Գայանե Հակոբյան
gayane.hakobyan@iae.am
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21), հասարակական գիտություններ, Երևան, էջ 39-49
Շուրջ չորս տարի է, ինչ սիրիահայերը Սիրիայում տիրող իրավիճակի հետևանքով լքել են Սիրիան, և նրանց զգալի զանգվածը եկել է Հայաստան[1]: Երկրում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների կողքին նրանք բախվում են Հայաստանում, ինչպես նաև Սփյուռքում հայի ինքնությունը կազմող, բայց, միևնույն ժամանակ տարբերվող մշակութային, լեզվական, կրոնական բազմաթիվ հարցերի, որոնք պակաս կարևոր ազդեցություն չեն ունենում հայաստանյան իրականությանը նրանց ադապտացիայի, առավելապես փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության, ազգային արժեհամակարգի շուրջ համախմբված հայրենակիցների հետ հայրենիքում ապրելու գործընթացի վրա: Այս համատեքստում հատկապես կարևոր է սիրիահայերի կրոնական վարքագծի բացահայտումը, որը հնարավոր է դարձել մեր կողմից 2014 թ.-ին անցկացված հետազոտության շնորհիվ[2]:
Հայերը Սիրիայում բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից։ Տիգրան Բ Մեծի օրոք Ասորիքի (Սիրիայի) զգալի մասը որոշակի ժամանակահատված (մ.թ.ա. 80-60-ական թթ.) ընդգրկվել է հայկական տերության կազմում։ Հայկական աղբյուրները հիշատակում են, որ այդ ժամանակ հայերի մեծ գաղթ է տեղի ունեցել դեպի Սիրիայի հյուսիսային շրջաններ[3]: Սիրիահայ համայնքը մեծապես համալրվել է 1915 թվականին, երբ Հայոց ցեղասպանությունից հետո մեծ թվով հայեր են գաղթել Սիրիա: Սկզբնական շրջանում հայ գաղթականներն ապրել են ծանրագույն պայմաններում` հիմնականում վրանային ճամբարներում: Բնական է, որ սկզբնական փուլում հայերը մտադրություն չեն ունեցել վերջնականորեն հաստատվելու Սիրիայում, որտեղ նրանք հայտնվել էին միանգամայն նոր, ինչ-որ իմաստով խորթ մի միջավայրում, որն ուներ տարբերակիչ մի շարք գործոններ` էթնիկ, կրոնական, լեզվական, մշակութային և այլն: Սակայն հետագայում նրանք հաշտվեցին Սիրիայում հաստատվելու իրականության հետ, իսկ նշված գործոնները պարզապես նպաստեցին հայ տարագիրների էթնիկ և մշակութային ինքնության պահպանմանը:[4]
Սիրիայում հայը, երկրի սահմանադրության համաձայն, համարվում է սիրիացի արաբ քաղաքացի` իր համայնքային-եկեղեցական պատկանելիությամբ: Այդ համայնքները երեքն են`
- Հայաստանյայց առաքելական եկեղեցու համայնք: Ունի երկու թեմ՝ Բերիո (առաջնորդանիստը՝ Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի), որը ենթակա է Անթիլիասին, և Դամասկոսի (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցի), որը ենթակա է Էջմիածնին:
- Հայ կաթողիկե համայնք: Առանձին թեմ և թեմակալ ունի միայն Հալեպ քաղաքը:
- Հայ ավետարանական համայնք, որն իր եկեղեցիներով կապված է Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության հետ: Թեմական առաջնորդի նստավայրը ևս Հալեպ քաղաքն է[5]:
Սիրիահայ համայնքում կա նաև չորրորդ զանգվածը, որը սիրիական լատինական համայնքի մաս է կազմում, և որի եկեղեցական ծիսական լեզուն արաբերենն է:
Կրոնական վարքագծի ուսումնասիրության ցուցիչներից մեկը կրոնի նկատմամբ վերաբերմունքի բացահայտումն է: Այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունեն կրոնի նկատմամբ, Հայաստան տեղափոխված սիրիահայերի 98 %-ը նշել է, որ հավատում է (տե՛ս աղյուսակ1): Շատ փոքր զանգված, այսինքն` հարյուրից մեկն է, որ անտարբեր է (1%) կամ չի հավատում (1%), ընդ որում՝ նրանք առաքելական եկեղեցու հետևորդներ են: Համեմատության համար բերված են նաև ՀՀ չորս քաղաքներում գրեթե նույն ժամանակահատվածում անցկացված էթնոսոցիոլոգիական հետազոտության արդյունքները:[6]
Աղյուսակ 1. ՀՀ հայերի և սիրիահայերի կրոնական վարքագծի համեմատական պատկերը, (%)
Վերաբերմունքը կրոնի նկատմամբ | Սիրիահայեր, ՀՀ, 2014 թ. | Վանաձոր, Տաշիր, 2012 թ. | Հրազդան 2013 թ. | Սիսիան, 2015 թ. | ՀՀ քաղաքային բնակավայրեր
(միջին թվաբանական) |
Հավատում է | 98 | 89 | 90 | 93 | 90.6 |
Անտարբեր է | 1 | 8 | 10 | 1 | 6.4 |
Չի հավատում | 1 | 3 | 0 | 6 | 3 |
Ընդամենը | 100 | 100 | 100 | 100 | 100 |
Ինչպես տեսնում ենք Աղյուսակ 1-ի տվյալներից, Հայաստանում ապրող հայերի մոտ էական տարբերություններ կան` համեմատած սիրիահայերի ընդհանուր կրոնական վարքագծի հետ: Նկատվում է անհավատների կտրուկ աճ (ավելի ճիշտ` իրենց հավատացյալ չհամարողների), այսինքն` մերժողական դիրքորոշում ունեցողները մի դեպքում երեք (Լոռվա մարզի քաղաքային բնակավայրեր), մյուս դեպքում` վեց (Սիսիան քաղաք) անգամ ավելի են, քան սիրիահայերը: Անտարբեր զանգվածը գերակշռում է և՛ Հրազդանի (ութ անգամ), և՛ Վանաձորի և Տաշիրի (տասն անգամ) բնակիչների շրջանում` ի տարբերություն սիրիահայերի և Սիսիան քաղաքի բնակչության: Իսկ ընդհանուր առմամբ համեմատելով այս քաղաքների միջին թվաբանական ցուցանիշի հետ՝ տեսնում ենք, որ սիրիահայերի շրջանում կրոնի նկատմամբ հավատը բավականին ամրապնդված է` համեմատությամբ արևելահայերի զանգվածի, որոնց մեջ անհավատները մոտ վեց, իսկ մերժողական դիրքորոշում ունեցողները` երեք անգամ ավելին են:
Ըստ Աղյուսակ 2-ի տվյալների` Հայաստանում գտնվող սիրիահայերի մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և բացի հալեպահայ մեծաթիվ համայնքից՝ նրանք ներկայացնում են Դամասկոս, Կամիշլի, Ռաքքա, Դեր Զոր բնակավայրերը: Հայ կաթողիկե եկեղեցու դավանորդները` միայն Հալեպ, իսկ Ավետարանական եկեղեցունը Հալեպ և Քեսաբ համայնքներից տեղափոխված հայերն են:
Աղյուսակ2. Սիրիահայերի դավանաբանական բնութագիրը` ըստ բնակավայրի (%)
Բնակավայր, որից տեղափոխվել են սիրիահայերը | Դավանաբանական ուղղվածություն | Ընդամենը | ||
Հայ առաքելական | Հայ կաթողիկե | Հայ ավետարանական | ||
Դամասկոս | 5.4 | 0 | 0 | 5.4 |
Հալեպ | 78.4 | 6.5 | 4.3 | 89.2 |
Քեսաբ | 0 | 0 | 1.2 | 1.2 |
Կամիշլի | 2.2 | 0 | 0 | 2.2 |
Ռաքքա | 1 | 0 | 0 | 1 |
Դեր Զոր | 1 | 0 | 0 | 1 |
Ընդամենը | 88 | 6.5 | 5.5 | 100 |
Որակական հետազոտության արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ, չնայած դավանաբանական տարբեր ուղղվածությունների, սիրիահայերն այս հարցում հանդուրժողականություն են ցուցաբերում միմյանց և հայաստանցիների նկատմամբ, և որ հատկանշական է` այդ բառի ոչ թե բացասական,[7] այլ դրական ընկալմամբ, այն է` միմյանց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք միմյանց նկատմամբ։ «Մեր եկեղեցին Կաթողիկե եկեղեցին է: Կինս առաքելական է (երևանցի), հակասություն չի առաջանում, որովհետև մասնավոր բան մը չկա: Ասենք, մենք միջուկին ենք նայում, կեղևին` չէ: Միջուկն ասում է, որ երկուսիս հավատն էլ նույնն է»:[8]
Միևնույն կրոնի շրջանակներում տարբեր դավանանքների միջև ընդհանրությունը նույն կրոնի մեջ է։ Սրա լավագույն օրինակը հենց ցույց է տալիս սիրիահայ համայնքը, որի դավանանքային երեք շերտերն էլ` հայ առաքելականներ, հայ կաթոլիկներ և հայ ավետարանականներ, սերտորեն ինտեգրված են միմյանց հետ և կազմում են միասնական ամբողջություն։ Կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ինտեգրացիան և համերաշխությունն այնքան են խորացել, որ Սիրիայի և Հայաստանի հայ ավետարանական և կաթողիկե եկեղեցիներ այցելում են նաև առաքելական հայերը։ «Ես Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ եմ: Մեխանիկական բաներ չեմ սիրում, ինձ համար դա կարևոր չէ: Ես ման չեմ գալիս անպայման Կաթողիկե եկեղեցի լինի, որ գնամ: Ես բոլոր եկեղեցիներն էլ գնում եմ: Հավատքը իմ և Աստծո միջև է. ոչ մեկն ինձ չի ասում՝ սենց մտածի՛ր ու սենց հավատա՛ կամ խաչ մի՛ հանիր և այլն»:[9]
Բոլորովին պատահական չէ սիրիահայերի այն գիտակցումը, որ գլխավորը քրիստոնեական հավատքն է, դավանանքը երկրորդական նշանակություն ունի, քանզի հայության տարբեր դավանանքային հատվածների միջև փոխադարձ համերաշխությունը ապահովում են շատ կարևոր երկու աշխարհայացքային հիմքեր`
- ազգային բարձր ինքնագիտակցությունը,
- ընդհանուր քրիստոնեական կրոնը:
Առաջինը ենթադրում է կրոնադավանանքային պատկանելիության փոխարեն ընդհանուր ազգային պատկանելիության գիտակցության բարձրացում, այսինքն` առաջին հերթին հայ, այլ ոչ թե առաքելական, կաթողիկե կամ ավետարանական լինելու զգացողության առաջքաշում։ Երկրորդը միևնույն կրոնին պատկանող դավանանքային տարբեր շերտերի գիտակցության մեջ ընդհանուր կրոնական պատկանելիության գիտակցության խթանումն է, այսինքն` առաջին հերթին քրիստոնյա, այլ ոչ թե առաքելական, կաթողիկե կամ ավետարանական լինելու զգացողություն:
Սիրիահայ համայնքում վերջինս լիովին գիտակցված էր, քանզի մահմեդական շրջանում կրոնը ինքնության պահպանման կարևորագույն գործոնն է եղել. «Որ իսլամական աշխարհի մեջ ապրեցինք, մենք համարվեցինք կրոնական փոքրամասնություն: Վավերացումը էդպես էր: Ուրեմն, մենք պարտավոր էինք Սիրիայի մեջ ըլլալ հայ, քրիստոնյա և դավանանքի ենթակա` կա՛մ առաքելական, կա՛մ կաթոլիկ, կա՛մ ավետարանչական: Չի կարելի ազատ լինել կամ որին ուզել պատկանել. դա արձանագրված պետք է լինի պետականորեն, որ մենք ունենանք մեր դավանանքը»:[10]
Չնայած դավանանքային հարցում սիրիահայերի հանդուրժողականությանը` նրանց մոտ անհանդուրժողականություն է նկատվում Հայաստանում ապրող հայերի նկատմամբ` վերջիններիս հավատի պակասի/բացակայության, եկեղեցու և եկեղեցական արարողությունների նկատմամբ անտարբերության, պատարագներին այլ կրոնական ուղղության ներկայացուցիչների առկայության,[11] կրոնական տոների չիմացության, դրանք ըստ էության չնշելու, ինչպես նաև քրիստոնեական արժեհամակարգի կրողներ չլինելու պատճառով: «Ինչ որ տեսել եմ երևանցի հայերի մեջ, կարող եմ ասել, որ այստեղի հայերը Աստծուց ավելի հեռու են: Այստեղ խոսակցությունների ժամանակ պատահել է, որ հինգից չորսը ասել են, որ չեն հավատում Աստծուն: Հարցրել եմ` ինչո՞ւ, պատասխան չկա: Իմ կարծիքով, դա ընտանիքի դաստիարակությունից է գալիս…»:[12]
Խորին հարցազրույցների վերլուծությունը թույլ է տալիս ընդհանրացնել բոլոր այն պատճառները, որոնք սիրիահայերը դնում են Հայաստանում ապրող հայերի կրոնական վարքագծի հիմքում: Դրանք են`
- էթնիկ և կրոնական այլ միջավայրում սիրիահայերի ազգային և կրոնական ինքնությունը պահելու առաջնայնության գիտակցում` ի տարբերություն հայաստանցի հայի, որն իր երկրում չունի այդ խնդիրը,
- խորհրդային շրջանում պետական մակարդակով իրականացվող աթեիզմի քաղաքականություն, որն իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն ավագ ու միջին, այլ նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կրոնական վարքագծի վրա,
- ընտանեկան դաստիարակություն. սա նախորդ մտքի տրամաբանական շարունակությունն է, որը բազմաթիվ գործոնների հետ մեկտեղ կրում է նաև խորհրդային տարիների ազդեցությունը,
- սոցիալ-տնտեսական վատ պայմաններ, որոնք ձեռք են բերում առաջնայնություն կրոնական արժեհամակարգի նկատմամբ` արդարացնող գործոն համարվելով հայաստանցի հայերի համար,
- եկեղեցական կյանքով ապրելու ցանկության բացակայություն. այս համատեքստում տեղին կլինի խոսել «աշխարհիկություն» երևույթի մասին, որը, երկրորդական պլան մղելով կրոնական արժեքները, առաջնային նշանակություն է տալիս աշխարհիկ կյանքի հարաբերություններին և գործունեության ոլորտներին,
- ազգային մշակույթից հեռացում, օտարամոլություն, որը, ըստ սիրիահայերի դիտարկման, ավելի բնորոշ է երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին:
Սակայն սիրիահայերի անհանդուրժողականությունը շատ հաճախ էմոցիոնալ մակարդակից չի անցնում ոչ միայն այն պատճառով, որ նրանք գիտակցում են պատճառները, այլ նաև ադապտացիայի որոշակի մակարդակ է նկատվում այս համատեքստում` շեշտադրելով այն հանգամանքը, որ սփյուռքահայ համայնքներն են ընդօրինակել հայաստանյան կրոնական ավանդույթներն ու սովորույթները, և հնարավոր է, որ դրանք աղավաղվել են և նույն կերպ չեն դրսևորվում սիրիահայերի կենցաղում. «Չես կարող այն համակարգը, որով դու ապրել ես, պարտադրես ուրիշներին. մենք ենք եկել, մենք պետք է հարմարվենք»:[13]
Հիմա ներկայացնենք այն տվյալները, թե ինչպես են սիրիահայերը վարքային մակարդակում արտահայտում իրենց հավատքը:
Աղյուսակ 3. Եկեղեցի այցելելու հաճախականությունը` ըստ տարիքային չափանիշի (%)
Հաճախականություն |
Ընդամենը | Տարիք | |||
18-35 | 36-55 | 56 և ավելի |
Ընդամենը |
||
Երբեք | 5 | 50 | 0 | 50 | 100 |
Երբեմն | 56 | 37 | 42 | 21 | 100 |
Մշտապես | 39 | 17 | 56 | 27 | 100 |
Ընդամենը | 100 | – | – | – | – |
Որակական հետազոտության արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ եկեղեցի այցելության հենքում հիմնականում տոնածիսական բնույթի շարժառիթներն են և ոչ թե ժամանցային: Սակայն այս հարցին ավելի խորը չանդրադառնալով` նկատենք, որ սիրիահայերի քսանից մեկը (5%) Հայաստանում երբեք չի գնացել եկեղեցի, ընդ որում՝ նրանք հավասարապես և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ են (50%-50% համամասնությամբ), իսկ տարիքային առումով` երիտասարդ և ավագ սերնդի անձինք (տե՛ս աղյուսակ 3): «Ես և՛ հավատացյալ եմ, և՛ չեմ: Ես աթեիստ չեմ, բայց ամեն վայրկյան Աստծո փեշերը չեմ բռնում ու եկեղեցի էլ չեմ գնում»[14]:
Մշտապես եկեղեցի այցելողների թիվը բավականին մեծ է` 39%, և այս առումով ավելի ակտիվ են արական, քան իգական սեռի ներկայացուցիչները (56%-44% համամասնությամբ): Տարիքային առումով ակնհայտ ակտիվություն է նկատվում միջին տարիքային խմբում. մշտապես եկեղեցի այցելողների կեսից ավելին` 56%, 36-55 տարեկան սիրիահայերն են (տե՛ս աղյուսակ 3):
Պետք է նկատել նաև, որ եկեղեցին այսօր սիրիահայերի համար ոչ միայն հոգևոր պահանջմունքի բավարարման միջոց է, այլ նաև առաջնային օղակներից մեկը, որը փորձում է սատար կանգնել նրանց սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական և փաստաթղթային հարցերում հնարավոր խորհրդատվություն տրամադրելու առումով, ինչպես նաև հայաստանցի հայերի հետ կանոնավոր հաղորդակցություն ապահովելու գործընթացում: Այս մասին են վկայում նաև եկեղեցիների ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների արդյունքները. «Համագործակցելով Հայ ավետարանչական ընկերակցության հետ` փորձում ենք հնարավորինս օգնել մեր բոլոր սիրիահայ ընտանիքներին: Հիմնականում Ավետարանական եկեղեցու հետևորդներ են, բայց դուռը բաց է բոլորի համար»:[15]
Քրիստոնեական կյանքի կարևոր երևույթներից է նաև պահք պահելը,[16] և, ի տարբերություն եկեղեցի այցելության, այնքան էլ լայն տարածում չունի սիրիահայերի շրջանում. նրանց 62%-ն ընդհանրապես պահք չի պահել: Սակայն կան սիրիահայեր (9%), որոնք թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում մշտապես հետևում են պահոց օրերին, և, ինչպես տեսնում ենք աղյուսակ 4-ի տվյալներից, նրանք մեծ մասամբ իգական սեռի (63%) ներկայացուցիչներն են: Տարիքային չափանիշի հետ համադրության արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. պահոց օրերին մշտապես հետևողները մեծ մասամբ (50%) միջին (36-55) տարիքի սիրիահայերն են:
Աղյուսակ 4. Պահք պահելու հաճախականությունը` ըստ սեռի (%)
Հաճախականություն |
Ընդամենը |
Սեռ | ||
Արական | Իգական |
Ընդամենը |
||
Երբեք | 62 | 55 | 45 | 100 |
Երբեմն | 29 | 37 | 63 | 100 |
Մշտապես | 9 | 37 | 63 | 100 |
Ընդամենը | 100 | – | – | – |
Կարևոր հարցերից է նաև սիրիահայերի կրոնական վարքագծի և տոների տարածվածության փոխկապվածությունը, քանզի ավանդական տոները եկեղեցական տոնացույցի հենքը կազմող գլխավոր տոներն են և անմիջականորեն առնչվում են հավատքին: Կրոնաավանդական տոներն արդեն շուրջ մեկ ու կես հազարամյակ գոյատևում են շնորհիվ եկեղեցու և ամրագրված են նրա կողմից մշակված տոնացույցներում: Եկեղեցին առավելապես քրիստոնեական տեսանկյունից է ներկայացնում այդ տոների տիպաբանությունը[17]:
Աղյուսակ 5-ում նշված են սիրիահայերի շրջանում տարածված տոները, որոնք ազգային ավանդույթների պահպանման, հասարակական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձի պահանջմունքների պահպանման գործառույթ են իրականացրել Սիրիայում: Նշված տոներից յուրաքանչյուրը ծեսերի և սովորույթների մի ամբողջություն է` հավատալիքներով, եկեղեցական հատուկ արարողակարգով, իր ուտեստով, խնջույքներով, շնորհավորական փոխայցելություններով, հարգանքի մատուցման ձևերով և հիմնական այլ բաղադրիչներով:
Աղյուսակ 5. Տոները նշելու հաճախականությունը Սիրիայում և ՀՀ-ում[18] (%)
Տոներ | Սիրիայում | ՀՀ-ում |
Նոր տարի | 99 | 97 |
Քրիստոսի ծնունդ | 99 | 94 |
Սուրբ Սարգիս | 90 | 77 |
Տեառնընդառաջ | 89 | 67 |
Ծաղկազարդ | 96 | 80 |
Զատիկ | 99 | 75 |
Համբարձում | 91 | 51 |
Վարդավառ | 91 | 59 |
Ս. Աստվածածնի վերափոխում (Խաղողօրհնեք) | 93 | 56 |
Խաչվերաց | 90 | 53 |
Ինչպես տեսնում ենք աղյուսակ 5-ի տվյալներից, Սիրիայի հայերի շրջանում երեք ամենատարածված տոներն են՝ Նոր տարին, Քրիստոսի ծնունդը, Զատիկը (99%), այնուհետև` Ծաղկազարդն ու Խաղողօրհնեքը, Համբարձումն ու Վարդավառը, Սուրբ Սարգիսն ու Խաչվերացը, վերջին տեղում` Տեառնընդառաջը: Եթե համեմատենք ՀՀ-ում տոնը նշելու տարածվածության հետ, կտեսնենք, որ նկատելիորեն և ոչ համամասնորեն նվազում են թվերը, այսինքն` Հայաստանում ոչ միայն պակասում են տոնը նշող սիրիահայերը, այլ նաև տեղի է ունենում դրա տարածվածության փոփոխություն, օրինակ, եթե Սիրիայում Զատիկն էր երրորդ տարածված տոնը, ապա Հայաստանում այն իր տեղը զիջում է Ծաղկազարդին և այլն: Նշված փոփոխությունները սիրիահայերը բացատրել են հետևյալ պատճառներով, որոնք իրենց հիմքում ունեն ոչ միայն մշակութային, այլ նաև սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական տարրեր.
- Հայաստանում տոնը նշելու տարբերություններ` ի համեմատ սիրիահայ համայնքում ընդունված ձևի: Եվ սա բոլորովին պատահական չէ, քանզի հայոց արդի տոնական համակարգի ձևավորման գործընթացում նշանակալից դեր են ունեցել Հայաստանի երեք հանրապետությունները, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես քաղաքական կառուցվածքով, էթնիկ կապերի ուղղվածությամբ, կրոնի կամ հավատքի հանդեպ վերաբերմունքով, սոցիալ-տնտեսական գործընթացների ու մշակութային կապերի ինտենսիվությամբ, այնպես էլ ավանդական մշակութային տարրերի ադապտացիայի ներուժով[19]:
- Տոնը նշելու տրամադրության բացակայություն` պայմանավորված Սիրիայում տիրող իրավիճակով, անհանգիստ և սպասողական հոգեվիճակով, հարազատների և ընկերների` Հայաստանում չգտնվելու փաստով:
- Ֆինանսական միջոցների սղություն, քանզի տոնը նշելը ենթադրում է ոչ միայն եկեղեցական արարողակարգին մասնակցություն, այլ նաև բարեկամական և ընկերական միջավայրով խնջույքների կազմակերպում, փոխադարձ այցելություններ և այլն:
- Ժամանակի սղություն, տոնական օրերի համար չկանոնակարգված աշխատանքային գրաֆիկ և այլն:
Այսպիսով՝ սիրիահայերի շրջանում անցկացված էթնոսոցիոլոգիական հետազոտությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտիվ պատկերացում կազմելու սիրիահայերի կրոնական վարքագծի վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են Հայաստանում հայի երկու տարբեր զանգվածների` արևմտահայերի և արևելահայերի միջև կրոնական արժեհամակարգի ակնհայտ տարբերությունների մասին: Սակայն սկզբնական շրջանում սիրիահայերի մոտ առկա շոկային իրավիճակն ու էմոցիոնալ անհանդուրժողականությունը հաղթահարված են: Այս հարցում նրանց համար առաջնային են հայաստանցիների նկատմամբ համերաշխության գաղափարն ու դրա դրսևորումը առօրյայում:
Չնայած Հայաստան տեղափոխված սիրիահայերի վարքագծում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել` և՛ եկեղեցի այցելելու հաճախականության, և՛ հավատքի հենքը կազմող կրոնաավանդական տոները նշելու տեսանկյունից, այնուամենայնիվ նրանց համար հավատքի հարցը ներքին հոգևոր հարց է, և ազգային-կրոնական արժեհամակարգի բախումը ազդեցություն չի ունենում հայաստանցիների հետ նրանց անմիջական փոխազդեցությունների, առավել ևս, Հայաստանում հաստատվելու որոշման կայացման վրա:
[1] Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների` 2014 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում բնակվում են շուրջ 11.000 սիրիահայեր, մոտ 2.800 ընտանիք:
[2] Էթնոսոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է սոցիոլոգիայում կիրառվող քանակական և որակական մեթոդաբանությամբ՝ 184 ձևայնացված և 36 խորին հարցազրույցներ սիրիահայ ընտանիքների շրջանում՝ Երևանում և մարզերում 2014 թ. ընթացքում, և փորձագիտական հարցազրույցներ, որոնք անցկացվել են սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների, բարեգործական հիմնադրամների, կրոնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության ներկայացուցիչների, ՀՀ սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հետ: Քանակական մեթոդի դեպքում սեռատարիքային կազմի ներկայացուցչությունն ապահովելու համար ընտանիքից պատահականորեն ընտրվել է մեկ հոգի՝ ըստ ծննդյան օրվա սկզբունքի: Խորին հարցազրույցների դեպքում ընտրության չափանիշներ են հանդիսացել սեռը, տարիքը և զբաղվածությունը:
[3] Տե՛ս Աբրահամյան Ա. Գ., «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության», հատոր Ա, Երևան, 1964, էջ 428:
[4] Տե՛ս Гриншилдс Х. Т., Поселение армянских беженцев в Сирии и Ливане в 1915-1939гг., Ереван, 1982, էջ 10:
[5] Տե՛ս Փաշայան Ա., Հարությունյան Լ., «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ», Երևան, 2011թ., էջ 12-13:
[6] Տե՛ս Մկրտչյան Ս., Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետև՝ ԴԱՆ), Լոռվա մարզի քաղաքային բնակավայրեր` Վանաձոր, Տաշիր՝ 2012 թ., Հրազդան՝ 2013թ., Սիսիան՝ 2015 թ.:
[7] Բացասական ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն ուրիշների կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։
[8] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունամյա սիրիահայ տղամարդու հետ:
[9] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունհինգամյա սիրիահայ կնոջ հետ:
[10] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունվեցամյա սիրիահայ տղամարդու հետ:
[11] Խորին հարցազրույցների ժամանակ սիրիահայ մի երիտասարդ պատմում էր. «Անցած կիրակի պատարագ էի գնացել, տեսա, որ չորս կողմը պարսիկներ էին հավաքված: Պետք է մեկը զբաղվի այս հարցով, այսինքն` պատարագի շրջանում օտար անձը, եթե մտնի էլ եկեղեցի, պետք է երկու րոպեից դուրս գա: Իրենք սաղ եկեղեցու մեջ ման էին գալիս: Մենք լինեինք, հարյուր տոկոսով իրեն դուրս կհանեինք»:
[12] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014 թ., Հարցազրույց քսաներկուամյա սիրիահայ կնոջ հետ:
[13] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Աբովյան, 2014 թ., Հարցազրույց երեսունիննամյա սիրիահայ տղամարդու հետ:
[14] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց հիսունվեցամյա սիրիահայ կնոջ հետ:
[15] Տե՛ս Հակոբյան Գ., ԴԱՆ, ք. Երևան, 2014, Հարցազրույց Հայ ավետարանական եկեղեցու հովվի հետ:
[16] Պահքը (պասը) ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելքն է, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարումը: Պահքի արտահայտած կարևոր իմաստը ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ և աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Քրիստոնեության մեջ պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Այն քրիստոնեական եկեղեցական կյանքի կարևոր երևույթներից է։
[17] Տե՛ս Մկրտչյան Ս. Ս., Տոներ: Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն), Եր.: «Գասպրինտ» հրատ., 2010, էջ 8:
[18] Հաշվարկում ընդգրկված են միայն այն միավորները, որոնք տոնի ժամանակահատվածում եղել են ՀՀ-ում:
[19] Տե՛ս Մկրտչյան Ս. Ս., նշվ. աշխ., էջ 126: