Թուրք ազգային ինքնության ճգնաժամը` որպես ծայրահեղ ազգայնականության դրսևորման հիմք

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ինքնին հասարակությունում իրականացնում է կառուցողական գործառույթ, այնուամենայնիվ ոչ միշտ է հնարավոր լինում “վերահսկել” սոցիալական այս կամ այն հանրույթների կողմից ազգայնակնության ընկալումները և արձագանքները, ինչն էլ երբեմն, այսպես կոչված, ծայրահեղ ազգայնակնության դրսևորումների առաջացման պատճառ է դառնում: Ազգայնականության ծայրահեղ դրսևորումները դիսֆունկցիոնալ են հանդիսանում հասարակությունների համար, քանի որ դրանցից բխող մշակութային և էթնիկ սահմանների առանձնացումը նպաստում է «մենք»-ի և «նրանք»-ի սահմանազատմանը` որպես թշնամի և բարեկամ: Ընդ որում ցանկացած էթնիկ կամ մշակութային խմբի ներկայացուցիչ կարող է ներկայացվել որպես թշնամի: Ազգայնականության ծայրահեղացումները հաճախ կարող են ազգային ինքնության ճգնաժամի հետևանքը լինել: Ինքնության ճգնաժամն առաջ է գալիս մի շարք պատճառներով: Մասնավորապես հին և նոր ազգային արժեքների անհամատեղելիությունը, էլիտայի և հասարակության միջև հեռավորության առկայությունը, հասարակության մեջ տարբեր էթնիկ խմբերի առկայությունը, այդ էթնիկ-ազգային խմբերի միջև դոմինանտության հարաբերակցությունը և այլն կարող են հանգեցնել այս կամ այն առանձին խմբերի մոտ առկա անորոշությունների գիտակցմանը, ապա և ծայրահեղացումների առաջացմանը: Թուրքիայի հանրապետությունն ըստ էության հանդիսանում է բազմաէթնիկ պետություն: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ բազմաէթիկ հասարակություններում էթնիկ և ազգային ինքնագիտակցությունը հաճախ չեն համընկնում և միևնույն պետության առանձին ներկայացուցիչներ կարող են իրենց նույնականացնել տարբեր մշակույթների հետ: Այնուամենայնիվ այլ ազգային մշակույթների կողմից տվյալ ազգային պետության բոլոր էթնոազգային խմբերն ընկալվում են որպես դոմինանտ մշակույթի կրող: Այս պարագայում ի հայտ է գալիս էթնիկ ռիսկի գործոնը` էթնիկ կոնֆլիկտի հավանականությունը: Վերջինս կարող է տարբեր դրսևորումներ ունենալ` արտահայտվելով ինչպես դոմինանտ էթնոազգային խմբի նախաձեռնությամբ` հաստատաելու իր դոմինացիան, այնպես էլ ազգային փոքրամասնությունների շրջանում, որոնք ձգտում են ինքնահաստատվել որպես առանձին մշակույթի կրող, որպես առանձին ազգև նույնիսկ որոշ դեպքերում նաև որպես առանին պետություն: Ներկայումս թուրք ազգային ինքնությունը բնորոշվում է որպես ճգնաժամային ինքնություն: Թուրք ազգային ինքնության ճգնաժամի հիմքում ընկած են մի շարք պատճառներ: Այդ պնդումը կարող ենք մեկնաբանել, հաշվի առնելով թուրք ազգային ինքնության կառուցակցման հարցում առկա մի շարք հակասություններ և խնդիրներ: Մասնավորապես կարող ենք առանձնացնել հետևյալները.

• առկա բացասական կերպարի և դրա վերափոխման խնդիրը թուրք ազգային ես-ի կառուցակցման հարցում: Թե’ Օսմանյան կայսրությունում, թե’ Եվրոպայում և թե’ այլ մուսուլմանական երկրներում ձևավորվել էր թուրքի կերպարի բացասական կարծրատիպ: Դա ըստ էության հանգեցրել էր թուրք ազգի մոտ թերարժեքության բարդույթի: Այդ շրջանում թուրք ազգին շատ արտասահմանյան հեղինակներ բնութագրում էին առավելապես բացասական գծերով: Հատկապես արաբական-իսլամական շրջանակներում թուրքերը ներկայացվում էին որպես բարբարոսներ, արյունախումներ, շատ հաճախ նաև համեմատելով և բնորոշելով որպես կենդանիներ: Նման պատկերացումներն առկա էին նաև Եվրոպական մի շարք պետություններում` մասնավորապես Ֆրանսիայում, որը պայմանավորված էր զբոսաշրջիկների` ականատեսների դիտարկումներով:

• ազգային ինքնության և կրոնական ինքնության հարաբերակցության խնդիրը, որը որոշ հեղինակների կարծիքով հենց ճգնաժամի առաջնային պայման է հանդիսանում: Օսմանցիների մոտ մուսուլմանական գիտակցությունը, ի տարբերություն այլ մուսուլմանական երկրների, զարգանում էր ի հակադրում թուրքիզմին: Իսլամի ազդեցությունը թուրքերի վրա այնքան մեծ էր, որ իսլամի ընդունումից հետո ոչ մի թուրքական պետությունում թուրքերենն այդպես էլ չդարձավ պաշտոնական-հիմնական լեզու: Դրան հակառակ որպես պաշտոնական լեզու էր հանդես գալիս արաբերենը: Ընդ որում հարկ է ընդգծել, որ հենց լեզվի գործոնն է ընկած ազգային ինքնության հիմքում, որպես առաջնային գործոն, քանի որ այն ստեղծում է համընդհանուր կոմունիկատիվ դաշտ տվյալ ազգի բոլոր ներկայացուցիչների միջև` անկախ նրանց դասային, խավային պատկանելությունից: Այնուամենայնիվ շատ արտասահմանյան հեղինակներ հակված են այն կարծիքին, որ նույնիսկ այն պարգայում, երբ իսլամը զիջել էր իր դիրքերը պանթուքիզմին, և նույնիսկ Հանրապետության օրոք Թուրքիան իր վրա է կրում իսլամի ազդեցությունը, և ըստ էության կրոնը դեռևս որոշիչ գործոն է թուրք ազգային ինքնության հարցում:

• ազգայնականացման և եվրոպականացման գործընթացների հակադրությունը, որը պայմանավորված է ինքնաընկալման հակադրությամբ` որպես եվրոպայի և միջին արևելքի արժեքների կրող: Ըստ էության առանձնացվում է թուրք քաղաքական ինքնության 3 հիմնական փուլեր, որոնք ուղղված են մոդեռնիզացմանը: Առաջին փուլը կրկին վերաբերում է Օսմանյան շրջանին, երկրորդը` Քեմալական շրջանն է` ներառյալ Թուրքական պետության վաղ շրջանը, և վերջապես երրորդ փուլը Վեստերնիզացման` արևմտականացման փուլն է կամ այլ կերպ ասած Թուրքիայի ինտեգրման գործընթացը Եվրոպական միություն: Եվրոպային պատկանելու կամ չպատկանելու հանգամանքը պայմանավորում է թուրքական ինքնությունը` քաղաքակրթության նախապատվության համատեքստում: Ըստ էության Եվրոպան դարձել է գերադասելի թուրքական հասարակության գերակշռող մասի համար: Այնուամենայնիվ այդ գործընթացի մեջ նկատվում է նաև հակադրություններ, կապված այն բանի հետ, որ թուրքական ազգայնական գործընթացները դեռևս ավարտուն չեն: Դա մասնավորապես կապված է ազգային ինքության և ինքնագիտակցության ամրապնդման հետ:

• ազգային ինքնության մասսայականացումը` որպես Թուրքիայի գերխնդիրն 20-րդ դարասկզբից մինչև ներկա ժամանակները: Թուրքիայի զարգացման շարժիչը պետությունն ու դրա նեղ կառավարական օղակներն են: Թուրք ազգային ինքնության հարցում հենց պետական էլիտան է կառուցողական դեր իրականացնում: Ընդ որում մի շարք թուրք հեղինակներ, ինչպիսիք են Չալար Քեյդեռը (Çağlar Keyder) ընդգծում են, որ կապն ազգի` ժողովրդի և էլիտայի միջև կրում է խիստ պատեռնալիստական բնույթ: Ժողովուրդը միայն էլիտայի որոշումների պասիվ կրող է հանդիսանում: Եվ քանի որ էլիտան ինքնին կողմնորոշված է դեպի ազգայնական և որոշ դեպքերում նաև ծայրահեղ ազգայնական բևեռները, ապա տեղի է ունենում ազգային ինքնության մասսայականացում կամ մասսայական գիտակցում:

• ազգային թերարժեքության խնդիրը, որը հիմք է տալիս այլ ազգերի` ազգային փոքրամասնությունների` մասնավորապես քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղ ազգայնական վարքի դրսևորման համար: Ի սկզբանե Օսմանյան կայսրությունը հանդես էր գալիս բազմաէթնիկ, կոսմոպոլիտ բնույթով: Ընդ որում այդ հնագամանքն այնքան վառ էր արտահայտված, որ պանթուրքիստները որակում էին դա որպես թուրքական պետության փլուզման հիմք: Այնուամենայնիվ, օսմանյան կայսրությունից հետո անմիջապես ակտիվացավ պանթուրքիզմի ալիքը: Հենց կայսրության փլուզումից հետո պանթուրքիստները հնարավորություն ստացան բարձրաձայնել իրենց գոյության մասին: Եվ այդ դադարից կտրուկ ակտիվցումը հանգեցրեց թուրքացման հզոր ալիքի առաջացմանը: Այդ ալիքը իր մեջ ներառեց նաև ազգային փոքրամասնությունները, որոնք կարող էին վտանգել թուրքական կայսրության գոյությունն իրենց իսկ ազգային ինքնության ինքնագիտակացման արդյունքում: Մանավորապես սկսած 20-րդ դարասկզբից պանթուրքական ալիքը իրականացրել է մի շարք ձուլման քաղաքականություններ` մասնավորապես ուղղված քրիստոնյա ազգային փոքրամասնություներին: Ձուլման քաղաքականությունն ունեցել և այսօր էլ ունի մեկ հիմնական նպատակ` պահպանել թուրք ազգային ես-ը` ստեղծելով միատարր, մոնոէթնիկ հասարակություն: Այլ կերպ ասած` «մեկ ազգին մեկ պետություն»: Նման քաղաքականությունը հատկապես ներկա ժամանակներում զուգակցվում է նաև ազգային փոքրամասնությունների բացասական կերպարի կառուցակցման հետ: Մասնավորապես դա նկատելի է հայերի դեպքում: Օրինակ «120» (2008թ., Թուրքիա) ֆիլմի մեջ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություները, որտեղ, ըստ էության, թուրքերի համար թշնամի կողմ հանդես են գալիս ռուսները (որպես պատերազմում անմիջական հակառակորդ), սակայն որպես գործող սուբյեկտ կոնկրետ իրավիճակներում ներկայացվում են հայերը: Ընդ որում հայերի գործողությունների հիմքում ներկայացվում են անջատողականության միտումները, որոնք իրականացվում են առանձին զինված խմբերի կողմից: Նաև այս ֆիլմում նկատելի է հայերի ներկայացումը որպես քոչվորներ (որոնք ներկայացվում են որպես «լավ հայեր») և որպես վայրագներ, որոնք անընդմեջ հարձակվում են խաղաղ թուրք բնակչության վրա և, որ առավել նշանակալի է, երեխաների ջոկատի վրա: Այս և նմանատիպ կարծրատիպերի ձևավորումը, ձուլման քաղաքականությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ թուրք ազգայանակությունը ծայրահեղ բնույթ է կրում: Նման ծայրահեղացումները կարող են դրսևորվել ֆաշիզմի, շովինիզմի կամ անջատողականության ձևով: Առաջին երկու դեպքերում դա կարող է հիմք հանդիսանալ հենց պետության կողմից գաղափարախոսության յուրացման և կիրառման համար, իսկ վերջին դեպքում դա կարող է արտահայտվել ազգային փոքրամասնությունների կողմից` որպես դիմադրություն առակա քաղաքականությանը: Ամեն դեպքում ազգայնականության ծայրահեղացումները հանդիսանում են էթնիկ ռիսկի հիմք, որն էլ բնորոշվում է որպես էթնիկ կոնֆլիկտների հավանականություն:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *