Սոցիալական շարժումների սահմանման խնդրի շուրջ

60437369_303Տպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 62-75,
Գայանե Հարությունյան
Տե՛ս հղումով:

 

Սույն հոդվածը վերաբերում է սոցիալական շարժումների սահմանման խնդրին՝ նպատակ ունենալով ներկայացնել սոցիալական շարժումների սահմանումների գիտական ըմբռնման ​​զարգացումը:

Հեղինակը նախ անդրադառնում է հոգեբանական հայեցակարգերին, որոնց շրջանակում ծագեց սոցիալական շարժումների ուսումնասիրությունը: Այս մոտեցման կողմնակիցները սոցիալական շարժումները սահմանում էին անհատների բնազդներով պայմանավորված իռացիոնալ կոլեկտիվ գործողությունների միջոցով: Հետագայում այս գաղափարները զարգացրեցին սոցիոլոգներ, ովքեր սկսեցին փնտրել սոցիալական շարժումների առաջացման սոցիալական պատճառներ: Տարբեր սոցիոլոգիական դպրոցներ սոցիալական շարժումների էությունը բացատրելու և սահմանելու իրենց ուրույն մոտեցումն ունեն, չնայած դրան կարելի է տեսնել մեկ ընդհանրություն. սոցիալական շարժումները դիտարկվում են որպես ռացիոնալ և կազմակերպված կոլեկտիվ գործողություններ, որոնք պայմանավորված են չբավարարված սոցիալական պահանջմունքներով և նպատակ ունեն փոխել առկա սոցիալական կարգը: Սոցիալական շարժումների սահմանումների հստակեցմանը և տեսության զարգացման գործում ավանդ ունեն նաև քաղաքագետները՝ դրանք դիտարկելով իշխանության և պետության, ահաբեկչության և բռնության փոխհարաբերությունների տեսանկյունից։

Քննարկելով տերմինի սահմանման հոգեբանական, սոցիոլոգիական և քաղաքագիտական ​​մոտեցումները՝ արվել է եզրակացություն, որ սոցիոլոգիական առավել համապարփակ ըմբռնումը պետք է սահմանի սոցիալական շարժումը որպես սոցիալական ցանցի միջոցով իրականացվող՝ անհատների և խմբերի հավաքական գործողության տեսակ, որը ներգրավված է սոցիալական կոնֆլիկտի մեջ և նպատակ ունի փոփոխել գործող սոցիետալ կարգը

 

Բանալի բառեր՝ սոցիալական շարժում, կոլեկտիվ վարք, սոցիալական կոնֆլիկտ, զանգվածային շարժում, ամբոխ, սոցիալական կարգ, սոցիալական ցանց, ինքնություն

 

Սոցիալական շարժումները գիտական համակարգված ուսումնասիրությունների օբյեկտ դարձան 19-րդ դարի կեսերին, ինչը պայմանավորված էր մի շարք պատմական իրադարձություններով՝ եվրոպական երկրներում աշխատավոր դասի գործադուլներով, կանանց ընտրական իրավունքի ամրագրման պահանջի ցույցերով, որոնք հանգեցրեցին լայնածավալ խռովությունների և խաթարեցին հասարակական կարգը: Սրանից բխեց գործնական անհրաժեշտություն՝ հասկանալու, թե ինչու են որոշ սոցիալական խմբեր ապստամբում: Այսպես առաջ եկավ մի համընդհանուր մոտեցում՝ սոցիալական շարժումների ուսումնասիրության միջոցով պարզելու սոցիալական փոփոխությունների առաջացման պատճառները[1]: Նման մոտեցումը նախ և առաջ ենթադրում է սոցիալական շարժման սահմանման հստակեցում, քանի որ սահմանումն է այն գործիքը, որը թույլ է տալիս բացահայտել երևույթի բովանդակությունը, հատկություններն ու առանձնահատկությունները:

Տասնամյակների ընթացքում սոցիալական շարժումների վերաբերյալ հետազոտական մեծ փորձ է կուտակվել՝ հատկապես տեսական ուսումնասիրությունների և եզրույթի սահմանման առումով: Սոցիալական շարժումների սահմանման վերաբերյալ քննարկումները շարունակվում են՝ նպատակ ունենալով գտնել համընդհանուր մոտեցում, քանի որ առկա ուսումնասիրություններում տերմինաբանական հակասությունների կան[2]: Այս հանգամանքը դժվարացնում է սոցիալական շարժումների էմպիրիկ ուսումնասիրությունը, քանի որ սոցիալական իրականությունում բարդ է տարբերակել սոցիալական շարժման սահմանները և հստակեցնել ուսումնասիրության օբյեկտը: Այս երևույթի պատճառները տարբեր են. որոշ հետազոտություններ չեն կենտրոնանում սոցիալական շարժումների տեսական սահմանման վրա և շոշափում են բովանդակային այլ հարցեր, որոշ հետազոտողներ առաջարկում են լայն սահմանումներ, որոնք կարող են ներառել նաև այլ երևույթներ[3]: Բացի այդ, սոցիալական շարժումը որպես սոցիալական ֆենոմեն բնույթով փոփոխական է. վերջինիս կառուցվածքը և ձևը անընդհատ ձևափոխվում են: Հենց այդ պատճառներով սոցիալական շարժումների կոնցեպտուալ սահմանման շուրջ ակադեմիական քննարկումները դեռ շարունակվում են[4]: Մասնագիտական գրականության մեջ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք «սոցիալական շարժում»-ը համարում են փողոցային մեկանգամյա ընդվզման ակցիաները, շահերի խմբերը և նույնիսկ քաղաքացիական պատերազմները, հեղափոխությունները[5]: Ըստ այդմ սոցիալական շարժումների սահմանումների ուսումնասիրությունը մի կողմից տեսականորեն արդիական է, քանի որ թույլ է տալիս հստակեցնել «սոցիալական շարժում» հասկացության բովանդակությունը և այդպիսով զարգացնել սոցիալական շարժումների ուսումնասիրման տեսական հենքը: Մյուս կողմից, նման ուսումնասիրությունն ունի կիրառական արժեք. սահմանումների ուսումնասիրությունը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ մեթոդաբանական խնդիրներից, որոնք ծագում են հետազոտական գործընթացում՝ սոցիալական շարժումը տարանջատելով այլ երևույթներից և նպաստելով սոցիալական շարժումների բնութագրմանը: Այսպիսով, հաշվի առնելով տարբեր հեղինակների արժեքավոր, բայց ինչ-որ առումով մասնակի ուսումնասիրությունները այս ոլորտում, սույն հոդվածը փորձ է ներկայացնելու սոցիալական շարժումների սահմանման էվոլյուցիան՝ սկսած գիտնականների հետաքրքրության ամենավաղ շրջանից մինչ մեր օրերը:

Գրականության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ խմբավորել և առանձնացնել սոցիալական շարժումների սահմանման երեք մոտեցում: Դրանք փաստորեն զարգացան տարբեր ժամանակներում և ներկայացնում են սոցիալական շարժումների սահմանման ոչ թե երեք տարբեր հայեցակետ, այլ այդ սոցիալական երևույթի ընկալման գիտական պատկերացումների զարգացումը ժամանակի ընթացքում հոգեբանության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության շրջանակներում:

 

Սոցիալ-հոգեբանական մոտեցում

Սոցիալական շարժումների առաջին ուսումնասիրությունները սկիզբ առան սոցիալական հոգեբանության շրջանակներում՝ իբրև յուրահատուկ փորձ՝ ուսումնասիրելու ու հասկանալ կոլեկտիվ վարքը, մասնավորապես՝ զանգվածային վարքը: Եվրոպական երկրներում արդյունաբերական հեղափոխության և աշխատանքի կազմակերպման մեխանիզմների փոփոխությունը, հանգեցնելով լայնածավալ խռովությունների, գործնական անհրաժեշտություն ստեղծեց հասկանալու, թե ինչու են անհատները համախմբվում առանձին միավորումների շուրջ: Այս հարցադրման պատասխանը նախ սկսեցին փնտրել սոցիալ-հոգեբանները՝ Էրիկ Հոֆֆերը, Թեդ Գառը, Գաբրիել Տարդը, Խոսե Օրտեգա ի Գասեթը, Սերժ Մոսկովիչին և այլք: Հետազոտելով զանգվածային հոգեբանությունը և կենտրոնանալով հատկապես ամբոխների ուսումնասիրության հիմնահարցերի վրա՝ նրանք սոցիալական շարժումները դիտարկում են իբրև կոլեկտիվ վարքի դրսևորման տեսակ: Էրիկ Հոֆֆերը «Իրական հավատացյալը» աշխատանքում նկարագրելով սոցիալական շարժումները, անվանում է դրանք «զանգվածային շարժումներ»[6]: Նման անվանումն արդեն իսկ մատնանշում է մի փաստ. Հոֆֆերը սոցիալական շարժումը օժտում է նույն հատկանիշներով, ինչ զանգվածներին: Դա տեսանելի է նաև հեղինակի սահմանումից՝ սոցիալական շարժումը կոլեկտիվ հուզման տեսակ է, որն առաջանում է հասարակական կարգը փոխելու ցանկությունից: Հոֆֆերը գտնում է, որ զանգվածային շարժումներն իռացիոնալ են, հիմնվում են ամբոխի հույզերի վրա, քայքայիչ են և բացասական հետևանքներ են թողնում հասարակության վրա: Զանգվածային շարժումների բացասական հատկանիշները նա պայմանավորում է դրանք նախաձեռնող անհատների հոգեբանական առանձնահատկություններով: Ըստ այս հեղինակի՝ շարժումների նախաձեռնողները, այսինքն՝ շարժման անդամները, սոցիալական հատակին գտնվող անձինք են՝ մարգինալներ, աղքատներ, հոգեբանական կամ ֆիզիկական արատներ ունեցողներ[7]:

Խոսե Օրտեգա ի Գասսեթը «Զանգվածների ապստամբություն» աշխատությունում անդրադառնալով «զանգվածի մարդու» կերպարին, նկարագրում է նաև նրանց կազմակերպած զանգվածային շարժումները[8]: Նրա սահմանումը Հոֆֆերի սահմանումից տարբերում է միայն մեկ չափումով: Այս հեղինակը գտնում է, որ զանգվածային շարժումները քաղաքական իշխանությանը տիրանալու զանգվածների փորձն է, որը հնարավոր է դառնում հասարակությունում դեմոկրատական կարգերի հաստատման շնորհիվ. օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ զանգվածը փորձում է յուրացնել այն հատկանիշները և օգտվել այն բարիքներից, որոնք նախկինում հասու էին միայն ընտրյալ փոքրամասնությանը[9]: Զանգվածային հոգեբանության և ամբոխի հիմնախնդիրներով զբաղվող մեկ այլ տեսաբան՝ Գաբրիել Տարդը: նույնպես օգտագործում է «զանգվածային շարժումներ» հասկացությունը՝ բնորոշելու համար համախմբված կոլեկտիվ գործողությունները, որոնց նպատակը սոցիալական փոփոխություններն են:

Տարդը սահմանում է զանգվածային շարժումն իբրև դժգոհ մարդկանց միավորում, որը ցանկանում է վերացնել դժգոհության պատճառը: Ի տարբերություն Էրիկ Հոֆֆերի՝ Տարդը սոցիալական դժգոհության առաջացումը չի պայմանավորում անհատի զուտ հոգեբանական առանձնահատկություններով, այլ շեշտադրում է սոցիալական խմբերի կողմից իրենց անբավարար վիճակի գիտակցումը: Այս առումով կարելի է ասել, որ Տարդը ավելի բարձր աստիճանի հասցրեց սոցիալական շարժումների ուսումնասիրությունը:

Կոլեկտիվ վարքի անվանի հետազոտող Սերժ Մոսկովիչիի ուսումնասիրություններն առանցքային դեր խաղացին այս ոլորտում: Ի տարբերություն նախորդ մոտեցումների՝ նա սահմանման նոր չափումներ մտցրեց: Մոսկովիչին, քննադատելով սոցիալական երևույթների հոգեբանական բացատրությունը և կողմնակից լինելով սոցիալական երևույթների բացատրությանը սոցիալական գործոնների միջոցով, սոցիալական շարժումները սահմանում է իբրև դարաշրջանի սոցիալ-տնտեսական փոփոխություններով պայմանավորված՝ հասարակության ընդդիմադիր փոքրամասնության դժգոհությունները լուծելու փորձ: Նա իր «Ամբոխների դարաշրջան[10]» գրքում քննադատում է Գուստավ Լեբոնի և Գաբրիել Տարդի մոտեցումները, և ներկայացնում է ամբոխից սոցիալական շարժման փոխակերպումը, որը հնարավոր է դառնում, երբ ամբոխը ընտրում է առաջնորդ: Նա իր աշխատանքներում հաճախ է օգտագործում «հասարակական շարժում» հասկացությունը՝ ի հակադրություն նախկինում ընդունված «զանգվածային» կամ «ամբոխային» շարժում անվանումների: Այս փոփոխությունը վկայում է, որ գիտական շրջանակներում սոցիալական շարժումների իմաստավորումն սկսում է փոխվել, ինչը հանգեցնում է նաև դրանց սահմանման փոփոխության: Այսպիսով, սոցիալական շարժման սահմանման առաջին պայմանական փուլը, ծագելով սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություններից, սկիզբ առավ իբրև ամբոխային, անտրամաբանական, հուզական և աննպատակ վարք, որը բխում էր անհատական-հոգեբանական դեստրուկտիվ առանձնահատկություններից: Ըստ այդմ իբրև սոցիալական շարժման դրսևորման ձև դիտարկվում են հիմնականում ամբոխը, անկանոն ցույցերը և խռովությունները, քաղաքացիական անհնազանդության այլ ձևերը, որոնք որպես վերջնաարդյունք հանգեցնում են հասարակական կարգի ամբողջական կամ մասնակի խաթարման:


 

Սոցիոլոգիական մոտեցում

 

Սոցիալական շարժումների սահմանման պայմանականորեն երկրորդ մոտեցումը ակներևէ զուտ սոցիոլոգիական ուսումնասիրություններում: Սոցիալական շարժումների առաջին սոցիոլոգիական սահմանումները կարելի է տեսնել Հերբերտ Բլումերի աշխատություններում: Ըստ նրա՝ սոցիալական շարժումները հավաքական ջանքեր են, որոնք կոչված են փոխելու հասարակական կյանքի ընդունված կարգը[11]: Բլումերը, դիտարկելով սոցիալական շարժումները կոլեկտիվ վարքի տեսանկյունից, խոսում է դրանց դինամիկայի մասին. սոցիալական շարժումները ձևավորվում են իբրև անձև, ինքնաբուխ, կառուցվածք չունեցող կոլեկտիվ գործողություններ, որոնք ժամանակի ընթացքում փոխակերպվում են՝ ձեռք բերելով հստակ կառուցվածք: Այսպիսով, Բլումերի սահմանումը կարելի է դիտել իբրև միջանկյալ օղակ սոցիալ-հոգեբանական և սոցիոլոգիական սահմանումների միջև: Այն ներառում է սոցիալ-հոգեբանական հայեցակարգից որոշ տարրեր՝ մատնանշելով, որ սոցիալական շարժումները ձևավորվում են ինքնաբուխ և կառուցվածք չունեն, միևնույն ժամանակ՝ շեշտադրելով, որ ժամանակի ընթացքում դրանք փոխարինվում են կազմակերպվածության հատկանիշներով՝ կառուցվածքով և նպատակով:

Ամերիկացի սոցիոլոգ Ռալֆ Թյորները իր «Կոլեկտիվ վարք» աշխատանքում սոցիալական շարժումները սահմանում է իբրև կոլեկտիվ գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված են սոցիալական փոփոխություններին աջակցելուն կամ դիմադրելուն[12]: Նա նշում է, որ կոլեկտիվ վարքի, ինչպես նաև սոցիալական շարժումների առաջացման պատճառը սոցիալական կարգով պայմանավորված սոցիալական կառուցվածքի ճգնաժամն է, որը ծնում է «ոչ նորմալ» հանգամանքներ և ստիպում է հասարակության տարբեր խմբերին միավորվել՝ սոցիալական կարգը «նորմալ» վիճակի բերելու համար[13]: Այսպիսով, Թյորները իր սահմանման մեջ մտցնում է կոնֆլիկտի գաղափարը, որն իրենից հետո սկսում են օգտագործել նաև այլ հետազոտողներ:

Ալան Թուրենը, կրելով մարքսիստական հայացքների ազդեցությունը, գտնում էր, որ սոցիալական շարժումը սոցիալական պայքարի յուրահատուկ տեսակ է, կոնֆլիկտային կոլեկտիվ գործողության տեսակ, որի միջոցով տարբեր դասերի ագենտները հակադրվում են միմյանց և պայքարում են այդ հասարակության մշակութային կողմնորոշումների հանդեպ սոցիալական վերահսկողություն հաստատելու համար[14]: Սա լիովին նոր մոտեցում էր, որը սկիզբ դրեց սոցիալական շարժումների դիտարկմանը կոնֆլիկտաբանական տեսանկյունից:

Նեյլ Սմելզերը սոցիալական շարժումները սահմանում է իբրև կազմակերպված կոլեկտիվ ջանքեր, որոնք նպաստում կամ խոչընդոտում են սոցիալական փոփոխությունները[15]: Սմելզերի սահմանումը կարծես թե վերջ է դնում սոցիալական շարժումների դիտարկմանը՝ իբրև ոչ կազմակերպված, անձև և ինքնաբուխ առաջացող երևույթի:

Պյոտր Շտոմպկան իր «Սոցիալական փոփոխություններ» աշխատանքում սոցիալական շարժումները սահմանում է իբրև ազատ կազմակերպված կոլեկտիվներ, որոնք գործում են համատեղ, ոչ ինստիտուցիոնալ կարգով՝ նպատակ ունենալով առաջացնել հասարակությունում սոցիալական փոփոխություններ[16]: Շտոմպկան, ինչպես և Սմելզերը, իր սահմանման մեջ նույնպես մատնանշում է սոցիալական շարժումների կազմակերպվածության հատկանիշը: Մանուել Կաստելսը սոցիալական շարժումները սահմանում էր երեք տարրերի` ինքնության, հակառակորդի և սոցիետալ նպատակի միջոցով[17]: «Ինքնություն» ասելով Կաստելսը հասկանում էր այն, թե ինչպես է շարժումը սահմանում և ընկալում ինքն իրեն, «հակառակորդ» ասելով նկատի ուներ այն, թե ում դեմ է պայքարում շարժումը իր իսկ սահմանմամբ և «սոցիետալ նպատակ» ասելով` այն սոցիալական կարգը, որը պետք է հաստատվեր: Այսպիսով, կարելի է ասել, որ Կաստելսն իր սոցիալական-քաղաքային շարժումների ուսումնասիրության մեջ մտցրեց նոր չափանիշ, այն է՝ շարժման ինքնության դիտարկում: Ներկայումս կոլեկտիվ ինքնությունը որպես սոցիալական շարժումների ուսումնասիրման անբաժան մաս դիտարկում են ժամանակակից բազմաթիվ հետազոտողներ: Օրինակ՝ Սքոթ Հանթը և Ռոբրետ Բենֆորդը նշում են, որ կոլեկտիվ ինքնությունը սոցիալական շարժումների թե՛ տեսական, թե՛ կիրառական ուսումնասիրությունների համար կենտրոնական գաղափար է[18]: Ալբերտո Մելուչին ևս շեշտադրում է ինքնության գործոնը, քանի որ անհատը, ներառվելով կոլեկտիվ գործողությունների մեջ, «կապվում» է շարժման տարբեր ռեսուրսներին, որոնց միջոցով միևնույն ժամանակ մասնակցում է և՛ իր, և՛ ընդհանուր ինքնության կառուցակցմանը[19]:

Էնթոնի Գիդդենսը գտնում է, որ սոցիալական շարժումների սահմանումը պետք է լինի լայն այն պարզ պատճառով, որ կարողանա ընդգրկել տարաբնույթ սոցիալական շարժումներ՝ մեծաթիվ ու փոքրաթիվ, լոկալ ու գլոբալ, խաղաղ ու բռնի և այլն: Գիդդենսը սոցիալական շարժումները սահմանում է որպես կոլեկտիվ գործողությունների միջոցով ընդհանուր շահերն իրացնելու փորձ, որը գործում է սոցիալական ինստիտուտների սահմանված կարգից դուրս[20]:

Դոնատելլա Դելա Պորտեի և Մարիո Դիանիի սահմանման համաձայն՝ սոցիալական շարժումները ներգրավված են կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, որտեղ հստակորեն սահմանված են հակառակորդները. դրանք գործառում են ոչ ֆորմալ խիտ ցանցերի միջոցով և կիսում են որոշակի ինքնություն[21]: Հեղինակները սոցիալական շարժումները ուսումնասիրում են ցանցային հասարակության հայեցակարգի համատեքստում: Այս մոտեցման կողմնակիցները գտնում են, որ սոցիալական շարժումները գործառում են ոչ ֆորմալ սոցիալական ցանցի միջոցով, կազմակերպված կոլեկտիվ գործողության ձև են, և ներգրավված են ինստիտուցիոնալ կոնֆլիկտի մեջ և ունեն հստակ նպատակ: Նման սահմանումը հստակեցում է մտցնում. հնարավոր է դառնում սոցիալական ցանցի հատկությունների միջոցով որոշել սոցիալական շարժման սահմանները. ցանցը ենթադրում է անհատների կամավոր, ոչ ֆորմալ, բայց կազմակերպված գործունեություն՝ հիմքում ունենալով կիսելի կոլեկտիվ ինքնություն: Այսինքն՝ սոցիալական շարժումը հնարավոր է դառնում իր անդամների, այսինքն՝ ցանցի ռեսուրսների շնորհիվ, որոնք միավորվում են միևնույն արժեքների ու նպատակի շուրջ: Այս մոտեցման շրջանակներում սոցիալական շարժումների ուսումնասիրությունը ենթադրում է նաև շարժման կառուցվածքի հետազոտում, քանի որ վերջինս սոցիալական ցանցերին բնորոշ հատկություն է: Այս սահմանումը հստակեցնում է նաև սոցիալական շարժումների նպատակի գաղափարը՝ փոխել գոյություն ունեցող սոցիետալ կարգը: Սոցիալական շարժումները նպատակ ունեն փոխել այն արժեքները, որոնք պայմանավորում են ամբողջ հասարակության գործառությունը, քանի որ դրանք կոնֆլիկտածին են հասարակության որոշ խմբերի համար:

Ջեսիկա Հորնը սոցիալական շարժումը սահմանում է իբրև կոլեկտիվ գործողության տեսակ, որը առաջանում է ի պատասխան պետության կողմից տարվող անհավասարության և ճնշման քաղաքականության՝ չբավարարված սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային պահանջմունքների պատճառով[22]: Այդպիսով, սոցիալական շարժումները հանդես են գալիս որպես ճնշումների քաղաքականությունը հաղթահարելու միջոց: Նաև այդ պատճառով սոցիալական շարժումների մասնակիցները հիմնականում հասարակության մարգինալացված խմբերից են: Նման շարժումների բազմաթիվ օրինակներ կարելի է տեսնել վերջին տասնամյակներում, այդ թվում՝ Occupy Wall Street-ը կամ Արաբական գարունը[23]:

Ֆրանսիացի անվանի սոցիոլոգ Բրունո Լատուրը, խոսելով սոցիալական շարժումների ժամանակակից ընկալման մասին, նշում է, որ դրանք  մոբիլիզացված ագենտներից բաղկացած սոցիալական ցանցեր են, որոնք նպատակ ունեն ազդել ակնկալվող հասարակական փոխակերպումների վրա[24]:

Այս և բազմաթիվ այլ սոցիոլոգիական սահմանումները, որոնց նպատակն է բացահայտել սոցիալական շարժման էությունը, ձևավորում են այս հասարակական երևույթի համակարգային և ամբողջական պատկերը չդիտարկելով այն, ոչ թե որպես խնդրահարույց անհատների անտրամաբանական ցանկությունների պոռթկում, այլ իբրև հասարակական ինստիտուցիոնալ խնդրի կարգավորման մեխանիզմ: Այս համատեքստում սոցիալական շարժումները կարող են առաջանալ հասարակության տարբեր մակարդակներում ծագած խնդիրների պատճառով և ստանալ դրսևորման տարբեր ձևեր: Դրանք են՝ ցույցերը, քաղաքացիական անհնազանդության ակցիաները, իրազեկման ակցիաները, լոբբինգը, գործադուլները, հացադուլները, ստորագրահավաքները և այլն: Սոցիալական շարժումների դրսևորման ձևերը բազմաթիվ են: Դրանց առանձնահատկությունն այն է, որ այս միջոցները դառնում են սոցիալական շարժման մաս միայն այն դեպքում, եթե բխում են շարժման ընդհանուր տրամաբանությունից և հետապնդում են միևնույն նպատակը, հակառակ դեպքում դրանք ինչ-որ հասարակական խմբի ներկայացուցչականության ապահովմանը միտված ակցիաներ են[25]:

Քաղաքագիտական մոտեցում

Սոցիալական շարժումները, լինելով տարբեր գիտությունների և դիսցիպլինների ուսումնասիրության օբյեկտ, հետազոտվել են նաև քաղաքագիտության շրջանակներում: Սա կարելի է պայմանականորեն դիտարկել սոցիալական շարժումների սահմանման երրորդ մոտեցում: Քաղաքագիտական գրականության մեջ կան սոցիալական շարժումների ուսումնասիրության տարբեր մոտեցումներ՝ կախված դրա մեթոդաբանությունից: Սոցիալական շարժումները հիմնականում կոչվում են «սոցիալ-քաղաքական» շարժումներ, ինչը առաջնահերթորեն շեշտադրում է դրանց քաղաքական բնույթը, քաղաքական կյանքի սուբյեկտ լինելու հատկությունը: Այս մոտեցման շրջանակներում առաջարկվող սահմանումները կենտրոնանում են սոցիալական շարժումների ուսումնասիրության վրա քաղաքական գործընթացների տեսանկյունից:

Որոշ գիտնականներ իրենց հետազոտություններում առանձնացնում են սոցիալական շարժումների առանձին տեսակ՝ քաղաքական շարժումներ, և կենտրոնանում են միայն դրանց ուսումնասիրության վրա: Օրինակ՝ Նիկոլաս Ռալֆն իր աշխատանքներում գրում է, որ քաղաքական շարժումը սոցիալական շարժման տեսակ է, գործող կարգին հակադրվող կոլեկտիվ ջանքեր, որոնք փոխկապակցված են որևէ քաղաքական գաղափարախոսության հետ[26]: Այսպիսով, հեղինակի առաջարկած սոցիալական շարժման ուսումնասիրությունը ենթադրում է ավելի նեղ շրջանակի երևույթների ներառում, քանի որ կապվում է միայն քաղաքական իշխանության, քաղաքական կուսակցությունների և քաղաքական ինստիտուտների հետ: Սիդնի Թերրուն և Դեվիդ Մեյերը «Շարժումների հասարակություն» գրքում[27] խոսում են հասարակության նոր տիպի մասին, որտեղ սոցիալական շարժումների տարածվածությունը և դրանց ազդեցությունը սոցիալ-քաղաքական գործընթացների վրա որակապես վերափոխում են հասարակությունը: Նրանք սահմանում են առաջարկում համաձայն որի՝ սոցիալական շարժումները փաստացի գոյություն ունեցող քաղաքական իշխանության և դրա վերաբաշխմանն ուղղված մարտահրավերներ են, որոնք ոչ թե ունիվերսալ, այլ պատմական բնույթւ են: Այդ մարտահրավերները հնչեցվում են կազմակերպված, ընդհանուր նպատակ հետապնդող խմբերի կողմից և ուղղված են քաղաքական էլիտաներին ու իշխանություններին[28]: Փաստորեն, սոցիալական շարժումները հարցականի տակ են առնում գործող իշխանության կարգը և դրա բաշխման մեխանիզմները՝ դրանք փոխելու հայտ ներկայացնելով:

Փոլ Վիլկինսոնը նույն մոտեցման շրջանակներում հետազոտում է սոցիալական շարժումների, քաղաքական իշխանության և ահաբեկչության փոխկապակցվածության հիմնահարցերը: Նա սոցիալական շարժումները սահմանում է որպես իրավիճակը ցանկացած ուղղությամբ և ցանկացած գնով, նույնիսկ՝ բռնությամբ կամ հակաօրինական միջոցներով փոխելու հավաքական փորձ[29]: Այս սահմանումը ևս դիտարկում է սոցիալական շարժումներն իբրև քաղաքական կյանքի սուբյեկտ, և մատնացույց անում դրա գործառման հնարավոր մեխանիզմները, այդ թվում՝ բռնի և հակաօրինական: Էնդրյու Վալդերը, դիտարկելով սոցիալական շարժումների կապը հասարակության քաղաքական համակարգի հետ, նշում է, որ սոցիալական շարժումները հասկանալու և սահմանելու համար առաջանային է հետազոտել շարժման կազմակերպման մեխանիզմը, որը բխում է հասարակական կառուցվածքից: Կախված վերջինից՝ շարժումը ընտրում է գործելու ռազմավարություն՝ խաղաղ կամ ահաբեկչական, թաքնված կամ բացահայտ և ստանում իրեն բնորոշ գծեր[30]:

Այսպիսով, սոցիալական շարժումների ուսումնասիրությունը քաղաքագիտական տեսանկյունից քննության է առնում անչափ արդիական հարցադրումներ, օրինակ՝ ինչպիսի քաղաքական համակարգ ունեցող հասարակություններում կարող են առաջանալ և գործառել սոցիալական շարժումները, ինչպիսի փոխկապվածություն կա քաղաքացիական հասարակության, պետական վարչակարգի և սոցիալական շարժումների միջև, ինչպիսի քաղաքական փոփոխությունների աղբյուր կարող է դառնալ երկրում սոցիալական շարժումների աճը, ինչպես կարող է դեմոկրատիան նպաստել սոցիալական շարժումների սահմանած նպատակների իրականացմանը և այլն:

 

Քննարկում

Ամփոփելով վերոնշյալ քննարկումները՝ ստորև բերված աղյուսակում պատկերված են սոցիալական շարժումների հիմնական հատկանիշները՝ ըստ սոցիալական շարժումների նպատակի, կառուցվածքի, գործառույթների, գործողության տեսակի, կիրառվող միջոցների (տե՛ս աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. Սոցիալական շարժումների հիմնական հատկանիշները՝ ըստ տարբեր մոտեցումների:

Հատկանիշներ Սոցիալ-հոգեբանական մոտեցում Սոցիոլոգիական մոտեցում Քաղաքագիտական մոտեցում
Նպատակ Հստակ նպատակի բացակայություն Առկա սոցիալական կարգի մասնակի կամ ամբողջական փոփոխություն
Կառուցվածք Հստակ կառուցվածքի բացակայություն Ժամանակի ընթացքում կառուցվածքի ձևավորում
Հիմնական գործառույթներ Հասարակական կյանքի դեստրուկցիա Ներկայացուցչականության ապահովում, սոցիալական կոնֆլիկտների կարգավորում Քաղաքական իշխանության և այլ ռեսուրսների վերաբաշխում
Սոցիալական գործողության տեսակ Աֆեկտիվ Նպատակառացիոնալ
Կիրառվող միջոցներ Մեծապես բռնի Մեծապես խաղաղ Ե՛վ խաղաղ, և՛ բռնի
Հետևանքներ Ապակազմակերպում Կոնսոլիդացիա

 

  • Սոցիալական շարժման գլխավոր հատկանիշը նպատակն է: Հոգեբանական մոտեցման կողմնակիցները կարծում էին, որ զանգվածները չունեն սահմանված հստակ նպատակ, քանի որ սոցիալական շարժումը ծագում է ինքնաբուխ և ունի ամբոխային տրամաբանություն: Մինչդեռ մյուս երկու մոտեցումները դիտարկում են սոցիալական շարժումները որպես կոնկրետ խնդրի լուծման միջոց, ինչը ենթադրում է նաև հստակ նպատակի առկայություն:
  • Շարժման գոյության երկրորդ կարևոր նախապայմանը սոցիալական կառուցվածքն է, որը ձևավորվում է ժամանակի ընթացքում: Առանց դերերի և դրանց միջև ճյուղավորված հարաբերությունների շարժումը շատ արագ կտարրալուծվի, քանի որ չի կարողանա համակարգված իրականացնել իր խնդիրները, ներգրավել և պահել համախոհների բանակ, պայքարել սահմանված նպատակի համար: Հենց այս հատկանիշով է սոցիալական շարժումը տարբերվում կոլեկտիվ վարքի որոշ տեսակներից, օրինակ՝ ամբոխներից: Հոգեբանական մոտեցման շրջանակներում սոցիալական շարժումը համարվում էր ամբոխային իր բնույթով, հետևաբար կառուցվածքի մասին քննարկումներ չէին ծավալվում: Ավելի ուշ, երբ առաջ քաշվեց չբավարարված պահանջմունքների գաղափարը, և սոցիալական շարժումները սկսեցին դիտարկվել իբրև մարդկանց նպատակային միավորում, քննարկումներ ծավալվեցին նաև դրանց կառուցվածքի մասին:
  • Սոցիալական շարժումների հիմնական գործառույթը ժամանակակից մոտեցումները համարում են սոցիալական խնդիրների լուծումը և կարգավորումը, այդ թվում՝ տարբեր ռեսուրսների վերաբաշխումը: Տարբեր սոցիալական շարժումներ կարող են ունենալ տարատեսակ գործառույթներ՝ կախված իրենց նպատակից և վերջնարդյունքից՝ արդյոք կարողացա՞ն հասնել հաջողությանը թե՞ տապալվեցին: Այս մոտեցումը ընդունելի է թե՛ սոցիոլոգիական, թե՛ քաղաքագիտական մոտեցումների ներկայացուցիչներին:
  • Եթե խոսենք Մ. Վեբերի լեզվով, հոգեբանական մոտեցումը սոցիալական շարժումների հիմքում տեսնում է հուզական գործողության տեսակը, այդ պատճառով էլ դրանք չեն ունենում հստակ սահմանված նպատակ, իրենց կողմից կիրառվող միջոցները որպես կանոն հիմնականում բռնի են, իսկ մասնակիցները՝ ցածր խավից: Մինչդեռ սոցիոլոգիական և քաղաքագիտական մոտեցումները սոցիալական շարժումների հիմքում դիտարկում են նպատակառացիոնալ գործողությունը, այլ կերպ ասած՝ չբավարարված սոցիալական պահանջմունքների գիտակցումը և միջոցների ձեռնարկումը, որոնք իրավիճակը կդարձնեն ցանկալի:
  • Շարժման կողմից նպատակին հասնելու համար օգտագործվող միջոցները նույնպես կարևոր են: Հոգեբանական մոտեցման կողմնակիցները սոցիալական շարժման կիրառված գործողությունները դիտարկում էին իբրև բռնի: Սա պայմանավորված էր դարաշրջանի առանձնահատկություններով, տեղի ունեցող հասարակական երևույթներով՝ ցույցեր, ընդվզումներ, հասարակական լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնք ավարտվում էին ֆիզիկական բռնություններով, խոշտանգումներով, ձերբակալություններով: Դարաշրջանի ավարտը, որը հանգեցրեց նաև մարդու իրավունքների ոլորտում հսկայական փոփոխությունների՝ կանանց ընտրական իրավունքի ապահովում, աշխատավորների իրավունքների պաշտպանություն, արհմիությունների զարգացում, դասակարգային պայքարի թուլացում և այլն, նպաստեց շարժման կողմից պայքարի այլընտրանքային մեթոդների զարգացմանը, որոնք բնույթով խաղաղ էին և թույլ էին տալիս խուսափել ֆիզիկական բռնություններից և տարատեսակ ճնշումներից: Ըստ այդմ սոցիոլոգիական և քաղաքագիտական մոտեցումները սոցիալական շարժումների կողմից կիրառվող միջոցները համարում են և՛ որպես բռնի, և՛ որպես խաղաղ՝ կախված ուսումնասիրվող դեպքից:
  • Վերոնշյալ հատկանիշների մասին պատկերացումները ամփոփելով՝ կարելի է ասել, որ հոգեբանական մոտեցումը դիտարկում է սոցիալական շարժումը իբրև բացասական երևույթ, որը հասարակությունը կազմաքանդող դեր է կատարում: Մինչդեռ սոցիոլոգիական և քաղաքագիտական մոտեցումների շրջանակում սոցիալական շարժումները նպաստում են հասարակության համախմբվելուն, քանի որ լուծում ու կարգավորում են սոցիալական տարատեսակ խնդիրներ:

Ամփոփելով քննարկված մոտեցումների գաղափարները` առաջարկում ենք «սոցիալական շարժում» հասկացությունը սահմանել որպես ոչ ֆորմալ, սոցիալական ցանցի միջոցով իրականացվող անհատների և խմբերի հավաքական գործողության տեսակ, որը ներգրավված է սոցիալական կոնֆլիկտի մեջ և նպատակ ունի փոխել գործող սոցիետալ կարգը: Նման սահմանումը թույլ է տալիս առանձնացնել գլխավոր չափանիշները, որոնք անհրաժեշտ են կոլեկտիվ գործողության տեսակները միմյանցից տարբերակելու և դրանց շարքում սոցիալական շարժումներն առանձնացնելու համար:

 

Եզրակացություն

Ընդհանրացնելով քննարկված մոտեցումները՝ կարելի է ասել, որ սոցիալական շարժումների սահմանումները, սկիզբ առնելով կոլեկտիվ վարքի մեկնաբանման հոգեբանական հայեցակարգերից, ժամանակի ընթացքում զարգացում ապրեցին՝ վերափոխելով ինչպես դրանք հասկանալու մոտեցումները, այնպես էլ դրանց բնույթի ընկալումը: Սոցիալական շարժումների ուսումնասիրման սոցիոլոգիական հայեցակարգերը զարգացրեց սոցիալական շարժումների այլ ըմբռնում, որը՝ ի հակադրություն նախորդի՝ սոցիալական շարժումները չէր դիտարկում որպես աննպատակ և ապակառուցողական վարք, որը կարող է ունենալ բացառապես բացասական ազդեցություն հասարակության վրա: Հակառակը՝ սոցիոլոգիան սոցիալական շարժումները սկսեց դիտարկել որպես նպատակառացիոնալ հավաքական գործողության տեսակ, որը չի կարող նույնացվել ամբոխային կամ զանգվածային վարքի այլ տեսակներին, օժտված է կառուցվածքով և ունի հասարակության համար գործառական նշանակություն:

Այլ կերպ ասած՝ սոցիալական շարժումները, ինչպես ցանկացած այլ երևույթ, ունի գործառական նշանակություն հասարակության համար: Այդ նշանակությունը կարևոր է, քանի որ վերհանում է որոշ սոցիալական խմբերի սոցիալական հիմնախնդիրները, ապահովում է տեղեկատվության փոխանցումը, նպաստում է սոցիալական մոբիլիզացիայի և սոցիալական կոնֆլիկտների կարգավորմանը ամբողջությամբ կամ մասամբ:

Այսպիսով, սոցիալական շարժումների միմիայն բացասական դեր ունենալու ընկալումը փոխվեց՝ ցույց տալով դրանց էվոլյուցիան ժամանակի ընթացքում և տեղ թողնելով նոր հետազոտությունների համար, որոնք կարող են ավելի շատ լույս սփռել հասարակական այս երևույթի վրա:

 

Gayane Harutyunyan – On the Issue of social movement definition. – The paper is a theoretical review of “social movement” term definitions. Aiming to show differences among definitions within different paradigms and scientific evolution of the term the main approaches of defining social movements are discussed. Initially, social movements were studied by psychologists, who were examining different forms of collective behavior, such as mobs, crowds, protests and etc. Most of them considered social movements as an irrational and destructive form of collective action driven by the instincts of people. During the next decades, the theory of social movements was developed mostly by sociologists who, on the contrary, started to seek social reasons inducing this type of collective action. Different theoretical schools proposed various concepts of explaining the origin of social movements, but all of them agreed on the main characteristics: rational and organized collective action driven by unfulfilled social needs. Different authors linked social movement definitions with other important social phenomena such as norms and values, social conflict, social identity, and social network. Political scientists have also contributed to the study of social movements but in terms of power and state, terrorism and violence. Discussing psychological, sociological, and political science approaches to term definition we came to the conclusion that the most inclusive sociological definition is viewing social movement as a social network through which collective action is performed to achieve total or partial social change. Such kind of definition makes it possible to reveal the main criteria necessary to distinguish social movement as a separate social phenomenon from other types of collective action.

 

Key words: social movement, collective behavior, social conflict, mass movement, crowd, social order, social network, social identity.

 

Гаяне Арутюнян- К проблеме определения социальных движений В статье рассмотрены различные подходы к проблеме определения социальных движений, имея целью осмысление научного развития понимания социальных движений как специфических социальных явлений. Первоначально социальные движения изучались психологами, которые исследовали такие формы коллективного поведения, как толпа, протест, бунт и т.д. Большинство исследователей рассматривали социальные движения как иррациональную и деструктивную форму коллективного действия, возникшую как инстинктивное и неосмысленное поведение индивидов. В последующие десятилетия теории социальных движений разрабатывались в основном социологами, которые, наоборот, начали искать социальные причины, побуждающие к этому типу коллективных действий. Теоретические школы предлагали различные концепции объяснения происхождения социальных движений, но все они сходились в том, что социальные движения описывались как рациональные и организованные коллективные действия, движимые неудовлетворенными социальными потребностями, добивающиеся осуществления перемен в общественной структуре. Различные авторы обосновывали понимание социальных движений в контексте таких социальных явлений, как нормы и ценности, социальный конфликт, социальная идентичность, социальные сети и т.д. Политологи также внесли свой вклад в изучение социальных движений, рассматривая их с точки зрения взаимосвязи власти и государства, терроризма и насилия. Обсуждая психологические, социологические и политологические подходы к определению термина, мы пришли к выводу, что наиболее всеобъемлющее социологическое понимание должно определять социальное движение как социальную сеть, посредством которой осуществляются коллективные действия для достижения полного или частичного изменения социального порядка в обществе.

Ключевые слова: социальные движения, коллективное поведение, социальный конфликт, массовые движения, толпа, социальные порядок, социальные сети, идентичность.

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի սոցիոլոգ

National Center of Educational Technologies, sociologist

Национальный Центр Образовательных Технологий, социолог

 

Առանց գիտական աստիճանի, առանց գիտական կոչման

+37493232837

gayane.harutyunyan@gmail.com

 

[1] Տե՛ս Lamas A.T., Wolfson T., Funke P. T. (Eds.), (2017) The Great Refusal: Herbert Marcuse and Contemporary Social Movements, Philadelphia, PA: Temple University Press

[2] Տե՛ս Diani M., (1992), The concept of Social movement, Sage, Vol.40, 1-25, էջ 2:

[3] Տե՛ս  McVeigh, R. (2009) The rise of the Ku Klux Klan: Right-wing movements and national politics, Minnesota: University of Minnesota Press. Martin, G. (2015). Understanding social movements . London, New York, Routledge, էջ 11:

[4] Տե՛ս  Millward P.,Takhar Sh. (2019) Social movements, collective action and activism,  Sociology Vol.53(3), Sage https://journals.sagepub.com/doi/abs/10.1177/0038038518817287 by 26.11.2021

Diani M. (2019) Unions as social movements or unions in social movements? in Social movements and organized labour, first Edition, Grote J. R., Wagemann C., Routledge, UK

[5] Տե՛ս McAdam, D., McCarthy, J.D. and Zald, M.N., (1988), Social movements in Smelser. N.J. (ed.), Handbook of Sociology, Beverly HilldLondon, Sage. էջ 695:

[6] Տե՛ս Хоффер Э. (2004), Истинноверующий: мысли о природе массовых движений, Альпина Бизнес Букс, М.; էջ 15:

[7] Նույն տեղը, էջ 41:

[8] Տե՛ս Ортега и Гассет Х. (2020), Восстание Масс, АСТ, М.; էջ 7:

[9] Նույն տեղը, էջ 9:

[10] Տե՛ս Московичи С. (2011) Век толп, М.; Академический проект https://parg.co/bqt по 26.03.2021

[11] Տե՛ս Blumer H. (1951) Collective Behavior: Principles of Sociology, New York, Barnes & Noble, էջ 194:

[12] Տե՛ ս Turner R., Killian L. (1987) Collective Behavior, Englewood Cliffs, N.J.: Prentice Hall, էջ 223:

[13] Տե՛ս նույն տեղը, էջ 225:

[14] Տե՛ս Touraine A. (1985) An Introduction to the Study of Social Movements:/ Sociological Research, Vol. 52, № 4, էջ 750:

[15] Տե՛ս Смелзер Н. (1998) Социология, М.; Феникс, էջ 595:

[16] Տե՛ս Штомпка П. (1996) Социология социальных изменений, М., Аспект Пресс, էջ 242:

[17] Տե՛ս Castells M. (1997) The information age: Economy, Society, and Culture, Vol. II: The Power of Identity, Second Edition, A John Wiley & Sons, Ltd., Publication, էջ 74:

[18] Տե՛ս Hunt S.; Benford R. (2004) Collective Identity, Solidarity, and Commitment: The Blackwell Companion to Social Movements, Blackwell Publishing Ltd. էջ 433:

[19] Տե՛ս Melucci A. (1988) Getting Involved: Identity and Mobilization in Social Movements: International Social Movements Research, Vol. 1, Jai Press Inc., England, էջ 343:

[20] Տե՛ս Гидденс Э. (2005) Социология, М.: Едиториал УРСС, էջ 584:

[21] Տե՛ս Della Porta D.; Diani M. (2006) An introduction: Social movements, Second Edition, Blackwell Publishing Ltd. էջ 20:

[22] Տե՛ս Horn, J. (2013) Gender and social movements: Overview report. Brighton, England: Institute of Development Studies, էջ 19:

[23] Տե՛ս Obregon R., Tufte T., (2006) Communication, Social Movements, and Collective Action: Toward a New Research Agenda in Communication for Development and Social Change, in Journal of Communication, Volume 67, Issue 5, էջ 635–645, էջ 636:

[24] Տե՛ս Latour B.; Milstein D.; Marrero-Guillamón I. (2018)  Down to earth social movements: an interview with Bruno Latour. Social Movement Studies, Israel էջ 1–9, էջ 1:

[25] Այս պնդման լավագույն օրինակը ԱՄՆ-ում Վիետնամական պատերազմի ընթացքում ձևավորված պացիֆիստական շարժումն է: Այն դրսևորվում էր բողոքի արտահայտման տարբեր ձևերով՝ ցույցերով, գործադուլներով, իրազեկման ակցիաներով, գործադուլներով և ստորագրահավաքներով: Այդ բոլոր միջոցների նպատակը մեկն էր՝ կանգնեցնել պատերազմը: Տե՛ս Zimmerman B. (2017) The four stages of antiwar movement, The New York Press, https://www.nytimes.com/2017/10/24/opinion/vietnam-antiwar-movement.html by 11.25.2021

[26]  Տե՛ս Nicholas R. W. (1973). Social and Political Movements, Annual Review of Anthropology, Vol 2, էջ 63–84/ էջ 18:

[27] Տե՛ս Meyer D. S., Tarrow S. (1998). Movement society: Contentious politics for a new century, Rowman and Littelfield Publishers, USA

[28] Նույն տեղը, էջ 4:

[29] Տե՛ս Wilkinson P. (1971) Social movement: Key concepts in a political science, Macmillan, London, էջ 27:

[30] Տե՛ս Walder, A. G. (2009). Political Sociology and Social Movements. Annual Review of Sociology, էջ 393–412/ էջ 35:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *