ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ`Բազոյան Ֆենյա

fen.bazoyan@gmail.com

Այսօր Հայաստանում օրեցօր ընդլայնվող աղանդավորների թիվը մեծ վտանգ է ներկայացնում ազգային ինքնությանն ու կայունությանը: Մեր հասարակության մեջ տեղի ունեցող տարբեր սոցիալական, տնտեսական բարեփոխումները, տեղեկատվական հոսքերի անկառավարելի մեծ ծավալը տարրերային կերպով ստեղծում են անկայունության ինքնատիպ մթնոլորտ: Դա իր հերթին արժեքային համակարգի ճգնաժամ և անվստահության գերխնդիր է առաջ բերում, որը դրսևորվում է սոցիալ-հոգեբանական հարաբերությունների բոլոր մակարդակներում: Թերևս, սոցիալ-հոգեբանական
անկայունության այս պայմաններում է, որ մարդկանց գայթակղում, գրավում է աղանդավորական կազմակերպությունների կողմից խոստացվող «նոր ու անբիծ աշխարհը»:
Աղանդ հասկացությունը, որն ի սկզբանե նշանակել է հիմնական եկեղեցուց առանձնացած
փոքրամասնության կամավոր հանրույթ, որը տվյալ ժամանակի խնդիրներին համապատասխան
նոր տարրերով լրացնում էր հիմնական կրոնը, այսօր նշանակլիորեն փոխել է իր իմաստն ու
բովանդակությունը` վերածվելով իրական հասարակական չարիքի: [6] Աղանդի հիմնախնդիրը բազմասպեկտ է, որի շուրջ հատվում են հոգեբանների, սոցիոլոգների, աստվածաբանների գիտական հետաքրքրությունները, որոնք իրենց գիտության շրջանակներում են ուսումնասիրում և փորձում լուծել այս խնդիրը: Մասնավորապես, սոցիալական hոգեբանության համար մեծ կարևորություն է ներկայացնում աղանդների կողմից կիրառվող հոգեբանական ներազդման խնդիրը. այն, թե ինչպես է այդ կազմակերպության անդամներին հաջողվում իրենց շարքերը հավաքագրել մեծաթիվ մարդկանց: Սակայն, մինչ այս խնդիրը առավել մանրամասն դիտարկելը, հարկ ենք համարում սահմանել և հարաբերակցել աղանդ և եկեղեցի հասկացությունները: «Աղանդ» հասկացությունը նշանակում է ավանդական եկեղեցուց և հիմնական կրոնական ուղղությունից առանձնացած և նրան հակադրվող կրոնական միավորում, որին բնորոշ է ձգտումը` ձևափոխելու տվյալ կրոնական դավանանքի հիմնական դրույթները [5]: Մասնավորապես, Մ. Վեբերը, համադրելով իրար եկեղեցին և աղանդը, առանձնացրել է դրանց հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները: Ըստ նրա, եկեղեցին չի հակադրում իրեն աշխարհին և փորձում է դառնալ համընդհանուր կազմակերպություն` իրենում ընդգրկելով տվյալ հասարակության հնարավորինս մեծ թվով անդամների: Աղանդները, ընդհակառակը, միտված են «աշխարհի» քննադատմանը, չընդունելուն, չեն ձգտում ունիվերսալության, այլ` փորձում են դառնալ «ընտրյալների» հանրույթ: Բացի դա, եկեղեցական արարողակարգերին մասնակցելուն վերաբերող պահանջները ոչ ծայրահեղ են և չափավոր, իսկ նրան անդամակցելու չափանիշները
այնպիսին են, որ գրեթե յուրաքանչյուրը կարող է լինել և մնալ նրա անդամը: Այլ է խնդիրը աղանդների դեպքում, որին անդամակցելու համար անհրաժեշտ է համապատասխանել որոշակի չափանիշների և խիստ հետևել դրանց: [1] Հարց է ծագում, թե ինչպես է աղանդներին հաջողվում այնպիսի էական ազդեցություն գործել մարդկանց վարքի և մտածողության վրա, որ հարթվում են նրանց միջև եղած բոլոր անհատական տարբերությունները և նրանք բոլորը նույն կերպ են արձագանքում միևնույն իրավիճակում: Իրականում հոգեբանական ներազդման միջոցները, որոնց օգնությամբ նորեկներին հավաքագրում են աղանդավորության շարքերը, պարզ հոգեբանական գործընթացներ են, որոնք նկարագրված են հայտնի հոգեբանական տեսությունների շրջանակներում: Հայտնի փաստ է, որ սոցիալական ներազդման ռազմավարությունը գլխավորապես ուղղված է դիրքորոշումների փոփոխությանը: Սոցիալական դիրքորոշումը դա որևէ սոցիալական օբյեկտի կամ իրադրությանն ուղղված գնահատողական դիսպոզիցիա է, որն արտահայտվում է մտքերում, հույզերում, վարքում`անձին հաղորդելով երևույթները որոշակի ձևով ընկալելու և գործելու ներքին հակվածություն: Դիրքորոշման հուզական, կոգնիտիվ և վարքային բաղադրիչները սերտորեն փոխկապակցված են և կազմում են միասնական համակարգ: Դա մեծ կարևորություն է ստանում հոգեբանական ներազդման իրագործման ընթացքում, քանի որ շնորհիվ նմանատիպ ներքին կառուցվածքի անձի դիրքորոշումային համակարգի մի բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում է մնացյալ բաղադրիչների փոփոխությանը: Բացի դա, դիրքորոշումների մյուս կարևոր դերը կայանում է նրանում, որ դրանք իրենցից ներկայացնում են այս կամ այն հիմնահարցի վերաբերյալ ամփոփ դատողություններ: Որպես կանոն, սոցիալապես կարևոր որևէ խնդրի շուրջ որոշում կայացնելիս, մենք ավելի հաճախ ուղորդվում ենք արդեն կազմավորված դիրքորոշումային համակարգի վրա հիմնվելով, քան թե հավաքագրում ենք հնարավորիս շատ փաստեր, ամենայն մանրամասնությամբ վերլուծում ենք իրադրությունը և այլն: Ընդ որում, դիրքորոշումներում և համոզմունքներում առաջ եկող փոփոխությունները կարող են անմիջական ազդեցություն չունենալ վարքի փոփոխման վրա, սակայն շնորհիվ դրան մարդն ավելի ընկալունակ է դառնում սոցիալական ազդեցության հաջորդ իրադրություններում [3]: Նկատի ունենալով դիրքորոշումային համակարգի վերոնշյալ առանձնահատկությունները, ներկայացնենք, թե դրա բաղադրիչները (կոգնիտիվ, հուզական, վարքային) ինչ ձևով են հոգեբանական ներազդեցության թիրախ դառնում աղանդավորական խմբերում, այլ կերպ ասած` ինչպես է իրագործվում նորեկների հոգեբանական ծրագրավորումը: Այսպես, ինչ վերաբերվում է մարդկանց մտքերը վերահսկելու խնդրին, ապա դա իրականացվում է տարբեր հնարներով: Նախ աղանդավորական խմբերը իրենց գաղափարախոսությունը ներկայացնում են որպես բացարձակ«ճշմարտություն»: Խմբի անդամներին ներշնչվում է, որ իրենց ուսմունքը պատասխանում է բոլոր հարցերին, ունակ է լուծելու բոլոր խնդիրները և ցույց տալու ցանկացած բարդ իրադրության ելքը: Աղանդավորականին պետք չէ ոչնչի մասին մտածել, քանի որ ամեն բանի մասին «կհոգան» նրան փոխարեն: Բացի դա այդ ուսմունքը ծառայում է ոչ միայն որպես ընդունվող տեղեկատվության զտիչ, այլև` զտված տեղեկատվության մշակման և իմաստավորման ուղեցույց: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր աղանդ մշակում է իր «հատուկ լեզուն»: Նման խմբերում ընդունված է բարդ իրադրությունները նշանակել որոշակի պիտակներով, ինչը թույլ է տալիս այդ իրադրությունները իրականության հարթությունից տեղափոխել աղանդավորության պիտակների հարթություն: Յուրաքանչյուր այդպիսի պիտակ այդ «հատուկ լեզվի» արտահայտումն է և ծրագրավորում է մարդու մտածողությունը` յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում նախապես պարտադրելով մտածողության կարծրատիպեր: Օրինակ, մունիստները խմբում տարբեր ստատուս ունեցող անդամների փոխհարաբերությունների հետ կապված ցանկացած խնդիր նշանակում են որպես «Կայենի և Աբելի խնդիր»: Դա ինքնատիպ ծածկագիր է, որը ինքնաբերաբար թելադրում է, թե ինչպես է պետք այդ խնդիրը լուծել: Կայենը պետք է ենթարկվի Աբելին և հետևի նրան, այլ` ոչ թե սպանի, ինչպես նկարագրված է Հին կտակարանում: Բացի դա, այս հանգամանքը շփոթմունք է առաջ բերում նորեկների մոտ, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ են խոսում խմբի անդամները: Աստճանաբար, նրանք սկսում են համառորեն յուրացնել այդ հատուկ գիտելիքները, որպեսզի սովորեն մտածել և հասկանալ ճշմարտությունը: Սակայն, իրականում յուրացնելով այդ պիտակները, նրանք սովորում են չմտածել: Մտքերի վերահսկման հաջորդ կարևոր պահերից մեկն էլ կառուցվում է այն փաստի վրա, որ խմբի անդամներին սովորեցնում են արգելակել ցանկացած տեղեկատվություն, որը պարունակում է խմբի մասին քննադատական դիտողություն: Աղանդավորության հետևորդները մշտապես մոլորության մեջ են, քանի որ նրանց հասանելի չեն արտաքին աշխարհից եկող քննադատական տեղեկությունները: Ժամանակի հետ նման տեղեկությունները վերլուծելու և մշակելու ներքին մեխանիզմները դադարում են ադեկվատ գործառնել: Այդ նպատակով կիրառվող ամենատարածված հնարների թվին են դասվում մտքերի դադարեցման ծիսակարգերը: Այսպես, օրինակ, ամեն անգամ, երբ նրանց գլխում «հիմար» միտք է հայտնվում, ապա պահանջվում է կանգնեցնել այդ մտքերը, որպեսզի ճնշել «բացասականը» և վերադարձնել հոգեկան հավասարակշռությունը: Այդ ձևով, նորեկը զգուշանում է այն ամենից, ինչը սպառնում է իր աղանդավորական իրականությանը: Գոյություն ունեն մտքերի դադարեցման տարբեր տեխնիկաներ, օրինակ` աղոթքներ, մեդիտացիա, մանտրաների ընթերցում, շնչառական վարժություններ և այլն: Որոշ ժամանակ անց նման տեխնիկաների կիրառումը դառնում է սովորություն և կատարվում է ինքնաբերաբար: Մարդը նույնիսկ չի գիտակցում, որ իր գլխում նման միտք է առաջացել, այլ` հանկարծակի նկատում է, որ, օրինակ, սաղմոսներ է երգում: Այս մարդիկ կարծում են, որ սովորելով կամովի դադարեցնել մտքերը, իրենք հոգևոր աճ են ապրում, սակայն իրականում կախվածություն են ձեռք բերում [4]: Հոգեբանական ներազդման հաջորդ կարևոր թիրախը հույզերն են: Այս իմաստով նշենք, որ մեղքի զգացումը և վախը անհրաժեշտ միջոցներ են, որոնք թույլ են տալիս մարդկանց վերահսկողության տակ պահել: Խմբի անդամների մոտ կոնֆորմիզմ և զիջողականություն դաստիարակելու նպատակով նրանց սովորեցնում են միշտ և ամեն ինչում մեղադրել միայն իրենց: Ինչ է ստացվում, որ եթե ուսմունքը կատարյալ է, իսկ առաջնորդը` անթերի, ապա իր մոտ առաջ եկող բոլոր խնդիրներում մեղավոր է միայն ինքը: Այդպիսով, խմբի անդամները վերածվում են ենթարկվող ստրուկների: Նրանք միշտ մեղավոր են այն բանում, որը «չեն արել», «չի ստացվել», «չեն կարողացել», «չէին կանխատեսել» և այլն: Ինչ վերաբերվում է վախի զգացում առաջացնելուն, ապա այդ նպատակով հաճախ նրանց ներշնչում են, որ առանց խմբի իրենք կկորչեն և ահավոր վտանգների առջև անպաշտպան կլինեն, կխելագարվեն, ինքնասպան կլինեն: Խմբային ժողովների ժամանակ մշտապես սարսափելի պատմություններ են պատմում այն մասին, թե ինչ է պատահել այն մարդկանց հետ, ովքեր լքել են խումբը: Այս փաստը հոգեբանորեն զրկում է մարդուն աղանդավորների խումբը լքելու հնարավորությունից, եթե նույնիսկ նա իրեն այդտեղ դժբախտ է զգում: Առաջացվող վախի այս զգացումը խմբի անդամներին տարրերային ձևով միավորում է: Բացի դա, մարդկանց հույզերը վերահսկելու հզոր միջոց է անցյալի մեղքերի խոստովանությունը: Մեղքերի ցանկացած խոստովանաքը արտահայտվելուն պես անմիջապես մտապահվում է և վերածվում մանիպուլյացիայի գործիքի: Ոչ մի մեղք չի մոռացվում և ներվում: Հենց մարդը փորձում է նահանջել, նրան հիշեցնում են անցած մեղքերը: Այդպիսով, խմբի անդամներին ստիպում են առաջնորդի կամքի հնազանդ կամակատարը դառնալ [4]: Եվ վերջապես իրենց հետևորդների վարքը հեշտությամբ ղեկավարելու նպատակով շատ աղանդավորական խմբերում սահմանվում է խիստ օրակարգ, հատուկ կանոններ, որոնք վերաբերվում են արարողակարգերի կատարմանը: Յուրաքանչյուր օրվա ընթացքում անպայման ժամանակ է հատկացվում հատուկ ծիսակարգերի կատարմանը, ընդ որում խմբի անդամներից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, որոնք անպայմանորեն պետք է կատարի: Դա սահմանափակում է նրանց ազատ ժամանակը և թույլ է տալիս հեշտությամբ վերահսկել վարքը: Մյուս կողմից, նորեկներին արգելվում է շփումներ ունենալ նախկին աղանդավորների հետ կամ նրանց, ովքեր քննադատում են աղանդավորությունը: Նորեկները իրավունք չունեն միմյանց հետ շփվելու առանց խմբի ավագ անդամներից մեկի ներկայության: Դա սրում է խմբային կոնֆորմիզմը և զրկում առանձնանալու և մտորելու հնարավորությունից [4]: Ինչպես արդեն տեսանք, մարդու վրա հոգեբանական վերահսկողություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկաների միջոցով վերահսկել նրա վարքը, հույզերը, մտքերը և ընդունվող տեղեկատվությունը, ինչի արդյունքում էլ փոխվում է նրա գիտակցությունը և ձևավորվում է «նոր անձ»: Սակայն, անձի հոգեբանական ծրագրավորումը պարզ գործընթաց չէ և տեղի է ունենում աստճանաբար: Կուրտ Լեվինի աշխատանքների հիման վրա գոյություն ունի մշակված մի մոդել, որը նկարագրում է մարդու վրա հոգեբանական վերահսկողություն ձեռք բերելու փուլային գործընթացը: Այն բաղկացած է երեք փուլերից` «նախկին» անձի  տարալուծում, «նոր անձի» ձևավորում և անձնային փոփոխությունների ամրապնդում: Համաձայն այդ մոդելի, առաջին փուլի նպատակն է վերացնել իրականության «քարտեզը», որի միջոցով մարդը ավանդաբար ընկալում էր իրեն և ճանաչում շրջապատող միջավայրը: Երբ խաթարվում են իրականության մասին մարդու պատկերացումները, նա կորցնում է իր կյանքի կողմնորոշիչները, դադարում են աշխատել նրա պաշտպանական մեխանիզմները: Մարդու իրականության զգացողությունը տարալուծելու նպատակով կիրառվող տարածված տեխնիկաներից է «երկակի ծուղակ»-ի հնարը: Մարդու մոտ ստեղծվում է խաբկանք, թե ինքն ունի ընտրության ազատություն, սակայն իրականում ստիպված է ենթարկվել առաջնորդի կողմից պարտադրվող խաղի կանոններին: Օրինակ, առաջնորդը աղանդավորներին ասում է. «Նրանք, ովքեր կասկածում են իմ բառերի ճշմարտացիությանը, պետք է իմանան, որ այդ կասկածները ես եմ առաջացնում ձեր գիտակցության մեջ, որպեսզի դուք գիտակցեք, որ ես եմ ճշմարիտ ուսուցիչը»: Այս փուլում, երբ մարդկանց կամքը թուլանում է, առաջնորդները նրանց ներշնչում են մտքեր` իրենց արատավորության, մեղավորության մասին, որը նրանք չեն կարող հաղթահարել ինքնուրույն, առանց խմբի օգնության: Այս կերպ նրանք սրում են անձի անվստահությունը, թերարժեքության զգացումը, տագնապայնությունը, թուլացնում տրամաբանական մտածողությունը, որը բարձրացնում է անձի ներշնչվողականության մակարդակը և պատրաստում նրան հաջորդ փուլին: Համապատասխանաբար, երկրոդ փուլի նպատակն է անձին նոր վարքային սխեմաների և մտքերի պարտադրումը, որը կոչված է լրացնելու այն դատարկությունը, որը գոյացել է նրա պատկերացումների նախկին համակարգի
քայքայման արդյունքում: Նոր անձի ձևավորման համար բացի իրենց ուսմունքը քարոզող սեմինարներից, կազմակերպվում են նաև խմբային ընթերցումներ, տեսաերիզների դիտում: Այդ ամենը իրականացվում է հատուկ ստեղծված միջավայրում, ընդ որում այս դեպքերում հոգեբանական ներազդման հաջողությունը խիստ պայմանավորված է առաջնորդի խոսքի և վարքի հետևյալ առանձնահատկություններով`

• խոսքի ուղղորդվածություն և կոնկրետ հասցեագրում,
• դատողությունների դիրեկտիվություն և անբեկանելիություն,
• բանալային արտահայտությունների անընդհատ կրկնություն,
• հետադարձ կապի բացակայություն. սա մենախոսություն է և ոչ թե երկխոսություն,
• խոսքի անահատապես ընտրված տեմպ` առանց երկարատև դադարների,
• ցածր և մոնոտոն ձայն: [4]

Նորեկներին հավատացնում են, որ այս ուսմունքն է հավիտենական երանության միակ
ճանապարհը և նրանք կարող են ճանաչել այն, եթե հրաժարվեն իրենց հնացած պատկերացումներից: Ընդ որում, նորեկներին այդ նոր գաղափարախոսությունը մատուցվում է աստճանաբար աճող պարտադրանքով, որքանով նրանք ունակ են լինում դա յուրացնելու:
Ի վերջո, արդեն երրորդ փուլում, երբ նախկին անձը քայքայված է և մարդու գիտակցության մեջ ներդրված է համոզմունքների նոր համակարգը, անհրաժեշտ է լինում ամրապնդել այն: Այս փուլում նոր տեղեկատվության մատուցման գլխավոր մեթոդն է դառնում ընդօրինակումը: Այդ նպատակով նորեկներին միացնում են խմբի ավագների հետ, ովքեր պետք է նրանց վարքաձևեր և վարվեցողություն սովորեցնեն: «Հոգևոր զավակը» պետք է ամեն բանում ընդօրինակի «հոգևոր ծնողի» վարքը: Եվ, վերջապես, որպեսզի այս փուլը հաջող ավարտվի, հարկավոր է մարդու առաջ կյանքի նոր նպատակ դնել և նոր գործ տալ: Հետևաբար նորեկներին հնարավորինս արագ ընդգրկում են նոր անդամներին հավաքագրելու գործընթացի մեջ: Ինչպես ցույց են տվել, սոցիալական հոգեբանության ոլորտի հետազոտությունները, ոչինչ այնպես չի ամրապնդում մարդու սեփական համոզմունքները, որքան դրանցում ուրիշներին համոզելը: Դա ինքնատիպ ներշնչում է և նպաստում է աղանդավորական անձի արագ ամրապնդմանը: [4]
Ներկայումս, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում հարյուրից հարյուր հիսուն հազար
աղանդավորներ են հաշվառված, որը լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրի կայունությանն ու ազգային գիտակցությանը: Աղանդավորները, բաժանելով աշխարհը «բարու և չարի», իրենց «հատուկ լեզվին» բնորոշ պիտակների միջոցով անտեսանելի պատ են կառուցում իրենց հետևորդների և «ուրիշների» միջև, որն էլ մի կողմից խաթարում է հասարակության միասնականությունը, իսկ մյուս կողմից`անձի հոգեկան կայունությունը: Միանգամայն վստահ կարելի է ասել, որ աղանդավորական միավորումների կողմից իրագործվող սոցիալ-հոգեբանական ներազդեցությունը միջնորդավորված է անձի դիրքորոշումային համակարգով և
վարքի, մտքերի, հույզերի վերահսկումը հզոր միջոց է մանիպուլյացիայի ենթարկելու համար նույնիսկ ամենակայուն հոգեկան ունեցող մարդկանց: Սակայն, եթե կարելի է մարդկանց վրա նման հոգեբանական վերահսկողություն սահմանել, ապա հնարավոր է նաև կանխարգելել կամ վերացնել այն, որքան էլ դժվար և ծավալուն լինի այդ աշխատանքը: Այդ հարցում իր առանձնահատուկ դերով և նշանակությամբ առանձնանում է սոցիալական հոգեբանությունը, որի կարևոր հիմնախնդիրներից է այսօր համարվում աղանդների կործանարար ազդեցությունը կանխող հոգեբանական ռազմավարության մշակումը:

Գրականություն

1.Гараджа В.И. Социология религии. М.: ИНФРА-М, 2005.
2. Грановская Р.М. Психология веры. СПб.: Питер. 2010.
3. Зимбардо Ф., Ляйппе М. Социальное влияние. СПб.: Питер, 2001.
4. Лири Т., Стюарт М. Технологии изменения сознания в деструктувных культах.
СПб: «Экслибрис», 2002.
5. Религиоведение: Энциклопедический словарь. М.: Академический Проект, 2006.
6. Шавердян Г.М. «Я» психологии как защита от сектантского «мы», учебное пособые.
Ереван, Изд. ЕГУ, 2005.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *