ՄԵՐԻ ԷԼԼԵՆ ՌԻՉՄՈՆԴ

(1861 – 1928)

Մերի Էլլեն Ռիչմոնդը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ–ի Իլլինոյս նահանգի Բելլեվիլ քաղաքում: Ծնողների մահից հետո երեք տարեկան հասակում նրան ուղղարկել են Մերիլենդ նահանգի Բալտիմոր քաղաք տատիկի և հորաքույրերի մոտ: Մինչև 11 տարեկանը տանն է կրթվել, հետո հաճախել է Կանանց հարավային դպրոց, որն ավարտել է 1878 թվականին: Ավարտելուց հետո հորաքրոջ հետ մեկնել է Նյու Յորք, որտեղ աշխատել է գրքերի  հրատարակչությունում: Այնուհետև 1889 թվականին ստանձնել է Բալտիմորի Բարեգործական հասարակության գանձապահի օգնականի պաշտոնը, որտեղ հնարավորություն է ստացել շփվել Ջոն Հոպկինսի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ, որոնք այդ կազմակերպությունում աշխատում էին որպես կամավորներ: 1891 թվականին Մերի Ռիչմոնդին նշանակել են Բարեգործական հասարակության գլխավոր քարտուղար, որտեղ աշխատել է տասնութ տարի:

Մերի Ռիչմոնդի նախաձեռնությամբ 1898 թվականին իր գործունեությունն է սկսել  Կիրառական ֆիլանտրոպիայի առաջին ազգային դպրոցը: Նա 1909 թվականին նշանակվել է Նյու Յորքի   Բարեգործական կազմակերպության տնօրեն:

Մերի Ռիչմոնդը հանդիսանում է սոցիալական աշխատանքի հիմնադիրներից մեկը: Նա առաջինն էր, որ սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման համար դպրոցներ էր բացել: Նրա ներդրումը սոցիալական աշխատանքի կայացման մեջ կապված է տեսության և պրակտիկայի մեջ գիտական մոտեցումների հիմնման հետ:  1921 թվականին Նյու Յորքի քոլեջում նրան տրվել է հումանիտար գիտությունների պատվավոր մագիստրոսի կոչում` նոր մասնագիտության` սոցիալական աշխատանքի գիտական հիմքերի մշակման համար:

Սոցիալական աշխատանքի ոլորտում նրա առավել հայտնի աշխատություններն են`

  1. ‹‹Ընկերական այց աղքատներին. ուղեցույց բարեգործական կազմակերպություններում աշխատողների համար››,
  2. ‹‹Սոցիալական ախտորոշում››,
  3. ‹‹Դեպքի հետ սոցիալական աշխատանք››:

Մերի Ռիչմոնդը մահացել է 1928 թվականին:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *