղծելիս», Արդի արևմտյան սոցիոլոգիայի քրեստոմատիա,  ուսումնական ձեռնակ, Եր., ԵՊՀ հրատ, 2008, էջ267

Գրականության ցանկ

  1. Бурдье П. “Социология политики”: Пер. с фр./Сост., общ. ред. и предисл. Н.А.Шматко. / — М.: Socio-Logos, (1993)
  2. Вебер М. “Избранные произведения”, Москва, Наука
  3. Градосельская Г. В. “Сетевые измерения в социологии” – Москва, (2004)
  4. Пугачев В.П., Соловьев А.И. Введение в политологию.–М.(1995)
  5. Burt Ronald S.; “Structural Holes versus Network Closure as Social Capital”: May 2000
  6. Granovetter Mark; “The Strength of Weak Ties: A network Theory Revisited”, Sociological Theory, Volume 1 (1983)
  7. Dusan Sidjanski “Political decision-making processes” studies in national, comparative and international politics ESPC, Amsterdam, London,New York, (1973)
  8. Putnam R.D. “The Prosperous Community: Social Capital and Public Life”, American Prospect 13,(1993 )
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *