Մարտի 15-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպվել էր կլոր-սեղան` հետևյալ թեմայով` ՙԾառայությունների ինտեգրումը` որպես արդի սոցիալական քաղաքականության գերակա խնդիր. սոցիալական աշխատանքի մարտահրավերները՚:
Կլոր-սեղանը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Հրավիրված էին հյուրեր Ֆրանսիայի սոցիալական աշխատանքի ասոցիացիայից, սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ` պետական, հասարակական և միջազգային կազմակերպություններից, պրակտիկ և ակադեմիական շրջանակներից:
Մասնակիցները կարևորեցին ներկայիս մարտահրավերները սոցիալական քաղաքականության շրջանակներում, մասնավորապես` ծառայությունների ինտեգրման ներկա գործընթացները, մասնագետների շահերի պաշտպանության, սոցիալական աշխատանքի գծով մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչպես նաև կրթական և պրակտիկ դաշտում ներկայացվող պահանջների անհամապատասխանության հարցը:
Սոցիալական աշխատանքի մասնագետների բանակը մեծ ներուժ է երկրում` հաղթահարելու աղքատությունը, անցանկալի սոցիալական երևույթները: Որևէ սոցիալական բարեփոխում չի կարող լիարժեք կերպ իրագործվել` առանց սոցիալական աշխատողների:
Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ կլոր-սեղանի շրջանակներում բարձրացված հիմնահարցերի լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, իսկ ինքնին միջոցառումը նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում սոցիալական աշխատանքի ինստիտուտի հետագա զարգացման համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը պարգևատրեց ոլորտի մի խումբ նվիրյալների: