Տպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 55-61,
Արևիկ Համբարձումյան
Տե՛ս հղումով:
Ռազմական սոցիոլոգիան կարևոր ուղղություն է միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների շարքում, քանզի ստեղծում և համակարգում է սոցիոլոգիական գիտելիք հասարակական կյանքի այնպիսի ոլորտների և ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են զինված ուժերը՝ որպես սոցիալական ինստիտուտ, պատերազմների պատճառներն ու հետևանքները և այլն: Սակայն ոլորտի հետազոտողները պարբերաբար նշում են ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում այն ներառման դժվարությունների մասին: Սույն հոդվածը նպատակ ունի վեր հանել ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման, տեսականացման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի ոլորտին դասելու գործընթացների առանձնահատկությունները և դժվարությունները՝ հիմնվելով ոլորտի արդի տեսաբանների բարձրացրած հարցերի վրա:
Բանալի բառեր: Ռազմական սոցիոլոգիա, գիտելիքի ստեղծումը ռազմական սոցիոլոգիայում, կոնֆլիկտ, գիտելիքի տեսականացում, ռազմասոցիոլոգիական գիտելիք, գիտելիքի ներառվածություն
Զինված ուժերի, բանակ-հասարակություն կապի, պատերազմների վերաբերյալ սոցիոլոգիական գիտելիքը հիմնականում ամփոփվում է ռազմական սոցիոլոգիա գիտակարգում: Պատերազմները մարդկությանն ուղեկցում են ողջ պատմության ընթացքում և անչափազանցելի հետևանքների են հանգեցնում հասարակությունների փոխակերպումների առումով, իսկ բանակի սոցիալական ինստիտուտը պետության և հասարակության համակարգաստեղծ տարրերից է: Չնայած դրան՝ ռազմական սոցիոլոգիայի արդի հետազոտողներից ոմանք բարձրացնում են այն հարցը, թե զինված ուժերի և պատերազմների վերաբերյալ սոցիոլոգիական գիտելիքը պատշաճ կերպով ներառված չէ հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում և սոցիոլոգիական վերլուծության համատեքստում հետին տեղ է զբաղեցնում:
Այս տեսակետի համաձայն՝ ռազմական սոցիոլոգիան որպես միջին մակարդակի սոցիոլոգիական տեսություն, սոցիոլոգիայի «աքիլլեսյան գարշապարն է» և ամենահետին ուղղություններից մեկը՝ հատկապես Եվրոպայում: Մատնանշվում են մի շարք պատճառներ, որոնցից մեկn այն է, որ սոցիոլոգիան իր ստեղծման նախնական փուլում կարիք ուներ ամրապնդելու իր դիրքը որպես առանձին գիտություն: Հետևաբար, սոցիոլոգիայի առաջին աշխատությունները ֆունկցիոնալիստական էին և նպատակ ունեին բացատրելու հասարակական կարգի և համերաշխության հնարավորությունը, իսկ կոնֆլիկտն ու պատերազմը դիտում էին որպես անոմիա և բացառում դրա տեսականացումը սոցիոլոգիական մտքում: Սա, ըստ որոշ հեղինակների՝ այդ ժամանակի էլիտաների աչքերում սոցիոլոգիան կներկայացներ որպես հասարակական համերաշխությանը նպաստող գործիք, ինչը թույլ կտար սոցիոլոգիան լեգիտիմացնել որպես առանձին գիտություն գոյություն ունենալու իր իրավունքը[1]:
Հակադիր տեսակետի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ հատկապես արդի բարձրագույն կրթությունը ռազմականացված է[2] (2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո), և հասարակագիտական միտքը ծառայում է ռազմական հռետորաբանության և մթնոլորտի վերարտադրմանը[3]: Այս ուղղությունը հանդես է գալիս հասարակագիտական մտքի ապառազմականացման դիրքերից, օրինակ՝ մատնանշելով Գերմանիայի նացիստական գաղափարախոսության ստեղծման ակունքներում ժամանակի մտավորական սոցիոլոգների դերը:
Արդի ռազմական սոցիոլոգիայի հետազոտող Ս. Մալեշևիչի պնդմամբ՝ հենց 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների՝ մարդկության վրա թողած հետևանքների պատճառով, սոցիոլոգիան զտվեց ռազմական հետազոտությունների ժառանգությունից և 1960-1970-ականներից սկսեց զարգանալ այլ հունով[4]: Վերջինս վերիմաստավորում է մինչ այդ ստեղծված սոցիոլոգիական միտքը՝ ի հակադրություն 20-րդ դարի առաջին կեսի սուր հիմնախնդիրների՝ արդիականացնում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ուրբանիզացիան, սոցիալական շերտավորումը, անհավասարությունը, բարեկեցությունը, գենդերը և այլն:
Այս հակադրությունը թերևս ռազմական սոցիոլոգիայի պարբերաբար մարգինալացվելու, ապալեգիտիմացվելու առանցքային պատճառներից մեկն է: Հասարակության ռազմական ինստիտուտին առնչվող հարցերը, պատերազմները չափազանց զգայուն թեմաներ են, և հենց այդ պատճառով ռազմական սոցիոլոգիան հայտնվում է նման դիսկուրսի կիզակետում, սակայն նույնպիսի հարցեր հասցեագրվում են նաև սոցիոլոգիայի միջին մակարդակի տեսությունների, ինչպիսիք են քաղաքական սոցիոլոգիան, առողջապահության սոցիոլոգիան, գենդերային ուսումնասիրությունները և այլն: Ավելին, նշված հարցերը էթիկական բանավեճերի առարկա են հասարակագիտության բոլոր ուղղությունների, ինչպես նաև՝ բնագիտության համար: Ուստի ռազմական սոցիոլոգիային հաճախ հասցեագրվող այս հարցերը սերտորեն կապված են գիտության կիրառական նպատակների, չեզոքության, գիտության էթիկայի և գիտնականի պատասխանատվության հետ և առնչվում են բոլոր գիտակարգերին՝ առանց բացառությունների:
Սակայն ռազմական սոցիոլոգիան դարձնելով այդպիսի դիսկուրսի թիրախ՝ ստեղծվում է իրավիճակ, երբ ռազմասոցիոլոգիական գիտելիքը ընկալվում է որպես սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը, իսկ մյուս կողմից ռազմական թեման ընդհանրապես բացառելով սոցիոլոգիական վերլուծության տիրույթներից՝ սոցիոլոգիան, որպես սոցիալական իրականությունը բացատրող գիտակարգ, դառնում է խոցելի, քանի որ սոցիալական իրականության այդ ասպեկտների վերաբերյալ չի ստեղծում համակարգված և ներառված գիտելիք:
Սոցիոլոգիայի՝ որպես առանձին գիտության ձևավորումը համընկավ լուսավորականության ժամանակաշրջանի հետ, ինչն ազդեց նաև հասարակության վերաբերյալ ստեղծվող գիտելիքի շեշտադրումների վրա: Մասնավորապես, սոցիալական մտքի գրեթե բոլոր խոշոր տեսաբանները համաձայն էին, որ մոդեռնի ժամանակաշրջանին բնորոշ էին ունիվերսալ ռացիոնալությունը, տնտեսական աճը, գիտական առաջընթացը և խաղաղությունը[5]:
Սակայն, ռազմական սոցիոլոգիայի արդի տեսաբան Ս. Մալեշևիչը[6] նշում է, որ թեև ռազմական սոցիոլոգիան իսկապես համեմատաբար քիչ ուսումնասիրվող ուղղություններից է, այնուամենայնիվ սոցիոլոգիայի «հիմնադիր հայրերը» բավականին ուշադրություն են հատկացրել հասարակության ռազմական բաղադրիչին: Այլ հարց է, որ արդեն 20-րդ դարի 60-70ականներից սկսած սոցիոլոգիայի դասագրքերում նրանց գաղափարները վերամեկնաբանվել են, ավելի խաղաղասիրական, կառուցողական և ֆունկցիոնալիստական շեշտադրումների ներքո: Ավելին, հենց այդ ժամանակահատվածում (սոցիոլոգիայի սկզբնավորման փուլում) այդ գիտության մեջ ձևավորվել են կոնֆլիկտների և կոլեկտիվ բռնության ձևերի վերլուծության և տեսականացման հարուստ ավանդույթներ: Ըստ նրա՝ արդի սոցիոլոգիայում ռազմական ոլորտին վերաբերող հետազոտությունները, աշխատություններն ու տեսությունները իսկապես քիչ են, սակայն սոցիոլոգիայի սկզբնական փուլում ստեղծված գիտելիքը մեծ ժառանգություն է թողել ռազմի, պատերազմների, կոլեկտիվ բռնության այլ դրսևորումների հասկացման և մեկնաբանման վերաբերյալ:
Մալեշևիչը նաև նշում է, որ սոցիոլոգիայի «սուրբ երրորդությունը»՝ Մարքսը, Դյուրքհեյմը և Վեբերը, որոնք հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո ամրապնդվեցին որպես սոցիալական կանոնի միակ կամ գլխավոր ներկայացուցիչներ, իրականում միակը չէին: Ժամանակի սոցիալական միտքը շատ ավելի լայն էր, և ներառում էր կոնֆլիկտների, բանակների, զինվորականության և պատերազմի վերաբերյալ գաղափարներ: Որպես այդպիսի տեսաբաններ նշվում են Վիլֆրեդո Պարետտոն և Գաետանո Մոսկան՝ իրենց էլիտաների իտալական հայեցակարգով, Հերբերտ Սպենսերը և Վիլիամ Սամները իրենց անգլոամերիկյան էվոլյուցիոն տեսությամբ, Լյուդվիգ Գումպլովիչը, Լեսթեր Ուորդը և Գյուսթավ Ռաթցենհոֆերը՝ ավստրոամերիկյան խմբային կոնֆլիկտների տեսությամբ և այլն:
Նաև հարկ է նկատել, որ մոդեռնի կամ արդյունաբերական հասարակությունների ժամանակաշրջանը, չնայած տնտեսական ռացիոնալության, լուսավորչականության և այլ բնույթի մեկնաբանությունների, գերռազմականացած հասարակություններին, ժամանակաշրջան էր, և պատերազմների ու հասարակության ռազմական բաղադրիչի վերաբերյալ գաղափարները իրենց տեղն էին գտնում սոցիալական մտքի տեսական հայեցակարգերում[7]:
Անդրադառնալով սոցիոլոգիայի «հիմնադիր հայրերի» ներդրմանը ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման գործում[8]՝ կարելի է առանձնացնել Մ. Վեբերի՝ բյուրոկրատիայի հայեցակարգի քննարկումը: Նա բյուրոկրատիայի հայեցակարգը դուրս է բերել գերմանական բանակի դիտարկումներից, որն ինքնին բյուրոկրատիայի իդեալական տիպ է:
Է. Դյուրքհեյմը, լինելով ֆունկցիոնալիստական ուղղության ներկայացուցիչ, բռնությունը, հետևաբար նաև պատերազմը դիտում էր որպես անոմալ, իռացիոնալ երևույթ: Ու թեև նա առավելապես գրել է հասարակական կարգի և համերաշխության հնարավորությունների մասին և երբեք չի տեսականացրել բռնության երևույթը, բայցևայնպես իր ավանդն ունի պատերազմների հետևանքների հասկացման գործում: Նրա առաջ քաշած անոմիայի և սոցիալական ապաինտեգրման գաղափարը թույլ է տալիս հասկանալ պատերազմի հետևանքները հասարակության վրա՝ դիտարկելով պատերազմը և հետպատերազմական իրադրությունը որպես անոմիկ իրավիճակ:
Մեկ այլ հետազոտող՝ Լ. Հեյնեկենը[9], նշում է, որ թեև 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները զարկ տվեցին ռազմական սոցիոլոգիայի զարգացմանը, այնուամենայնիվ իրականացվող հետազոտությունները ուղղված են բանակի կոնկրետ խնդիրների հետազոտմանը և միջգիտակարգային բնույթի են: Բոլոր այդ հետազոտությունները սոցիոլոգիան կիրառում են որպես ռազմական ինստիտուտի խնդիրները հասկանալու ոսպնյակներ, բայց չեն կարողանում կառուցել տեսություն: Ռազմական սոցիոլոգիայի քննադատություններից մեկն էլ այն է, որ այն երբեք չի ունեցել հստակ, տեսական, խնդրահեն կենտրոն: Այնուամենայնիվ, այս խնդիրները հաղթահարելու փորձ արվել է մի քանի տեսաբանների կողմից, ինչպիսիք են Չ. Մոսկոսը, Ջ. Վիլյամսը, Դ. Սեգալը, Ջ. Բարկը և այլք: Հեյնեկենը նաև նշում է, որ ավելի քիչ ուշադրություն է դարձվում պատերազմի և զինված ուժերի՝ հասարակության վրա ունեցած ազդեցության և հետևանքների ուսումնասիրությանը, մինչդեռ պատերազմները դարեր շարունակ առաջ են մղել հասարակական փոփոխությունները:
Ամփոփելով ռազմական սոցիոլոգիայի հիմնախնդիրների շուրջ ծավալվող դիսկուրսը՝ հարկ է խոսել ռազմական սոցիոլոգիայի օբյեկտի և առարկայի, ուսումնասիրության տիրույթի մասին: Ռազմական սոցիոլոգիայի ուսումնասիրության տիրույթում են բանակը՝ որպես սոցիալական ինստիտուտ և փոքր սոցիալական խումբ, պատերազմը՝ որպես մարդկային գործունեության յուրահատուկ ձև՝ սոցիալական ուրույն հարաբերություններով հանդերձ, պատերազմի և բանակի հետ առնչվող սոցիալական այլ հանրույթների վարքը, ռազմական կյանքի օրինաչափությունները, ինչպես նաև ռազմական ոլորտի զարգացումը՝ որպես սոցիալական գործընթաց, որը շարժման մեջ է դրվում դրանում գործող սուբյեկտների ակտիվությամբ և շահերով[10]:
Այս սահմանումը բավական ընդգրկուն է և ամփոփում է ռազմական սոցիոլոգիայի օբյեկտի և առարկայի, ուսումնասիրության տիրույթի հիմնական ուղղությունները:
Ռազմական սոցիոլոգիայի կամ, այլ կերպ ասած, սոցիոլոգիայում սոցիալական կյանքի ռազմական բաղադրիչի ուսումնասիրությունը քննադատության առարկա դարձավ ոչ այնքան այն պատճառով, որ ռազմական սոցիոլոգիան ինքնին ինչ-որ սպառնալիք է հասարակության խաղաղ կենցաղավարմանը, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած խաղաղասիրական օրակարգի համար, որն իր տեղը գտավ ոչ միայն միջազգային հարաբերությունների քաղաքական օրակարգերում, այլ նաև հասարակագիտությունում: Երկու համաշխարհային պատերազմների հետևանքները այնքան ծանր էին մարդկության համար, որ միջազգային հանրության կողմից նպատակ դրվեց ամեն գնով կանխել պատերազմները (հենց այդ պատճառով ստեղծվեց ՄԱԿ-ը): Ռազմական կոնֆլիկտների կանխարգելման և դադարեցման տարբերակներից մեկը պատերազմող կողմերի ապառազմականացման օրակարգն էր: Պետությունների ռազմական պոտենցիալի զարգացումը դիտվում էր ռազմական կոնֆլիկտների շարունակման պատճառ և առիթ: Սա անդրադարձավ նաև հասարակագիտության վրա, այդ թվում՝ սոցիոլոգիայի: Ռազմական ոլորտի ուսումնասիրությունները սկսեցին որակվել որպես ռազմականացման դրսևորում հասարակագիտության ոլորտում (քննադատության էր ենթարկվում ոչ միայն ռազմական սոցիոլոգիան, այլ նաև քաղաքագիտությունը, պատմությունը, հոգեբանությունը, սոցիալական մարդաբանությունը և այլն): Քանի որ ռազմական սոցիոլոգիայի սահմանումներում նշվում է նաև, որ այն ուղղված է ռազմական ոլորտի զարգացմանը, սա առիթ է տալիս այն դիտարկելու որպես ռազմականացմանը աջակցող ուղղություն: Սակայն պատերազմելու որոշումը քաղաքական է, և, չնայած միջազգային հանրության ջանքերին, աշխարհը դեռևս համապատասխանում է միջազգային հարաբերությունների ռեալիստական մոդելին, որտեղ պատերազմները ոչ միայն չեն դադարում, այլև պարբերաբար սկիզբ են առնում նոր զինված հակամարտություններ: Այս առումով, ռազմական սոցիոլոգիան պատերազմական և հետպատերազմական հասարակություններում, մշտական ռազմական սպառնալիքի ներքո ապրող պետություններում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, կարևորագույն գործառույթներ է կատարում՝ ուսումնասիրելով պատերազմների հետևանքները հասարակության տարբեր խմբերի վրա, պատերազմի պատճառով հասարակության փոփոխությունները, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածության հարցերը, զինծառայողների կարիքները և այլ հրատապ հարցեր:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
Այսպիսով, կարող ենք եզրակացնել.
- Ռազմական ոլորտի վերաբերյալ գիտելիքը ստեղծվել է դեռևս սոցիոլոգիայի սկզբնավորման փուլում: Թե՛ սոցիոլոգիայի հիմնադիրների, թե՛ այլ հեղինակների աշխատանքներում կան արժեքավոր գաղափարներ, որոնք այժմ էլ կարող են կիրառվել ռազմական ոլորտն ու պատերազմները բացատրելու և մեկնաբանելու համար:
- Սոցիոլոգիան որպես գիտություն լեգիտիմացվելու ջանքերը պատճառ են դառնում, որ այն կա՛մ ծառայի ռազմական գիտությանը, կա՛մ բացառի դա՝ կախված ժամանակաշրջանի պահանջներից և իրավիճակից: Օր.՝ մի կողմից կա պնդում, որ ֆրանսիական ավանդույթում ռազմական սոցիոլոգիան մարգինալ է, քանի որ սոցիոլոգիան իշխող քաղաքական էլիտաներին պետք է ներկայանար որպես հասարակական կայունությունը ապահովող գիտություն, իսկ նացիստական Գերմանիայի և Իտալիայի դեպքում ժամանակի սոցիալական մտքի ինտելեկտուալները եղել են նացիստական գաղափարախոսության ստեղծողները:
- Այս առումով գործ ունենք գիտության օբյեկտիվության և բուն գիտական գիտելիքի ստեղծման դժվարությունների հետ, այնպիսի գիտելիքի, որը զերծ կլինի քաղաքական ազդեցությունից, ինչն էլ ռազմասոցիոլոգիականի նման զգայուն թեմայի համար ստեղծում է հետագա զարգացման դժվարություններ և որոշակի մարգինալացում ու ապալեգիտիմացում ակադեմիական աչքերում:
- Արդյունքում, սոցիոլոգիան որպես գիտություն ևս խոցելի է դառնում, քանի որ ռազմական ոլորտի, պատերազմների հետևանքների և այլ կարևոր հարցերի շուրջ գիտելքը չի դասվում հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի շրջանակներում:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ռազմական սոցիոլոգիա: Ուսումնական նյութերի ժողովածու/պրոֆ Լյուդմիլա Հարությունյանի խմբագրությամբ: Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005թ., Էջ 14
- Bardiès L. French sociology and the military issue An antipolitical tradition In Revue française de science politique Volume 67, Issue 5, pages 879 to 898 Translated by Cadenza Academic Translations, 2017
- Biehl H., Giegerich B., Jonas A. Strategic Cultures in Europe Security and Defence Policies Across the Continent, pages 7-17, Springer Fachmedien Wiesbaden, 2013
- Giroux, H. A. The Militarization of US Higher Education after 9/11. Theory, Culture & Society, 25(5), 56–82 , 2008
- Heinecken, L. The military, war and society: the need for critical sociological engagement. Scientia Militaria – South African Journal of Military Studies, 43(1), 2015
- Malesevic S. How Pacifist Were the Founding Fathers?: War and Violence in Classical Sociology. European Journal of Social Theory, 13(2), 193–212, 2010
- Shaw M. Post Military Society: Militarism, Demilitarization, and War at the end of Twentieth Century, Temple University Press, U.S 1991
- Tiryakian, E. A. War: The Covered Side of Modernity. International Sociology, 14(4), 473–489, 1999
AREVIK HAMBARDZUMYAN–Features and obstacles of creation and integration of knowledge in the field of military sociology. –Military sociology is an important direction among middle-level theories in sociology, as it creates and integrates knowledge about such important areas of social reality as military forces and war, the relationship between society and the army, the causes and effects of war, and so on.
But researchers in this area outline difficulties in the creation and integration of military sociological knowledge into the system of fundamental knowledge of sociology. The purpose of this article is to elucidate a discourse about the issue and the cause of the problem.
Keywords: Military sociology, fundamental knowledge of sociology, Theorization of Knowledge, Conflict
АРЕВИК АМБАРЦУМЯН-Особенности и препятствия создания и интеграции знаний в области военной социологии. –Военная социология важное направление среди теорий среднего уровня в социологии, так как создает и интегрирует знание про таких важних областях социальной реальности как вооруженние силы и войни, связь между обществом и армией, причины и следствия войны и так далее.
Но иследователи этой области намечают сложности в сфере создования и интегрирования военносоциологического знания в систему фундаментального знания социологии. Цель этой статьи виявить дискурс о вопросе и причины проблемы.
Ключевые слова: Военная социология, фундаментальные социологические знания, теоретизация знания, конфликт.
[1] Bardiès L. French sociology and the military issue An antipolitical tradition In Revue française de science politique Volume 67, Issue 5, Translated by Cadenza Academic Translations, pages 879-898 , 2017
[2] Giroux, H. A. The Militarization of US Higher Education after 9/11. Theory, Culture & Society, 25(5), pages 56–82 , 2008
[3] Biehl H., Giegerich B., Jonas A. Strategic Cultures in Europe Security and Defence Policies Across the Continent, pages 7-17, Springer Fachmedien Wiesbaden, 2013
[4] Malesevic S. How Pacifist Were the Founding Fathers?: War and Violence in Classical Sociology, European Journal of Social Theory, 13(2), pages 193–212, 2010
[5] Tiryakian, E. A. War: The Covered Side of Modernity. International Sociology, 14(4), pages 473–489, 1999
[6] Malesevic, S. How Pacifist Were the Founding Fathers?: War and Violence in Classical Sociology. European Journal of Social Theory, 13(2), pages193–212, 2010
[7] Shaw M. Post Military Society: Militarism, Demilitarization, and War at the end of Twentieth Century, Temple University Press, U.S 1991
[8] Heinecken, L. The military, war and society: the need for critical sociological engagement. Scientia Militaria – South African Journal of Military Studies, 43(1), 2015, P. 4
[9] Heinecken L. The military, war and society: the need for critical SOCIOLOGICAL ENGAGEMENT. Scientia Militaria – South African Journal of Military Studies, 43(1), 2015, P. 11
[10] Ռազմական սոցիոլոգիա: Ուսումնական նյութերի ժողովածու/պրոֆ Լյուդմիլա Հարությունյանի խմբագրությամբ: Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005թ., Էջ 14