ՀԵՂԻՆԱԿ` ԴԱՎԹՅԱՆ ՄԵՐԻ
Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում ալկոհոլի օգտագործման ծավալները կրկնապատկվել են: Ավելին ալկոհոլի օգտագործումը անշեղորեն շարունակում է աճել` ներառելով բնակչության նորանոր շերտեր և խմբեր: Բացի այդ վերջին 20 տարիների ընթացքում ալկոհոլից կախվածության երիտասարդացման բացասական միտում է նկատվում: Ներկայումս այն հանդիսանում է աշխարհի լուրջ հիմնախնդիրներից մեկը, և դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Ալկոհոլից կախվածությունը, ըստ ԱՀԿ-ի, հանդիսանում է աշխարհում մահացությունների պատճառներից երրորդը` ըստ հաճախականության, սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից հետո: Ալկոհոլից կախվածությունը մի շարք ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական բացասական հետևանքներ է ունենում ինչպես անձի, այնպես էլ նրան շրջապատող միջավայրի և ողջ հասարակության համար: Ծագելով և զարգանալով մի շարք կենսաբանական, հոգեբանական և միջավայրային գործոնների համադրման արդյունքում` ալկոհոլից կախվածությունը հանգեցնում է առողջական, հուզական, իրավական և սոցիալական մի շարք խնդիրների: Այն հանգեցնում է ընտանեկան կոնֆլիկտների զարգացման և սրման, ընտանիքների քայքայման, ֆինանսական խնդիրների, ինչպես նաև հանցագործության: Նման իրավիճակում անձին անհրաժեշտ է աջակցել վերադարձնելու կորցրած սոցիալական դիրքը, օգնել վերականգնել ֆիզիկական, հուզական և հոգեբանական ռեսուրսները, ինչպես նաև անձի համար կարևոր և նշանակալի սոցիալական կապերն ու հարաբերությունները:
ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերջին 5 տարիներին հանրապետությունում դինամիկ կերպով աճել են հաշվառված ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց թիվը: ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնումը կազմակերպվում և իրականացվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում. 2008թ-ին պաշտոնապես հրապարակված վերջին տվյալների համաձայն այս կլինիկայում բուժվող հիվանդների շուրջ 85 տոկոսն ալկոհոլից կախվածություն ունեցող անձինք են եղել:
Այսպիսով, անցկացվել է սոցիալական հետազոտություն ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացի կազմակերպման խոչընդոտները պարզելու համար:
Քանի որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնումը կազմակերպվում և իրականացվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում, ապա հետազոտությունն անցկացվել է այդ կլինիկայում: Այսպես, անցկացված հետազոտությունը թույլ տվեց պարզել, որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնում գրեթե չի իրականացվում, և նրանց տրամադրվող ծառայություններում գերակշռում է բժշկական օգնությունը, այսինքն շեշտը դրվում է դեղորայքային բուժման վրա: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ փորձագետ բժիշկները միանշանակ շեշտեցին, որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց լիարժեք սոցիալական վերականգնման գործընթացի մասին դեռևս խոսք գնալ չի կարող, քանի որ բացի այն, որ հայ հասարակությունը դեռևս չի գիտակցում, որ ալկոհոլից կախվածությունը հիվանդություն է, որը ոչ միայն անձի առողջությունն է քայքայում, այլև հանգեցնում է հոգեբանական և սոցիալական խնդիրների, և այդ պատճառով ցանկանում են միայն բժշկական ծառայություններ ստանալ, այլ նաև չկան համապատասխան պայմաններ, որոնք թույլ կտան սոցիալական վերականգնման գործընթացի փուլայնությունն ապահովել և չսահմանափակվել միայն բժշկական աջակցությամբ: Այս մասին է վկայում նաև ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքների անդամներից ստացված տեղեկատվությունը: Մասնավորապես բոլոր հարցվածները նշեցին, որ միայն բժշկական ծառայություններ են ստանում: Բացի այդ պարզ դարձավ, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց բուժման չափանիշներին համապատասխան ալկոհոլից կախվածություն ունեցող անձի հետ հոգեբանի առնվազն մեկ հանդիպումը պարտադիր է, դա ոչ միշտ է իրականացվում: Մասնավորապես զարմանալի էր այն փաստը, որ բժիկներից մեկը նշեց, որ «հոգեբանը ինքն է որոշում հանդիպել կամ աշխատել տվյալ անձի հետ, թե` ոչ»: Այսինքն անգամ եթե ալկոհոլից կախվածություն ունեցող անձը հոգեբանական աջակցության խիստ կարիք ունի և դիմել է այդ աջակցությունը ստանալու համար, արդյունքում կարող է այն չստանալ, քանի որ հոգեբանը, ով միակն է այդ կլինիկայում, կարող է չցանկանալ նրան օգնել: Նույն կերպով այդ անձը նաև սոցիալական աշխատողի աջակցությունից էլ կարող է զրկվել, քանի որ այդ կլինիկայում սոցիալական աշխատողի պարտականությունները նույնպես վերոնշյալ հոգեբանն է կատարում: Իսկ ահա հոգեբան-սոցիալական աշխատողը նշեց, որ աշխատանքներ է իրականացնում և´ ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց, և´ նրանց ընտանիքների հետ, ընդ որում` և´ անհատական, և´ խմբային, սակայն վերջիններս, ինչպես ինքն է նշում, կրթված, գրագետ մարդիկ են: Այստեղ ակնհայտ հակասություն է նկատվում փորձագետների կողմից տրված տեղեկատվության մեջ, սակայն մյուս կողմից էլ այն հանգամանքը, որ հոգեբան – սոցիալական աշխատողն աշխատում է միայն «կրթված և գրագետ անձանց հետ», վկայում է մյուս փորձագետների կողմից տրված տեղեկատվության ճշմարտացիության մասին: Հարկ է նշել նաև այն, որ հարցված ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքի անդամների մեծ մասը նշեցին, որ ցանկալի կլիներ, որպեսզի իրենց ընտանիքի անդամին հոգեբանական աջակցություն էլ տրամադրվեր, ընդ որում` ոմանք դիմել էին նման աջակցություն ստանալու համար, սակայն մերժվել էին` պատճառաբանված լինելով, որ հոգեբանը արձակուրդում է, այն ինչ հետազոտության անցկացման ընթացքում ակնհայտ դարձավ, որ հոգեբանը բնավ էլ արձակուրդում չի եղել: Մեկ այլ ապշեցնող հանգամանք էր այն, որ հարցված ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքի անդամներից ոչ ոք չգիտեր, որ կլինիկայում մատուցվում են նաև սոցիալական աշխատողի ծառայություններ: Այսպիսով, այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացը մասամբ է իրականացվում. հիմնական շեշտը դրվում է այդ գործընթացի միայն առաջին փուլի, այն է` դեղորայքային բուժման վրա, ինչը չի կարող ցանկալի արդյունք ապահովել, քանզի ալկոհոլից կախվածություն ունեցող անձի սոցիալական վերականգնումը համալիր մոտեցում է պահանջում: Պարզ դարձավ նաև, որ այդ գործընթացի հիմնական մասնակիցները բժիշկներն են (նարկոլոգները), և որ հոգեբանը, տվյալ դեպքում նաև սոցիալական աշխատողը, իր պարտականությունները գրեթե չի կատարում, սոցիալական վերականգնման գործընթացին չի մասնակցում նաև ալկոհոլից կախվածություն ունեցող անձի ընտանիքը: Նախ շեշտենք այն հանգամանքը, որ հոգեբանը, որն իրականացնում է սոցիալական աշխատողի պարտականություններ, չունի համապատասխան կրթություն և անգամ այդ մասնագիտությամբ որևէ վերապատրաստում չի անցել: Բացի այդ կլինիկայում սոցիալական աշխատողի մասնագիտական պարտականություններ սահմանված չեն, և հոգեբանական կրթություն ունեցող սոցիալական աշխատողը գործում է` չհիմնվելով տեսական գիտելիքների վրա և սոցիալական աշխատողի պրակտիկ փորձ չունենալով: Որպեսզի ՀՀ-ում այդ ոլորտում տիրող պատկերն առավել ակնհայտ լինի, հարկ ենք համարում նշել նաև այն, որ կլինիկայի փորձագետների գերակշռող մասն անգամ չգիտեր, որ իրենց կլինիկայում մատուցվում են նաև սոցիալական աշխատողի ծառայություններ և թե ով է դրանք մատուցում: Ինչպես փորձագետ բժիշկներից մեկը նշեց. «Եթե լավ սոցիալական աշխատող լինի, մենք դեմ չենք լինի նրա հետ համագործակցել»: Սա գալիս է փաստելու այն հանգամանքը, որ մասնագետների միջև չկա նաև համագործակցություն: Այս մասին է վկայում նաև այն, որ փորձագետները չէին կարողանում նշել իրենց և իրենց գործընկերների մասնագիտական պարտականությունների սահմանները: Ակնհայտ դարձավ նաև այն, որ ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքները նույնպես որևէ կերպ ներգրավված չեն ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացում` չնայած որ հարցված փորձագետները առանձնակի ձևով շեշտեցին դրա անհրաժեշտությունը և կարևորությունը: Մասնավորապես փորձագետներից մեկը նշեց. «Օրինակ եթե ալկոհոլից կախվածություն ունեցող անձը ինձ մոտ գալիս է առանց ընտանիքի, ապա ես որպես բժիշկ նրա սոցիալական վերականգնման արդյունավետության հավանականությունը 20% եմ համարում: Նման անձի համար պետք է մոտիվացիա լինի, որ նա փոխվի, նա պետք է հասկանա, թե ինչի համար է անհրաժեշտ այդ փոփոխությունը, պետք է զգա, որ ինքը պետք է ինչ-որ մեկի: Նման մոտիվացիա կարող են հանդիսանալ նրա ընտանիքը, երեխաները: Ընտանիքը պետք է ակտիվ մասնակցություն ունենա, չպետք է նրանց մեղադրի և քննադատի, բայց ցավոք նման անձինք հիմնականում ամուսնալուծված են լինում կամ էլ ընտանիքը հաճախ չի ընդունում, քննադատում և մեղադրում է նրանց, ինչը, հակառակ, ավելի բացասական ազդեցություն է ունենում»: Փորձագետները շեշտեցին ոչ միայն ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքների անդամների ներգրավման անհրաժեշտությունը ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացին, այլ նաև նրանց հետ աշխատանքի իրականացման կարևորությունը, որն ուղղված կլինի ալկոհոլից կախվածության և դրա հետևանքների վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության բարձրացմանը, ինչը, ըստ նրանց, արդյունավետ սոցիալական վերականգնման նախադրյալներից մեկն է հանդիսանում: Այս ամենը պետք է հիմնականում իրականացվի սոցիալական աշխատողի կողմից, սակայն ինչպես արդեն վերևում նշվեց, նման ծառայություն հատուկենտ անձինք են ստանում: Հարկ է շեշտել այն հանգամանքը, որ ալկոհոլից կախվածություն ուեցող անձանց ընտանիքի անդամներից ստացված տեղեկատվությունը նույնպես փաստում է վերոնշյալը: Մասնավորապես հարցվածները նշեցին, որ իրենց մասնակցությունը իրենց ընտանիքի անդամի «բուժման» գործընթացին (իսկ նրանք սոցիալական վերականգնման գործընթացը նույնականացնում էին բուժման գործընթացի հետ) սահմանափակվում է տեսակցություններով կամ նրա հետ կլինիկա այցելելով: Այսպիսով, այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացում ներգրավված ոչ բոլոր մասնագետները ունեն համապատասխան որակավորում, նրանք միմյանց հետ չեն համագործակցում, բացի այդ ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքի անդամները չեն ներգրավվում իրենց ընտանիքի անդամի սոցիալական վերականգնման գործընթացում, ավելին վերջիններս թյուր պատկերացումներ ունեն այդ գործընթացի էության մասին, ու թեև կա սոցիալական աշխատող, սակայն նրա կողմից իրականացվող գործունեությունն սոցիալական աշխատանք անվանել չի կարելի:
Հետազոտությունը թույլ տվեց նաև առանձնացնել քայլեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն: Մասնավորապես փորձագետները շեշտեցին հետևյալ քայլերը` ապահովել ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց սոցիալական վերականգնման գործընթացի փուլայնությունը, ստեղծել նարկոլոգիական կլինիկային կից վերականգնողական կենտրոններ, ստեղծել սոցիալական աշխատողի հաստիքներ, պատրաստել հենց այդ ոլորտում աշխատող սոցիալական աշխատողներ, ավելացնել հոգեբանի հաստիքների քանակը, միջոցառումներ իրականացնել` ուղղված ալկոհոլից կախվածության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը: Իսկ ահա ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց ընտանիքի անդամների կողմից նշվեցին հետևյալ երկու հիմնական քայլերը` ապահովել հոգեբանի աջակցություն, զբաղվածության խնդիրը լուծել: