Գի Էռնստ Դեբորը ծնվել է 1931թ-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Ֆրանսիացի գրող, նկարիչ-ավանգարդիստ, փիլիսոփա, սոցիոլոգ և ռեժիսոր է, «Ներկայացման հասարակություն» (1967) գրքի հեղինակն է, ինչպես նաև Situationist International (SI) հեղափոխական խմբի հիմնադիրը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունվել է համալսարան, սակայն շուտով թողել է ուսումը և դարձել նշանավոր գործիչ ֆրանսիական էքստրեմիստական շրջանակներում: Կազմակերպել է բազմաթիվ սկանդալային ակցիաներ, որոնցից մեկի ժամանակ էլ խափանել է Չարլի Չապլինի մամուլի ասուլիսը (երբ վերջինս Եվրոպա էր մենկնել, 1952 թ.):
1957 թվականին իր առաջին կնոջ՝ Միշել Բեռնշտեյնի և նկարիչ Ասգեր Յորնի հետ որոշում է ստեղծել նոր շարժում, որն իր մեջ կներառեր սյուրռեալիզմի, դադիզմի և մարքսիզմի գաղափարների միավորումը: Նույն թվականին հիմնվում է Situationist International-ը (SI), որի շարքերը համալրեցին մի շարք ձախ արմատական գործիչներ և նկարիչներ:
1967 թվականին լույս է տեսել Գի Դեբորի հիմանական աշխատությունը՝ «Ներկայացման հասարակությունը», որում քննադատում է ժամանակակից կապիտալիզմը, ԶԼՄ-ների դերի ուժեղացումը և զվարճանքի ինդուստրիան ժամանակակից հասարակության կյանքում:
Իր վերլուծության մեջ Դեբորը նշում է, որ կյանքի որակը ընկել է, մարդկային ընկալումները աղավաղվել են, և նաև նկատվում է գիտելիքի դեգրադացում, որը խոչընդոտում է քննադատական մտքի զարգացմանը: Նա նշում է, որ ներկայացումը խանգարում է անհատներին հասկանալու, որ ներկայացման հասարակությունը միայն մի դրվագ է պատմության մեջ, որը կարելի է տապալել հեղափոխության միջոցով:
Դեբորի նպատակը էր տպավորիչ պատկերների ազդեցության տակ գտնվող հանդիսատեսին արթնացնել ռադիկալ գործողությունների միջոցով, մասնավորապես իրավիճակների կառուցակցման տեսքով, իրավիճակներ, որոնք բերում են կյանքի, քաղաքականության, արվեստի հեղափոխական փոփոխությունների:
Դեբորի այս աշխատությունը նաև ժամանակակից սպառողական մշակույթի և ապրանքային ֆետիշիզմի քննադատություն է: Ներկայացումը հասարակության հակառակ պատկերն է, որտեղ ապրանքների միջև հարաբերությունները փոխարինել են մարդկանց միջև հարաբերություններին: Նա նշում է, որ ներկայացումը պատկերների հավաքածու չէ, այլ այն մարդկանց միջև սոցիալական հարաբերություն է, որը միջնորդվում է պատկերներով:
Նրա գաղափարները մեծ տարածում են գտել 1968 թվականի մայիսյան հեղափոխության ժամանակ:
1972 թվականին Դեբորդը հեռանում է քաղաքական կյանքից և սկսում ֆիլմեր նկարել, նոր գրքեր գրել, ինչպես նաև բազմաթիվ մեկնաբանություններ իր հիմնական աշխատությանը: Նաև զբաղվել է հեղինակային իրավունքի հարցի քննադատությամբ:
1973 թ.-ին նկարահանել է իր հիմնական աշխատության վրա հիմնված համանուն ֆիլմը՝ «Ներկայացման հասարակությունը»:
Կյանքի վերջին տարիներին տառապել է ալկոհոլիզմով: 1994 թվականի նոյեմբերի 30-ին ինքնասպան է եղել:
Հիմնական աշխատանքներ
Ներկայացման հասարակություն (1967 թ.)
- http://www.antiworld.se/project/references/texts/The_Society%20_Of%20_The%20_Spectacle.pdf (անգլերեն տարբերակը)
- http://royallib.ru/read/debor_gi/obshchestvo_spektaklya.html#0 (ռուսերեն տարբերակը)
Թարգմանեց` Շուշան Ղահրիյան