Պիեռ Բուրդիե. Տղամարդը որոշում է, կինը` դիմազերծվում

75435872_509880442928921_5834418990910275584_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, “Télérama” շաբաթաթերթ, no. 2532- հուլիսի 22, 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Պիեռ Բուրդիե` պետք է լինել կողմ կամ դեմ. ցանկալի է` դեմ: Ահա այն միակ այլընտրանքը, որը թվում է, թե կրակոցի պես բաց է թողնում սոցիոլոգը ֆրանսիացի մտավորականների մոտ ու մամուլում[1]: Ակներև է՝  իր փոքր գրքերի “Liber/ Raison dagir” (100.000- 200.000 օրինակ) հավաքածուի հաջողությունը բազմակի նյարդայնացումների առիթ է դառնում: Հարկ է նշել` յուրաքանչյուր նոր գործ հանդես է գալիս բոլոր ուժերին (մեդիա, մտավորականներ, նեոլիբերալ գաղափարակիրներ) ուղղված հրաշալի քայքայիչ հետևողականությամբ: Կեղծ բանավեճեր հրահրելու փոխարեն՝ նախընտրեցինք զրուցելու առիթը բաց չթողնել ու նախաձեռնել բաց բանավեճ: 

Վերադառնանք գրքերին: Ամռան վերջին, “Seuil” խմբագրության կողմից լույս է տեսնում Պիեռ Բուրդիեի վերջին աշխատանքը: Սյուժեն` տղամարդկային գերակայությունը: Երկար ժամանակ գոյություն ունեցող տեքստ՝ սեղմ ինչպես ապացույցները, հարուստ ինչպես միտքը, որը շատ արագ է զարգանում ամբողջությամբ գրված լինելու համար: «Տղամարդկային գերակայություն»-ը թվում է ամփոփում ու խտացնում է Բուրդիեի սոցիոլոգիայի գլխավոր թեմաները: «Պետական արքունիք» և «Տարբերակում» գրքերի հեղինակը անդադար բացահայտում է մեր որոշիչները, այն ամենը, ինչն անտարակուսելի է և ինչի հետ միասին մտածում ենք, գործում, ընտրում, և անգամ` սիրում: Կարող ենք ինքներս մեզ շնորհավորել հիսուն տարուց ի վեր առկա կանանց վիճակի անհերքելի առաջընթացի կապակցությամբ. քաղաքականության մեջ մարտնչելով հավասարության և տանը՝ կենցաղային պարտականությունների բաժանման համար, այնուամենայնիվ, բանից անտեղյակ, մնում ենք տղամարդկային աշխարհայացքով ձևավորված, որը սեռերի տարբերության հիմքն է: Ուստի տղամարդկային այս գերակայությունը, որին պատմությունը ձգտեց տալ բնական, կենսաբանական բնույթ` մշակութային կամայականություն ու սոցիոլոգիական կառույց է, որի վերարտադրման գործընթացին կցված է ոչ միայն ընտանիքը, այլև պետությունն ու դպրոցը: 

Մենք խնդրեցինք Պիեռ Բուրդիեից հաստատել ու նկարագրել իր տեսությունը «պրակտիկ աշխատանքներով»: Ընտրել ենք հինգ թեմա`օբյեկտ (կիսաշրջազգեստ), կերպարներ (գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնող կինը և բուժքույրը, միասեռական զույգը), և վերջապես զգացմունք (սերը): Ընթացքում կխոսենք սոցիալական պայմանագրի ու Ալժիրի, սոցիալական շարժման և ֆեմինիզմի, կին նախարարների և դպրոցի, գրականության ու ամուսնության մասին: Այս շաբաթ մեր զրույցի թեման կաբիլցի գյուղացին է, ով Մատուբ Լունեի[2] սպանության շնորհիվ, առաջին պլան կմղվեր: Մեզնից այդքան հեռու (ըստ մեզ) և այդքան մոտ (ըստ Բուրդիեի) այդ կաբիլցին ներկայացնում է միջերկրածովյան մի ողջ աշխարհը, որի ժառանգորդն ենք: Զրույց:

Télérama. Ինչո՞վ է պայմանավորված կաբիլների հասարակության միջոցով մեր հասարակություններում առկա տղամարդկային գերակայության վերլուծությունը: Եվ ի՞նչ է կաբիլցի գյուղացին ասում մեզ՝ մեր իսկ մասին:

Պիեռ Բուրդիե. Սեռերի միջև այս փոխհարաբերության խնդիրն այնքան խորքային է, որ չենք կարող այն վերլուծել միայն մեր մասին ունեցած մտորումների հիման վրա: Բացառությամբ արտակարգ  կարողությունների, կինը կամ տղամարդը մեծ դժվարության է բախվում կանացիության կամ առնականության վերաբերյալ գիտելիքին հասանելություն ունենալու համար, որովհետև այն անբաժանելի է հենց իրենցից:

Ահա թե ինչու ես էական համարեցի կաբիլ հասարակության միջոցով անդրադառնալ այս հարցին, որը (կաբիլ հասարակությունը (թարգմ.)) ակներևաբար շատ հեռու է, բայց իրականում՝ շատ մոտ: Ես այն շատ վաղուց էի ուսումնասիրում՝ դրսից, շատ մեծ համակրանքով[3]: Դրանում  կարողացա վերականգնել մտածողության ձևը՝ մի ձև, որը դեռևս առկա է մեզանում: Օրինակ պտղաբերության արարողության համար մենք պատրաստում ենք մթերքներ, որոնք փքվում են: Դրանք հանդիպում են նաև Կաբիլիում` հարսանիքներին, թլպատման կամ հերկելու սեզոնը բացելու առթիվ: Եվ իմ մանկության տարիներին, Բարեկենդանին (Mardi gras)[4], բլիթներ էինք պատրաստում, այսինքն այնպիսի բաներ, որոնք ուռչում են` ինչպես կնոջ որովայնը կամ հացահատիկը հողում, բայց նաև ինչպես ֆալոսը` առնականության պարարտացնող ուժը: Միջերկրածովյան այս քաղաքակրթությունը շատ աշխույժ է բոլոր տղամարդկանց… ու բոլոր կանանց մոտ: Քանի որ գերակայող կառուցվածքների գաղափարները պարտադրվում են նաև գերակայվածներին:

Télérama. Եվ սա կաբիլների մասին մտածելով է, որ օրինակ հիշեցիք այն ձևը, որով սպանել են խոզին ձեր հարազատ Բեարնում: Կարո՞ղ եք մեզ պատմել դրա մասին:

Պիեռ Բուրդիե. Խոզի սպանման ծիսակատարությունում, քանզի դա միակը չէր, տղամարդիկ ունեին կարճ, տեսարանային, ցուցադրական դեր` նրանք հետևում էինք խոզին, դանակով կտրվածք անում, խոզը ճչում էր, գոռում, արյունը հոսում… Իսկ հետո, տղամարդիկ  հանգստանում էին, երկու օր շարունակ թղթախաղով զբաղվում, մինչդեռ կանայք մշակում են միսը, պատրաստում երշիկ, նրբերշիկ, ապուխտ: Ինչպես Կաբիլիում ձիթապտղի հավաքման համար տղամարդը գալիս է մեծ փայտով, առնականության խորհրդանիշ, խփում է ճյուղերին, գործում հստակ, տղամարդկորեն. դա տևում է տասը րոպե, իսկ հետո արևի տակ, օրեր  շարունակ կանայք և երեխաները հավաքում են ձիթապտուղը: Բարձրի ու ցածրի, տեսարժանի ու ջանասերի այս հակադրությունից ի հայտ է գալիս կանխադրույթների մի ամբողջություն: Կասեն, որ կանայք սիրում են մանր առաջադրանքներ, սիրում են կռանալ, թեքվել, իրենք էլ են քիչ մանրախնդիր: Իրենց այնպես են պահում, կարծեք դատապարտված են դա անել, և ավելին՝ վերջապես նրանք սիրում են դա անել, որովհետև այլ բան չգիտեն:

Télérama. Ինչպիսի՞ ամենաարդիական արարքների հետ եք կապում խոզ սպանող տղամարդու արարքը:

Պիեռ Բուրդիե. Ես այն տեսնում եմ սեռերի միջև առկա բոլոր տեսակ հակադրություններում՝ ղեկավարը, ով որոշում է և քարտուղարը, ով նրան հետևում է, չշարունակվող/շարունակվող, տեսարժան, բռնկիչ, փայլուն/առօրեական, միատոն, անորոշ… ինչպես ասում է Վերլենը. «Համեստ և թեթև աշխատանքներ»: Կաբիլներն ասում են. «Կանայք ճանճերի պես պայքարում են շիճուկի մեջ, ոչ ոք նրան չի տեսնում»: Մեր հասարակություններում, անգամ տանը, տղամարդիկ կոչված են մեծ որոշումներ կայացնել, բայց իրենց որոշումները պատրաստվել է կանանց կողմից: Կարողացանք նկատել, որ տուն գնելու հնարավորություն առաջանալու դեպքում, բոլոր միջավայրերում, տղամարդիկ չեն իջնում հարցեր տալու մակարդակին, նրանք թույլ են տալիս, որպեսզի կանայք հարցեր ուղղեն, հարցնեն գինը, ու եթե ամեն բան տեղին է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Եթե ճիշտ չէ, ապա կանայք են սխալ: Նմանատիպ հազարավոր մանր բաներով, կանայք դիմազրկվում կամ դիմազրկված են, հատկապես եթե նրանք պատկանում են ավելի համեստ միջավայրին: Սոցիալական ծագումը կրկնապատկում է այս ազդեցությունը:
Ավելի քան անժխտելի է, որ դրանում ոչ մեկ ո՛չ չարություն, ո՛չ էլ չարակամություն է տեսնում:

Télérama. Հանդես կգա արդյոք արիությունը որպես ազնվականություն:

Պիեռ Բուրդիե. Այո: Այն ունի ազնվականության բոլոր հատկանիշները: Այն ամենը, ինչ գնահատում են կաբիլները` պատիվը, ինքնատիրապետման պարտականությունը մեծահոգության, վայելչության տղամարդկային արժեքներ են… Դա գլուխը բարձր պահելու ձևն է, ինչպես բանակում՝ զգաստ դիրքում: Կաբիլիում պատվի շուրջ արած իմ առաջին հարցումների ժամանակ միշտ մի բառ էր հնչում`qabel, այսինքն «դեմքը պահել»: Դա կապված է qîbla հետ, ինչը մատնացույց է անում Մեքքան, այսինքն «արևելքը»` դեմքը պահել դեպի արևելք: Qabel բառը խտացնում է այն ամենը, ինչն արմատներով հասնում է մշակույթի խորքերը: Աշխարհագրական առումով Արևելքը Արևելքն է` արևը ծագում է, բոլոր եկեղեցիները նայում են արևելք: Մեր ողջ առասպելաբանությունն արմատացած է նման հակադրությունում, որը հնարավոր չէ արմատախիլ անել պարզապես կամային ջանք գործադրելով:

Ինձ երբեմն վատատես են անվանում: Ոչ: Պարզապես ուզում եմ ցույց տալ, թե որքան խորն են տղամարդկային/կանացի հակադրության արմատները: Այն կապված է հիմնային բոլոր հակադրություններին, որոնց վրա հիմնված է մեր էթիկան (բարձր/ցածր, ուղիղ/ ոլորուն, և այլն) և մեր էսթետիկան (տաք/սառը` գույներին են ասում, կոպիտ/ճկուն, և այլն):

Նայեք համալսարանում գիտակարգերի միջև առկա բաժանմանը. այսպես ասած ծանր գիտության ոլորտները տղամարդկանց կողմում են: Եվ մաթեմատիկայով զբաղվող կնոջ դեպքում ասում են, որ իր համար լավ չէ՝ «չորացնող է», այսինքն` ստերիլ դարձնող, նա երեխա չի ունենում, մնում է չամուսնացած…

Télérama. Կաբիլ այդ գյուղացին մեզանից չհեռացա՞վ այնչափ,  որչափ որ ճնշված մուսուլման կնոջ կերպարը մեզ մոտեցավ, հատկապես Ալժիրում:

Պիեռ Բուրդիե. Տեսնում ենք, որ ի հայտ են գալիս ալժիրցի արտակարգ կանայք (մտաբերում եմ Սալինիա Ղեզալին[5] կամ Լուիզա Հանունին[6]): Սա հնարավոր է դառնում  կրթական համակարգի շնորհիվ, որը կանանց ազատականացման մեծ գործիք է: Ֆեմինիստական շարժումը նույն ինքը կրթական համակարգի արդյունքն է, որը, ու այս պարադոքսը միշտ չէ, որ հասկացվում է, միաժամանակ այն վայրերից մեկն է, ուր նրբորեն վերարտադրվում է տղամարդկային գերակայությունը, օրինակ գիտակարգերի հիերարխիայի միջոցով, հնարք` աղջիկներին որոշակի տեխնիկական կամ գիտական ոլորտներից շեղելու համար…
Հենց Կաբիլիում է, որ Ֆրանսիան, ցանկանալով բաժանել նորից թագավորել, 1880 թվականից սկսած փոխպատվաստել է առաջին դպրոցները, ինչը թույլ է տալիս աղջիկներին աստիճանաբար ազատվել ընտանեկան ազդեցությունից… ու գերազանցել տղաներին: Քանի որ ցածր դասարաններում, հայտնի է՝ աղջիկներն ամենուր ավելի լավ են, քան տղաները: Մասնավորապես, որովհետև նրանք ավելի «հլու» են, ավելի ենթակա` համաձայն աշխատանքի ավանդական տրամաբանության բաժանմանը. հասկանալի լինելը, նույնպես հասանելիության մի տեսակ է. docilis– այն մեկը, ով ցանկանում է սովորել (docere, «ուսուցանել, դասավանդել»):

1984 թվին Ալժիրում ընտանեկան կոդեքսի ստեղծումը տարօրինակ հետընթաց  ապրեց: Այս ամենը ստեղծեց բռնկիչ, ըմբոստության համար հասունացած կանանց … միաժամանակ՝ բարոյապես և մտավոր համարձակ: Ես նրանց շատ եմ համակրում:

Télérama. Եվ, միևնույն ժամանակ, չկա՞ միտում հասցնել ալժիրյան կոնֆլիկտը արնախում տղամարդկանց մակարդակի` գազանների, ովքեր սպանում են զոհ- կանանց:

Պիեռ Բուրդիե. Առկա է կանանց իրավիճակի քաղաքական շահագործում: Նրանք, ովքեր այն կոչում են բնաջնջողներ (նրանք, ովքեր ալժիրյան ռեժիմի հետ միասին սատարեցին 1991 թվի ընտրական գործընթացի չեղարկումը, քվեարկեցին FIS-ի[7] լուծարմանը կողմ և ընդդիմանում են անգամ չափավոր իսլամիստների հետ ամեն տեսակ երկխոսությանը. նշում խմբագրության կողմից), օգտագործում են Ալժիրում կնոջ դժվարին իրավիճակի դրսևորումները հաստատելու հակահարվածային տիպի ռասիզմ: Ալժիրցի կինը դառնում է ֆանատիկ բարբարոսության օրինակելի զոհի մարմնացում: Ինչ վերաբերում է ֆրանսիացի մտավորականությանը, ապա կոնֆլիկտի ընթացքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունենալով, վերջինս չպետք է խառնվի նրանց ազգային խնդիրներին (արտագաղթին առնչվող խնդիրները): Փաստացի, Ալժիրը հաճախ ծառայում է որպես նախագծային թեստ:

Télérama. Այս համատեքստում, տղամարդկային գերակայության մասին գիրքը, ուր մեծ հաշվով ցույց եք տալիս, որ կաբիլները մենք ենք, ավելի շուտ հրահրո՞ղ բնույթ ունի:

Պիեռ Բուրդիե. Որոշակիորեն նման ետին միտք ես էլ ունեմ… Մենք կիբլներն են, բայց երկերեսանի կաբիլներ: Միջերկրածովյան առասպելաբանության արտահայտումը մեզ մոտ քողարկված է, նույնիսկ քննադատված, բայց այն այստեղ է ամեն օր: Որոնում ենք ղեկավարի նույնիսկ  համասեփականատերերի հանդիպում կազմակերպելու համար, և, անգամ, չմտածելով դրա մասին, բացառում ենք կանանց շատ կանացի համարվող այնպիսի մասնագիտություններից, ինչպիսին է լրագրությունը, ուսուցումը. նույնսիկ այստեղ, երբ առաջնորդի կարիք կա, ավելի շուտ մի հիմարի կնշանակեն, կան կնոջ: Ամենայն կամեցողությամբ: Այս վիճակը քիչ փոխվում է, բայց ոչ այնքան, որքան խոսում են դրա մասին:

[1] Տես Esprit ամսագրի ուժեղ արձագանքը՝ «Պոպուլիզմը Բուրդիեի տարբերակով» (հուլիսի 1, 1998):

[2] Լունե Մատուբ (1956-1998), ծագումով Կաբիլից, ալժիրցի պոետ, երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր: (թարգմ.):

[3] Մասնավորապես իր առաջին գործերում «Ալժիրի սոցիոլոգիան» (PUF. հրատ. ,1958) և հատկապես «Արմատախլում» աշխատանքում Աբդելմալեկ Սայադի հետ միասին (Minuit հրատ., 1964 և 1977 թվականներ):

[4] Իր սրբապիղծ տարբերակում, կաթոլիկ պահք պահելու նախորդող օրը համընկնում է գարնան առաջին օրերին:

[5] Սալիմա Ղեզալի (ծնվել է 1958 թվին, Բուիրայում, Ալժիր), ալժիրցի լրագրող և գրող: «Կանայք Եվրոպայում և Մաղրիբում» կազմակերպության հիմնադիր անդամ, NYSSA կանանց խնդիրներին անդրադարձող ամսագրի հիմնադիր և խմբագիր, ֆրանսիական “La Nation” շաբաթաթերթի խմբագիր: 1997 թվին արժանացել է Սախարովի և Ուլոֆ Պալմեի անվան մրցանակներին: (թարգմ):

[6] Լուիզա Հանուն (ծնվել է 1954 թվին Շեկֆայում, Ալժիր), ալժիրցի քաղաքական և հասարակական գործիչ, փաստաբան, Ալժիրի Ազգային ժողովի պատգամավոր, Ալժիրի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար: 2004 թվականին Ալժիրի նախագահական ընտրություններում, ողջ արաբական աշխարհում առաջին անգամ առաջադրված կին թեկանծուն: (թարգմ):

[7] FIS (Front Islamique du salut)-  Փրկության իսլամական ճակատ, ստեղծվել է 1989 թվականին: Ալժիրում գործող իսլամական քաղաքական կուսակցություն, քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից: Կուսակցության հիմնական պահանջն էր «ներկրված ցանկացած տեսակ քաղաքական, տնտեսական ու սոցիալական գաղափարախոսությունների իսլամական այլընտրանքների ստեղծումը»: Հանդես էր գալիս Ալժիրում «իսլամական պետության» ստեղծման համար, որի Սահմանադրությունը կլիներ Ղուրանը: Ներկայումս կուսակցության գործունեությունն արգելված է, հաճախ անվանվում է նաև ահաբեկչական կազմակերպություն: (թարգմ):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *