Հարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, Télérama, no. 2534, 5 օգոստոսի, 1998
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Պիեռ Բուրդիեի հաջորդ՝ Տղամարդկային գերակայություն գրքի նախնական ծանոթացումը (Seuil հրատարակչություն., 140 էջ, 85 ֆրանկ, գրախանութում` օգոստոսի 26-ից) ենթադրում է պրակտիկ աշխատանք սոցիոլոգի հետ: Յուրաքանչյուր շաբաթ սկսում ենք շատ սովորական օբյեկտից, մարդուց կամ իրավիճակից՝ հասկանալու տղամարդկանց ու կանանց միջև սոցիալական հարաբերությունների նրբությունը: Այսօր երրորդ դրվագը` կիսազգեստը: Կամ՝ ինչպե՞ս է գործվածքի մի կտոր, որը ոչ ոքի մտքով չէր անցնի հարցականի տակ դնել, խանգարում մարմնի ազատ շարժմանն ու անհանգստություն առաջացնում, էլ ավելի շատ, երբ դրանք, ինչպես բարևարքության ցանկացած կանոն, փոխանցվում են մորից դուստր: Այս ողջ կոմպլեքսային սահմանափակումների հաղթահարումն այդքան էլ հեշտ չէ: Եվ շարունակում ենք հագնել կիսազգեստներն ու փոքրիկ քայլերով առաջ գնալ` նույնիսկ ջինսով ու տափակ նրբանով կոշիկներով…
Télérama. Ինչի՞ն է ծառայում կիսազգեստը:
Պիեռ Բուրդիե. Շատ դժվար է ճիշտ կեցվածք ունենալ, երբ կիսազգեստով ես: Եթե տղամարդ եք պատկերացրեք ձեզ կիսազգեստով՝ բավական կարճ, ու փորձեք պպզել, գետնից ինչ-որ բան վերցնել` առանց աթոռից վեր կենալու կամ ոտքերը տարածելու… Կիսազգեստն անտեսանելի կորսետ է, որը պարտադրում է որոշակի հանդերձանք և զսպվածություն, նստելու, քայլելու ձև: Եվ վերջապես այն ունի ճիշտ նույն գործառույթը, ինչ պարեգոտը: Վերջինիս կրումն իսկապես փոխում է կյանքը, և ոչ թե միայն որովհետև ուրիշների աչքերում դառնում ենք հոգևորական: Այդ մի կտոր գործվածքը, որը ոչ միայն ձևով կանացի է, այլև խանգարում է ոտքերին, մշտապես հիշեցնում է ձեր կարգավիճակը: Չեք կարող վազել: Մինչև հիմա տեսնում եմ, թե ինչպես են մանկությանս հոգևորականները բարձրացնում իրենց զգեստները բասկյան պելոտա[1] խաղալու համար:
Կիսազգեստը հուշարանի պես բան է: Մշակութային հրահանգների մեծ մասն ուղղված են հիշեցնելու հակադրության համակարգի մասին (տղամարդկային/կանացի, աջակողմյան/ձախակողմյան, վերին/վարին, կոպիտ/փափուկ…), որն ընկած է սոցիալական կարգի հիմքում: Կամայական հակադրություններ, որոնք վերջին հաշվով չեն պահանջում արդարացում և արձանագրվում են որպես բնավորության տարբերություն: Օրինակ «դանակն աջ ձեռքով բռնիր»-ում փոխանցում է առնականության ողջ բարոյականությունը, ուր աջի ու ձախի միջև հակադրությունում աջը «բնականորեն» առաքինության կողմն է, ինչպես տղամարդու առաքինությունը:
Télérama. Կիսազգեստը նաև որովայնի ստորին մասը ծածկող փոքրիկ հանդերձա՞նք է:
Պիեռ Բուրդիե. Այո, բայց երկրորդային իմաստով: Հսկումն ավելի խորն է ու նուրբ: Կիսազգեստը ցույց է տալիս ավելին, քան տաբատը, և դժվար է այն ճիշտ կրել, որովհետև այն երևալու վտանգի տակ է դնում կրողին: Ահա կանանց նկատմամբ ունեցած սոցիալական սպասումների ողջ հակասությունը` նրանք պետք է լինեն գրավիչ և զուսպ, տեսանելի ու անտեսանելի (կամ մեկ այլ տեսանկյունից` արդյունավետ և համեստ): Դրա մասին արդեն շատ է խոսվել՝ գայթակղման խաղերի, էրոտիզմի. թաքնված շոուի ողջ երկիմաստության մասին: Կիսազգեստը սա շատ լավ է մարմնավորում: Կիսաշալվարի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է` այն թաքցնում է այն, ինչ թաքցնում է, և ցույց տալիս այն, ինչ ցույց է տալիս: Իսկ կիսազգեստը վտանգում է ցույց տալ ավելին, քան այն ցույց է տալիս: Կար ժամանակ, երբ ոտնաթաթն էլ էր բավական տեսնել…
Télérama. Դուք հիշատակեցիք հետևյալը` մի կին նշում է. «Մայրս ինձ երբեք չի ասել ոտքերս իրարից հեռու չդնել», մինչդեռ, նա շատ լավ գիտեր, որ դա հարիր չէ «աղջկան»… Ինչպե՞ս են վերարտադրվում մարմնական ինքնակարգավորումները:
Պիեռ Բուրդիե. Բարևարքությանն ուղղված հրահանգները հատկապես ուժեղ են, որովհետև դրանք նախևառաջ հասցեագրված են մարմնին և անհրաժեշտաբար չեն անցնում լեզվով և գիտակցությամբ: Կանայք անգիտակցաբար գիտեն՝ ընդունելով այս կամ այն հագուստը կամ զգեստը` այս կամ այն կերպ ենթարկվում են որոշակի ընկալման: Այսօր սեռերի միջև առկա հարաբերությունների ամենամեծ խնդիրն այն է, որ կա սխալ մեկնաբանություն, հատկապես տղամարդկանց կողմից, առ այն ինչ ասել է կանացի հանդերձանք: Բռնաբարության դեպքերին նվիրված մի շարք ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կեցվածքում տեսնում են հրահրում, որն իրականում համապատասխանում է նորաձևության աշխարհին: Շատ հաճախ, հենց իրենք՝ կանայք, դատապարտում են բռնաբարված կանանց, որ «հենց դա էլ ուզում էին»: Այնուհետև, ավելացրեք կապն արդարադատության հետ, ոստիկանության վերահսկողությունը, հետո` դատավորների, որոնք շատ հաճախ տղամարդիկ են… Անշուշտ կանայք տարակուսում են հաղորդում ներկայացնել բռնաբարության կամ սեռական ոտնձգության դեմ…
Télérama. Լինել կին՝ ասել է թե լինել ընդունված, ուրեմն տղամարդու հայա՞ցքն է, որ կնոջը կին է դարձնում:
Պիեռ Բուրդիե. Յուրաքանչյուրն էլ սևեռուն հայացքի առարկա է հանդիսանում: Բայց ավել կամ պակաս ինտենսիվությամբ` համաձայն սոցիալական դիրքերի և հատկապես ըստ սեռերի: Իրականում, ավելի շուտ, կինը գոյություն կունենա ուրիշների հայացքների միջոցով: Ահա թե ինչու դեռահասության ճգնաժամը, որը քո ինչպիսին լինելու ներկայացումն է ուրիշներին, աղջիկների մոտ հաճախ ավելի սուր է արտահայտվում: Կանացի կոկետություն (բնականաբար ածական)՝ ասել է թե ինչպիսի կեցվածք ունենալ, երբ մշտապես ընկալված լինելու վտանգի տակ ես:
Մտաբերում եմ ամերիկացի ֆեմինիստների՝ սպորտով ու մասնավորաապես մարմնամարզությամբ զբաղվելու հետևանքով մարմնակազմվածքի փոփոխության մասին հրաշալի աշխատանքները: Սպորտով զբաղվող կանայք բացահայտում են այլ մարմին՝ գեղեցիկ, առողջ, շարժելու ունակ, և ոչ թե այլևս ուրիշների հայացքին ծառայող մարմին, և նախևառաջ` տղամարդկանց: Սակայն այն չափով, որ կանայք ազատագրվում են հայացքից, նրանք իրենց վտանգում են դիտարկվել որպես տղամարդ: Սա առկա է նաև ինտելեկտուալ կանանց դեպքում, ում մեղադրում են բավարար չափով կին չլինելու մեջ: Ֆեմինիստական շարժումը քիչ փոխեց իրավիճակը, բայց ոչ այնքան Ֆրանսիայում. ֆրանսիական գովազդը շատ վատ է վերաբերում կանանց: Եթե կին լինեի, ջարդուփշուր կանեի հեռուստացույց` պնդելով, որ բնական տեսքը (natural look), ինչպես և սևը գեղեցիկ են. պնդմանս ողջ իմաստն է գլխիվայր շրջել գերակայող պատկերը: Ակնհայտորեն սա ընկալվում է որպես ագրեսիա ու հրահրում ծաղրանք` «ֆեմինիստները տգեղ են. բոլորը ճարպոտ են»…
Télérama. Պետք է ուրեմն կարծել, որ այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է կանանց հարաբերությունն իրենց մարմնի նկատմամբ, ֆեմինիստական շարժումն այդքան էլ չի հաջողել:
Պիեռ Բուրդիե. Որովհետև վերլուծության մեջ հեռու չգնացին: Մենք չենք չափում տղամարդկանց աշխարհայացքով՝ կանանց պարտադրված ճգնավորությունն ու կարգապահությունը, որում մենք բոլորս ընկղմված ենք, ու որ «հայրիշխանության» ընդհանուր քննադատությունը բավարար չէ կասկածի տակ դնելու համար: Տարբերակում գրքում ցույց եմ տալիս, որ մանր բուժուազիային պատկանող կանայք, հատկապես երբ իրենք «ներկայացուցչական» մասնագիտությունների տեր են, շատ ժամանակ ու փող են ծախսում իրենց մարմնի խնամքի համար: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ, կանայք շատ քիչ են գոհ իրենց մարմնից: Երբ իրենց հարցնում են` մարմնի ո՞ր մասն են ամենաքիչը սիրում, ապա իրենց գնահատամամբ դրանք մշտապես չափազանց «գեր» կամ «ճարպոտ» մասերն են. տղամարդկանց դեպքում հակառակը` դժգոհ են մարմնի այն մասերից, որոնք չափազանց «փոքր են»:
Բոլորի համար էլ պարզ է, որ տղամարդիկ մեծ են և ուժեղ, իսկ կանայք` փոքր ու նուրբ: Ավելացրեք նորաձևության ու դիետայի խիստ կանոնները, և կհասկանանք, թե ինչպես են կանանց համար հայելին ու կշեռքը գրավել զոհասեղանի ու աղոթարանի տեղը:
[1] Բասկյան պելոտան գնդակով խաղ է, բասկերի ազգային սպորտաձևը: (թարգմ.):