Միջազգային տուրիզմի սոցիալմշակութային հետևանքներն ու ազդեցությունը տեղի բնակչության վրա

Հեղինակ` Ստեփան Աղաբաբյան

stepan.aghababyan@gmail.com

Ի՞նչ է տուրիզմը. էությունն ու կառուցվածքը

Տուրիզմը հանդիսանում է երկրի բարեկեցությունը բարձրացնող կարևոր գործոն: Այն կարելի է դիտարկել որպես համակարգ, որը առաջարկում է բոլոր հնարավորությունները ծանոթանալու համար տվյալ երկրի բնակչությանը, պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին:

Եթե փորձենք տուրիզմը մի քանի կետով բնութագրել, ապա կարող ենք ասել, որ.

  1. Տուրիզմը մարդկանց տեղաշարժման գործընթաց է
  2. Տուրիզմը միշտ ներառում է երկու գործոն` ճանապարհորդություն նշանակետ (որտեղ մեկնում է տուրիստը) և կանգառ այնտեղ
  3. Տուրիզմը ենթադրում է արտագնա ուղևորություն այնտեղից, որտեղ տուրիստը մշտապես ապրում է
  4. Հյուրընկալող տարածքում տեղաշարժ` ըստ տուրիստական պլանի:

Ժամանակակից տուրիզմը առանձնանում է իր տեսակների, ձևերի և տարատեսակների բազմազանությամբ: Տուրիզմի ձևը պայմանավորված է տուրիստի` իր երկրի պետական սահմանի հատմամբ: Ըստ այդմ առանձնացվում է ներքին (այսինքն, ճանապարհորդություն իր երկրի ներսում) և արտաքին կամ միջազգային տուրիզմ (տուրիստական նպատակներով ուղևորություն այլ երկիր(ներ)): Միջազգային տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է ներգնա և արտագնա տուրիզմների:

Ըստ ՄԱԿ-ի սահմանման` տուրիզմը մարդկանց գործունեություն է, ովքեր որոշակի նպատակներով ճանապարհորդում են և տեղափոխվում իրենց սովորական միջավայրի սահմաններից դուրս որոշակի ժամանակահատվածում, որը համարվում է մինչև մեկ տարի:

Ամբողջ աշխարհում ներգնա տուրիզմը համարվում է տուրիզմի բիզնեսի ամենաշահավետ ոլորտներից մեկը: Այդ առումով գրեթե յուրաքանչյուր երկիր ներգնա տուրիզմին մեծ ուշադրություն է դարձնում և մեծ ջանքեր է ուղղում տուրիզմի այս տեսակի զարգացմանը:

Եթե անդրադառնանք տուրիզմի տնտեսական աղդեցությանը, ապա կարող ենք նշել մի առանձնահատկություն, որի միջոցով տուրիզմը դառնում է մի յուրահատուկ երևույթ: Տուրիզմի այդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ազդում է տնտեսության վրա տուրիստների պահանջարկի և սպառման միջոցով: Հատկապես հենց սպառման միջոցով է տուրիզմը խորհրդանշում երկրի կամ առանձին երկրի տնտեսական գործունեությունը: Տուրիստական սպառման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոչ թե ապրանքն է հասնում սպառողին, այլ սպառողն է ժամանում ապրանքների և ծառայությունների արտադրման և սպառման վայր: Մեծանում են հյուրանոցների, կերակրման և տրանսպորտային ձեռնարկությունների և մշակութային հաստատությունների եկամուտները:

Մի փոքր օրինակով էլ բացատրենք տուրիզմի սոցիալական նշանակությունը: Ինչպես գիտենք, գիտատեխնիկական առաջընթացը արմատապես փոխեց ժամանակակից հասարակության կյանքը: Դրա էական բնութագրիչներից են հանդիսանում աշխատանքի ինտեսիֆիկացիայի բարձրացումը, կենցաղում և աշխատանքի վայրում ստրեսային իրավիճակների շատացումը, քաղաքային կյանքի անանուն ությունը և բնությունից մեկուսացումը: Այս ամենը բերում է մարդու ներսում ֆիզիկական և հոգեբանական բնույթի հոգնածության առաջացմանը, որն էլ իր հերթին խթան է հանդիսանում մարդու կյանքի և աշխատանքային ակտիվության նվազման:

Տուրիզմը որպես հանգստի բազմապլան և ակտիվ ձև պայմանավորում է մարդու` կենցաղում և աշխատավայրում ներքին ռեսուրսների և ուժերի լրիվ և բազմակողմանի թարմացումը: Այն հնարավորություն է տալիս ժամանակավորապես լքել հիմնական բնակության վայրը, փոխել գործունեության բնույթը, սովոր միջավայրը և կյանքի ոճը: Տուրիզմի արդյունավետությունը` ուժերի և աշխատունակության, ամբողջ  հասարակության հոգեֆիզիոլոգիական ռեսուրսների վերականգման գործում ամփոփվում է տուրիստական գործունեության ձևերի ակտիվության և տարատեսակության մեջ:

Բացի այդ` զարգացած տուրիստական ոլորտը թույլ է տալիս լուծել տեղի բնակչության զբաղվածության խնդիրները, քանի որ տուրիզմը հանդիսանում է աշխատանքի ամենաճկուն ոլորտներից մեկը` տուրիստների սպասարկմամբ զբաղվող մեծաքանակ աշխատողներով: Ինչպես ցույց է տալիս փորձը` մեկ տուրիստի ընդունումը և սպասարկումը ապահովում է 5-7 աշխատանքային տեղ կամ 5-7 աշխատողների զբաղվածություն, որն էլ զգալի չափով մեղմում է այնպիսի կարևոր երևույթի գոյությունը, ինչպիսին է գործազրկությունը:

Միջազգային տուրիզմի սոցիալմշակութային ընկալումները և զարգացման հիմքերը

Ինչպես գիտենք ցանկացած սոցիալական երևույթ ունի որոշակի կառուցվածք և հետևաբար նաև ունի ազդեցության որոշակի կոնտեքստ և ձև, քանի որ դրանք որպես առանձին երևույթներ գոյություն չունեն: Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ եթե մենք միջազգային տուրիզմը դիտարկում ենք որպես սոցիալական երևույթ, ապա հետևաբար կարող ենք նշել նաև նրա սոցիալական բնութագրիչները: Սոցիոլոգներին` որպես հասարակագետների, միջազգային տուրզմը առավելապես հետաքրքիր է նրա սոցիալական ու մշակութային հետևանքների և ազդեցությունների տեսանկյունից:

Մինչև 1970-ականների կեսերը տուրիզմի ոլորտում հետազոտությունները հիմնականում նվիրվում էին տուրիզմի տնտեսական ազդեցությանը և դիտարկվում էր այն որպես տնտեսական շահույթ ստանալու կարևոր գործոն: Սակայն 70-ականների կեսերից տուրիզմի ուսումնասիրության մի նոր ճյուղ սկսեց թափ առնել, որը ուսումնասիրում էր տուրիզմի սոցիալական հետևանքներն ու ազդեցությունը: Այս գիտնականներին և պրակտիկներին չէր հետաքրքրում տուրիզմի տնտեսական գործոն լինելը (այն արդեն բավականին ուսումնասիրված էր), այլ նրանք տուրիզմը դիտարկում էին զուտ որպես սոցիալական երևույթ` դրա կենտրոնում դնելով տուրիստ – հյուրընկալող երկիր (բնակչություն) փոխհարաբերությունների շղթան:

Ինչպես ցույց են տալիս տարբեր երկրներում կատարված մի շարք հետազոտությունները միջազգային տուրիզմը տեղի բնակչության վրա ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն և հետևանքներ: Որպես կանոն, եթե այն սահմանենք միանշանակ դրական կամ բացասական երևույթ, ինչպես շատ հաճախ փորձ է արվում ցույց տալ տարբեր գրականություններում, ապա 2 դեպքում էլ կսխալվենք, ուստի պետք է խուսափել նման սահմանումներից և ուղղակի դիտարկել այդ ասպեկտները` նրա ազդեցության տեսանկյունից:

Միջազգային տուրիզմն այն ոլորտն է, որտեղ տեղի է ունենում մարդկանց խմբի հոսք մեկ երկրից կամ տարածաշրջանից մեկ այլ երկիր կամ տարածաշրջան, և սովորաբար տուրիստն իր հետ այդ երկիր է տանում ոչ թե միայն իր ճամպրուկներն ու այն իրերը, որոնք ուղեկցելու են իրեն ողջ իր շրջագայության ժամանակ, այլ նաև այն սովորույթներն ու ավադույթները, արժեքներն ու նորմերը, վարվելաձևերն ու կանոնները, որոնց կրողն է հանդիսանում ինքը` հանձինս իր երկրի մշակույթի: Եվ, ինչպես արդեն հասկանալի է, տեղի է ունենում 2 տարբեր մշակութային առանձնահատկությունների բախում և տեղի է ունենում սոցիալմշակութային արժեքների ու նորմերի տրանսֆորմացիա: Պետք է նշեմ, որ բազմաթիվ երկրներ, պահպանելով, հատուկ ուշադրության տակ վերցնելով այն <<արժեքները>>, որոնք կարևոր են տուրիզմի զարգացման տեսանկյունից (քանի որ հենց այդ արժեքներն են խթան հանդիսանում մասնավորապես ներգնա տուրիստների ուշադրությունն ու հետաքրքրությունը նվաճելու համար), շատ հաճախ մոռանում են ևս մեկ գործոնի` բնակչության անվտանգության և պահպանման մասին: Հենց տեղի բնակչությունն է հանդիսանում վերը նշված տրանսֆորմացիոն փոփոխությունների անմիջական կրողը:

Անդրադարձ կատարելով միջազգային տուրիզմի սոցիալմշակութային հետևանքներին` բերենք դրական և բացասական ազդեցությունների օրինակներ.

–     Գործազրկության կրճատում. միջազգային տուրիզմը հանդիսանում է զբաղվածության խնդիրները լուծող հիանալի գործոն, քանի որ յուրաքանչյուր տուրիստի պատշաճ սպասարկումը պահանջում է առնվազն 5-7 աշխատողի օժանդակություն: Այսինքն միջազգային (տվյալ դեպքում ներգնա) տուրիզմի զարգացումը նպաստում է նաև մի շարք աշխատատեղերի բացմանը և զբաղվածության խնդիրների կարգավորմանը:

–      Կրթական հնարավորությունների զարգացում. միջազգային տուրիզմը երիտասարդության համար հանդիսանում է հիանալի միջոց կրթական ծրագրերին դիմելու և արտասահմանում կրթություն ստանալու համար:

–      Հպարտության զգացման առաջացում. տուրիզմը կարող է  հյուրընկալող բնակչության մի մասի մոտ առաջացնել որոշակի կոլեկտիվին (սովորաբար ազգին) պատկանելու հպարտության զգացում, այնքանով, որ տուրիստները ցանկանում են այցելել տվյալ երկրի պատմամշակութային հիշարժան վայրերը և ծանոթանալ այդ երկրի և բնակչության պատմամշակութային արժեքներին: Իսկ վերջին հանգամանքը հյուրընկալող երկրի բնակչության մոտ առաջացնում է այդ արժեքներին վերաբերվելու մեկ այլ աշխարհահայացք, տեղի է ունենում մշակույթի վերագնահատում, վերածնունդ:

–    Հասարակական ինֆրաստրուկտուրաների զարգացում, ներգնա տուրիզմը շատ լավ միջոց է հասարակական ինֆրաստրուկտուրաների զարգացման համար, որը ծնում է տուրիզմի ոլորտում որոշակի քաղաքականության մշակման անհրաժեշտություն:

–     Մշակութային փոխանակման միջոց. պետք չէ մոռանալ նաև միջազգային տուրիզմի այս գործառույթի մասին, քանի որ տուրիզմի միջոցով մարդիկ փոխհարաբերվում են այլ մշակույթների հետ, ծանոթանում են այլ մշակույթների, դրանց առանձնահատկությունների հետ և արդյունքում տեղի է ունենում սոցիալմշակութային արժեքների և նորմերի երկկողմանի տրանսֆորմացիա: Սակայն այս պրոցեսի բնույթի վերաբերյալ կարծիքները բազմազան են և շատ դեպքերում իրար հակասող:

–     Ներգնա միջազգային տուրիզմը հյուրընկալող հասարակության սոցիալական կառուցվածքում առաջացնում է փոփոխություններ, քանի որ տուրիզմի զարգացումը ոչ միայն փոխում է սոցիալական շերտերի դիրքերը հասարակական հիերարխիայում, այլ նաև նպաստում է մի նոր սոցիալական խմբի (տուրիստների շերտի) ձևավորմանը, որն իր կազմով բավականին փոփոխական և դինամիկ է:

–     Ինչպես ցույց է տալիս փորձը ներգնա տուրիստները հյուրընկալող երկրում ցուցաբերում են ցուցադրական (կեղծ) վարք, որը չի համապատասխանում տուրիստների կենսակերպին կամ դուրս է մնում նրանց առօրյա կյանքից: Այս երևույթը իր հերթին տեղի բնակչության մոտ կարող է առաջ բերել 2 տեսակի զգացմունքների առաջխաղացման` կառուցողական (ցանակալ նույնպես լինել այդպիսին, կյանքի նպատակների և իդեալների տրանսֆորմացիա) և ապակառուցողական (խանդի, նախանձի, անբավարարվածության զգացումների առաջացում): Իսկ այս 2 զգացմունքներն էլ ունենում են բացասական հետևանք տեղի սոցիալական կառուցվածքի վրա, քանի որ առաջինի դեպքում տեղի է ունենում բախում տեղի հանրույթների հետ, իսկ 2-րդի դեպքում բախում հենց տուրիստների հետ:

–     Ներգնա տուրիզմի զարգացումը նաև ազդում է այնպիսի սոցիալական ինստիտուտների վրա, որոնցից է ընտանիքը: Ընտանիքը հանդիսանում է բավականին փխրուն կառույց և ներգնա տուրիզմը` իր սոցիալական և տնտեսական գործոններով մեծ ներազդեցություն ունի ընտանիքի ինստիտուտի վրա, որը հիմնականում ստանում է բացասական երանգ (այս ոլորտում աշխատողների 75%-ը կազմում են իգական սեռի ներկայացուցիչները, առաջանում է նաև աշխատողների և տուրիստների միջև ակտիվ անձնական շփում և այլն:

–    Ներգնա տուրիզմի միջոցով նաև հասարակությունում ավելանում և մեծանում են շեղվող վարքի տեսակներն ու ցուցաբերողները, ինչն էլ չի կարող անհետևանք մնալ հասարակության սոցիալական կառուցվածքի և կյանքի վրա:

Ներգնա տուրիզմի զարգացման համար, որպես կանոն, անհրաժեշտ են հետևյալ գործոնների առկայությունը.

1.  Պատմամշակութային պոտենցիալ (պատմական հուշարձաններ, ճարտարապետական կառույցներ, թանգարաններ, մշակութային տեսարժան վայրեր, զվարճանքի վայրեր և այլն)

2.  Բնական ռեսուրսներ (լանդշաֆտ, հաճելի կլիմա, հիդրոմիներալ ռեսուրսներ, էկոլոգիական պայմաններ և այլն

  1. Նյութատեխնիկական բազա և տուրիստական ինֆրաստրուկտուրաներ (հյուրանոցներ, մոթելներ, պանսիոնատներ, սպասարկման ոլորտ, հասարակական սնման վայրեր)
  2. Կադրային ռեսուրսներ (տուրիզմի ոլորտում անձնակազմին սպասարկող բարձր որակավորում ունեցող մասնագետներ)

Նշեմ նաև, որ տուրիզմի զարգացման աստիճանը որևէ կոնկրետ երկրում կամ շրջանում պայմանավորված է վերոհիշյալ գործոններից մեկի առկայությամբ (1,2) և մյուսների որակով (3,4): Թվարկված գործոնները հանդիսանում են տուրիսատական ռեսուրսներ, քանի դեռ դրանք ունակ են բավարարելու տուրիստների հոգևոր պահանջները, ինչպես նաև աջակցում են նրանց <<առողջության>> վերականգնմանը և ամրապնդմանը:


Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *