Հեղինակ` Գայանե Հարությունյան
gayane.harutyunyan@gmail.com
Գոյություն ունեն սոցիալական կապիտալի ըմբռնման տարբեր սոցիոլոգիական մոտեցումներ:
Ջեյմս Քոուլմանն այն գիտնականներից մեկն էր, ում աշխատությունները նպաստեցին ՙսոցիալական կապիտալ՚ տերմինի լայն շրջանառմանը գիտական ոլորտում: Քոուլմանը գտնում էր, որ սոցիալական կապիտալը սահմանվում է իր իսկ կատարած ֆունկցիայով: Այն եզակի գոյություն չէ, այլ տարբեր գոյությունների բազմազանություն` երկու ընդհանուր տարրերի բնութագրմամբ. դրանք բոլորն էլ կազմված են սոցիալական կառուցվածքներին բնորոշ տարրերից և կառուցվածքում որոշակի միջոցներ են հարթում դերակատարների գործողությունների համար [Քոուլման 2008, 263]: Սոցիալական կապիտալը պայմանավորված է անձանց միջև հարաբերությունների փոփոխություններով, որոնք նպաստում են դերակատարների գործունեությանը: Այլ կերպ ասած սոցիալական կապիտալը միջոց է որոշակի նպատակներին հասնելու համար, որոնց հասնելը դրա բացակայության պայմաններում անհնար կլիներ [Քոուլման 2008, 268]:
Հիմնվելով ռացիոնալ ընտրության տեսության վրա` Քոուլմանը դիտարկում էր սոցիալական կապիտալը իբրև սոցիալական կառուցվածքի մաս, մասնավորապես դերակատարների միջև փոխհարաբերությունների կառուցվածքի մաս: Քուոլմանը գտնում էր, որ սոցիալական կապիտալը բաղկացած է ցանկացած տիպի մեխանիզմներից, որոնք կարող են նպաստել էֆեկտիվ սոցիալական ինտերակցիաների կայացմանը: Այդ տեսանկյունից նա առանձնացնում էր հետևյալ կառուցվածքային տարրերը` պարտականությունների ու սպասումների, նորմերի, վստահության և սոցիալական ցանցերի: Քոուլմանը գտնում էր, որ հենց այդ տարրերի և դրանց միջև փոխազդեցությունների առկայությունն է ձևավորում սոցիալական կապիտալը. Ա դերակատարի գործողությունը Բ դերակատարի նկատմամբ առաջացնում է պարտականություններ Բ դերակատարի մոտ, ինչպես նաև սպասումներ Ա-ի մոտ, վերջիններիս փոխհարաբերությունները/սոցիալական ցանցը ենթարկվելով որոշակի նորմերին առաջացնում է որոշակի սոցիալական կապիտալ Ա և Բ դերակատարների համար [Քոուլման 2008, 269]: Այլ կերպ ասած սոցիալական կապիտալը հասարակության մեջ փոխադարձ վստահության և փոխօգնության պոտենցիալն է, որը նպատակաուղղված կերպով ձևավորվում է միջանձնային հարաբերություններում պարտականությունների և սպասումների, տեղեկատվության փոխանցման ուղիների և սոցիալական ցանցերի միջոցով:
Քոուլմանը իր հետազոտական ֆոկուսը կենտրոնացրել էր սոցիալական կառուցվածքի և այն գործոնների ուսումնասիրության վրա, որոնք ֆասիլիտացնող ազդեցություն էին ունենում սոցիալական կապիտալի ձևավորման ու վերարտադրման վրա [Шахназарян Г. 2007, 47]:
Ռոբերտ Փաթնեմը սահմանում է սոցիալական կապիտալը որպես սոցիալական կազմակերպության բնութագրիչ, որն իր մեջ ներառում է փոխազդեցության նորմեր, սոցիալական ցանցեր և վստահություն, որոնք հնարավոր են դարձնում էֆեկտիվ գործունեությունը ընդհանուր նպատակին հասնելու համար: Սոցիալական կապիտալի վերաբերյալ Փաթնեմի ուսումնասիրություններում կենտրոնական դեր է խաղում փոխադարձ օգուտի և համագործակցության գաղափարները: Փաթնեմը գտնում է, որ հասարակությունը, որը հենվում է փոխադարձության և ընդհանրացված վստահության վրա ավելի արդյունավետ է գործառնում քան այն հասարակությունները, որոնցում դա բացակայում է: Հաշվի առնելով այս ամենը Փաթնեմը կարևորում է սոցիալական կապիտալի դերը բազմաթիվ խնդիրների լուծման տեսանկյունից, ինչպիսիք են օրինակ աղքատության և հանցագործությունների հաղթահարումը:
Փաթնեմը որպես կառուցվածքային տարր առանձնացնում էր նորմերը, վստահությունը, սոցիալական ցանցերը: Սոցիալական ցանցերի նշանակությունը նա տեսնում էր նրանում, որ դրանք նվազեցնում են կամայականությունները գործողություններում: Դիտարկելով սոցիալական կապիտալը իբրև ռեսուրս` հանրային բարիք, Փաթնեմը գտնում էր, որ դրա ամենանշանակալի հատկություններից մեկն այն է, որ օգտագործումից այն աճում է և սպառվում չօգտագործումից:
Փաթնեմը սոցիալական կապիտալը դիտարկում էր մակրո մակարդակում, այսինքն` դիտում էր այն որպես սոցիալական խմբերին բնորոշ հատկանիշ այլ ոչ թե անհատներին: Փաթնեմի ներդրումը սոցիալական կապիտալի կոնցեպցիայի զարգացման գործում հանդիսանում է վերջինիս դրական ու բացասական հետևանքների ուսումնասիրությունը [Шахназарян Г. 2007, 48]: Փաթնեմի կարծիքով սոցիալական կապիտալի առկայությունը կարող է նպաստել հասարակական կյանքի որոշ ոլորտների զարգացմանը, մասնավորապես տնտեսության և կրթության:
Պյեռ Բուրդյեն ևս ունեցել է իր ներդրումը սոցիալական կապիտալի կոնցեպցիայի զարգացման գործում:
Բնութագրելով սոցիալական տարածությունը իբրև տարբեր ենթատարածությունների համալիրի միջոցով կառուցված` առանձնացնում է սոցիալական կապիտալի չորս տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բնորոշ լինել այս կամ այն ենթատարածություններին, սակայն տարբեր հագեցվածությամբ, ընդ որում յուրաքանչյուր դաշտի` ենթատարածության, կառուցվածքը պայմանավորված է այդ կապիտալների անհամաչափ բաշխմամբ [Бурдье 1993, 40]: Սոցիալական կապիտալը այս տեսանկյան ներքո սահմնավում է իբրև պոտենցիալ ու ակտուալ ռեսուրսների համախմբություն կապված կայուն փոխհարաբերություների ցանցերի հետ: Թերևս այս սոցիալական փոխհարաբերությունները կարող են գոյություն ունենալ միայն նյութական և/կամ սիմվոլիկ փոխանակման տեսքով, որը նպաստում է վերջիններիս պահպանմանը: Կապված կապիտալի գործառնման ոլորտից և տրանսֆորմացիաներից, որոնք ապահովում են էֆեկտիվ գործառնությունը, կապիտալի դրսևորումները կարող են լինել տնտեսական, սոցիալական և մշակութային [Бурдье 2002, 60]: Բուրդյեն գտնում էր, որ սոցիալական տարածությունում սակավաթիվ ռեսուրսների յուրացումը, որոշակի ստատուս զբաղեցնելը, հետևաբար նաև իշխելու հնարավորությունները պայմանավորված են լինում կապիտալի տեսակների առկայությամբ կամ էլ բացակայությամբ:
Նա գտնում էր, որ բոլոր ձևի կապիտալները դինամիկ են և հեշտությամբ փոխակերպվում են, քանի որ սերտորեն կապված են իրար հետ: Բացի այդ Բուրդյեն շեշտադրում էր այն, որ յուրաքանչյուր կապիտալի հիմքը տնտեսական կապիտալն է: Այդպես օրինակ տնտեսական կապիտալը անմիջապես կարող է փոխակերպվել դրամական միջոցների, սեփականության իրավունքի: Կամ օրինակ, քաղաքական կապիտալը հանդիսանում է սիմվոլիկ կապիտալի տեսակ` փոխակերպում, հիմնվելով հավատի և ճանաչված լինելու վրա, այլ կերպ ասած այնպիսի անթիվ կրեդիտային օպերացիաների վրա, որոնց օգնությամբ ագենտները օժտում են մարդկանց կամ այլ առարկաներին իշխանությամբ, որը հետագայում և ճանաչում են [Бурдье 1993, 208]: Կարևոր է նաև այն փաստը, որ ըստ Բուրդյեի յուրաքանչյուր ագենտի սոցիալական կապիտալի ծավալը կախված է իր կապերի ցանցի ծավալից և այն կապիտալի ծավալից, որը նա ձեռք է բերում նրանց շնորհիվ, ում հետ կապված է որոշակի սոցիալական հարաբերություններով:
Ֆրենսիս Ֆուկույամայի կոնցեպցիայում սոցիալական կապիտալը դիտարկվում է իբրև տնտեսության արդյունավետ գործառնմանը նպաստող գործոն: Այդ իսկ պատճառով սոցիալական կապիտալի վերլուծությունը իրականացվել է սոցիալ տնտեսագիտական դիտակետից: Ֆուկույամայի սահմանմամբ սոցիալական կապիտալը հասարակության կամ դրա մի մասի պոտենցիալն է, որն առաջանում է իր անդամների միջև վստահության գոյության արդյունքում [Фукуяма 52, 2006]: Սահմանումից պարզ է դառնում, որ հասկացութային ապարատում կենտրոնական տեղ է զբաղեցնում հենց ՙվստահությունը՚: Վստահությունը սահմանվում է իբրև խմբի անդամների միջև առաջացող սպասումների ամբողջություն այն մասին, որ յուրաքանչյուր անդամի վարքը կլինի կանխատեսելի է և համապատասխանող մի շարք նորմերին [Фукуяма 51, 2006]:
Ֆուկույաման գտնում էր, որ հասարակության առաջընթացը տարբեր ոլորտներում իսկ մասնավորապես տնտեսությունում պայմանավորված է վստահության մակարդակով, վերջինիս առկայության պարագայում մարդկային հարաբերությունները դառնում են կանխատեսելի. որքան բարձր է վստահության մակարդակը, այնքան առավել արդյունավետ է զարգանում տնտեսությունը և հասրակությունը, որովհետև այդքան ՙամուր՚ են առանձին անհատների հարաբերությունները սոցիալական ինստիտուտներում: Ըստ Ֆուկույամայի պատճառը կայանում է նրանում, որ վստահությունից է կախված մարդկային միավորումների գոյատևումը: Մինչդեռ վստահության ըմռնումը իր հերթին պայմանավորված է մշակույթով: Այստեղից էլ պարզ է դառնում, որ տարբեր մշակույթներում առկա է վստահության տարբեր տեսակներ` անահատկան, ինստիտուցիոնալ, ընդհանրացված, և տարբեր մակարդակներ [Фукуяма 51, 2006]: Սոցիալական կապիտալը տարբերվում է այլ կապիտալներից նրանով, որ ստեղծվում է և փոխանցվում է այնպիսի մշակութային մեխանիզմների օգնությամբ, ինչպիսիք են օրինակ կրոնը, ավանդույթներն ու սովորույթներն: Սոցիալական կապիտալը ձևավորվում է հեղինակությունների շնորհիվ, որոնք ձևավորում են որոշակի նորմեր ու արժեքներ, վարքի ընդհանուր նմուշներ ենթակաների համար նաև ակնկալելով, որ դրանց պետք է ենթարկվեն` նպատակներին հասնելու համար: Այնուհետև սոցիալիզացիայի արդյունքում նման նորմերն ու արժեքները փոխանցվում են սերնդեսերունդ, և ժամանակի ընթացքում վերածվում են սովորությունների/ ավանդույթների: Արդյունքում մշակվում են վարքի մոդելներ, որոնք նպաստում են հասարակությունում վստահության բարձր մակարդակի և համագործակցության ձևավորմանը, որն էլ իր հերթին խթանում է հասարակության տարբեր ոլորտների, մասնավորապես տնտեսության զարգացում:
Թերևս գոյություն ունի կարծիք համաձայն, որի սոցիալական ցանցերի, արժեքների/նորմերի ու վստահության առկայությունը դեռևս չի նշանակում սոցիալական կապիտալի առկայություն: Լ. Արաուհոն և Ջ. Իստոնը առանձնացնում են երեք հիմնական բնորոշ հատկանիշ, որոնց առկայությունն է դարձնում սոցիալական ցանցերն, արժեքները/նորմերը ու վստահությունը սոցիալական կապիտալ [Araujo; Easton 1999, 563]: Նախ ենթադրվում է, որ ակտուալիզացված սոցիալական կապերի ամբողջությունն է, այլ կերպ ասած սոցիալական կապերի նպատակաուղղված օգտագործումն է, որի արդյունքում կարելի է հասնել այս կամ այն նպատակի, իրենից ներկայացնում սոցիալական կապիտալ: Երկրորդ հատկանիշը ենթադրում է գիտակցում, որ տվյալ ռեսուրսները օգտագործվում են նպատակահարմարությունից ելնելով որոշակի օգուտ ստանալու համար: Ընդ որում «օգուտը» հասկացվում է լայն իմաստով: Երորրդ հատկանիշը, որը բնորոշ է սոցիալական կապիտալին ըստ Լ. Արաուհոյի և Ջ. Իստոնի, դա սոցիալական կապիտալի ձևավորումն է կոնկրետ սոցիալական կառուցվածքների հիման վրա և, որը ներկայացնում է նպատակների ռեալիզացիայի աղբյուր:
Սոցիալական կապիտալը սահմանող տարրերի տեսանկյունից կարելի է առանձնացնել կապիտալի կառուցվածքային և կոգնիտիվ բաղադրիչներ [Мачеринскене; Минкуте-Генриксон; Симанавичене 2006, 32]: Կառուցվածքային բաղադրիչը առնչվում է սոցիալական դերերի, գործընթացների, սոցիալական ցանցերի հետ, որոնք նպաստում են երկողմանի համագործակցությանը: Կոգնիտիվ բաղադրիչը վերաբերում է ընդհանուր նորմերին ու արժեքներին, սպասելիքներին ու վստահությանը: Այս բաղադրիչը ավելի սուբյեկտիվ է և պակաս շոշափելի քան առաջինը:
Վերոհիշյալ հայացքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սոցիալական կապիտալի սահմանումը, դրա կառուցվածքային տարրերի առանձնացումը և ֆունկցիոնալ նշանակության սահմանումը փոփոխվում է կախված նրանից, թե ինչ կոնտեքստում է այն ուսումնասիրվել: Թերևս պատկերացումներն ու սահմանումները տարբեր հիղինակների մոտ տարբեր են, գոյություն ունի մեկ ընդհանուր հատկանիշ, որ ընդհանուր է բոլոր կոնցեպցիաներում. սոցիալական կապիտալը դիտարկվում է իբրև սոցիալական հաջողության հասնելու միջոց:
Օգտագործված գրականության ցանկ
- Քոուլման Ջ. ՙՍոցիալական կապիտալը մարդկային կապիտալ ստեղծելիս՚ // Արդի արևմտյան սոցիոլոգիայի քրեստոմատիա//, գլխ. խմբագիր Վ.Սահակյան Եր., ԵՊՀ, 2008 էջ 259-291:
- Бурдье П. «Формы капитала»// «Экономическая социология» электронный журнал// глав. ред. В. В. Радаев, том3, #5, 2002 www.ecosoc.msses.ru/t3_n5.pdf по 27.03. 2009
- Мачеринскене И., Минкуте-Генриксон Р., Симанавичене Ж. «Социальный капитал организации: методология исследования» // СоцИс // #3 М; Наука, 2006 стр. 29-40
- Шахназарян Г. «Социальный капитал: проблемы интерпретации в социологической теории» //Սոցիոլոգիայի Ֆակուլտետի տարեգիրք 2006-2007//, գլխ. խմբագիր Լ. Հ. Հարությունյան Եր., ԵՊՀ, 2007 40-51 էջ
- Фукуяма Ф. «Доверие: социальные благодетели и пути к процветанию», М; Хранитель, 2006
- Araujo L., Easton G «A relation Resource Perspective on Social Capital» //Corporate Social Capital and Liability/ ed. by R. Th. A.J. Leenders, S.M.Gabbay. USA: Kluwer Academic Publishers, 1999