Սարոյան Վահագն
vahagn.saroyan@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018քՀաս, 1.2 (25), Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 254-259
Արդի պայմաններում սոցիալական մեդիայի (սոցիալական ցանցեր, բլոգոսֆերա) միջոցով մարդկանց հաղորդակցման և տեղեկատվության փոխանցման գործընթացն աննախադեպ ծավալների է հասել: Միևնույն ժամանակ, քանակական իմաստով սոցիալական ցանցերի ընդլայնման և դրանցում մարդկանց շփման երևույթի քանակական կողմը հաճախակի ստվերում է այդ երևույթի որակական հատկանիշներն ու հետևանքները, այն է` սոցիալական մեդիայի ազդեցության արդյունքում հանրային կարծիքի ձևավորումն ու փոփոխումը, ավանդական ԶԼՄ-նների հետ սոցիալական ցանցերի մրցակցումն ու որոշ առումներով ավելի արդյունավետ գործառնումը: Մասնավորապես, այսօր շատ տարածված է կարծիքի առաջնորդների` քաղաքական գործիչների, վերլուծաբանների, լրագրողների, փորձագետների կողմից անձնական կարծիքի ներկայացումը ոչ թե ավանդական ԶԼՄ-ներով, այլ սոցիալական ցանցերի հարթակներում` ֆեյսբուքյան կամ թվիթերյան էջերում: Այս կարծիքները, լինելով այլոց գրառումներից գրեթե ոչնչով չտարբերվող սուբյեկտիվ կարծիք, անմիջապես լայն տարածում են ստանում, և ավանդական ԶԼՄ-ները վերատպագրում են` ուղղակիորեն ազդելով հանրային կարծիքի ձևավորման վրա: Անհրաժեշտ է պարզել, թե ինչու են հասարարական կարծիքի ձևավորման վրա ազդելիս դիմում սոցիալական մեդիայի հնարավորություններին, և ինչպես են դրանք գործառնում` ի համեմատություն ավանդական ԶԼՄ-ների: Կարևոր է ուսումնասիրել այն տարաբնույթ հնարները (տեխնիկական, բովանդակային, պատկերային, և այլն), որոնք կիրառվում են սոցիալական ցանցերում` կարծիքների արտահայտման, լայն լսարանի ուշադրությունը գրավելու վրա: Նկատվել է նաև մեկ այլ հետաքրքիր հանգամանք. հաճախ ոչ միայն սոցիալական մեդիան է նախընտրելի համարվում և դառնում տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր, այլև հակառակը. այն դառնում է ավանդական ԶԼՄ-ների հարթակ` տեղեկատվության տարածման, հրապարակումների քննարկման և հետադարձ կապի հաստատման համար: Միջազգային և ազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիայի հարթակն ակտիվորեն օգտագործվում է նախընտրական քարոզարշավներում, օրենսդրական նոր նախաձեռնությունների քննարկման համար՝ քաղաքական և այլ գործիչների կողմից իրենց անձնական կարծիքը հրապարակայնորեն հայտնելու, պաշտոնական կարծիքի հետ համադրելու նպատակով: Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում այս կամ այն գործչի ներկայությունը նաև կարող է նպաստել իր իմիջին` վկայելով նրա «ժամանակակից», «տեղեկատվական գործընթացներում մշտապես լինելու մասին: Նույնը վերաբերում է նաև գերատեսչություններին: Արդիական հարցերից է համացանցային տեղեկատվության և, մասնավորապես, սոցիալական մեդիայի օրենսդրական կարգավորման հարցը: Այս և մի շարք այլ երևույթների քննարկումն ու կիրառումը տեղեկատվական քաղաքականության մեջ գիտական և կիրառական կարևոր հիմնախնդիրներից է: Անընդհատ համաշխարհայնացվող աշխարհը ներթափանցում է տեղեկատվական հասարակության ձևավորման դարաշրջան: Ինչ ասել է տեղեկատվական հասարակություն: Դա այն հասարակությունն է, որտեղ վճռորոշ դեր են խաղում գիտելիքի ու տեղեկատվության ձեռքբերումը, մշակումը, պահպանումը, փոխանցումը, տարածումն ու օգտագործումը ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների, այլև սոցմեդիայի միջոցով, որն, ի դեպ, նոր տեխնոլոգիաների շնորհիվ անընդհատ կատարելագործվում է [1]: Սոցիալական մեդիան և ցանցերը փոխում են նորության ստեղծման և տարածման ձևը: Դրանք ազդում են ԶԼՄ-ների վրա երեք ձևով, այն է՝ 1. բովանդակության ստեղծման, 2. տեղեկատվության բաշխման և հաղորդման, 3. տեղեկատվության փնտրելու, ստանալու և հասանելիության գործիք դառնալու եղանակով [2]: Ուստի սոցիալական մեդիան ավելի շատ բազմազանության և բազմակարծության հնարավորություն է տալիս, քան ավանդականները: Այսօր ոչ միայն կառավարություններն են ձևավորում համացանցային իրականությունը, այլև քաղաքացիական հասարակությունը, արդյունաբերությունը, մեդիա ընկերությունները, լրագրողները և բլոգերները, ինչպես նաև սոցցանցերի օգտատերերն են իրենց դերակատարությամբ ձևավորում ապագայի համացանցը: Այս տեսանկյունից հրատապ է դառնում «հավաքական պատասխանատվությունը» և մեդիագրագիտությունը: Ներկայումս գործող սոցիալական ցանցերից Հայաստանում առավել տարածում ունեն «Facebook»-ն ու «Twitter»-ը [3]: Ենթադրելի է, որ մյուս սոցիալական ցանցերում տեղի ունեցող զարգացումները մասամբ են հայտնի հայաստանյան հանրությանը: Օրինակ՝ «Odnoklassniki.ru» և «Vkontakte.ru» կայքերը, որոնք նույնպես շատ տարածված են Հայաստանում, հանրային ընկալման վրա ազդեցություն ունեցող գործընթացներում ներգրավված չեն, ինչը հիմնականում կապված է այդ սոցիալական ցանցերում անհրաժեշտ գործիքակազմի բացակայությամբ: Twitter-ը, որն աշխարհում մի քանի հարյուր միլիոն օգտատեր ունի, Հայաստանում նույնպես իր տարածվածության և 256 զարգացվածության տեսանկյունից զիջում է «Facebook»-ին: Այն հիմնականում այլ ցանցերում ակտիվության վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոց է: Չնայած քաղաքացիական տարբեր շարժումների ու նախաձեռնությունների ֆեյսբուքյան և թվիթերյան էջերը հաճախ հանդես են գալիս փոխկապակցված կերպով: Անդրադառնալով սոցիալական մեդիայի հնարավորություններին ու հայաստանյան իրականության մեջ հասարակական կարծիքի ձևավորման և ուղղորդման տեսանկյունից դրա կիրառման արդյունավետությանը` առանձնացնենք մի քանի հարցեր և փորձենք տալ դրանց պատասխանները: Ի՞նչ արդյունավետություն են ունեցել քաղաքացիական շարժումները՝ հասարակական լայն հնչեղություն ունեցող խնդիրները տեղափոխվելով վիրտուալ հարթակներ, որքանո՞վ են արդյունավետ և նպատակային օգտագործվել և օգտագործվում ցանցային հաղորդակցության հնարավորությունները: Սոցիալական մեդիայի հնարավորությունները և ազդեցությունը հասկանալու համար թվարկենք մի քանի հանրային շարժումներ, որոնք սկիզբ են առել համացանցում և ունեցել են հաջողություններ իրական կյանքում` հանրային կարծիքի ձևավորման և այն կապիտալիզացնելու առումով: Բերենք մի քանի օրինակներ՝ 1. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանություն». Շարժման մասնակիցներին 2010 թ. գարնանը հաջողվեց կասեցնել ամառային դահլիճը քանդելու և դրա տեղը եկեղեցի կառուցելու՝ կառավարության որոշումը։ 2. Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ շարժում. 2011 թ. նախաձեռնողներին հաջողվեց հասարակության շրջանում կես տարվա ընթացքում այս թեման դարձնել ամենաքննարկվողներից մեկը, բավականին լուրջ փոփոխություններ մտցնել ԱԺ-ում քննարկման դրված օրենսդրական փաթեթում, բայցևայնպես, օրենքի ընդունումն ամբողջությամբ կասեցնել չհաջողվեց։ 3. Հղի կանանց նպաստների փոփոխության դեմ բողոքի շարժումը. Կառավարության համապատասխան որոշումը բողոքի ալիք բարձրացրեց հղի կանանց և նրանց աջակիցների շրջանում: Խումբն աճեց անասելի տեմպերով՝ իր մեջ ներգրավելով ինչպես հիմնական շահառուների, այնպես էլ մտահոգ քաղաքացիների, որոնք անմիջապես դրսևորեցին կոնկրետ գործողություններ՝ ցույցերի անցկացում, ԶԼՄ-ներում հարցի ակտիվ արծարծում և այլն: 4. Թռչկանի ջրվեժի պաշտպանությանն ուղղված շարժումը. Ակտիվիստներին հաջողվեց ստիպել կառավարությանը՝ փոխելու Թռչկանի ջրվեժի վերաբերյալ որոշումը և դադարեցնելու այնտեղ ՀԷԿ-ի կառուցումը։ 5. Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում կանաչ տարածքների հաշվին խանութներ կառուցելու դեմ պայքարը տևեց մի քանի ամիս՝ ավարտվելով պուրակում խանութների ապամոնտաժմամբ։ 6. «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնությունը. Օգտագործելով Սոցմեդիայի հնարավորությունները, ակտիվիստները հասան նրան, որ համացանցից շարժումը 257 տեղափոխվեց փողոց` ստանալով մեծ հնչեղություն: Գործընթացը տևեց մոտ մեկ ամիս, իսկ արդյունքում էլեկտրաէներգիայի թանկացում տեղի չունեցավ այնպես, ինչպես նախատեսված էր: Նույն խմբի գործողությունները զսպեցին նաև ջրի թանկացման որոշումը: 7. «Ընդդեմ կենսաթոշակային 5 %-ի պարտադիր վճարին» խմբի համացանցային բողոքի էներգիայի կուտակումները վերջապես դուրս եկան փողոց: Ցուցարարների հետ հանդիպումներ ունեցան տարբեր պաշտոնյաներ՝ ընդհուպ երկրի այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շարժումը հաջողված էր այնքանով, որ, իտարբերություն մասնավոր հատվածի, «պարտադիր» բաղադրիչը տարածվեց միայն պետական սեկտորի աշխատակիցների վրա: Հովիկ Աբրահամյանի արտահայտությունը, թե կենսաթոշակների 5 %-ի պահումը կլինի «պարտադիր և ոչ պարտադրված», մեծ տարածում գտավ համացանցում, ու վերածվեց մեմի: 8. «Ընդդեմ տրանսպորտի թանկացման» շարժումը կրկին հաջողվեց և ստիպեց պատասխանատու պաշտոնյաներին հրաժարվել հասարակական տրանսպորտը 150 դրամ սահմանելու որոշումից: Բերված օրինակները հավաստում են, որ սոցմեդիան ուղղակիորեն ազդում է հանրային կարծիքի ձևավորման, իսկ որոշ դեպքերում՝ որոշումների կայացման վրա: Հայաստանյան իրականության մեջ սոցցանցերի զարգացման սկզբնական շրջանում ԶԼՄ-սոցցանց հարաբերության մեջ փոխներթափանցում տեղի ունեցավ: Եթե 2010-2011 թթ. հայաստանյան ԶԼՄ-ները սոցցանցում փորձում էին գրավել հնարավորինս մեծ լսարանի, ապա հետագայում սկսեցին արձագանքել ֆեյսբուքյան բովանդակությանը՝ դրանց հիման վրա հրապարկումներ պատրաստելու, դրանք պարզապես արտատպելու և այլ եղանակներով: Օրինակ «Ազատություն» ռադիոկայանն ունի ամենշաբաթյա ծրագիր, որը կոչվում է «Ֆեյսբուքյան ասուլիս»: Տաղավարում հանդիպման հյուրի հետ քննարկվում են շաբաթվա ընթացքում սոցցանցերում ակտիվորեն արծարծված խնդիրները, այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ֆեյսբուքյան օգտատերերը հնարավորություն են ունենում իրենց հարցն ուղղելու հանդիպման հյուրին: Այսինքն ցանցային հասարակության հետ ապահովվում է կապ: Հանրային ռադիոն նույնպես ունի հաղորդում, որը կոչվում է «Ֆեյսբուքյան Հայաստան» [4]: Այստեղ հրավիրված հյուրերն ուղիղ եթերով քննարկում են շաբաթվա իրադարձությունները և ուղիղ հեռախոսակապով պատասխանում են ռադիոունկնդիրների հարցերին: Էլեկտրոնային լրատվամիջոցներից շատերն ունեն «Բլոգ» բաժին, որտեղ հրապարակվում են սոցցանցերից վերցված օգտատերերի գրառումներն այս կամ այն խնդրի վերաբերյալ: Նմանատիպ պրակտիկա կիրառվեց նաև տպագիր մամուլում: Այստեղ, մի կողմից, սոցիալական ցանցը հանդես է գալիս որպես միջոց ավանդական լրատվամիջոցների և հանրային մեծ լսարանի հետ շփումների համար, մյուս կողմից՝ 258 սոցմեդիայի տիրույթում քննարկված, հասարակական հնչեղության ստացած խնդիրները երկրորդ կամ երրորդ հերթով (կամ ձեռքով) շրջանառվում են արդեն այլ հարթակներում՝ ուղղակիորեն ազդելով հասարակական կարծիքի ձևավորման վրա: ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ 2013 թ. ֆեյսբուքյան տարբեր օգտատիրական խմբերում անցկացվեցին հարցումներ, որոնք ի թիվս այլ իրողությունների, բացահայտեցին ուշագրավ մի հանգամանք, որը վերաբերում է հենց լրագրողների և ԶԼՄ-ների՝ ցանցային կոնտենտներն օգտագործելու վերը նշված խնդրին: Նախքան այդ, ելնելով այն բանից, որ ԶԼՄ-ներին այս ցանց է ուղղորդել ակտիվ ու մեծ լսարան ձեռքբերելու խնդիրը, թվում էր, որ ԶԼՄ ներկայացուցիչները Ֆեսյբուք սոցցանցը հիմնականում պետք է օգտագործեին տեղեկատվության տարածման համար: Սակայն պարզվեց, որ լրագրողական խմբի մեծ մասn օգտվում է Ֆեյսբուքից տեղեկատվության ստացման, այլ ոչ թե տարածման համար: Արյդունքներից հետևում էր, որ հարցված լրագրողների համար Ֆեյսբուքը գլխավորապես ծառայում է որպես տեղեկատվության աղբյուր [5]: Լայն լսարանի ուշադրությունը գրավելու համար սոցցանցերում մեծ ազդեցություն ունի լուսանկարների և տեսանյութերի տարածումը: Լուսանկարի՝ ժամանակին տեղադրումը թույլ է տալիս ապահովելու ավելի մեծ հաճախելիություն տվյալ էջի, իսկ սոցիալական ցանցերի միջոցով՝ նաև կայքերի համար։ Տեսանյութերը թեպետ տարածվում են հիմնականում «ՅուԹյուբ» («YouTube») սոցցանցի միջոցով, սակայն այսօր արդեն հնարավոր է դարձել սոցիալական այլ ցանցերում սեփական արտադրության տեսանյութերը հանրայնացնել, ինչպես նաև տարածել յություբյան տեսահոլովակները: Աղմկահարույց տեսանյութերը սոցիալական ցանցերում առիթ են դառնում ծավալուն քննարկումների, հատկապես Ֆեյսբուքում, հետո տեղափոխվում են ավանդական մեդիա՝ թերթեր, այդ թվում նաև էլեկտրոնային, ապա հեռուստատեսություն, ռադիո և այլն: Այժմ սոցցանցում արդեն հասանելի է «ուղիղ եթեր» հավելվածը, ինչն ավելի դինամիկ է դարձնում տեղակատվության փոխանցումը: Այս գործիքակազմը մեծ հնարավորություն է ստեղծում հասարակական-քաղաքական ցանկացած իրադարձությունն ավելի արագ, թեկուզև անմշակ ու չմեկնաբանված, հասցնելու թե՛ թիրախային, և թե՛ ավելի լայն լսարանին: Այս տեսանկյունից համացանցը, մասնավորապես սոցմեդիան, օգտագործվում է որպես նախընտրական արշավների ու քաղաքական այլ միջոցառումների միջոց՝ հավաքների, ցույցերի, պիկետների ժամանակ: Այս հարթակը յուրօրինակ «ջերմաչափ» է՝ այս կամ այն օրենսդրական նախաձեռնության, կարգի ու որոշումների նկատմամբ հասարակական ընկալումներն ու վերաբերմունքը չափելու համար: Օրինակները բազմազան են: Ելնելով սոցմեդիայի՝ հասարակական կարծիքի ձևավորման, փոփոխման, ուղղորդման վրա ազդելու հնարավորություններից, առաջանում է նաև կեղծ տեղեկություն (fake news) տարածելու ռիսկը: Այս առումով դրա վերահսկողությունն ապահովելու, այդ թվում` տեխնիկապես որևէ համակարգով ստուգելու, արգելելու, դրա հետ կապված ռիսկը նվազեցնելու հնարավորությունը խնդրահարույց է: Անգամ ՀՀ 259 «Տեղեկատվության ազատության մասին» և «ԶԼՄ-ների մասին» օրենքներում սոցմեդիայի տեղեկությունների, այդ թվում` նաև կեղծ տեղեկատվության տարածման վերաբերյալ կարգավորումներ չկան: Սոցցանցերում հրապարակված մտքերը համարվում են անհատական կարծիքներ, որոնք արտահայտելու արգելքը խոսքի ազատության խոչընդոտում է: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որում ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից» [6]: Կեղծ տեղեկության տարածումն այս պարագայում կարող է հավասարակշռվել միայն դրան հակառակ՝ նույն սոցմեդիայում իրական տեղեկությունների ավելի ակտիվ տարածումներով:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
[1] Webster F., Theories of the Information Society, Third Edition, London and NY: Routledge, 2006.
[2] Բայադյան Հ., Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2005:
[3] Facebook in Armenia: Users and Using, Results of Surveys Among Facebook Users in Armenia, EU, OSCE Office in Yerevan, Region Research Center, Yerevan, 2013, URL: https://www.osce.org/yerevan/108535?download=true (Accessed: 16.10.2017).
[4] «Ֆեյսբուքյան Հայաստան» կայքէջ, Facebook, Inc., URL: https://www.facebook.com/%D5%96%D5%A5%D5%B5%D5%BD%D5%A2%D5%B8%D6%8 2%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6- %D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6- 1820988144784877/ (Accessed: 12.09.2017):
[5] Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան լրատվամիջոցների համար. Ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, 2014 թ, էջ 4-5:
[6] Կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին փոփոխված 11-րդ արձանագրությամբ, 4 նոյեմբերի, 1950 թ., Հռոմ, URL: http://pmg.am/images/convention_human_rights.pdf (Accessed: 03.11.2017):