Ընտրական համակարգերի Հարովկովկասյան տիպօրինակներն ու դրանց կատարելագործման հեռանկարները

Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան

gevorgterhovhannisyan@gmail.com

Ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրների իմաստավորման համատեքստում առանձնակի կարևորություն է ձեռք բերում ընտրությունների և ընտրական համակարգերի համակարգային ուսումնասիրությունն ու այդ հիմքով կիրառական հետազոտությունների կատարումը` հիմք ընդունելով այն համոզմունքն, որ ընտրություններն ու դրանց անցկացման գերնպատակին ուղղված կայացած ընտրական համակարգերն են ժողովրդավարության և դրա հուսալի գրավական հանդիսացող ներկայացուցչական ինստիտուտների ձևավորման և անխափան գործառնության գլխավոր նախապայմանը:

Հիմնախնդիրը հատկապես հրատապ ու արդիական է հնչում ժողովրդավարության ուղին բռնած և այդ ուղիով «հետևողականորեն» ընթացող հարավկովկասյան երկրների համար, որոնց հասարակական-քաղաքական համակարգերի բարեփոխումներն անխզելիորեն կապված են ընտրական համակարգերի կայացման և շարունակական կատարելագործման հետ: Հետևաբար կփորձենք ընտրական համակարգերի համեմատական ուսումնասիրության միջազգային փորձի հիման վրա պարզել հարավկովկասյան երկրների ընտրական համակարգերի ընդհանրություններն, առանձնահատկություններն ու դրանք պատճառավորող գործոնները և հիմնախնդիրը տեղափոխելով գործնական հարթություն, կփորձենք  գտնել առավել արդյունավետ այնպիսի ընտրական համակարգեր, որոնք անմիջականորեն կբխեն հարավկովկասյան երկրների ժողովրդավարացման տրամաբանությունից` առաջնորդվելով այն համոզմամբ, որ հենց արդար, ազատ և մրցակցային ընտրությունների հիմքով ձևավորվող և արդյունավետորեն գործառնող ժողովրդավարական ինստիտուտներն ու դրանց ներհատուկ գործընթացներն են  տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման անհրաժեշտ հիմնագործոնները:

   Հիմնախնդրի պարզաբանման համար հարկ է անդրադառնալ ընտրություն և ընտրական համակարգ հասկացություններին` ընդգծելով դրանց բացառիկ դերն ու նշանակությունը հարավկովկասյան տարածաշրջանում:

   Ընտրությունները բազմասպեկտ և բազմաբովանդակ գործընթաց են, ուստի դեռևս չկա դրանց հիմնահատկանիշները վերհանող և առանձնահատկություններն ընդգծող միասնական սահմանումը, հետևաբար կներկայացնենք տարբեր հեղինակային մոտեցումներ և բնորոշումներ` ընդգծելով նաև մեր մոտեցումը:

Արևմտյան քաղաքագիտական գրականության մեջ առավել տարածված է  այն մոտեցումը, համաձայն որի հենց ընտրություններն են հանդիսանում հասարակական-քաղաքական գործընթացների հիմնասյունը` ժողովրդավարական հասարակարգերում: Արևմտյան հեղինակների աշխատություններն առանձնանում են նաև նրանով, որքանով, ուսումնասիրելով ընտրությունները նախընթաց, փորձ է արվում  ցույց տալ, թե ինչպես է «ճահճացած» երկներում աշխատում այս կամ այն ընտրական համակարգը` փորձելով ուսումնասիրել այն ռազմավարական խթանները, որոնք ընտրողներին կարող են տալ ընտրական համակարգերը:

    Այսպես, ընտրությունները բանալի են հանդիսանում հասկանալու համար քաղաքականությունը ժողովրդավարական հասարակություններում, որոնք իշխանություններին լիազորում են որոշումներ ընդունել խաղաղության և պատերազմի, աղքատության և հարստության, հասարակությանը կառավարող օրենքների մասին [Ferrara, Herron, Nishikawa 2005, 14]: Կամ այլ բնութագրմամբ կարելի է ասել, որ ընտրությունները պարբերաբար տեղի ունեցող ոչ միայն իրավական-ինստիտուցիոնալ, այլ նաև հասարակական-քաղաքական, սոցիալական հիմք և տնտեսական երանգավորում ունեցող այնպիսի գործընթաց են, որոնց հիմքով ձևավորվող պետական ներկայացուցչական մարմինները ստանում են իրենց գործունեության համար անհրաժեշտ իրավասությունը:

    Ցանկացած պետականորեն կազմավորված հասարակական-քաղաքական համակարգի բնութագրման հարցում առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն ընտրական համակարգերը որպես պետական իշխանության մարմինների ձևավորման կանոն ու մեխանիզմ: Ընտրական համակարգը քաղաքական համակարգի տարրն է, և քաղաքականության առանցքային տարրի` պետական իշխանության, լեգալ կայացման և լեգիտիմ գործառնության գործուն մեխանիզմը: Միմիայն համապատասխան ընտրական համակարգի շնորհիվ և միջոցով է, որ այժմյան ժողովրդավարական պետությունները ձևավորում են իրենց պետական իշխանության մարմինները և որոշում պաշտոնատար անձանց ընտրվելու կարգը: Գիտական գրականության մեջ ընտրական համակարգ հասկացությունը սովորաբար օգտագործվում է երկու իմաստով`

լայն – հասարակական հարաբերությունների համակարգ է` կապված իշխանական մարմինների ընտրության հետ«

նեղ  –  իրենից ենթադրում է թեկնածուների միջև մանդատների բաշխում` կապված ընտրողների քվեարկության արդյունքների հետ(այստեղ օգտագործվում է թեև ընտրական համակարգ,  թե’ ընտրական բանաձև եզրերը):

   Ընտրական համակարգը ընտրությունների կազմակերպմանև անցկացման կարգն է,ինչպես նաև քվեարկության արդյունքների որոշումը ներկայացուցչական մարմինների, մի շարք պետական բարձրագույն մարմինների և պաշտոնյաների,  ինչպես նաև դաշնային պետություններում սուբյեկտների ներկայացուցչական մարմինների ինքնավար կազմավորումների իշխանական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց ղեկավարների ընտրությունների ժամանակ [Василик 2001, 88]:

     Մինչ համեմատական վերլուծություն անցկացնելը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ընտրական համակարգերի միջև, անհրաժեշտ է նախ ներկայացնել դրանք իրարից զատ:

    Եվ այսպես` Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները լինում են համապետական և տեղական, հիմնական և լրացուցիչ, արտահերթ և հերթական: ՀՀ նախագահի համապետական ընտրությունների ժամանակ կիրառվում է բացարձակ մեծամասնական ընտրական համակարգ, Ազգային ժողովի ընտրության ժամանակ կիրառվում է խառն ընտրական համակարգ` 41-ը հարաբերական մեծամասնական ընտրակարգով, 90-ը` համամասնական, տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ կիրառվում է հարաբերական մեծամասնական ընտրական համակարգ, իսկ Երևանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենում անուղղակի սկզբունքով:

    Ադրբեջանում ևս ընտրությունները լինում են համապետական և տեղական« հիմնական և լրացուցիչ, արտահերթ և հերթական: Նախագահի համապետական ընտրությունների ժամանակ կիրառվում է բացարձակ մեծամասնական համակարգ« Միլլի Մեջլիսի ընտրության ժամանակ կիրառվում է հարաբերական մեծամասնական ընտրական համակարգը` 125 պատգամավոր ընտրվում է միամանդատ ընտրատարծքներից: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ կիրառվում է հարաբերական մեծամասնական ընտրական համակարգ« որտեղ թեկնածուներն ընտրվում են բազմամանդատ ընտրատարածքներից:

Վրաստանում ընտրությունները նույնպես լինում են համապետական և տեղական, հիմնական և լրացուցիչ, արտահերթ և հերթական: Նախագահի համապետական ընտրությունների ժամանակ կիրառվում է բացարձակ մեծամասնական համակարգ: Վրաստանի օրենսդիր մարմնի` Սաքարթվելոս Պառլամենտիի, ընտրությունների ժամանակ կիրառվում է խառն ընտրական համակարգ` 75 պատգամավոր ընտրվում են հարաբերական մեծամասնական, իսկ 75 համամասնական ընտրական համակարգով: Տեղական ինքնակառավարման մարմինների` Սակրեբուլոյի, ընտրությունները տեղի են ունենում և’ համամասնական, և’ մեծամասնական ընտրական համակարգով:

        Տարածաշրջանային ընտրական համակարգերի վերլուծությունից պարզ է դառնում այն ակնհայտ օրինաչափությունը, որ և’ համամասնական և’ մեծամասնական համակարգերն ու դրանց համակցություններ հանդիսացող խառն ընտրական համակարգերը յուրօրինակ դրսևորում են ստանում Հարավկովկասյան երկրներում: Յուրաքանչյուր երկրում ընտրական համակարգի վրա ազդում են ազգային, էթնո-մշակութային, պատմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ գործոնները:

    Այսպես, հարկ է նշել, որ թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրական համակարգերը հարավկովկասյան տարածաշրջանում  ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

   Այսպես,  մեծամասնական համակարգի կիրառումը երեք երկրներում էլ կարոևորվում է նրանով, որ նրանցում դեռևս կուսակցական համակարգերը լիովին չեն կայացել և այս համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս առավել անմիջական կապ հաստատել ընտրողների և ընտրվողների միջև` առավել առարկայական դարձնելով ժողովուրդ իշխանություն կապը: Մյուս կողմից` հենց մեծամասնական համակարգն է նպաստում ծայրահեղական կուսակցությունների և քաղաքական ուժերի առաջացմանը, որոնց չներկայացվածությունը կամ թերներկայացվածությունն օրենսդիր մարմնում նպաստում է արտախորհրդարանական ընդդիմության ձևավորմանն, որը հղի է վարչակարգի դեմ ուղղված հակահամակարգային ծայրահեղական շարժման վերածվելու լուրջ սպառնալիքով:

  Ինչ վերաբերում է  համամասնական համակարգին« պետք է նշել,  որ այն հատկապես արժևորվում է Վրաստանի և Ադրբեջանի համար` ի տարբերություն էթնիկ միատարրությամբ բնորոշվող ՀՀ-ի համար, քանզի այն նպաստում է տարբեր փոքրամասնությունների(այդ թվում ազգային և կրոնական) առավել համամասնական ներկայացվածությանը: Մյուս կողմից` այս համակարգի կիրառման արդյունքում ստեղծված կոալիցիոն կառավարություններն ու դրանցում տարբեր ուժերի ներկայացվածությունը կարող է անարդյունավետ լինել հակամարտայնությամբ բնորոշվող երկրների համար: Վերոնշյալը մասամբ է վերաբերում Վրաստանին, որտեղ ընթացող «մոնոէթնիկացման» քաղաքականության տրամաբանությունից չի բխում տարբեր փոքրամասնությունների (հիմնականում ազգային) համաչափ ներկայացվածությունն օրենսդիր  և գործադիր իշխանություններում:

  Կրկին նանդրադառնալով Ադրբեջանի ընտրական համակարգին, պետք է նշել, որ մեծամասնական համակարգի կիրառումը, առերևույթ օպտիմալ թվալով,  իրականում չի բխում ժողովրդավարացման տրամաբանությունից այնքանով, որքանով չի նպաստում միջկուսակցական պայքարին և մրցակցությանն, այդ հիմքով ժողովրդավարական կառավարության ձևավորմանը:

Պետության ժողովրդավարացման` իշխող վարչակարգի ակնհայտ կամքի բացակայության պայմաններում` դժվար է ակնկալել իր էությամբ առավել ժողովրդավարական համամասնական ընտրական համակարգի բաղադրատարրերի ներդրում: Նշվածի վառ օրինակ է հանդիսանում օրինակ` 2005թ.-ի Ադրբեջանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու Վենետիկի Հանձնաժողովի և Ադրբեջանի կառավարության միջև Ստարսբուրգյան բանակցություններն, որտեղ Ադրբեջանը հրաժարվեց փոխել ընտրական համակարգը և ձևավորել նոր ԿԸՀ:

  Չափազանց կարևորելով անվտանգության ռազմական բաղադրիչն ու հասարակական գիտակցության մեջ ներարկելով թշնամու դեմ միասնական պայքարելու դեմ անհրաժեշտությունն` Ադրբեջանում ժողովրդավարացման հիմանհարցերը և դրանց կար’որ բաղկացուցիչ հանդիսացող առավել ժողովրդավարական ընտրական համակարգի ներդրման հարցերը մղվում են հետին պլան: Մինչդեռ կարծում ենք` Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կայացման ինքնադրսևորման ներուժն առավել արդյունավետ կդրսևորվեր հենց համամասնական ընտրակարգի հիմնատարրերի առկայությամբ:

  Պատկերն այլ է ՀՀ-ում, որում առկա են և’ համամասնական և’ մեծամասնական ընտրական համակարգի համակցություն հանդիսացող խառն ընտրական համակարգն, որն, ի դեպ, շատ հեղինակների պնդմամբ թե’ թեկնածուներին և թե’ կուսակցություններին ճկուն կանոններ է տալիս` մեծ քաղաքականություն մտնելու համար (օրինակ է Ճապոնիա և Իտալիա) [McKean; Scheiner; Scheiner 200, 447–477]: Թվում է, թե այս համակարգը ՀՀ-ի դեպքում պետք  է որ բավական արդյունավետ լինի` նպաստելով ինչպես կուսակցական, այնպես էլ արտակուսակցական հիմքերով ներկայացուցչական մարմինների ձևավորմանը:

   Սակայն ուսումնասիրելով մեր տարածաշրջանի ընտրությունների փորձը նախընթաց« կարող ենք եզրակացնել, որ երեք երկրների համար էլ առավել նպատակահարմար է խառն ընտրական համակարգը, բայց այլ կերպ. Այսպես հիշեցնենք, որ գոյություն ունի խառն ընտրական համակարգերի երկու ենթատեսակ կապակցված և զուգահեռ: Զուգահեռ ընտրական համակարգերում ընտրությունները տեղի են ունենում բազմամանդատ և միամանդատ ընտրատարածքներում` համամասնական և մեծամասնական սկզբունքի հիման վրա: Կապակցված ընտրահամակարգի պայմաններում` թեկնածուների մի մասն ընտրվում է միամանդատ, մյուս մասը բազմամանդատ ընտրատեղամասերում: Սակայն այստեղ տարբերությունն այն է, որ համամասնական կարգով առաջադրված թեկնածուներին մանդատներ բաշխելու ժամանակ`  հաշվի է առնվում մեծամասնական ընտրակարգով ստացված ձայները:

   Հիշեցնենք նաև, որ թե’ ՀՀ-ում, թե’ Վրաստանում կիրառվում է 2-րդ ենթատեսակը, մինչդեռ մեր խորին համոզմաբ երեք երկրներում էլ առավել արդյունավետ է խառն ընտրական համակարգի զուգահեռ ենթատեսակն, ինչը թույլ կտա մեծամասնական ցուցակներում առաջադրված, «հեղինակություն» հանդիսացող թեկնածուներին չառաջադրվել նաև կուսակցական ցուցակներում, որն առավելագույնի է հասցնում խորհրդարանում «կոճակ սեղմելու» կամ «սենսորային էկրանի համապատասխան հատվածը ջարդելու» շանսերը: Որպես կանոն երկու երկրներում էլ (մինչև 2005թ.-ը Ադրբեջանում ևս) կիրառվող այս ընտրակարգի պայմաններում, մանդատ է ստացել մեծամասնականով առաջադրված թեկնածուն` համամասնական ցուցակում իր տեղը զիջելով իրենից ստորին սանդղակում գտնվող թեկնածուին: Վերջինս էլ պարարտ հող է  հանդիսանում ընտրակեղծիքների համար:

   Բացի սա էլ, այստեղ մի թաքնված խնդիր էլ գոյություն ունի. Այսպես, բանը նրանում է,որ եթե մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածուն, գոնե նախընտրական քարոզչության ժամանակ, «բազմաթիվ» հանդպումներ, անմիջական զրույցներ վարելով իր ընտրազանգվածի հետ, սին խոստումներ տալով և այլն, չի հայտնվում խորհրդարանում` ինչու պետք է հենց նույն ընտրողը ցանկանա, որ այդ նույն թեկնածուն համամասնական ցուցակով անցնի խորհրդարան (այստեղ տեղին է հիշեցնել համամասնական համակարգի այն թերության մասին, որ ժողովուրդը քվեարկում է կուսակցության, նրա ծրագրի և գաղափարախոսության համար, իսկ թե ով է տեղ զբաղեցնելու, ընտրողը չգիտի): Ահա և նշյալը հստակ ապացուցում է, որ կիրառվող այս համակարգը ժողովրդի կամքին հակառակ է, այսինքն լրիվ ժողովրդավարական չէ:

  Մի գուցե հենց սա է այն գլխավոր պատճառը, որ Հարավային Կովկասի երկրներում ընտրություններից առաջ ընդդիմադիր բլոկն արդեն պատրաստվում է քվեարկության արդյունքները բողոքարկելուն ը ժողովրդին տրամադրում իշխանափոխության« մի գուցե սա է պատճառը, որ այս տարածաշրջանի հասարակություններն իրենց համար անհասանելի երազանք են համարում լեգիտիմ ընտրություններն, ընտրական մշակույթը« քաղաքացիական հասարակությունը, հարևանների հետ բարի դրացիական« խաղաղ և կայուն հարաբերությունները, սա պատճառը, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ և այլք այս երկրներին բնութագրում և վերաբերում են որպես առավել ոչ ժողովրդվարական պետությունների` իր բոլոր առկա հետևանքներով հանդերձ:

 Նշվածի վառ օրինակ է Freedom House-ի տարեկան զեկույցն, որի համաձայն Հայաստանն ու Վրաստանը մտնում են «մասամբ ազատ», իսկ Ադրբեջանը «անազատ» երկրների շարքը[1]: Նույնն է պատկերը նաև  Human Rights House Foundation, Index on Censorship, International Federation of Journalists« Media Diversity Institute, Norwegian Helsinki Committee, Reporters Without Borders, World Association of Newspapers and News Publishers-ների զեկույցներում: Չի կարելի անտեսել գլխավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (OSCE ODHIR) դիտորդական առաքելությունները և զեկույցները տարածաշրջանում ընթացող բոլոր ընտրությունների վերաբերյալ[2]:

  Ամփոփելով, հարկ ենք համարում նշել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման գործում մեծ է ազատ և արդար ընտրությունների դերը, որոնց միջոցով իշխանության ձևավորումը ժողովրդավարության իրականցման առաջնային ու անհրաժեշտ տարրերից մեկն է: Ընտրությունները լիարժեք կարող են իրականացնել իրենց գործառույթները միայն այն ժամանակ, երբ վերածվում են ժողովրդավարության հիմնարար ինստիտուտի, քաղաքացիների քաղաքական իրավասուբյեկտության իրականացման եղանակի, պետական կարգի սահմանադրական հիմքի: Ինչպես նշել են որոշ հեղինակներ, որ հենց ազատ և արդար ընտրություններն են հանդիսանում ոչ միայն վարչակարգի` ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պարզելու փորձություններ, այլև դրանք ընտրողներին կարևորագույն հնարավորություններ են տալիս թուլացնել կամ վերացնել ավտորիտար կառավարության իշխանությունը [Nevitte; Canton  1997 47–61]:

Օգտագործված գրականության ցանկ

  1.  М.А. Василик; М. С.  Вершинин; “Политология” М. 2001
  2. M. Gallagher; P. Mitchell «The Politics of Electoral Systems» Oxford University Press 2005
  3. F.Ferrara, E. S. Herron, M. Nishikawa «Mixed Electoral Systems Contamination and Its Consequences» New York 2005
  4. McKean; M. Scheiner; E. Scheiner «Japan’s New Electoral System: la plus change Electoral Studies» 2000
  5. Nevitte. N and S Canton «The Role of Domestic Observers» Journal of Democracy  1997
  6. www.freedomhouse.org
  7. www.osce.org

[1] Տե’ս  Հայաստան http://www.freedomhouse.org/template.cfm?page=22&year=2010&country=7772

Ադրբեջան http://www.freedomhouse.org/template.cfm?page=363&year=2010&country=7775

Վրաստան  http://www.freedomhouse.org/template.cfm?page=22&year=2010&country=7827

[2]Տե’ս Հայաստանի մասին    http://www.osce.org/documents?keys=Armenia&document_type=472

Ադրբեջանի  http://www.osce.org/documents?keys=Azerbaijan+&document_type=472

Վրաստանի  http://www.osce.org/documents?keys=Georgia&document_type=472

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *