Բենջամին Ստորա. Մաղրիբի հրեաները՝ արևմտյան կրքի և արևելյան ցանկության միջև

benjamin-storaԲնօրինակը տե՛ս հղումով 
Տպագրվել է Archives Juives 2005/2 (Vol. 38) ամսագրում, էջ 4- 6
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@yandex.ru

Միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիացի պատմաբան և սոցիոլոգ Բենջամին Ստորայի (ծնվել է 1950 թվականին) հետազոտությունները նվիրված են Հյուսիսային Աֆրիկային, Ալժիրին, ալժիրյան պատերազմին մասնավորապես, և ընդհանրապես՝ Մաղրիբի երկրների պատմությանը, ֆրանսիական գաղութատիրական կայսրությանը և դեպի Ֆրանսիա ներգաղթին: Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի (Էմանուել Մակրոն) կողմից 2020 թվականի հուլիսին պատվիրված «Հիշատակի հարցեր՝ կապված գաղութացմանը և Ալժիրում պատերազմին» հրապարակային զեկույցի հեղինակ։

 «Ալժիրի հրեաների պատկերված պատմությունը. անտիկ շրջանից մեր օրեր» (2021) գրքում հեղինակը նշում է. «Երբ հիշողության և պատմության թելերը միահյուսվում են, մեր առջև բացվում է երկու հազարամյա քաղաքակրթական որմնանկար, որի սկզբնաղբյուրը գալիս է Իսրայելից/Պաղեստինից հրեաների հնագույն աքսորից և բերբերների հուդայականության վերածվելուց, որին հաջորդել է Սեֆարդների ժամանումը 15-րդ դարի վերջում։ Արաբների երկարատև, իսկ հետո՝ Օսմանյան գերիշխանությունից հետո 1830 թվականին Ֆրանսիայի կողմից Ալժիրի գրավումը խորապես փոխեց «բնիկ իսրայելցիների» ճակատագիրը՝ խզում առաջացավ նրանց կրոնական և մշակութային ավանդույթների, ինչպես նաև մահմեդական բերբերների և արաբների նկատմամբ հարաբերություններում, որոնց հետ նրանք դարեր շարունակ կիսել են իրենց գոյությունը: Ալժիրի հրեաների պարադոքսալ ձուլումը ֆրանս- ալժիրցիների ինքնությանը եղավ այն բանից հետո, երբ 1962-ին նրանց արտագաղթից և «հայրենադարձությունից» հետո թաղեցին այս հավաքական հիշողությունը»:
Մաղրիբի երկրների հրեաների ճակատագրի և ինքնության մասին է «Հրեական արխիվներ» ամսագրի՝ Ստորայի գրած նախաբանը, որը  ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը:
  

Մաղրիբի հրեաների, և հիմնականում Ալժիրի հրեաների պատմությունը, ովքեր ամենաշատն էին Ֆրանսիայում 1960-ականներից ի վեր, տուժեց յակոբինյան ձուլման համաձայնության՝ իրեն բնորոշ հակառակ արձագանքի հետևանքներից. այն այդքան երկար ժամանակ լռելյան մնաց Մաղրիբի և Ֆրանսիայի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում, որովհետև համարվում էր գրեթե առանց օբյեկտի[1]:

Իրականում, Ալժիրի հրեաների և 1870 թ. սեպտեմբերին ընդունված Կրեմիոյի հայտնի դեկրետից հետո Մաղրիբի հրեաները կային և ապրում էին ֆրանսիացիների պես՝ իրենց համարելով Ֆրանսիայի պատմության մի մասը: Եթե ​անգամ աջակողմյանները նրանց մերժեցին ֆրանսիական ժառանգության շուրջ «համասեփականատիրոջ»  տիտղոսի շնորհման մեջ, նրանք նախընտրեցին ստանալ հնարավորություն (թեկուզ անկայուն, ինչպես Վիշիի ռեժիմի ժամանակ) գոնե զգալ վայելքը ձախակողմյանների ու լիբերալների ձեռքից: Ի՞նչ օգուտ, ուրեմն, պնդել, թե ինչն է նրանց դարձնում յուրահատուկ քաղաքացի: Բայց ամեն ինչ փոխվել է. առանձնահատուկ ինքնությունների վերածնունդ և ֆրանսիական յակոբինիզմի ճգնաժամ, Վիշիի ֆրանսիական կառավարության դերի ճանաչում հրեաների հալածանքներում, հետզհետե աճող ու հզոր նույնականացում Իսրայել պետության հետ, որին հրեական պատմության մեջ կենտրոնական տեղ է տրվում. իսլամի նկատմամբ անհանգստության զգացում պաղեստինյան Ինթիֆադաներից[2] սկսած… Մաղրիբի հրեաների պատմությունը, որը երկար ժամանակ զգուշավոր ձևով է ներկայացվել և կախված է եղել ֆրանսիական գաղութային պատմությունից, վերսկսում է տեղից շարժվել:

Կարդալով Ժան Լալումի գեղեցիկ տեքստը Փարիզի Մարեյ թաղամասում ապրող Մաղրիբից եկած հրեաների մասին… 1930-1940-ական թվականներին, միանգամից համակեց մտաբերելու ցանկությունը. տեսա մի տեսարան 1962 թվականի հունիսին իմ Փարիզ ժամանելուց: Տասներկու տարեկան էի, և ծնողներս ինձ տարան «մսի խանութ, Սեն Պոլ», այսինքն՝ թաքուն միս գնելու մետրոյի «Սեն Պոլ» կայարանի մոտ,  4-րդ թաղամասում: Այն ժամանակ ես պարզապես մտածեցի, որ այդ վայրը դարձել էր բոլոր վտարված հրեաների վերամիավորման կենտրոնը՝ վշտով լի 1962 թվականի ամռանից սկսած:

Ավելի ուշ, իհարկե, իմացա, որ այդ շրջակայքը Աշքենազիմներինն[3] է, և ես այն ժամանակ մտածեցի, որ սեֆարդները[4] եկել էին տիրանալու այդ վայրին, հազիվ  Հոլոքոստի դաժան փորձությունից հետո: Մաղրիբի հրեաները վերաբնակեցրին Պլեցլը: Ամեն բան այդքան էլ պարզ չէր: Երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ եթե ծնողներս ուրիշների հետ միասին հայտնվել են այդտեղ՝ պատահական չէր:  Հյուսիսային Աֆրիկայի հրեաների ներկայությունը վաղուց էր հայտնի` խանութներ և սինագոգներ Ֆրանսուա Միրոն, Սեն Անտուան ​​կամ դե Ռիվոլի փողոցներում, 1960-ականների անկախությունից շատ առաջ: Հարավային համեմունքների բույրն ու արևելյան երաժշտության հնչյունները սկսեցին տարածվել այս թաղամասում 1930-ական թվականներից սկսած: Եվ «ֆրանսիացի հրեաները» գնացել էին այնտեղ փնտրելու «Ալժիրից եկածներին», վերջիններիս օգնությունը ստանալու ընդդեմ ֆաշիստների, հակահրեաների պայքարելու համար, որոնք հարձակվել էին նրանց վրա երկու պատերազմների միջև ընկած այս շրջանում: Սա այս հոդվածների ժողովածուի[5] առաջին և գլխավոր հայտնագործություններից մեկն է, որը վերաբերում է Արևելքի և Արևմուտքի միջև հայտնված Մաղրիբի հրեաներին:

Հրեաների՝ հիմնականում Ալժիրից Ֆրանսիա վաղահաս ժամանման մեջ,  միջպատերազմյան ժամանակաշրջանում, կարելի է կռահել ձուլման ողջ գործընթացը Ալժիրում ֆրանսիական ներկայությունից մեկ դար անց: Հմայումը Ֆրանսիայով արտահայտվեց մի շարք խիստ «հանրապետական» դիրքերում, և Ալժիրի մեծ թվով հրեաներ հանդիսանում էին այդպիսի կազմակերպությունների անդամ, ինչպիսիք են Ռադիկալ կուսակցությունը կամ SFIO-ն, LICRA-ն կամ Մարդու իրավունքների լիգան: Այս հմայվածությունը ոչ մի կերպ չի խանգարում կրոնական հավատքի, սովորույթների, սովորությունների, մասնավորապես այդ հավատքին առնչվող խոհարարությունը, շատ ուժեղ կապվածությանը: Եվ Հյուսիսային Աֆրիկայի հրեաները նույնպես տուժեցին Ֆրանսիայի հրեաների արտաքսումից, նացիստական ​​մեքենայի իրականացրած բնաջնջումից։ Ժան Լալումը չհրապարակված արխիվներից բացահայտում է, թե ինչպես են Մաղրիբի հրեաները փորձում խուսափել այս սարսափելի իրավիճակից՝ «խաղալով» մուսուլմանական հնչողությամբ ազգանուններով:

Արդյո՞ք Ֆրանսիայի նկատմամբ այս «կիրքը» հետևանքն է 1870 թվականի սեպտեմբերի հայտնի Կրեմիոյի հրամանագրի, որը թույլ տվեց Ալժիրի հրեաներին ստանալ ֆրանսիական քաղաքացիություն: Ոչ միայն. Վալերի Ասանի կարևոր հոդվածը պատմում է 1830-ականներին ֆրանսիական բանակի կողմից էմիր Աբդ էլ-Կադերի դեմ գաղութատիրական նվաճումներից պակաս հայտնի դրվագ: Հիմնվելով Էքս-ան-Պրովանսում գտնվող գերազանցապես ֆրանսիական արխիվների վրա՝ Վալերի Ասանը նկարագրում է Մասկարայի հրեաների ջարդը, ովքեր չէին ցանկանում հավատարիմ մնալ էմիրի կռվին Ֆրանսիայի դեմ: Այս ողբերգական դրվագը շատ քիչ է հայտնի, որի մասին հապճեպ ակնարկել է պատմաբան Շառլ-Անդրե Ժյուլիենը: Վալերի Ասանը ցույց է տալիս, թե ինչպես ալժիրցի հրեաները, ովքեր ցանկանում էին հեռանալ իրենց զիմմիի[6] վիճակից, «պատժվեցին» արաբ հեծյալների  կողմից: Բայց հոդվածում ասվում է նաև, որ հրեաները վերադարձել են Մասկարա քաղաք, որը դարձել է էմիրի մայրաքաղաքը։ Այս վերաբերմունքն ընդգծում է հրեական և մահմեդական համայնքների միջև դարերի ընթացքում ձևավորված հարաբերությունների ողջ անորոշությունը: Հրեաների մեջ իսկապես կար ազատագրման ցանկություն, հավասարության նվաճման ձգտում, բայց և ավանդական լեզվական պրակտիկաներին կառչած մնալու ցանկություն (արաբերեն լեզվի պրակտիկան): Հրեաների՝ Մասկարա գալն ու գնալը մնում է Արևելքի և Արևմուտքի միջև առկա երկակիության ախտանիշը: Գիտենք, որ կիրքն առ հավասարություն ավելի վճռորոշ է լինելու, քան ավանդույթի ուժը, և Ալժիրի հրեաները զանգվածաբար ձգտելու են դեպի Ֆրանսիա՝ թողնելով իրենց «բնիկ» վիճակը:

Սակայն մինչ այս վճռական, անշրջադարձելի տեղաշարժը, եղան այլ դրվագներ նույնպես։ Ինչպես 1830-1840 թվականներին տեղի ունեցած այն զարմանալի միջադեպը, երբ Մաղրիբի հրեաներից մեկը որոշեցի ուղևորվել Պաղեստին: Նրանք շատ վաղ ընտրեցին գնալ Ավետյաց Երկիր[7], բայց ծագումով Ալժիրի ներկայացուցիչների համար ֆրանսիական օրենսդրությունը 1870 թվականից նրանց դարձրեց լիիրավ քաղաքացիներ, որոնք ենթակա չէին Օսմանյան կայսրությանը: Ահա թե ինչու նրանք հայտնվեցին Պաղեստինում՝ Կենտրոնական Եվրոպայից սիոնիստ զինյալների ժամանումից առաջ: Ռինա Քոենը ցույց է տալիս, թե ինչպես նոր ժամանածների այս փոքր խումբը դարձավ ցից ֆրանսիական և անգլիական տերությունների միջև, որոնք պայքարում էին անկում ապրող Օսմանյան կայսրության մնացորդների համար:

Սա ցույց է տալիս, թե ինչպես քաղաքացիական իրավահավասարության միջոցով ծննդով Մաղրիբից մեծ թվով հրեաներ աստիճանաբար ինտեգրվեցին ֆրանսիական հասարակություն անգամ մինչ գաղութացված հասարակություններից կհեռանային:  Գետտոյի հին համայնքները՝ ձիաբուծարանները և մելլաները[8], արդեն ներքաշվել էին արևմտյան արդիականության մեջ: Իր «Հյուսիսային Աֆրիկայի հրեաների  ինտեգրման վերաբերյալ գնահատական» ​​էսսեում Կոլետ Զիթնիցկին խելամտորեն ցույց է տալիս, թե ինչպես են եկվորները կարողացել հեշտությամբ վերագործարկել և կենդանացնել Ֆրանսիայի գավառական հրեական համայնքները: Այնուհանդերձ, գաղթի տրավման երբեք չի ջնջվել։ Մաղրիբի հրեաները, օրինականորեն ձուլված, միավորված աշխարհիկացված սովորույթների և կրոնական ավանդույթների հիմքերի շուրջ, փոքրամասնության ուժեղ զգացումով և խորը կապվածությամբ Ֆրանսիայի հանրապետական ​​կերպարին, երբեք չեն մոռացել Արևելքը… Յորամ Բիլուի մարդաբանական ուսումնասիրությունը նույնպես փաստում է Մարոկկոյի (և Թունիսի) հրեաների շրջանում առկա անկարողությունը, ովքեր մնացին շատ ավելի կրոնասեր և ավանդապաշտ և ովքեր ապագաղութացման պահին ընտրեցին Իսրայելը:

[1] Ահա թե ինչու հարկ է նշել Ռիշար Այունի, Ովա Կլոդ Աուատեյի և Ժան Լալումի նորարար աշխատանքները 1970-ական  և 1980-ական թվերին հեղինակած:

[2] Ինթիֆադա- արաբական ազատագրական շարժում ուղղված տարածքների ազատագրմանը կամ իշխանության դեմ ապստամբելուն: Ներկայումս «ինթիֆադա» բառն ամենից հաճախ վերաբերում է Հորդանան գետի արեւմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինցի արաբների զինված ահաբեկչությանը Իսրայելի դեմ (որից Իսրայելն ամբողջությամբ դուրս եկավ 2005թ.): Ինթիֆադան եղել է արաբա-իսրայելական հակամարտության ամենակարևոր կողմերից մեկը 1980-ականների երկրորդ կեսից մինչ օրս (թարգմ.):

[3] Սեֆարդներ (արդի եբրայերենով՝ իսպանացիներ)- հրեաների ենթաէթնիկ խումբ, որը ձևավորվել է Պիրենեյան թերակղզում հրեական միգրացիայի հետևանքով Հռոմեական կայսրությունում, իսկ հետո՝  Խալիֆայության ներսում: Պատմականորեն սեֆարդական հրեաների ամենօրյա լեզուն լադինոն էր (ժուդեզմո, սեֆարդերեն), որը պատկանում է ռոմանական լեզուների իբերո-ռոմանական ենթախմբին։ Իրենց (սեֆարդական) պատարագային ավանդույթում օգտագործվում է հին եբրայերենի արտասանության սեֆարդական տարբերակը (թարգմ.)։

[4] Կենտրոնական Եվրոպայում ձևավորված հրեաների ենթաէթնիկ խումբ, որի համար այս անվան օգտագործմանը հանդիպում ենք 14-րդ դարի աղբյուրներում։ Անունը գալիս է Աստվածաշնչյան պատրիարք Աշքենազի անունից (թարգմ.):

[5] Archives Juives 2005/2 (Vol. 38), 144 էջ, hրատարակիչ La belle lettres.

[6] Մուսուլմանական պետություններում այլակրոն (հատկապես քրիստոնյա և մովսիսական) համայնքներին պատկանող հպատակներ։ Անվանումն առաջացել է արաբական արշավանքների ընթացքում (VII դարում), երբ նվաճողները որոշ ժողովուրդների թույլատրեցին դավանել իրենց կրոնը։ Արաբները պաշտպանում էին այդ ժողովուրդների կրոնական համայնքները՝ պայմանով, որ նրանք հպատակվեն իրենց, օգնեն «անհավատների» դեմ մղվող «սրբազան» պատերազմում և գլխահարկ վճարեն (թարգմ.)։

[7] Էրեց Իսրայել, իսրայելական, Սուրբ հող, պատմական հասկացություն հուդայականության և քրիստոնեության մեջ, որը վերաբերում է տարածաշրջանին, որն այսօր առավել սերտորեն կապված է Իսրայել պետության հետ՝ պատմության ընթացքում՝ աստվածաշնչյան ժամանակներից մինչև մեր օրերը: Այնուամենայնիվ, Էրեց Իսրայելի պատմական շրջանը նույնական չէ ոչ ժամանակակից Իսրայելի, ոչ էլ հին հրեական թագավորությունների տարածքի հետ, և այդ հասկացությունները պետք է տարբերվեն: Ներկայումս Իսրայելը, Հարավային Լիբանանի մի մասը, Հորդանանի արևմտյան մասը, Սիրիայի, Հրեաստանի և Սամարիայի մի մասը (Հորդանան գետի արևմտյան ափ) և Գազայի հատվածը գտնվում են պատմական Իսրայել երկրի տարածքում (թարգմ.):

[8] Մարոկկոյի պարսպապատ հրեական թաղամասը, որպես եվրոպական գետտո: Հրեական բնակչությունը 15-րդ դարից և հատկապես 19-րդ դարի սկզբից սահմանափակվել է Մարոկկոյում գտնվող մելլեներով։ Սկզբում այն ​​դիտվում էր որպես արտոնություն և պաշտպանություն տարածաշրջանում արաբներից, բայց քանի որ բնակչությունն աճեց, մելլեն դարձավ աղքատների տարածք: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գաղութացման և եվրոպացիների գալուստով մելլեն բացվեց և նոր տնտեսական ու սոցիալական հնարավորություններ ստեղծեց Մարոկկոյի հրեաների համար (թարգմ.):

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *