Հայաստանի վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի կազմավորման մի քանի սկզբունքների մասին

մշակութային լանդշաֆտՀեղինակ՝ Էվիյա Հովհաննիսյան

eviahovhannisyan@yahoo.com

Վաղմիջնադարյան Հայաստանի մշակութային լանդշաֆտը խիստ ուշագրավ, հարուստ ու խոսուն երևույթ է, որի բովանդակալից ուսումնասիրությունը, նրա իրական ու երևակայական մակարդակների վերլուծությունը կնպաստի լանդշաֆտի կազմակերպման գործոնների և տարածքի մշակութայնացման փոխառնչությունների վերհանմանը:

Վերջին տարիները հայագիտության մեջ ակնհայտ տեղաշարժ է զգացվում վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտի ուսումնասիրության ուղղությամբ (Ն. Ղարիբյան, Հ. Պետրոսյան, Ա. Ղազարյան): Վաղմիջնադարյան քրիստոնեական լանդշաֆտի ուսումնասիրությունը ենթադրում է մի շարք կարևոր հարցերի լուծում. թե որտեղ և ինչ պայմաններում առաջ եկան նոր` քրիստոնեական սրբությամբ օժտված վայրեր, և ինչպես էր Ավետյաց երկիր կատարվող ուխտագնացությունների արդյունքում ձևավորվում նոր տիպի պատմական հիշողություն, որը նպաստում էր քրիստոնեական գաղափարախոսության և լանդշաֆտի կազմակերպման ձևերի տեղական մեկնությունների ի հայտ գալուն:

Առանձնապես ուշագրավ է, թե ինչպես էր վաղմիջնադարյան հայ քրիստոնյայի գիտակցության մեջ վերաձևավորվում լոկալ տարածությունը, որն էլ ի վերջո դառնում էր պրակտիկ կիրարկումների հիմք: Այս հայեցակետից խիստ ուշագրավ է թվում տեսիլքների ու մասունքների երևան գալու պատմությունների, հայաստանյան մշակութայնացված լանդշաֆտի վաղմիջնադարյան նկարագրությունների ու վաղ քրիստոսաբանական տեղագրության համադիր քննությունը:

Ի մասնավորի նման քննությամբ հնարավոր է ցույց տալ, որ տարածքի քրիստոնեացում-սրբազնացումն վաղմիջնադարյան Հայաստանում ընթանում էր ըստ հստակ գծված «ընթացակարգի». Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և երեք սուրբ կույսերի նահատակության վայրերի ընդհանրական նկարագրությունը խիստ նույնական է Հիսուս Քրիստոսի խաչվելու վայրի` Գողգոթայի սուրբգրքային նկարագրությունների հետ, ակնհայտորեն տեսանելի է դառնում Զվարթնոցի և Սուրբ Գերեզմանի տաճարի հատակագծային համանմանությունը և Վաղարշապատը Նոր Երուսաղեմ «դարձնելու» փորձերը:

Ներկա քննությամբ կարելի է փաստել, որ հայ վաղմիջնադարյան միտքը ամեն կերպ փորձում էր վերարտադրել վաղքրիստոնեական սրբերի ապրելակերպն ու սուրբերկրային-երուսաղեմյան տարածքային-ծավալային միջավայրը Հայաստանում:

***

Վաղմիջնադարյան Հայաստանի սրբազան լանդշաֆտի էությունը և ակունքները հասկանալու համար անհրաժեշտ է քննել 4-7-րդ դարերում Հայաստանում ընթացող քաղաքական, մշակութային և գաղափարական – դավանական գործընթացները:

Վաղմիջնադարյան մշակութային լանդշաֆտի մոդելի կերտման համար արմատական նշանակություն ունեցան երկու դարակազմիկ իրադարձություններ` քրիստոնեության ընդունումը և ավատատիրական հասարակարգի ձևավորումը: Քրիստոնեությունը Հայաստանում դառնալով պետական կրոն ու ֆեոդալական հասարակության իշխող գաղափարախոսություն` իր պահանջները առաջադրեց մշակութային լանդշաֆտի կազմակերպման գործում: Սրբազան լանդշաֆտների կազմակերպումը, ազգային ինքնության համալիրները և պաշտամունքային շենքերի ճարտարապետությունը ամբողջացվեցին և նորովի մեկնաբանվեցին աստվածաշնչյան թեմաների համատեքստում:  Տարածության մշակութային նոր դիմագիծը կերտվում էր նրա այս կամ այն տարրի մասին ստեղծված պատկերացումների հիման վրա: Լանդշաֆտի մշակութային դիմագծի տակ պետք է հասկանալ վառ ու ինքնատիպ նշանների ամբողջությունը, տվյալ դեպքում` կոթողներ, տաճարներ ու մատուռներ, բերդեր և քաղաքներ, բլուրներ, լեռներ ու ժայռեր, աղբյուրներ ու այգիներ և այս ամենի ծագման, ներկա և ապագային միտված սրբազան գործառույթի մասին պատկերացումների և կիրարկումների ամբողջությունը:

Մշակութային լանդշաֆտի կազմակերպման մեջ նախ և առաջ շեշտը դրվեց աշխարհիկից դեպի սրբազանը աստիճանական անցման վրա: Քրիստոնեությունը` ամեն կերպ փորձում էր ձուլել սակրալն ու պրոֆանը` մեղմացնելով դրանց միջև անցումը` գավիթների, բացօթյա ազատ կանգնած կոթողների, բազմաթիվ ու բազմազան  խաչապատկերների միջոցով: Համաձայն Աստվածաշնչի` Աստված ամենուր է: Հետևաբար ցանկացած վայրում, ցանկացած քրիստոնյա հավատացյալի ձեռքով կերտված քրիստոնեական գաղափարախոսության որևէ իմաստային տարր` խաչ, ձուկ, գառ, աղավնի, խարիսխ, հաց, խաղողի որթ, ալֆա և օմեգա, Քի-Ռո մոնոգրամմա և այլն, որը կցուցեր Քրիստոսի աներևույթ ներկայությունը, սակրալություն է հաղորդում լանդշաֆտին:

Մեկ այլ վաղմիջնադարյան միտում էր լանդշաֆտի սրբացման և կազմակերպման, հետագայում նաև եկեղեցու հեղինակության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցող քրիստոնեական սրբերի ու մարտիրոսների վարքի և նշխարների գյուտերի ուշագրավ պատմությունների տարածումը: Հայ վաղմիջնադարյան միտքը նոր կրոնական գաղափարախոսության շրջանակներում, ամեն կերպ փորձում էր վերարտադրել վաղքրիստոնեական սրբերի ապրելակերպն ու Երուսաղեմյան տարածքային-ծավալային միջավայրը` տեղափոխելով այն Հայաստան տեսիլքների, մասունքների և տերունական սուրբ նշանի միջոցով, այսպիսով տարածքն ու ժողովուրդը հայտնվում էին երկնային քահանայապետության օրենքի ու հովանու ներքո: Վաղքրիստոնեական սրբերի մասունքների` որևէ վայրում տեղադրելու փաստը, հսկայական իրավական ու բարոյական հիմք էր այդ վայրի եկեղեցու գոյության, հզորության և իշխող դիրքի: Դրա մասին են վկայում մի շարք վաղքրիստոնեական հայկական եկեղեցիների ու մատուռների անվանումները, որտեղ պահվել են տվյալ սրբի մասունքները` ի մասնավորի Սբ. Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանեի տաճարը, Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին, Զվարթնոցը և այլն: Եկեղեցին այն համահասարակական «մասնատուփն» էր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող էր հաղորդակից լինել սրբությանը:

Ակնհայտ է, երբ Վաղարշապատում ստեղծվում էին առաջին քրիստոնեական կառույցները, գոյություն է ունեցել Վաղարշապատի սրբազան լանդշաֆտը Երուսաղեմի սրբազան լանդշաֆտին համապատասխանեցնելու ձգտում: 5-րդ դարի երկրորդ կեսին երուսաղեմյան տարածական մոդելն իր մեկնաբանությունը ստացավ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի վերջնական տեքստում: Գրիգոր Լուսավորչի վարքը մի օրինակելի ցուցում է, թե ինչպես էր պատկերացվում և ինչ ընթացակերպով իրագործվում «հեթանոսական տարածքի» քրիստոնեացումը: Համաձայն այդ ընթացակերպի` վաղքրիստոնեական սրբազան լանդշաֆտը նախագծված էր ի վերուստ, իսկ կոթողները, տաճարները, խաչապատկերները, մասունքները, այգային պատկերացումները, Գրիգոր Լուսավորչի տեսիլքը և այլն, զուտ Ավետյաց երկրի մոդելը տեղում վերարտադրելու համար սահմանված տարրեր էին: Միջավայրը վեր է ածվում նշանային համակարգի, որտեղ աշխարհագրական օբյեկտները, բնական լանդշաֆտի տարրերն իմաստավորվում են կառույցների, կոթողների, սիմվոլների, արխետիպերի միջոցով, որոնց ամբողջությունը կերտում է կրոնաառասպելական կամ սրբազան լանդշաֆտը: Արդյունքում ձևավորվում է տարածքի սիմվոլիկ ընկալումը և աշխարհի ֆիզիկական քարտեզը վերածվում է «սրբապատկերի», ձևավորվում է սեմիոսֆերան` մշակույթի սեմիոտիկ տարածությունը, որը հանդիսանում է առանձին նշանային կառույցների գործունեության արդյունք:

Լուսավորչի տեսիլքի հիմնական նպատակն էր ոչ միայն ցուցել որ քրիստոնեության հաստատումը Հայաստանում տեղի է ունեցել աստվածային կամքով և անմիջական մասնակցությամբ, այլև որ այն տիեզերաստեղծ մի գործողություն էր, որի սկիզբը նշանավորվել է հեթանոսական աշխարհի կործանումով (Պետրոսյան Հ., 2008, էջ 12) և վերաիմաստավորմամբ: Այն վայրերում, ուր նահատակվեցին կույսերը և նրանց համախոհները, ըստ տեսիլքի սխեմայի, կանգնեցվեցին խաչակիր կոթողներ: Հետևելով քրիստոնեական տարածական կառույցի ընդհանրական նախատիպին և Հայաստանում 5-րդ դարի կեսերին արդեն առկա կոթողներին և գմբեթակիր կառույցներին (կենտրոնագմբեթ եկեղեցիներին և գմբեթավոր բազիլիկաներին) (Պետրոսյան Հ., 2008, էջ 1)` Գրիգոր Լուսավորչի տեսիլքը վերջնական տեսք ստացավ:

Միջնադարյան հայ իրականության մեջ Ավետյաց երկիրը Հայաստանում վերարտադրելու և տեղայնացնելու միտումները կրում էին քաղաքական բնույթ և իրականացվում էին ժամանակի ամենաազդեցիկ այրերի կողմից: Ամենևին պատահական չէ, որ հենց այստեղ “Աստծո ցուցումով” տեղայնացվեց համայն հայության սուրբ կենտրոնը` Վաղարշապատը, որն Երուսաղեմի մի նոր ինտերպրետացիայի տեղական փորձ էր: Այսպես, Մովսես Խորենացուն վերագրվող «Սուրբ Հռիփսիմյաններ» ներբողում կարդում ենք. – «Ուրախացի´ր և ցնծա´, Հայաստա´ն աշխարհ, Նո´ր Իսրայել, երկի´ր ավետեաց եւ դրա´խտ աստվածատունկ` զարդարված առաքեալներով եւ մարգարեներով եւ սրբերի լուսեղեն դասերով…» (Մովսես Խորենացի, 2007, էջ 49-74):

Երուսաղեմը, որպես քրիստոնեական սրբազան լանդշաֆտ, իր ձևավորման հիմքում ունի Հիսուս Քրիստոսի, նրա աշակերտների և հետևորդների կյանքը, գործունեությունը և մահը: Հովհաննես առաքյալի հայտնության մեջ շարադրված է, որ Երուսաղեմը երկնային դրախտի, Աստծո տան արտապատկերն է երկրի վրա. «…մեծ և սուրբ քաղաքը` Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծոյ մօտից» (Նոր Կտակարան, Սբ.Յովհաննես Առաքեալի եւ աստուածաբան աւետարանչի յայտնութիւնը, 1975):

Զարմանալի չէ, որ ողջ վաղ միջնադարյան քրիստոնեական աշխարհում գոյություն ուներ Երուսաղեմի տարածական մոդելը սեփական երկրում վերստեղծելու անհագ ձգտում: Արդեն Ղազար Փարպեցու աշխատության մեջ տեսնում ենք վերոնշյալ մտքի հայկական տարբերակը. «Վաղարշապատի անթիվ ապարանքների բարձրաբերձ շինությունները, անհագորեն առատ բերկրանքը դաշտերի, հրեշտակի ցույց տված տեղում հիմնարկված սուրբ տունն Աստծո` մեծ եկեղեցին կաթողիկե և ճգնավոր երանելի կույսերի այն վկայարանները…» (Ղազար Փարպեցի, 1982, էջ 27): Վաղմիջնադարյան հայ քրիստոնեական ինտելեկտը թեև անմիջապես չէր պնդում կորուսյալ դրախտի Հայաստանյան տեղայնացման վրա, քանի, որ այդ մասին Սուրբ Գրքերում անմիջական հիշատակություններ չկային, բայց հատուկ հակում էր ցուցաբերում դեպի` Հայաստանը դրախտի կամ ավետյաց երկրի հետ համեմատող այլաբանությունները: 5-րդ դարի առաջին կեսին Աստվածաշնչի հայերեն թարգմանությամբ աստիճանաբար ձևավորվեց երուսաղեմյան քրիստոնեական ավանդույթի հայկական տարբերակը (Пентковский А.М., 2009, стр. 64):

Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն սուրբ կույսերի նահատակության վայրերում սրբատեղիների աստվածակերպ հիմնարկությունը փոխում է Վաղարշապատի դեմքը` այն դարձնելով «Սուրբ տեղիներին» համահունչ սրբազան քաղաք: Ուշագրավ է, որ Երուսաղեմի 4 գլխավոր սրբատեղիների` Գողգոթա, Ձիթենյաց լեռ, Գեթսեմանի այգի, Սուրբ Սիոն, և Վաղարշապատի Կաթողիկեի և երեք մարտիրոսարանների տեղադրությունը համընկնում է (Garibian N., 2009):

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ երեք սուրբ կույսերի նահատակության վայրերի ընդհանրական նկարագրությունը նույնական է Հիսուս Քրիստոսի խաչվելու վայրի` Գողգոթայի սուրբգրքային նկարագրությունների հետ:

     Նոր կտակարան Գրիգորի վարքը
 Եւ եկեալ ի տեղին անուանեալ Գողգոթա (բլուր)… (Մատթէոս, 27:33)Վասն որոյ եւ Յիսուս` զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն. արտաքո´յ դրաննչարչարեցաւ:  (Եբրայեցի, 13:12)Եւ որ անցանէինն` (հավանաբար ճանապարհիհարևանությամբ)` հայհոյէի´ն զնա … (Մատթէոս, 27:39) Սուրբ կույս Հռիփսիմեն, փախչելով Տրդատ Մեծի պալատից, գնում է քաղաքից (Վաղարշապատից) հեռու հյուսիսային կողմը` արևելք ընկած մի վայր, մի ավազուտ սարավանդ բարձրավանդակ, `մոտիկբունպողոտային, որը տանում էր Արտաշատ քաղաքը… (Ագաթանգեղոս, 1983, էջ 84)
Յայնժամ հանին ընդ նմա ի խաչ երկո´ւսաւազակս, մի` յաջմէ´ նորա, եւ մի յահեկէ: (Մատթէոսի, 27:38) Սուրբ կույս Գայանեին շղթայակապ հանեցին քաղաքից,հարավային դռան մոտ, այն ճանապարհի կողմը, որը տանում էր դեպի Մեծամորի կամուրջը, ուր ըստսովորությանսպանումէինբոլոր մահապարտներին, մի ճահճոտ վայրում քաղաքի շուրջը պտտվող խրամ փոսի մոտ (Ագաթանգեղոս, 1983, էջ 88):
Երուսաղեմի Ձիթենյաց լեռան ստորոտում ընկած Գեթսեմանի այգին այն վայրն է, որտեղ Հիսուս Քրիստոսն անցկացրեց մատնության նախորդող գիշերը: Գեթսեման (ասորերեն (Gat-Šmānu)) նշանակում է ձիթհան (Gethsemane, en.wikipedia.org, 25/03/2010, 29/03/2010): Կույսերից մեկին հնձանիներսում սպանեցին, ուր նրանց կացարանն էր (Ագաթանգեղոս, 1983, էջ 86):

 

 

Համեմատելով երկու մեջբերումները տեսնում ենք, որ Գողգոթայի սուրբգրքային տեղադրությունը համեմատելի է Ագաթանգեղոսի կողմից ներկայացված սուրբ կույսերի նահատակության վայրերի տեղադրության հետ. հռիփսիմյան կույսերը բնակվում և նահատակվում են քաղաքից դուրս, ինչը համեմատելի է Քրիստոսի քաղաքից դուրս` Գողգոթայի բլրի վրա խաչվելու հետ, հնձանը ևս կառուցված էր քաղաքից դուրս` պարիսպների տակ, որտեղից արդար հոգիները պիտի մտնեն աստվածային քաղաք կամ վերին Երուսաղեմ (Պետրոսյան Հ., 2002, էջ 435): Այսպես` ընդհանրական բնորոշիչներն են` բլուրը, քաղաքի դարպասներից դուրս գտնվելը, բանուկ ճանապարհի հարևանությունը, հասարակական մահապատժի վայրը և տեղանունը:

Ավետյաց երկրի նմանությամբ սրբացվեցին նաև ճանապարհներն ու փողոցները. քրիստոնեության մեջ խորհրդանշական իմաստ է ստացել դեպի Գողգոթա տանող ճանապարհը` խաչի ճանապարհ (այն ճանապարհը, որն անցել է Հիսուս Քրիստոսը): Վաղ միջնադարում փողոցը դիտվում էր, որպես պաշտամունքային մաքուր վայր և դա իր արտացոլանքն է գտել նաև Հայաստանում: Աստվածաշնչի միջնադարյան մեկնիչ Ստեփանոս Սյունեցին իր մեկնություններում ուղղակիորեն հիշատակում է դեպի երկնային թագավորություն և դժոխք տանող ճանապարհները: Այս առումով հատկանշական է Վանքասարի ժայռափոր համալիր տանող արահետը, որի ամբողջ երկայնքով ժայռի մեջ քանդակված են խաչեր: Սա պատահական բնույթ չի կրում, քանի որ Հիսուս Քրիստոսի անցած չարչարանքների ամբողջ ճանապարհը` Երուսաղեմի հին թաղամասի Սբ. Ստեփանոսի (Առյուծների) դարպասներից մինչև Սուրբ Գերեզմանի տաճարը, պատված է հազարավոր խաչաքանդակներով:

Քրիստոնեական սրբազան լանդշաֆտի կենտրոնական բաղկացուցիչն է եկեղեցին: Այն խորհրդանշում է փակ սրբազան տարածքը և տեսանելի նյութական աշխարհում ներկայացնում է իմանալի հոգևոր աշխարհը, որը կոչված է ամբողջացնելու, կազմակերպելու և իր շուրջը համախմբելու բաց սրբազան լանդշաֆտը: Վերջինը ենթարկվում է հստակ համաչափությունների ու համամասնական համակարգերի, որոնք իրենց արտահայտությունն են գտնում եկեղեցիների, մատուռների, կոթողների, գերեզմանների և այլ կառույցների փոխդասավորության մեջ:

Վաղմիջնադարյան Հայաստանի առաջին քրիստոնեական տարածական (տաճարային) կառույցների հիմնական բաղադրամասը քառասյուն գմբեթահարկն էր: Գրիգոր Լուսավորչի տեսիլքում նկարագրվող քառասյուն գմբեթահարկի տակ նկատի է առնված ոչ թե որևէ կոնկրետ կառույց, այլ քրիստոնեական տարածական կառույցի ընդհանրական նախատիպը, որը 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ վերջնական տեսք էր ստանում տեսիլքի տեքստը, ճարտարապետորեն կարող էր պատկանել թե´ կենտրոնագմբեթ կառույցի և թե´ գմբեթավոր բազիլիկայի: Նոր կրոնն էր թելադրում պաշտամունքային կառուցվածքների բովանդակությունը, իսկ ժամերգության, ծիսակատարության պահանջների փոփոխման և բարդացման հետ փոփոխվել են նաև ճարտարապետական ձևերը: Գմբեթակիր եկեղեցական կառույցի տիպը հնարավորություն էր տալիս բոլոր հավատացյալներին, որոնք տվյալ պահին գտնվում էին եկեղեցու պատերից ներս, զգալ իրենց վրա երկնքի (գմբեթի) հովանավորությունը: Նման առաջին կառույցներն ունեին իրենց նախատիպը` ի դեմս Քրիստոսի գերեզմանի վրա, ըստ ավանդության, 4-րդ դարում Կոստանդիանոս Մեծի և Հեղինեի կողմից կառուցված սյունաշար գմբեթահարկի` տեմպիետոյի: Դրան անմիջապես հետևեց նմանատիպ եկեղեցիների մի ողջ շարք սփռված քրիստոնեական աշխարհով մեկ, որն իր արտահայտությունը գտավ նաև Զվարթնոցի տաճարում` ի դեմս ներսի շրջանաձև ռոտոնդայատեսք կառույցի: Ահա Երուսաղեմի սրբազան լանդշաֆտը տեղում վերարտադրելու ակնհայտ մի փորձ ևս:

Ուշագրավ է, որ եկեղեցական կառույցի ներսույթը ևս վերարտադրում է Երուսաղեմի սրբազան լանդշաֆտը. այսպես, եկեղեցու բեմի հատվածը նույնացվում է բեթղեհեմյան փարախի հետ, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, ծնվել է Հիսուս Քրիստոսը, մկրտության ավազանը` նրա մկրտության վայրի` Հորդանանի և քառասյուն գմբեթահարկը` խաչելության վայրի հետ (Пентковский А.М., 2009, стр. 68): Այսպես, քրիստոնեական տաճարի կերտվածքը դարերի ընթացքում իր ճարտարապետական ձևերի ընդհանուր և մասնավոր կողմերով դառնում է մարմնացումը երկնային իրականության և շինության արտաքին կերպարանքը, դրա շրջակայքը նույնանում են նրա գաղափարական իմաստի հետ:

Եկեղեցին երկնքի հետ համեմատելու բազմաթիվ օրինակներ կարող ենք գտնել նաև հայ պատմագրության մեջ: Այդպես Արուճի կաթողիկեի մասին Հ. Դրասխանակերտցին գրում է.- «Զայսու ժամանակաւ բարեպաշտ իշխանն Գրիգոր Մամիկոնեան աստուածային այցելութեամբ հիմնադրեալ զչքնաղագեղ եկեղեցին, որ ի դաստակերտին Արուչ` շինէ զնա ստիպով, երկնային իմն ճեմարան յարդարեալ ի վերայ երկրի:» (Հովհաննես Դրասխանակերտցի, 1912, էջ 94): Համաձայն Գրիգոր Տաթևացու «Քահանայական օրհնութեամբ եւ մեռոնով Սուրբ Հոգին միացաւ եկեղեցուն, եւ Որդին պատարագւում է նրանում, եւ Հայրն ընդունում է պատարագը: Ուստի իրաւապէս եկեղեցին երկինք է երկրի վրայ» (Գրիգոր Տաթևացի, 1729, էջ 65): Հովհան Մայրագոմեցին հորդորում է քարակերտ եկեղեցուն վերաբերվել ոչ որպես ձեռակերտ շինության, այլ անձեռակերտ սրբարանի (Տես`, Խաչատրյան Տ., 1994, էջ 343):

Այսպիսով կարող ենք փաստել, որ հստակորեն գծված պատմողական – իրադարձային ատաղձը և ճարտարապետական – ծավալային լուծումները թելադրող հայ վաղմիջնադարյան հոգևորականությունը հետևել է Քրիստոսի և իր աշակերտների գործունեության ու նահատակության արդեն հայտնի նախօրինակներին և շատ փաստեր պարզապես փոխ է առել` հարմարեցնելով պատմական անցքերին և անձանց:

 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Ագաթանգեղայ, 1983, Պատմութիւն հայոց, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 700 էջ
  2. Գրիգոր Տաթևացի, 1729, Գիրք հարցմանց, Կ.Պոլիս, տպ. Աստվածատուր Կոստանդուպոլսեցի, 80 էջ:
  3. Ղազարայ Փարպեցւոյ, 1982, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան / Աշխատութեամբ Գ.Տեր-Մկրտչեան և Ստ. Մալխասեանց, աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները Բ.Ուլուբաբյանի /, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 537 էջ
  4. Մովսես Խորենացի, 2007, Սուրբ Հռիփսիմեի եւ նրա վկայակիցների հիշատակին եւ նրանց նահատակությանը [նվիրված] ներբողյան` հրաշազարդ հորինվածներով, Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 77 էջ:  Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ 1912, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, տպ. Աղանյանցի, 427 էջ
  5. Նոր Կտակարան, 1975, Էջմիածին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տպ., 711 էջ
  6. Պատմություն Սեբեոսի,1979, / Աշխ. Գ.Վ.Աբգարյանի /, Երևան, ՀՍՍՀ Գիտ. ակադ. հրատարակչություն, 447 էջ

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Խաչատրյան Տ., 1994, Քրիստոնեական տաճարի խորհրդաբանությունը, Գանձասար / Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի աստվածաբանական հանդես, թիվ Ե, Երևան, էջ 339-347
  2. Ղարիբյան Ն., 2009, Պարթևական ավանդույթները Հայաստանում և կաթողիկոսական աթոռի խնդիրը 4-րդ դարում, Կրոն և հասարակություն, համար 10, Երևան, 2010,  էջ 48-75
  3. Պետրոսյան Հ., 2008, Խաչքար. Ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը., Երևան, Փրինթինֆո, 406 էջ
  4. Պետրոսյան Հ., 2002, Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին. Աշխարհը որպես այգի, Հանդէս ամսօրեայ, էջ 411 – 440
  5. Пентковский А.М., 2009, «Иерусалимизация» литургического пространства в византийской традиции, Новые Иерусалимы / иеротопия и иконография сакральных пространств / под ред. А.М.Лидова, Москва, Индрик, 912 стр.
  6. Garibian N., 19/11/ 2009, La Jérusalem Nouvelle et les premiers sanctuaires chrétiens de l’Arménie: méthode pour l’étude de l’église comme temple de Dieu, London-Fribourg 2009, pp. 244-255 et 272-282.
  7. Gethsemane, 25/03/2010, 29/03/2010, en.wikipedia.org.
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *