ԷՄԻԼ ԴՅՈՒՐԿՀԵՅՄ

Էմիլ Դյուրկհեյմը սոցիոլոգիայի` որպես գիտության ստեղծողներից մեկն է: Նա ծնվել է 1858 թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Էպինալե քաղաքում` ռավինների ոչ հարուստ ընտանիքում: Նրա ընտանիքը նրան նախապատրաստում էր կրոնական կյանքի`ցանականալով, որ նա շարունակի իր նախնիների գործը: Սակայն, նա բավականին վաղ հասակից հրաժարվեց շարունակել ընտանեկան ավանդույթները: Դյուրկհեյմի կենսագիրները նշում են, որ նրա այդ որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա դպրոցական կաթոլիկ ուսուցչուհին: Կարճ ժամանակ նա հակված էր կաթոլիցիզմի հետաքրքրված լինելով դրա միստիկ նշանակությամբ: Բայց և այնպես, Դյուրկհեյմը չդարձավ ոչ կաթոլիկ, ոչ էլ աթեիստ: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջը նա մնաց ագնոստիկ (օբյեկտիվ աշխարհի իմացությունը և ճշմարտության օբյեկտիվ բնույթը ժխտող իդեալիստական ուսմունք): Մշտապես կարևորելով կրոնի սոցիալական և բարոյական դերը, նա իր հավատի առարկան դարձրեց ընդհանրապես գիտությունը, և մասնավորապես սոցիալական գիտությունը:

1879թ. երրորդ փորձից Դյուրկհեյմը ընդունվեց Փարիզում «Բարձրագույն նորմալ դպրոց», որտեղ նրա հետ միասին սովորում էին հայտնի փիլիսոփա Անրի Բերգսոնը և սոցիալիստական շարժման ներկայացուցիչ Ժան Ժորեսը:

1882թ. ավարտելով Նորմալ դպրոցը` Դյուրկհեյմը մի քանի տարի փիլիսոփայություն դասավանդեց գյուղական լիցեյներում:

1885-1886թթ. նա գործուղղվեց Գերմանիա, որտեղ ծանոթացավ փիլիսոփայության և սոցիալական գիտության դասավանդման և հետազոտման մակարդակի հետ: Նրա վրա հսկայական տպավորություն թողեց հայտնի հոգեբան և փիլիսոփա Վունդտի հետ ծանոթությունը: 1887թ. Դյուրկհեյմը նշանակվեց Բորդոսկոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետում «սոցիալական գիտության և մանկավարժության»  դասավանդող: Այնտեղ էլ 1896թ. ղեկավարեց «սոցիալական գիտության» ամբիոնը (Ֆրանսիայում սոցիոլոգիայի առաջին ամբիոնը):

1898-1913 թթ. Դյուրկհեյմը ղեկավարում էր «Սոցիոլոգիական տարեգիրք» ամսագիրը: Ամսագրի աշխատակիցները, որոնք հանդիսանում էին Դյուրկհեյմի գաղափարների կրողները, ստեղծեցին գիտական դպրոց, որը ստացավ «Ֆրանսիական սոցիոլոգիական դպրոց» անվանումը: 1902թ. Դյուրկհեյմը դասավանդում էր Սորբոնում, որտեղ ղեկավարում էր «դաստիարակության մասին գիտության» ամբիոնը, հետագայում` «դաստիարակության և սոցիոլոգիայի մասին գիտության» ամբիոնը:

Մասնագիտական գործունեությունը Դյուրկհեյմի կյանքում զբաղեցնում էր գլխավոր տեղը, բայց, չնայած դրան, նա ակտիվորեն մասնակցում էր տարբեր հասարակական գործունեությունների և շարժումներին: Նա դեմոկրատական և լիբերալիստական համոզմունքների տեր մարդ էր, սոցիալական ռեֆորմների կողմնակից: Նա նաև հեղափոխական սոցիալիզմի հակառակորդ էր. համարում էր, որ սոցիալական փոփոխությունները տեղի են ունենում երկարատև սոցիալական և բարոյական էվոլյուցիայի արդյունքում:

Առաջին համաշխարհային պատերազմը ծանր հարված հասցրեց Ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցին, դպրոցի որոշ հայտնի ներկայացուցիչներ մահացան ֆրոնտներում: Մահացավ նաև Դյուրկհեյմի որդին` Անդրեն:

Դյուրկհեյմը մահացավ 1917թ. նոյեմբերի 15-ին Ֆոնտեբիլոյում`59 տարեկան հասակում, կիսատ թողնելով շատ գաղափարներ:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *