Հեղինակ` Արմինե Վարդանյան
armine.va@gmail.com
Սույն հոդվածում վերլուծվել է տեքստերի դիսկուրս-վերլուծության հնարավորությունները, սակայն մինչ բուն վերլուծությանն անդրադառնալը, հասկանանք “դիսկուրս” կատեգորիան և դիսկուրս-վերլուծության մեթոդաբանությունը:
“Դիսկուրս”[1] հասկացությունը կիրառվում է սոցիալական երկխոսության համար, որ տեղի է ունենում անհատների, խմբերի, սոցիալական ինստիտուտների միջև հենց վերջիններիս միջոցով: Դիսկուրսն ընկալվում է որպես «հաղորդակցման թեմատիկ միասնություն», «կանոնների խաղ» և «կոնցեպտների մանիպուլիացիայի միջոց», որոնք պայմանավորված են սոցիալական կյանքի արժեքներով և նորմերով: Դիսկուրսը հաղորդակցման կարևոր և անբաժան ագենտն է, որը հանդես է գալիս որպես իմաստների, արժեքների, գաղափարների, ինտերպրետացիաների և այլ մենտալ կառուցվածքների կրող և տարածող: Այն ներկայացնում է նաև իշխանական ռեսուրս, որի միջոցով սոցիալական ինստիտուտներն իրականացնում են իրենց ինքնաներկայացումը, լեգիտիմացիան, իրականության օրինակների կառուցումն ու տարածումը, ինչպես նաև սոցիալ-մշակութային և քաղաքական դաշտում դիրքավորումը: Դիսկուրսի իշխանական ուժը կայանում է նրա ընձեռած հնարավորության մեջ ստեղծելու սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ տիպի ինքնություններ: Այլ կերպ ասած` այն դիտարկվում է որպես ինքնությունների գաղտնաբառ` դուք այնպիսին եք, ինչպիսին ձեր դիսկուրսն է[2]:
Դիսկուրսի սահմանման հիմնական մոտեցումները
Ներկայումս գոյություն ունի դիսկուրսի սահմանման մոտեցումների լայն սպեկտոր, և չնայած դրան` այդ բազմազանությունից կարելի է առանձնացնել երեք հիմնականները:
Առաջին մոտեցումը կարելի է անվանել զուտ լեզվաբանական: Այստեղ դիսկուրս հասկացությունը դիտարկվում է որպես «խոսք», որպես դինամիկ երևույթ կոմունիկատիվ իրավիճակների շրջանակներում ինֆորմացիայի «շարժման» տեսանկյունից: Ֆրանսիացի լեզվաբան Է.Բենվենիստը XX դարի 70-ականներին առաջին անգամ սկսեց դիտարկել դիսկուրսը որպես «հաղորդակցության մեջ լեզվի գործառնություն»: Նա ընդլայնեց ֆրանսիական լեզվաբանական ավանդույթում դիսկուրսի ընկալումն ընդհուպ մինչև լեզվի, գաղափարախոսության և մարդու միջև հարաբերությունների ամբողջությանը:
Երկրորդ մոտեցումը կարելի է անվանել սոցիոլոգիական: Այն առաջին հերթին կապվում է ֆրանսիացի կառուցվածքաբան Մ.Ֆուկոյի անվան հետ: Անցյալ դարի 60-ականերին Ֆուկոն իր «Գիտելիքի հնագիտություն» 1969թ.[3] աշխատության մեջ շոշափում է գիտելիքի ստացման կոգնիտիվ շրջանակների պրոբլեմատիկան` կապված այս կամ այն դարաշրջանը բնորոշող կոնցեպցիաների և տեքստերում դրանց արտահայտման յուրահատկությունների հետ: Ըստ Ֆուկոյի՝ գոյություն ունի դիսկուրսիվ կարգ. տվյալ դարաշրջանում շրջանառվող ասույթների ամբողջությունը ենթարկվում է ձևավորման միևնույն համակարգին, որը հենց պայմանավորում է վերջիններիս կառուցման և բաշխման սկզբունքը: Այդպիսով՝ դիսկուրսն «անանուն, պատմական, ժամանակով և տարածությամբ դետերմինացված կանոնների ամբողջություն է, որոնք տվյալ դարաշրջանում և տվյալ սոցիալական, տնտեսական, աշխարհագրական, լեզվային միջավայրի համար որոշել են փոխազդեցության արտահայտման պայմանները» [5, էջ 118]: Փաստացի, այսպիսի ընկալման դեպքում դիսկուրսը հանդիսանում է հաղորդակցության սուբյեկտի սոցիալական մարկեր:
Երրորդ մոտեցումն առաջարկվել է Յ.Հաբերմասի կողմից: Կարելի է ասել, որ սա ինչ-որ իմաստով հանդիսանում է նախորդի մասնակի դեպք: Այս ընկալման մեջ դիսկուրսը դիտարկվում է որպես հաղորդակցման իդեալական ձև, որն իրականցվում է մասնակիցների հայացքների քննարկման և հիմնավորման համար, և որոշակի իմաստով նման է գիտական ռացիոնալության շրջանակներում իրականցվող հաղորդակցությանը: Ըստ Հաբերմասի` դիսկուրսը երկխոսություն է, որում մենք փորձում ենք հասնել համաձայնության, ինչը հենց կոմունիկատիվ գործողության հիմքն է: Դիսկուրսը պահանջում է, որ մասնակիցների գործողությունների բոլոր մոտիվները չեզոքացվեն, բացի փոխըմբռնման համատեղ հասնելու մոտիվից: Սա ունի որոշակի նմանություն «գաղափարների գեներացիայի պրոցեսի» հետ՝ որպես իրականության ճանաչողության գործիք:
Դիսկուրսի ընկալման դիապազոնը
Դիսկուրսի ընկալման դիապազոնը շատ լայն է: Մի շարք գիտնականներ մոդիֆիկացրել են վերջինիս ընկալումը: Այսպես` Դերրիդան գտնում է, որ դիսկուրսը կախված է սոցիալական կարգավիճակից, Ֆերկլոն դիսկուրսը համարում է այն լեզուն, որն օգտագործվում է սոցիալական պրակտիկայի ռեպրեզենտացիայի ժամանակ, Տորֆինգը դիսկուրսը ներկայացնում է որպես հեգեմոնային արտիկուլյացիաների արդյունք, որոնց նպատակն է հասարակության մեջ հաստատել ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական, ինտելեկտուալ լիդերություն, Պեշյոյի կարծիքով դիսկուրսն այն կետն է, որտեղ հանդիպում են լեզուն և գաղափարախոսությունը, ըստ նրա` բառերի իմաստները փոփոխվում են` կախված քաղաքական պայքարում դասակարգային դիրքերից: Տ. վան Դեյկն իր «Դիսկուրսը` որպես կառուցվածք և գործընթաց» (1997թ.) աշխատության մեջ առանձնացնում է դիսկուրսի սահմանման լայն և նեղ իմաստներ: Դիսկուրսը լայն իմաստով կոմունիկատիվ իրադարձություն է, որը տեղի է ունենում կոմունիկատիվ գործողության պրոցեսում խոսողի և լսողի միջև որոշակի ժամանակային, տարածական համատեքստում: Նեղ իմաստով դիսկուրսը կոմունիկատիվ գործողության ավարտված կամ շարունակվող, նրա գրավոր կամ խոսքային արդյունքն է, որն ինտերպրետացիայի է ենթարկվում ռեցիպիենտների կողմից: Վան Դեյկի կողմից առաջարկված դիսկուրսի մոդելի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վեր հանվի կոմունիկատիվ իրադարձությունը` որպես լեզվային ձևի, նշանակության և գործողության բարդ միասնություն: Վան Դեյկն իր «Դիսկուրս, համատեքստ և ճանաչողություն»[4] հոդվածում հանգում է այն եզրակացությանը, որ դիսկուրսը, տեքստը, խոսքը դարձել են սոցիալ-մշակութային, քաղաքական դաշտի հիմնական բաղկացուցիչները: Դրանով էլ պայմանավորված է դիսկուրսի կոնտեքստուալությունը, և դիսկուրսի վերլուծության նպատակներից մեկն էլ հենց սոցիալական համատեքստի ուսումնասիրումն է: Սոցիալական խմբերը և հասարակության անդամներն ունեն սոցիալապես ընդունված, սոցիալապես կիսելի մենտալ պատկերացումներ, որոնք էլ պայմանավորում են խմբի դիսկուրսը: Այդպիով՝ կոգնիտիվ և սոցիալական չափորոշիչների ինտեգրման արդյունքում հնարավոր կլինի վերլուծել սոցիալական խմբի դիսկուրսը:
Դիսկուրսի հաջող սահմանումներից մեկը տվել է Ն.Դ.Արությունովան՝ «Դիսկուրսը կապակցված տեքստ է էքստրալեզվաբանական` պրագմատիկ, սոցիոմշակութային, հոգեբանական և այլ գործոնների ամբողջությամբ: Դիսկուրսը խոսք է` ընկղմված կյանքի մեջ: Այդ պատճառով «դիսկուրս» հասկացությունը, ի տարբերություն «տեքստ» հասկացության, չի կիրառվում հին և այլ տեքստերի նկատմամբ, որոնց կապը կյանքի հետ անմիջականորեն չի վերականգնվում» [1, էջ 28-29]:
Այսպիսով` ընդհանրացնելով վերոհիշյալը՝ դիսկուրսի վերլուծության մեջ պետք է առանձնացնել հետևյալ նախապայմանները.
v Իրականության մասին գիտելիքներն ու պատկերացումներն արտաքին իրականության ուղղակի արտացոլումը չեն, դրանք կատեգորիաների միջոցով իրականության դասակարգման արդյունք են, այսինքն` մեր գիտելիքները դիսկուրսի արդյունք են:
v Այդ գիտելիքները ձևավորվում են որոշակի պատմամշակութային, սոցիալական համատեքստում, դրանք մարդկանց միջև պատմականորեն ձևավորված փոխհարաբերությունների արդյունք են:
v Աշխարհընկալման միջոցները ստեղծված են և պահպանվում են սոցիալական փոխազդեցությունների պրոցեսներով, որտեղ կառուցվում են հայտնի ճշմարտություններն ու գիտելիքները:
v Տարբեր աշխարհընկալումները տանում են տարբեր սոցիալական վարքի, այդ իսկ պարճառով էլ գիտելիքների և ճշմարտությունների սոցիալական կառուցվածքն ունի սոցիալական հետևանքներ:
Դիսկուրսի վերլուծությունը, որը կարող է ներառել ռեպրեզենտացիայի տարբեր մակարդակներ, վեր է հանում դիսկուրսի այն կոմունիկատիվ–պրագմատիկ շրջանակները, որ տրվում են սոցիալ–մշակութային միջավայրի կողմից, որը պրոյեկտվում է լեզվային մակարդակի վրա` որոշելով դիսկուրսի` այսպես կոչված «վերբալ փաթեթավորումը»:
Դիսկուրս–վերլուծությունը` որպեսսոցիոլոգիականվերլուծությանմեթոդ
Սույն հոդվածում ներկայացված է դիսկուրս-վերլուծության մեթոդիկաների հիմնական սպեկտորը, որն այսօր օգտագործվում է սոցիոլոգիայում, քննարկված են դրանց հիմնավորման տեսական մոտեցումները: Նշենք, որ այսօր գոյություն ունեն դիսկուրս-վերլուծության սահմանման և ընկալման տարբեր մոտեցումներ, և դեռևս չի ստեղծվել դիսկուրսի հետազոտման միասնական մեթոդաբանություն: Դիսկուրս-վերլուծությունն ունի մուլտիդիսցիպլինար բնույթ, մեթոդաբանության մոտեցումները մոզայիկ են, հաճախ նաև իրար հակասող:
Սոցիոլոգիական դիսկուրս-վերլուծության պրակտիկայում առավել նշանակալի ներդրում են ունեցել այնպիսի գիտնականներ, ինչպես Տ. վան Դեյկը, Վ.Դրեսսլերը, Յ.Պետեֆին, Տ.Գիվոն, Ու.Չեյֆը և այլն:
Դիսկուրս-վերլուծության հիմնական սկզբունքներից մեկը հանդիսանում է սոցիալական համատեքստի ուսումնասիրությունը, որում ստեղծվում են դիսկուրսները: Հատկապես դիսկուրսների և նրանց կողմից կառուցվող սոցիալական իրականությունների միջև կապերի ուսումնասիրությունն է դարձնում դիսկուրս-վերլուծությունը սոցիալական ֆենոմենների հետազոտման ուժեղ մեթոդ: Խնդիրը կայանում է նրանում, որ ուսումնասիրվի երևույթի ներքին տրամաբանությունը, բնորոշվեն սյուժեի կառուցման օրինակները և նրանց կապը խոսքի սոցիալ-մշակութային համատեքստի հետ: Ավելին, դիսկուրսի վերլուծությունը վերաբերում է այն հասարակական ինստիտուտների վերլուծությանը, որոնցով տեղի է ունենում անհատների, խմբերի, ինչպես նաև հենց նույն սոցիալական ինստիտուտների միջև սոցիալական երկխոսությունը [2, էջ 73]:
Դիսկուրսը կոլեկտիվ կիսելի է և սոցիալական, այն առաջանում է սոցիալական փոխազդեցությունից, որում էլ հենց ինտեգրված է: Այս պատճառով էլ, եթե ցանկանում ենք հասկանալ դիսկուրսը և նրա ազդեցությունները, մենք պետք է հասկանանք համատեքստը, որում այն ստեղծվում է, իսկ համատեքստն էլ իր հերթին ինտեգրված է դիսկուրսի մեջ` որպես վերջինիս լեզվական պրակտիկա:
Դիսկուրսի հետազոտությունների մեթոդաբանությունը սկսել է ակտիվորեն զարգանալ «լեզվաբանական շրջադարձից» հետո անցյալ դարի կեսերին: Դիսկուրս-վերլուծության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցել է կոնստրուկտիվիստական մոտեցումը: Դիսկուրս-վերլուծության ֆոկուսում գտնվում են սոցիալական իրականության կառուցման և ուսումնասիրման մեխանիզմները: Այսօր դիսկուրս-վերլուծությունը հանդիսանում է ոչ միայն սոցիալական իրականության ճանաչողության հեռանկարային մեթոդ, այլ նաև սոցիալ-կոնստրուկտիվիստական էպիստեմոլոգիայի շրջանակներում մեթոդաբանություն` մեթոդների որոշակի համակարգով:
Ավանդաբար դիսկուրս-վերլուծության մեթոդները համարվում են որակական մեթոդներ, որոնք շեշտադրում են սոցիալական իրականության և դրանում ներդրված իմաստների ինտերպրետացիան և ընկալումը: Դիսկուրս-վերլուծությունն ուղղված է ոչ այնքան այն բանին, թե ինչպես է լեզուն արտահայտում իրականությունը, որքան նրան, թե ինչպես է կառուցում այն:
Տեքստերիդիսկուրս–վերլուծություն
Ներկայումս ձևավորվել է դիսկուրս-վերլուծության ողջ ավանդույթ, որի տարբեր ուղղություները կապված են առանձին գիտնականների և դպրոցների հետ: Դիսկուրս-վերլուծությունը կիրառվում է ինչպես բանավոր խոսքի, առօրյա խոսքային պրակտիկաների, կենցաղային երկխոսությունների, այնպես էլ տեքստային տվյալների վերլուծության համար: Սույն հոդվածի շրջանակներում քննարկվում է դիսկուրս-վերլուծության հենց այս տեսակը: Տեքստը բարդ ամբողջություն է, որը գործառնում է որպես կառուցվածքային-սեմանտիկ միասնություն, և դրա հանգամանալի ուսումնասիրությունը հնարավոր է միայն որպես միասնական գործառնող համակարգ, որի բոլոր տարրերը կապված են միմյանց [6, էջ 157]: Գոյություն ունեն դիսկուրս-վերլուծության տարբեր մեթոդիկաներ, մասնավորապես` Ռ.Ոդակի, Ն.Ֆերկլոյի, Տ. վան Դեյկի քննադատական դիսկուրս–վերլուծությունը, Տ. վան Դեյկի քաղաքական դիսկուրս–վերլուծությունը, Տ.Գիվոնի դիսկուրսի և քերականության կապի կոգնիտիվ տեսությունը, Ռ.Տոմլինի էքսպերիմենտալ դիսկուրսի հետազոտությունները, Լ.Պոլանիի դիսկուրսի կառուցվածքի ընդհանուր մոդելը, Ու.Լաբովայի և Ջ.Գամպերսի հոգելեզվաբանական դիսկուրս–վերլուծությունը, Մ.Մինսկովի ֆրեյմերի[5] տեսությունը:
Ֆունկցիոնալ–կոգնիտիվ քննադատական դիսկուրս–վերլուծության մեջ Տ. վան Դեյկը հիմնական շեշտը դնում է մի կողմից դիսկուրսի կառուցվածքի, մյուս կողմից` ինֆորմացիայի ընկալման կոգնիտիվ մեխանիզմների վրա: Դիսկուրսն այս ասպեկտով դիտարկվում է վան Դեյկի կողմից որպես լեզվաբանական ձևի, նշանակության և գործողության բարդ միասնություն, որը հատկապես հասկանալի կերպով ռեալիզացվում է կոմմունիկատիվ իրադարձության կամ ակտի տերմիններով: Դիսկուրսի ընկալման կոգնիտիվ մեխանիզմների տեսանկյունից վան Դեյկը ներառում է այնպիսի տարրեր, ինչպես տեքստի և սցենարի կապվածությունը, տեքստի սկրիպտը: Վան Դեյկն առանձնացնում է տեքստի վերլուծության երկու մակարդակ` տեքստի միկրոկառուցվածքը (շարահյուսության, իմաստաբանության և բառապաշարի մակարդակում) և մակրոկառուցվածքը (ողջ տեքստային սխեմայի մակարդակում): Վան Դեյկը նաև առանձնացնում է տեքստի սուպերկառուցվածքի[6] հասկացությունը, որը նման է այս կամ այն ժանրի դիսկուրսի կառուցման որոշակի ստանդարտ սխեմայի: Նշենք, որ սուպերկառուցվածքի գաղափարը հետագա զարգացում ստացել է Լաբովայի աշխատանքներում, որը վերլուծել է պատմվածքների դիսկուրսը և դուրս բերել վերջինիս սխեմաները: Պատմվածքի սուպերկառուցվածքը, ըստ Լաբովայի, ունի հետևյալ տեսքը` հակիրճ բովանդակություն – կողմնորոշում – բարդացում – լուծում: Այդպիսով` սուպերկառուցվածքը տեքստի կառուցման սխեման է:
Դիսկուրսի մակրոկառուցվածքը բնորոշում է տեքստի բաժանումն առանձին իմաստային ֆրագմենտների, որոնք ունեն իրենց սահմանները, որն ընդգծվում են որոշակի լեզվաբանական միջոցներով: Այդ ֆրագմենտները բնորոշվում են որոշակի թեմատիկ միասնությամբ: Համաձայն վան Դեյկի` մակրոկառուցվածքը դիսկուրսի հիմնական բովանդակության ընդհանրացված նկարագիրն է: Միկրոկառուցվածքում վերլուծությունը տարվում է դիսկուրսի կատեգորիալ տարածության, կատեգորիաների իմաստային դիապազոնի մակարդակում:
Առհասարակ` դիսկուրսի կառուցվածքին առնչվող հարցերը անմիջականորեն կորելացվում են դիսկուրսի կապվածության հետ: Տարբեր ֆրագմենտների միջև իմաստային միասնությունն ապահովում է տեքստի գլոբալ կամ լոկալ կապվածությունը` կախված վերլուծության մակարդակից: Դիսկուրսի գլոբալ կապվածությունն ապահովվում է դիսկուրսի թեմայի միասնությամբ, լոկալ կապվածությունը կախված է մինիմալ դիսկուրսիվ միավորների և նրանց մասերի միջև հարաբերություններից: Ամերիկացի հետազոտող Տ.Գիվոնն առանձնացնում է լոկալ կապվածության չորս տիպեր` ռեֆերենցիալ (ռեֆերենտների նույնականություն), տարածքային, ժամանակային և իրադարձության:
Վան Դեյկի քննադատական վերլուծության մեջ կարևոր հասկացություն է մենտալ մոդելը` որպես տվյալ մշակույթում գիտելիքների կոգնիտիվ ինտերպրետացիայի որոշակի համակարգ: Ըստ վան Դեյկի, դիսկուրսը կարող է միաժամանակ արտացոլել ինչպես սոցիալական, այնպես էլ անհատական իմաստներ` կախված յուրաքանչյուր անհատի մոտ գոյություն ունեցող մենտալ մոդելներից, որի տարրերն են հանդիսանում գիտելիքները, արժեքները, պատկերացումները, դրույթները, գաղափարախոսությունները: Վան Դեյկի քննադատական դիսկուրս-վերլուծությունն ունի այսպիսի սխեմա.
v դիսկուրսի թեմաների (կամ տոպիկների` ընդհանուր փաստարկներ, ընդհանուր արտահայտություններ) վերլուծություն,
v բառերի և պրոպոզիցիաների[7] նշանակությունների և ներքին հարաբերությունների վերլուծություն,
v տեքստում իմպլիցիտ նշանակությունների ուսումնասիրություն (իմպլիկացիաների[8], պրեսուպպոզիցիաների[9] և այլն):
v հեղինակի և ռեցիպիենտի կոմունիկացիայի տարրերի, կառուցվածքների վերլուծություն:
v դիսկուրսի գլոբալ և լոկալ համատեքստերի վերլուծություն [2, էջ 77]:
Այս մոդելի հիման վրա հեղինակը մշակել է մի շարք բնութագրիչներ քաղաքական և գաղափարախոսական դիսկուրսների համար: Գաղափարախոսությունը հատուկ տեղ է զբաղեցնում դիսկուսի ուսումնասիրություններում: Վան Դեյկը գաղափարախոսությունը սահմանում է որպես որևէ սոցիալական խմբի և նրա անդամների ֆուդամենտալ պատկերացումների համակարգ: Որպես այդպիսին` գաղափարախոսությունները տարբերվում են սոցիալական իրականության կառուցման հատուկ միջոցներով, մասնավորապես խմբի սոցիալական պրակտիկաներով, իսկ դիսկուսը` որպես սոցիալական պրակտիկայի հիմնական կողմերից մեկը, ազդում է այն բանի վրա, թե ինչպես է մեկնաբանվում, լեգիտիմացվում, տրանսֆորմացվում այս կամ այն գաղափարախոսությունը:
Ն.Ֆերկլոյի սոցիալ–սեմիոտիկ քննադատական դիսկուրս–վերլուծության հիմնական գաղափարը լեզվի դիտարկումն է` որպես հասարակական հարաբերություններում իմաստի և նշանակության ստեղծման սոցիալական գործընթացների անբաժանելի մաս: Իմաստի արտադրման ձևերը Ֆերկլոն անվանում է սեմիոզիս: Սեմիոզիսի տարրեր Ֆերկլոն համարում է ժեստերը, միմիկան, մարմնի լեզուն, վիզուալ պատկերները, բայց ամենից առաջ լեզուն: Ֆերկլոն դիսկուրսը դիտարկում է հասարակության սոցիալական և մշակութային գործընթացների հետ դիալեկտիկ փոխազդեցության մեջ` որպես սոցիալական պրակտիկայի հատուկ տիպ: Մի կողմից դիսկուրսը կառուցում է սոցիալական կառուցվածքը, մյուս կողմից` սոցիալական կառուցվածքներն են ազդում վերջինիս ձևավորման վրա: Դիսկուրսը մասնակցում է գիտելիքների, ինքնության ձևավորման գործում: Ֆերկլոյի քննադատական դիսկուրս-վերլուծության սխեման ունի հետևյալ տեսքը.
- սոցիալական պրոբլեմի սահմանում,
- դիսկուրսի և նրա կառուցվածքի` որպես սեմիոզիսի տարրի վերլուծություն,
- սոցիալական կարգի (միասնական սոցիալական տարածությունում միավորված սոցիալական պրակտիկաների համակարգ) հետ պրոբլեմի հարաբերակցության վերլուծություն,
- վերլուծության քննադատական վերաիմաստավորում:
Դիսկուրսի` որպես սեմիոսզիսի տարրի վերլուծության մեջ Ֆերկլոն ուշադրությունը կենտրոնացնում է դիսկուրսի ժանրի (կոնկրետ սոցիալական պրակտիկայի ներսում լեզվի մասնագիտացված օգտագործում), ոճի (ինքնությունն իր սիմվոլիկ ասպեկտում), տիպի (դիսկուրսների` որպես սոցիալական պրակտիակների ժանրերի ամբողջություն) վրա: Ավելին, Ֆերկլոն սահմանում է ինտերդիսկուրսիվություն հասկացությունը` որպես հասարակության մեջ դիսկուրսի միջոցով սոցիալական հարաբերությունների ձևավորման աստիճան:
Մ.Ֆուկոյի դասական դիսկուրս-վերլուծությունն իր զարգացումն է ստացել Զ.Յագերի մշակութային քննադատական դիսկուրս–վերլուծության մեջ: Այս մոտեցման շրջանակներում շեշտը դրվում է գիտելիքի ստացման և լեգիտիմացիայի պրոցեսների վրա: Ըստ Յագերի` քննադատական դիսկուրս-վերլուծությունը կոչված է պատասխանելու հետևյալ հարցերին.
- կոնկրետ սոցիալական համատեքստում լեգիտիմ գիտելիքի կառուցվածքը,
- տվյալ համատեքստում գիտելիքի լեգիտիմացիայի մեխանիզմը,
- գիտելիքի լեգիտիմացիայի պրոցեսը,
- սոցիալական իրականության կառուցման պրոցեսում գիտելիքի ֆունկցիաները,
- գիտելիքի ազդեցությունը հասարակական պրոցեսների վրա:
Ընդգծեմ, որ գիտելիքը, ըստ Յագերի, գիտակցության բովանդակության ցանկացած ձևերն ու նշանակություններն են, որոնք օգտագործում է սուբյեկտը տվյալ պատմական ժամանակահատվածում շրջակա իրականության ինտերպրետացիայի համար: Հեղինակը նաև դիսկուրսի փոքր-ինչ այլ սահմանում է տալիս` դիսկուրսը ինստիտուցիոնալ կերպով համախմբված լեզու է, որը որոշում է սոցիալական գործողությունների կառուցվածքը` դրանով իսկ ազդելով հասարակության մեջ իշխանական հարաբերությունների վրա:
Յագերը վերլուծության սխեմայում ներառում է մի շարք կատեգորիաներ, որոնք նման են վան Դեյկի մակրո- և միկրո- կառուցվածքներին: Առաջին ստադիայում Յագերը սահմանում է տեքստի դիսկուրսի դիրքորոշումը տեքստի ստեղծման համատեքստի և հետազոտության թեմայի տեսանկյունից: Ապա հեղինակը վերլուծում է տեքստի կառուցվածքը` ներառելով տեքստի ֆրագմենտները, նրա տարրերը, մասնավորապես հռետորական, գրաֆիկական միջոցները, գաղափարախոսական եզրակացությունները և այլն:
Այսպիսով` դիսկուրս-վերլուծության ժամանակակից մեթոդների կարևորագույն սկզբունքներից է դիսկուրսի կառուցվածքի և դիսկուրսի, տեքստի և համատեքստի միջև կապերի ուսումնասիրությունը:
Ըստ Օ.Գ.Ռևզինայի[10]` դիսկուրսը չունի հստակ ուրվագիծ և ծավալ, այն գտնվում է մշտական շարժման մեջ: Դիսկուրսի հիմնական կառուցվածքաձևավորող պարամետրերն են.
v Դիսկուրսի արտադրում և սպառում: Լեզվական սոցիումի յուրաքանչյուր անդամ դիսկուրսի նյութական սուբստանցիայում ներդրում է ունենում իր լեզվային փորձով և հանդիսանում է վերջինիս սպառող: Դիսկուրսում մարդը մասնակցում է` որպես լեզվային հանրույթի անդամ և որպես այդպիսին` նա գիտելիքներ ունի կոմունիկացիայում դերերի մասին, տիրապետում է համապատասխան խոսքային ռազմավարությունների:
v Դիսկուրսի կոմունիկացիոն ապահովվում: Դիսկուրսն ունի հաղորդակցման որոշակի ուղիներ: Ունիվերսալ, սակայն պահպանման տեսանկյունից առավել խոցելի ուղի է բանավոր խոսք, ժամանակի ընթացքում ի հայտ են եկել նամակը, մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը: Հաղորդակցման ուղիները կարևոր սուբստանցիաներ են նաև դիսկուրսի բաժանման տեսանկյունից` բանավոր, գրավոր, ինտերնետ-դիսկուրս և այլն: Կոմունիկացիոն ապահովմանը վերաբերում է նաև հենց կոդ-լեզուն: Լեզվային կոնցեպտուալիզացիան, որում մարմանվորվում են ազգային մենտալիտետը և աշխարհի պատկերը, հիմք է ծառայում ըստ ազգայնականության հատկանիշի դիսկուրսների տարանջատման համար: Կոմունիկատիվ ապահովման հետ կապված են դիսկուրսների պահպանման միջոցները կամ այլ կերպ ասած կրիչները: Դրանք մի կողմից մարդու հիշողությունն է, մյուս կողմից` պապիրուսը, մագաղաթը, թուղթը, էլեկտրոնային կրիչները և այլն:
v Դիսկուրսիվ ֆորմացիաներ (դիսկուրսի տարատեսակներ): Դիսկուրսիվ ֆորմացիաները ձևավորվում են դիսկուրսի կոմունիկատիվ և կոգնիտիվ բաղադրիչների հատմամբ: Կոմունիկատիվ բաղադրիչները լեզվի կրողի հնարավոր դիրքորոշումներն ու դերերն են, իսկ կոգնիտիվ բաղադրիչները դիսկուրսի հաղորդագրության մեջ բովանդակվող գիտելիքներն են:
v Ինտերտեքստուալ փոխազդեցություն: Ինտերտեքստուալությունը ներառված է դիսկուրսի գոյաբանության մեջ` ապահովելով դիսկուրսիվ ֆորմացիաների կայունությունը, վերարտադրումը և փոխներթափանցելիությունը: Ինտերտեքստերի բոլոր տիպերը` հեղինակային, ոչ հեղինակային, գրական, ոչ գրական, զուտ լեզվական, մասնակցում են դիսկուրսիվ պրոցեսների ճյուղավորմանը և փոխառնմանը: Դիսկուրսիվ ֆորմացիաները տարբերվում են ինտերտեքստուալ դոնորության կամ ինտերտեքստուալ ներդրման հնարավորություններով [4, էջ 67-68]:
Այս վերլուծության մեջ որոշիչ օրինաչափություններից է հանդիսանում կարծրատիպային, սխեմատիկ պատկերացումների առկայությունը, որոնք կիսում է լեզվային հանրույթը, և որոնք որոշիչ կերպով ազդում են վերջինիս կողմից ստեղծվող դիսկուրսի ձևի վրա: Դրա հետ կապված` դիսկուրս-վերլուծության մեջ առաջացել է նոր մոտեցում` կապված դիսկուրսի տեքստի «ֆրեյմինգի» և «ռեֆրեյմինգի» հետ, որն առաջարկել են արհեստական ինտելեկտի բնագավառի ամերիկացի մասնագետներ Մ.Մինսկը, Ռ.Շենկոն և Ռ.Աբելսոնը: Վերջիններս դիսկուրսում առանձնացնում են լեզվային սխեմատիկ կառուցվածքներ: Դիսկուրս-վերլուծության մեջ հատուկ տեղ ունեն այնպիսի հասկացություններ, ինչպես ասույթներում բառային միավորների կարգը և այսպես կոչված ռեֆերենցիալ ընտրությունը` կապված դիսկուրսում դեմքի կամ օբյեկտի անվանման ընտրության հետ:
Ամերիկացի լեզվաբան Ու.Չեյֆը մշակել է դիսկուրս-վերլուծության կոգնիտիվ մոտեցումը: Չեյֆը, հիմնվելով հսկայական էմպիրիկ նյութի վրա, վերաիմաստավորեց դիսկուրս-վերլուծության կատեգորիաները մարդկային գիտակցության կոգնիտիվ կառուցվածքների տեսանկյունից: Չեյֆի հետազոտություններում հետաքրքրություն է ներկայացնում դիսկուրսի կրողի գիտակցության մեջ ինֆորմացիայի ակտիվացման տեսությունը, որը լույս է սփռում դիսկուրսի կառուցվածքի վրա: Նա մարդու գիտակցության մեջ առանձնացնում է երեք տիպի ինֆորմացիա` տրված – հասանելի – նոր: Այս եռանդամ հակադրությունը լեզվում ունի մի շարք արտացոլումներ: Ինֆորմացիայի տիպից է կախված նաև խոսողի ռեֆերենցիալ ընտրությունը, օրինակ` ում կամ ինչն է նա ընտրում որպես ենթակա: Թեման կամ տոպիկը Չեյֆի մոտ տարբերվում են այլ հեղինակների նույն հասկացություններից: Տոպիկը Չեյֆը սահմանում է` որպես փոխկապված գաղափարների կոմպլեքս (ռեֆերենտների, իրադարձությունների, իրավիճակների), որոնք գտնվում են կիսաակտիվ վիճակում (հասանելի ինֆորմացիա):
Այդպիսով, չնայած քննարկված մոտեցումների տարբերություններին` նրանցում դիտարկվում է ընդհանուր սկզբունք, որն ամփոփվում է հետևյալ դրույթներում` լեզվում ներդրված է պրակտիկ, տեսական և մշակութային գիտելիքների ու փորձի որոշակի համակարգ, որոնք յուրացված, իմաստավորված և ուղղակի կամ անուղղակիորեն վերբալիզացված են լեզվի կրողի կողմից: Այդ գիտելիքն ու փորձը վերականգնվում են աշխարհի լեզվային պատկերի ձևով: Դիսկուրս-վերլուծության խնդիրը ոչ թե կատեգորիաների կիրառումն է մասնակիցների խոսքում, այլ այն միջոցների իդենտիֆիկացիան, որոնք մասնակիցներն իրենք են ակտիվորեն կառուցում և օգտագործում իրենց խոսքում: Ավելին, ցանկացած կատեգորիզացիա հանդիսանում է պայմանական, վերլուծությունը ենթադրում է կատեգորիզացիայի պրոցեսների մշտական ռեֆլեկսիա, որոնցում ներառված են ինչպես մասնակիցները, այնպես էլ վերլուծաբանները:
Այսպիսով, ինչպես արդեն նշվեց, դիսկուրսը ռեալիզացվում է մասնավորապես տեքստերի միջոցով: Տեքստերը կարող են դիտարկվել որպես դիսկուրսիվ միավորներ, վերջինիս նյութական մարմնավորումներ: Այս դեպքում դիսկուրսը լեզվի տեքստուալ արտահայտումն է, որում դրսևորվում են այն սոցիալական համատեքստի առանձնահատկությունները, որտեղ ստեղծվում է տեքստը: Այլ կերպ ասած` «դիսկուրս» հասկացության մեջ ներդրված է «համատեքստ» հասկացությունը: Դիսկուրսը ձևավորվում է կոնկրետ մշակութային արեալի շրջանակներում` վերջինին հատուկ ռեգիոնալ, կոնկրետ պատմական և սոցիալական առանձնահատկություներով (մշակույթ, դարաշրջան, հասարակություն, էթնոս, խումբ, անձ), ավելին` այն ձևավորվում է ինստիտուցիոնալ կախվածությամբ կոնկրետ սոցիալական կառուցվածքից, ավանդույթներից, հասարակական պատկերացումներից: Տեքստերի դիսկուրս-վերլուծությունն ուղղված է դիսկուրսի շրջանակներում տեքստերի վերլուծությանը` դրանք տեղայնացնելով կոնկրետ սոցիալական համատեքստում:
Օգտագործված գրականություն
- Арутюнова Н.Д. Язык и мир человека. М.: Языки русской культуры, 1998.
- Заславская М.И. Проблема оценки социального контекста в социологическом знании. – Ер.: Изд-во ЕГУ, 2010.
- Макаров М. Л. Основы теории дискурса.— М.: ИТДГК «Гнозис», 2003.
- Ревзина О. Г. Дискурс и дискурсивные формации // Критика и семиотика. Вып. 8. Новосибирск, 2005. С. 66—78.
- Фуко М. Археология знания: Пер. с фр./Общ. ред. Бр.Левченко.— К.: Ника-Центр, 1996.
- Язык. Текст. Дискурс: Межвузовский научный альманах / Под ред. проф. Г.Н. Манаенко. Выпуск 4. – Ставрополь: Изд-во СГПИ, 2006.
- Teun A. van Dijk Discourse, context and cognition // Discourse Studies 2006, Vol 8(1), 159–177.
[1] անգ. discourse, հայերենում միտում կա շրջանառության մեջ դնելու քննախոսություն հասկացությունը
[2] Макаров М. Л. Основы теории дискурса.— М.: ИТДГК «Гнозис», 2003.
[3] Фуко М. Археология знания: Пер. с фр./Общ. ред. Бр.Левченко.— К.: Ника-Центр, 1996.
[4] Teun A. van Dijk Discourse, context and cognition // Discourse Studies 2006, Vol 8(1), 159–177.
[5] Ֆրեյմերը կոգնիտիվ կառուցվածքներ են, որոնք պարունակում են որևէ կոնցեպտի մասին հիմնական, տիպիկ, պոտենցիալ կարևոր տեղեկատվություն:
[6] Սուպերկառուցվածքը դիսկուրսի կառուցման սխեման է` նկարագրողական, բացատրական, փաստարկային:
[7] Պրորոզիցիան (սեմանտիկ կոնստանտ կամ ինտենսիոնալ) հաստատական միտք է` վերցրած առանց քերականական թաղանթի, որը ցույց է տալիս իրերի իրական կամ հնարավոր դրությունը:
[8] Իմպլիկացիան այն իմաստն է, որն ի նկատի է առնված ասույթում:
[9] Պրեսուպպոզիցիան ասույթի իմաստային բաղադրիչն է, որի ճշտությունն անհրաժեշտ է, որպեսզի դատողությունն իմաստ ունենա:
[10] Ревзина О. Г. Дискурс и дискурсивные формации // Критика и семиотика. Вып. 8. Новосибирск, 2005. С. 66—78.