Շատերի կարծիքով բրգաձև համակարգերը իրենց կառուցվածքով երաշխավորում են իրենց գործունեության կայունությունը: Միևնույն ժամանակ աշխարհում լայն տարածում է գտնում ճիշտ հակառակ մոտեցումը: Բրգաձև համակարգերը կարծրացած համակարգեր են, որոնք ելնելով կառուցվածքային առանձնահատկություններից կարողանում են ապահովել համակարգի կայուն գործառնումը, սակայն բացասաբար են ազդում նույն` կառավարվող համակարգի գործունեության վրա և կանխելով վերջինիս ճկունությունը, դինամիկ աշխարհում հավատարիմ մնալով կարծրացած մեթոդներին, հարցականի տակ են դնում տվյալ համակարգի գործունեության արդյունավետությունը, համապատասխանությունը հասարակության պահանջներին, որոնք փոփոխման ավելի մեծ միտումներ են ձեռք բերում փոփոխվող աշխարհում: Մյուս կողմից ժամանակակից աշխարհում ցանցային համագործակցության կիրառումը լայն տարածում է գտնում ոչ միայն ճկունության և հասարակության փոփոխվող պահանջներին համապատասխանելու համար. գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ցանցային համագործակցությունը բերում է կիրառվող ռեսուրսների սպառման ծավալի կրճատման` միևնույն ժամանակ բարձրացնելով համակարգի գործունեության արդյունավետության մակարդակը:
Այս համեմատությունն ավելի շոշափելի հիմնավորում է գտնում Ա.Ա.Բոգդանովի վերլուծության մեջ: Նա նկարագրում է համակարգերի ձևավորման երկու փուլ.
1. Էգրեսիա, երբ համակարգի ներսում ձևավորվում է ակտիվ կենտրոնը (օր.` ուղեղը մարդու օրգանիզմում, կառավարությունը` պետության մեջ); 2.Դեգրեսիա, երբ ձևավորվում է կմախք կամ պատնեշ, որն ապահովում է համակարգի ամրությունը, սահմանների հստակեցումը, որով համակարգը տարանջատվում է արտաքին աշխարհից (կրիայի պատնեշը, իսկ մյուս կողմից ամրությունը կարող է ապահովել նաև հատուկ սիմվոլների կիրառումը համակարգի կողմից, որը մատչելի է միայն համկաարգի ներսի համար): Այս նկարագրությունը նման է բյուրոկրատական համակարգի նկարագրությանը, որը սահմանում է իր միակ կենտրոնը, տարանջատում սահմանները և կենտրոնանում ստանդարտացված գործելաոճով աշխատանքների մեխանիկական կատարման վրա: Այսպիսով, ըստ Բոգդանովի` այս փուլերով ձևավորված համակարգը կարող է համարվել ամուր և կայուն: Մյուս կողմից ցանցային և համագործակցային մեթոդներով կառավարվող համակարգերն, ըստ էության բազմակենտրոն են, այսինքն կայունության մասին խոսելն ավելորդ է: Սակայն հետագայում Բոգդանովի իրականացրած մեկ այլ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցանցերը լինելով բազմակենտրոն, գործունեության յուրաքանչյուր պահին ունեն միայն մեկ ակտիվ կենտրոն: Այսինքն, եթե կարողանանք պատկերել ցանցի գործունեությունը մի ակնթարթում, ապա կտեսնենք, որ ակտիվ կենտրոնը մեկն է: Սա նշանակում է, որ ցանցի կենտրոնները դինամիկ են և իրավիճակային գործոններով պայմանավորված տարբեր պահերի դառնում են ակտիվ կենտրոն` զերծ մնալով ազդեցության ոլորտների բախումից, որը կարող է հանգեցնել համակարգի գործունեության խաթարմանը: Այստեղ հաստատուն համակարգի պահպանման միակ պահանջն է դառնում հստակ սահմանված գործառույթների տարանջատումը ցանցի միավորների միջև, երբ գործ կունենանք բազմահամակարգայնության երևույթի հետ, քանի որ կենտրոններից յուրաքանչյուրը կներկայանա որպես առանձին էգրեսիվ համակարգ:
Այս ուսոմնասիրությունը հիմնավորում է այն տեսակետը, որ ցանցերն ավելի կայուն են, քան բյուրոկրատական համակարգերը, քանի որ այդ դեպքում գործ ունենք բրգի հետ, որի միակ կետրոնի վերացումը կբերի համակարգի քայքայման, մինչդեռ ցանցի մեկ կենտրոնի խաթարման դեպքում մյուս կենտրոնների ակտիվացման հաշվին համակարգի կայունությունը չի վտանգվի:
Եվ եթե կրկին անդրադառնանք արդյունավետության հարցին, որն այսօր ողջ աշխարհի հիմնահարցն է ցանկացած ոլորտում և մակարդակում, ապա կտեսնենք, որ համաշխարհային ընգրկվածությամբ զարգացում է ապրում համագործակցային, առավել բաց գործելաոճը, ավելին` չենք կարող չշեշտել գլոբալիզացիան, որի հիմքն ամբողջությամբ նույն սկզբունքներն են:
Ցանցերի ստեղծումը, համագործակցային մեթոդների կիրառումը կարևոր դեր ունեն հատկապես մեր երկրի համար, քանի որ զարգացող երկիր լինելով, ավելի զգալի են նրանում առկա ռեսուրսային խնդիրները և կարիք կա ձևավորել այնպիսի մշակույթ և համապատախան սկզբունքեր, որոնցով համակարգերը կլինեն ճկուն, հասարակության արագ փոփոխվող պահանջներին համապատասխան, ռեսուրսների կիրառման և առավելագույն արդյունքի ստեղծման տեսանկյունից` արդյունավետ:
Սյունե Հարությունյան