“Ծանոթի” ինստիտուտը որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև հայ հասարակությունու

Հեղինակ` Հարությունյան Գայանե

gayane.harutyunyan@gmail.com

Տպագրված՝  «Հոբելյանական գիտական նստաշրջան»/ Հոդվածների ժողովածու,»  5-րդ հատոր էջ 165-171 ԵՊՀ, Երևան 2010

Սույն հոդվածը նվիրված է հայ իրականությունում սոցիալական կապիտալի ուսումնասիրությանը: Որպես սոցիալական կապիտալի դրսևորման ձև դիտարկվել է “ծանոթի” ինստիտուտը: Աշխատանքը իրենից ներկայացնում է յուրահատուկ փորձ մեկնաբանել “ծանոթի” ինստիտուտի նշանակությունը ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակում, դրանով իսկ բացահայտելով վերջինիս ֆունկցիոնալ նշանակությունը և դրսևորման առանձնահատկությունները: Աշխատանքը նաև դիտարկում է “ծանոթի” ինստիտուտի կապը ժամանակակից կոռուպցիոն պրակտիկաների հետ:

Աշխատանքը հիմնվում է որակական ու քանակական մեթոդներով Երևանում իրականանացված սոցիոլոգիական հետազոտություն վրա:

17-րդ դարում Թոմաս Հոբսի հարցը` ինչպես է հնարավոր հասարկությունը, հիմք ստեղծեց հետագայում սոցիոլոգիական տեսությունների կենտրոնացմանը հենց այն մեխանիզմների բացահայտման և ուսումնասիրության վրա, որոնք ապահովում են հասարակական հարաբերությունների կարգավորումը, ինչի արդյունքում քաոտիկ կապերը վերածվում են սոցիալակական հարաբերությունների, այսինքն ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հասարակությունը: Սոցիալական կապիտալը կարող է դիտարկվել հենց նման մեխանիզմների տեսանկյունից, որոնց վերջնական նպատակը սոցիալական հարաբերությունների կարգավորումն է:

Սոցիալական կապիտալի պրոբլեմատիկայի ոլորոտում տարբեր սոցիոլոգներ, տնտեսագետներ, քաղաքագետներ ունեցել են իրենց ներդրումը` տարբեր դիտակետերից ուսումնասիրելով ու տալով տարբեր սահմանումներ: Թերևս հեղինակների մեծամասնությունը սոցիալական կապիտալը դիտարկել են իբրև սոցիալական հաջողության հասնելու միջոց: Ըստ այդմ սույն աշխատանքում սոցիալական կապիտալը սահմանվելու է իբրև սոցիալական հաջողության հասնելու ռեսուրս: Հայ հասարակության պարագայում այդ տեսանկյունից որպես սոցիալական կապտալի դրսևորման ձև կարող է համարվել “ծանոթի” ինստիտուտը:

Նախքան “ՙծանոթի” ինստիտուտը իբրև սոցիալական կապիտալի դրսևորման ձև դիտարկելը հարկ է պատասխանել կարևորագույն հարցերից մեկին. ի՞նչ հիմքերից ելնելով կարելի է պնդել, որ վերոհիշյալ ինստիտուտը հանդիսանում է սոցիալական կապիտալի դրսևորման ձև ժամանակակից հայ հասարակության պայմաններում: Հարցի պատասխանը կարելի է տեսնել հետևյալում. այսօր Երևանի բնակիչների շրջանակում գոյություն ունի”ծանոթ” հասկացության երկու ընկալում: Առաջին ընկալմամբ, “ծանոթ” ասելով, հասկացվում են անհատներ, որոնց հետ երբևէ առնչություն են ունեցել, որոշակի փոխհարաբերություններ են ունեցել: Սակայն այդ հարաբերություններում առկա որոշակի դիստանցիան թույլ չի տալիս անվանել այդ անհատներին ընկերներ, իսկ արյունակցական կապը բացակայում է, հետևաբար ազգակից/բարեկամ տարբերակը ևս ժխտվում է: Երկրորդ մոտեցմամբ,”ծանոթ” ասելով, հասկացվում են այն անհատները, որոնք երբևէ ինչ-որ հարցով օգնել են կամ կարող են օգնել պրոբլեմային իրավիճակում: Այս պարագայում սովորական “ծանոթի” կատեգորիան տրանսֆորմացվում է “ծանոթի” որպես պրոբլեմային իրավիճակը շտկողի, այսինքն` որպես սոցիալական ռեսուրսի, որն օգնում է լուծել այս կամ այն պրոբլեմային իրավիճակը: Ըստ այդմ, եթե ևս մեկ անգամ սահմանենք սույն աշխատանքի տեսանկյունից սոցիալական կապիտալը` ռեսուրս սոցիալական հաջողության հասնելու համար, ելնելով ձևական տրամաբանության սկզբունքներից` պարզ է դառնում, որ “ծանոթի” ինստիտուտը կարող է դիտարկվել որպես սոցիալական կապիտալի դրսևորում այն դեպքում, եթե վերջինս հանդես է գալիս ռեսուրսի տեսքով, որի միջոցով հնարավոր է հասնել սոցիալապես նշանակլի նպատակին: Հաշվի առնելով այս ամենը ակտուալ է ուսումնասիրել “ծանոթի” ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը և դրսևորման առանձնահատկություններն հայ հասարակությունում:

Այդ նպատակով Երևանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն` քանակական ու որակական մեթոդների զուգակցմամբ: Իրագործվել է ստրատիֆիկացված ընտրանք 5% սխալի հավանականությամբ ստանդարտացված հարցազրույցների համար, ինչպես նաև կիրառվել է նպատակաուղղված ընտրանք խորին հարցազրույցների համար:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ “ծանոթը” իսկապես ընկալվում է իբրև սոցիալական կապիտալի դրսևորման ձև: Հարցվողների 54% նշել են, որ համարում են ծանոթի ինստիտուտը որպես խնդիրների լուծման լավագույն միջոց, և նույնքան տոկոսը` 54%, նշել են, որ խնդիրներ ունենալու ժամանակ դիմում են ծանոթ/բարեկամներին, և միայն 34%` համապատասխան մարմիններին, այսինքն հարցվողների այս մասը չի դիտարկում “ծանոթը” որպես սոցիալական ռեսուրւս կամ համարելով, այնուամեանայնիվ, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի համարում կիրառել այն: Այս երևույթի հիմնական պատճառներից մեկը այնն է, որ հարցվողների ընկալմամբ հայ իրականությունում ֆորմալ, պետության համար լեգալ գործընթացները որպես այդպիսիք չեն ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծված են: Իսկ եթե դրանք չեն գործառնում այնպես, ինչպես հարկ է կամ ընկալվում են իբրև այդպիսիք, ինչն ավելի կարևոր է, որովհետև իրավիճակի սահմանումն է հանգեցնում  հետագա գործողությունների, անհատները ստիպված են լինում փնտրել իրականության պրոբլեմատիկ հատվածներին ադապտացվելու այլ միջոցներ, օրինակ` դիմել “ծանոթի”: Հետաքրքրական է նաև այն, որ հարցվողների 34%-ը նշել են, որ”ՙծանոթը” այսօր հանդիսանում է սոցիալական հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից մեկը: Այս կատեգորիան ձայների քանակությամբ զիջում է միայն “կրթություն” տարբերակին, որը կազմել է 45%: Ընդ որում բարձրագույն կրթություն ունեցողները նախ դասում են”ՙկրթություն՚” որպես սոցիալական հաջողության հասնելու ամենաանհրաժեշտ ռեսուրս, ապա “ծանոթի”, իսկ միջին ու միջին մասնագիտական կրթություն ունեցողները` ճիշտ հակառակը:

Ուշագրավ է հենց այն փաստը, որ ,ծանոթիե դերում առաջին հերթին հանդես են գալիս ընտանիքի անդամներն ու ազգականներն: Սա հնարավոր է բացատրել տարբեր մշակույթներին բնորոշ սոցիալիզացիայի դրսևորումների տարբերություններով: Ֆուկույաման առանձնացնում էր սոցիալիզացիայի երեք հիմնական դրսևորում [Фукуяма 2006, 109]: Դրանցից հայ մշակույթին բնորոշ է սոցիալիզացիայի այն դրսևորումը, որը հիմնվում է ընտանիքի և ազգակցության գաղափարի վրա: Այս պարագայում խմբի հիմքում ընկած է ոչ թե իրավական գիտակցությունը այլ բարոյական ու էմոցիոնալ փոխհարաբերությունների համակարգը, ինչի արդյունքում խմբի գործառնությունը կապված չէ իրավական ու պետական մարմիններից: Այս փաստով էլ հավանաբար կարելի է բացատրել վստահության բարձր մակարդակով հենց ընտանիքի ու ազգակիցների միջև` “…վստահում եմ ընտանիքիս ինչպես ինքս ինձ…“[1], և վստահության ցածր մակարդակը պետական կառույցների նկատմամբ: Թերևս, “ծանոթը” իրենից ներկայացնում է funkcia nuda կամ այլ կերպ ասած` զուտ ֆունկցիա: Բայց միայն ֆունկցիան որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող, դրա համար անհրաժեշտ են կրիչներ, որոնք կիրագործեն ֆունկցիան: Այս դեպքում կրիչները սոցիալական բնույթ ունեն: Սոցիալական կրիչի դերում` “ծանոթի” պարագայում, կարող է հանդես գալ ցանկացած անհատ: Ցանկացած անհատ կարող է տրանսֆորմացվել ,ծանոթիե, եթե նա կատարի խնդիրների լուծման/կարգավորման ֆունկցիան: Այդ պատճառով պրոբլեմային իրավիճակի լուծման ժամանակ կոնկրետ “ծանոթի” ընտրությունը հնարավոր թեկնածուներից պայմանավորված է երկու գործոնով` վստահության մակարդակով և “ծանոթի” ֆունկցիոնալ դիրքով սոցիալական տարածությունում:

“Ծանոթի” ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը կարելի է տեսնել երկու մակարդակում ` միկրո և մակրո: Հարցվողների ընկալմամբ “ծանոթի” հանդես է գալիս իբրև պրոբլեմային իրավիճակի լուծման լավագույն մեխանիզմ միկրո մակարդակում: Այս երևույթի պատճառները կարող են հանդիսանալ նախ ինստիտուցիոնալ վստահության ցածր մակարդակը[2], ֆորմալ մեխանիզմների թերի գործառնությունը/ հասարակական գիտակցությունում առկա այդպիսի ընկալումը, ընտանիքի/ ազգակցական կապերի դերի գերակայությունը, ներգրավվածության ցածր մակարդակը տարբեր սոցիալական ինստիտուտներում: Այս բոլոր գործոններնը նպաստում են նրան, որ հասարակական ընկալումներն ավելի ռացիոնալ են համարում որևէ խնդիր ունենալու դեպքում դիմել/փնտրել “ծանոթների”, և ոչ թե համապատասխան մարմիններին:

“Ծանոթի” ինստիտուտը ուսումնասիրությունը կարող է հանգեցվել վերջինիս ուսումնասիրությանը որպես կոռուպցիոն երևույթի, քանի որ վերջինս կարող է դիտարկվել որպես ազգակցական կապերի օգտագործում, կաշառք տալ/վերցնելու միջնորդություն, պաշտոնական դիրքի չարաշահում և հովանավորչություն: Բոլոր թվարկված կատեգորիաները համարվում են կոռուպցիայի տեսակներ: Հետևաբար, եթե դրանք դիտարկենք որպես ,ծանոթիե ինստիտուտի դրսևորումներ, ապա կարող ենք ասել, որ այն ևս կոռուպցիա է: Բայց մյուս կողմից սույն երևույթը կարող է դիտարկվել բնական իրավունքի կոնտեքստում: Հարցվողների մեծամասնությունը ընկալում են “ծանոթի” ինստիտուտ հենց որպես բնական իրավունք, որը չի հանդիսանում կոռուպցիոն երևույթ “… Ո՞վ է ասել, որ բարեկամների օգնությունը անօրինական բան է, ինչ օգնություն ուզում է` լինի…“: Այս մեջբերումը արտացոլում է հասարակություն մեջ գոյություն ունեցող լայն տեսակետը, որ փոխօգնության և փոխադարձության սկզբունքն է կարևոր, որը ապահովում է ցանցի, հատկապես ընտանիքի լայն իմաստով բարեկեցությունը: Ուշագրավ է, որ անտրոպոլոգիական տեսանկյունից “ծանոթի” ինստիտուտը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիոն երևույթ, այն հանդիսանում է ադապտացիոն մեխանիզմ, որի շնորհիվ հասարակության անդմաները կարողանում են գոյատևել: Այսինքն` “ծանոթի” ինստիտուտը լինելով սահմանկից կոռուպցիոն պրակտիկաներին իր մեջ կրում է կոռուպցիոն մեծ ռիսկեր: Այդ ռիսկերի ակտուալիզացիային նպաստում է ֆորմալ գործընթացների` հատկապես օրենքների, երկրորդական նշանակությունը, քանի որ վերջիններս շատ քիչ են առնչվում ցանցի բարեկեցության ապահովման հետ: Ելնելով սրանից հարցվողների մեծամասնությունը հակված է դիմել ծանոթներին/բարեկամների և ոչ համապատասխան մարմիններին, և հավանաբար այդ է, որ ,ծանոթըե չի ընկալվում որպես կոռուպցիոն երևույթ:

“Ծանոթի” ինստիտուտի գործառնությունը մակրո մակարդակում կարելի է տեսնել իբրև կոմպենսացնող մեխանիզմի գործառնություն: Միկրո մակարդակում հարցվողների կողմից կառուցակցվեց հայ սոցիալական իրականության այնպիսի պատկեր, որտեղ սոցիալական կառուցվածքները, պետական ինստիտուտներն ընկալվում են իբրև չգործառնող: Ու. Թոմասի թեորեմից հայտնի է, որ եթե, իրավիճակը սահմանվում է իբրև իրական, այն դռանում է իրական նաև իր հետևանքներով [Мертон 2006, 606]: Փաստորեն ստացվում է, որ մարդիկ չեն վստահում և համարում են տոտալ ոչ էֆեկտիվ որոշակի պետական ինստիտուտներ, հետևաբար նաև չեն դիմում վերջիններին: Չնայած, որ դրանք նշանակալի ներդրում ունեն սոցիալական կյանքի համակարգման ու կարգավորման մեջ: Այնն է. յուրաքանչյուն սոցիալական ինստիտուտ/կառուցվածք կարգավորում է սոցիալական իրականություն մի կոնկրետ ոլորտ: Թերևս, եթե հասարակության անդամները սահմանում են այն իբրև ոչ ֆունկցիոնալ, դադարում են դրանից “օգտվել”, այն իսկապես ինչ-որ չափով դառնում է ոչ ֆունկցիոնալ: Իսկ այդ դեպքում հասարակական հարաբերությունների այդ ոլորտը, որը կարգավորում էր վերջինս, մնում է բարձիթողի: Եթե նման ոչ ֆունկցիոնալ կառուցվածքները շատանան հասարակությունը կհայտնվի Դյուրկհեյմի կողմից սահմանված անոմիայի վիճակում: Հետևաբար, հասարակությունում անհրաժեշտաբար պետք է առաջանան այլընտրանքային մեխանիզմներ, որոնք կկոմպենսացնեն վերոհիշյալ մեխանիզմների թերի գործառնությունը: Նման կոմպենսացնող ֆունկցիա մակրո մակարդակում կատարում է “ծանոթի” ինստիտուտը: Այս պարագայում առաջանում է հասարակություն համար լեգիտիմ, բայց ոչ լեգալ պետական ինստիտուտների համար մեխանիզմ, որը կոմպենսացնում է նշված լեգալ մեխանիզմների ոչ բավարար գործառնությունը: Ինչ վերաբերվում է Մերտոնի տերմինաբանությամբ նորմալ գործառնող մեխանիզմներին, ապա այստեղ կոմպենսացնող մեխանիզմների կարիք չկա, հետևաբար չկա նաև “ծանոթի” ինստիտուտի գործառնման անհրաժեշտությունը: Ըստ այդմ “ծանոթի” ինստիտուտը սոցիալական հարաբերությունների տեսակ է, որն ապահովում է հասարակության գործառնումը նաև մակրո մակարդակում: Ու թերևս դրա գործառնման այլընտրանքը ոչ թե դրա վերացումն է, այլ հասարակության փլուզումը, որովհետև հայ սոցիումի տարբեր մակարդակներում տեղի ունեցող մեծ թվով օպերացիաներում ներգրավված է ,ծանոթիե ինստիտուտը և դրա վերացման հետևանքով բոլոր նման գործընթացները ուղղակի կանգ կառնեն:

Այդպիսով` “ծանոթի” ինստիտուտը ինչպես նաև բազմաթիվ այլ սոցիալական ֆենոմեններն ունեն իրենց գործառնման և’ դրական, և’ բացասական հետևանքներ. “ծանոթի” ինստիտուտը կոչված է լրացնելու այն բացերը, որոնք առաջանում են լեգալ մեխանիզմների գործառնության մեջ: Եվ, եթե պետական կառուցվածքի տեսանկյունից “ծանոթի” ինստիտուտը կոռուպցիոն պրակտիկաներից մեկն է և, անշուշտ, բացասական է, ապա ավելի բարձր մակարդակում` սոցիումի մակարդակում, որոշակի մեխանիզմ է, որը պահպանում է հասարակությունը անոմիկ իրավիճակում հայտնվելուց: Հետաբար, եթե ենթադրենք, որ մի ,գեղեցիկե առավոտ “ծանոթի” ինստիտուտն իսպառ կվերանա, սոցիալական կյանքում, կառաջանան մեծ դժվարություններ, մյուս կողմից, եթե լեգիտիմ մեխանիզմները բավարար գործառնություն ապահովեն, և փոխվեն դրանց նկատմամբ հասարակական ընկալումները, “ծանոթի” ինստիտուտի անհրաժեշտությունը ինքնաբերաբար կվերանա:

Որպես ամփոփում` խորին հարցազրույցների մասնակիցներից 10-ը դժվարացան պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե ,ծանոթե երևույթը այս պահին վերանա հայ իրականությունից: Մնացածները` 21 մասնակիցը, ասացին, որ “…ծանոթ երևույթի վերացումը կհանգեցնի մեր կյանքի պարալիչի…“: Այս մեջբերումը լավագույնս արտացոլում է հարցվողների կարծիքը այս հարցի շուրջը: Պատճառաբանություններն, որոնք ուղղված էին արդարացնելու “ծանոթի” ինստիտուտի գոյության անհրաժեշտությունը, հիմնվում էին այն փաստի վրա, որ ծանոթը միակ հանրամատչելի ռեսուրսն է, որը հանդիսանում է կոնկրետ պահին կոնկրետ խնդրի լուծման միջոց: Հարցվողների մեծամասնությունը համոզված է, որ այսօր Հայաստանում չի գործում գրեթե ոչ մի կառույց: Այն հարցին, թե ինչու չեն դիմում համապատասխան մարմիններին խնդիրներ ունենալու դեպքում, հարցվողների զգալի մասը պատասխանեց, որ օրենքը կողմնակալ է և հետապնդում է իր շահը, իրենց խնդիրները լուծում չեն ստանում, ինչից ելնելով նրանք հարկադրված սկսում են փնտրել ծանոթների` անձանց, ով կօգնի իրենց: Մինչդեռ, եթե կառույցները լինեն վստահելի, այսինքն` լիարժեք իրականացնեն իրենց ֆունկցիաները, ապա հարցվողներից ոչ մեկը չի դիմի իր բարեկամ/ծանոթին: Փաստորեն, առաջացած իրավիճակը հետևյալն է` մի կողմից հասարակական ընկալումն այնպիսին է, որ օրենքները և համապատասխանաբար վերջիններս իրականացնող ինստիտուտներն ու կառուցվածքները չեն կարող օգնել իրենց տարբեր պատճառներով, մյուս կողմից` այլևս չկա բարեկամ/ծանոթ երևույթը, որը գրեթե միշտ լուծման մեխանիզմ է հանդիսանում: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչպիսի՞ միջոցներով այսուհետև պետք է լուծվեն/կարգավորվեն հասարակական հարաբերություններում առաջացող խնդիրները, և ո՞վ պետք է դրանք լուծի կամ կարգավորի:

Այդ հարցը մատնանշում ժամանակակից հայ հասարակության պրոբլեմային դաշտերից մեկը և միառժամանակ հանդիսանում է ուղեցույց առկա պրոբլեմի հնարավոր լուծումները գտնելու համար:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Мертон Р. ,Социальная теория и социальная структураե, М; Хранитель, 2006
  2. Тернер Дж. ,Структура социологической теотииե, М; Прогресс, 1985
  3. Фукуяма Ф. ,Доверие: социальные благодетели и пути к процветаниюե, М; Хранитель, 2006
  4. Шахназарян Г. ,Социальный капитал: проблемы интерпретации в социологической теорииե //Սոցիոլոգիայի Ֆակուլտետի տարեգիրք 2006-2007//, գլխ. խմբագիր Լ. Հ. Հարությունյան Եր., ԵՊՀ, 2007 40-51 էջ
  5. Шахназарян Н. ,Сделай мне уважение…: неформальные сети поддержки и теневая экономика в кавказских сообществахե. 2007 www.levonabramyan.am/nshahnazarian1.html по 28.12.2008

 

[1] Այսուհետև նման ֆորմատով նշվելու են մեջբերումները  մպիրիկ նյութից:

[2] Նշված գործոնները դուրս են բերվել Երևանում անցկացված հետազոտության արդյունքում: Բոլոր տվյալներն այստեղ և այսուհետև կարող են հարկ եղած դեպքում ներկայացվել:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *