Հայկական բանակի միֆոլոգեմը հայաստանյան հակամիլիտարիստական շարժման հռետորաբանության համատեքստում

Տպագրվել է
Вестник, Российско-Армянского Университета, (серия: гуманитарные и общественные науки),
(43) Издательство РАУ No 4/2022 стр. 78-109

ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
arevikham@gmail.com 

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
gayane.harutyunyan@gmail.com

sodlՀետարդյունաբերական հասարակություններում մեծագույն սոցիալական բարիք  է խաղաղությունը։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում գլոբալացման, միջազգային տնտեսական փոխկախյալությունների և մի շարք այլ գործոնների հետևանքով պատերազմներին և առհասարակ ռազմական ոլորտին վերաբերող հարցերը խնդրականացվում են: Եթե նախկինում պետությունների ռազմական դոկտրինն առաջնահերթ էր և պայմանավորում էր պետության մնացած ոլոտների գործունեությունը, ապա հետարդյունաբերական հասարակություններում այս իրողությունը փոխվեց՝ զիջելով առաջնահերթությունը կյանքի որակը պայմանավորող գործոններին։ Թերևս, առաջնահերթությունների փոփոխությանը զուգահեռ ռազմական սպառնալիքը որոշ պետությունների համար չփոխվեց։ Արդյունքում հասարակությունները այլևս չէին ցանկանում պատերազմել, իսկ պետությունները ստիպված էին ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը՝ երբեմն դիմելով պատերազմական գործողությունների։ Ստեղծված սոցիալական կոնֆլիկտը հաղթահարելու այլընտրանքային սոցիալական մեխանիզմներից են հակամիլիտարիստական սոցիալական շարժումները, որոնց նպատակներից մեկը քաղաքացիների կամքի արտահայտելն է պատերազմական օրակարգի դեմ։

Հայաստանյան հակամիլիտարիստական շարժումների առաջացումը կապված է այն հանգամանքի հետ, որ ՀՀ-ն վերջին մի քանի տասնամյակներում գտնվել է մշտական ռազմական սպառնալիքի ներքո և ունի պարտադիր զինապարտության սկզբունքով համալրվող բանակ: Չնայած որ, բանակի և հասարակության շփումը միշտ սերտ է եղել, իսկ բանակի ինստիտուտի կշիռն ու կարևորությունը՝ միշտ զգալի, ժամանակակից միտումները, որոնք առաջնահերթ են համարում խաղաղությունը, ներթափանցել են նաև Հայաստան՝ ստեղծելով նոր սոցիալական կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտի հիմքը բանակի տարբեր ասպեկտների խնդրականացումն ու քնադատություն է, որի արտահայտման եղանակներից մեկը հակամիլիտարիստական շարժումների միֆոլոգեմներն են։

Սույն հոդվածի նպատակն է վերլուծել և հասկանալ, թե հայկական բանակի ինչպիսի կերպար է կառուցակցվում հայաստանյան հակամիլիտարիստական շարժումներն իրենց  հռետորաբանությամբ՝ միֆոլոգեմների օգնությամբ:

***

 Եվրոպական երկրներում 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունը վերափոխեց ոչ միայն տնտեսական համակարգը, այլև հասարակական հարաբերությունները։ Պրոլետարիատի և բուրժուական դասակարգի պայքարի ավարտը, ինչպես նաև տնտեսության զարգացման տեմպերի արագացումը, ձևավորեցին նոր տիպի սոցիալական իրականություն։ Աշխատանքի մեքենայացումը և դրա հետևանքով աշխատատեղերի կրճատումը, աշխատանքային հարաբերությունների փոփոխությունը հանգեցրեց մասշտաբային սոցիալական կոնֆլիկտների առաջացմանը[1], որոնք էլ իրենց հերթին բերեցին լայն զանգվածների խռովությունների` հանուն իրենց շահերի պաշտպանության։ Այդպես սկսեցին առաջանալ առաջին սոցիալական շարժումները: 1960 – ականներին,  հետարդյունաբերական հասարակություններում, սոցիալական կոնֆլիկտների պատճառը վերափոխվեց։ Այլևս կոնֆլիկտի հիմքում ոչ թե տնտեսական արժեքն էր ինչպես նախկինում, այլև մարդու իրավունքները, բնապահպանությունը, քաղաքային միջավայրի պաշտպանությունը, պացիֆիզմը  այլն: Այլ կերպ ասած՝ արդյունաբերական հեղափոխությունն ամբողջ աշխարհում իր հետ բերեց արժեքային համակարգի փոփոխություն. արդյունաբերական հասարակությունները, որոնք հասարակագիտական մտքում մեկնաբանվում էին որպես ռազմական հասարակություններ[2], որտեղ պետության ռազմական բաղադրիչը գերակա և առաջնահերթ էր, փոխարինվեցին կյանքի որակի ապահովման հասարակություններով: Սառը պատերազմի ավարտը շարունակեց այս դիսկուրսը՝ դիտարկելով 21-րդ դարն իբրև անցյալի գերռազմականացված հասարակությունների ավարտ և խաղաղ զարգացման ժամանակաշրջանի սկիզբ[3]: Բայց, Սառը պատերազմի ավարտին հաջորդեցին բազմաթիվ նոր առաջացած էթնոքաղաքական կոնֆլիկտներ՝ պատերազմներ հետխորհրդային տարածքում, Մերձավոր Արևելքում, նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններում։ Այդպես պատերազմների կանխարգելումը և խաղաղության նվաճումը դարձան  միջազգային և լոկալ հանրությունների կարևոր նպատակներից:

Ստեղծված իրավիճակը, երբ հասարակություններն այլևս չեն ուզում պատերազմել, բայց պետությունները դեռ շարունակում են կոնֆլիկտների կարգավորումը տեսնել ռազմական ուժի կիրառման միջոցով, առաջացրեց նոր սոցիալական հիմնախնդիրներ, որոնց արձագանքել հնարավոր էր միայն կոլեկտիվ միջոցներով: Այսպես, նոր[4] սոցիալական շարժումները դարձան սոցիալական իրականությունում ձևավորվող կոնֆլիկտների կարգավորման և սոցիալական փոփոխությունների ապահովման մեխանիզմ:

Հակամիլիտարիստական շարժումներն իբրև նոր սոցիալական շարժումների տեսակ

 Նոր սոցիալական շարժումները լավ ուսումնասիրված են գրականության մեջ։ Յուրգեն Համբերմասը իր աշխատանքներում գրում էր, որ նոր սոցիալական շարժումներն առաջանում են նոր տիպի կոնֆլիկտների պատճառով և խթան են հադիսանում կոմունիկատիվ գործողությունների համար՝ պաշտպանելով կենսաշխարը գաղութացումից, վերականգնելով և ձևավորելով նոր տարածություններ կոմունիկատիվ գործողության համար[5]: Ալբերտո Մելուչին «հին» և «նոր» շարժումների տարբերակման հիմքը նույնպես տեսնում էր տնտեսական և ոչ տնտեսական շարժառիթներում, և շարժումը իրացնող՝ բանվոր և միջին դասի մասնակիցների մեջ: Ըստ նրա՝ «նոր» շարժումները հիմնված են ոչ բանվոր դասակարգի գործողությունների վրա և ունեն մեծապես ոչ տնտեսական մոտիվներ: Ալան Տուրենը գրում էր, որ «նոր» սոցիալական շարժումները՝ հանդիսանալով «նոր» սոցիալական համակարգի սոցիալական փոփոխություններին ուղղված արձագանք, առաջնահերթություն է տալիս այլ տիպի արժեքներին` առաջացնելով «նոր» տիպի կոնֆլիկտներ[6]։ Այսպես, առաջնահերթություն տալով խաղաղությանը և մերժելով սոցիալական բռնությունը՝ սկսեցին ձևավորվել հակամիլիտարիստական շարժումները՝ իբրև նոր սոցիալական շարժումների մի տեսակ:

Հակամիլիտարիստական շարժումները ձևավորվում են խաղաղության և ոչ բռնության արժեքների շուրջ` վերջնական նպատակ ունենալով հասնել պետությունների ապառազմականացմանը: Ամբողջ աշխարհում հակամիլիտարիստական շարժումները ձևավորվում են պատերազմի վտանգի առաջացման դեպքում կամ էլ պատերազմի ընթացքում, երբեմն էլ՝ պատերազմից հետո, հատկապես, երբ երկիրը պարտվում է պատերազմում։ Հակամիլիտարիստական շարժումների մեծամասնությունը ծագում են կոնկրետ պատերազմի դեմ պայքարելու անհրաժեշտությունից։ Միայն որոշ հակամիլիտարիստական շարժումներն ավելի գլոբալ նպատակներ են առաջ քաշում, օրինակ նպաստել գերտերությունների ապառազմականացմանը, ձևավորել գլոբալ խաղաղասիրական օրակարգ, ձևավորել միջազգային բանակցային համակարգ կամ փոխել միջազգային օրենքները և այլն։ Այս պարագայում շարժումը ավելի մեծ մասշտաբի խնդիր է դնում իր առջև, ինչն էլ նվազեցնում է հաջողության հասնելու հավանականությունը. ավելի իրատեսական է ունենալ մեկ օրակարգ և պայքարել հստակ տեղայնացված պատերազմի դեմ մեկ պետությունում, քան փորձել փոփոխություններ առաջացնել տարբեր երկրների իրավական համակարգերում և ունենալ իրական արդյունք: Այս շարժումները հաճախ հարցականի տակ են առնում նաև քաղաքական իշխանության բաշխումն, ինչի հետևեանքով պահանջում են քաղաքական վերնախավի հրաժարական, ինչը նույնպես ժամանակ անց հանգեցնում է շարժման անկման[7]։ Հակամիլիտարիստական քարոզչությունն ունի նաև մեկ այլ՝ խիստ վտանգավոր նպատակ՝ հավանական հակառակորդի մոտ թուլացնել պատերազմելու, պայքարելու ցանկությունը։  Այսպիսով, հակամիլիտարիստական շարժումները, լինելով սոցիալական շարժման տեսակ, հանդիսանում են այնպիսի կոլեկտիվ գործողություններ, որոնք հիմնված են ռազմական կոնֆլիկտի դադարեցման, ուժային կառույցների վերակազմավորման գաղափարի վրա և նպատակ ունեն փոխել հասարակության վերաբերմունքը ռազմական ինստիտուտների և դրանց ֆունկցիաների հանդեպ:

Հակամիլիտարիստական շարժումների զարգացման մի քանի պատմական փուլ կարելի է առանձնացնել:

Դրանք են[8].

  1. Խաղաղության վաղ/սկզբնական ջանքերը 

1815-ից սկսած Անգլիայում և ԱՄՆ-ում ձևավորվեցին առաջին խաղաղասիրական ընկերութունները: Այս փուլում առաջնահերթ էր խաղաղության, որպես արժեքի ձևակերպումը, և առավելապես ուղղված էր գաղափարական հիմքերի ստեղծմանը պացիֆիզմի գաղափարախոսոսւթյան տեսքով, քան բուն գործողությունների իրականացմանը:

  1. Երկրորդ Համաշխարհային պատերազմին հաջորդող և Սառը պատերազմի ժամանակահատվածը

Այս ժամանակահատվածում միջազգային հանրությունը զգալով Երկրորդ համաշխարհային պատերազմների հետևանքները, համախմբեց իր ջանքերը պատերազմները կանխարգելելու հարցում և ստեղծեց ՄԱԿ-ը, որն էլ հենց պետք է ուղղված լիներ միջազգային խաղաղության հաստատմանը:

  1. Նոր խաղաղության շարժումներ /1960-1970-ականներից սկսած/

Այս փուլի ամենաուշագրավ շարժումը ԱՄՆ-ում սկիզբ առած շարժումն էր, որը նպատակ ուներ դադարեցնել Վիետնամի պատերազմը:

  1. Հետսառըպատերազմյան շրջանի շարժումներ

Խորհրդային միության փլուզմամբ, որն էլ Սառը պատերազմի ավարտի խորհրդանիշն էր, հետխորհրդային տարածքում, Մերձավոր Արևելքում և Հարավսլավիայում առաջացավ տևական անկայունության շրջան, նոր էթնոքաղաքական զինված կոնֆլիկտներ, որոնց կանխարգելման, լուծման կամ տրանսֆորմացիայի նպատակով ստեղծվեցին նոր խաղաղասիրական մոտեցումներ՝ իրենց յուրահատուկ գործիքակազմերով, որոնցից մեկը հակամիլիտարիստական շարժումներն էին: ՀՀ-ում սկիզբ առած հակամիլիտարիստական շարժումը դրանցից մեկն էր։ Այն ձևավորվել է Արցախյան պատերազմի համատեքստում, որն էլ իր հերթին հետսառըպատերազմյան աշխարհքաղաքական իրավիճակի դիսևրումներից էր:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել հայաստանյան հակամիլիտարիստական շարժումների հռետորաբանության միջոցով կառուցակցվող հայկական բանակի միֆոլոգեմը[9]։ Նշված հետազոտական թեման արդիական է առավել քան երբեք, քանի որ ՀՀ-ն գտնվում է ոչ միայն սառած, այլ նաև ակտիվ պատերազմական իրավիճակում: Ուստի ոչ միայն տեսական, այլև կիրառական նշանակություն ունի 2010- աններից նկատելի դարձած խաղաղասիրական գաղափարների ուսումնասիրությունը, որոնք ամբողջության մեջ կառուցակցում են հայակական բանակի կերպարը: Այս հարցերի վերաբերյալ պատկերացում կազմելու համար, նախ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու  և ինչպես են առաջանում հակամիլիտարիստական շարժումները:

Այս շարժումների առաջացման հիմնական պատճառներն են ՝

  • Ռազմական սպառնալիքի բնույթի փոփոխություն

Ժամանակակից աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, շատ է հնչում «չէ՞ որ արդեն 21-րդ դարն է, ո՞վ պետք է մեզ վրա հարձակվի» արտահայտությունը, որն  աշխարհը ներկայացնում է զարգացած և զերծ պատերազմներից։ Արդյունքում դժվար է հավատալ, որ աշխարհում կան պետություններ, որոնք նպատակաուղղված կերպով կարող են ատելություն սերմանել այլ ազգի հանդեպ և  զավթողական պատերազմներ սկսել։ Բացի դա, պոստմոդեռնի հասարակություններում որպես սպառնալիք սկսեցին ընկալվել առօրյա կյանքում հանդիպող պատահարները, օրինակ ավտովթարները, աղտոտումը, համավարակները, ահաբեկչությունը, թմրադեղերը և այլն[10]: Որպես նոր տիպի սպառնալիք, առանձնացվում է նաև ինքնության կորուստը կամ ինքնության խաթարումը[11]:  Խաղաղության դարաշրջանի,պատերազմների ավարտի, ինչպես նաև պոստմոդեռնին բնորոշ այլ սպառնալիքների մասին դիսկուրսի գերակա դառնալը ստիպում են մարդկանց միավորվել հակամիլիտարիստական շարժումների շուրջ։

  • Քաղաքացիական հասարակության ձևավորում և հաշվետվողականություն

Բազմաթիվ գլոբալիզացիոն գործընթացների ներքո հասարակության լայն զանգվածների մոտ սեփական երկրի կառավարման հանդեպ քննադատական մոտեցում է ձևավորվում։ Եթե նախկինում քաղաքացին անվերապահ համաձայն էր պետության բոլոր տեսակի որոշումների հետ, այդ թվում՝ պատերազմի և դրա վրա ծախսվող գումարների հետ, ապա պոստմոդեռնի քաղաքացին չի համաձայնում երկրի միջոցները պատերազմի վրա ծախսել, եթե վերջինս իր անմիջական սահմանների մոտ չէ ծավալվում։ Բացի դա, հասարակության անդամների կրթության և քննադատական մտածղության աճին զուգահեռ, կառավարությունները ստիպված են լինում լինել ավելի հաշվետու ռազմական և այլ ոլորտներին հատկացվող գումարները պլանավորելիս[12]:

Տնտեսական գործընթացների գլոբալացումը հանգեցրեց նաև երկրների միջև ռազմական հակամարտության վերափոխմանը տնտեսական մրցակցության, ինչպես եղավ օրինակ ԱՄՆ և Ճապոնիայի հակամարտության դեպքում[13]։

  • Կյանքի որակի գերակայություն

Կյանքի որակի լավացման առաջնահերթության հետ մեկտեղ տեխնոլոգիապես զարգացած հասարակությունները հարց են տալիս` ինչո՞ւ զոհել սեփական կյանքը հանուն պատերազմների, որոնք կամ անհրաժեշտ չեն, հաճախ, նույնիսկ, իրենց երկրի սահմաններում չեն, մինչդեռ իրենք կարող են ունենալ հետաքրքիր և երջանիկ կյանք: Սպառողական հասարակությունների անդամները նախընտրում են վայելել կյանքի հաճույքները, ոչ թե պատերազմել, անցնել պարտադիր զինվորական ծառայություն և վճարել հավելյալ հարկեր բանակի և սպառազինության գնման համար։

  • Հասարակությունների դեմոկրատիզացում

Ընտրական մեխանիզմները ժամանակակից հասարակություններում թույլ տվեցին լայն մասսաներին մասնակցել երկրի կառավարման գործընթացներում։ Սոցիալական շարժումները այս կոնտեքստում հասարակություն-

պետություն կոնֆլիկտի արդյունք են։ Սոցիալական շարժումների միջոցով հանրությունը ևս մեկ անգամ արտահայտում է իր կամքը՝ անհամաձայնությունը պետական որոշումների և պետական քաղաքականության հետ։ Մյուս կողմից, համաձայն  պոստմոդեռնի հասարակություններին վերագրվող ընդհանուր կարծիքի՝ «ժողավրդավարությունները չեն պատերազմում», այլև փնտրում են կոնֆլիկտի կարգավորման այլընտրանքային միջոցներ։

  • Պատերազմի ռացիոնալության քննում. հասարակության զարգացման զուգահեռ լայն խմբերը սկսում են քննության առնել, թե որքանով է արդարացված նոր պատերազմի հրահրումը, ինչ կտա այն իրենց, որքանով է հավանական հաղթանակը, ինչ է սպասվում պարտության դեպքում։  Հակամիլիտարիստական շարժման առաջացման նման օրինակ է Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում առաջին մեծամաշտաբ շարժման ձևավորումը: Հյուսիսային Վիետնամի ռմբակոծությունը և այնտեղ ամերիկյան նոր ուժերի կուտակման անհրաժեշտությունը լայն մասսաների դժգոհության ալիք դարձավ: Խաղաղասիրական կոչերով բողոքի ակցիաները, անհնազանդության միջոցառումները և հակամիլիտարիստական լոբբինգը ուղեկցում էր ԱՄՆ-ն ողջ պատերազմի ընթացքում` ի վերջո՝ ստիպելով կառավարությանը կամաց-կանաց պակասեցնել ամերիկացիների ներգգրավածությունը կոնֆլիկտում։
  • Արժեքների գլոբալիզացիա

Խաղաղությունը որպես հասարակական բարիք և գերարժեք ձևավորվեց արևմուտքում: Սակայն, գլոբալիզացիոն գործընթացները, ինչպես նաև կոմունիկացիաների մեծացող հնարավորությունները, կոշտ սահմանների փոխակերպումը վիրտուալի՝ նպաստեց որոշ արժեքների ներթափանցմանը այլ տարածաշրջաններ և ինտեգրմանը այլ հասարակությունների արժեհամակարգերին:

Թվարկված բոլոր պատճառները նպաստեցին ոչ միայն հակամիլիտարիստական շարժումների առաջացմանը, այլ նաև ռազմական ոլորտի խնդիրների և լուծումների գլոբալացմանը: Մի կողմից, հասարակության որոշ շերտեր ձևավորում են չպատերազմելու և/կամ զինվորական պարտադիր ծառայություն չանցնելու պահանջ՝ պայմանավորված համընդհանուր միջազգային միտումներով, մյուս կողմից՝ պետությունը ստիպված է ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, սառած կամ ակտիվ ռազմական կոնֆլիկտի դեպքում: Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի մաս կազմող հակամիլիտարիստական շարժումները իրենց տեսլականի համաձայն կառուցակցում են նոր իրականություն տարբեր միֆոլոգեմների միջոցով, որոնք պետք է կողմնորոշեն շարքային քաղաքացուն կատարել ծանրակշիռ ընտրություն՝ ընդունել միջազգային արժեքները թե հետևել սեփական պետության առաջնահերթություններին:

Հայաստանյան հակամիլիտարիստական շարժումը ևս բացառություն չի: Ըստ, այդմ՝ փորձենք հասկանալ հայաստանյան իրականությունում ինչպիսի դիսկուրս է ձևավորում հակամիլիտարիստական շարժումը՝ օգտագործելով հայկական բանակի միֆոլոգեմը: Այս նպատակին հասնելու համար ընտրվել են երեք առավել ակտիվ, ոչ ֆորմալ հակամիլիտարիստական նախաձեռնությունները, որոնք կարող են դիտարկվել իբրև մեկ ընդհանուր հակամիլիտարիստական սոցիալական շարժում[14]: Դրանք են՝ “Բանակն իրականում”, “Սևազգեստ մայրեր” և “1000 դրամ”: Դիսկուրս վերլուծության են ենթարկվել այս նախաձեռնությունների կողմից հրապարակված գրառումները սոցիալական մեդիայում` պաշտոնական բլոգերում, ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Հակամիլիտարիստական շարժումն առավել ակտիվ է եղել 2011-2017թթ.: Այդ ժամանակահատվածում իրականացվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, և եղել են բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ և  մամուլի հրապարակումներ, ուստի կարիք կա ուսումնասիրել հենց այս ժամանակահատվածի հռետորաբանությունը:

Պետք է նշել, որ թե մինչ 2010-ական թվականները, թե 2016-ից հետո, բանակի և երկրի պաշտպանական քաղաքականության վերաբերյալ եղել են քննադատություններ, ինչպես նաև ձևավորվել են գործընթացներ, որոնք ևս կարելի է ուսումնասիրել որպես սոցիալական շարժում: Այդպիսիք են՝ 2017 թվականին սկիզբ առած “Հանուն գիտության զարգացման”  ուսանողական շարժումը, որը պայքարում էր տարկետման իրավունքի համար, և “Ազգ-բանակ” հայեցակարգի շուրջ ծավալված քննադատական դիսկուրսը: Ներկայումս շարժումներն ակտիվությունը փոքր-ինչ պակաս է, ինչպես նաև տեսանելի է շեշտադրումների փոփոխություն հռետորաբանության մեջ, ուստի և ներկայիս զարգացումները, և 2017թ.-ին ծավալված 2 շարժումները մեկ այլ հոդվածի կամ հոդվածների ուսումնասիրության նյութ են:

Այսպիսով, հայկական հակամիլիտարիստական շարժումը ծավալվել է մի քանի հիմնական դիսկուրսիվ ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրն արտահայտվում է միֆոլոգեմների տեսքով: Ընդհանուր առամբ վերլուծվել է 300 միավոր նյութ։

Դիսկուրսի հիմնական ուղղվածություններ են՝

Զինվորների իրավունքները  պաշտպանվածություն

Ամենահաճախ հանդիպող թեման է, որը դրսևորվում է համանուն միֆոլոգեմի տեսքով։ Վերջինս շատ հաճախ շրջանառվում է շարժման թե՛ առաջնորդների, թե՛ մասնակիցների կողմից: Այս միֆոլոգեմը ենթադրում է իրավունքների խախտման մի քանի կետ՝ զորակոչի ժամանակ բժշկական ստուգման թերություններ, անուշադրություն նորակոչիկների առողջական խնդիրներին, կոռուպցիա, շարունակական կրթության իրավունքի խախտում, ինչպես նաև դեպքեր, որոնք արձանագրվում են հենց զինվորական ծառայություն ընթացքում, օրինակ՝ զինվորական կոլեկտիվներում ոչկանոնադրական հարաբերությունների առկայություն, և զինվորական կոլեկտիվներում հարաբերությունների հաստատում ոչ թե ըստ ԶՈՒ կանոնադրության, այլ քրեական ենթամշակույթի օրենքների: Միֆոլոգեմներն հետևյալն են՝

-Զինվորների իրավունքների անտեսված են բանակում։

-Բանակում առկա է հանցավոր անտարբերության, բռնության, խոշտանգումների մթնոլորտ

-Զինվորները հոգեբանորեն ճնշված են։

-Զինվորները զրկված են կրթության շարունակական իրավունքից։ Քաղաքացիական կյանք վերադառնալով՝ նրանք, նույնպես, չեն կարողանում շարունակել իրենց կրթությունը։

Արտականոնադրական հարաբերությունները զինված ուժերում

Շարժման հռետորաբանությունում հաճախակի խոսվում է բանակում ոչկանոնադրական հարաբերությունների մասին՝ նկատի ունենալով քրեական մշակույթի առկայությունը զինվորական կոլեկտիվներում: Սա ամենատարածված դիսկուրսներից է, որը շրջանառվում է գրեթե բոլոր հակամիլիտարիստական շարժումների կողմից։ Այդպիսով, դրանք անուղղակիորեն մատնանշում են, որ բանակում բացակայում է կարգ ու կանոնը, մարդկային փոխհարաբերություները կարգավորվում են ոչ թե ԶՈՒ կանոնադրությամբ, այլ քրեական ենթամշակույթին հատուկ բարքերով։ Բացի դա, գործում է քրեական հեղինակությունների հովանավորչությունը դրսից:

 Հետևաբար, հարցականի տակ դնելով ամբողջ բանակի ինստիտուտը․ ինչպե՞ս պետք է զինվորը պաշտպանի իր հայրենիքը, եթե, նույնիսկ, ինքն իրեն չի կարողանում պաշտպանել։

Այս դիսկուրսը արտահայտվում է հետևյալ միֆոլոգեմների միջոցով՝

-Բանակում տիրում են հանցագործ բարքեր։

-Բանակում առկա է հանցագործների հովանավորչություն։

-Բանակում ամենաթողության մթնոլորտ է տիրում։

Այս միֆոլոգեմները նախորդների շարունակությունն են և հանդիսանում են ևս մեկ միջոց ամրապնդելու այն կարծիքը, որ հայկական բանակում զինվորը պաշտպանված չէ ոչ միայն արտաքին թշնամուց, այնպես էլ հենց իր հայրենակիցների կողմից: Շարժման դիսկուրսում հաճախակի հանդիպող հակադրություններից է հայկական բանակի սպան և հայկական բանակի զինվորի հակադրություն, որտեղ սպան ներկայացվում է իբրև վտանգի աղբյուր, երբեմն՝ թշնամի հայկական զինվորի համար։ Իբրև այս դիսկուրսի ամրապնդման միջոց դիսկուրսում կարելի է հանդիպել զինվորների շահագործման մասին միֆոլոգեմներ։

Մեջբերում. “Մայոր Նազարեթյանը զորամասը գոմ էր դարձրել, զինվորին էլ՝ անասնապահ…”

Զինված ուժերի և առողջապահության ոլորտի փոխառնչություններ

Շարժման դիսկուրսի ուղղություններից է զինվորների առողջությանը, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրների և դրանց տրվող լուծումների, ինչպես նաև զորակոչվելուց առաջ բժշկական զննության հարցերը: Մասնավորապես, քննարկվում են դեպքեր, երբ բանակ են զորակոչել առողջական խնդիրներ ունեցող անձանց, կապելով դա կոռուպցիայի առկայության հետ, կամ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել ծառայության ընթացքում առողջական խնդիր առաջանալու դեպքում: Այս դիսկուրսը արտահայտվում է հետևյալ միֆոլոգեմների միջոցով.

-Առողջական խնդիրներ ունեցող զինվորների զորակոչման արատավոր գործելակերպ է գործում ։

Մեջբերում. “ՊՆ-ն տեղյակ էր զինծառայողի խելագարության մասին”։

-Զինծառայողների բուժումը անարդյունավետ է իրականցվում։

-Զինծառայողի առողջությունն անտեսված է թե՛ առողջապահության, թե՛ պաշտպանության նախարարության կողմից։ 

Մեջբերում․ “Զինվորի մահ է գրանցվել ուշ սոնոգրաֆիա անելու պատճառով, ռիսկ չեն արել գիշերը զորամասի ղեկավարին արթնացնել։”

Զինված ուժերում միջադեպերի իրավական քննության հիմնախնդիրները

Այս ուղղությունը մատնանշում է ոչ միայն բուն զինված ուժերի և իրավական ոլորտի փոխառնչությունները, այլ նաև ընդհանուր առմամբ երկրում օրենքի գերիշխանության բացակայությունը: Ընդ որում, խնդիրներ են մատնանշվում սկսած քննչական աշխատանքի թերություններից, մինչ դատարանների անկախության բացակայություն, համատարած կոռումպացվածութուն: Հաշվի առնելով, որ շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության մաս, զարմանալի չէ, որ այս շարժման հռետորաբանության մեջ կարելի է տեսնել դատական համակարգի, մասնավորապես՝ դատարանների հանդեպ անվստահություն: Առհասարակ սոցիալական շարժումների միֆոլոգեմները շատ հաճախ են կառուցվում “անպատժելիության”, “անօրինականության”, “անարդարության” և “անհավասարության” գաղափարների շուրջ, քանի որ դրանք են այն հիմնական առանցքները, որոնք ստիպում են անհատների  համալրել շարժման կազմը: Քանի որ հենց դրանք են այն սոցիալական պահանջմունքները, որոնք մեծապես բավարարված չեն հասարակությունում և դրանց միջոցով է առաջանում հասարակական դժգոհոթյունը, բողոքը և ընդվզումը: Այս հարցի շուրջ դիսկուրսը արտահայտվում է հետևյալ միֆոլոգեմների միջոցով՝

-Դատական նիստերին հնչած խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունները չեն քննվում դատարանի կողմից, տեղի ունեցած բռնությունների և իրավունքների խախտումները, հատկապես սպանությունները կամ մահվան ելք ունեցող միջադեպերը մնում են չբացահայտված և անպատիժ:

-ՊՆ-ն կոծկում է բանակում կատարվող բռնությունները:

-Երկրում չկա օրենքի գերակայություն։

Բանակն ու ամբողջ պետական համակարգը խորապես կոռումպացված է։

Մեջբերում. “Վերին գետաշենի գյուղապետը մահացած զինծառայողի անունով դուրս գրված գումարները լափում, վիլլաներ է  սարքում…”

-Բանակում մահվան դեպքերը կոծկվում են, իրական մեղավորները չեն պատժվում:

-Բանակում դեպքերի ականատսներին խոշտանգումների և ճնշումների են ենթարկում:

 

Մեջբերում. “Գեւորգ Կոստանյանին, ում ղեկավարությամբ պարտակվել են զինված ուժերում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություններ եւ հանցագործներ` դեպքերի ականատեսներին խոշտանգումների եւ ճնշումների ենթարկելու, ստի եւ կեղծիքի, արդարություն որոնող ընտանիքների առողջության գնով”։

-Իշխանությունները անգործություն և անկարողություն են դրսևորում բանակի հիմնախնդիրներ լուծելու ուղղությամբ:

-Զոհվածների ծնողները չեն վստահում դատարաններին և դատաբժշկական փորձաքննությանը։

-Քննիչները իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում։

Զինված ուժերում կատարված միջադեպերի և մահվան դեպքերի հաղորդման տեղեկատվական քաղաքականությունը։

Շարժման դիսկուրսի հաջորդ կարևոր ուղղությունը վերաբերում է բանակում զոհերի մասին տեղեկատվության հաղորդմանը: Հիմնականում, ընդգծվում է զոհերի մեծ քանակը և հաճախականությունը, մատնանշելով, որ դա “հերթական” զոհն է, կամ հայկական կողմը “նորից” զոհ ունի: Հաճախ նշվում է, որ զոհերի և բռնությունների իրական թիվը շատ ավելին է, քան արձանագրվել է համապատասխան մարմնի կողմից: Բացի այդ շարժման դիսկուրսում կարելի է հաճախ հանդիպել, որ բանակում տեղի ունեցող սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություն: Այս պարագայում միֆոլոգեմները կառուցվում են հայ զինվորի անպաշտպանության, նրա հանդեպ անարդարություն ու անտարբերության գաղափարների շուրջ։ Այս դիսկուրսը ներկայացնող հիմնական միֆոլոգեմներն են՝

-Բանակում զինվորների մահը հաճախակի բնույթ ունի։

Մեջբերում. “Հունվարը դեռ չի ավարտվել բայց հայկական բանակն արդեն 3 զոհ է տվել”։

-Բանակում զոհերի իրական թիվը ավելին է քան հայտարարվում է։

-Բանակում զոհված զինվորների մահվան հանգամանքները ճիշտ չեն ներկայացվում։

            -Մեջբերում. “Զինվորը մահացել է ձգալարից հոսանքահարվելուց, սակայն այնտեղ հոսանք չկա”։

Բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների և ոստիկանների վերաբերմունքը մահացած զինվորների հարազատների հանդեպ։

Հայաստանյան հակամիլիտարիստական շարժման հռետորաբանության բաղադրիչներից մեկը զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հանդեպ վերաբերմունքի ներկայացումն է: Այս բաղադրիչը ներկայացնող միֆոլոգեմները հիմնվում են էմոցիոնալ բարձր ծանրաբեռնվածություն ունեցող փաստերի վրա և իրականում ներկայացնում են պետական համակարգի վերաբերմունքը զինվոր կորցրած անհատների հանդեպ, այդպիսով ևս մեկ անգամ անուղղակի ձևով մատնանշելով, որ պետությունը հոգ չի տանում ոչ միայն զինվորի մասին, այլ նաև նրա ընտանիքի մասին, մինչդեռ հասարակությունը ակնկալում է հակառակը․ հայրենիքի պաշտպանությունը մեծագույն արժեք է և առաքինություն։ Նաև, նշվում է զոհված զինծառայողների ծնողների և ակտիվիստների կողմից կազմակերպված հավաքների, կամ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման մասին:

-Պետություն զոհվածների ծնողներին արհամարհական է վերաբերվում։

Մեջբերում.  “Սերժ Սարգսյանը չի ընդունել զոհվածների ծնողներին, ճաղերի հետևից է խոսել նրանց հետ”։

 

-Ոստիկանությունը ապօրինի գործողություններ է կատարում խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ:

            Մեջբերում. «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ակցիան հերթական անգամ հանդիպեց ոստիկանության կողմից իրականցվող ապօրինություններին: Բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության աշխատակիցներն սկզբում խոչընդոտեցին ակցիայի մասնակիցների մուտքն «Ազատության» հրապարակ, այնուհետեւ՝ բերման ենթարկեցին ակցիային իրենց զորակցությունը հայտնած երեք քաղաքացիների` Վարդգես Գասպարիին, Արա Նեդոլյանին եւ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի աշխատակից Արտաշես Սերգոյանի հանդեպ:

Մեջբերում. “Իսկ ո՞վ պետք է մեզանից ներողություն խնդրի, մեզ քաշքշելու համար։ Գուցե ոստիկանապետը թե՞ ոստիկանը, չնայած իրենցից ի՞նչ ոստիկան”։

Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների, Պաշտպանության նախարարության քննչական բաժնի, զինվորական դատախազության ճնշումները զինված ուժերում կատարվող միջադեպերը լուսաբանող լրագրողների հանդեպ

Այս թեման վերաբերում է բանակում կատարվող միջադեպերի վերաբերյալ լրագրողների գրած ռեպորտաժներին: Ըստ շարժման, դրանք ոչ թե հիմք են դառնում բանակում կատարված հանցագործությունները բացահայտելուն, այլ պատճառ են դառնում ճնշումների ենթարկել լրագրողներին:  Այս թեմայի վերաբերյալ հիմնական միֆոլոգեմներն են՝

-Պաշտպանության նախարարությունը ապօրինի ճնշումների սպառնալիքների և ահաբեկումների է ենթարկում բանակում բռնության դեպքերը լուսաբանող լրագրողներին՝ կանչում է հարցաքննության, պահանջում տեղեկատվության աղբյուրները, զանգում և պահանջում հեռացնել նյութերը:

-Որպես հանցագործության հաղորդում չի ընդունում լրագրողների հրապարակած հոդվածները և չի պատժում մեղավորներին:

Մեջբերում. “Փոխարենը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվում և մեդալներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր հեռու են բանակում իրական հանցավորության մթնոլորտը ներկայացնելուց: Նման գործելակերպը վկայում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բռնությունները կոծկելու արատավոր իր պրակտիկան”:

 

Զինծառայողների սոցիալական պաշտպանությանը հանրային ֆինանսական մասնակցության հարցեր:

Այս թեման խնդրականացվեց, երբ խորհրդարանը առաջ քաշեց “1000 դրամների” հիմնադրամի ստեղծման օրինագիծը, որը քաղաքացիական անձանց ֆինանասկան պարտավորությունն է հայկական բանակի առաջ։ Այս բաղադրիչի միֆոլոգեմները ոչ այլ ինչ են քան ազգ-բանակի կոնֆլիկտի ներկայացում։ Շարժման նարրատիվները հարցականի տակ են առնում, թե ինչու պետք է շարքային քաղաքացիները հավելյալ գումար վճարեն բանակի համար, չէ որ արդեն հարկեր են վճարում, որոնցից և գոյանում է բանակի բյուջեն։ Միևնույն ժամանակ այս նարրատիվներում կրկնվում է “երկիրն ամենաթողության վիճակում է” միֆոլոգեմը՝ ակնարկելով բանակում և այլ պետական կառույցներում բացահայտ կոռուպցիայի դեպքերը և հետևաբար ինստիտուցիոնալ վստահության պակասը այդ նախաձեռնության հանդեպ։

-Երկրի պաշտպանությունը ապահովելը պետության խնդիրն է, ոչ թե պետության քաղաքացու խնդիրը։

1000 դրամների նախաձեռնությունը անօրինական է:

Մեջբերում. “1000 դրամների անօրինական է։ Նախաձեռնությունը ամոթ է, 1000 ամոթ”։

-1000 դրամերի նախաձեռնությունը քաղաքացուն կողոպտելու նոր ձև է։

Մեջբերում. “Թող թալանածը հետ վերաձարձնեն, այլևս 1000 դրամ ժողովրդից վերցնելու կարիք չի լինի”

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի քննադատություն

Քննադատությունը մատնանշում է, որ տվյալ օրենքը հակասում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքին և Եվրոպական ստանդարտներին: Խոսքը այն մասին է, որ ՀՀ Զինված ուժերը լիազորված են կատարել գործողություն, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես մասնակցել ներպետական հարցերին, և արտակարգ իրադրության ռեժիմում մասնակցել այդ ռեժիմի պահպանմանը: Արտահայտվում է հետևյալ միֆոլոգեմներով՝

-ՀՀ Զինված ուժերը ՀՀ Սահմանադրությանը և Միջազգային իրավունքին հակասող գործառույթ ունեն

-Այդ գործառույթը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիների կամարտահայտմանը և հակասում է ՀՀ քաղաքացիների անօտարելի իրավունքներին

Պատերազմի շուրջ դիսկուրս

Պատերազմների մասին միֆոլոգիզացված նարատիվները շատ տարածված են։

Պատերազմը պետք է պետություններին և ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին, հատկապես՝ զինվորներին:

 Շրջանառվում է նաև այս միֆոլոգեմի մի փոքր ձևափոխված տարբերակը՝ “պատերազմը պետք է միայն գերտերություններին”: Այս միֆոլոգեմը թաքնված իմաստ ունի. պատերազմը ենթադրում է մեծ գումարներ զինամթերք արտադրող պետությունների համար: Հետևաբար այն կարող է շահութաբեր լինել միայն գումարներ ստացող կողմի համար, ոչ թե պատերազմող կողմերի համար, որոնք ունենալու են մարդկային, ֆինանսական և նյութական հսկայական կորուստներ: Նաև, ակնարկելով, որ փոքր պետությունները ինքնուրույն ոչինչ չեն որոշում, և պատերազմում են որևէ գերտերության շահերը տարածաշրջանում ամրապնդելու համար: Թերևս, ներկայացնելով իրականության պարզեցված պատկեր՝ միֆոլոգեմը անտեսում է այն փաստը, որ չպատերազմել հնարավոր է այն դեպքում, երբ երկու պետություններն էլ ունեն համաձայնություն և քաղաքական կամք ընդունել խաղաղությունը: Խաղաղության և ապառազմականացման ջանքերը պետք է համաչափ իրականացվեն զինված հակամարտության մեջ գտնվող երկրներում, այլապես, միայն մի կողմին վաղաժամ ապառազմականացնելով, և պատրաստելով խաղաղության, իսկ հակամարտության մյուս կողմում գերռազմականացումը, սպառազինությունների գնումը և հասարակության մեջ ատելության սերմանումը կբերի ոչ թե խաղաղության, այլ կողմերից մեկի ջախջախմանը:

Քննարկում

Հակամիլիտարիստական շարժման դիսկուրսի դիտարկումը թույլ է տալիս խոսել այն հիմնական առանցքների մասին, որոնց շուրջ կառուցվում է բանակի կերպարը։ Այդ ուղղությունները ՀՀ զինված ուժերի այն ասպեկտներն են, որոնք մշտապես խնդրականացվում են ոչ միայն դիտարկվող շարժումների, այլ նաև մամուլի, տարբեր հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների և հասարակության կողմից: Դրանք են՝

  • Բանակում զինվորների մահման դեպքերի քննություն
  • Բանակում մարդու իրավունքների պաշտպանվածության հարցը
  • Զինծառայողների առողջության հանդեպ անտարբեր վերաբերմունքը և բժշկական սպասարկման թերությունները
  • Ոչկանոնադրական հարաբերություններ
  • Կրթական գործընթացի անընդհատության ապահման անհնարինություն
  • Քաղաքացիական ծառայության պարտադրողականություն
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պարտադիր ֆինանսական մասնակցություն (1000 դրամների հիմնադրամ)
  • Բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, ոստիկանների վերաբերմունքը զոհված զինծառայողների հարազատներին, ակտիվ քաղաքացիներին և լրագրողներին
  • Բանակի ինստիտուտի անհրաժեշտության վերանայում
  • Խաղաղության օրակարգի ձևավորում

Այս առանցքները մատնանշում են ոչ միայն ՀՀ բանակի խնդրահարույց ասպեկտները՝ ըստ շարժման, այլ նաև այդ խնդիրների ամբողջական կամ մասնակի լուծում: Թերևս, նշված թեմաներից, ոչ բոլորն են հանդես գալիս իբրև միֆոլոգեմներ։ Այդպես, հակամիլիտարիստական շարժումը որպես բանակում առկա խնդիրների լուծում տեսնում է՝

  • Կադրային արմատական փոփոխություններ,
  • զինվորների մահվան դեպքերի արդար քննության ապահովում,
  • քաղաքական և ռազմական վերնախավի, ինչպես նաև դատական համակարգի և զինվորական դատախազության ներկայացուցիչների փոփոխություն
  • տարկետման չափորոշիչների վերանայում և մշակում
  • զինված ուժերը մարդկային ռեսուրսով համալրելու այլ տարբերակներ՝ օրինակ պայմանագրայինների թվի ավելացումը
  • Զինված ուժերի և զինծառայողների ֆինանսական ապահովության հարցերի լուծում, ստվերային տնտեսության և կոռուպցիայի կրճատման միջոցով

Այսպիսով՝ համաձայն հակամիլիտարիստական շարժման դիսկուրսի՝ վերջինիս հայտարարված նպատակն է  ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը և միջադեպերի արդար քննությանը: Շարժման հռետորաբանությունը բավական հուզական է և նեգատիվ: Կիրառվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ամենաթողություն, անպատժելիություն, խոշտանգումներ, իրավունքների ոտնահարում, նվաստացում, հանցագործությունների պարտակում և այլն:

Ամփոփում

Ամփոփելով կարելի է ասել, որ՝ հայկական հակամիլիտարիստական շարժման հռետորաբանության դիտարկումը, մասնավորապես՝ հայկական բանակի միֆոլոգեմի ուսումնասիրությունը, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսի բանակի կերպար է կառուցակցվում հասարակության համար։ 2011-2017 թվականների դիսկուրսի ուսումնասիրության համաձայն, հակամիլիտարիստական շարժումը ներկայացնում է հայկական բանակը իբրև թույլ և անպաշտպան, բազմաթիվ արատավոր խնդիրներով՝ կոռուպցիա, արտականոնադրական հարաբերություններ, անպատժելիություն և ամենաթողություն։ Հայկական բանակը ներկայացվում է իբրև մի միջոց, որի օգնությամբ մանիպուլացնում են հանրությանը՝ հավելյալ գումարներ կորզելու համար միևնույն ժամանակ անտեսելով զոհվածների ընտանիքիների վիշտը։

ՀՀ բանակի վերաբերյալ միֆոլոգեմների ուսումնասիրությունը թույլ է տալիս պատասխանել նաև մեկ այլ կարևոր հարցի՝ ինչու խաղաղության արժեքը քարոզող շարժումը չի կարողանում մեծ թվով համակիրներ համախմբել իր շուրջ և զգալի ազդեցություն ունենալ: Այս երևույթի պատճառները տարբեր են: Նախ, հակամիլիտարիստական շարժման գաղափարախոսությունը սկիզբ է առել պատերազմ նախաձեռնող հասարակություններում, իսկ ՀՀ-ն պատերազմը նախաձեռնողի դերում չէ, և գերխնդիր ունի ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը և իր սահմանների անձեռնմխելիությունը: Հետևաբար,  հայ հասարակությունը խաղաղություն պահանջելով գիտակցում է, որ այն պետք է լինի երկկողմանի։ Քանի դեռ Ադրբեջանը ունի տարածքային ձգտումներ, իսկ Թուրքիան այլ նախապայմաններ, հայկական կողմի խաղաղության կոչերը անպատասխան են մնալու։ Մեկ այլ պատճառը այն է, որ հայկական հակամիլիտարիստական շարժումը, ինչպես տեսանք, կառուցում է հայական բանակի կերպարը քննադատության և պարսավանքի հիման վրա, շեշտադրելով բանակի միայն բացասական կողմերը, անտեսելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ հայկական բանակն է եղել պետության և քաղաքացու ֆիզիկական անվտանգության պաշտպանը՝ վայելելով քաղաքացու անվերապահ վստահությունը: Հետևաբար, հակամիլիտարիստական շարժման կողմից քարոզվող արժեքները և եղանակները կոնֆլիկտի մեջ են մտնում հասարակության դոմինանտ արժեքների հետ, ինչի պատճառով էլ այն չի կարողանում լայն մասսաների ներգրավվել, ընդհակառակը՝ իր դեմ տրամադրելով հասարակության որոշ շերտերին: Շարժման անհաջողության պատճառներից մեկը նաև ձևակերպած նպատակների մեջ է: Ցանկանալով հասնել խաղաղության օրակարգի շարժումը պահանջում է քաղաքական վերնախավի փոփոխություն, բայց վերջինս չունի ոչ մի տեսակի լծակ այս նպատակը իրականցնելու համար: Եթե դիտարկենք շարժման զարգացումը ապագայում կարելի է կանխատեսել, որ վերջինս հետզհետե կմարի, քանի որ չունի շոշափելի արդյունքներ, որոնք կմոտիվացնեն իր շուրջ համախմբված անհատներին ու խմբերին, իսկ սահմանված նպատակները ձևավոված իրականության պայմաններում շատ լայն են և դժվար իրագործվող:

Գրականության ցանկ

  1. Beck U. “Risk Society Towards a New Modernity” SAGE publications, US, CA 1992, first published 1986
  2. J. The Military in New Times Adapting Armed Forces to a Turbulent World, Westview Press, London and New York, 1994
  3. Giddens A., Sociology, A brief but critical Introduction, Macmillan, London, 1982
  4. Giugni M., International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Peace Movements, 2015, p. 643–647
  1. Gamson, W. A. The Strategy of Social Protest. 2nd ed. Belmont, CA:  Wadsworth Publishing, 1990
  2.  Habermas J. «The Theory of Communicative Action» Vol. 1-2. Boston 1984
  1. Shaw M. Post Military Society: Militarism, Demilitarization, and War at the end of Twentieth Century, Temple University Press, U.S 1991Shaw M. The Development of “Common –Risk” Society: A theoretical Overview”, Military and Society in Twenty First Century Europe, A comparative Analysis, Transaction Publishers, US, 2000, p. 13-26
  2. Турен А. «Возвращение человека действующего. Очерк социологии», М.; «Научный мир» 1998

[1] Նման օրինակներից է Լյուդիտների ապստամբությունները Անգլիայում։ Վերջինս աշխատավորների առաջին տարերային ապստամբություններ ուղղված տեքստիլի ֆաբրիկաների դեմ` կարի մեքենաների տեղադրման պատճառով, ինչի արդյունքում դերձակները մնում էին առանց աշխատանքի։

[2] Shaw M. Post Military Society: Militarism, Demilitarization, and War at the end of Twentieth Century, Temple University Press, U.S 1991

[3] Shaw M. The Development of “Common –Risk” Society: A theoretical Overview”, Military and Society in Twenty First Century Europe, A comparative Analysis, Transaction Publishers, US, 2000, p. 13-26

[4] Սոցիալական շարժումների տիպաբանությունը «հնի» և «նորի» կարելի է տեսնել սոցիալական փոփոխությունները հետազոտող բազմաթիվ հեղինակների մոտ։

[5] Habermas J. «The Theory of Communicative Action» Vol. 1-2. Boston 1984, p. 395

[6] Турен А. «Возвращение человека действующего. Очерк социологии», М.; «Научный мир» 1998, с. 64

[7] Gamson W.A., The Strategy of Social Protest. 2nd ed. Belmont, CA:  Wadsworth Publishing, 1990, p. 42

[8] Giugni M., International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Peace Movements, 2015, p.  643-647

[9] Բանակի միֆոլոգեմ ասելով այս կոնտեքստում նկատի ունենք սուբյեկտիվ դատողությունների ամբողջություն, որը նպատակ ունի նկարագրել բանակի ամբողջական կերպարը: Այն հանդիսանում է սոցիալ-պատմական իրականության ներկայցման միջոց, որը անխուսափելիորեն ներառում է այն կառուցակցող հանրույթի պատկերացումները և արժեքները, որոնք ներկայացնում են իրականությունը մասամբ ձևափոխված՝ համապատասխան միֆերի տրամաբանության: Միֆոլոգեմի ֆունկցիոնալ նշանակաությունը կայանում է նրանում, որ վերջինս ներկայացնում է իրականություն արդեն իսկ տրված մշակութային մոդելի հիման վրա:

[10] Beck U. “Risk Society Towards a New Modernity” SAGE publications, US, CA 1992, first published 1986.

[11] Giddens A., Sociology, A brief but critical Introduction, Macmillan, London, 1982

[12] Burk. J. The Military in New Times Adapting Armed Forces to a Turbulent World, Westview Press, London and New York, 1994, p. 4

[13] Ibid p. 7-8.

[14] Հիմք ընդունելով սոցիալական շարժման դասական սահմանումները, որոնք վերջինս սահմանում են իբրև կոլեկտիվ գործողության տեսակ, որը նպատակ ունի փոփոխել առկա սոցիալական կարգը մասնակի կամ ամբողջությամբ, կարող ենք պնդել, որ այս նախաձեռնությունները հանդիսանում են սոցիալական շարժում: Դրանք գործառնում են ցանցային մոդելով և որպես վերջնական նպատակ հետապնդում են ՀՀ բանակի ինստիտուտի մասնակի վերափոխում՝ օր: պարտադիր զորակոչի պահանջի դադարեցում, կամ ամբողջակակ՝ օր.առհասարակ բանակի ինստիտուտի վերացում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *